Էռնեստ Հեմինգուեյ | Նամակ Սքոթ Ֆիցջերալդին

1925 թվականին՝ «Մեծն Գեթսբի»-ի տպագրությունից հետո, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը սկսեց գրել թվով չորրորդ վեպը՝ «Գիշերն անույշ է»։ Պատմություն Դիքի և Նիկոլի մասին, որոնց կերպաները հիմնված էին Ջերալդ և Սառա Մըրֆիի կերպարների վրա՝ հարուստ, հայտնի զույգ, որոնց 1920-ականներին բավականին հաճախ էր հանդիպում Սքոթը։ Վեպն ավարտին հասավ ինը տարի անց, իսկ 1934-ին՝ հրատարակումից մեկ ամիս անց, Ֆիցջերալը նամակով դիմեց ընկերոջը՝ Էռնեստ Հեմինգուեյին՝ իր վերջին վեպի մասին անկեղծ կարծիք խնդրելով։

 

 

Մոռացի՛ր անձնական ողբերգությունդ

Թանկագին Սքոթ,

Ես և՛ հավանեցի, և՛ չհավանեցի վեպը։ Սառայի և Ջերալդի նկարագրությունը սկզբում հիասքանչ էր (գրողը տանի, Դոսը վերցրեց գիրքն իր հետ, հետևաբար չեմ կարող մեջբերումներ անել, և եթե ինչ-որ սխալ անեմ ․․․)։ Իսկ հետո դու սկսեցիր խաղալ այդ երկուսի հետ՝ վերագրելով նրանց նախկինում իրենց հետ առնչություն չունեցող բաներ, վերափոխելով նրանց բնավորությունները, ինչը դու իրավունք չունեիր անել, Սքո՛թ:

Եթե վերցնում ու գրում ես իրական մարդկանց մասին, ապա չես կարող նրանց մտացածին ծնողներ վերագրել (նրանք հենց իրենց ծնողների ստեղծածն են և կետրված են իրենց հետ երբևէ կատարվածից), չես կարող նրանց ստիպել անել այնպիսի բաներ, որոնք չէին անի։ Կարող ես վերցնել քեզ կամ ինձ, կամ Զելդային, կամ Պաուլինին, կամ Հադլիին կամ Սառային կամ էլ Ջերալդին, սակայն պարտավոր ես պահպանել մարդկանց ինքնությունը. միակ բանը, որ դու կարող ես անել, նրանց ապագա գործողությունները ենթադրելն է: Դու որևէ մեկին ուրիշ դարձնելու իրավունք չունես: Մոգոնած բաներն ամենալավն են, բայց չես կարող մոգոնել մի բան, որը անցյալում տեղի չի ունեցել։

Ահա թե ինչ պիտի անենք, երբ մեր բարձրակետում ենք․ հորինե՜լ, բայց հորինել այնքան ճշմարտանման, որ ապագայի կանխատեսում դառնա:

Գրողը տանի, դու պատասխանատվություն ես ստանձնել մարդկանց անցյալն ու ապագան որոշելու, ինչի արդյունքում ոչ թե կերպարներ են ստեղծվել, այլ զարմանալիորեն կեղծ պատմություններով դեպքեր։ Դո՛ւ, որ կարող ես ցանկացածից ավելի լավ գրել, որ ոտքով-գլխով կորած ես տաղանդի մեջ, դու պարտավոր ես․ է՜հ, գրողը տանի։ Սքո՛թ, ի սեր Աստծո, գրի՛ր ու գրիր ամենայն անկեղծությամբ՝ չնայելով, թե ում կամ ինչին ես ցավ պատճառում, բայց ոչ մի դեպքում նման հիմար կոմպրոմիսների մի՛ գնա։ Դու կարող էիր մի աննման գիրք գրել Սառայի ու Ջերալդի մասին, եթե այդքան լավ չճանաչեիր նրանց, իսկ նրանց միջև էլ իր հերթին միայն մի թեթև, անցողիկ զգացմունք լիներ։ Եթե միա՜յն դա ճիշտ լիներ։

Գրքում նմանը չունեցող հատվածներ կային, և տղաներից ուրիշ ոչ ոք այդ դրվագները քո գրածի գոնե կեսի չափ լավ չէր կարող գրել, սակայն մնացած մասերում չափից շատ ես ստել։ Մինչդեռ դրա կարիքը չկար։

Նախ և առաջ, ինչպես որ նախկինում էլ եմ փաստել, դու չես կարողանում մտածել։ Դե՜ լավ, ընդունենք, թե կարողանում ես։ Բայց խոստովանիր, որ չես կարողանում մտածել այն պահին, երբ պիտի գրես, մոգոնես բաներ, որոնց մասին արդեն իսկ տեղյակ ես և իրավունք չունես շեղվել մարդկանց իրական պատմություններից։ Երկրորդը, դու արդեն վաղուց է՝ միայն հարցերիդ պատասխաններն ես լսում։ Լավ հատվածներ կային, որոնց մասին չնայած կարող էիր չխոսել։ Ահա թե ինչն է գրողին չոր ու ցամաք դարձնում (սա անձամբ քեզ չէ ուղղված, բոլորս ենք չոր ու ցամաք)․ չլսելը։ Ամեն ինչ հենց այդտեղից է սկսվում։ Տեսնելուց, լսելուց։ Դու լավ ես տեսնում։ Սակայն դադարում ես լսել։

Իհարկե, ամեն ինչ ավելի լավ է, քան ասում եմ։ Բայց այնքան լավ չէ, որքան լավ կարողանում ես գրել։

Կարող ես Կլաուզևիցին ուսումնասիրել տնտեսագիտության և հոգեբանության ոլորտում, բայց ի՞նչ օգուտ, եթե գրելիս պետք չի գալու։ Մենք ասես անիծյալ քոսոտ ակրոբատներ լինենք, մի քանի չտեսնված ցատկեր ենք անում՝ բո՜, բայց կան նաև շատուշատ ուրիշ ակրոբատներ, որոնք ուղղակի չեն ցատկելու։

Ի սեր Քրիստոսի՜՝ գրի՛ր ու մի՛ մտածիր, թե ինչ կասեն տղաները, արդյո՞ք դա գլուխգործոց կլինի, թե՝ ո՛չ։ Ես իննսունմեկ էջանոց ողորմելի տեքստում մի էջ գլուխգործոց եմ գրում։ Փորձում եմ էդ կեղտը դուրս թափել։ Դու կարծում ես, թե պարտավոր ես փչոցներ հրապարակես ծերը ծերին հասցնելու, մեկ էլ՝ մնացածին ապրելու հույս տալու համար։ Բոլորն են գրում, բայց եթե դու գրես բավականին շատ ու ըստ կարելվույն, ապա աշխարհիս երեսին գլուխգործոցների մի լավ քանակություն կհավաքվի (ինչպես ժամանակին նշեցինք Յեյլում)։ Դու չես կարող գլուխ ջարդել, նստել ու ամենից անկախ, հրաշալիորեն մտածված մի գլուխգործոց գրել։ Եվ եթե միա՜յն կարողանայիր ազատվել Սելդեսից ու մնացած տղաներից, որոնք կործանման եզրին ես հասցրել քեզ, և այնպես վռնդել նրանց, ինչպես կարողանում ես՝ թողնելով հանդիստեսին ճչալ, երբ լավն է, և հոգոց հանել, երբ այդպես չէ։ Ահա այդ ժամանակ էլ հետդ ամեն ինչ կարգին կլիներ։

Մոռացի՛ր անձնական ողբերգությունդ։ Բոլորս էլ դեռ ամենասկզբից ենք շարքից դուրս եկած, և հատկապես՝ դո՛ւ։ Նախքան լրջորեն գրելուն անցնելը դու պիտի մի ուժգին ցավ զգաս։ Բայց երբ զգաս այդ գրողի տարած անտանելի ցավը, բաց մի՛ թող, մի՛ թող, որ քեզ մոլորեցնի։ Գիտնականի պես հավատարիմ եղիր ցավիդ, սակայն մի՛ մտածիր, թե դա կարևոր է, որովհետև քոնն է կամ հարազատինդ։

Երևի թե հիմա կդադարեի մեղադրել քեզ, եթե մի լավ հասցնեիր դեմքիս։ Հիսո՜ւս Քրիստոս, ա՜յ թե աննկարագելի բան է մարդկանց խորհուրդներ տալը, թե ինչպես գրեն, ապրեն, մեռնեն, և այլն։

Կուզեի հանդիպել քեզ և ավելի սթափ խոսել։ Դու այնքան հոտեցիր էդ Նյու Յորքում, որ մենք ոչ մի բանի էլ չհասանք։ Տեսնո՞ւմ ես, Բո, հեչ էլ տրագիկ կերպար չես։ Ոչ էլ՝ ես։ Մենք պարզապես գրողներ ենք, և մեր միակ անելիքը գրելն է։ Աշխարհիս երեսին գոյություն ունեցող մարդկանցից ամենաշատը քեզ էր կարգուկանոն պետք աշխատանքում, բայց փոխարենը դու ամուսնանում ես մեկի հետ, որը խանդում է քեզ քո աշխատանքի մեջ, ուզում է մրցակցել հետդ ու ․․․․ խորտակում է քեզ։ Դա հեշտ չէ պատկերացնել։ Առաջին հանդիպման ժամանակ կարծում էի, թե Զելդան խելագար է, դե դու էլ ամեն ինչ բարդացրիր նրան սիրահարվելով։ Ա՜յ թե տարօրինակի մեկն ես։ Իհարկե Ջոյսից տարօրինակ չլինես, բայց դե լավ գրողների մեծ մասը արտավորեր են։ Ականջիդ օղ արա՛, Սքո՜թ, լավ գրողները միշտ էլ վերադառնում են։ Մի՛շտ։ Դու երկու անգամ ավելի լավն ես հիմա, քան այն ժամանակ, երբ մտածում էիր, որ փառահեղ ես։ Գիտես, որ Գեթսբիի հանդեպ այսքան քննադատ չէի։ Դու հիմա կարող ես կրկնակի անգամ ավելի լավ գրել, քան երբևէ։ Միակ պայմանը անկեղծությունն ու վեպի ճակատագրով չանհանգստանալն է։

Ուրեմն շարժվի՛ր տեղիցդ ու գրի՛ր։

Բլոոր դեպքերում, քեզ շատ եմ սիրում ու կուզենայի երբեմն-երբեմն հետդ խոսելու հնարավորություն ունենալ։ Մենք լավ զրուցում էինք ժամանակին։ Հիշո՞ւմ ես Նեյիլլիում մեռնող էն տղային։ Ձմռանն էս կողմերում էր։ Այ թե՜ հաճելի տղա է այդ Քենբի Չամբերսը։ Դոսի հետ հաճախ էր տեսնվում։ Հիմա առողջականը լավ է, չնայած անցյալ տարի էս օրերին տեղը տեղին հիվանդ էր։ Ինչպե՞ս են Սքոթթին ու Զելդան։ Պաուլինը ջերմորեն ողջունում է։ Մենք լավ ենք։ Նա Պատրիկի հետ Պիգոտտ է գնալու մի երկու շաբաթով։ Հետո Բեմբիին պիտի բերեն։ Մենք մի լավ նավակ ունենք։ Ես էլ մի կարգին երկար պատմություն եմ սկսել։ Դժվար է առաջ գնում։

Հավերժ քո ընկեր,
Էռնեստ

 

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *