Զոյա Փիրզադ | Նապաստակի ու լոլիկի հեքիաթը

Ամեն օր ինքս ինձ համոզում եմ. «Այսօր մի պատմություն եմ գրելու»: Բայց երեկոյան՝ ընթրիքի ամանները լվանալուց հետո, հորանջում եմ ու ասում. «Վաղը…, վաղն անպայման կգրեմ»:
Ընթրիքի ափսեները լվացել եմ: Խոհանոցը մաքրում եմ ու գնում, հեռուստացույցի դիմաց նստում: Ինքս ինձ ասում եմ. «Պատմվածքը, որ մտքումս է, մի քանի նախադասությամբ մի թղթի վրա կգրեմ ու կկպցնեմ լվացարանի հայելուն, որպեսզի վաղը լվացվելիս հիշեմ, որ պատմություն եմ ուզում գրել: Վաղը՝ ճաշը եփելուց հետո, նախքան երեխաներս կվերադառնան դպրոցից, իսկ ամուսինս՝ գրասենյակից, ես ժամանակ կունենամ»:
Վաղվա ճաշի համար լոլիկով փլավ կեփեմ, որ ժամանակատար չլինի: Երեխաները կարմրացրած լոլիկ սիրում են, իսկ ամուսինս… պատկերացնում եմ նրա դեմքը: Գլուխը կկախի, ճաշը կուտի և առանց խոսելու սեղանից վեր կկենա: Գիտեմ՝ լոլիկով փլավ չի սիրում, բայց քմահաճություն չի անի, չի փնթփնթա: Փոխարենը վաղը չէ մյուս օրը իր սիրած ճաշը կպատրաստեմ: Վաղը չէ մյուս օրը կգնամ, թարմ կանաչի կգնեմ, ղորմեսաբզի կպատրաստեմ: Վաղը չէ մյուս օրը, երբ գրելու բան չունենամ, կանաչի մաքրելու ժամանակ կունենամ և կանաչի ծախողի վրա կփնթփնթամ, քանի որ կանաչիները ցեխոտ են ու կեղտոտ: Հետո լվացարանը լիքը ջուր կլցնեմ ու կանաչին կթրջեմ: Մի անգամ կլվանամ ու ջուրը կթափեմ, երկու անգամ կլվանամ ու ջուրը կփոխեմ, երեք, չորս անգամ, նույնիսկ՝ յոթ, ութ…: Ակնոց կդնեմ, կանաչին լավ շուռումուռ կտամ, որ ցեխ մնացած չլինի, ապա կմանրացնեմ: Այս անգամ ուշադիր կլինեմ՝ ձեռքս չկտրեմ: Կանաչի մաքրելիս միշտ ձեռքս կտրում եմ: Ամուսինս ծիծաղում է. «Տասնհինգ տարվա կին ես, բայց դեռ խամ ես»: Ես էլ եմ ծիծաղում: Գիտեմ՝ կատակ է անում:
Կանաչին մանր կկտրատեմ: Մայրս ասում է, որ ղորմեի կանաչին պետք է լավ մանր լինի: Եվ ինքն էլ կանաչի կտրելու վարպետ է: Արագ-արագ կտրտում է և երբեք ձեռքը չի վնասում: Կանաչի կարմրացնելն էլ իր գաղտնիքն ունի: Տասնհինգ տարի անց գոնե սա սովորել եմ: Կանաչին պետք է մարմանդ կրակի վրա անընդհատ շուռումուռ տաս, որ չվառվի և լավ տապակվի: Հիշեմ՝ լոբին էլ նախօրոք թրջեմ, որ շուտ եփվի: Վերջին անգամ, երբ ղորմեսաբզի եփեցի, մոռացա լոբին նախօրոք թրջել: Միսը եփվեց, քրքրվեց, իսկ լոբին՝ ոչ: Ամուսինս ոչինչ չասաց, բայց երբ սեղանը հավաքում էի, տեսա՝ լոբիները հավաքել է ափսեի մի կողմում: Այդ երեկո աղջիկս ասաց. «Փորս ցավում է»: Ամուսինս թերթն իջեցրեց և վրաս հայացք գցեց: Ապա ժպտաց ու հայացքով խոհանոցը ցույց տվեց: Ամուսինս շատ ամուսինների նման չգիտի, որ տասներեք տարեկան երեխաների փորը շատ հաճախ է ցավում:
Վաղվա լոլիկով փլավը ժամանակս չի խլի, և պատմվածքս կգրեմ: Պատմվածքը, որ ուզում եմ գրել, երեխաների համար է. մի նապաստակի մասին է, որ ընկել է որսորդի փորած դարանը: Փոսը խորն է, և նապաստակը չի կարողանում այնտեղից դուրս գալ: Նապաստակի ընկերները նրան գտնում են, բայց չեն կարողանում փոսից դուրս բերել: Նրա համար ջուր ու ուտելիք են բերում, որ սովից չմեռնի, և երբեմն փոսի վերևից հետը խոսում են, որ չձանձրանա: Իսկ նապաստակը օրերով փոսում է մնում: Ուտելու բան ունի, տեղն էլ տաք ու հանգիստ է, բայց սիրտը դուրս գալ է ուզում: Փոսի միջից երկնքի մի կտոր է տեսնում, որ երբեմն կապույտ է ու լուսավոր, երբեմն էլ՝ մոխրագույն ու ամպոտ: Ցերեկները սավառնող թռչուններ է տեսնում, գիշերները՝ աստղեր:
Դեռ չգիտեմ՝ փոքրիկ նապաստակին ինչպես եմ խորը փոսից դուրս բերելու: Վաղը նրա համար մի բան կմտածեմ: Պետք է պատմվածքը մինչև այստեղ մի քանի տողով գրեմ, որ չմոռանամ: Հորանջում եմ: Գնամ քնեմ, որ վաղն առույգ լինեմ: Վաղը պիտի փոքրիկ նապաստակին խորը փոսից դուրս բերեմ:
Ծարավ եմ: Խոհանոց եմ գնում ու սառնարանի դուռը բացում, ջրի շիշը վերցնում: Աչքս ընկնում է մրգամանին: Ընդամենը երկու լոլիկ կա, իսկ երկու լոլիկը վաղվա փլավի համար բավարար չէ: Վաղը պետք է լոլիկ գնեմ: Ջուր եմ խմում: Քունս տանում է: Բաժակը տեղն եմ դնում, լույսը հանգցնում և խոհանոցից դուրս գնում: Ուզում էի որոշ նշումներ անել, բայց ի՞նչ: Ծախսերի տետրի միջից մի էջ եմ պոկում, վրան գրում՝ լոլիկ: Թուղթը պետք է լվացարանի հայելուն կպցնեմ, որ վաղը հիշեմ, որ…

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *