Լիլիթ Ղազարյան | Իմ գիրքն ու քո բաճկոնը

Ես գիտեմ, գիտեմ՝
Պետք է քնել շուտ,
Արթնանալ կանուխ,
Ուտել լավ նախաճաշ,
Մարզվել, սառը ցնցուղ ընդունել։

Բայց ախր ես ուզում եմ ապրել,
Գրողը տանի։

Ուզում եմ գիշերները
Ներերակայինով անցնեն երակներս
Ու հավերժ պտտվեն ողջ մարմնովս՝
Սրտիցս մինչև մատներիս ծայրերը։

Ուզում եմ վազել քամու հետ
Հենց էնպես,
Ոչ թե որովհետև ժամացույցս
Հաշվում է արած քայլերս ու
Վառած կալորիաներս։
Լավ է՝ ինքներդ ձեզ վառեք։
Էդպես գոնե կհիշեք, որ կենդանի եք,
Իսկ ամենաողջը մարդ լինում է
Հենց մեռնելուց առաջ։
Ափսոս՝ մենք մահվանը էդպես էլ չենք հանդիպում։
Մետրոյի անծանոթի նման
Մենք դուրս ենք գալիս վագոնից,
Իսկ մահը մտնում է
Ու մի վայրկյան անգամ չենք կարողանում բռնել նրա հայացքը,
Որովհետև մենք զբաղված ենք
Կյանքի վերջին կաթիլը քամելով,
Իսկ նա…
Դե նա էլ ՝ մեզ սպանելով։

Իսկ վազքը արագ կամ դանդաղ չի լինում։
Մետրոն երբեք չի ուշանում,
Խցանումների մեջ չի ընկնում,
Իսկ ուշանալիս էլ՝
Գալիս է ռումբերի ու պայթյունների շքահանդեսով։
Մետրոն չի սպասում,
Անցումի մոտ երկար չի կանգնում,
Կարմիր լույսից չի վախենում,
Վարորդի հետ շփման եզրեր չի թողնում։

Մենք ապրում ենք…
Ինքը՝ սպանում…

Մետրոյի անծանոթի նման…
Ու ես հիշում եմ քո կապույտ Բաճկոնը,
Ականջակալներդ՝ ականջներիդ,
Ես, գրքին գամված, ճոճվում էի
Վագոնի ռիթմի հետ,
Հետո դռները բացվեցին,
Ու ես ամբոխի հետ դուրս սողացի,
Հետո աչքերս բարձրացան դեղնած էջից,
Ու հայացքս գտավ քեզ,
Կապույտ բաճկոնդ,
Ականջակալներդ։
Դու նայում էիր գրքիս կազմին
Ու քթիդ տակ ժպտում։
Հետո դռները փակվեցին,
Որ ես շարունակեմ ապրել,
Իսկ դու ուրիշին սպանես։
Դու այդպես էլ չտեսար իմ դեմքը
Ու երևի մի օր
Բանասեղծություն կգրես
Մետրոյում ՝ վագոնի դռների արանքից
Դուրս սողացող աղջկա մասին,
Կհիշես ձեռքի գիրքը,
Բայց ոչ նրա դեմքը։

Իսկ վագոնը եթե դառնար պոետ,
Հաստատ կլիներ հարբեցող
Ու մի օր կգրեր մի բանաստեղծություն
Մետրոյի
Դռների
Ու դռների արանքում
Վայրկյան տևած սիրավեպի մասին։
Իսկ սիրահարվել էին
Իմ գիրքն ու քո բաճկոնը։
Ու վագոնը երկար կնկարագրեր
Իմ գրքի դեղին էջերն ու
Քո ջինսե կապույտ բաճկոնը,
Թե ինչպես վագոնի դռների արանքում
Երկուսը մի պահ հպվեցին իրար,
Ու այդ պահից բաճկոնը սիրեց գրադարանների հոտը,
Իսկ գիրքը սկսեց քնել լվացքի մեքենայի մոտ,
Որ բաց չթողնի ոչ մի ջինսե հագուստ։
Կորած գրադարաններում ու լվացքատներում,
Նրանք էլ երբեք իրար չգտան։
Ու գրքի մտքով էդպես էլ չանցավ մտնել գրադարան,
Ու կապույտ բաճկոնը էլ երբեք չլողացավ,
Որովհետև չէր ուզում ոչ մի րոպե բացակայել գրադարանից։

Իսկ մե՞նք…
Ապրեցինք։
Մե՞նք…
Մենք սպանեցինք։

Մետրոյում, երեք վարկյանում
Ընդամենը…

Հ.գ. Էսօր էլ եմ ուշ քնելու, ու թող կորչի ձեր առողջ ապրելակերպը ։

Հ.հ.գ. Եթե գտնեք մի մաշված, էջերը դեղնած ՝ Սարոյանի հատորյակ, ասեք իրեն սպասում են գրադարանում։

նոյեմբեր 2, 2021

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *