Միգել դե Ունամունո | Մառախուղը

Imagen 073

(հատվածներ)

-Օ՜, իմ Էուխենիա, իմ Էուխենիա, այո՛, իմ այն Էուխենիան, որին ես հորինեցի միայնության մեջ, այն Էուխենիային, ով մսից և արյունից չէ, ում պատահաբար տեսա իմ տան մոտով անցնելիս, այլ նա, ով անսպասելի տեսիլք էր, ոչ նա,ում մասին խոսում էր սպասուհին: Պատահական տեսի՞լք, իսկ կա՞ արդյոք տեսիլք, որ պատահական չէ, որտե՞ղ է տեսիլքների տրամաբանությունը: Դրան հատուկ է ձևերի հաջորդականությունը, որոնք առաջանում են ծխախոտի ծխից: Պատահականությու՜ն: Պատահականությու՜ն, ահա սա է համամարդկային կյանքի ռիթմը, պատահականությունը պոեզիայի ոգին է: Ա՜խ իմ դիպվածային Էուխենիա: Իմ այս խաղաղ, միօրինակ, համեստ, առօրեական մանրուքներից հյուսված պինդարոսյան ձոն է Էուխենիան: Առօրեականությու՜ն: «Հայր մեր, որ երկինս ես, տուր մեզ հաց հանապազօրյա» … Տուր ինձ Աստված իմ, ամեն օրվա հազարավոր մանրուքները: Մենք` մարդիկս, չենք նահանջում ոչ մեծ տառապանքներից և ոչ էլ մեծ ուրախություններից, որովհետև այդ տառապանքները և ուրախությունները մեզ երևում են մանր դեպքերի մառախլապատ շղարշով: Մեր կյանքը ևս մշուշ է: Կյանքը մառախուղ է: Ահա ալդ մառախուղից է ծնվել Էուխենիան: Իսկ ո՞վ է Էուխենիան: Ահա ես գիտակցում եմ, որ վաղուց էի փնտրում նրան: Եվ մինչ ես փնտրում էի նրան, նա ինքն ինձ ընդառաջ եկավ: Միգուցե դա հենց է այն, ինչ կոչվում է գտնել: Երբ գտնում ես այն պատրանքը, որ շարունակ փնտրում էիր, լինում է այնպես, որ հենց նա է քեզ գտնում: Մի՞թե Ամերիկան դեմ հանդիման դուրս չեկավ Կոլոմբոսին, այդպես Էուխենիան դուրս եկավ ինձ ընդառաջ… Էուխենիա՜, Էուխենիա՜, Էուխենիա՜…

****
Վեր կենալով բազկաթոռից` Ավգուստոն գնաց աշխատասենյակ, վերցրեց գրիչը և սկսեց գրել: §Հենց այս առավոտ դուք անցաք որպես պատահական տեսիլք երկնային նուրբ անձրևի տակ անցնելով իմ տան մոտով, որտեղ դեռ ապրում եմ, բայց որտեղ արդեն օջախ չկա: Երբ արթնացա, եկա ձեր տան մոտ, ուր չգիտեմ օջախ կա թե ոչ: Ինձ այդտեղ բերեցին ձեր աչքերը, որոնք իմ աղոտ կյանքի զույգ փայլող աստղեր են: Ներեցեք, Էուխենիա և թույլ տվեք ինձ ձեզ հարազատաբար կոչել այս քաղցր անունով, ներեցեք ինձ այս լիրիկայի համար: Ես ապրում եմ մշտական և անսահման լիրիկայի մեջ: Չգիտեմ, թե ձեզ այլևս ինչ ասել: Չգիտեմ: Բայց այնքան բան կա ասելու, որ ավելի լավ կլինի թողնել մի ուրիշ անգամ, երբ հանդիպենք և խոսենք: Հիմա ես այդպես եմ ուզում, որ հանդիպենք, խոսենք, միմյանց գրենք, ճանաչենք: Իսկ հետո.հետո….Աստված և մեր սրտերը ցույց կտան: Էուխենիա, իմ միօրինակ կյանքի քաղցր պատրանք, դուք կհամաձայնե՞ք լսել ինձ:
Սեփական կյանքի մշուշում թաթախվածը սպասում է ձեր պատասխանին:
Ավգուստո Պերես¦:

****
-Կպայքարենք,- փողոցում քայլելով ինքն իրեն ասաց Ավգուստոն: Այո՛, կպայքարենք: Ուրեմն նա ուրիշ փեսացու ունի, ուրիշ երկրպագու, ով ուզում է նրա փեսացուն լինել: Կպայքարենք: Militia est vita hominis super terram. Իմ կյանքն արդեն նպատակ ունի: Նվաճելու բան կա: Օ՜հ, Էուխենիա, իմ Էուխենիա, դու պետք է իմը լինես: Ամեն դեպքում իմ Էուխենիան է, նա, ում ես եմ հորինել, երբ իմ առջև փայլեցին նրա աչքերը, մառախուղի մեջ փայլող զույգ աստղերի պես, այո, այդ Էուխենիան պետք է իմը լինի, իսկ այն, Էուխենիան, ում դռան շեմին նստում է սպասուհի Մարգարիտան, թող պատկանի ում ուզում է: Կպայքարենք, և ես կհաղթեմ: Ես գիտեմ հաղթանակի գաղտնիքը: Ա՜խ Էուխենիա, Էուխենիա՜:

****
§Ինչու՞ են քնքշական դիմելաձևերը սիրո նշան համարվում¦,- տան ճանապարհին ինքն իր հետ խոսում էր Ավգուստոն: Մի՞թե սերը փոքրացնում է սիրածդ առարկան: Ե՞ս, սիրահարվա՞ծ: Ո՞վ կմտածեր: Թերևս Վիկտորն իրավացի է, և ես սիրահարված եմ ի ծնե: Երևի թե այս զգացմունքը նախորդել է սիրած մարդու գոյությանը: Ավելին` հենց այս սերն է, որ արթնացրել է նրան, մառախուղից դուրս է բերել այն էակին` Էուխենիային: Բայց եթե ես ձիով փակեի իմ թագավորին, Վիկտորն ինձ մատ չէր անի: Իսկ ի՞նչ է սերը: Ո՞վ կարող է բացատրել այն: Երբ սերը բացատրում են, այն դադարում է սեր լինել: Տեր աստված, ինչու՞ է քաղաքապետը թույլ տալիս, որ ապրանքապիտակների համար օգտագործեն այնպիսի տգեղ տառեր, ինչպիսիք սրանք են: Ես շախմատում սխալ քայլ կատարեցի իմ փղով: Ես ինչպե՞ս եմ սիրահարվել, եթե իրականում չեմ կարող ասել, որ նրան ճանաչում եմ: Բահ, հետո կճանաչեմ: Սերը նախորդում է մտերմությանը, իսկ մտերմությունը սպանում է սերը: §Nihil cognitum quin praecognitum /lat./ ¦ ինձ սովորեցրել է Հայր Զարամիլյոն, բայց ես հանգել եմ հակառակ եզրակացության, այն է § Nihil cognitum quin praevolitum¦, մենք չգիտենք այն, ինչը նախկինում չենք ցանկացել, ոչ հակառակը, ասում են հասկանալ նշանակում է ներել, ներել նշանակում է հասկանալ: Սկզբում սիրել, հետո ճանաչել: Բայց ես ինչպես չեմ նկատել, որ ինձ մատի վտանգ էր սպառնում: Ի՞նչ է պետք սիրելու համար: Նկատե՜լ, նկատե՜լ, սա է հենց սիրո կանխազգացումը, նկատել սերը մառախուղի մեջ: Հետո հասնում է ճանաչելը, մառախուղի մեջ գուշակելու կանխազգացումը: Հետո ամեն ինչ հստակեցվում է, պարզեցվում, մառախուղը լուծվում է ջրի կաթիլների, կարկուտի,ձյան կամ քարերի մեջ: Գիտությունը քարակույտ է: Ոչ, մառախուղ է, մառախուղ: Բայց միայն արծվին է տրված ճախրել մառախլապատ ամպերի երկայնքով և նրանց միջից նայել արևին` որպես աղոտ մի լույսի: Օ՜հ արծիվ, ի՞նչ կասեր Պատմոսի արծիվը, որ ունակ է դեմ առ դեմ դուրս գալ արևին, բայց ոչինչ չի տեսնում գիշերվա մթության մեջ և փախչելով Սուրբ Խուանից՝ նա հանդիպում է Օլիմպոսից փախած Միներվայի բվին, որը տեսնում է գիշերվա մթության մեջ, բայց չի կարողանում նայել արևին¦:

****
Ավգուստոն պառկեց քնելու: Անկողնում դեռ շարունակում էր ինքն իր հետ խոսել:
-Այո, բանն այն է,որ ինքս էլ չգիտակցելով, այն օրից ի վեր, երբ մահացավ իմ բարի մայրը ես երկու տարի ապրել եմ ձանձրույթի մեջ: Այո՛, այո՛, լինում է նաև չգիտակցված ձանձրույթ: Համարյա թե բոլորը չեն գիտակցում, որ ձանձրանում են: Ձանձրույթը մեր կյանքի հիմքն է, ձանձրույթն է ծնունդ տալիս բոլոր խաղերին, զվարճանքներին, սիրավեպերին և սիրելուն: Կյանքի մառախուղը հորդում է քաղցր ձանձրույթից, ինչպես կիսաքաղցր լիկյորը: Առօրյա այս բոլոր աննշան իրադարձությունները, բոլոր այն քաղցր զրույցները, որոնցով սպանում ենք ժամանակը և երկարացնում մեր կյանքը, մի՞թե դա քաղցր ձանձրույթից չէ: Օ՜ Էուխենիա, իմ չգիտակցված ձանձրույթի ծաղիկ, արի ինձ մոտ, մնա ինձ հետ իմ երազում, երազիր ինձ և երազիր ինձ հետ:
Ավգուստոն քնեց:

§Անհնար է,- կրկին ինքն իր հետ խոսեց Ավգուստոն: Սա է կյանքը, այն միշտ կրկնվում է,իսկ նրա հետ կրկնվում է և սերը: Իսկ ի՞նչ է սերը: Միգուցե այս ամենից մաքրվելն է: Ձանձրույթի ծնունդ չէ՞ արդյոք սերը: Էուխենիայի մասին մտածելու իսկական ժամանակն է: Ավգուստոն փակեց աչքերը, որպեսզի մտածի նրա մասին Մտածե՞լ: Բայց Էուխենիայի մասին մտածելու միտքը գնալով հեռացավ նրանից և շուտով վերածվեց լեհական մեղեդու: Թափառական երաժիշտը պատուհանի տակ կանգնած նվագում էր: Ավգուստոյի հոգին նոտաներ էր վերհիշում, նա չէր մտածում: §Կյանքի իմաստը երաժշտության մեջ է,- մտածեց Ավգուստոն, երբ ավարտվեց դաշնակարարի մեղեդու վերջին ակորդը: Իսկ իմ Էուխենիան մի՞թե նույնպես երաժշտություն չէ: Ցանկացած օրենք ռիթմի օրենք է, իսկ ռիթմը սերն է: Հրաշալի, աստվածային առավոտ է, մաքրամաքուր արշալույսն ինձ նոր բացահայտում բերեց. Սերը ռիթմ է: Ռիթմի գիտությունը մաթեմատիկան է, իսկ սիրո զգայական արտահայտությունը` երաժշտությունը: Ճիշտ հասկացեք, նրա արտահայտությունը և ոչ թե իրականացումը¦: Ավգուստոյին ընդհատեց դռան թեթև թակոցը:

*****
Այդ նա է, նա, ում չգիտակցելով` փնտրում էի այսքան տարի, նա է, ով փնտրում էր ինձ: Մենք ստեղծված ենք միմյանց համար հաստատուն ներդաշնակությամբ, մեկս մյուսին լրացնող մետաղադրամի երկու կողմն ենք: Ընտանիք, սա է հասարակության հիմնական բջիջը, իսկ ես ոչ ավել, ոչ պակաս դրա մի մոլեկուլն եմ: Որքա՜ն պոեզիա կա գիտության մեջ: Աստված իմ, մայրիկ, մայր իմ, լսիր ինձ` քո որդուն, որ քո երկնային խորհրդին է սպասում: Էուխենիա՜, Էուխենիա՜:

*****
Ա՜խ, Օրփեո՛ս, արդեն իր տանն ասում էր Ավգուստոն` վերջինիս կաթ տալով: Օրփեո՜ս, ես լուրջ քայլ արեցի, վճռական քայլ, ես մտա նրանց տուն, նրանց սրբավայր: Դու գիտես, թե ի՞նչ է նշանակում վճռորոշ քայլ անել: Բախտի անիվը մեզ դրդում է վճռորոշ քայլերի: Իմ Օրփեոս, առանց արահետների մենք քայլում ենք խճճված վայրի անտառով: Արահետը մենք ենք բացում մեր ոտքերով, երբ քայլում ենք դեպի արկածախնդրություն: Ոմանք հավատում են, թե կարող են հետևել իրենց աստղին, ես հավատում եմ, որ կարող եմ հետևել երկու աստղի` զույգ աստղի: Այդ աստղը ցույց է տալիս դեպի երկինք տանող արահետը: Վճռորոշ քայլ: Ասա ինձ, Օրփեոս, արդյոք ես ունեմ աստծու, աշխարհի և այլ բանի կարիքը: Ինչու՞ պետք է ինչ-որ բան գոյություն ունենա: Չեմ կարծում, որ անհրաժեշտության գաղափարը պարզապես բարձրագույն ձև է, որը մեր գիտակցության մեջ ընդունում է պատահականությունը: Ո՞րտեղից է եկել Էուխենիան: Ես եմ նրան արարել, թե՞ նա ինձ: Միգուցե մենք երկու՞սս ենք միմյանց արարել: Մի՞թե ամբողջը ստեղծված չէ մեկից, իսկ մեկը ` ամբողջից: Իսկ ի՞նչ է արարումը, ի՞նչ ես դու Օրփեոս, ես ի՞նչ եմ: Օրփեոս, բազմիցս մտածել եմ, որ ես ես չեմ, ես քայլում էի փողոցով, կարծելով, թե ինձ չեն տեսնում: Երբեմն պատկերացնում էի, թե մարդիկ ինձ չեն տեսնում այնպիսին, ինչպիսին ես եմ տեսնում և այդ ժամանակ,ինձ թվում էր, թե իբր քայլում էի շատ սովորական, պատշաճ ձևով, բայց իրականում, ինքս էլ չգիտակցելով` չարաճճիություններ էի անում, իսկ անցորդները ծիծաղում և ծաղրում էին ինձ: Քեզ հետ նման բան չի՞ պատահել, Օրփեոս: Չնայած ոչ, պատահած չի լինի, քանի որ դու դեռ ջահել ես և կյանքի փորձ չունես: Բայց ասա ինձ, Օրփեոս, ձեր` շների մտքով ոչ մի անգամ չի՞ անցել մտածել, որ դուք մարդ եք, ինչպես այն մարդիկ, որոնք կարծել են, թե շուն են: Ինչ կյանք է սա, Օրփեոս, ինչ կյանք, հատկապես այն օրվանից, երբ մահացավ մայրս: Ամեն ժամ ճնշվում է անցած ժամերի ծանրությունից, ես չեմ տեսել գալիքը: Իսկ հիմա, երբ սկսում եմ նշմարել գալիքը, այն համարյա թե հուշ է դարձել ինձ համար: Օրերն այս, որ անցնում են… այս օրը, հավերժական այս օրը, որ անցնում է` ձանձրույթից տարրալուծվելով մառախուղ է դառնում: Այսօրը երեկ էր, երեկը` այսօր: Նայիր, Օրփեոս, նայիր այն մոխրին, որը հայրս թողել է մոխրամանում: Սա հավերժական,սարսափելի հավերժության ապացույցն է: Երբ մարդը մենակ է մնում և աչք է փակում ապագայի երազանքի վրա, նրա մոտ ի հայտ է գալիս հավերժության սարսափելի անդունդը: Հավերժությունը ապագա չէ: Երբ մենք մեռնում ենք, մահը մեզ հանդիպեցնում է մեր ուղեծրի հետ և ճանապարհ ենք բռնում դեպի հետ` անցյալ, դեպի այն ամենը, ինչ եղել է: Եվ այդպես կծկում ենք մեր կյանքի կծիկը` ոչնչացնելով այն հավերժությունը, որ ստեղծել ենք մեր մեջ, հավերժության մեջ, մենք գնում ենք դեպի ոչինչը` առանց դրան երբևէ հասնելու, քանի որ այն երբեք գոյություն չի ունեցել: Գոյության մեր հունի ներքո կա մի ուրիշ հուն, որ հոսում է հակառակ ուղղությամբ, այստեղ մենք երեկվանից գնում ենք դեպի վաղը, վաղվանից` երեկ: Մեր ճակատագիրը կծկվում և արձակվում է միաժամանակ: Ժամանակ առ ժամանակ մեզ հասնում են շնչառություններ, գոլորշիներ, մինչևիսկ այդ ուրիշ աշխարհի խորհրդավոր շշուկները, այդ աշխարհը մեր ներաշխարհն է: Պատմության ներաշխարհը հակապատմությունն է, մի գործընթաց, որը հակառակվում է մեր իմացածին: Ստորգետնյա գետը ծովից գնում է դեպի աղբյուր: Իսկ հիմա իմ մենության երկնքից ինձ փայլում են Էուխենիայի զույգ աչքերը: Նրանք փայլում են մորս արտասուքների փայլով և հավատացնում ինձ, թե ես գոյություն ունեմ §քաղցր պատրանք¦: Սիրում եմ՝ ուրեմն կամ: Այս սերը Օրփեոս, նման է բարենպաստ անձրևի, որը ցրում և պարզեցնում գոյության մառախուղը: Սիրո շնորհիվ եմ ես զգում հոգիս, ես գիտակցում եմ այն: Սիրո շնորհիվ, Օրփեոս, հոգիս մինչև խորքը ցավում է: Գալիս ու գնում են օրերը, իսկ սերը մնում է: Այնտեղ`ամենախորքում, իրար դիպչում և բախվում են այս և մյուս աշխարհի հոսանքները, իսկ նրանց շփումից և բախումից ծնվում է ամենատխուր և ամենաքաղցր տառապանքը` կյանքի տառապանքը: Ահա նայիր, Օրփեոս, նայիր ձկներով լի ցանցին,նայիր թե ինչպես են շեղակի թելերը տարուբերվում կոճի հետ, նայիր թե ինչպես են խաղում բուրգերը, բայց ասա ինձ, որտեղ է գտնվում այն կծիկը, որի վրա գործվում է մեր գոյության կտավը, ո՞րտեղ:
Քանի որ Օրփեոսը երբևէ ոչ մի մանածագործական հաստոց չէր տեսել, դժվար թե հասկանար իր տիրոջը: Բայց նայելով Ավգուստոյի դեմքին, երբ նա խոսում էր, կռահում էր, թե նա ինչ էր զգում:

****
Ավգուստոն ինքն իրեն հարց էր տալիս. §Կդիմանա՞մ ես սրան, կկարմրեմ կակաչի պես, թե՞ կգունատվեմ սպիտակ շուշանի պես, երբ նրա աչքերը լցնեն այս դառը դատարկությունը, չի պայթի արդյո՞ք սիրտս¦:
Երկնքում ճախրող թեթև աղավնու պես մի աղմուկ լսվեց, մի ախ և ահա Էուխենիայի աչքերը, որ փայլում էին կյանքի թարմությամբ, մի մարմին, որի ծանրությունը չէր զգացվում հողի վրա, աչքեր, որ նրա շուրջը լուսավորեցին նոր խորհրդավոր և հոգևոր լույսով: Ավգուստոն միանգամից հանգստություն զգաց, անսահման հանգստություն, նմանվելով բազկաթոռի մեջ ծլած այն բույսին, որ իրեն մոռացած միախառնվել էր խորհրդավոր և հոգևոր այն լույսին, որ շողարձակում էր Էուխենիայի աչքերից: Եվ միայն երբ լսեց, թե ինչպես տիկին Էրմելինդան ասաց իր զարմուհուն.§ Ահա մեր ընկեր Ավգուստո Պերեսը¦, սթափվեց և ջանաց ժպտալ:
Նրանք միմյանց հրաժեշտ տվեցին, Ավգուստոն, դուրս գալով փողոց, թեթևություն և նույնիսկ մի-փոքր բավարարություն զգաց: Նա չէր էլ ենթադրում, որ նման հոգեվիճակ կունենա: Էուխենիայի կերպարը, որով նա ներկայացավ իրենց առաջին հանդիպմանը այդքան մոտ և հանգիստ մթնոլորտում նրան տառապանք չէր պատճառում, հակառակը, նրան ավելի էր ոգևորում և ոգեշնչում: Աշխարհը նրան թվում էր ավելի ընդարձակ, օդը ավելի մաքուր, երկինքն` ավելի կապույտ: Նրան թվաց, թե առաջին անգամ էր այդպես լիաթոք շնչում: Հոգու խորքում հնչում էր մոր ձայնը. §Ամուսնացիր¦: Հանդիպած համարյա բոլոր կանայք Ավգուստոյին գեղեցիկ էին թվում, շատերը` հրաշագեղ, նրանցից և ոչ մեկը տգեղ չէր: Աշխարհն ասես լուսավորվել էր նրա համար այն զույգ չքնաղ աչքերի նոր, խորհրդավոր լույսով, որ փայլում էին ինչ-որ հեռվում` կապույտ, թափանցիկ երկնակամարից այն կողմ: Նա սկսել էր ճանաչել աշխարհը: Եվ չգիտես ինչու Ավգուստոն սկսեց մտածել այն մասին, որ մարմնական մեղքի և մեր նախնիների` Ադամի և Եվայի, չարի և բարու մեղսական վտարումը և իմաստության ծառից պտուղ քաղելը խորը իմաստ ուներ:
Ավգուստոն սևեռվեց դոն Ֆերմինի ճանաչման հնարավորության տեսության վրա: Երբ եկավ տուն, նրան ընդառաջ վազեց Օրփեոսը, Ավգուստոն գրկեց շնիկին, շոյեց և ասաց:
-Օրփեոս, մենք այսօրվանից նոր կյանք ենք սկսում: Չե՞ս զգացել, որ աշխարհը դարձել է ավելի լուսավոր: Ա՜խ, եթե միայն դու տեսնեիր նրան, ճանաչեիր նրան… դու կվշտանայիր, որ ընդամենը շուն ես, ինչպես որ ես եմ վշտանում, որ մարդ եմ: Ասա ինձ, Օրփեոս, ինչպես եք դուք` շներդ, ինչ – որ բան գիտակցում, եթե մեղք չեք գործում, եթե ձեր միմյանց ճանաչելը ամենևին մեղք չէ: Գիտակցել այն, ինչ մեղսավոր չէ, կնշանակի չգիտակցել:

****
Ես արդեն նպատակ ունեմ, կյանքի նպատակ,- ինքն իրեն ասում էր Ավգուստոն,- այդ նպատակն է նվաճել այս աղջկան կամ նվաճվել: Իսկ սիրո մեջ միևնույնն է` կհաղթես, թե կպարտվես: Չնայած ոչ: Հիմա պարտվել նշանակում է զիջել ինչ-որ մեկին: Այո, նշանակում է զիջել ուրիշին, որովհետև անկասկած, ուրիշը կա: Ուրի՞շ: Իսկ ո՞վ է այդ ուրիշը: Իսկ միգուցե այդ ուրիշը ե՞ս եմ: Ես երկրպագու եմ, որոնող, իսկ ուրիշը, կարծում եմ, ոչ երկրպագու է, ոչ որոնող, նա չի որոնում և չի նվաճում, նա արդեն գտել է: Իհարկե, գտել է ոչ ավել, ոչ պակաս հրաշալի Էուխենիայի սերը: Ոչ ավե՞լ: Կանացի մարմին, որ շողում է թարմությունից,առողջությունից և զվարթությունից, որ անցավ Ավգուստոյի կողքով խախտեց նրա մենախոսությունը և նրան տարավ իր հետևից՝ շարունակելով քննարկել իր մեջ: §Որքա՜ն գեղեցիկ է այս մեկը, մյուսը նույնպես: Իսկ այն մեկը, թերևս, ոչ որոնում է, ոչ նվաճում,այլ իրեն են որոնում և նվաճում, միգուցե արժանի չէ՞ նրան: Օ՜, որքան հրաշալի է այս աղջիկը: Որքան հմայիչ է ողջունում անցորդներին: Որտեղից նրան այդ աչքերը, որոնք համարյա Էուխենիայի աչքերի պես են: Ի՜նչ քաղցր է երևի նրա գրկում մոռանալ կյանքի և մահվան մասին: Օրորվել նրա գրկում, ինչպես տաք ալիքների վրա: Ուրի՞շ: Բայց ուրիշը Էուխենիայի սիրեցյալը չէ, նա չէ, ում սիրում է Էուխենիան, այդ ուրիշը ես եմ, այո, ես եմ: Երբ Ավգուստոն եկավ այս եզրահանգման, որ այդ ուրիշը հենց ինքն է որ կա,աղջիկը, ում ինքը հետևում էր,մտավ տուն: Ավգուստոն կանգ առավ և զննեց տունը:Եվ միայն այդ ժամանակ հասկացավ, որ աղջկա հետքերով էր եկել: Ախ, այո, չէ որ ուզում էր խաղատուն գնալ . պետք է գնալ այնտեղ: Եվ նա շարունակեց մտածել: §Որքան գեղեցիկ կանայք կան աշխարհում, աստված իմ, համարյա թե բոլորը գեղեցիկ են, շնորհակալ եմ, աստված իմ, շնորհակալ եմ:¦: Տեր իմ քո հաղթանակը կնոջ գեղեցկության մեջ է: Ինչպիսի մազեր, ինչպիսի մազեր¦: Մի՞թե այլ կանայք չկան: Կան, ուրիշների համար կան ուրիշ կանայք: Բայց Էուխենիայի ՝ իմ միակի պես չկա: Նրանք բոլորը պարզապես նրա կրկնօրինակն են, իմ միակ, քաղցր Էուխենիայի: Ի՞մ, այո, ես իմ մտքերով և և ցանկությամբ նրան դարձրել եմ իմը: Այն մյուսը, ավելի ճիշտ այն մյուսը կարող է նրան տիրանալ ֆիզիկապես, բայց նրա աչքերի լույսը ինձ է պատկանում, ինձ: Մի՞թե խորհրդավոր լույս չեն արտացոլում նաև նրա ոսկեգույն ծամերը: Աշխարհում միայն մեկ, թե՞ երկու Էուխենիա կա. մեկը իմն է, իսկ մյուսը՝ նրա սիրեցյալի՞նը: Բայց եթե դա այդպես է, եթե նրանք երկուսնն են՝ ուրեմն թող նա մնա իր էուխենիայի, իսկ ես իմ Էուխենիայի հետ: Երբ գալիս է թախիծը հատկապես գիշերներին, երբ, չգիտես, թե ինչու ուզում եմ լաց լինել ինչպես որ ընդունված է ՝ դեմքը ծածկելով, ուզում եմ բերանս ու աչքերս ծածկել ոսկեգույն ծամերով, նրանց միջից շունչ առնել, որոնք մաքրվում և բուրում են օծանելիքով:

****
Ավգուստոն մի պահ մնաց անշարժ կանգնած, նույնիսկ չէր հասկանում, գոյություն ունե՞ր, թե ոչ, բայց ցրեց շփոթության մառախուղը, որն իրեն համակել էր, վերցրեց գլխարկը և դուրս եկավ փողոց կամ ուր աչքը կկտրեր: Մտավ Սուրբ Մարտին եկեղեցի առանց իրեն հաշիվ տալու, թե ինչ է անում: Ավգուստոն այնտեղ ոչինչ չտեսավ, բացի գիշերալամպի մարող լույսից, որ վառվում էր եկեղեցու մեծ խորանի առաջ: Նրան թվում էր, թե շնչում էր տեղի մթությունն ու դարերի խորքից հասած չորացրած խունկի հնաբույրը, համարյա շոշափելով գնաց նստարանին նստելու: Ոչ թե նստեց, այլ համարյա ընկավ նստարանին: Ավգուստոն հոգնածություն զգաց, մահացու հոգնածություն, կարծես թե ողջ մթությունը, հնության հոտը, որ շնչում էր, ծանրություն բերեցին սրտին: Ժամանակ առ ժամանակ հեռվից՝ շատ հեռվից լսվում էր զսպված հազի մի ձայն: Ավգուստոն հիշեց մորը: Նա փակեց աչքերը և կրկին երազում տեսավ հարմարավետ և տաքուկ այն տունը, որտեղ լույսը ներս էր թափանցում ասեղնագործած վարագույրների սպիտակ ծաղիկների արանքից: Նա կրկին տեսավ մորը, որ անաղմուկ շրջում էր՝ միշտ սև հագած և նրա ժպիտը, որտեղ քարացել էին արցունքները: Ավգուստոն հիշեց իր ամբողջ կյանքը, երբ դեռ միայն որդի էր՝ իր մոր մի մասնիկը և ապրում էր մոր հովանու տակ, հիշեց այդ խեղճ կնոջ դանդաղ, ցավալի, կարճ և անցավ մահը, երբ հոգին տվեց օդում անաղմուկ ճախրող տարագիր թչնի պես, այնուհետև իր հիշողություններում, թե տեսիլքներում հանդիպեց Օրփեոսին, հետո ընկմվեց մի հոգեվիճակի մեջ, որտեղ աչքերի առաջ, ինչպես կինոթատրոնում, անցան ամենատարօրինակ պատկերները:
Ինչ- որ մեկը նրա կողքին աղոթք էր մրմնջում: Քիչ հետո այդ մարդը գնաց դեպի դուռը, իսկ Ավգուստոն հետևեց նրան: Դուրս գալով եկեղեցուց՝ այդ մարդն աջ ձեռքի ցուցամատը և միջնամատը մտցրեց օրհնված ջրով բաժակի մեջ և նույնը առաջարկեց անել նաև Ավգուստոյին, իսկ հետո խաչակնքվեց: Երկուսով գնացին դեպի վանդակաճաղերը:

-Ես ստեցի նրան, ինքս ինձ ստեցի: Միշտ էլ այդպես է: Ամեն ինչ լոկ երևակայություն է, ոչ ավելին: Եթե դու խոսում ես, նշանակում է ստում ես, իսկ եթե խոսում ես ինքդ քեզ հետ, այսինքն՝ եթե մտածում ես, գիտակցելով, որ մտածում ես, ապա խաբում ես ինքդ քեզ: Չկա ավելի իրական բան, քան ֆիզիկական կյանքը: Բառը՝ հասարակական այդ երևույթը ստեղծվել է ստելու համար: Ես լսել եմ մեր փիլիսոփայից, որ ճշմարտությունը, ինչպես բառը, այն է, ինչ բոլորը հասկանում են: Ցանկացած հասարակական երևույթ սուտ է:
Այդ պահին ձեռքին ինչ- որ մեկի շփումը զգալով՝ Ավգւստոն բացականչեց:
-Ահա, դու արդեն այստեղ ես, Օրփեոս: Քանի որ դու չես խոսում, ուրեմն չես ստում, ես նույնիսկ կարծում եմ, որ դու չես էլ սխալվում, ինքդ քեզ չես խաբում: Չնայած որպես տնային կենդանի պետք է որ մարդ արարածից ինչ- որ բանով վարակված լինես, չէ՞ որ մենք միայն ստում ենք և մեզ երևակայում: Բառը ստեղծվել է մեր զգացողությունները և տպավորությունները չափազանցնելու համար… իսկ միգուցե նրա համար, որ մենք ինքներս հասկանանք դրանք. բառը և ցանկացած այլ շարժումները, ինչպիսիք են համբույրը և գգվանքները: Մնեք միայն խաղում ենք, յուրաքանչյուրը խաղում է իր դերը, մենք բոլորս կերպարներ ենք, դիմակներ, դերասաններ: Մեզնից ոչ ոք չի տառապում և չի ուրախանում այնպես, ինչպես ինքն է խոսում դրա մասին, չնայած հնարավոր է հավատում է դրան: Այլապես անհնարին կլիներ ապրել: Հոգու խորքում մենք չափազանց հանգիստ ենք, ինչպես որ հիմա ես եմ խաղում իմ կոմեդիան առաջին դեմքից, միևնույն ժամանակ ես դերասան և հանդիսատես եմ: Միայն ֆիզիկական ցավն է սպանում: Միակ ճշմարտությունը մարդու ֆիզիոլոգիան է, այստեղ չկան ոչ բառեր, ոչ սուտ:

*****
Այստեղ արի Օրփեոս,- տերը ասաց նրան: Որքան քիչ ժամանակ է մնացել քեզ՝ ինձ հետ ապրելու համար: Ի՞նչ կլինի քեզ հետ առանց ինձ, դու կսատկես, ես գիտեմ: Միայն շունն է ընդունակ մեռնել իր տիրոջ համար: Ես քեզ համար ավելին եմ քան պարզապես տերը Օրփեոս, ես քեզ համար աստված եմ եղել: Էուխենիան չի ցանկանում քեզ տանը պահել, նա վռնդում է քեզ: Դու, լինելով հավատարմության խորհրդանիշ, խանգարելու ես նրան: Ով գիտի… Միգուցե շունը կարողանում է բացահայտել մարդկանց ամենաթաքուն մտքերը, ովքեր ապրում են նրա հետ չնայած որ լռում է… Իսկ ես պետք է ամուսնանամ, դրանից բացի ես այլ ելք չունեմ, իսկ եթե ոչ, ապա երբեք չեմ արթնանա երազից: Պետք է արթնանալ: Ինչու՞ ես այդպես նայում ինձ Օրփեոս: Կարծես թե անարցունք արտասվում ես: Ի՞նչ- որ բան ես ուզում ինձ ասել: Ինչպես տեսնում եմ, դու տառապում ես քո համրության պատճառով: Իզուր ասացի, թե դու երազ չես տեսնում: Իհարկե Օրֆեյ, դու հիմա երազ ես տեսնում: Մի՞թե մարդիկ մարդ կլինեին, եթե չլինեին շները, կատուները, ձիերը, գայլերը, խոյերը և այլ կենդանիներ՝ հատկապես ընտանի կենդանիներ: Մի՞թե առանց ընտանի կենդանիների, որոնք իրենց վրա են վերցնում կյանքի ողջ ծանրությունը, մարդը կարո՞ղ էր մարդկության հասնել: Եթե մարդը չվարժեցներ ձիուն, մի՞թե մարդկային ցեղի կեսը նրանց հեծած ման կգար: Այո, քաղաքակրթությունն իր գոյությամբ ձեզ է պարտական, նաև կանանց: Բայց միգուցե կինը և՞ս տնային կենդանի է, և առանց կնոջ տղամարդը տղամարդ չէր լինի: Ա՜խ Օրփեոս, շուտով կգա կինը և քեզ կվռնդի:
Ավգուստոն Օրփեոսին սեղմեց կրծքին, թվում էր, թե իրականում շունը արտասվում էր՝ լիզելով նրա կզակը:

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Միգել դե Ունամունո ՄառախուղՄիգել դե Ունամունո 
(1864-1936թթ.)

Մառախուղը

(վեպ)
իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը

«Անտարես» հրատարակչություն
Երևան, 2013թ.

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *