Սարգիս Հովսեփյան | Պաղպաղակ

Լուսանկարը՝ Զորիկ Գալաստյանի

Հայելու դիմաց միայն վարտիքով կանգնած` նայում էր իր սլացիկ, մարզված մարմնին, ու մի անզուսպ ցանկություն ստիպում էր ինքնագոհ ժպտալ սեփական արտացոլանքին: Մկանուտ թևեր, մազոտ կուրծք, պիրկ ոտքեր… սրան էլ գումարած Էդինբուրգի համալսարանի դիպլոմ, և ո՞վ կասի, թե կյանքը չի ստացվել… Ճիշտ է` երկու ամիս չկար, ինչ վերադարձել էր հայրենիք, ու այսօր պիտի առաջին անգամ աշխատանքի գնար, բայց դա ոչինչ չէր նշանակում. կյանքը հրաշալի է, քանի դեռ ամեն բան առջևում է: Իրենից հասնում էր առաջխաղացման նախադրյալներ ստեղծել, ինքն այդ նախադրյալները լիուլի ապահովել էր… Նույնիսկ հասցրել էր նշանադրվել քաղաքի դատախազի գեղեցկուհի դստեր հետ… Մնում էր մի փոքր էլ համբերել, միի~ քիչ, ու կյանքը կսահեր սարն ի վեր, ինչպես կարագի վրայով… վեր ու միայն վեր… Մինչ նա երևակայությամբ հաղթահարում էր բարձունք բարձունքի հետևից` նվաճելով դիրք, ֆինանսական ապահովություն, մտովի իրագործում էր բարեկեցիկ հայրենիքի մասին իր պատանեկան երազանքները, սոցիալական արդարության մասին իր ուսանողական տարիների գաղափարներն ու տեսլականը, ողջ արյունը երակներով դանդաղ հոսում էր ներքև` ստիպելով թեթև գլխապտույտ ունենալ… Զգում էր, թե ինչպես անշեղորեն ընդրձակվում ու պնդանում է անդամը Calvin Klein վարտիքի մեջ, որ այնպես ձիգ գրկել էր իր պինդ հետուքը: Մի փոքր էլ, ու բորբոքը կհասներ գագաթնակետին, եթե չլսեր մոր հողաթափերի քստքստոցը… Նա անչափ գոհ էր իրենից և ոչ կարող էր, ոչ էլ ցանկանում էր թաքցնել դա:
Սպիտակ վերնաշապիկի ու նեղ կոստյումի հետ առանց վարանելու ընտրեց մանուշակագույն փողկապը. այն պիտի օգներ հենց սկզբից լավ տպավորություն գործել նոր աշխատավայրում, շեշտեր իր կրեատիվ բնույթն ու պոզիտիվ բնավորությունը: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ հրաժարվեց հաց-կարագ-մեղրից ու մոր պատրաստած նախաճաշից, միայն լուծվող սուրճի կեսը մի շնչով գլխին քաշելով` արագորեն դուրս եկավ տնից` իհարկե չմոռանալով վերջին պահին ականջների հետևում մի քանի կաթիլ Dangerous Man ցողել, ապա վերցնել կաշվե պայուսակը, որ ձեռք էր բերել Լոնդոնում, մեկնելուց ընդամենը մեկ օր առաջ: Մայրը հուզված, բայց հպարտության երանելի զգացումով նստեց խոհանոցի սեղանի մոտ ու մտքով ինչ-որ հեռուներում սավառնելով` շարունակեց խմել որդու կիստ թողած սուրճը:

Հարսանյաց նվերների շարքը շատ երկար էր ու բազմապիսի, սակայն կար մեկը, որն ամենից շատ էր կարևորում, դա վարչության պետի պաշտոնն էր: Աներոջ այս անակնկալ նվերն այնքան անսպասելի էր, որ նա իր սովորության համաձայն չէր էլ հասցրել նույնիսկ մի կարգին կանխավայելել: Չէր հասցրել զգալ ծառայակիցների նախանձ ու շողոքորթ հայացքներն իր վրա, ծիծաղելի փսփսոցներն իր հետևից ու վերջապես չէր ավարտել նույնիսկ բաժնի պետի տեղակալի իր աշխատասենյակի վերանորոգումն ու կահավորումը: Սպասվելիք որևէ լավ բանի կանխավայելումը նրա ամենասիրելի զբաղմունքն էր, նա ամեն օր ժամեր էր տրամադրում այդ զբաղմունքին` ամենայն մանրամասնությամբ վերապրելով իր երեսառած ինքնասիրությունը շոյող բոլոր մեծուփոքր պահերը, որոնք դեռ պիտի պատահեին. նա կախում ուներ իր այդ սովորությունից այնպես, ինչպես խաղամոլը` կազինոյի ապարատից: Այս ամենի կորուստը մի տեսակ տխրեցնում էր նրան: Սակայն միևնույն ժամանակ նա երջանիկ էր: Նա ինքն էլ չէր սպասում, թե ամեն բան այսքան արագ կստացվի: Չէ՞ որ ընդամենը մի քանի ամիս առաջ ինքը կանգնած էր այս… ոչ , ոչ այս, այլ մեկ այլ, իր հայրական տան հայելու դիմաց, էլի միայն վարտիքով ու հրճվում էր ինքն իրենով` երազանքների գիրկն ընկած, ու մի վայրկյան իսկ չէր կասկածում, որ այդ բոլորն իրականանալու են: Ու հիմա էլ երևակայությունը վեր էր հանում իր երազանքները լրիվ նույնությամբ. դիրք, ֆինանսկան կայունություն, բարեկեցիկ երկիր, արդարություն… Վերջին երկուսին, իհարկե, դեռ մոտ էլ չէր եկել, ուր մնաց իրագործեր, սակայն դա ոչինչ չէր նշանակում. ամեն բան դեռ առջևում էր ու ինքը հաստատակամ էր ինչպես… ինչպես ուղտն անծայրածիր անապատը հաղթահարելիս: Հետո պիտի ընդունել, որ վերջին երկուսն իրագործելն այդքան հեշտ չէր, ինչպես առաջին երկուսը, և եթե առաջին երկուսը կախված էր միայն ու միայն իրենից, իր գիտելիքներից, վերլուծական ու արագ կողմնորոշվելու կարողություններից, տրամաբանությունից, հեռատեսությունից ու վերջապես փողկապի ու օծանելիքի իր ընտրությունից, ապա վերջին երկուսը միայն իրենից չէր կախված, եթե չասենք, որ կոնկրետ այս պահին ընդհանրապես իրենից չէր կախված: Ամբողջ երկրի մասշտաբով մտահաղացումներ իրագործելու համար նա դեռևս շատ փոքր պաշտոն ուներ, ուստի միանգամայն նորմալ էր, որ հանգիստ, առանց խղճի խայթի, սակայն նպատակաուղղված սպասեր իր ժամին… Իսկ այդ ժամը գալու էր անկասկած, էսօր չէ` վաղը, բայց գալու էր անպայման… Առաջին բանը, որ նա պատրաստվում էր իրագործել, մինիմալ աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն էր մինչև արժանապատիվ մակարդակի, հետո պետական ուռճացված ապարատի կրճատումն էր, որը բացի ֆինանսական խնայողություններից, նաև բազմաթիվ անուղղակի հետևանքներ կունենար, օրինակ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման ավելի փոքր հնարավորությունը… ու ընդհանրապես, Լոնդոնի նման հսկայական մեգապոլիսի քաղաքապետը մետրոյով ու հեծանիվով էր գնում աշխատանքի, ինչու՞ պիտի այստեղի պաշտոնյաներն էլ այդպես չանեին… Իսկ որքա՞ն գործ կար արդարադատության ու իրավապահ համակարգերում… Ուղղակի սարսափելի էր պատկերացնել… Վճռականորեն կփոխեր բոլորին ու ամեն ինչ, ոչ մի դեպքում հետ չէր կանգնի իր պատկերացումներից ու գաղափարներից, ոչ մի սանտիմետր չէր զիջի… Վերջապես պիտի՞ իր հայրենիքը դառնար այն երկիրը, որի մասին այդքան երկար երազել էին ինքն ու իր ընկերները, և եթե ոչ ինքն ու իր նման կրթություն ստացածները, ապա էլ ո՞վ… Ոչ մի զիջում, փոխել բոլորին ու ամեն ինչ… Զգում էր, որ էլի ինչպես միշտ արյունը երակներով հոսում է ներքև… Եվ անկասկած գրգռվածության այնքան հաճելի ու սպասված գագաթնակետին կհասներ, եթե մի տարօրինակ տեսիլք, մի անհասկանալի պատահար հանկարծ չընդհատեր իր ոգևորությունը… Երբ անդամի հանդիսավոր կանգնելուն համընթաց դանդաղ փակեց աչքերն ու ձեռքը վարտիքի մեջ մտցնելով ուժգին սեղմեց պիրկ գլխիկը, երբ հաճելի դողը տարածվեց ողջ մարմնով, հասնելով մինչև ամենավերջին բջիջը, հանկարծ հայտնվեց մեկն ու ձեռքի անհավանական վարժ շարժումով, մոտավորապես այնպես, ինչպես սեղանի թենիսի չինացի վարպետներն են ռակետի թարս երեսով կտրուկ հարվածում գնդակին, սուր ածելիով ուղիղ խորքից կտրեց անդամը: Արյունը շատրվանի պես դուրս հորդեց կտրվածքից… Վախեցած սկսեց գոռալ, օդում թափահարելով իր կտրված անդամը, որ հիմա ավելի շուտ մի անհեթեթ մսագունդ էր հիշեցնում… Աչքերը բացեց միայն այն ժամանակ, երբ բղավոցի վրա խոհանոցից ննջարան նետված կինը սարսափահար մոտ վազեց ու սկսեց ողջ մարմնով ցնցել նրան: Աստիճանաբար դուրս գալով մղձավանջի ազդեցությունից ու մի կերպ տեղը բերելով կնոջ սիրունիկ դեմքը` նա վերջապես հանգստացավ, ու պատահածի մասին շփոթված կնոջը ոչինչ չկարողանալով կամ չցանկանալով բացատրել` վազեց լոգարան: Արցունքները հոսում էին աչքերից, բայց նա ամեն կերպ փորձում էր խեղդել լացը: Առաջին բանը, որ արեց լոգարանի դուռը ներսից կողպելուց հետո, նայեց վարտիքի մեջ: Ամեն ինչ տեղում էր իհարկե, բայց այդ փաստից կարծես ավելի հուզվեց, ու այլևս չկարողանալով զսպել իրեն` սկսեց բարձրաձայն լաց լինել` նստելով գետնին` սառը սալիկների վրա: Քիչ անց, երբ մի փոքր հանդարտվեց, փորձեց հանգստացնել նաև փակ դռան հետևում կատարվածը չհասկանալուց ու անորոշությունից մղկտացող կնոջը` խոստանալով շուտով դուրս գալ ու ամեն բան բացատրել: Բայց անմիջապես էլ մտածեց, որ անհնար է ինչ-որ կերպ խելամիտ բացատրություն տալ պատահածի մասին: Ի՞նչ պիտի ասեր… որ կանգնած տեղում տեսի՞լք է ունեցել, որ ինչ-որ մեկը կտրեց իր անդա՞մը… որ կտրողը ածելին գործածում էր այնպես վարպետորեն, ինչպես սեղանի թենիսի չինացի չեմպիոննե՞րը… որ այդ վերջին ճակատագրական շարժումը շարունակ կրկնվում է իր մտապատկերում` ստիպելով կրկին ու կրկին փշաքաղվել սարսափի՞ց… իսկ ո՞վ էր կտրողը… կամ դա ի՞նչ կարևոր էր… Չնայած զգում էր, որ եթե կենտրոնանար, գուցե դեմքը հիշեր. համենայն դեպս, ինչ-որ անհիմն վստահություն ուներ, որ կտրողին ճանաչում է… Բայց ոչ կենտրոնանալու ուժ ուներ, ոչ էլ ցանկություն… Հիմա նրան մտահոգում էր միայն` արդյո՞ք կինը խելագարի տեղ չի դնի իրեն, և ինչպե՞ս նրան բացատրել կատարվածը…

Ընդամենը երեկ էին վերադարձել հարսանեկան ճամփորդությունից, օրը կիրակի էր, ու ամուսնությունից հետո անմիջապես, ձևավորված ընտանեկան ավանդույթի համաձայն, այդ օրը պիտի հյուր գնային կնոջ ծնողներին: Մի ժամից ավել կլիներ, որ արթուն էր, սակայն չէր շտապում լքել անկողինը: Եթե մինչև մեկ ամիս առաջ արթնանալուց հետո անմիջապես ելնում էր անկողնուց ու հայելու դիմաց երկար տրվում երազանքներին` գրգռվելով երևակայությամբ ու ֆիզիկապես, ապա այն չարաբաստիկ տեսիլքից հետո վախենում էր երկար կանգնել հայելու դիմաց. հատկապես նրան հետապնդում էր մտապատկերում առիթ-անառիթ կրկնվող ձեռքի վարժ շարժումը, որ վարպետորեն ածելիով կրկին ու կրկին թռցնում էր իր ողջ տղամարդկությունը: Հիմա նախընտրում էր գրգռվել պառկած, ինչպես ինքն էր քմծիծաղով ասում` շառից փորձանքից հեռու: Մեկ այլ աննշան փոփոխություն էլ էր կատարվել վերջին մեկ ամսում. նրա երազանքները մի տեսակ սկսել էին խամրել, իսկ ցանկը կարծես ավելի սեղմ ու լակոնիկ էր դարձել, որոնց վրայով նա հիմա սահում էր շատ մակերեսային, ծովի վրայով ճախրող ճայի պես, որ խուսափում է թրջվելուց: Այս փոփոխությունը հատկապես վերաբերում էր ցանկի երկրորդ հատվածին, որտեղ հիմնականում հանրային ու համապետական նշանակություն երազանքներ էին: Սա իհարկե ուներ իր կողմնակի էֆեկտը. այլևս այնքան ուժեղ զգացողություններ չէր ունենում, ինչպես առաջ, երբ ողջ մարմնով, բոլոր բջիջներով դողում էր, ոտքերը թուլանում էին, գիտակցությունը համարյա մթագնում էր ու ամեն անգամ վերջին պահին մի ձեռքով հենվում էր պատին, որպեսզի հանկարծ գետնին չգլորվի… Սա արդեն այն չէր, մի խոսքով, բայց անշուշտ մխիթարություն էր:
Կնոջ ծնողների տուն հասնելուն պես նստեցին սեղանի շուրջ: Աները, ինչպես միշտ, երեք բաժակ Absolut ընդունեց, ինքն, ինչպես միշտ, օղի չխմեց` բավարարվելով միայն մեկ շիշ գարեջրով, հետո աները դեմքի լուրջ արտահայտությամբ, որ նշանակում էր, էս պահերին ավելի ուշադիր` կարևոր բան եմ ասելու, վառեց ծխախոտն ու հենվեց աթոռի թիկնակին: Նա լարվեց, մի կողմ դրեց գարեջուրն ու համակ ուշադրությամբ ձգվեց դեպի աները: Չնայած իր ողջ կենտրոնացումին` ոչ առաջին անգամ, և ոչ էլ նույնիսկ երկրորդ անգամ ոչինչ չհասկացավ աներոջ ասածներից: Դա մի խայտառակություն էր, տիեզերական ամոթ: Քանի՞ կոպեկ արժեր իր սուպեր կրթությունը եվրոպաներում, եթե իր սեփական աներոջ, ամենայն հավանականությամբ ինչ-որ պարզունակ մտքերը պիտի չընկալեր` դեռ բերանից դուրս չեկած: Գետինը մտներ, ավելի լավ էր: Աները տհաճությամբ, բայց ընդունեց, որ ստիպված է խոսել հնարավորինս պարզ և ուղիղ, ու մի կողմ դնելով կոնսպիրատիվ բառապաշարն ու արտահայտչաձևերը, որ համենայն դեպս գործածում էր նույնիսկ ամենաապահով վայրերում նման թեմաներ շոշափելիս` բառացիորեն ասաց.
_Ուշադիր ինձ լսի, ոչ մի դեպքում քո ձեռքով կաշառք չվերցնես, ոչ մի դեպքում… Էտ կանոն ա… Ու եթե նման անհրաժեշտություն լինի, իսկ նման անհրաժեշտություն անպայման կլինի, կօգտվես իմ` արդեն վաղուց ստուգված ու ապահով սխեմայից: Այսինքն` կաշառատուն կաշառքի համար նախատեսված գումարով գնում ա Փարաքար, մտնում ա GRAND LABYRINTH կազինոն, կանչում ա մենեջերին ու հնարավորինս զգույշ, որ կողքից ոչ ոք չլսի, ցանկություն ա հայտնում x չափի գումար տարվել № 21 ապարատի վրա… Դա իմ սեփական ապարատն ա, ու էտ ապարատը, անկախ իր գտնվելու վայրից, կապ չունի ոչ տվյալ կազինոյի հետ, ոչ էլ որևէ մեկի հետ ընդհանրապես… № 21 հիշի, որովհետև ուրիշներն էլ էտ կազինոյում ապարատ ունեն, ու եթե սխալ ապարատի լցնեն, հետո անիմաստ քաշքշուկների մեջ պիտի ընկնենք, զահլա չկա… Սաղ մերոնք են, էլի պրոբլեմ չկա, քո փողը քեզ կհասնի, բայց ինչի՞ ամեն շուն-շանգյալ տեղյակ լինի մեր գործերից… Դրա համար էտ պահերը միշտ աշխատի կանտրոլի տակ պահես… Վաղը վարորդիս հետ կգնաք Փարաքար, մենեջերի հետ կծանոթանաս, մնացած տեխնիկական հարցերը իրար հետ կպայմանավորվեք… Ես արդեն զանգել, զգուշացրել եմ, սպասելու են…
Անշուշտ հիմա հասկացավ աներոջը, և մինչ կփորձեր ինչ-որ կերպ ճշտել իր դիրքը, գտնել ինքն իրեն` իր աշխարհընկալմամբ, գաղափարներով ու սպասելիքներով հանդերձ, ասվածի բազմաբովանդակ հարացույցում, աները, կարծես նրա հայացքում կասկածի, կամ խղճի խայթի պես ինչ-որ բան զգալով, լցրեց բաժակն ու, իբր իմիջիայլոց, ավելացրեց.
_Էհ, էս էլ մեր ձագերի կենացը… Ինչ անում ենք, ձեր համար ենք անում…

Դեռ մեկ ամիս առաջ էր խոստացել, որ հենց գազանանոցը բացվի, գնալու են կենդանիներին տեսնեն, բայց քանի որ ոչ մի կերպ չէր հաջողվում ազատ ժամանակ գտնել, որդուն տրված խոստումը մի տեսակ քարի պես ծանրացել էր հոգուն: Երեկոյան պառկում, առավոտյան արթնանում էր հենց միայն գազանանոցի մասին մտքերով, ողջ օրը գլխում կրկին գազանանոցն էր ու կապիկները, որոնք հատկապես հետաքրքրում էին նրա չորսամյա որդուն: Առանձնապես նեղվում էր, որ վերջին ամսում ինչ-որ լուրջ փոփոխություններ էին սպասվում կառավարության կազմում, ու չնայած անձամբ իր համար վտանգավոր ոչինչ չկար կարծես` բայց ընդհանուր լարվածությունը զգացնել էր տալիս, աներն էլ իր հերթին էր ծանրաբեռնում կողմնակի գործերով, որոնք անտեսել ոչ մի դեպքում չէր կարող: Ի վերջո, մարդն ինքն էլ ամբողջ օրը չլվում էր դեսուդեն` փոձելով ինչ-որ մի բան հետ գցել, քանի հնարավորությունը կա, և հետո չէ՞ որ դա անում էր ընտանիքի բարեկեցության համար, այլ ոչ թե հաճույքի: Սառը դատողությամբ հասկանում էր, որ այս պահին չի կարող թուլանալ կամ իմիջիայլոց վերաբերվել գործերին, սակայն դա ոչ մի կերպ չէր մխիթարում նրան: Անվերջ ինտրիգներն աշխատանքի վայրում, իրար հաջորդող գործնական ճաշերն ու ընթրիքները, ընտանիքի սեփականություն հանդիսացող բիզնեսների հսկայածավալ թղթաբանությունը, ավելի ու ավելի լկտիացող լրագրողներն ու էլի ով ասես այնպիսի լարվածություն էին ստեղծում, որ գերմարդկային կենտրոնացման ու ինքնատիրապետման շնորհիվ էր միայն պահպանում ներքին անդորրը: Զգում էր, թե ինչպես դանդաղ քամվում է ողջ կենսական էներգիան, որ ընդամենը մի քանի տարի առաջ այնպես ուժգին դրդում էր նրան առաջ ու միայն առաջ: Նույնիսկ դադարել էր երազել, և հիմա նրա կյանքի ողջ իմաստն ու նպատակը տեղավորվում էր մի պարզունակ բանաձևում` ձագիս հետ, ձագիս համար: Ինչ առնչվում էր այս հասարակ բանաձևին, նրան անասելի բավականություն էր պատճառում, իսկ դրանից դուրս ամեն բան ընդամենը զզվելի պարտականություն էր, որ ստիպված էր կատարել: Հաճախ այդ անդուր պարտականություններն ինչ-որ կերպ տանելի դարձնելու համար անուղղակի, նույնիսկ անհեթեթ կապերով միտումնավոր կապում էր իր կյանքի հիմնական բանաձևին… Ձագիս հետ, ձագիս համար… Ձագիս հետ, ձագիս համար… Ամենաաննշան ցանկություն լիներ, թե մի խելագար կապրիզ, որևէ կերպ արտահայտված ձագի կողմից, ստիպում էր նրան կորցնել հանգիստը: Եթե պատահում էր` որդին, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, իր սրտին ցանկալի բանն էր պահանջում` մի ձենի ամբողջ փողոցով մեկ գոռալով, նա երբեք չէր սաստում, չէր ասում` հիմա հարմար չի, չի կարելի կամ չեմ կարող, նման պահերին նա ուղղակի կորցնում էր իրեն… Չնայելով հանգամանքներին ու հնարավորություններին` իրեն պատեպատ էր տալիս, գետնի տակն էր անցնում, անգամ սատանայի հետ էր գործակցում, իսկ եթե դա էլ չէր օգնում, զանգում էր աներոջը, միայն թե հնարավորինս արագ բավարարի որդու հերթական պահանջը: Նա ասես մի կամազուրկ Ջին լիներ, որի ոչ միայն ատամներն էր հաշվել տիրակալ ձագը, այլև շիշն էր կոտրել հուր հավիտյան: Ասես հոգեպես վատառողջ մեկն էր, ով հերիք չի տառապում էր սեփական բռնակալ ձագի ձեռքին, նաև դրանից հաճույք էր ստանում… Երբ հաջողվում էր իրագործել որդու որևէ ցանկություն, նա բավարարվածության զգացումից ուղղակի հալչում էր. սիրագորով հայացքն ուղղում էր որդուն ու համարյա միշտ մտածում էր` էն ինչ ես չունեցա, ձագս, թող որ դու ունենաս… Նա ուղղակի անչափ հոգատար հայր էր, որ կարծես կամավոր գերի էր հանձնվել սեփական նենգ ձագին:
Ուստի այդ օրը նրանք հայր ու որդի դուրս եկան տնից գազանանոց գնալու հաստատ մտադրությամբ, բայց մուտքից դուրս գալիս, հենց դռների մոտ հանդիպցին հարևանի 8-9 տարեկան տղային, որ նստած աստիճանների վրա` անհամբեր զգուշությամբ բացում էր իր պաղպաղակը` նախօրոք աչքերով վայելելով այն: Ամեն բան այնքան արագ կատարվեց, որ նա որևէ հնարավորություն չուներ կանխելու ոչ իրեն, ոչ առավել ևս ձագին: Նա ուղղակի դատապարտված էր… Տղայի ձեռքին պաղպաղակը տեսնելուն պես ձագն առանց զգուշացնելու մի այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ նա անակնկալից սկզբում մեխվեց տեղում, ապա պաղպաղակով տղայի ապշահար հայացքի ներքո շփոթված դեսուդեն նայեց, ինչ-որ հանգստացնող բառեր մրթմրթաց, և վերջապես կողմնորոշվելով, մի կտրուկ շարժումով տղայի ձեռքից խլեց պաղպաղակն ու տվեց իր ձագին: Ձագն իսկույն ձայնը կտրեց: Մինչ տղան շարունակում էր սառած նայել նույն դիրքում մնացած ձեռքի դատարկությանը, ասես աչքերին չհավատալով շարունակում էր զգալ ֆանտոմային պաղպաղակը, նա գրկեց իր ձագին ու միասին նստեցին քիչ հեռու կայանած մեքենան: Ձագին քնքշորեն տեղավորեց կողքի նստատեղին, հոգատար կապեց ամրագոտին ու գործի գցեց շարժիչը: Մի պահ դադար տվեց ու գորովալից նայեց` ինչպիսի հաճույքով է ձագն ուտում պաղպաղակը: Ծանոթ դողը չուշացավ, վերից վար ալիքի պես անցնելով ողջ մարմնով: Խոր հենվեց նստատեղին ու բավարարված փակեց աչքերը: Կոպերի տակ ինչպես միշտ հայտնվեց աներն ու վարժ շարժումով թռցրեց անդամը: Միևնույն ժամանակ թվաց` հետևից ազդանշան են տալիս: Հայելու միջով հետ նայեց, բայց մեքենա չկար: Անմիջապես մտածեց` տեսնես ու՞մ եթիմն ա լացում դրսում ու սեղմեց գազի ոտնակը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *