Զոյա Փիրզադ | Մի Կյանք

Վաղ առավոտ է: Կինը պատուհանից բակն է նայում: Ծառը ծաղկել է: Ճակատից մի սպիտակ մազափունջ է հեռացնում: Քառասունմեկերորդ անգամն է, որ տեսնում է ծառի ծաղկելը: Կանգնած է պատուհանի դիմաց: Նրա հաստ, սպիտակ գիշերազգեստը երկարաթև է, օձիքը` փակ, բայց և մի քիչ մրսում է: Քամին ճոճում է ծաղիկները: Ծաղիկները, թվում է, բնավ չեն մրսում: Կինը հիշում է այն առաջին պահը, երբ տեսավ ծաղիկները:
Ամուսնու ձայնից արթնացավ: «Վե՛ր կաց, արի տե՛ս` ծառը ծաղկել է»: Միասին պատուհանի մոտ կանգնեցին ու նայեցին: Նրա երկար գիշերազգեստն անթև էր ու բարակ, օձիքը ասեղնագործ էր: Չէր մրսում, կամ երևի ամոթն էր, որ ցուրտը ետ էր մղում: Մի շաբաթ էր` ամուսնացել էին, և դեռ առավոտները ամաչում էր ամուսնու աչքերին նայել:
Տասն անգամ առաջին ծաղիկները միասին դիտեցին: Տասնմեկերորդ անգամ կինը հենց բացեց պատուհանը, սառը քամին հեռուներից եկավ, պտտվեց ծառի շուրջբոլորը և սենյակ մտավ: Մի ծաղիկ էր իր հետ բերել: Սպիտակ ծաղիկը կնոջ կրծքին ընկավ: Կինը նկատեց, տղամարդն էլ նկատեց: Երեխան կնոջ գրկում խաղաղ քնած էր: Տղամարդը մատը հպեց երեխայի` փափուկ և ոսկի աղվամազով դեմքին: Ասաց. «Ճի՛շտ դեղձի նման»: Կինը ծիծաղեց: Ծառին նայելիս զգաց, որ ծառի վրայի ծաղիկները ծիծաղում էին:
Երբ ծառը քսանմեկերորդ անգամ ծաղկեց, կինը քնից վեր թռավ: Կարծես ինչ-որ մեկը ձայնել էր, կարծես ինչ-որ մեկն ասել էր. «Վե՛ր կաց, արի՛ տես` ծառը.…»: Կինն ու դուստրը սենյակում միայնակ էին: Աղջնակը ոտնաթաթերի վրա բարձրացավ և պատուհանից բակին նայեց: Քամին ծառի շուրջբոլորն էր պտտվում, և կարծես ծաղիկները սենյակին էին ծիկրակում, կարծես ինչ-որ մեկին էին փնտրում:
Ծառը երեսունմեկերորդ անգամ էր ծաղկում: Ծառն այնքան հոգնած էր, որ ոչինչ չէր զգում: Կինը պատուհանը բացեց: Ձեռքը երկարեց և ծաղիկներ քաղեց: Փեշը լի էր ծաղիկներով: Ծաղիկները մեկ առ մեկ բարձրացան, բարակ ասեղով ու երկար թելով անցան, միմյանց ետև շարվեցին ու պպտվեցին, շրջան կազմեցին: Կինը ծաղկեթագին էր նայում: Երիտասարդ աղջիկը ծաղկեթագը գլխին դրեց և շրջվեց դեպի հայելին: Ծիծաղեց: Նրա զգեստը երկար էր ու ճերմակ: Թևքերի ծայրերն ու օձիքը զարդարված էին մանյակով ու մարգարտով: Մոմերի լույսը հայելին լուսավորեց: Կինն ինքն իրեն ասաց. «Արի՛, տե՛ս, մեր ծաղիկը…»
Կինը դեռ պատուհանի կողքին կանգնած է: Միայնա՜կ: Քամին կարծես ծաղիկներին խուտուտ է տալիս: Ծաղիկները ծիծաղելու տրամադրություն չունեն: Ծաղիկները հոգնած են:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *