Շիրլի Ջեքսոն | Լուիզա, տուն արի


«Լուիզա, — ռադիոյից հնչում էր մորս ձայնը, որ մի պահ սարսափեցնում էր ինձ, — Լուիզա, — ասում էր նա, — խնդրում եմ՝ տուն արի։ Արդեն երեք երկար ու ձիգ տարի է, ինչ չենք տեսել քեզ։ Լուիզա, խոստանում եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Մենք բոլորս քեզ շատ ենք կարոտում։ Ուզում ենք՝ հետ գաս։ Լուիզա, խնդրում եմ՝ տուն արի»։
Տարին մեկ անգամ։ Իմ փախուստի օրը։ Ամեն անգամ այս խոսքերն ինձ վախեցնում էին, որովհետև մեկ տարվա ընթացքում ես մոռանում էի մորս ձայնը՝ այնքան մեղմ, բայցև տարօրինակ՝ այդ աղաչական նոտայով։ Ամեն տարի լսում էի։ Կարդում էի թերթերի պատմությունները։ «Լուիզա Թեթերն անհետացել է մեկ տարի առաջ»։ Հետո՝ երկու, երեք տարի առաջ։ Ես այնպես էի սպասում հունիսի քսանին, ասես իմ ծննդյան օրն էր։ Սկզբում պահում էի թերթերից կտրած բոլոր հոդվածները, բայց գաղտնի։ Տարօրինակ կլիներ, եթե ինչ-որ մեկը տեսներ՝ ինչպես եմ թերթերի առաջին էջերից կտրում սեփական լուսանկարս։ Չանդլերը, որտեղ ես թաքնվում էի, բավականին մոտ էր իմ հին տանը, այնպես որ թերթերը մեծ աղմուկ էին բարձրացրել իմ փախուստի շուրջ, բայց, իհարկե, Չանդլերն ընտրել էի առաջին հերթին այն պատճառով, որ այն բավականաչափ մեծ քաղաք էր թաքնվելու համար։
Հասկանո՞ւմ եք․ ես հենց այնպես վեր չէի կացել ու հեռացել պահի ազդեցության տակ։ Միշտ էլ գիտեի, որ վաղ թե ուշ փախչելու եմ, և նախապես ծրագրեր էի կազմել այն օրվա համար, երբ կորոշեի գնալ։ Ամեն ինչ հենց առաջին անգամ պետք է ճիշտ ընթանար, որովհետև սովորաբար նման բաների համար երկրորդ հնարավորություն չի տրվում, ձախողման դեպքում ես հիմարի դերում կհայտնվեի։ Փորձիր մի անգամ հիմար վիճակում հայտնվել, ու իմ քույր Քերոլը թույլ չի տա մոռանալ դրա մասին։ Խոստովանում եմ՝ դիտմամբ էի փախուստի համար ընտրել Քերոլի հարսանիքի նախօրյակը, իսկ դրանից երկար ժամանակ անց փորձում էի պատկերացնել Քերոլի դեմքը, երբ, ի վերջո, կհասկանար, որ իմ փախուստի պատճառով մեկ հարսնաքույր պակաս էր ունենալու։ Թերթերը գրում էին, որ, այնուամենայնիվ, հարսանիքը կայացել էր ըստ նախատեսվածի, իսկ Քերոլն ասել էր մի թերթի լրագրողի, որ այդպիսին կլիներ իր քրոջ՝ Լուիզայի ցանկությունը։ Այդպես էր ասել Քերոլը՝ լավ իմանալով՝ որն էր եղել իմ իրական մտադրությունը։ Համոզված եմ, որ իմ փախուստի մասին իմանալուց հետո Քերոլն առաջին հերթին գնացել ու հաշվել էր իր նվերները՝ տեսնելու՝ ինչ եմ վերցրել հետս։
Ամեն դեպքում, ես, գուցե, հարամեցի Քերոլի հարսանիքը, բայց իմ պլաններն ընտիր ընթացան, ես կասեի՝ ավելի լավ, քան սպասում էի։ Բոլորը վազվզում էին տնով մեկ՝ ծաղիկներ շարելով ու միմյանց հարցնելով՝ արդյոք բերե՞լ են հարսանյաց զգեստը։ Շամպայնի արկղեր էին բացում ու մտածում՝ ինչ են անելու, եթե անձրև գա, ու չկարողանան օգտագործել այգին։ Իսկ ես ուղղակի իմ հետևից փակեցի մուտքի դուռն ու ճանապարհ ընկա։ Միայն մի անհաջող պահ ստացվեց․ Փոլը տեսավ ինձ։ Փոլը միշտ մեր հարևանն է եղել, ու Քերոլը նրան ավելի շատ է ատում, քան ինձ։ Մայրս միշտ ասում էր, որ ամեն անգամ, երբ ես ինչ-որ բան եմ անում ու ամոթով եմ թողնում ընտանիքի անդամներին, Փոլի մատն ինչ-որ կերպ խառն է լինում։ Երկար ժամանակ նրանք մտածում էին, թե Փոլն ինչ-որ կապ ուներ իմ փախուստի հետ, թեև նա նորից ու նորից պատմում էր՝ ինչպես էի մի կերպ խույս տվել նրանից այդ օրը, երբ նա հանդիպել էր ինձ ավտոճանապարհով իջնելիս։ Թերթերը նրան անվանում էին «ընտանիքի մոտ ընկեր», ինչը հավանաբար անչափ ուրախացրել էր մորս։ Ասում էին՝ նրան հարցաքննում էին՝ իմ գտնվելու վայրի հետ կապված հետքեր գտնելու համար։ Նա, իհարկե, նույնիսկ չգիտեր, որ ես պատրաստվում էի փախչել։ Ես նրան նույն բանն էի ասել, ինչ մորս էի ասել հեռանալուց առաջ․ որ ուզում եմ մի պահ կտրվել խառնաշփոթից ու եռուզեռից, որ գնում եմ քաղաքի կենտրոն, հավանաբար ինչ-որ տեղ կընթրեմ, սենդվիչ կուտեմ ու կինո կգնամ։ Նա չէր նահանջում, որովհետև, իհարկե, ինքն էլ էր ուզում գալ։ Ես միտք չունեի այնտեղ՝ անկյունում, ավտոբուս նստելու, բայց Փոլը հետ չէր կանգնում, ուզում էր՝ սպասեի՝ գնար իր մեքենայի հետևից, ու միասին գնայինք «Պանդոկ»-ում ընթրելու։ Ես ստիպված էի արագ փախչելու առաջին իսկ պատահած ավտոբուսով՝ Փոլին թողնելով այնտեղ կանգնած։ Դա իմ ծրագրի միակ մասն էր, որ ստիպված էի փոխելու։
Ավտոբուսով հասա քաղաքի կենտրոն, թեև պլանավորել էի ոտքով գնալ։ Իրականում շատ ավելի լավ ստացվեց․ ոչինչ, եթե ինչ-որ մեկը տեսներ՝ ինչպես եմ իմ հայրենի քաղաքում ավտոբուսով գնում քաղաքի կենտրոն։ Բացի այդ, հասցրեցի ավելի շուտ տոմս ձեռք բերել՝ քաղաքից դուրս գնալու համար։ Գնեցի երկկողմանի տոմս․ կարևոր պահ էր, կմտածեին՝ պատրաստվում եմ վերադառնալ։ Այդպիսին է նրանց տրամաբանությունը։ Եթե մի բան ես անում, պիտի պատճառ ունենաս, որովհետև մայրս, հայրս ու Քերոլը երբեք ոչինչ չէին անում առանց պատճառի։ Ուրեմն, եթե ես երկկողմանի տոմս գնեի, միակ հնարավոր պատճառը կլիներ այն, որ պատրաստվում էի վերադառնալ։ Բացի այդ, եթե նրանք մտածեին, որ պատրաստվում էի վերադառնալ, այդքան արագ չէին վախենա, ու ես ավելի շատ ժամանակ կունենայի թաքնվելու համար, նախքան կսկսեին փնտրել ինձ։ Բայց պատահեց այնպես, որ Քերոլն իմ փախուստի մասին իմացավ հենց նույն գիշերը․ չէր կարողացել քնել ու մտել էր իմ սենյակ՝ ասպիրին վերցնելու։ Այնպես որ, ի սկզբանե իմ մեկնարկային առավելությունն ավելի փոքր էր, քան կարծում էի։
Գիտեի, որ նրանք կիմանային տոմս գնելուս մասին։ Այնքան հիմար չէի, որ կարծեի՝ կարող եմ գողություն անել ու հետքեր չթողնել։ Այն ամենը, ինչ պլանավորել էի, հիմնված էր մեկ համոզմունքի վրա․ բռնվում են նրանք, ովքեր որևէ տարօրինակ ու նկատելի բանով ուշադրություն են գրավում։ Ամբողջ ընթացքում իմ նպատակն էր ձուլվել ինչ-որ ֆոնի, որտեղ երբեք ինձ չէին տեսնի։ Գիտեի, որ նրանք կպարզեին երկկողմանի տոմսի մասին, որովհետև դա տարօրինակ քայլ էր մի քաղաքում, որտեղ ապրել ես ամբողջ կյանքում, բայց դա իմ արած վերջին արտասովոր բանն էր։ Տոմսը գնելիս ես մտածում էի, որ երկկողմանի տոմսի մասին իմանալը մխիթարություն կլիներ մորս ու հորս համար։ Նրանք կիմանային, որ որքան ժամանակ էլ հեռու լինեի, համենայն դեպս, միշտ տունդարձի տոմս ունեի։ Ես, ըստ էության, բավականին երկար ժամանակ պահում էի երկկողմանի տոմսը։ Ես այն դրամապանակիս մեջ էի պահում որպես թալիսման։
Ես հետևում էի՝ ինչ էին գրում թերթերը։ Ես և տիկին Փիքոքը դրանք կարդում էինք նախաճաշի սեղանի շուրջ, երբ խմում էինք մեր երկրորդ բաժակ սուրճը, նախքան աշխատանքի կգնայի։
— Ի՞նչ ես մտածում Ռոքվիլում անհետացած այս աղջկա մասին, — հարցնում էր տիկին Փիքոքը, իսկ ես տխուր տարուբերում էի գլուխս ու ասում, որ աղջիկը պետք է իսկական խելառ լինի, որ հեռանա այդպիսի գեղեցիկ, շքեղ տնից, կամ ասում էի, որ մի տեսակ զգացողություն ունեի, որ աղջիկը, միգուցե, չի էլ փախել, այլ ընտանիքի անդամներն են ինչ-որ տեղ փակի տակ պահում, որովհետև մոլագար մարդասպան է։
Տիկին Փիքոքը սիրում էր մոլագար մարդասպանների մասին պատմություններ լսել։
Մի անգամ ես վերցրեցի թերթն ու ուշադիր նայեցի նկարին։
— Կարծում եք՝ նմա՞ն է ինձ, — հարցրեցի տիկին Փիքոքին։
Տիկին Փիքոքը հետ հենվեց, նայեց ինձ, ապա նկարին, հետո նորից՝ ինձ, և վերջապես օրորեց գլուխն ու ասաց․
— Չէ։ Եթե մազերդ ավելի երկար լինեին ու ավելի գանգուր, իսկ դեմքդ՝ մի քիչ ավելի թմբլիկ, գուցե մի փոքր նմանություն լիներ, բայց եթե մոլագար մարդասպանի տեսք ունենայիր, ես երբեք քեզ ներս չէի թողնի իմ տուն։
— Իմ կարծիքով՝ մի տեսակ նման է ինձ, — ասացի ես։
— Լավ կանես՝ աշխատանքի գնաս ու քիչ դատարկաբանես, — ասաց տիկին Փիքոքը։
Իհարկե, երկկողմանի տոմսը ձեռքիս գնացք նստելիս ես պատկերացում չունեի՝ երբ նրանք կգային իմ հետևից, ինչը, ենթադրում եմ, նույնիսկ ավելի լավ էր, որովհետև, հակառակ դեպքում, կարող էի նյարդայնանալ, ինչ-որ սխալ թույլ տալ ու փչացնել ամեն ինչ։ Ես գիտեի․ հենց նրանք հրաժարվեին այն մտքից, որ ես պատրաստվում եմ վերադառնալ Ռոքվիլ իմ երկկողմանի տոմսով, նրանց մտքով անմիջապես կանցներ Քրեյնը՝ ամենամեծ քաղաքը, ուր տանում էր այդ գնացքը։ Այնպես որ, Քրեյնում ես մնացի միայն օրվա մի մասը։ Գնացի մի մեծ հանրախանութ, որտեղ սպառավաճառք էր, մտածեցի, որ այդպես կխառնվեի ամբոխին, ու չսխալվեցի։ Մի պահ թվաց, թե երբեք չեմ կարողանա տնից ավելի հեռու գնալ, քան Քրեյնի այդ հանրախանութի առաջին հարկը։ Մի կերպ անցա ամբոխի միջով, մինչև գտա այն վաճառասեղանը, որտեղ անձրևանոցներ էին վաճառում, ապա մի կերպ ամբոխի մեջ հաջողացրի իմ ուզած անձրևանոցը թռցնել մի ծեր հրեշի ձեռքերից։ Նա, ամեն դեպքում, չէր կարող օգտագործել այն, որովհետև չափից դուրս գեր էր։ Այնպես էր ոռնում՝ կկարծեիք՝ արդեն վճարել էր։ Բայց ես խելացի էի․ հենց ձեռքիս մեջ վեց դոլար ու ութսունինը ցենտ էի պահել։ Ես այն տվեցի վաճառողուհուն, վերցրեցի անձրևանոցն ու տոպրակը, որի մեջ նա ուզում էր դնել անձրևանոցը, և ճանապարհ բացեցի, նախքան կհասցնեին ինձ ոտնատակ անել։
Այդ անձրևանոցն արժանի էր վեց դոլար ութսունինը ցենտի յուրաքանչյուր ցենտին։ Այդ տարի ես այն հագա մինչև ձմեռ, ու նույնիսկ մի կոճակ չպոկվեց։ Ես, ի վերջո, կորցրեցի այն հաջորդ գարնանը, թողեցի ինչ-որ տեղ ու չկարողացա գտնել։ Հենց այն պահից, երբ հագա այդ դարչնագույն անձրևանոցը կանանց պետքարանում, մտածեցի՝ սա իմ հին անձրևանոցն է։ Դա լավ էր։ Ես երբեք այդպիսի անձրևանոց չէի ունեցել․ մայրս կուշաթափվեր, եթե տեսներ։ Մի խելացի բան էլ արեցի։ Ես տնից դուրս էի եկել բաց գույնի կարճ վերարկուով, համարյա պիջակ։ Անձրևանոցը հագնելիս ես, իհարկե, հանեցի վերարկուն։ Հետո վերարկուի գրպանների պարունակությունը դատարկեցի անձրևանոցի գրպանների մեջ և, ասես ոչինչ չէր եղել, վերարկուն տարա-դրեցի այն վաճառասեղանին, որտեղ զեղչով բաճկոններ էին վաճառում. իբր մի փոքր հեռու էի տարել՝ նայելու և որոշել էի չգնել։ Որքան հասկացա, ինձ անգամ չնչին ուշադրություն չդարձրեցին, իսկ մինչև կհասցնեի գնալ վաճառասեղանի մոտից, տեսա՝ ինչպես մի կին վերցրեց իմ վերարկուն և սկսեց ուսումնասիրել։ Երեք դոլար իննսունութ ցենտանոց ապրանք է՝ քիչ էր մնում ասեի։
Վերարկուից ազատվելով՝ ես թեթևություն զգացի։ Այն ինձ համար ընտրել էր մայրս, ու թեև այն թանկարժեք էր ու դուր էր գալիս ինձ, դրանով ինձ կարող էին ճանաչել, և ես ստիպված էի ինչ-որ կերպ փոխելու այն։ Ես վստահ էի՝ եթե այն դնեի տոպրակի մեջ ու գետը կամ աղբատար մեքենայի մեջ գցեի կամ նման մի բան, վաղ թե ուշ այն կգտնեին։ Նույնիսկ եթե ոչ ոք տեսած չլիներ՝ ինչպես եմ այն դեն նետում, այն, գրեթե վստահ եմ, կգտնեին, իսկ հետո կիմանային, որ հագուստս փոխել եմ Քրեյնում։
Այդ բաց գույնի վերարկուն այդպես էլ չհայտնաբերվեց։ Նրանց պարզած վերջին հետքը Ռոքվիլից ինչ-որ մեկն էր, որ մի պահ տեսել էր ինձ Քրեյնի երկաթուղային կայարանում ու ճանաչել էր ինձ բաց գույնի վերարկուովս։ Նրանք այդպես էլ չպարզեցին՝ ուր էի գնացել դրանից հետո․ մասամբ բախտս բերեց, մասամբ էլ՝ խելացի պլանավորման արդյունքն էր։ Երկու-երեք օր անց թերթերը շարունակում էին գրել, որ ես Քրեյնում եմ։ Մարդկանց թվում էր՝ տեսել են ինձ փողոցներում, իսկ մի աղջկա, որ խանութ էր գնացել՝ զգեստ գնելու, ոստիկանությունը նույնիսկ բռնել ու պահել էր, մինչև նրան հաջողվել էր իրեն ճանաչող մարդու գտնել։ Նրանք իսկապես փնտրում էին, բայց նրանք փնտրում էին Լուիզա Թեթերին, իսկ ես դադարել էի Լուիզա Թեթեր լինելուց այն պահին, երբ ազատվել էի մորս գնած բաց գույնի վերարկուից։
Մի բանի էի ապավինում․ երկրում ցանկացած պահի պետք է որ հազարավոր 19-ամյա, շիկահեր, 163 սմ հասակով ու 57 կգ քաշով աղջիկներ լինեին։ Իսկ եթե հազարավոր այդպիսի աղջիկներ կան, ապա այդ հազարներից մի մասը պետք է որ անձև դարչնագույն վերարկու կրելիս լիներ։ Քրեյնում հանրախանութից դուրս գալուց հետո ես սկսեցի հաշվել դարչնագույն անձրևանոցները։ Մի թաղամասում չորս հատ պատահեց, ուստի որոշեցի, որ լավ քողարկված եմ։ Դրանից հետո ես ավելի անտեսանելի դարձա՝ անելով հենց այն, ինչ ասել էի մորս․ կանգ առա ու մի փոքրիկ սրճարանում սենդվիչ կերա, իսկ հետո գնացի կինո։ Շտապելու տեղ չունեի, և մտածեցի, որ գիշերելու տեղ փնտրելու փոխարեն, ավելի լավ էր քնել գնացքում։
Զավեշտալի է, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում քեզ։ Այդ օրը հարյուրավոր մարդիկ էին ինձ տեսել, մի նավաստի նույնիսկ փորձում էր «կպցնել» ինձ կինոյում, բայց ոչ ոք, ըստ էության, չէր տեսել ինձ։ Եթե փորձեի տեղավորվել հյուրանոցում, ընդունարանի աշխատակիցը գուցե նկատեր ինձ։ Եթե այդ էժանագին անձրևանոցով փորձեի ընթրել շքեղ հյուրանոցում, աչքի կընկնեի, բայց ես անում էի այն, ինչ իմ տեսքով ու հագուկապով ցանկացած այլ աղջիկ կարող էր անելիս լինել այդ օրը։ Միակ մարդը, որ կարող էր հիշել ինձ, երկաթուղային կայարանի տոմսավաճառն էր, որովհետև ինձ պես աղջիկները, որ հին անձրևանոցներ են կրում, սովորաբար գիշերվա ժամը 11-ին գնացքի տոմսեր չեն գնում, բայց ես, իհարկե, դրա մասին էլ էի մտածել․ ես տոմս գնեցի դեպի Էմիթիվիլ, որը վաթսուն մղոն հեռավորության վրա էր։ Խելամիտ տարբերակ էր քողարկվելու համար, քանի որ Էմիթիվիլում քոլեջ կա՝ շքեղ մի վայր՝ նման այն քոլեջին, որ բոլորովին վերջերս թողել էի առանց որևէ մեկի համաձայնության: Այդպիսի խժդժուն միջավայրում իմ անձրևանոցն իդեալական կնայվեր։ Ինքս ինձ ասացի՝ ես ուսանող եմ, որ մեկ շաբաթ տանն անցկացնելուց հետո վերադառնում է քոլեջ։ Մենք Էմիթիվիլ հասանք կեսգիշերից հետո։ Ոչ մի տարօրինակ բան չկար նրանում, որ իջա գնացքից՝ կայարանում սուրճ խմելու ու ժամանակ սպանելու, որովհետև, ինչպես հաշվեցի, յոթ այլ աղջիկներ՝ իմ անձրևանոցի նման անձրևանոցներով, ներսուդուրս էին անում և, կարծես թե, չէին էլ մտածում, որ ինչ-որ տարօրինակ բան կար գիշերվա այդ ժամին գնացք նստելու կամ գնացքից իջնելու մեջ։ Նրանցից մի քանիսը ճամպրուկներով էին, և ես մտածեցի՝ երանի ճամպրուկ ձեռք բերած լինեի Քրեյնում, բայց ճամպրուկով կարող էի ուշադրություն գրավել կինոյում, իսկ հանգստյան օրերին տուն գնացող ուսանողուհիներն իրենց նեղություն չեն տալիս․ նրանք տանը գիշերազգեստ ու գուլպաներ ունեն, իսկ ատամի խոզանակը գցում են այդ անգնահատելի անձրևանոցների գրպաններից մեկը։ Այնպես որ, այդ պահին ճամպրուկի հարցն ինձ բոլորովին չէր հուզում, թեև գիտեի, որ շուտով կունենայի դրա կարիքը։ Մինչ խմում էի սուրճս, փոխեցի միտքս․ ես ոչ թե քոլեջի ուսանողուհի եմ, որ մեկ շաբաթ տանն անցկացնելուց հետո վերադառնում է քոլեջ, այլ քոլեջի ուսանողուհի, որ մի քանի օրով տուն է գնում։ Ամբողջ ընթացքում փորձում էի հնարավորիս մտածել այնպես, ինչպես կմտածեր նա, ով ձևանում էի։ Եվ, ի վերջո, ես որոշ ժամանակ իսկապես քոլեջի ուսանողուհի էի եղել։ Մտածում էի, որ գուցե հենց այս պահին նամակը փոստով ուղևորվում է հորս մոտ՝ այնքան արագ, որքան կարող է կազմակերպել ԱՄՆ կառավարությունը, նրան հայտնելու, որ ես այլևս քոլեջի ուսանողուհի չեմ։ Ենթադրում եմ, որ իմ փախուստի որոշման մեջ վերջնական դեր խաղաց այն միտքը, թե ինչ կմտածեր հայրս, ինչ կասեր ու ինչ կաներ, երբ քոլեջից ստանար այդ նամակը։
Թերթերը դրա մասին նույնպես գրեցին։ Որոշել էին, որ քոլեջից դուրս մնալն էր փախուստիս պատճառը, բայց եթե դա լիներ միակ պատճառը, չեմ կարծում, թե կգնայի։ Ոչ, ես շատ վաղուց եմ ցանկացել հեռանալ, ինչ հիշում եմ ինձ, պլաններ եմ կազմել, մինչև համոզվել եմ, որ պլաններս ապահով են, ու, ի վերջո, ինձ հաջողվել է։
Այնտեղ՝ Էմիթիվիլի երկաթուղային կայարանում նստած՝ ես փորձում էի ինքս ինձ համար հիմնավոր պատճառներ գտնել, թե ինչու էի երկուշաբթի օրով՝ ուշ երեկոյան, քոլեջից տուն գնում, երբ նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին տուն չէի գնա։ Ինչպես ասացի, ես միշտ փորձում էի մտածել այնպես, ինչպես կմտածեր նա, ով ուզում էի լինել, և ինձ դուր էր գալիս արածներիս համար հիմնավոր պատճառ ունենալը։ Ոչ ոք չէր հարցնում, բայց հաճելի էր իմանալ, որ հարցնելու դեպքում կարող էի պատասխանել։ Ի վերջո, որոշեցի, որ վաղը քույրս ամուսնանում է, և ես պետք է շաբաթվա սկզբին տանը լինեմ՝ նրա հարսնաքույրը լինելու համար։ Իմ կարծիքով զվարճալի էր։ Չէի ուզում տուն գնալ որևէ տխուր կամ վախենալի պատճառով, օրինակ՝ մորս հիվանդանալու կամ ավտովթարում հորս վիրավորվելու առիթով․ այդ դեպքում ստիպված պիտի լինեի տխուր տեսք ունենալու, իսկ դա կարող էր ուշադրություն գրավել։ Այնպես որ, ես տուն էի գնում քրոջս հարսանիքին։ Ես թափառում էի երկաթուղային կայարանում, ասես անելու բան չունենայի, և հենց այն պահին, երբ դռնով անցնում էի, մեկ ուրիշ աղջիկ դուրս էր գալիս։ Նրա հագին իմ անձրևանոցից էր, ու եթե ինչ-որ մեկը նկատեր, կմտածեր՝ ես էի դուրս եկողը։ Տոմս գնելուց առաջ ես մտա կանանց պետքարան ու կոշիկիս մեջից ևս քսան դոլար հանեցի։ Հորս դարակից վերցրած գումարից մնացել էր ընդամենը երեք հարյուր դոլար, որի մեծ մասը պահում էի կոշիկներիս մեջ, որովհետև, անկեղծ, այլ ապահով տեղ մտքովս չէր անցել։ Դրամապանակումս պահում էր ընդամենն այնքան գումար, որքան պետք է ծախսեի այդ պահին։ Անհարմար է ամբողջ օրը շրջել կոշիկներով, որոնց մեջ թղթադրամներ են, բայց դրանք լավ, ամուր կոշիկներ էին՝ նման այն հին հարմարավետ կոշիկներին, որ հագնում ես, երբ թքած ունես՝ ինչ տեսք ունես, իսկ տնից հեռանալուց առաջ նոր քուղեր էի դրել կոշիկներիս, որպեսզի կարողանայի ամուր ու ապահով կապել դրանք։ Տեսնու՞մ եք՝ ամեն ինչ շատ ջանասիրաբար էի պլանավորել, ոչ մի մանրուք չէի անտեսել։ Եթե նրանք թույլ տային, որ ես պլանավորեի քրոջս հարսանիքը, ավելի քիչ վազվզոց, գոռգոռոց ու հիստերիա կլիներ։
Ես տոմս գնեցի դեպի Չանդլեր՝ նահանգի այս մասի ամենամեծ քաղաքն ու այն վայրը, ուր ուղևորվում էի։ Լավ տեղ էր թաքնվելու համար, քանի որ ռոքվիլցիները սովորաբար շրջանցում էին այն, եթե այնտեղ գնալու հատուկ պատճառ չունեին։ Երբ Ռոքվիլում կամ Քրեյնում չէին կարողանում գտնել բժիշկ, օրթոդոնտ, հոգեվերլուծաբան կամ իրենց ուզած կտորը, ուղիղ գնում էին մեծ քաղաքներից որևէ մեկը, օրինակ՝ նահանգի մայրաքաղաքը։ Չանդլերը բավականին մեծ էր՝ թաքնվելու համար, բայց մետրոպոլիս էլ չէր ռոքվիլցիների աչքերում։ Էմիթիվիլի երկաթուղային կայարանի տոմսավաճառը պետք է որ շատ ուսանողուհիների տեսած լիներ ցերեկվա կամ գիշերվա բոլոր ժամերին Չանդլերի տոմս գնելիս, որովհետև նա վերցրեց գումարս ու տոմսը խոթեց ձեռքս՝ առանց նույնիսկ հայացքը բարձրացնելու։
Զվարճալի է։ Նրանք հաստատ ինչ-որ պահի ինձ նաև Չանդլերում էին փնտրել․ դժվար թե անտեսեին ցանկացած հնարավոր վայր, որտեղ կարող էի լինել, բայց, ամենայն հավանականությամբ, ռոքվիլցիները չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է սեփական ընտրությամբ Չանդլեր գնալ։ Ես ոչ մի րոպե չեմ զգացել, որ ինչ-որ մեկն ինձ փնտրում է այնտեղ։ Իմ նկարն, իհարկե, չանդլերյան թերթերում էր, բայց իմ իմանալով՝ ինձ նույնիսկ երկրորդ անգամ չէին նայում, իսկ ես ամեն առավոտ վեր էի կենում, գնում աշխատանքի, գնումներ անում խանութներում, կինո գնում տիկին Փիքոքի հետ, ողջ այդ ամառը ծովափ էի գնում՝ առանց երբևէ վախենալու, որ ինձ կարող էին ճանաչել։ Ես ինձ պահում էի ինչպես մյուս բոլորը, հագնվում էի ինչպես բոլորը և մտածում էի ինչպես բոլորը։ Երեք տարվա ընթացքում միակ ռոքվիլցին, ում տեսել էի Չանդլերում, մորս ընկերուհին էր, որ իր պուդելին տարել էր շնաբուծարան՝ զուգավորելու։ Ամեն դեպքում, նա այնպիսի վիճակում էր, որ դժվար թե ճանաչեր ինչ-որ մեկին, ով պուդելի սիրահար չէր։ Ես ընդամենը մի կողմ քաշվեցի, երբ նա անցնում էր, ու նա ինձ չտեսավ։
Ինձ հետ ևս երկու ուսանողուհի բարձրացավ Չանդլերի գնացք․ գուցե նրանք երկուսն էլ տուն էին գնում՝ իրենց քույրերի հարսանիքներին։ Նրանցից ոչ մեկը դարչնագույն վերարկուով չէր, բայց նրանցից մեկը կապույտ գույնի հին բաճկոն էր հագել, որն, ընդհանուր առմամբ, նույն տպավորությունն էր ստեղծում։ Հենց գնացքը շարժվեց, ես քնեցի, հետո արթնացա ու մի պահ չէի հիշում՝ որտեղ եմ, իսկ հետո հասկացա, որ ես անում էի դա, ի կատար էի ածում իմ զգուշավոր պլանը, անցել էի ճանապարհի մեծ մասը։ Այնտեղ, երբ շուրջբոլորս քնած ուղևորներ էին, ես հազիվ զսպեցի ծիծաղս։ Հետո նորից քնեցի ու չարթնացա, մինչև առավոտյան՝ մոտավորապես ժամը յոթին, հասանք Չանդլեր։
Ահա և վերջ։ Ես տնից դուրս էի եկել նախորդ օրը՝ ճաշից հետո, իսկ հիմա՝ քրոջս հարսանիքի օրը՝ առավոտյան ժամը յոթին, ես, բոլոր իմաստներով, այնքան հեռու էի, որ գիտեի՝ նրանք երբեք չէին գտնի ինձ․․․ Չանդլերում տեղավորվելու համար մի ամբողջ օր ունեի առջևում, այնպես որ սկզբի համար որոշեցի նախաճաշել երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող մի ռեստորանում, իսկ հետո շարունակեցի ճանապարհս՝ ապրելու տեղ ու աշխատանք փնտրելու։ Առաջին հերթին ճամպրուկ գնեցի։ Զվարճալի է, որ մարդիկ քեզ չեն էլ նկատում, երբ ճամպրուկ ես գնում երկաթուղային կայարանի մոտակայքում։ Երկաթուղային կայարանների մոտակայքում ճամպրուկ գնելը բնական երևույթ է, իսկ ես ընտրեցի այնպիսի խանութ, որտեղ ամեն ինչից մի քիչ-մի քիչ վաճառում են, գնեցի մի էժան ճամպրուկ, մի զույգ գուլպա, մի քանի թաշկինակ, փոքրիկ ճամփորդական դոկ-կայան, ամեն ինչ տեղավորեխեցի ճամպրուկում ու ձեռքս առա այն։ Դժվար բան չկա, եթե չես ընկճվում կամ նյարդայնանում։
Ավելի ուշ, երբ տիկին Փիքոքն ու ես թերթերում կարդում էինք իմ անհետացման մասին, մի անգամ հարցրեցի նրան՝ ինչ էր կարծում, արդյո՞ք Լուիզա Թեթերը կարող էր Չանդլեր հասած լինել։
— Հիմա էլ ասում են՝ առևանգել են նրան, — ասաց տիկին Փիքոքը։ — Կարծում եմ՝ հենց այդպես էլ եղել է։ Առևանգել են ու սպանել, սարսափելի բաներ են անում երիտասարդ աղջիկների հետ, որոնց առևանգում են։
— Բայց թերթերը գրում են, որ փրկագին չեն պահանջել։
— Ասում են, — տիկին Փիքոքը գլուխը տարուբերեց։ — Ի՞նչ իմանանք՝ ընտանիքն ինչ գաղտնիք է պահում։ Կամ եթե նրան մարդասպան մոլագար է առևանգել, ինչու՞ պետք է փրկագին պահանջեր։ Քո պես երիտասարդ աղջիկները շատ բան չգիտեն։ Հաստատ բան եմ ասում։
— Մի տեսակ խղճում եմ աղջկան, — ասացի ես։
— Ով իմանա, — ասաց տիկին Փիքոքը, — գուցե իր կամքով է գնացել նրա հետ։
Այդ առավոտ Չանդլերում ես պատկերացնել անգամ չէի կարող, որ հենց առաջին օրը կհայտնվեր տիկին Փիքոքը․ դա ինձ հետ պատահած ամենաերջանիկ բանն էր։ Մինչ նախաճաշում էի, որոշեցի․ ես 19 տարեկան եմ, նահանգի հյուսիսից, լավ ընտանիքից, գումար եմ խնայել՝ Չանդլեր գալու և այստեղի բիզնես դպրոցում քարտուղարության դասընթաց անցնելու համար։ Ստիպված եմ աշխատանք գտնելու, որպեսզի սովորելուն զուգահեռ շարունակեմ գումար վաստակել։ Բիզնես դպրոցի դասերը սկսվում են աշնանը, այնպես որ ամռանը կարող եմ աշխատել, գումար խնայել ու որոշել՝ արդյոք իսկապես ուզում եմ քարտուղարության դասընթաց անցնել։ Եթե հանկարծ որոշեի չմնալ Չանդլերում, հեշտությամբ կարող էի մեկ այլ տեղ գնալ, երբ իմ փախչելու շուրջ աղմուկը մարած կլիներ։ Անձրևանոցը չէր սազում բարեխիղճ աղջկա կերպարին, որ պատրաստվում էի խաղալ, ուստի ես հանեցի այն ու թևիս վրա գցեցի։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, լավ էի աշխատել հագուստիս վրա։ Տնից դուրս գալուց առաջ որոշել էի, որ պետք է կոստյում հագնեմ՝ հնարավորինս չեզոք ու աննկատ։ Ընտրել էի մոխրագույն կոստյում՝ սպիտակ վերնաշապիկով, այնպես որ մեկ կամ երկու փոքր փոփոխությամբ, օրինակ՝ մեկ ուրիշ վերնաշապիկով կամ դարձածալին ինչ-որ քորոց ավելացնելով՝ կարող էի լինել՝ ով կորոշեի։ Կոստյումը միանգամայն համապատասխանում էր երիտասարդ աղջկա կերպարին, որ պատրաստվում էր քարտուղարություն սովորել, իսկ ճամպրուկը ձեռքիս ու անձրևանցը թևիս գցած՝ փողոցով քայլելիս ես նման էի հազարավոր այլ մարդկանց։ Ամեն րոպե այդ տեսքով մարդիկ են իջնում գնացքներից։ Ես առավոտյան թերթ գնեցի ու կանգ առա սրճարանում՝ մի բաժակ սուրճ խմելու ու վարձով սենյակ փնտրելու։ Ամեն ինչ այնքան բնական էր՝ ճամպրուկը, անձրևանոցը, վարձով սենյակ փնտրելը, որ երբ գազավորված ըմպելիքների վաճառողին հարցրեցի՝ ինչպես հասնեմ Փրիմրոուզ փողոց, նա նույնիսկ չնայեց ինձ։ Նրան հաստատ չէր հետաքրքրում՝ կհասնե՞մ Փրիմրոուզ, թե ոչ, թեև շատ քաղաքավարի բացատրեց տեղն ու ասաց, որ ավտոբուսը նստեմ։ Ես ավտոբուսով գնալու ու գումար խնայելու կարիք չունեի, բայց տարօրինակ կլիներ, եթե ուսման համար խնայողություններ արած աղջիկը տաքսիով շրջեր։
— Երբեք չեմ մոռանա՝ ինչ տեսք ունեիր այդ առաջին օրն առավոտյան, — մի անգամ՝ շատ ժամանակ անց, ասաց տիկին Փիքոքը։ — Միանգամից հասկացա, որ հենց այն աղջիկն ես, ում կուզեի վարձով սենյակ տալ։ Հանդարտ, բարեկիրթ։ Երևում էր, որ շատ վախեցած էիր մեծ քաղաքում։
— Վախեցած չէի, — ասացի ես։ — Անհանգստանում էի՝ կկարողանա՞մ լավ սենյակ գտնել։ Մայրս այնքան բաներից էր զգուշացրել, որ վախենում էի՝ չկարողանամ նրան հարմար բան գտնել։
— Ցանկացած մայր ցանկացած պահի կարող է գալ իմ տուն ու համոզվել, որ իր դուստրն ապահով ձեռքերում է, — ասաց տիկին Փիքոքը փոքր-ինչ վիրավորված։
Նա ճիշտ էր։ Երբ ես մտա տիկին Փիքոքի՝ Փրիմրոուզ փողոցում գտնվող հյուրատունն ու ծանոթացա տիկին Փիքոքի հետ, հասկացա, որ նույնիսկ պլանավորելու դեպքում ամեն ինչ ավելի լավ դասավորվել չէր կարող։ Տունը հին էր, բայց հարմարավետ, իսկ իմ սենյակը շատ հաճելի էր։ Տիկին Փիքոքն ու ես անմիջապես լեզու գտանք իրար հետ։ Նրան դուր եկավ, երբ պատմեցի, որ մայրս ասել էր՝ անպայման համոզվել, որ գտածս սենյակը մաքուր լինի, իսկ թաղամասը՝ ապահով, որ հանկարծ խուլիգանները չհետևեին մութն ընկնելուց հետո տուն վերադարձող աղջկան։ Նա ավելի ուրախացավ, երբ լսեց, որ ուզում էի գումար խնայել ու քարտուղարության դասընթաց անցնել, որպեսզի լավ աշխատանք գտնեի ու այնքան վաստակեի, որ կարողանայի ամեն շաբաթ մի փոքր գումար ուղարկել տուն։ Տիկին Փիքոքի կարծիքով՝ երեխաները պարտավոր են իրենց ծնողներին փոխհատուցել իրենց վրա ժամանակին ծախսված միջոցների մի մասը։ Դեռ մի ժամ էր՝ ինչ տիկին Փիքոքի տանն էի, բայց տիկին Փիքոքն արդեն ամեն ինչ գիտեր հյուսիսում բնակվող իմ երևակայական ընտանիքի մասին՝ մորս մասին, որ այրի էր, քրոջս մասին, որ նոր էր ամուսնացել ու իր ամուսնու հետ դեռևս ապրում էր մորս տանը, և կրտսեր եղբորս մասին, որի համար մայրս շատ էր անհանգստանում, որովհետև ոչ մի կերպ չէր դասավորում իր կյանքը։ Իմ անունը, ասացի, Լոիս Թեյլոր էր։ Եթե այդ պահին նրան իմ իսկական անունն ասեի, նա երբեք չէր կապի ինձ այն աղջկա հետ, որի մասին գրում էին թերթերում, որովհետև այդ ժամանակ նրան արդեն թվում էր, թե գրեթե ճանաչում էր իմ ընտանիքին, և ուզում էր, որ անպայման գրեի մորս ու ասեի, որ տիկին Փիքոքն անձամբ պատասխանատու կլինի ինձ համար, քանի դեռ քաղաքում եմ, ու սեփական մոր պես հոգ կտանի իմ մասին։ Ամեն ինչից զատ, նա ինձ ասաց, որ հարևանությամբ գտնվող գրենական պիտույքների խանութում աղջիկ օգնական էին փնտրում։ Այ քեզ հաջողություն։ Դեռ քսանչորս ժամ էր անցնել տնից հեռանալուցս հետո, իսկ ես արդեն միանգամայն նոր մարդ էի։ Իմ անունը Լոիս Թեյլոր էր, ապրում էի Փրիմրոուզ փողոցում և աշխատում էի մոտակա գրենական պիտույքների խանութում։
Մի օր թերթերում կարդացի, որ մի հայտնի գուշակ գրել էր հորս՝ առաջարկելով գտնել ինձ։ Ասել էր՝ իբր աստղային նշանները հուշում են, որ ինձ կգտնեն ծաղիկների մոտ։ Ես ցնցվեցի, որովհետև ապրում էի Փրիմրոուզ փողոցում, այնինչ հայրս, տիկին Փիքոքն ու ողջ աշխարհը մտածեցին, որ դա նշանակում էր՝ իմ մարմինը թաղված էր ինչ-որ տեղ։ Փորեցին երկաթուղային կայարանի մոտակայքի ազատ տարածքը, որտեղ վերջին անգամ տեսել էին ինձ, ու տիկին Փիքոքը հիասթափվեց, որ ոչինչ չգտնվեց։ Ես ու տիկին Փիքոքը չէինք կողմնորոշվում՝ ես փախել էի գանգստերի հետ ու դարձել գանգստերի ընկերուհի՞, թե՞ մարմինս կտոր-կտոր էին արել ու նետել բեռնախցիկը։ Որոշ ժամանակ անց դադարեցին ինձ փնտրելուց։ Ժամանակ առ ժամանակ ընդամենն ինչ-որ կեղծ հետք էր հայտնվում, որի մասին գրում էին թերթերի վերջին էջերում, իսկ այդ ընթացքում ես ու տիկին Փոքոքը տարվեցինք Չիկագոյում օրը ցերեկով հանդգնորեն բանկ թալանելու պատմությամբ։ Երբ լրացավ իմ փախուստի մեկ տարին ու ես հասկացա, որ իսկապես մեկ տարի էր անցել, ես ինքս ինձ նոր գլխարկ նվիրեցի, ընթրեցի քաղաքի կենտրոնում, տուն վերադարձա հենց երեկոյան լուրերի հեռարձակման ժամին և ռադիոյով լսեցի մորս ձայնը։
— Լուիզա, — ասում էր նա, — խնդրում եմ՝ տուն արի։
— Խեղճ կին, — ասաց տիկին Փիքոքը։ — Պատկերացնու՞մ ես՝ ինչ է զգում։ Ասում են՝ հույսը չի կորցնում, որ մի օր իր փոքրիկ աղջկան կենդանի կգտնի։
— Ձեզ դու՞ր է գալիս իմ նոր գլխարկը, — հարցրեցի ես։
Ես բոլորովին հրաժարվել էի քարտուղարության դասընթացի գաղափարից, քանի որ գրենական պիտույքների խանութը պետք է ընդլայնվեր. որոշել էին ավելացնել գրադարան ու նվերների բաժին, իսկ ես դարձել էի նվերների բաժնի կառավարիչը, և եթե ամեն բան լավ ընթանար, կդառնայի ողջ խանութի ղեկավարը։ Տիկին Փիքոքն ու ես քննարկեցինք (ասես նա էր մայրս) ու որոշեցինք, որ հիմարություն կլիներ լավ աշխատանքից հրաժարվել՝ ամեն ինչ այլ ոլորտում զրոյից սկսելու համար։ Խնայածս գումարը պահում էի բանկում։ Ես ու տիկին Փիքոքը մտածում էինք, որ գուցե մի օր համատեղեինք մեր խնայողություններն ու մի փոքրիկ ավտոմեքենա գնեինք կամ ճամփորդության գնայինք, նույնիսկ՝ ծովային ճամփորդության։
Ասածս այն է, որ ես ազատ էի ու լավ էլ ապրում էի, և նույնիսկ մտքովս չէր անցնում տուն վերադառնալ, մինչև ճակատագրի հեգնանքով հանդիպեցի Փոլին։ Այդ ժամանակ ես այլևս նրանց մասին չէի մտածում, նույնիսկ հետաքրքիր չէր՝ ինչ էին անում, մինչև պատահական ինչ-որ բան չէի կարդում թերթերում, բայց, գուցե, ենթագիտակցությանս մեջ ողջ այդ ընթացքում հիշել էի նրանց ու երբեք չէի դադարել մտածելուց, քանի որ բերանս բաց կանգնեցի փողոցում ու ձայն տվեցի․
— Փո՛լ։
Նա պտտվեց, իսկ ես, իհարկե, հասկացա՝ ինչ էի արել, բայց արդեն ուշ էր։ Նա մի պահ հայացքը հառեց վրաս, հետո խոժոռվեց, իսկ հետո շփոթվեց։ Ես տեսա, որ նա նախ փորձեց հիշել, ապա փորձեց հավատալ հիշածին և, ի վերջո, ասաց․
— Ա՛յ քեզ բան։
Նա ասաց, որ պետք է վերադառնամ։ Ասաց՝ եթե չվերադառնամ, կասի նրանց՝ որտեղ եմ, ու նրանք կգան իմ հետևից։ Նա նաև շոյեց գլուխս ու ասաց, որ իմ մասին համոզիչ լուր ունեցողին պարգև էր սպասվում բանկում։ Ասաց նաև, որ իր՝ պարգևը ստանալուց հետո հանգիստ կարող եմ նորից փախչել՝ ուզածիս չափ հեռու և ուզածիս չափ հաճախ։
Գուցե ես ուզում էի տուն գնալ։ Գուցե ողջ այդ ընթացքում սրտի խորքում հնարավորության էի սպասում՝ տուն վերադառնալու, գուցե հենց այդ պատճառով փողոցում ճանաչեցի Փոլին այնպիսի պատահականությամբ, որ միլիոն տարին մեկ է լինում․ նա երբեք Չանդլերում չէր եղել ու այնտեղ էր հայտնվել ընդամենը հինգ րոպեով՝ գնացքը փոխելու արանքում, մի պահ դուրս էր եկել կայարանից ու գտել էր ինձ։ Եթե այդ պահին անցնելիս չլինեի, եթե նա մնացած լիներ կայարանում, որտեղ պետք է լիներ, ես երբեք հետ չէի գնա։ Տիկին Փիքոքին ասացի, որ գնում եմ հյուսիսում բնակվող ընտանիքիս այցելության։ Նույնիսկ զվարճալի թվաց։
Փոլը հորս ու մորս հեռագիր ուղարկեց՝ ասելով, որ գտել է ինձ, և մենք օդանավով հետ գնացինք։ Փոլն ասաց՝ վախենում էր՝ նորից կփորձեի փախչել, ու ինձ համար ամենաապահով տեղն օդում էր, որտեղից չէի կարող իջնել ու փախչել։
Ես սկսեցի նյարդայնանալ, երբ Ռոքվիլի օդանավակայանից տուն գնալիս տաքսիի լուսամուտից դուրս էի նայում։ Կարող էի երդվել, որ երեք տարվա մեջ մի անգամ չէի մտածել այդ քաղաքի մասին, այդ փողոցների, խանութների ու տների մասին, որ այնքան լավ էի ճանաչում, իսկ հիմա պարզվեց՝ ամեն ինչ հիշում էի․ ասես երբեք չէի եղել Չանդլերում ու չէի տեսել այնտեղի տներն ու փողոցները։ Այնպիսի զգացողություն ունեի, ասես երբեք էլ չէի հեռացել։ Երբ անկյունում տաքսին վերջապես թեքվեց դեպի մեր փողոցը, ու ես նորից տեսա մեծ սպիտակ հին տունը, քիչ էր մնում՝ լացեի։
— Իհարկե, ես ուզում էի հետ գալ, — ասացի ես, ու Փոլը ծիծաղեց։
Մտածում էի վերադարձի տոմսի մասին, որ այդքան ժամանակ որպես թալիսման պահել էի դրամապանակիս մեջ, հիշեցի՝ ինչպես մի օր դեն նետեցի այն, երբ դատարկում էի դրամապանակս։ Այդ պահին մտածում էի՝ երբևէ կցանկանա՞մ վերադառնալ ու կզղջա՞մ տոմսս դեն նետելու համար։
— Ամեն ինչ նույնն է մնացել, — ասացի ես։ — Հենց այնտեղ՝ անկյունում, ավտոբուս նստեցի։ Իջա այդ օրն ավտոճանապարհով ու քեզ հանդիպեցի։
— Եթե միայն այդ օրը կարողանայի կանգնեցնել քեզ, — ասաց Փոլը, — երևի էլ չէիր փորձի փախչել։
Հետո տաքսին կանգնեց մեր տան առջև, իսկ երբ դուրս եկա, ծնկներս դողում էին։ Ես բռնեցի Փոլի թևն ու ասացի․
— Փոլ․․․ մի րոպե սպասիր։
Նա այնպիսի հայացքով նայեց ինձ, որ շատ լավ էի ճանաչում, հայացքով, որ ասում էր․ «Փորձիր քաշել ինձ ու այնպես կանեմ, որ կյանքում չես մոռանա»։ Նա թևը գցեց ուսերիս, որովհետև դողում էի, ու երկուսով քայլեցինք դեպի մուտքի դուռը։
Հետաքրքիր է՝ հետևու՞մ էին մեզ լուսամուտից։ Ինձ համար դժվար էր պատկերացնել՝ այդպիսի իրավիճակում ինչպես կվարվեին մայրս ու հայրս, որովհետև նրանք միշտ փորձում էին իրենց հանգիստ, արժանապատիվ ու պարկեշտ պահել։ Մտածեցի, որ նրանց փոխարեն տիկին Փիքոքն արդեն կես ճանապարհին կլիներ՝ մեզ դիմավորելու, իսկ այստեղ մուտքի դուռը դեռ ամուր փակված էր։ Հետաքրքիր էր՝ պիտի զանգը տայի՞նք․ նախկինում երբեք այս զանգը չէի տվել։ Ես դեռ մտածում էի, երբ Քերոլը դուռը բացեց մեր առաջ։
— Քե՛րոլ, — ասացի ես։
Ես ցնցված էի, քանի որ նա այնքան էր ծերացել, բայց հետո մտածեցի, որ երեք տարի էր անցել, և հավանաբար նա նույն բանն իմ մասին մտածեց։
— Քե՛րոլ, — ասացի ես, — Քե՛րոլ։ Ես անկեղծ ուրախ էի նրան տեսնելու։
Նա սառը հայացքով ինձ նայեց, ապա հետ քաշվեց։ Մայրս ու հայրս կանգնած էին այնտեղ, սպասում էին՝ ներս մտնեմ։ Եթե մի պահ չկանգնեի՝ մտածելու, կվազեի նրանց մոտ, բայց ես վարանեցի՝ չիմանալով՝ ինչ անել, չգիտեի՝ բարկացա՞ծ էին, վիրավորվա՞ծ, թե՞ պարզապես ուրախ էին, որ վերադարձել էի, և, իհարկե, հենց դադարեցի մտածելուց, այնտեղ կանգնած մնացի ու կարողացա միայն մի տեսակ անվստահ ասել․
— Մայրի՞կ։
Նա մոտեցավ ինձ, ձեռքերը դրեց ուսերիս ու երկար ժամանակ նայեց դեմքիս։ Արցունքները հոսում էին նրա այտերի վրայով, իսկ ես մտածեցի, որ քիչ առաջ, երբ դա այնքան էլ կարևոր չէր, ես պատրաստ էի արտասվելու, իսկ հիմա, երբ լացելով ավելի լավ տպավորություն կթողնեի, ես հազիվ էի զսպում ծիծաղս։ Նա տխուր էր, ծեր, իսկ ես ասես հիմար լինեի։ Հետո նա պտտվեց դեպի Փոլն ու ասաց․
— Աստված իմ, Փոլ, ինչպե՞ս կարող ես նորից այսպես վարվել ինձ հետ։
Փոլը վախեցավ․ ես դա տեսա։
— Տիկին Թեթեր, — ասաց նա։
— Անունդ ի՞նչ է, սիրելիս, — հարցրեց մայրս ինձ։
— Լուիզա Թեթեր, — հիմարաբար պատասխանեցի ես։
— Ոչ, սիրելիս, — ասաց նա մեղմ ձայնով, — իսկական անունդ։
Նորից ուզում էի լացել, բայց հազիվ թե դա ինչ-որ բան փոխեր։
— Լուիզա Թեթեր, — ասացի ես։ — Դա է իմ իսկական անունը։
— Ինչու՞ այս մարդիկ մեզ հանգիստ չեն թողնում, — ասաց Քերոլը։ Նա գունատ էր, դողում էր ու գրեթե գոռում էր զայրույթից։ — Մենք տարիներով փորձում ենք գտնել կորած քրոջս, իսկ քեզ նմանները փորձում են մեզ խաբել ու գումար պոկել։ Չե՞ք մտածում, որ սա ձեզ համար գումար աշխատելու հեշտ ձև է, իսկ մենք ամեն անգամ նորից ցավ ենք ապրում ու հուսահատվում։ Ինչու՞ մեզ հանգիստ չեք թողնում։
— Քերոլ, — ասաց հայրս, — դու վախեցնում ես խեղճ երեխային։ Օրիորդ, — ասաց նա ինձ, — ես անկեղծորեն հավատում եմ, որ չեք գիտակցել Ձեր արածի դաժանությունը։ Դուք լավ աղջիկ եք երևում, փորձեք պատկերացնել Ձեր սեփական մորը։
Ես փորձեցի պատկերացնել իմ սեփական մորը․ նա կանգնած էր ուղիղ իմ դիմաց։
— ․․․Իսկ եթե ինչ-որ մեկն այսպե՞ս վարվեր նրա հետ։ Համոզված եմ՝ այս երիտասարդը Ձեզ չի ասել, բայց նա արդեն երկու անգամ․․․, — ես հայացքս մորս վրայից ուղղեցի Փոլին, — երկու աղջկա է բերել, որ փորձել են ձևացնել, թե մեր կորած դուստրն են։ Երկու անգամն էլ պնդել է, որ իրեն խաբել են, ու ինքը որևէ շահ չի հետապնդել, իսկ մենք ամեն անգամ հույս ենք փայփայել, որ այդ նա կլինի։ Առաջին անգամ մեզ մի քանի օր հիմարեցրին։ Աղջիկը նման էր մեր Լուիզային, իրեն մեր Լուիզայի պես էր պահում, գիտեր այնպիսի ընտանեկան փոքրիկ կատակներ ու մանրուքներ, որ թվում էր՝ բացի Լուիզայից, ոչ ոք չէր կարող իմանալ, բայց պարզվեց՝ խաբեբա էր։ Իսկ աղջկա մայրը՝ իմ կինը, ամեն անգամ, երբ հույս է արթնացել, ավելի շատ է տառապել։
Նա գրկեց մորս՝ իր կնոջը, և նրանք, Քերոլի հետ միասին, կանգնեցին՝ հայացքներն ինձ ուղղած։
— Լսե՛ք, — ասաց Փոլը կատաղած, — նրան մի հնարավորություն տվեք․ ի վերջո, նա գիտի, որ Լուիզան է։ Գոնե ապացուցելու հնարավորություն տվեք։
— Ինչպե՞ս, — հարցրեց Քերոլը։ — Համոզված եմ՝ եթե նրան հարցնեմ, օրինակ, ինչ գույնի զգեստ էր նա կրելու իմ հարսանիքին․․․
— Վարդագույն, — ասացի ես։ — Ես կապույտ էի ուզում, բայց դու ասացիր՝ պետք է վարդագույն լինի։
— Վստահ եմ՝ կիմանա պատասխանը, — Քերոլն այնպես շարունակեց, ասես ես ոչինչ չէի ասել։ — Քո բերած մյուս երկու աղջիկները, Փոլ, նույնպես գիտեին։
Անօգուտ էր։ Պետք է կանխատեսած լինեի։ Գուցե նրանք այնքան էին սովորել ինձ փնտրելուն, որ նախընտրում էին շարունակել փնտրտուքն ինձ տուն ընդունելու փոխարեն։ Երևի այն բանից հետո, երբ մայրս, ուշադիր նայեց իմ դեմքին ու ոչինչ չտեսավ Լուիզայից, բացի այն երկարատև ջանքերից, որ գործադրել էի Լոիս Թեյլոր դառնալու համար, ես այլևս որևէ հնարավորություն չունեի նորից Լուիզային նմանվելու։
Ես մի տեսակ խղճացի Փոլին․ նա նրանց այնքան լավ չէր ճանաչում, որքան ես, և կարծում էր՝ դեռ կարելի էր խոսել նրանց հետ, համոզել նրանց գրկաբաց ընդունել ինձ ու բացականչել՝ «Լուի՛զա։ Մեր կորած աղջիկ»։ Հետո պիտի պտտվեին նրա կողմն ու նրան հանձնեին իր պարգևը, և բոլորն ապրեին ուրախ ու երջանիկ։ Մինչ Փոլը դեռ վիճում էր հորս հետ, ես մի քանի քայլ արեցի ու նայեցի մեր հյուրասենյակին։ Գիտեի՝ երկար ժամանակ չունեի ուսումնասիրելու, բայց ուզում էի մի վերջին հայացք գցել, որ կտանեի ինձ հետ որպես հիշողություն։ Այդ ողջ ընթացքում իմ քույր Քերոլն ուշադիր հետևում էր ինձ։ Հետաքրքիր է՝ ինչ էին փորձել գողանալ ինձնից առաջ եկած մյուս երկու աղջիկները։ Ուզում էի նրան ասել, որ եթե ինչ-որ բան գողանալու ցանկություն ունենայի, դա կանեի երեք տարի առաջ․ ուզածս իրը կարող էի վերցնել, երբ հեռանում էի տնից։ Հիմա, ինչպես և նախկինում, ոչինչ չկար, որ կարող էի տանել ինձ հետ։ Ես հասկացա, որ այնքան շատ էի ցանկանում մնալ, որ ուզում էի կառչել բազրիքից ու գոռալ։ Թեև զայրույթի կատաղի պոռթկումը կարող էր հպանցիկ հիշեցնել նրանց իրենց սիրելի կորած Լուզային, նրանք դժվար թե հրավիրեին ինձ իրենց տանը մնալու։ Պատկերացնում էի՝ ինչպես են ոտքերով հարվածելով ու գոռալով քարշ տալիս ինձ իմ սեփական տնից։
— Ինչ հաճելի հին տուն է, — սիրալիր ձայնով ասացի իմ քույր Քերոլին, որ պտտվում էր շուրջս։
— Մեր ընտանիքը սերունդներով այստեղ է ապրել, — նույնքան սիրալիր պատասխանեց նա։
— Գեղեցիկ կահույք է, — ասացի ես։
— Մայրս հնաոճ իրերի սիրահար է։
— Մատնահետքե՛ր, — բղավում էր Փոլը։
Մենք պատրաստվում էինք փաստաբան վարձել կամ, գոնե, Փոլը մտածում էր, որ մենք պատրաստվում էինք փաստաբան վարձել, իսկ ես մտածում էի՝ ինչ կզգար նա, երբ իմանար, որ ոչ մի փաստաբան չէինք վարձելու։ Ո՞ր փաստաբանը կարող էր ստիպել իմ մորը, հորն ու իմ քույր Քերոլին ինձ հետ ընդունել, երբ նրանք որոշել էին, որ ես Լուիզան չեմ։ Կարո՞ղ էր օրենքը ստիպել մորս նայել դեմքիս ու ճանաչել ինձ։
Պետք է ինչ-որ ձև լիներ՝ Փոլին հասկացնելու, որ ոչինչ չէինք կարող անել։ Ես մոտեցա ու կանգնեցի նրա կողքին։
— Փոլ, — ասացի, — չե՞ս տեսնում, որ ընդամենը զայրացնում ես տիկին Թեթերին։
— Ճիշտ է, օրիորդ, — ասաց հայրս ու գլխով արեց ինձ՝ ցույց տալու, որ ես ինձ խելամիտ էի պահում։ — Նա ոչինչ չի շահում ինձ սպառնալով։
— Փոլ, այս մարդիկ չեն ուզում մեզ այստեղ տեսնել։
Փոլը պատրաստվում էր ինչ-որ բան ասել, բայց կյանքում առաջին անգամ ավելի լավ մտածեց ու ցատկեց դեպի դուռը։ Երբ շրջվեցի՝ նրան հետևելու (մտածելով, որ իմ մեծ տունդարձն ավարտվեց մուտքի դռան մոտ), հայրս, ներողություն եմ խնդրում՝ պարոն Թեթերը, եկավ իմ հետևից ու բռնեց ձեռքս։
— Իմ դուստրը Ձեզնից երիտասարդ էր, — ասաց նա շատ սիրալիր ձայնով, — բայց ես վստահ եմ, որ ինչ-որ տեղ Դուք ընտանիք ունեք, որը սիրում է Ձեզ և ուզում է՝ երջանիկ լինեք։ Վերադարձեք նրանց մոտ, օրիորդ։ Թույլ տվեք խորհուրդ տալ, ինչպես հայրը կտար․ հեռու մնացեք այդ երիտասարդից, նա չար ու անարժան մարդ է։ Վերադարձեք տուն, որտեղ պետք է լինեք։
— Մենք գիտենք՝ ինչ է զգում ընտանիքը, երբ ստիպված է անհանգստանալու ու գուշակելու՝ որտեղ է դուստրը, — ասաց մայրս։ — Վերադարձեք Ձեզ սիրող մարդկանց մոտ։
Տիկին Փիքոքի մոտ, ենթադրում եմ։
— Որպեսզի համոզված լինեմ, որ տուն եք հասնում, — ասաց հայրս, — թույլ տվեք՝ վճարենք Ձեր ուղեվարձը։
Ես փորձեցի հետ քաշել ձեռքս, բայց նա ծալած կտրոնը մտցրեց ձեռքս ու ես ստիպված վերցրեցի։
— Հուսով եմ՝ մի օր, — ասաց նա, — ինչ-որ մեկը նույնը կանի մեր Լուիզայի համար։
— Գնաք բարով, սիրելիս, — ասաց մայրս, մոտեցավ ու շոյեց այտս։ — Ամենայն բարիք Ձեզ։
— Հուսով եմ՝ Ձեր դուստրը կվերադառնա մի օր, — ասացի նրանց։
20 դոլարի կտրոնը տվեցի Փոլին։ Փոքր բան էր այն ողջ գլխացավանքի համեմատ, որի մեջ ընկել էր նա։ Ի վերջո, ես կարող էի վերադառնալ իմ աշխատանքին գրենական պիտույքների խանութում։ Մայրս դեռ խոսում է ինձ հետ ռադիոյով, տարին մեկ անգամ, իմ փախուստի օրը։
«Լուիզա, — ասում է նա, — մենք բոլորս ուզում ենք, որ մեր սիրելի աղջիկը վերադառնա։ Մենք քո կարիքն ունենք ու շատ ենք քեզ կարոտում։ Քո մայրն ու հայրը սիրում են քեզ ու երբեք քեզ չեն մոռանա։ Լուիզա, խնդրում եմ՝ տուն արի»։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *