Ռուբեն Դարի՛ո | Օ, իմ պաշտելի աղջնակ

Ռուբեն Դարիո

Ֆելիքս Ռուբեն Գարսիա Սարմիենտո, հայտնի որպես Ռուբեն Դարիո (1867 թվ. հունվարի 18, 1916 թվ. փետրվարի 6), նիկարագուացի
բանաստեղծ, իսպանալեզու գրականության մեջ գրական մոդերնիզմի ամենավառ ներկայացուցիչ: Նրան անվանում են «Իսպանալեզու գրականության արքայազն»:

Սկզբում` մի հայացք,
հետո`
ձեռքերի կրակե հպում,
իսկ հետո`
արյան արագ հոսք,
և համբույր, որ հնազանդեցնում է:
Հետո` գիշեր և հաճույք,
հետո` փախուստ`
այն վախկոտ փորձանքից,
որպեսզի իր համար ուրիշ զոհ ընտրի:
Լավ ես անում, որ լալիս ես, բայց… արդեն ուշ է
ինքդ էլ ես տեսնում
մի˚թե քեզ չեմ ասել:

 

***

Օ, իմ պաշտելի աղջնակ
Օ՜, իմ պաշտելի աղջնակ,
քեզ կասեմ ճշմարտությունը,
քո աչքերն ինձ թվում են
ապակուց երևացող հրավառ ածուխներ,
քո գանգուրները` սգո, սև,
իսկ շուրթերդ, որ առանց զույգ են,
նման են դաշույնի սուր շեղբի
արյունոտ երկու հետք:

 

***

Գեղեցիկ աղջնակ, որ ինձ նվաստացնում ես
քո գեղեցիկ մեծ աչքերով,
այդ նրանց համար, նրանց համար են
այս քնքուշ քառյակները:
Երկու արեգակ, երկու կրակ,
քո աչքերը ջինջ օրվա լույս են,
դրանց հրով, իմ աղջնակ,
դու սրտեր ես այրում:
Մեր ժամանակի գրողները նույնպես ասում են,
թե աչքեր կան, որ այրում են,
կայծեր, որ հրդեհում են,
ատրճանակներ, որ գանգեր են փշրում:

 

 Սիրում եմ, սիրում ես

Սիրե՜լ, սիրե՜լ, սիրե՜լ, սիրե՜լ հավերժ,
ամբողջ էությամբ, երկրային և երկնային սիրով,
արևի ողջ պարզությամբ և բոլոր մութ կողմերով,
սիրել ողջ բանակնությամբ և ամբողջ կրքով:
Եվ երբ կյանքի լեռը
դառնա մեզ համար խրթին, երկար, բարձր և անդունդներով լի,
սիրե՜լ անսահման,
որ հենց այրող սերն է
և վառվել մեր սրտերի միաձուլման մեջ:

 

***
-Ահա այնտեղ է գագաթը.
-Ու˚ր ես նայում: – Աստղի՛ն:
-Սիրու˚մ ես ինձ: -Պաշտում եմ:
-Բարձրանա˚նք: -Բարձրանա՛նք:
-Ի˚նչ ես տեսնում:
-Վաղանցուկ և գունատ մի արշալույս:
-Ի˚նչ ես զգում: -Բուռն ցանկություն:
-Հենց դա է հույսը:
-Ապրելու ինչպիսի՜ շունչ,
Արևի ինչպիսի՜ հուր,
Ինչպիսի՜ շողարձակող լույս:
-Հենց սա է սերը:
-Ի˚նչ ես տեսնում ներքևում:
-Մի խորը անդունդ:
-Դողու˚մ ես:- Վախենում եմ…
-Հենց դա է մոռանալը:
Բայց ո՛չ դողա, ո՛չ վախեցի,
սուրբ կապույտ երկնքի տակ,
նա ով սիրում է, նրա համար չկան անդունդներ
որովհետև վրան լույսի թևեր ունի:

 

***
Սե՜ր,
սերը վարդերի մեջ է,
վարդերը սեր են…
Երբեմն բույն է հյուսում,
երբեմն` գնում թափառելու,
և քայլում` քամու մեջ,
աղմուկի մեջ,
անտառում և ծովում:
Արթնացնում է ամպրոպներին,
առյուծներին ստիպում մռնչալ.
և լավ այգիներ ծաղկեցնում`
սրտերի մեջ:
Ձայն է` թափառող ձայն,
որ չի գտնում իր բառը,
և խոսում է որպես թռչող հրեշտակ
կամ որպես փախած սատանա:
Նրբանում է, տարածվում,
բազմապատկվում, գլխիվայր շրջվում,
և՛ խորն է, և՛ տխուր, և՛ տարտամ,
մի ամբողջ կյանք կամ մահ….

 

 Տխու՜ր, շա՜տ տխուր

Մի օր տխուր էի, շատ տխուր`
տեսնելով` ինչպես էր ջուրը ցած ընկնում աղբյուրից,

քաղցր ու արծաթագույն գիշեր էր: Գիշերն արտասվում էր:
Գիշերը հառաչում էր: Գիշերը հեծկլտում էր:

Իսկ մայրամուտը` իր քնքուշ մեղեսիկում
տարրալուծում էր միստիկ արվեստագետի արցունքը,

այդ արվեստագետը ես էի` խորհրդավոր և հեծեծող,
որ խառնում էր իր հոգին և աղբյուրի չռռոցը:

 

Իսպաներենից թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *