Տունը բարձր էր, անհավատալիորեն ուղղաձիգ կղմինդրյա տանիքով։ Ափամերձ փողոցով դեպի այդ տունը քայլելիս Ջերալդ Նեթլին մտածում էր, որ այն համարյա մի ամբողջ երկիր էր, աշխարհագրական մանրանկար։ Հիմնական շինության և դրա անսովոր կերպով կորացած կցաշենքերի վրայի տանիքը բարձրանում և իջնում էր տարբեր անկյուններում։ Այրու ծառուղին շրջապատում էր սնկանման գմբեթը, որը դեպի ծովն էր նայում։ Դեպի ավազաթմբերն ու սեպտեմբերյան փայլատ թփուտն ուղղված պատշգամբն ավելի երկար ու փակ էր քան Փուլմանի վագոնը։ Տանիքի շեշտակի թեքությունը մռայլ, գրեթե սպառնալից տեսք էր հաղորդում տանը․ ասես կախված լիներ նրա վրա՝ հոնքերը կիտած։ Այն նման էր բապտիստ նահապետի։
Նա մոտեցավ սանդղամուտքին, մի փոքր վարանելուց հետո բացեց ճռռան, ցանցավոր դռնակը՝ մոտենալով մյուսին, որի վերնամասում կիսակլոր լուսամուտ կար։ Նրան հետևում էին միայն հյուսված բազկաթոռը, ժանգոտած ճոճանակն ու գործվածքների վաղուց մոռացված զամբյուղը։ Վերին մութ անկյուններում սարդերը մետաքսե բարակ թելեր էին հյուսել։ Թակեց դուռը։
Պատասխան չկար, միայն լռություն, մարդաբնակ լռություն։ Պատրաստվում էր նորից թակել, երբ ներսում աթոռը սկսեց բարձր խռխռալ։ Հոգնած ձայն էր։ Լռություն։ Այնուհետև միջանցքով շարժվող ծեր, տարիների ընթացքում գերհոգնած ոտքերի դանդաղ, սարսափելի համբերատար քստքստոց։ Ձեռնափայտի ռիթմիկ թակոցը․․․ թը՜խկ․․․ թը՜խկ․․․ թը՜խկ․․․
Հատակի տախտակները սկսեցին ճռճռալ և վնգվնգալ։ Աղոտ, հսկայական ստվեր տարածվեց կիսակլոր լուսամուտի փայլատ ապակու վրա։ Երկար, տանջալից երկար էր զնգում և չխկում մետաղը․ մատները փորձում էին զգուշորեն լուծել շղթաների, փականների և սողնակների հանելուկը։ Դուռը լայն բացվեց։
-Ողջո՜ւյն, – կտրուկ և ռնգախոս ձայնով ասաց կինը, – Դուք պարոն Նեյթլին եք։ Դուք եք վարձել առանձնատունը։ Իմ ամուսնու առանձնատունը։
-Այո՛, – ասաց Ջերալդը՝ զգալով, թե ինչպես է լեզուն հպվում կոկորդին, – իրավացի եք։ Իսկ Դուք․․․
-Տիկին Լեյթոն, – ընդհատեց ռնգախոս ձայնը՝ գոհ կա՛մ իր արագությամբ, կա՛մ անունով, թեև ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ուշագրավ չէին։ – Ես տիկին Լեյթոնն եմ։
* * *
Աստված իմ այս կինը չափազանց մեծ և ծեր է ասես Տեր Հիսուս չթե զգեստ լիներ հավանաբար երկու մետր հասակ ունի և Աստված վկա այնքան գեր է ասես խոզ լինի չեմ կարողանում հանդուրժել նրա ճերմակ մազերի հոտը նրա ոտքերն ասես սեքվոյաներ լինեն ինչպես այն ֆիլմում տանկի նման է տանկի նման կարող է սպանել ինձ իսկ ձայնը ցանկացած տեսակի համատեքստից դուրս կազուի է Տեր Հիսուս իսկ եթե հանկարծ ծիծաղեմ չի կարելի ծիծաղել հավանաբար մոտավորապես յոթանասուն տարեկան է և ինչպես է քայլում ձեռնափայտ էլ ունի ձեռքերն ավելի մեծ են քան իմը ոտքերն ասես գրողի տարած տանկեր լինեն կարելի է կարծել թե նա կաղնի է կաղնի Աստծու սիրուն։
* * *
-Դուք գրող եք, – ասաց նա։ Ներս չհրավիրեց։
-Այնպես չէ, որ մեծ մասշտաբի, – ասաց Ջերալդը և սկսեց ծիծաղել, որպեսզի թաքցներ հանկարծակի վրա հասած զզվանքն այդ փոխաբերության հանդեպ։
-Ինչ-որ բան ցույց կտա՞ք, երբ տեղավորվեք, – հարցրեց նա։ Նրա աչքերը մշտապես լուսատու և մտածկոտ էին թվում։ Տարիքը չէր դիպել դրանց, ինչպես որ մոլեգնում էր մնացած ամբողջ մարմնում։
* * *
սպասեք պետք է գրի առնել
* * *
պատկեր․ «ծերությունը մոլեգնում էր նրա մեջ բուռն փարթամությամբ, վայրի խոզի էր նման, որին բաց էին թողել այդ հսկայական տան մեջ, որպեսզի կեղտոտեր գորգը, պոզահարեր խոհանոցի ուելսական պահարանը և խփեր վայր գցեր բյուրեղապակյա գավաթներն ու գինու բաժակները, ոտքերով այնպես տրորեր գինեգույն բազմոցները, որպեսզի դուրս պրծնեին բոլոր զսպանակներն ու խծկոնքը, բարբարոսական կճղակների հետքերով և մեզի՝ այս ու այն կողմ թռչող փոքրիկ լճակներով ծածկեր մեծ սրահի հատակի հայելանման փայլուն հարթությունը»
լա՛վ, Նա այստեղ է, սա պատմվածք է, զգում եմ դա։
* * *
մարմինը, որը մե՛րթ կախ էր ընկնում, մե՛րթ բարձրանում
-Եթե ցանկանում եք, անպայման, – պատասխանեց Ջերալդը։ – Ափամերձ մայրուղուց չերևաց առանձնատունը, տիկի՛ն Լեյթոն։ Չէի՞ք ասի, թե որտեղ է․․․
-Մեքենայո՞վ եք եկել։
-Այո՛։ Այն այնտեղ եմ թողել, – ցույց տվեց ավազաբլուրներից այն կողմ՝ դեպի մայրուղին։
Տարօրինակ, միակողմանի ժպիտ նշմարվեց նրա շրթունքներին։
-Դրա համար էլ չեք տեսել։ Մայրուղու կողմից թեթևակի է երևում, եթե ոտքով չես գալիս, չես նկատի։ – Դեպի արևմուտք ցույց տվեց՝ փոքր ինչ հեռանալով ավազբլուրներից և տանից։ – Այնտե՛ղ, հենց այն փոքրիկ բլրի հետևում է։
-Լա՛վ, – ասաց նա և նույն տեղում կանգնած մնաց՝ ուղղակի ժպտալով։ Իսկապես գաղափար չուներ, թե ինչպես ավարտին հասցներ այդ զրույցը։
-Չե՞ք ցանկանա ներս մտնել՝ սուրճ կամ կոկա-կոլա խմելու։
-Իհա՛րկե, – միանգամից պատասխանեց նա։
Կինը փոքր ինչ շփոթված էր նրա վայրկենական համաձայնության պատճառով։ Ի վերջո նրա ամուսնու ընկերն էր, այլ ոչ թե իրենը։ Ջերալդի վերևում կախվել էր լուսնի նման մի դեմք՝ անտարբեր և անվճռական։ Այնուհետև ուղեկցեց նրան դեպի հին տուն, որը սպասում էր նրանց։
Տիկինը թեյ էր խմում։ Ջերալդը՝ կոկա-կոլա, թվում էր, թե միլիոնավոր աչքեր հետևում էին նրան։ Ավազակ էր զգում իրեն, ով գաղտագողի մոտենում էր կողմնակի աչքերից թաքցված գեղարվեստական արձակագրությանը․ պատմվածք, որը կարող էր գրվել Նրա մասին՝ զինված լինելով միայն երիտասարդության հմայքով և ինչ-որ հոգեկան լապտերով։
* * *
Իմ անունը, իհարկե, Սթիվեն Քինգ է, և դուք կներեք ինձ այն բանի համար, որ ներխուժում եմ ձեր մտքերի մեջ, հուսով եմ՝ կներեք։ Կարող էի ապացուցել, որ ընթերցողի և հեղինակի միջև առկա պայմանական վարագույրը պատռելը թույլատրելի է, քանի որ ես գրող եմ․ այսինքն՝ եթե սա իմ պատմվածքն է, ես անում եմ այն ամենը, ինչ խելքիս փչի, բայց դա իսկապես ամբողջովին անտեսում է ընթերցողի պահանջները, և հենց այդ պատճառով էլ անընդունելի է։ Համար Առաջին կանոնը բոլոր գրողների համար ասում է, որ պատմողն անգամ մի գրոշ չարժե ընթերցողի համեմատ։ Այնպես որ եկեք մի կողմ դնենք այս հարցը, եթե թույլ կտաք։ Ես միջամտում եմ հենց այն նույն պատճառով, ինչ Հռոմի պապը կղկղում է․ երկուսս էլ ստիպված ենք։
Դուք պետք է իմանաք, որ Ջերալդ Նեյթլին այդպես էլ դատի չենթարկվեց, նրա հանցանքն այդպես էլ չբացայտվեց։ Միևնույն է հատուցեց։ Չորս խճճված, փառահեղ, սխալ հասկացված վեպեր գրելուց հետո Կոուլունից գնված փղոսկրե գիլիոտինով գլխատեց ինքն իրեն։
Առաջին անգամ հորինել եմ նրան ութժամյա ձանձրալի դասախոսության ընթացքում, որը կարդում էր Քերոլ Ֆ. Թերելը՝ Մեն համալսարանի անգլերենի ֆակուլտետից։ Դոկտոր Թերելը պատմում էր Էդգար Ալլան Պոյի մասին, և ես մտածեցի․
«փղոսկրե գիլիոտին Կոուլուն
խոզի նման, ստվերներից բաղկացած կորացած կին
ինչ-որ մեծ տուն»։
Օդի կապույտ ճնշակը դեռ չէր հայտնվել։ Ծայրահեղ կարևոր է, որ ընթերցողը տեղյակ լինի այս փաստերին։
* * *
Բայց և այնպես ցույց տվեց նրան որոշ գործեր։ Ոչ թե ամենակարևորը (պատմվածքը, որ գրում էր նրա մասին), այլ բանաստեղծություններից հատվածներ, վեպի կռնակը, որը ինչ-որ տեղ լռված մնացած շրապնելի նման արդեն մի ամբողջ տարի ցավեցնում էր նրա ուղեղը, չորս էսսե։ Տիկին Լեյթոնը խորաթափանց քննադատ էր և պաշտում էր սև ֆլոմաստերով դիտարկումներ գրել լուսանցքներում։ Քանի որ տիկին Լեյթոնը ժամանակ առ ժամանակ մտնում էր նրա առանձնատուն, երբ ինքը մեկնում էր գյուղ, պատմվածքը պահում էր հետնաբակի ցախանոցում։
Սեպտեմբերին եկավ փոխարինելու զով հոկտեմբերը, և պատմվածքն ավարտին էր հասցված, փոստով ուղարկված էր ընկերոջը, հետ էր վերադարձված որոշ առաջարկներով (ընդ որում՝ անհաջող), նորից էր գրված։ Նա զգում էր, որ այն լավն էր, բայց ոչ այնքան։ Ինչ-որ բան պակասում էր։ Կիզակետը մի փոքր աղոտ էր։ Մտածում էր տիկին Լեյթոնին դիմել՝ խորհրդի համար, հետո վանեց այդ միտքը, այնուհետև նորից վերադարձավ դրան։ Վերջիվերջո։ Պատմվածքը հենց տիկին Լեյթոնն էր․ ամենևին չէր կասկածում, որ վերջինս կկարողանար լրացնել վերջնական վեկտորը։
Ջերալդի վերաբերմունքը տիկին Լեյթոնի նկատմամբ աստիճանաբար անառողջ էր դառնում․ հիանում էր նրա կենդանական, հսկա մարմնով, կրիայի նման դանդաղ քայլվածքով, որով շրջում էր տան և առանձնատների միջև ընկած տարածքներում։
* * *
պատկեր․ «քայքայվող հսկայական ստվեր, որը տարուբերվում է ստվերազուրկ ավազի վրա, ձռմռված ձեռքերից մեկով սեղմում է ձեռնափայտը, ոտքերին խոշոր, պարուսինե կոշիկներ են, որոնք ոտնատակ են տալիս և տրորում են ավազի կոշտ հատիկները, դեմքն ասես մեծ սկուտեղ լինի, թմբլիկ բազուկներն ասես խմորից լինեն, կրծքերը դրումլինների են նման, նա կարծես ինքնին առանձին աշխարհ լինի, հյուսվածքների երկիր»։
* * *
նրա զիլ, ձանձրալի ձայնը․ բայց միևնույն ժամանակ ատում էր նրան, տանել չէր կարողանում նրա հպումները։ Էդգար Ալլան Պոյի «Մերկացնող մարդու սիրտը» պատմվածքի երիտասարդ հերոս էր զգում իրեն։ Զգում էր, որ կարող էր ամբողջ գիշեր կանգնել նրա ննջասենյակի դռան մոտ՝ լույսի ճառագայթն ուղղելով նրա քնած աչքի վրա՝ պատրաստ հարձակվելու և հանելու այն, հենց որ բացվեր։
Պատմվածքը նրան ցույց տալու ցանկությունը խենթացնում էր Ջերալդին։ Դեկտեմբերի առաջին օրը որոշեց անել դա։ Որոշման ընդունումը չմեղմացրեց նրա վիճակը, ինչպես սովորաբար լինում է վեպերում, սակայն հականեխիչ հաճույք պատճառեց։ Ամեն բան հենց այդպես էլ պետք է լիներ․ օմեգան, որ լիարժեք համապատասխանում էր նրա ալֆային։ Վրա էր հասել օմեգայի պահը․ դեկտեմբերի հինգին ազատելու էր առանձնատունը։ Այդ օրը նոր էր վերադարձել Պորտլենդի Սթոու տուրիստական ընկերությունից, որտեղ տոմս էր ամրագրել դեպի Հեռավոր Արևելք։ Գրեթե անսպասելի կերպով էր արել դա․ մեկնելու և ձեռագիրը տիկին Լեյթոնին ցույց տալու որոշումները միաժամանակ էր ընդունել, ասես ինչ-որ անտեսանելի ձեռք ուղղորդում էր նրան։
* * *
Նրան իսկապես մի անտեսանելի ձեռք էր ուղղորդում․ ի՛մ ձեռքը։
* * *
Երկինքը պատված էր ճեփ-ճերմակ ամպերով, թվում էր, թե ուր որ է ձյուն էր տեղալու։ Ավազաբլուրները կարծես արդեն կանխագուշակում էին ձմեռվա գալուստը, երբ Ջերալդը քայլում էր դրանց վրայով իր ցածրիկ, քարե առանձնատան և հերձաքարե տանիքով տան մոտով անցնելիս, որը նույնպես տիկին Լեյթոնի սեփականության մի մասն էր։ Մռայլ և մոխրագույն ծովը գանգրանում էր ափամերձ մանրաքարերի վրա։ Որորները լողում էին հանդարտ ալիքների վրայով, և ասես լողաններ լինեին։
Անցավ վերջին ավազաբլրի գագաթի վրայով և հասկացավ, որ նա այնտեղ էր․ նրա հեծանվային բռնակով ձեռնափայտը հենած էր դռանը։ Խաղալիքի նման փոքր ծխնելույզից ծուխ էր դուրս գալիս։
Ջերալդը բարձրացավ տախտակե աստիճաններով, ոտքերը թափահարելով՝ մաքրեց երկարաճիտ կոշիկների վրայի ավազը՝ դրանով տեղեկացնելով, որ այնտեղ էր, և ներս մտավ։
-Բա՛րև, տիկի՛ն Լեյթոն։
Բայց և՛ փոքրիկ հյուրասենյակը, և՛ փոքրիկ խոհանոցը դատարկ էին։ Բուխարու վերևի դարակին դրված նավային ժամացույցը միայն ինքն իր և Ջերալդի համար էր տկտկում։ Ճոճաթոռին դրված էր նրա հսկա մուշտակը, որն ասես կենդանու մորթուց կարված առագաստ լիներ։ Բուխարու մեջ թույլ կրակ էր վառվում, որը բոցկլտում ու գործիմացորեն ճարճատում էր։ Խոհանոցում՝ գազօջախի վրա թեյնիկ էր դրված, իսկ խոհանոցային սեղանին բաժակ կար, որը դեռ սպասում էր ջրին։ Մտավ նեղլիկ միջանցք, որը տանում էր դեպի ննջասենյակ։
-Տիկին Լեյթո՞ն։
Միջանցքում ու ննջասենյակում նույնպես ոչ ոք չկար։
Արդեն պատրաստվում էր խոհանոց վերադառնալ, երբ բարձր ծիծաղ լսվեց։ Հզոր, անօգնական ծիծաղի պոռթկումներ էին, որոնք տարիներ շարունակ թաքցնում են, ինչպես գինին։ (Էդգար Ալլան Պոն նաև գինու մասին պատմվածք ունի)։
Ծիծաղը վերաճեց բարձր հռհռոցի։ Այն լսվում էր դռան՝ առանձնատան վերջին դռան մյուս կողմից, որը Ջերալդի մահճակալի աջ կողմում էր։ Ցախանոցից։
* * *
Ամորձիներովս սարսուռ անցավ ինչպես ավագ դպրոցում ծեր քածը գտել է այն ծեր ճարպակալած քածը գրողը տանի նրան գրողը տանի ծեր պոռնիկ անում ես դա որովհետև այդտեղ չեմ ծեր քած պոռնիկ կեղտի կտոր։
* * *
Մեկ մեծ քայլ արեց դեպի դուռը և լայն բացեց այն։ Նստած էր ցախանոցում՝ փոքրիկ տաքացուցիչի կողքին՝ զգեստը մինչև ծնկները քշտված, որպեսզի կարողանար ոտքերը խաչած նստել, գեր ձեռքերով բռնել էր նրա ձեռագիրը, որն շատ փոքր էր երևում նրա ձեռքերում։
Տիկին Լեյթոնի ծիծաղը զրնգում ու տարածվում էր նրա շուրջ։ Ջերալդ Նեյթլիի աչքին գույնզգույն պայթյուն երևաց։ Տիկին Լեյթոնը լորձնէակ էր, ճիճու, սողացող հսկա արարած, որն էվոլյուցիայի էր ենթարկվել ծովափնյա մռայլ տան նկուղում, մթագույն բզեզ էր, որը գրոտեսկային մարդկային կերպարանք էր ընդունել։
Աղոտ լույսի ներքո, որը սարդոստայնով պատված միակ պատուհանից էր ներս ընկնում, նրա դեմքը նմանվել էր գերեզմանատան վերևում կախված լուսնի՝ ակոսված նրա աչքերի ամուլ խառնարաններով և երկրաշարժի արդյունքում բերանի փոխարեն առաջացած ճեղքվածքով։
-Մի՛ ծիծաղիր, – կաշկանդված ասաց Ջերալդը։
-Օ՜, Ջերա՜լդ, – ասաց նա՝ չկարողանալով զսպել ծիծաղը։ – Այնքան վատ պատմվածք է։ Հասկանում եմ, թե ինչու ես կեղծանվամբ հանդես գալիս։ Այն․․․, – մաքրեց անդադար ծիծաղելուց առաջացած արցունքները։ – Այն զզվելի է։
Շնչասպառ մոտեցավ նրան։
-Այդքան էլ խոշոր չեմ քեզ մոտ, Ջերա՛լդ։ Դա է խնդիրը։ Չափից մեծ եմ քեզ համար։ Հավանաբար Պոն, Դոստոևսկին կամ Մելվիլը․․․ բայց ո՛չ դու, Ջերա՛լդ։ Ո՛չ դու։ Ո՛չ դու։
Նորից սկսեց ծիծաղել՝ խլացուցիչ ձայնային պոռթկումներ արձակելով։
-Մի՛ ծիծաղիր, – կաշկանդված ասաց Ջերալդը։
* * *
Ցախանոցը Զոլայի ոճով․
Փայտից պատեր, որոնց արանքներից ժամանակ առ ժամանակ լույս էր ներթափանցում՝ շրջապատված տարբեր անկյուններում կախված ճագարների համար նախատեսված թակարդներով, մի զույգ փոշոտ ձնագնացներ՝ արձակված նրբաքուղերով, ժանգոտված ջեռուցիչ, որի մեջ առկայծում էին դեղին ճրագներ, որոնք նման էին կատվի աչքերի, փոցխ, երկու բահ, պարտեզի մկրատ, հին, կանաչ կաշեխողովակ՝ նման կուչ եկած լորտուի, չորսը մաշված անվադող, որոնք այնպես էին դրված, ասես պոնչիկներ լինեին, առանց փամփշտակալի Վինչեստեր, երկկոթանի սղոց, փոշոտ դազգահ՝ ծածկված մեխերով, պտուտակներով, հեղույսներով և տափօղակներով, երկու մուրճ, ռանդա, կոտրված հարթացույց, քանդված կարբյուրատոր, որը եղել էր 1949 թվականի «Պակարդ» մակնիշի կաբրիոլետներում, 4 ձիաուժ ունեցող օդի ճնշակ, որը ներկված էր կապույտ գույն և դեպի տուն տանող երկարացման լարին էր միացված։
* * *
-Մի՛ ծիծաղիր, – նորից ասաց Ջերալդը, բայց նա շարունակում էր ցնցվել՝ հետ ու առաջ անելով, փորը բռնած և ափահարելով ձեռագիրը, խզխզոցով շնչելով, ասես սպիտակ թռչուն լիներ։ Ջերալդը, ձեռքով շոշափելով գտավ ժանգոտած «Վինչեստեր» հրացանը և այնպես հարվածեց նրան, ասես կացինով էր հարվածում։
* * *
Սարսափ պատմվածքների մեծամասնությունը սեռական ենթատեքստ ունի։
Ներողություն եմ խնդրում, որ ներխուժում եմ այս տեղեկությամբ, բայց զգում եմ, որ պարտավոր եմ ճանապարհ բացելու այս ստեղծագործության սարսափելի վերջաբանի համար, որը (համենայն դեպս, հոգեբանության տեսանկյունից) սեռական անկարության նկատմամբ ունեցած վախերիս փոխաբերությունն է։ Տիկին Լեյթոնի մեծ բերանը խորհրդանշում է հեշտոց, իսկ ճնշակի կաշեխողովակը՝ առնանդամ։ Նրա խոշոր և ճնշող կանացի մարմինը սեռական վախի երևակայական մարմնավորումն է, որը այս կամ այն չափով ապրում է յուրաքանչյուր տղամարդու մեջ, վախ, որ կինն իր խոռոչով կուլ կտա նրան։
* * *
Էդգար Ալլան Պոյի, Սթիվեն Քինգի, Ջերալդ Նեյթլիի և ուրիշ հեղինակների ստեղծագործություններում, ովքեր հենց նմանատիպ գրական ժանրով են զբաղվում, հաճախ ենք տեսնում կողպված սենյակներ, ներքնատներ, դատարկ առանձնատներ (այս բոլորը մայրական արգանդի խորհրդանիշներն են), ողջ-ողջ հուղարկավորելու տեսարաններ (սեռական անկարություն), վերակենդանացած հանգուցյալներ (նեկրոֆիլիա), գրոտեսկային հրեշներ կամ մարդանման արարածներ (վախը ինքնին սեռական հարաբերության նկատմամբ), խոշտանգումներ և/կամ սպանություններ (սեռական ակտի հնարավոր այլընտրանք)։
Այս տարբերակները ոչ միշտ են արդիական, բայց ժանր ընտրելիս սկսնակ ընթերցողներն ու հեղինակները պետք է ուշադրություն դարձնեն դրանց վրա։
Կանոններից շեղվող հոգեբանությունը դարձել է մարդկանց փորձառության մի մասը։
* * *
Խզզան, չգիտակցված աղմուկ էր լսվում նրա կոկորդից, մինչև Ջերալդը խենթի նման պտտվում էր նրա շուրջը՝ գործիքներ փնտրելով․ տիկին Լեյթոնի գլուխը կախվել և տարուբերվում էր հաստ վզի վրա։
* * *
Ջերալդը ձեռքն օդի ճնշակին գցեց։
-Լա՛վ, – խռպոտ ձայնով ասաց նա։ – Հիմա արդեն լա՛վ։ Լա՛վ
* * *
Քած ճարպոտ քած բավականաչափ մեծ չէիր հիմա գոհ ես դե հիմա ավելի մեծ կլինես էլ ավելի մեծ։
* * *
Մազերից բռնելով՝ հետ գցեց տիկին Լեյթոնի գլուխը և կաշեխողովակը մտցրեց բերանը՝ մինչև կոկորդ։ Վերջինս սկսեց կատվի նման ճչալ։
* * *
Այս պատմվածքը գրելիս մասամբ ոգեշնչվել եմ EC հրատարակչության հին կոմիքսներից, որը գնել էի Լիսբոն Ֆոլս դեղատնից։ Պատմություններից մեկում ամուսինը և կինը միաժամանակ սպանում էին միմյանց)) փոխադարձ հեգնական (հիասքանչ) կերպով։ Ամուսինը շատ գեր էր, իսկ կինը՝ շատ նիհար։ Նա օդի ճնշակի կաշեխողովակը խցկել էր կնոջ բերանը և այնքան էր փչել, որ կինը օդապարիկի չափսի էր դարձել։ Իսկ երբ ամուսինն իջնում էր աստիճաններով, վերևից գլխին էր ընկել կնոջ կողմից տեղադրված թակարդը՝ ստվերի նման տափակ դարձնելով նրան։
Ցանկացած հեղինակ, ով ասում է ձեզ, թե երբեք գրագողությամբ չի զբաղվել, ստախոս է։ Լավ հեղինակը սկսում է վատ և անհավանական գաղափարներից և վերածում է դրանք մարդկային էության մասին մեկնաբանությունների։
Սարսափ պատմվածքում ուղղակի անհրաժեշտություն է, որ գրոտեսկը վերաճի պաթոլոգիայի։
* * *
Միանալիս ճնշակը սկսեց սուլել և փնչացնել։ Կաշեխողովակը դուրս թռավ տիկին Լեյթոնի բերանից։ Հռհռալով և ինչ-որ անհասկանալի բաներ մրմնջալով՝ Ջերալդը նորից հետ մտցրեց այն։ Ոտքերը հատակին էր դմբդմբացնում և թխկթխկացնում։ Նրա այտերն ու ստոծանին սկսեցին ռիթմիկ կերպով ուռչել։ Աչքերը դուրս ցցվեցին և վերածվեցին ապակյա գնդիկների։ Իրանը սկսեց մեծանալ։
* * *
ահա քեզ ահա քեզ անպետք ոջիլ արդեն բավականաչափ մեծ ես բավականաչափ մեծ ես
* * *
Ճնշակը սկսեց խռխռալ և ղռղռալ։ Տիկին Լեյթոնը փչովի գնդակի նման ուռեց։ Նրա թոքերը վերածվեցին փուչիկավոր ձկների։
* * *
Չարագործնե՜ր։ Սատանանե՜ր։ Բավակա՛ն է ձևացնեք։ Ահա՛։ Ահա՛։ Նրա այլանդակ սիրտն է բաբախում։
* * *
Կարծես միանգամից պայթեց։
* * *
Ջերալդը վերաշարադրեց առանձնատանը սկսած պատմվածքը՝ Մումբայի հյուրանոցներից մեկի տոթ համարում՝ աշխարհի մյուս ծայրին։ Նախնական վերնագիրը «Խոզ» էր։ Որոշակի մտորումներից հետո վերանվանեց այն «Օդի կապույտ ճնշակ»։
Ջերալդը պատմվածքն ավարտին հասցրեց այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։ Վերջին տեսարանում, որտեղ սպանում էին գեր պառավին, հերոսը որևէ հստակ դրդապատճառ չուներ անելու դա, բայց Ջերալդի կարծիքով՝ դա թերություն չէր։ «Մերկացնող մարդու սիրտը» պատմվածում, որը Էդգար Ալլան Պոյի ամենալավ գործն է, ծերուկի սպանության համար ոչ մի իրական դրդապատճառ չկա, և հենց այդպես էլ պետք է լինի։ Հարցը դրդապատճառը չէ։
* * *
Վերջում նա խիստ փքվել էր․ նույնիսկ ոտքերն էին ուռել՝ սովորականից երկու անգամ ավելի մեծ դառնալով։ Ամենավերջում բերանից դուրս պրծավ լեզուն՝ իբրև հաճելի հավելում։
* * *
Մումբայից հեռանալուց հետո Ջերալդ Նեյթլին ուղևորվեց Հոնգ Կոնգ, այնուհետև՝ Կոուլուն։ Փղոսկրե գիլիոտինը միանգամից գրավեց նրա ուշադրությունը։
* * *
Որպես հեղինակ՝ միայն մեկ ճիշտ վերջաբան եմ տեսնում այս պատմության համար․ պատմել ձեզ այն մասին, թե ինչպես Ջերալդ Նեյթլին ազատվեց դիակից։ Պոկեց հատակի տախտակները, անդամատեց տիկին Լեյթոնին և մարմնի մասերը թաղեց հատակի տակի ավազի մեջ։
Երբ ոստիկանությանը տեղեկացրեց, որ տիկին Լեյթոնն արդեն մեկ շաբաթ չկար, միանգամից եկան տեղի և նահանգային ոստիկանության ներկայացուցիչները։ Ջերալդը միանգամայն բնական էր պահում իրեն, նույնիսկ սուրճ առաջարկեց։ Չէր լսում սրտխփոցը, բայց չէ՞ որ մեծ տանն էին զրուցում։
Հաջորդ օրը մեկնեց Մումբայ, Հոնգ Կոնգ և Կոուլուն։
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի
Գրական և Մշակութային Հղումներ
-
Փուլմանի վագոն (Pullman car):
Ծանոթագրություն: Ամերիկյան երկաթուղային շքեղ վագոնների տեսակ, որոնք հայտնի էին իրենց արտասովոր երկարությամբ և հարմարավետությամբ: Այստեղ օգտագործված է տան պատշգամբի չափսերն ընդգծելու համար:
-
Էդգար Ալլան Պո՝ «Մերկացնող մարդու սիրտը» (The Tell-Tale Heart):
Ծանոթագրություն: Պոյի հայտնի պատմվածքներից է, որտեղ հերոսը սպանում է մի ծերունու՝ առանց որևէ ակնհայտ դրդապատճառի (բացի նրա «անճոռնի աչքից») և հետո սկսում է լսել զոհի սրտի բաբախյունը հատակի տակից:
-
Էմիլ Զոլա (Ցախանոցը՝ Զոլայի ոճով):
Ծանոթագրություն: Ֆրանսիացի նատուրալիստ գրող: Քինգն այստեղ նկատի ունի Զոլայի ոճին բնորոշ իրերի չափազանց մանրամասն, գրեթե գիտականորեն ճշգրիտ և երբեմն կենցաղային-կոպիտ նկարագրությունը:
-
Կոուլուն (Kowloon):
Ծանոթագրություն: Շրջան Հոնկոնգում: Պատմվածքի համատեքստում այն խորհրդանշում է «էկզոտիկ Արևելքը», որտեղից Ջերալդը ձեռք է բերում իր մահվան գործիքը՝ փղոսկրե գիլիոտինը:
-
EC հրատարակչության կոմիքսներ (EC Comics):
Ծանոթագրություն: 1940-50-ականների ամերիկյան հայտնի հրատարակչություն, որը մասնագիտացած էր սարսափ և քրեական պատմվածքների մեջ: Դրանք հայտնի էին իրենց դաժան, հաճախ հեգնական և անսպասելի վերջաբաններով:

