Հասմիկ Հակոբյան | Նորերը. բանաստեղծության ապագան

Լուսանկարը՝ ԼԻլիան Գալստյանի

Անկախության շրջանի պոեզիայի նախընթաց վերլուծությունները ցույց են տալիս, որ անկախության տարիներին պոեզիայի զարգացման հիմնական պատաս­խանատվությունը այս կամ այն չափով իրենց ուսերին են վերցրել ավելի վաղ կայացման հասած բանաստեղծները, որոնց բանաստեղծական խոսքը արդեն իսկ որոշակի գեղագիտական ու համակարգային կազմավորում էր անցել: Հետաքրքիր է, որ բուն անկախության տարիներին՝ մինչ 2000 ական թվականներ, նոր անուններ, որոնք ունակ էին բանաստեղծական նոր աշխարհ ստեղծել, համարյա չեն հանդիպում: Երևի թե միակ բացառությունը Հուսիկ Արայի պոեզիան է:

Կարելի է ասել, որ դարասկիզբը բեկումնային եղավ այս առումով: Գրական դաշտի աշխուժացման, գրական մամուլի (մասնավորապես՝ «Գրական թերթի») պարբերականության վերականգման շնորհիվ, ի հայտ եկան նոր բանաստեղծական անուններ, նոր բանաստեղծական ժողովածուներ[1]: Բանաստեղծների այս սերունդը գեղագիտական իրողությունների վերարտադրման հարթությունում (ազատ բանաստեղծական տող, հեգնանք, խաղ, ֆարս) շարունակում է ժառանգորդային ընթացքը: Սակայն գաղափարական աշխարհակառուցման մոդելի ընտրության հարցում երևանվում են սկզբունքորեն նոր իրողություններ: Բոլորովին ուրիշ սերունդ, որն աշխարհընկալման, ժամանակազգացողության բոլորովին այլ դիտանկյուն ու տպավորություններ է հաստատագրում: Եվ նույնիսկ այն պարագայում, երբ նույնն է ժամանակը, այնուհանդերձ, իրականության գնահատման չափանիշները տարբեր հարթություններից են կատարվում: Անկախության այս նոր սերնդի աշխարհընկալման մեջ էական դերակատարություն ունի՝ հեղափոխությունից ու պատերազմից հեռու, հարաբերական կայուն ժամանակների մեջ ապրելու փաստը: Չունենալով պատմական ժամանակի կտրուկ մարտահրավերներ, ակնհայտ թիրախներ, պայքարն այստեղ տեղափոխվում է առավել մասնավոր, տարաբնույթ թիրախներով ներքին պայքարի դաշտ (ազատության, տաբուների հաղթահարման, քաղաքացիական տարաբնույթ պայքարների և այլն): Մեծ հաշվով, կարելի է ասել, որ անկախության այս սերունդը, հեղափոխություններ իրականացնող սերունդ չէ: «Հեղափոխությունը շարունակվո՞ւմ է»,- հենց այս հարցադրմամբ ու կասկածով է երիտասարդական գրականության վերաբերյալ իր վերլուծությունը սկսում գրականագետ Սուրեն Աբրահամյանը և հանգում այն եզրակացությանը, որ «Երիտասարդների շքերթն, իհարկե, պառնասական չէ, թեև, չէի ասի, թե հեղափոխական է: Ավելի ճիշտ` չիրականացած հեղափոխություն է (ասել է` «պսևդո-հեղափոխություն է»)»[2]:

         Թիրախ չկա

         ես ձգում

         և բաց եմ թողնում լարը

         առանց նետի…[3]

Գևորգ Թումանյանի պոետական այս ձևակերպումը, կարելի է ասել, ընդհանրական է այս սերնդի համար՝ անկախ ընթացիկ տարբեր մեծ ու փոքր դիրքավորումներից, որոնք երբեմն-երբեմն հանդիպում են:

Փաստացի նոր բանաստեղծության ընթացքը տարուբերվում է անթիրախ իրողությունների միջակայքում: Կամ, եթե փորձենք այլ կերպ մոտենալ հարցին՝ թիրախն ինքը կյանքն է, կյանքի տևումը և այդ ընթացքում ստեղծված տեքստը: Այդ առումով՝ Կարեն Անտաշյանը նկատում է. «Բանաստեղծի հաղթահարման նյութը՝ լեզուն է, որն անընդհատ կարծրանում ու փոքրանում է հագովդ՝ ինչպես մաշկն օձի կամ պատյանը՝ կակղամորթների: Կենդանի մնալու և քո վրա աճելու համար ստիպված ես ժամանակ առ ժամանակ փոխել մաշկդ, այսինքն փոխել լեզվամտածողությունդ՝ վերաիմաստավորելով և վերաձայնագրելով այն՝ ստանալով նոր տեքստ: Ես նույնիսկ կարծում եմ, որ ավելի լուրջ խնդիր պոեզիան չունի ընդհանրապես, քան խոսքի վերաձևակերպումը կենդանի լեզվով»[4]: Իհարկե, դա չի խանգարում, որ նույն Անտաշյանը իր ասած վերաձևակերպումներից զատ մղվի նաև պոետական լուրջ նյութի կառուցմանը (մասնավորապես հետաքրքիր են ջրի միջոցով նախասկզբին հասնելու և ներքին նոր տարածություն բացահայտելու, այդ տարածությունը սիրով ու ընտանիքով «բնավորելու» նրա փորձերը):

         Ես Քո նշաններին հետևելով գնացի

         ու գտա Պորտ լեռան կաթնաղբյուրը,

         խմեցի իմ տարողության չափ Քո խորքը՝

         ստինք-երկրի ծուծքով օծուն,

         ու ծիլս բար եկավ[5]:

Նման մասնավոր կառուցումներ, որոնք թիրախներ են մատնում, առկա են մյուս բանաստեղծների գործերում ևս (Աշոտ Գաբրիելյանի՝ պատմության ընթացքի մեջ սերնդային շարունակականություն ապահովելու ձգտումը, Վահե Արսենի՝ սոցիալական տարերային իրականության մեջ մարդկային մենության արժևորելը, Անահիտ Հայրապետյանի «տեղային» պատերազմները գրեթե ամեն ինչի դեմ, Տաթև Չախչախյանի, Մանե Գրիգորյանի ՝ տաբուներ հաղթահարելու փորձերը, Հայգի՝ տեքստի միտվածությունը դեպի քաղաքացիական դիրքորոշում ու պայքար և այլն), այնուամենայնիվ, առանցքային նպատակակետի բացակայությունը ակնհայտ է, ըստ էության՝ տեքստը ծնվում է հանուն ծնվելու հաճույքի: Դա առավել ակնհայտ է Աննա Դավթյանի բանաստեղծություններում, որտեղ տեքստը ինքը կյանքի տևումն է, և էականը դառնում է այդ տևումի գնահատումը, որն անցնում է «դարդեր պատմելով», ճաշ եփելով, սուրճ խմելով, «արդի հայ և ընդհանրապես պոեզիայի» հարցերը քննարկելու ընթացքով: Սկիզբն ու վերջը նույն արժեքն ունեն կամ նույնիսկ կարելի է ասել՝ անկարևոր են.

          Ինձ մենակ քո չմնալն էր պակաս…

         …Ինձ մենակ քո մնալն էր պակաս…[6]

Մյուս կողմից՝ բանաստեղծության հերոսը չափազանց ներամփոփ է, քաղաքի մեջ ստվերի պես շրջող, ինքն իր մեջ ամփոփված. ու թեպետ բանաստեղծությունը կարող է դուրս գալ, շրջել փողոցներով, հասարակական երևույթներ դիտարկել, սակայն էականն այստեղ դառնում է պատերի ներսում թաքստոց փնտրելու փաստը.

         Թաքնվելն անհնար է

Samsung-ի հրավառ գովազդից,

հատկապես՝ երբ ձյունն է իջնում,

իսկ դու մենակ ես,

ներսում…[7]

Նույն վախի, ներփակվածության երևույթը Անահիտ Հայրապետյանի «Առանց վախերի ձմեռ» բանաստեղծության մեջ է երևում:

         մի օր երբ դուրսը մնալուց չեմ վախենա

         օտար լինելուց չեմ վախենա

         երբ ընդհանրապես մեջս վախեր չեն լինի

         բայց նյարդերս կտրտած չեն լինի

         ու ես ցավից էլ չեմ վախենա

         մի օր դու կունենաս ինձ երևի մի օր կտրվեմ վերջապես…[8]

Եթե 90-ականների պոեզիայում սիրերգության գրեթե բացակայությունը բացատրելի էր հասարակական-քաղաքական, սոցիալական, բարոյահոգեբանական մթնոլորտի նախադրյալներով, ապա անկախության սերնդի պոեզիայի պարագայում նույն երևույթը, առաջին հայացքից, կարող է տարակուսելի թվալ: Անգամ այլ գործոններ բացառելու դեպքում այդ բանաստեղծների տարիքը կարծես թե սիրերգություն ստեղծելու լավագույն նախադրյալը պետք է լինի: Սակայն մենության, տագնապների, ներամփոփվածության, իրենից դուրս ուրիշին չզգալու ընդհանուր մտայնությունը իր կնիքն է թողել նաև թեմատիկ այս մասնավորության վրա: Մյուս կողմից՝ սա դիտարկելի է նաև պոեզիայի՝ նոր ժամանակներում նոր բանաստեղծների ընկալած առաքելության պարագծում, ինչպես նաև մատնում է այն խնդիրները, որ առկա են գրական ընթացքի ներքին զարգացումներում: «…պոեզիան,- այս առումով նկատում է Սուրեն Աբրահամյանը,- կորցնելով իր սակրալ ֆունկցիան, հակասում է պատրիարքալ ընտանիքի շահերին, սպառնում է զգացական և ֆինանսական գերածախս տալու, ուստի պրագմատիկ, ռացիոնալ, խնայողական այս աշխարհում անհնար է կամ ավելորդ ճոխություն է սիրահարությունը, պոեզիան: Սիրո ճգնաժամը և պոեզիայի ճգնաժամը համընկնում են…»[9]:

Իդեալի կորսուտը, Աստծուն չգտնելու, չտեսնելու հնարավորությունը լրիվ մենության են դատապարտում մարդուն, մղում նրան ինքնամփոփության: Նոր սերնդի բանաստեղծության գերխնդիրը, թերևս, այդ մենության հաղթահարումն է:

[1] Մեկը մյուսի հետևից հրատարակվեցին Արփի Ոսկանյանի «Ծիկ»(2001), Նարինե Ավետյանի «Փնթի տողեր»(2001), Վահե Արսենի «Թռչող հեծանիվ»(2003), «Կանաչ աստվածների վերադարձը»(2007), Կարեն Անտաշյանի «Վերջից հետո, սկզբից առաջ»(2004), «Անտաշատ»(2009), «Ծիլի-ծով»(2014), Արմինե Ալեքսանյանի «Սովորական խամաճիկ»(2003), Գևորգ Թումանյանի «Անընդհատ անառակ որդի»(), «Ճախրող սարդ»(), Հասմիկ Սիմոնյանի «Լուսնոտ բառեր»(2005), «Թափթփված սենյակներ» (2010), Անահիտ Հայրապետյանի «Բանաստեղծություններ» (2002), «Թաբու» (2005), Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ»(2005), Թոնդրակի «Երկրորդ նավար­կություն»(2010) և բազմաթիվ այլ ժողովածուներ:

[2] Սուրեն Աբրահամյան, Հեղափոխությունը շարունակվո՞ւմ է…, «Գրեթերթ», 2011, թիվ3:

[3] Գևորգ Թումանյան, Ճախրող սարդ, Երևան, 2008, էջ 32:

[4] Տե՛ս http://www.aravot.am/2014/02/11/430354/.

[5] Կարեն Անտաշյան, Ծիլի ծով, 2013, էջ 20:

[6] Անթոլոգիա 18-33, Երևան, 2013, էջ 153:

[7] Վահե Արսեն, Կանաչ աստվածների վերադարձը, Երևան, 2007, էջ 66:

[8] Անահիտ Հայրապետյան, Գրանիշ, 2013, թիվ 3, էջ 59:

[9] Սուրեն Աբրահամյան, «Գրեթերթ», 2011, թիվ3:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *