Լուսինե Ավետյան | «Քաջ Նազար»-ի գեղարվեստական տրանսֆորմացիաները

(բանահյուսական հիմքից դեպի գրական մշակում)

Ամեն ժողովուրդ պատմության ընթացքում ստեղծում է իր հեքիաթները, որոնք բնութագրում են ազգի բնավորությունը, երևակայությունը, հումորն ու ապրելակերպը: Դժվար է որոշել հեքիաթների ստեղծման ստույգ թվականը, սակայն հնարավոր է հարաբերական ճշգրտությամբ սահմանել դարաշրջանը, որը նույնպես իր կնիքն է դնում այս կամ այն հորինվածքի վրա: Հատկանշական է նույնիսկ տեղանքը: Երկրի տարբեր գավառներում հորինվում են հեքիաթներ` իրենց բնությանն ու կերպարներին համապատասխան: Երբեմն նույն հեքիաթը տարբեր համայնքներում ունենում է առանձնահատուկ մեկնաբանություն: Կան նաև դեպքեր, երբ հեքիաթի թեման, մոտիվը շոշափվում է տարածքով ու մշակույթով մոտ երկրներում: Ժամանակի ընթացքում հեքիաթները գրի են առնում բանահավաքները, այնուհետև դրանք մշակում ու փոփոխում են գրողները: Որոշ հեքիաթներ նոր շունչ են ստացել գրեթե բոլոր ժանրերում, իսկ հետո վերածվել թատերական ներկայացման ու ֆիլմի, գտել իրենց դրսևորումները կերպարվեստում:

Հեքիաթների հիմքում թեպետ ընկած են իրական կերպարներ ու հավաստի դեպքեր, սակայն այդ ամենը պարուրված է երևակայական շղարշով: Որքան էլ ռեալ լինի հեքիաթում ներկայացված միջավայրը, այնուամենայնիվ դրանք ֆանտազիաների աշխարհներ են, որտեղ ամեն ինչ արտահայտվում է պայմանականորեն և միֆով շաղախված: Այստեղ ամեն ինչ ունի երկիմաստ նշանակություն, սակայն այնպես է ներկայացվում, որ մեզ ավելի իրական է թվում, քան կյանքը: «Լինում է, չի լինում». միշտ ներկա է այս սկզբունքը: Պետք է պահել այս սկզբունքը, շատ չտարվել ռեալությամբ, բայց չտարվել նաև հորինվածքով: Պետք է կարողանալ մնալ այդ սահմանգծին: Մարդը սիրում է հեքիաթ, քանի որ գիտե, որ այդտեղ ամեն ինչ արդար լուծում է ստանում, չարը հաղթում է բարուն: Այստեղի հերոսը շատ դեպքերում իդելական է: Այսինքն` մոտ է մարդու երազանքին: Իսկ շատ դեպքերում նաև տիպական է` որպես կյանքի երևույթների ընդհանրացում: Հհեքիաթի լեզուն ավելի անկեղծ է, և դրան հավատալն` ավելի հեշտ:

Իհարկե բացի հեքիաթին բնորոշ մոտիվներից, կաևոր է, թե տվյալ հեքիաթը, որ ազգն է ստեղծել: Նույն հեքիաթի մոտիվը տարբեր ազգերի մոտ լրիվ նոր մեկնաբանություն է ստանում: Հենց հեքիաթներից կարող ես ենթադրել տվյալ ժողովրդի անցած ուղու և պատմության մասին: Հայկական հեքիաթներին բնորոշ է հումորը, իմաստնությունն ու թախիծը:

Եվ հետաքրքիր է նաև, որ ամեն հեքիաթ չէ, որ կարող է մասսայական դառնալ ու դարեդար փոխանցվել: Դա կախված է նրանից, թե որքանով է հոգեհարազատ ժողովրդին:

*         *      *

Հայկական ժողովրդական բանահյուսությունը նույնպես ակունք է հանդիսացել գրականության, կերպարվեստի, թատրոնի, այնուհետև` կինոյի համար: Հատկապես այն ստեղծագործությունները, որոնք շոշափում են մշտապես հանդիպող ու տիպական բնավորության գծեր, ինչպես նաև ունեն այլաբանական իմաստ: Այդպիսի հավերժական բովանդակություն ունի հայկական, կովկասյան և արևելյան բանահյուսության մեջ տարածված այն հեքիաթի սյուժեն, որը պատմում է կույր պատահականությամբ մեծ փառքի ու հարստության հասած, մինչև անգամ թագավորական գահ ձեռք բերած չնչին մարդու մասին:

Հեքիաթի հայկական տարբերակը, որն առաջին անգամ հրապարակել է հայտնի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, կոչվում է «Դըժիկոն»[1]: Դա հետաքրքիր ու ծիծաղաշարժ պատմություն է մի աղքատ ու խեղճ գյուղացու մասին, ով իր անզգամ կնոջից ազատվելու համար վերցնում է իր կովերն ու հեռանում տնից: Երբ յոթ ճանճ է սպանում, ավելի շատ` ինքնահաստատվելու ու քաջալերվելու համար, գրել է տալիս թե. «Դըժիկոն եմ ես, մեկ ձեռքով յոթն հոգի սպանած եմ»: Դըժիկոն, սակայն, ոչ մի չար մտադրություն կամ աշխարհին տիրելու նպատակ չունի: Ամեն ինչ ստացվում է պատահականորեն: Մարդիկ իրենք են նրա մասին լեգենդներ հորինում, ելնելով սնահավատությունից ու ստրկամտությունից: Նրա մտքով անգամ չի անցնում մեծարել իրեն կամ իր մասին սուտ քաջագործություններ պատմել: Թեպետ և չի հրաժարվում իրեն ուղղված մեծարանքներից և դրանք վայելում է հաճույքով: Հեքիաթի ավարտին Դըժիկոյի փառքն ավելացել է, սակայն նա իր դիրքը չի օգտագործում մարդկանց վնասելու համար:

Այդ հեքիաթի հիման վրա Հովհաննես Թումանյանը գրել է «Քաջ Նազար» անզուգական ստեղծագործությունը[2]: Թումանյանի մշակման մեջ թեպետ պահպանվել է հերոսի բնավորության հիմնական գիծը` վախկոտությունը, սակայն Նազարն այստեղ ներկայանում է որպես ալարկոտ ու անբան: Կրկին շատ բան կատարվում է պատահականության ու մարդկանց բթամտության պատճառով: Թումանյանի Նազարը, սակայն, այլևս խեղճ ու դժբախտ ամուսին չէ, ով հալածվում է կնոջ կողմից և այդ պատճառով` հեռանում, այլ մի մարդ, ով ընդունակ է միայն պարապ երազել և իրեն տեսնում է թագավորի գահին` թեկուզ համայն աշխարհի կործանման գնով:

Թումանյանի հեքիաթում հեղինակային միջամտությունները հասցված են նվազագույնի, գործողությունները ինքնաբուխ են և գրեթե կինեմատոգրաֆիական, չկա անհարկի մեկնաբանություն: Նրա Քաջ Նազարը որքան ընդհանուր ու տիպական կերպար է, նույնքան էլ` անհատականություն, և բացառիկ է իր սրամիտ արտահայտություններով, որոնց միջոցով լիարժեք բացահայտվում է կերպարը: Թումանյանի ստեղծագործության մեջ ևս ճակատագիրը կարևոր է, բայց դեռ բավական չէ: Այստեղ միօրինակ չէ նաև Նազարին շրջապատող միջավայրը. «Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար»։

Իհարկե հրաշալի է նաև վերջաբանը, որով ավարտվում է Թումանյանի հեքիաթը. «Մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում աշխարհի վրա»: Այս վերջաբանը ոչ միայն հանճարեղ ու հետաքրքիր ավարտ է, այլ ամբողջ ստեղծագործության խորքում թաքնված այն մտքի դրևորումը, թե «նազարիզմին» ավարտ չկա, կամ ավարտվելով` նորից ու նորից է սկսվում ամեն ինչ: Թումանյանն այնպես է վերափոխել նախահիմքը, որ այն ստացել է փիլիսոփայական բովանդակություն: Հեղինակը վարպետորեն փոփոխել է հերոսի կերպարն այնպես, որ, ի տարբերություն Դըժիկոյի, չկա խղճահարություն Նազարի հանդեպ: Հեքիաթի առանձնահատկությունն է դարձել նաև այն, որ չարն ու բարին չեն կռվում միմյանց դեմ, այլ չարը արմատավորվել է մարդկանց մեջ, քանի որ դրա համար խիստ նպաստավոր պայմաններ են ստեղծված, և բոլորն էլ հարմար առիթի դեպքում բացահայտում են իրենց: Մեկը մյուսին խաբում է, և ամենաշատ հենց Նազարի բախտն է բերում: Թեպետ մարդկանցից շատերը դեմ չեն «քաջ նազար» դառնալուն:

«Թումանյանն իր մշակած մի քանի տասնյակ (մոտ 50) հեքիաթներից գեղարվեստական կատարելության առումով ամենից ավելի բարձր է գնահատել « Քաջ Նազար»-ը: 1922-ին գրած իր նամակներից մեկում նա ասում է. «Իմ կարծիքով ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին, գուցե չնչին պակասություններ կունենա, ով գիտի, և դա «Քաջ Նազարն» է:

Իհարկե չի կարելի համաձայնվել այդ կարծիքին, դա իր երկերի նկատմամբ խոսքի մեծ արվեստագետի ունեցած խստապահանջ վերաբերմունքի արտահայտությունն է»: [3]

*         *      *

Թումանյանից հետո նույն նյութի հիման վրա «Աղա Ղազար» վերնագրով պատմվածք գրեց Ավետիք Իսահակյանը: Իսահակյանի Ղազարն իր բնավորությամբ ու հոգեբանությամբ ավելի նման է Դըժիկոյին: Տարբերվում է կնոջ կերպարը, ով սովորական գյուղացի, խեղճ կին է: Պահպանվել է նաև հեքիաթի տխուր, թախծոտ մթնոլորտը: Ղազարը մշտապես գանգատվում է բախտից, երկխոսությունները երկարաշունչ են ու հաճախ կրկնվող: Դատողություններ անող ու մելամաղձոտ կերպար է: Իսահակյանի մշակման մեջ շատ է հեղինակային տեքստն ու մեկնաբանությունը: Շատ բան բացահայտվում է ոչ թե գործողության ու երկխոսությունների միջոցով, այլ հենց հեղինակային տեքստով: Ղազարի բնավորությունը կարևոր չէ, կարևոր է բախտը: Նա առանձնապես ոչինչ չի ձեռնարկում, պարզապես բախտը ժպտում է նրան: Նրա փոխարեն ով էլ լիներ, կարող էր տիրանալ նման փառքի: Իսահակյանի մշակման մեջ էլ Ղազարը մինչև հիմա գահին նստած քահ-քահ ծիծաղում է:

Կարող ենք ասել, որ Իսահակյանն «Աղա Ղազար» պատմվածքում առանձնապես նոր բան չբացահայտեց, և մենք Նազարին չտեսանք այլ իրավիճակներում ու նոր մեկնաբանությամբ:

Բնորոշ է, որ նազարականության թեման շատ է հետաքրքրել հայ գրողներին, դրան անդրադարձել են նաև Ստեփան Զորյանը, Համաստեղը, Վահան Թոթովենցը, Գրիգոր Տեր-Գրիգորյանը, Մկրտիչ Սարգսյանը և այլ հեղինակներ: Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր հեղինակի «Քաջ Նազարը» կադալով` հստակ կարելի է ասել, թե տվյալ ժամանակահատվածում ինչ իրադարձություներ, ինչ քաղաքական մթնոլորտ է գերակայել երկրում: Նազարականությունը բնորոշ է բոլոր ժողովուրդներին, սակայն հայ գրականության մեջ այն մշտապես նոր մեկնաբանություններ է ստանում, քանի որ նման կերպարները տեսանելի են կյանքի տարբեր բնագավառներում, երբեմն էլ ճակատագրական դեր են կատարել և դեռ շարունակում են իրենց այլևայլ դրսևորումները:

Նշենք, նաև, որ Նազարի կերպարը ամենաժողովրդականներից է: Երևի թե չկա մի համայնք, որտեղ ժողովուրդն իր Նազարը չունենա կամ դրա մասին չխոսի:

*          *      *

1923-ին իր մշակումը հրապարակ հանեց Դերենիկ Դեմիրճյանը: Հիմք ընդունելով ժողովրդական հեքիաթի այն սյուժեն, որը մշակել էր Թումանյանը, Դեմիրճյանն ստեղծեց «Քաջ Նազար» հեքիաթ-կատակերգությունը[4]: Պահպանելով ժողովրդական բնագրի հեքիաթային միջադեպը` թատերագիրն ավելի հարստացրեց ու շեշտադրեց Նազարի կերպարը: Նա ստեղծեց հրաշալի պիես, որն արժանիորեն համարվում է հայ թատերգության լավագույն գործերից մեկը:

Դեմիրճյանը հեքիաթի սյուժեն փոփոխել է` նրա համար մի նոր ճանապարհ հարթելով, դրամատուրգիական ժանրին հանդիսանքայնություն, հատուկ սրություն հաղորդելով: Նա հեքիաթի հերոսներին դուրս է բերում բախտի տնօրինության խաբուսիկ պատրանքներից և ի վերջո նրանց ճակատագիրը հանձնում պատմության ընթացքին:

Հեղինակը մի հասարակ ստից ստեղծում է լայնածավալ տարողունակ ծիծաղ ու պատմություն, դրան զուգահեռ` խորացնում ու ընդգծում է բնավորությունները: Հերոսներն արդեն ոչ թե հայտնվում են մեկ իրավիճակում և ըստ դրա բացահայտվում, այլ իսկապես դառնում են գործող անձինք, դրամայի կերպարներ, ովքեր կամա, թե ակամա վճռում են կյանքի ընթացքը, կամ իրենք ենթարկվում այդ ընթացքին:

Այս երկում մեծացել է ոչ միայն Նազարի դերը, այլև ժողովրդի. յուրաքանչյուրն արդեն մեծ կշիռ ունի: Պատահականություններն արդեն պատահական չեն, սխալների, տգիտության կամ երեսպաշտության հետևանք են: Այդ սխալները ստեղծում է հասարակությունը: Որքան Նազարն է ամեն իրավիճակից հետո փոփոխվում, ավելի վստահ ու վճռական դառնում, այնպես էլ հանրությունն է աստիճանաբար խճճվում ու ավելի անհեթեթ դառնում:

Դեմիրճյանի վարպետությունը նաև այն է, որ նրա ստեղծած մի դրվագը իր հզորությամբ գերազանցում է մյուսին` իմաստային խորությամբ: Դա է պատճառը, որ ուժեղանում է սյուժեյի լարվածությունը: Փոքրիկ դրվագները աստիճանաբար վերածվում են պատմական ընդհանրացումների: Այստեղ և՛ հերոսներն են հայտնվում բազմազան իրավիճակներում, և՛ խոսքն ունի հոգեբանական խորն ու ընդհանրական ուժ: Այստեղ ծիծաղն իր մեջ սոցիալական իմաստ է պարունակում: Հեղինակը ծիծաղի միջոցով մերկացնում է կեղծիքը, և սա սոսկ ծիծաղ չէ:

Այստեղ ամեն մի հերոս իր խոսքն ունի, ինչը հենց պիեսի կարևոր հատկությունն է, ամեն մեկի բառն արդեն բնութագիր է: Սա իհարկե բնական է դրամատուրգիական կտավի համար, տաղանդավոր պիեսները հենց այդպես էլ գրվում են, և մեզ շատ հայտնի գործեր հաջողության են հասել մեծամասամբ նաև դրա շնորհիվ: Բայց հայ թատերգության մեջ շատ է պատահում, որ բոլոր հերոսները խոսում եմ մեկ տոնով և նմանատիպ բառերով, և սկսում ես մտածել, որ նրանք բոլորը նույն դպրոցն են գնացել, նույն բակում մեծացել, նույն կինոն դիտել: Եվ հասկանում ես, որ գործ ունես ընդամենը մեկ հերոսի, այսինքն` հեղինակի հետ: Իսկ Դեմիրճյանի հերոսները իսկական «թամաշա» են տալիս, այնքան թատերային են, որ թվում է, թե գտնվում ես թատրոնում, ներկայացում դիտում:

Նազարն իր համար յուրաքանչյուր վատ իրավիճակից դուրս է գալիս շահած: Հենց սա է, որ ամբողջ պիեսի ընթացքում զարգանում է ու հարստանում: Նազարը, սակայն, «թատրոն է խաղում» ոչ միայն շրջապատի, այլև իր համար: Դա ավելի գրավիչ է դարձնում թե՛ պիեսն ամբողջությամբ, թե՛ Նազարի կերպարը:

Եթե մի փոքր զուգահեռներ կատարենք պիեսի և դրան հաջորդած ֆիլմի միջև, ապա կտեսնենք, որ ֆիլմում այդ ամենը բացակայում է: Այնտեղ նկատում ենք, որ Նազարը խաղում է մեզ համար, գիտի որ հանդիստես կա: Իսկ պիեսում նա բնական է և ազատ: Նա խաղում է, երբ շուրջը մարդիկ կան և, երբ ոչ ոք չկա:

Նազարը որքան տարօրինակ է ու վնասակար, այնքան հարգանք ու վախ է ներշնչում զորբաշենցիներին: Իսկ սա էլ հենց տգետ մարդկանց բնաթագրումն է: Ու հենց այսպիսի մարդկանց շնորհիվ ,է որ Նազարը նազար է դառնում: Այնտեղ բոլորն էլ ինչ-որ չափով Քաջ Նազար են:

Թամադա-Դալար կենա կուռդ: Ժողովու՞րդ էլ ջարդում ես:

Նազար-Ճանճի պես, մին զարկում, հազար ջարդուոմ:

Թամադա-Հիմի Աստված որ հաջողի` սաղ աշխարհքը ջարդելու՞ ես:
Նազար-Մտքներս էդ է:

Թամադա-Դալա′ր կենա կուռդ: Բա որ էդպես է` մի խնդիրք պիտի անեմ:

Նազար-Ասա՛, լսում եմ:

Թամադա-Այ, էսպես որ տեսնում ես մեզ, հենց բռնի` ամենքս գեղերի իշխաններ ենք: Բայց ինչ անենք, որ գերի ենք մեր հարևանների ձեռին:

Բոլորը-գերի ենք, գերի ենք:

Նազար-Ո՞նց թե գերի եք:

Թամադա-Գերի ենք, Նազա′ր ախպեր, գերի ենք: Չեն ուզում իրենց աշխարհքը մեզ տան: Չի՞ լինի մեզ ազատես դրանց ձեռից: Մեզ կերան:

Այս երկխոսություններն ամբողջապես բնութագրում են այն գլխիվայր շրջված իրականությունը, որտեղ ապրում են այս մարդիկ:

«Քաջ Նազար» պիեսն առաջին անգամ բեմ է բարձրացել 1924թ-ի նոյեմբերին: Հետագայում, իհարկե, եղել են բազմաթիվ բեմադրություններ, սակայն մեր խնդիրը դրանց անդրադառնալը չէ, այլ հեքիաթից պիես, կինո, մուլտֆիլմ անցած ճանապարհը:

 

*         *      *

«Քաջ Նազար» հեքիաթը վերածվել է և մուլտֆիլմի և կինոյի:

1980-ին Ռոբերտ Սահակյանցն էկրանավորեց «Քաջ Նազար» մուլտֆիլմը, որը կարելի է դասել նրա լավագույն ժապավենների շարքին: Ի տարբերություն հայկական շատ մուլտֆիլմերի, որոնք նկարահանվել են ասես ոչ փոքրիկների համար և իրենց մեջ կրում են ավելորդ գաղափարախոսություն, երբեմն խրատաբանություն և դատողություններ, այս նկարը ստեղծված է բացառապես մանուկների համար և նրանց աշխարհին հոգեհարազատ: Թեպետ իր մեջ ունի այնպիսի փիլիսոփայություն, որը հասցեագրված է նաև մեծահասակներին: Սակայն դա արված է առանց շեղվելու մուլտֆիլմին բնորոշ ձեռագրից: «Քաջ Նազար» մուլտֆիլմի սցենարի հեղինակն է Հովհաննես Գրիգորյանը:

Մուլտֆիլմում ձայնը մեծ նշանակություն ունի, ինչը բնականաբար չէր կարող լինել գրավոր խոսքում: Այստեղ ձայնն այնքան կարևոր է, որ կարող է ամբողջապես փոխել հերոսի կերպարը: Այն ավելի է շեշտադրում Նազարի բնավորությունը, ընդգծում նրա վախկոտությունը: Ձայնից զգում ենք նրա բնավորության հակադրությունը իր անձի, էության և իր ասածների միջև: Տարօրինակ ու տպավորիչ շարժումներ, որոնք կերպար են քանդակում, և դրա շնորհիվ մուլտֆիլմը չի դարձել պաստառ, որտեղ ուղղակի խոսում են, խոսափող չէ, այլ հետաքրքիր հեքիաթ: Հրաշալի է նկարահանված յուրաքանչյուր հատված, որոնք առանձին-առանձին մնում են նաև մեր հիշողության մեջ թևավոր խոսքերի նման: Ահա այդ հատվածներից մեկը. «Ես Նազարն եմ` վիշապ խեղդող, հսկա ջարդող»: Որը հիշեցնում է և՛ երեխայի պարծենկոտություն, և՛ մարդու սնապարծություն ու ստախոսություն: Դրանից անմիջապես հետո, երբ Ուստիանը խփում է Նազարին, նա վիրավորված ասում է. «Բա հերոսին կխփե՞ն, բա դա մարդկությունա՞….» որը ծիծաղ ու խղճահարություն է առաջացնում: Ավանակի զռռոցն ու Նազարի` վախից մեծացած աչքերը… Եվ իսկապես այդքան բան ներկայացնել առանց ավելորդ մեկնաբանության, այլ հումորով ու բնական: Նազարն ասում է. «Էս ձեռքով յոթ… չէ… քառասունյոթ վիշապ եմ խեղդել», հետո նրա ձեռքերն է ցուցադրվում` բարակ, նիհար, հյուծված, ու նրա միմոսությունը, ինչը ևս մեկ անգամ հուշում է, որ մուլտֆիլմ հենց այսպես կարելի է նկարել, շատ լուրջ բաներ էկրանավորել, բայց դա անել մուլտֆիլմի լեզվով:

Տունը քանդվում է, մարդիկ գալիս են Նազարին փրկելու, ու դուրս է գալիս նա, ձեռքին` փլված տան դուռը: Ավերակների վրա կանգնած` սնապարծորեն գոռում է. «Ժողովու~րդ, էս տունը իմ փռշտոցիցը քանդվեց…»:

Պետք է նշել նաև, որ այս ժապավենում ճիշտ են օգտավործված մուլտֆիլմյան հնարքները: Շատ համահունչ են էշի զռռոցից տան պատերի շարժվելն ու Նազարի փռշտոցից տան քանդվելը: Եթե պիեսում կամ կինոյում սա հավաստի չէր կարող լինել, ապա մուլտֆիլմի լեզուն թույլատրում է դիմել նման հնարքների:

Ինչպես Թումանյանն է հեքիաթի համար ֆանտաստիկ ու փիլիսոփայական ավարտ ստեղծել, նույնքան տպավորիչ է նաև Ռոբերտ Սահակյանցի նկարած վերջաբանը: Ավարտվեց պատմությունը: Նազարը` որպես մարդ անցավ-գնաց, բայց մնաց լեգենդը, մարդիկ դեռ շարունակում են հավատալ ու լեգենդներ հյուսել «նազարիզմի» մասին:

Այս մուլտֆիլմի հաջողության գաղտնիքը թերևս այդքան իրականին, ռեալիստականին խառնված աբսուրդն է, խենթ, ծուռ հումորը: «Քաջ Նազար» նկարը բացառիկ և անգնահատելի տեղ ունի հայկական մուլտիպլիկացիայի պատմության մեջ: Այն էկրանավորման լավագուն օրինակ է մասնագետների համար: Մուլտֆիլմ նայում են հատկապես մանուկները, և պետք է հիշել, թե որքան տպավորվող են նրանք, և ամեն մի ժեստն ու խոսքը ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ նրանց մտածելակերպի ու հոգեբանության վրա: Իսկ մեր մուլտֆիլմերի մի մասը հեղեղված է արցունքով, տխրությամբ…Եվ սա բնավ չի խոսում այն մասին, որ մեր ժողովուրդն է այդպիսին, կամ «հայի» տեսակն է այդպիսին: Ինչպես սիրում են ներկայացնել ոչ միայն օտարները, այլ նաև հայերը: Ազգի մասին լավագույն բնութագրումը հենց Էպոսն է, իսկ մեր «Սասունցի Դավիթ»-ը կենսախինդ և իմաստուն ստեղծագործություն է: Այսպիսով կարելի է ենթադրել, որ մեր գրողներն ու ռեժիսորներն են տարվել միանման, «տխուր և ծեծված» թեմաներով: Այդ իմաստով Քաջ Նազարի բախտը իրոք բերել է, այս գործի հետ աշխատել են հայ մեծանուն արվեստագետները:

«Դըժիկո» ժողովրդական հեքիաթից մինչև Թումանյանի մշակումը և Սահակյանցի մուլտֆիլմը, Նազարականության թեման բավականին հետաքրքիր զարգացում է ապրել: Եթե «Դըժիկո»-ում սյուժետային գիծը միօրինակ է և ամեն ինչ կանխատեսելի, ապա Թումանյանի հեքիաթում կան բախումներ, հակադրություն, ավելանում են նոր ու վառ գույներ: Կերպարներն ավելի խորն ու բազմաշերտ են դառնում: Եվ ամենակարևորը` թատրոնը, կրկեսայնությունը, ատրակցիոնը, ներկայացումը, հենց Թումանյանի շնորհիվ հայտնվեց այս գործում:

Ճիշտ է, հետագայում Դեմիրճյանն այդ ամենը կատարելության հասցրեց, սական Թումանյանն էր, ով բացահայտեց այս հեքիաթում այդ ամենը` հեքիաթը դարձնելով բազմիմաստ «մասխարա»: Սյոււժետային գիծը այլևս այդքան պարզունակ չէ: Եթե Դըժիկոյին կինն ուղարկում էր աշխատելու, և այդ էր հենց պրոբլեմը, այսինքն սովորական կենցաղային խնդիրն էր ընկած հեքիաթի հիմքում, ապա այստեղ այդքան պարզ չէ սյուժետային գիծը, կամ ավելի ճշգրիտ, այն գոյություն չունի: Պրոբլեմը արտաքին չէ, այլ ներքին, շատ խորն ու հակասական, մի ամբողջ բեմադրություն, թատրոն: «Դըժիկո»-ում ինչ որ չափով ուրախանում էլ ես, որ նրա բախտը բերում է, քանի որ միանշանակ խղճալի տեսակ է: Թումանյանի գործի մեջ նոր գործող անձինք մտան: Մենք արդեն կարող ենք պատկերացում կազմել մի ամբողջ հասարակարգի մասին: Եթե ժողովրդական հեքիաթում կան ընդամենը մի քանի գործող անձինք, ապա Թումանյանի եքիաթում սկսվեց դիմակահանդես, որը շարունակվում է նաև Սահակյանցի կտավում: Սահակյնացն էլ է ներմուծել այնպիսի էպիզոդներ, որոնք ավելի են շեշտադրում և՛ կերպարը, և՛ թեման:

Կարող ենք ասել, որ ավելի մեծ կապ կա Դ. Դեմիրճյանի պիեսի ու Ռ. Սահակյանցի մուլտֆիլմի միջև, քան պիեսի ու ֆիլմի:

*         *      *

Նազարն իր կյանքն ունեցավ նաև խաղարկային կինոյի աշխարհում: Եվ թերևս սա անսպասելի չէր, քանի որ հենց կինոյին բնորոշ հնարքներով այս հեքիաթ-դրամայից կարելի էր ստանալ աներևակայելի մի գործ: Սակայն կարևոր էր, թե երբ է որոշվում ֆիլմ նկարվելու գաղափարը և շեշտը այս թեմայի որ մոտիվների վրա է դրվում: Քանի որ սա այն բացառիկ թեմաներից է, երբ կարելի է նկարահանել բոլոր ժանրերում` և՛ կատակերգություն, և՛ ողբերգություն, և՛ պատմական դրամա, և՛ հեքիաթ, և՛ ֆանտազիա: Ի վերջո ընդունվեց ֆիլմ նկարելու որոշումը և այն հանձնվեց Ամասի Մարտիրոսյանին:

1940թ-ին Ամասի Մարտիրոսյանն էկրանավորեց «Քաջ Նազար» Ֆիլմը` օգտվելով Դերենիկ Դեմիրճյանի համանուն պիեսից: Ֆիլմը նկարվել է` որպես հեքիաթ-կատակերգություն: Սակայն նախ անդրադառնանք այն տարեթվին, երբ ստեղծվեց այն: 1925թ-ին` հայ առաջին ֆիլմի էկրանավորումից մինչ 1930-ականների կեսերը` նկարահանվեցին ոչ սակավ հաջողված ֆիլմեր: Բեկնազարյանն ու Մարտիրոսյանը ստեղծեցին այնպիսի կտավներ, որոնք համարվում են հայ կինոյի լավագույն նմուշները: Սակայն 30-ականների վերջերից մինչ 50-ականների ավարտը կարող ենք համարել հայ նոր ծնված կինոյի անկման տարիներ, որից հետո կատարվեց իսկական կինեմատոգրաֆիական վերածնունդ: Իհարկե այդ անկման տարիներին երբեմն նկարվում էին ֆիլմեր, որոնք կարելի էր հաջողված համարել, սակայն ընդանուր առմամբ այդ ժամանկահատվածում էկրանավորված ֆիլմերն ունեին գաղափարական կաշկանդվածություն: 1940թ-ին նկարահանած Ամասի Մարտիրոսյանի «Քաջ Նազարն» էլ զերծ չմնաց այդ կաղապարից: Ֆիլմը նոր խոսք չասաց կինոյում և հաջողության գրավականը կարելի է համարել միայն գրական մտքի հմայքներն ու դերասանների հաջողված խաղը: Ֆիլմում իհարկե կան հետաքրքիր էպիզոդներ և լուծումներ, սակայն դրանք ավելի շատ ոչ թե ռեժիսորական ֆանտազիաներ են, այլ պիեսի, սցենարի հրաշալի կտորների նույնատիպ վերարտադրություն:

Փաստորեն մենք գործ ունենք պարզ էկրանավորման և կինոյի պատմողական տեսակի հետ, որը չի հավակնում հատուկ գեղարվեստական լեզու գտնելուն` ըստ էքսցենտրիկ կոմեդիայի կամ սոցիալ-քաղաքական սատիրայի հնարավորությունների: Վերջինս միանգամայն անպատկերացնելի էր ստալինյան դարաշրջանում: Հավանաբար, ռեժիսորը զգուշացել է նաև ֆորմալիզմի մեջ մեղադրվելու վտանգից և չի գնացել օրիգինալ կինոլուծումներ փնտրելու ճանապարհով:

Ֆիլմը սկսվում է Քաջ Նազարի` ճանճեր սպանելով, հետո գալիս է տիրացուն ու կտորի վրա գրում. «Անհաղթ հերոս Քաջ Նազար, Մին կը զարկի, կը ջարդի հազար»:

Նազարը կնոջ հետ վիճում է, կինը ծեծելով նրան տնից դուրս է հանում` զենքերը հետևից շպրտելով, այս ամենն ուղեկցվում է Նազարի ծիծաղաշարժ արարքներով:

Անմիջապես պարզ է դառնում, որ գրական հենքից նոր, խորն ընդհանրացումեր չեն արվել, և մի տեսակ կանխատեսելի է դառնում ամեն հաջորդող պատկերի տրամաբանությունը:

Առաջին իսկ պատկերից մի տեսակ շփոթություն ենք զգում, քանի որ սկիզբը, մուտքը մի տեսակ մանրացված է, պարզունակացված և վերածված սոսկ կենցաղային խնդրի: Ընդանրապես նազարականության թեմայի վտանգն այն է, որ ստեղծագործողները չտարվեն, չխաբվեն զուտ կենցաղային թվացող խնդրով և գործը չկառուցեն Նազարի հումորյաին արարքների վրա: Շատ հեղինակներ հենց այս թակարդն են ընկել, պարզապես հիացել կամ նկատել միայն այդ ծիծիղաշարժ դրվագները, և նրանց գործերը մնացել են ստվերում: Թումանյանն էր հենց առաջինը, որ այս հեքիաթում խորը փիլիսոփայություն նկատեց ու նաև ներմուծեց:

Նազարի դերը մարմնավորած Համբարձում Խաչանյանն իրեն բնորոշ հումորային և դիտարժան խաղով հետաքրքիր է դարձնում յուրաքանչյուր էպիզոդ, որտեղ նա հայտնվում է: Սակայն ոչ ավելին: Խորն ուսումանսիրված և քանդակված կերպար, ինչպես սովորաբար իր հերոսներին ներկայացնում է Խաչանյանը, այս ֆիլմում չկա: Կերպարը տեղայնացված է, հզոր, ընդհանրական բնավորություն չկա, այնինչ կինոյուոմ պետք է հակառակը լիներ` ավելի էպոսային ու բազմաշերտ: Կերպարը մանրացված է, և իր վրա ուշադրություն է հրավիրում միայն Համբարձում Խաչանյանի հիպեբոլիկ խաղաոճի շնորհիվ: Այստեղ մենք տեսնում ենք կոնկրետ Նազար մարդուն` մեկ անհատին, մեկ ճակատագրով: Դրա արդյունքում կորել է Քաջ Նազարի ամբողջ գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը:

Մարտիրոսյանի Նազարը խոսում է նախապես դասը սերտած աշակերտի նման: Այն, ինչ կա մուլտֆիլմում, Թումանյանի հեքիաթում և Դեմիրճյանի պիեսում, այստեղ բացակայում է: Սակայն պետք է նշել, որ նշածս գործերում ոչ թե կա նույն բանը, այլ յուրաքանչյուրն իր տաղանդի ուժով բացահայտել է մի նոր Նազար` խորը, ինքնատիպ, գունեղ: Ֆիլմում բացահայտուներ, ուրույն ձեռագիր գրեթե չկա, չկան ընդանրացումներ, ազատություն, մշտապես զգում ենք սցենարիստի ու ռեժիսորի ներկայություն, ինչը խանգարում է: Թեպետ պետք է նշել, որ առանձին հատվածներ

նկարահանված են փոքրիկ էտյուդների նման և շատ հաջող են: Օրինակ պալատում Նազարի ամեն մի խոսքն ու շարժումը բազմիմաստ ու խորհրդավոր է ընկալվում: Ինչպես նաև բուռն ծիծաղ առաջացնում: Քաջ Նազարի անտառում հայտնվելը և իշխանների վախն ու սարսափը, թե ինչպես են վախից իրար կորցնում, հետո ահաբեկված միմյանց փաթաթվում ու ջուրն ընկնում: Կրկեսային և ծիծաղաշարժ էպիզոդ : Սցենարի առումով թեպետ կա կաշկանդվածություն, սակայն կարելի է ասել, որ Ամասի Մարտիրոսյանին բնորոշ ոճով նակարահանված և ընտրված են լավագույն, հանգուցալուծվող հատվածները, չկան ավելորդություններ, ինչը բնորոշ է Ամասի Մարտիրոսյնաի գրեթե բոլոր ֆիլմերին: Նրա լավագույն ֆիլմերը աչքի են ընկել կոնկրետությամբ և սեղմությամբ: Ինչից միշտ էլ շահել է գործը:

Ֆիլմում չկան այն հեռահար, մի քանի իմաստ արտահայտող պատկերներն ու ենթաշերտերը, ֆիլմը շատ դանդաղկոտ է: Եվ սա է նաև այն հիմնական պատճառը, ինչից տուժել է ֆիլմը: Քանի որ թեման այնպիսին է, որ պետք է ունենար ներքին և արտաքին արագ ռիթմ ու տրամաբանություն: Հենց այս թեման է տրամադրում, ինչու չէ նաև պարտադրում գլխապտույտ իրադարձություններ: Այնինչ միանշանակ է նաև Նազարի արտաքինը: Հագուստի մեջ անհեթեթ, տարօրինակ բան չկա, տատանվելու, երկմտելու, կանխազգալու դետալները շատ քիչ են: Ամեն ինչ կանխամտածված է նախօրոք: Մենք մեր հեքիաթը չենք հորինում: Գիտենք` ինչ է լինելու: Կորչում է կինոյի հրաշքը: Իշխանների կերպարները նույնպես քարացած են ու անհետաքրքիր: Իսկ մուլտֆիլմում միայն արտաքինին նայելիս մի քանի անգամ փռթկում ես ու երևակայում. «Էս մարդը…..»:

Երբեմն էլ չափազանցությունն ու աբսուրդն այնքան շատ են, որ անհավատալի ու սուտ են թվում: Երբ զորքն այնքան բազմահազար է, զորեղ ու սարսափելի, որ ահ է առաջացնում, ու հանկարծ այդ ահեղ բանակը, որը ոչ թե մի քանի զինվորից է կազմված, այլ պետական զորամիավորման տեսք ունի, վախենում է ու փախչում Նազարից, միայն այն բանի համար, որ Նազարն արմատախիլ է անում չորացած ծառը:

Նազարն արդեն թագավոր է դարձել, բայց մնացել է նույն գեղջուկը, թագի մեջ փալաս է խցկում նոր դնում գլխին: Գահին նստած` ճանճեր սպանելով է զբաղված, սպանում է ու մտածում, թէ մեծ գործ է արել: Սաքոյին դիմելիս ոտքով է խփում, իսկ երբ վերջինս փռշտում է, Նազարն ասում է. «Կամաց…պալատ ա, ախոռ չի»:

Ի դեպ այս ռեպլիկն էլ է պիեսից և սցենարից, ինչը իհարկե բավականին դիտարժան է կինոյում:

Հաջողված է նաև Սաքոյի դերակատարումը, ում մարմանավորել է Ավետ Ավետսիյանը: Բավական հաջող է մարմնավորել Ուստիանի կերպարը Արուս Ասրյանը, ում խաղն առավել տպավորիչ է դառնում պալատում. Նա պալատականին հարցնում է.

-Այ ախպեր, իմ մարդը վախկոտ էր, ո՞նց թագավոր դարձավ:

Պալատականը միմիկաներով հասկացնում է, իբր չի լսում, ոչինչ չի լսել:

Ուստիանը մի քանի անգամ կրկնում է հարցը, սակայն պալատականը նորից ձևացնում է, թե չի լսում:

Թեպետ ֆիլմը նկարված է հեքիաթային մոտիվնորով, սակայն Մարտիրոսյանն իր ֆիլմի համար ավարտ է ընտրել Դեմիրճյանի ստեղծած վերջաբանը: Այստեղ ամեն ինչ բացահայտվում է, և վերջ է դրվում Նազարի «գահակալությանը»:

Ընդունված է ասել, որ շատ ավելի հզոր է Թումանյանի հեքիաթի ավարտը. «Մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարն ու ծիծաղում աշխարհի վրա»: Պիեսում Նազարին գահընկեց անելը կապում են ժամակների հետ, որ Դեմիրճյանն այլ տարբերակ չուներ, կամ նման քաղաքական իրավիճակում չէր կարող գրել, որ «Նազարները» թագավորում են ու խաբում հասարակ ժողովրդին: Սակայն Դեմիրճյանի գործը որքան էլ աբսուրդային է` այնքան էլ իրական: Նմանատիպ զարգացումներից հետո տրամաբանական էր, որ բացահայտվեր և մերկացվեր Նազարը: Ամբողջ այդ լարված ընթացքից հետո մի պահ շունչ ենք քաշում և հավոզվում, որ անկախ ժամանակներից և մարդկային տեսակից, միևնույնն է, սուտն ու խաբեությունը միշտ էլ պարզաբանվում է: Նման ավարտն ավելի է համապատասխանում պիեսին և ընդգծում դրա ողջ փիլիսոփայությունը:

Քաջ Նազար հերոսը, հեքիաթը իր արտացոլումն են գտել հայկական արվեստի գրեթե բոլոր ճյուղերում, և դեռ շարունակում են նոր մեկնաբանություններ ստանալ:

[1] Հայ ժողովրդական հեքիաթներ, Հատոր 1, Երևան, 1959, էջ 8:

[2] Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, Երևան, 1988, էջ 23:

[3] Հայ գրականության պատմություն,  Երևան,  1950,  էջ 377-378:

[4] Դերենիկ Դեմիրճյան, Քաջ Նազար, Երևան, 1973:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *