Տիգրան Պասկևիչյան| Անհատական կենդանակերպ

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Մանկությունն իմ թափառական
կատվի նման շրջում էր քաղաքում,
ուր տագնապ կար,
խուճապի պես մի բան,
ուր մարդիկ իրար հարցնում էին.
«Տեսե՞ լ ես…», «Ասում են…», «Իմացա՞ ր…»:

Խոսքը, հետո՜ պարզվեց,
վագրի մասին էր կրկեսի,
որին ես էլ քանիցս ծափահարել եմ
չիմանալով, ուր դնել ձեռքիս
շաքար-բամբակը:

Խոսքն, ավելի՜ ուշ պարզվեց,
կատվի մասին էր թափառիկ,
որը շրջում էր քաղաքում,
շրջում էր` փնտրելով վագրի ստվերը:

 

ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ

Պատանեկությունն իմ էս քաղաքում
ապրում էր թափառական
(էլի թափառական) շան պես:

Ոչ մի տագնապ չկար: Ծույլ սոցիալիզմ էր:
Ամեն ինչ բոլորինն էր և չէր ոչինչ մեկինը:

Քաղաքն ինքն իրեն հորինում էր,
քաղաքը հմայվում էր իր պատկերով:

Աչքն ուրիշ տեղ էր, միտքն ուրիշ,
և պատանեկությունն իմ, Փառք Աստծո,
թափառիկ շան պես աննկատ անցնում էր:

 

ԲԱՆԱԿ ՏԵՂ

Равнясь! Смирно! Шагом марш!
Равнясь! Смирно! Шагом марш!
Равнясь! Смирно! Шагом марш!

Քաղաքում չէի: Թափառելն էլ,
ոնց տեսաք, անհնար էր, անհնար:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդությունն իմ էս քաղաքում
թափառական (նույնպես թափառական)
մարդու պես ապրում էր

ճահճի եւ ալիքի մեջտեղներում,
խաղաղության ու պատերազմի մեջտեղներում,
անհոգ կայֆի ու ցախ կոտրելու մեջտեղներում,
ֆեդայու եւ արվեստագետի մեջտեղներում,
հարբեցողության ու ծանր խումհարի մեջտեղներում,
սիրո, ամուսնության, հայր դառնալու մեջտեղներում,
ընկերներին թաղելու եւ Հովհաննու հայտնության մեջտեղներում,
բանաստեղծություն գրելու եւ պրոզայի մեջտեղներում-

խարխափելով:

Լույս չկար: Հանգցրել էին լույսը:
Ու երբ վառեցին (ա՜ ա՜ փ)-
ես արդեն հասուն տղամարդ էի:

առանց կոստյումի ու փողկապի,
առանց կամուֆլյաժի,
առանց վեղարի,
մորուքով ու ջինսով-
երկուսն էլ սպիտակած-
մեկը ժամանակի,
մյուսն օդի հետ շփումից:

 

ՀԻՄԱ

Հիմա ես ապրում եմ Դավիթաշենում
արտակարգ իրավիճակների վարչության շենքին
դեմ հանդիման:

Եւ պատուհանիս մեջ ծածանվող
պետական դրոշը հույս է տալիս,
թե ամեն ինչ կարգին է,
թե արտակարգ ոչինչ չկա,
ոչ մի տագնապ,
թե ես ինչպես բոլորը,
թե դանդաղ (ինչպես հարկն է)
ընկղմվում եմ ճահճի մեջ
եւ աղաղակս ոչ թե կանչ է օգնության,
այլ, թող ներվի ասել շրջված աղոթք.
«…էս ո՞ ւր ես մեզ տանում, հո°փ…»:

 

ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

Ծերությունն իմ էս քաղաքում անհնար է
ակվարիումի պստլիկ ձկնիկի նման,
քանզի լռությունը չի չափվում
եւ չունի ստույգ սահմանում:

Ծերությունն իմ էս քաղաքում անհնար է
տեղի եւ դրանից հեռու տեղի
միջակայքի նման օդը չհաշված:

Ամենուր տեսադաշտ է, ամենուր բաց:

Էս քաղաքում չկա՞ թաքուն մի տեղ-
մահվան հետ խաղաղ եւ աննկատ,
գուցե հանկարծ
համբուրվելու համար:

Գրանիշ հանդես [01]

Share Button

2 Կարծիք

  • Ara Aloyan says:

    Բավական հետաքրքիր շարք էր`վավերականությամբ հանդերձ հույզի խորաշերտեր բացող…<> պոեմ ունեմ.սույն բանաստեղծաշարի հետ ընդհանրա-հարազատականություն գտա, թափառումների, անհանգստության, տագնապի ու հույսի միաԿԱԿԱՆությամբ ու միահեգնում-խնդությամբ…ԿԵՑՑԵՔ…

  • Անի says:

    Հետաքրքիր է,մեկ հեղինակ-քնարական հերոսի կյանքի պատկերով տրվում է ամբողջ սերնդի նկարագիրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *