Մերի Վիլկինս Ֆրիմեն | Կատուն

Ձյուն էր տեղում, և Կատվի մորթին խիստ ծանրացել էր դրանից, սակայն նա անվրդով տեսք ուներ: Կռացած էր, պատրաստ գարնանը մահանալու, քանի որ ժամերով նստած էր մնացել: Գիշերը էր, բայց ոչ մի տարբերություն, բոլոր ժամերը նույնն էին Կատվի համար, երբ նա սպասում էր որսի: Բացի այդ, նա մարդկային կամքին ենթարկվելու կարիք չուներ, քանի որ այդ ձմռանը մենակ էր մնացել: Աշխարհում ոչ մի տեղ նրան կանչող ձայն չկար, ոչ մի օջախի վրա չկար նրան սպասող կերակուր: Նա լիովին ազատ էր, բացառությամբ իր սեփական ցանկությունների, որոնք բռնանում էին նրա վրա, երբ դժգոհ էր լինում, ինչպես հիմա: Կատուն շատ քաղցած էր, գրեթե սովահար: Օրեր շարունակ դաժան ցուրտ էր, և բոլոր առավել թույլ, վայրի կենդանիները, որոնք ժառանգաբար իր և իր ընտանիքի որս էին հանդիսանում և ստրուկները, ժամանակի մեծ մասն անցկացնում էին իրենց որջերում և բներում, ու Կատվի երկար որսն ապարդյուն էր անցնում: Սակայն նա սպասում էր իր ցեղին հատուկ աներևակայելի համբերությամբ և համառությամբ, բացի այդ, նա համոզված էր: Կատուն բացարձակ համոզմունքների տեր արարած էր, և նրա հավատն իր հետևությունների նկատմամբ, երբեք չէր տատանվում: Նապաստակը թաքնվել էր այնտեղ՝ սոճու գետնին հպված ճյուղերի արանքում: Այժմ նրա փոքրիկ դուռը ծածկված էր ձյան գզգզված վարագույրով, բայց նա այնտեղ էր: Կատուն տեսել էր, ինչպես է նա ներս մտնում, այնքան նման մոխրագույն ստվերի, որ անգամ իր սուր և փորձված աչքերն էին ուշի-ուշով հետ նայել նրան տարորոշելու համար, մինչև անհետանալը։ Այսպիսով, Կատուն նստել և սպասում էր, լուռ սպասում էր սպիտակ գիշերվան՝ զայրացած ականջ դնելով բարձր լեռներում սկսվող քամու հեռավոր սուլոցին, որն հետո վերածվում էր ցասման սարսափահար պոռթկումի, ապա ինչպես կատաղի արծիվների երամ, ձյան սարսափազդու սպիտակ թևերով սլանում ցած՝ դեպի հովիտներ և կիրճեր։ Կատուն մի լեռան կողքին էր, մի անտառապատ տաղավարում։ Նրա գլխավերևում՝ մի քանի ոտնաչափ հեռավորության վրա, վեր էր խոյանում տաճարի պատի պես ուղղաձիգ զառիթափ ժայռը։ Կատուն երբեք այնտեղ չէր մագլցել, ծառերն էին նրա կյանքի բարձունքներին հասնելու աստիճանները։ Նա միշտ զարմանքով էր նայում ժայռին, և դառնորեն ու զայրալից մլավում, ինչպես մարդն է վարվում վախ ներշնչող նախախնամության առաջ։ Նրա ձախ կողմում բացարձակ անդունդ էր։ Հետևում, սառցապատ ուղղաձիգ լեռնաշղթայի միջև կարճ ծառապատ տարածք էր ձգվում։ Առջևում տան ճանապարհն էր։ Երբ նապաստակը դուրս գար, կհայտնվեր ծուղակում. նրա փոքրիկ բաժան-բաժան ոտքերը չէին կարողանա հաղթահարել այսպիսի անկոտրում զառիթափեր։ Այսպիսով, Կատուն սպասում էր։ Այն վայրը, որտեղ նա գտնվում էր, նման էր անտառի հորձանուտի։ Ծառերն ու թփերի թնջուկը արմատներով անհողդողդ կառչել էր լեռնալանջերին՝ գետնատարած բներով և ճյուղերով, խաղողի որթերը օղակաձև փաթաթվել և կիպ հանգույցներով ընդգրկել էին ամեն ինչ, ստեղծելով զարմանալի ազդեցություն, ասես դարեր շարունակ պտտվել էին ջրի տարարային հոսանքում, միայն թե դա ջրի արածը չէր, այլ քամու, որն ամեն բան դասավորել էր շրջանաձև գծերով՝ ենթարկելով կործանարար գրոհի: Եվ այժմ անտառի ու ժայռի, մահացած ծառաբների, ճյուղերի ու որթերի այս հողմապտույտի վրա ձյուն էր իջնում։ Այն փչում էր ծխի նման ժայռի կատարին, որ կանգնել էր պարուրաձև սյան նման, ինչպես բնության մահացու ուրվական, ապա ձյունն սկսեց տեղալ անդունդի եզրին, և Կատուն կծկվեց իր հետևում կուտակված այդ ահարկու զանգվածի առաջ։ Ասես սառցե ասեղները ծակծկելիս լինեին նրա մաշկը գեղեցիկ փարթամ մորթու միջով, սակայն նա ոչ մի անգամ չերերաց ու չգոռաց։ Գոռալուց ոչինչ չէր շահելու, բայց կորցնելու էր ամեն ինչ. նապաստակը կլսեր նրա գոռոցն ու կիմանար, որ իրեն է սպասում։
Ավելի ու ավելի էր մթնում, գիշերվա բնական մթության փոխարեն սպիտակ ծխի տարօրինակ երանգ էր տարածվել։ Բնության գիշերը փոթորկով և մահվամբ էր հագեցված: Լեռները՝ վրդովված և ահասարսուռ, ամբողջովին քողարկվել, միախառնվել էին իրար, ու այս ամենի կենտրոնում անհաղթ սպասում էր այդ փոքրիկ, անսասան, համբերության և ուժի կենդանի մարմնացումը՝ ծածկված մոխրագույն փոքրիկ մուշտակով։
Կատաղի պայթյուն որոտաց ժայռի մոտակայքում, ապա պտտվելով հուժկու փոթորկի տեսքով գահավիժեց անդունդը։
Հետո Կատուն տեսավ վախից լուսարձակող, կռվելու պատրաստ կատաղի զույգ աչքեր, մի փոքրիկ, թրթռացող լայնացած քթիկ, տեսավ երկու ցցված ականջ, և լռեց՝ նյարդերն ու մկանները լարի պես ձգված։ Այնուհետ նապաստակը դուրս եկավ. երկարատև կենսական թռիչքից և ահուսասափից հետո Կատուն բռնեց նրան։
Այնուհետ Կատուն տուն գնաց` ձյան վրա քաշ տալով իր զոհին։
Կատուն ապրում էր իր տիրոջ կառուցած տան մեջ, որն արտաքինից փոքր երեխայի ձեռքով կառուցած փայտաշեն տանը հատուկ կոպիտ տեսք ուներ, չնայած դիմացկուն էր։ Ձյունը ծանրորեն նստել էր տանիքի ցած թեքված հատվածում, սակայն այդտեղ չէր տեղավորվի։ Երկու պատուհաններն ու դուռը ամուր փակված էին, բայց Կատուն գիտեր ներս մտնելու ձևը։ Նա արագ մագլցեց տան հետևի կողմում աճած սոճու ծառով (չնայած ծանր նապաստակի հետ դա դժվար գործ էր), ապա հայտնվեց քիվերի տակ եղած իր փոքրիկ պատուհանին, հետո ցած իջավ սենյակի ետ ծալովի դռնակով, և արդեն իր տիրոջ մահճակալին էր՝ թռչկոտելով ու նապաստակի և ամեն ինչի առիթով հաղթական ճիչեր արձակելով։ Սակայն տերը չկար. նա հեռացել էր վաղ աշնանից, և հիմա փետրվարն էր։ Նա չէր վերադառնա մինչև գարուն, քանի որ ծեր էր, և լեռների դաժան սառնությունը հովազի նման բզկտում էր նրա կենսական օրգանները, ձմռանը գյուղ էր գնում։ Կատուն երկար ժամանակ է, ինչ գիտեր տիրոջ հեռանալու մասին, սակայն նրա դատողությունը միշտ հաջորդական ու շրջանակային բնույթ էր կրում. նրան թվում էր՝ ինչ եղել էր, միշտ լինելու էր, բացի այդ, ավելի հեշտ էր տրվել սպասման հիասքանչ ուժին և միշտ տուն գալ՝ ակնկալելով այնտեղ գտնել իր տիրոջը։
Երբ տեսավ, որ նա դեռ չի վերադարձել, կոպիտ թախտից ցած գցեց նապաստակին հատակին, փոքրիկ թաթով սեղմեց կենդանու մարմինը նրան անշարժ պահելու համար և սկսեց գլխից մաշկել՝ սեղմելով իր ամենասուր ատամներով։
Տանն ավելի մութ էր, քան անտառում, ցուրտն էլ՝ նույնքան մահացու էր, չնայած ոչ այնքան կատաղի։ Եթե Կատուն անվիճելի նախախնամությամբ ստացած չլիներ իր մորթե վերարկուն, նա շնորհակալ կլիներ այն ունենալու համար։ Մորթին բծավոր մոխրագույն էր, դեմքի և կրծքի հատվածում սպիտակ և այնքան թավ, որքան կարող էր լինել։
Քամին այնպես ուժգին քշեց ձյունը պատուհաններին, որ այն ճարճատեց կարկուտի նման, և տունը մի փոքր երերաց։ Հանկարծակի Կատուն աղմուկ լսեց, դադարեց կրծոտել նապաստակին ու ականջ դրեց՝ փայլող կանաչ աչքերը հառած պատուհանին։ Հետո լսեց մի խռպոտ բղավոց, հիասթափության և աղերսանքի ճիչ, սակայն գիտեր, որ դա չի կարող լինել տիրոջ տունդարձի ձայնը և սպասեց՝ թաթը նապաստակին դրած։ Հետո ողջույնը կրկին հնչեց, և Կատուն պատասխանեց։ Նա ասաց, ինչ որ կարևորում էր իր ընկալմամբ։ Նրա ի պատասխան ճիչում կար հարցաքննություն, տեղեկատվություն, զգուշացում, վախ և վերջապես ընկերակցության առաջարկ, բայց դրսում կանգնած մարդը փոթորկի սուլոցի պատճառով չլսեց նրան։
Լսվեց դռան ուժեղ բախոց, նորից ու նորից։ Կատուն քաշ տվեց նապաստակին մահճակալի տակ։ Հարվածներն ավելի շատացան և արագացան։ Թակող ձեռքը թույլ էր, սակայն հիասթափությունից նյարդային էր դարձել։ Վերջապես կողպեքը տեղի տվեց, և անծանոթը ներս մտավ։ Այնուհետև Կատուն, դուրս նայելով մահճակալի տակից, աչքերը կկոցեց հանկարծակի լույսից, և նրա կանաչ աչքերը նեղացան։ Անծանոթը լուցկի վառեց և նայեց շուրջը։ Կատուն տեսավ քաղցից ու ցրտից վայրենացած ու կապտած դեմք, այդ մարդն ավելի աղքատ ու ծեր տեսք ուներ, քան իր խեղճ ծեր տերը, նա վտարանդի էր մարդկանց մեջ իր աղքատությամբ և նախնինների պակաս առեղծվածով. և Կատուն վերջինիս բիրտ ողորմելի բերանից լսեց հուսահատության փնթփնթան, անհասկանալի ձայն։ Այնտեղ կար և՛ հայհոյանք, և՛ աղոթք, բայց Կատուն նման բաների մասին պատկերացում չուներ։
Անծանոթը ամուր փակեց դժվարությամբ բացած դուռը, մի քիչ փայտ վերցրեց անկյունում դրված տրցակից և կրակ բորբոքեց հին վառարանում այնքան արագ, որքան թույլ կտային կիսացրտահարված մատները։ Նա այնքան ողորմելիորեն էր դողում, որ Կատուն մահճակալի տակից զգում էր այդ ցնցումը։ Հետո այդ մարդը՝ շատ թույլ և տկար ու ամբողջովին պատված իր գլխին եկած տանջանքների սպիներով, նստեց հին աթոռներից մեկի վրա և խոնարհվեց վառարանի վրա, ասես այն իր հոգու միակ սերն ու իղձը լիներ, ու դեղին ձեռքերը պարզած դեղին մագիլների նման՝ խորը հոգոց հանեց։ Կատուն դուրս եկավ մահճակալի տակից և նապաստակին ճանկած ցատկեց նրա գիրկը։ Տղամարդն ուժեղ բղավեց, ցնցվեց ու վեր թռավ տեղից, իսկ Կատուն ներքև սահեց հատակը ճանկռտելով, անշնչացած նապաստակը ցած ընկավ։ Մարդը հենվեց պատին՝ վախից հևալով և մեռելի պես գունատ։ Կատուն ճանկեց նապաստակի վզից և քաշ տվեց նրա ոտքերի մոտ։ Հետո սուր ձայն արձակեց, անընդհատ ճչալով, աղեղների նման ձգեց մեջքն, իսկ պոչը թափահարեց փարթամ փետուրի նման։ Այնուհետ հպվեց մարդու ոտքերին, որ դուրս էին թռել մաշված կոշիկների միջից։
Տղամարդը բավականին նրբորեն մի կողմ հրեց կատվին և սկսեց շրջել փոքրիկ խրճիթում։ Նա անգամ դժվարությամբ մագլցեց ձեղնահարկի աստիճանով, լուցկի վառեց և սկսեց լարված հայացքով խարխափել մթության մեջ։ Վախենում էր, չլինի թե այնտեղ մարդու հանդիպեր, քանզի տանը կատու կար։ Նրա կյանքի փորձը մարդկանց հետ հաճելի չէր եղել, և ոչ էլ մարդկանց կյանքի փորձն իր հետ։ Մի ծեր թափառական Իսմայիլ էր իր տեսակով, ով անսպասելի գտել է մի եղբոր տուն, և այդ եղբայրը տանը չէր, ու նա գոհ էր։
Տղամարդը վերադարձավ Կատվի մոտ, և դժվարությամբ կռացավ ու շոյեց նրա մեջքը, որը կենդանու ձգվելուց աղեղի տեսք ստացավ։
Հետո նա վերցրեց նապաստակն ու անհամբերությամբ զննեց կրակի լույսի տակ։ Նրա ծնոտներն սկսեցին աշխատել։ Քիչ էր մնում այն հում-հում կուլ տար։ Սկսեց շոշափելով ինչ-որ բան փնտրել՝ Կատուն կրունկների մոտ։ Ինքնաբավարարման փնթփնթոց արձակելով՝ կոպիտ դարակների և սեղանի մոտ գտավ յուղի ճրագ։ Հետո այն վառեց, ապա գտավ թավա և դանակ, մաշկազերծեց նապաստակին և այն նախապատրաստեց եփելու համար՝ Կատուն ողջ ընթացքում ոտքերի մոտ։
Երբ եփվող մսի հոտը տարածվեց խրճիթում, և՛ տղամարդը, և՛ Կատուն սոված գայլի էին նման։ Մարդը մի ձեռքով շրջեց նապաստակին, իսկ մյուսով կռացավ Կատվին շոյելու։ Կատուն մտածեց, որ նա լավ մարդ է։ Ամբողջ սրտով սիրեց նրան, չնայած շատ կարճ ժամանակ էր ինչ ճանաչում էր նրան, և չնայած նրա դեմքը և՛ խղճալի էր, և՛ խիստ տարբերվում էր լավ մարդկանց դեմքերից։
Նրա դեմքին ծերության կնիք կար, այտերին՝ կարմիր փոսիկներ, իսկ աչքերը՝ վատ հիշողություններից պղտորված, բայց Կատուն անվերապահորեն նրան ընդունեց և սիրեց։ Երբ նապաստակը կիսաեփ էր, ո՛չ մարդը, ո՛չ Կատուն այլևս չկարողացան սպասել։ Նա վերցրեց այն կրակից, բաժանեց երկու հավասար մասերի, մեկը տվեց Կատվին, իսկ մյուսն՝ իրեն պահեց։ Հետո կերան։
Ապա փչելով հանգցրեց լույսը, կանչեց Կատվին իր մոտ, մտավ անկողին, վրան գցեց պատառոտված ծածկոցները և քուն մտավ՝ Կատուն կրծքին։
Տղամարդը հյուրընկալվեց կատվի մոտ ողջ ձմեռ, իսկ լեռներում ձմեռը երկարատև է լինում։ Փոքրիկ հյուղակի լիիրավ տերը մինչև մայիս չվերադարձավ։ Ամբողջ ընթացքում Կատուն ծանր աշխատեց, և բավական նիհարեց, քանի որ ամեն ինչ, բացի մկանից, կիսում էր իր հյուրի հետ, երբեմն խաղը զգուշավոր էր լինում, իսկ այդ օրերի համբերության պտուղը երկուսի համար շատ քիչ էր։ Մարդը, սակայն, հիվանդ էր և թույլ ու չէր կարող շատ ուտել, որը բարեբախտություն էր, քանզի նա իր համար որս անել չէր կարող։ Ամբողջ օրը պառկում էր մահճակալին կամ կռացած նստում կրակի մոտ։ Լավ էր, որ կրակի համար նախատեսված փայտը ձեռքի տակ էր` դռնից ոչ շատ հեռու, քանի որ դրանով ստիպված ինքն էր զբաղվում։
Կատուն եռանդուն կեր էր հայթայթում։ Երբեմն նա օրերով անհետանում էր, սկզբում մարդը վախենում էր՝ մտածելով, որ երբեք չի վերադառնա, հետո կրկին լսում էր դռնից եկող ծանոթ ճիչը, ոտքի էր կանգնում և գնում նրան ներս թողնելու։ Հետո երկուսով ճաշում էին, ուտելիքը հավասար կիսելով, ապա Կատուն մռռալով հանգստանում էր՝ ի վերջո նիրհելով տղամարդու գրկում։
Գարնան մոտենալուն պես խաղն ակտիվացավ. ավելի շատ որսի վայրի կենդանիներ դուրս եկան իրենց բներից՝ սեր, ինչպես նաև սնունդ փնտրելու։ Մի օր Կատվի բախտը խիստ բերեց. նա որսաց մեկ նապաստակ, կաքավ և մկնիկ։ Չէր կարողանում բոլորին միանգամից տանել, բայց վերջիվերջո հասցրեց դռան մոտ։ Ձայն տվեց, բայց ոչ ոք չպատասխանեց։ Լեռնային բոլոր վտակները վարարել էին, իսկ օդը լցված էր ջրի կարկաչյունով՝ պարբերաբար ընդհատվելով թռչունների սուլոցով։ Ծառերը գարնանային քամու ազդեցությամբ նոր ելևէջներով էին սոսափում, վարդերը ծաղկել էին, անտառից երևացող հեռավոր լեռների մակերեսը ոսկյա կանաչով էր ծածկվել։ Թփերի ծայրերը շիկացած էին և ալ կարմիր, տեղ-տեղ ծաղիկներ էին ծաղկել, բայց Կատվին ծաղիկները չէին հետաքրքում։ Նա կանգնել էր դռան մոտ՝ իր ավարի կողքին, և անդադար մլավում էր համառ բողոքի, հաղթականի ու աղերսանքի ձայնով, բայց ոչ ոք նրա առաջ դուռը չբացեց։ Կատուն փոքրիկ գանձերը թողեց դռան մոտ և գնաց տան հետնամասում գտնվող սոճու ծառի մոտ և մեկ ոստյունով մագլցեց այն, ներս մտավ փոքրիկ պատուհանի միջով, սակայն տղամարդը հեռացել էր։
Կատուն նորից գոռաց՝ դա մարդու ընկերակցությունը տենչացող ճիչ էր, որն աշխարհի թախծոտ ճիչերից մեկն է: Փնտրեց բոլոր անկյուններում, ցատկեց պատուհանի մոտ դրված աթոռի վրա և դուրս նայեց, բայց ոչ ոք չհայտնվեց։ Տղամարդն հեռացել էր և այլևս երբեք չվերադարձավ։
Կատուն մկանը դրսում կերավ, նապաստակին ու կաքավին տխուր քաշ տվեց տուն, սակայն մարդն այդպես էլ չեկավ նրա հետ կիսլու ավարը։ Վերջապես մեկ-երկու օր անց, դրանք էլ կերավ, ապա երկար քնեց մահճակալին, ու երբ արթնացավ, նա դարձյալ չկար։
Հետո Կատուն նորից գնաց որսի և գիշերը տուն եկավ, մի թմբլիկ թռչնակ բռնած՝ իր անխոնջ համառությամբ ակնկալելով, որ մարդն այնտեղ է լինելու. իսկ պատուհանից լույս էր առկայծում, ու երբ մլավեց, նրա ծեր տերը բաց արեց դուռն ու ներս հրավիրեց։
Տերը ամուր ընկերակցություն էր տածում Կատվի հանդեպ, սակայն ոչ կապվածություն։ Նա երբեք չէր շոյում Կատվին այն հեզահամբույր անծանոթի պես, սակայն հպարտանում էր նրանով և անհանգստանում նրա բարեկեցության համար՝ չնայած ամբողջ ձմեռ առանց ամաչելու մենակ էր թողել։ Վախենում էր հանկարծ Կատվին որևէ դժբախտություն չպատահեր՝ չնայած նա իր տեսակով բավականին խոշոր էր, բացի այդ, նաև ուժեղ որսորդ էր։ Հետևաբար, երբ նրան տեսավ իր ձմեռային սպիտակ վերարկուի ողջ շուքով՝ սպիտակ փորիկն ու դեմքը արևից ձյան պես փայլելով, դեմքը շողաց ջերմ հյուրընկալությամբ, իսկ Կատուն ուրախ մռռոցով դողդոջուն մարմնով փաթաթվեց նրա ոտքերին։
Կատուն մենակ կերավ իր բռնած թռչնին, քանի որ տերն արդեն իր համար առանձին ընթրիք էր պատրաստում վառարանի վրա: Ընթրիքից հետո Կատվի տերը վերցրեց ծխամորճն ու սկսեց փնտրել ծխախոտի փոքրիկ պաշարը, որ ձմռանը թողել էր խրճիթում: Նա հաճախ էր դրա մասին մտածել. դա և Կատուն առիթ էին գարնանը տուն վերադառնալու համար: Սակայն ծխախոտը չկար, ոչ մի փշրանք չէր մնացել: Տղամարդը մի փոքր հայհոյեց մռայլ միապաղաղությամբ, որից հայհոյանքը կորցրեց իր սովորական ազդեցությունը: Նա եղել էր և մնում էր լավ հարբեցող. այնքան էր թափառել աշխարհով մեկ, որ դրա ամեն սուր անկյունն իր հետքն էր թողել նրա հոգում, վերջինիս քողարկում էր այնքան ժամանակ, մինչև բոլոր զգացողությունները բթացան: Նա շատ ծեր էր:
Որոնում էր ծխախոտը մի տեսակ պայքարելու ձանձրալի հաստատակամությամբ, ապա ապշած աչքի անցկացրեց ամբողջ սենյակը: Հանկարծակի շատ բաներ նրան փոխված թվացին: Վառարանի մեկ այլ խուփ էլ էր կոտրվել, գորգի մի փոքրիկ հատված ամրացված էր պատուհանին սառը օդը ներս չթողնելու համար, իսկ իր վառելափայտն անհետացել էր: Որոնեց և տեսավ, որ իր թիթեղամանի նավթն էլ է վերջացել: Նայեց մահճակալի վրայի ծածկոցներին, վերցրեց դրանք և կրկին կոկորդով նույն տարօրինակ ձայնն արձակեց: Ապա կրկին սկսեց իր ծխախոտը փնտրել:
Վերջապես տեղի տվեց: Նստեց կրակի կողքին՝ (քանզի լեռներում մայիսին ցուրտ է լինում) դատարկ ծխամորճը բերանում պահած, կոպիտ ճակատը կնճռոտած, և Կատվի հետ իրար նայեցին լռության անանցանելի արգելքի միջով, որը սահմանվել է մարդու և գազանի միջև աշխարհի արարման օրվանից:

Թարգմանությունն անգլերենից՝ Անի Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *