Չարլզ Դիքենս | Սուրբծննդյան գոբլինները

Մի հին, աբբայական քաղաքում շատ տարիներ առաջ Գեբրիել Գրաբ անունով մեկը գերեզմանատանը որպես եկեղեցու պահակ ու գերեզմանափոր էր ծառայում: Նա ճղճիմ, ձանձրալի, խոժոռադեմ մարդ էր, որ բացի իրենից ու իր ծղոտեպատ գինու շշից ոչ մեկի հետ հաշվի չէր նստում: Սուրբծննդյան նախօրեին` մթնշաղից որոշ ժամանակ անց, Գեբրիելը բահն ուսին գցեց, վառեց լապտերն ու քայլերն ուղղեց դեպի հին գերեզմանատուն։ Մինչև առավոտ գերզեման ուներ փորելու, ու քանի որ շատ ճնշված էր, մտածեց, որ հնարավոր է` տրամադրությունը բարձրանա, եթե միանգամից գործի անցնի: Քայլեց այնքան, մինչև հասավ մի մութ, նեղ ճանապարհի, որ դեպի գերեզմանատուն էր տանում. մի գեղեցիկ, մթին, տխուր վայր էր այն, որտեղ քաղաքի բնակիչները միայն ցերեկն են գնում, հետևաբար նա մի քիչ զայրացավ, երբ լսեց, թե ինչպես է մի պատանյակ բարձրաձայն մի ուրախ երգ երգում Սուրբ Ծննդյան մասին: Գեբրիելը սպասեց մինչև տղան մոտեցավ, հինգից վեց անգամ լապտերով գլխին հարվածեց, քանի որ ուզում էր տղան ձայնը ցածրացնի: Ու հենց տղան գլուխը բռնած վազեց, Գեբրիել Գրաբը քթի տակ ծիծաղեց ու մտավ գերեզմանատուն` իր եևից դարպասը փակելով: Հանեց վերարկուն, ցած դրեց լապտերն ու դեռևս կիսափոր գերեզման մտնելով` մոտ մեկ ժամ հաճույքով աշխատեց: Սակայն հողը ցրտից կոշտացել էր և այն քանդելն ու բահով մի կողմ գցելն այնքան էլ հեշտ չէր: Ուրիշ ժամանակ սա Գեբրիելին շատ կնյարդայնացներ, բայց նա այնքան բավարարված էր երգող փոքրիկ տղային կանգնեցնելով, որ ուշադրություն չդարձրեց այդ գիշեր իր գրանցած փոքր հաջողության վրա և, մինչ իրերն էր հավաքում, սարսռազդու բավարարվածությամբ ցած նայեց գերեզմանին` քթի տակ մրմնջալով.
«Ընտիր կացարան, ընտիր կացարան,
Մի մետր սառը հող, երբ կյանքիդ օրերն անցան»:
«Հա, հա, հա,- ծիծաղեց` նստելով հարթ գերեզմանաքարին, որ իր սիրած հանգստի վայրն էր, և հանեց գինու ծղոտեպատ շիշը: -Դագաղ` Սուրբ Ծնունդին: Իսկական սուրբծննդյան նվեր: Հա, հա, հա»:
«Հա, հա, հա»,- մի ձայն կողքից կրկնօրինակեց նրան:
«Արձագանքն էր»,- ասաց նա` շիշը նորից շուրթերին մոտեցնելով:
«Արձագանք չէր»,- լսվեց մի խորը ձայն:
Գեբրիելը վեր կացավ ու սարսափից մեխվեց տեղում․ աչքերը կանգ առան մի կերպարանքի վրա և արյունը սառեց երակներում: Վեր ցցված մի շիրմաքարի վրա` հենց իր կողքին, մի տարօրինակ, ոչ երկրային արարած
էր նստած: Նա չափազանց հանգիստ էր, ու նայեց Գեբրիել Գրեբին մի այնպիսի քմծիծաղով, որ միայն գոբլինին է հատուկ:
«Սուրբծննդյան նախօրեին ի՞նչ ես անում այստեղ»,- խստորեն հարցրեց գոբլինը:
«Եկել եմ գերեզման փորելու, սըր»,- կմկմաց Գեբրիելը:
«Ո՞վ է այս մարդը, որ այս ուշ ժամին թրև է գալիս գերեզմանոցում»,- բղավեց գոբլինը:
«Գեբրիել Գրեբը, Գեբրիել Գրեբը»,- կրկնեց վայրի մի ձայնախումբ, որ տարածվեց գերեզմանատնով մեկ:
«Շշիդ մեջ ի՞նչ կա»,- ասաց գոբլինը:
«Հոլանդական օղի, սըր»,- պատասխանեց եկեղեցպանն ավելի շատ դողալով, քանի որ օղին մաքսանենգներից էր առել, և մտածեց, թե հարց տվողը գոբլինների համապատասխան բաժնից է:
«Ո՞վ է հոլանդական օղին մենակ խմում, այն էլ գերեզմանատանն ու այս օրով»:
«Գեբրիել Գրեբը, Գեբրիել Գրեբը»,- վայրի ձայները լսվեցին նորից:
«Եվ ո՞վ է ուրեմն մեր արդար նվերը»,- բացականչեց գոբլինը` ձայնը բարձրացնելով: Նորից անտեսանելի նվագախումբը ձայնեց.
«Գեբրիել Գրեբը, Գեբրիել Գրեբը»:
«Լա՛վ, Գեբրիել, սրան ի՞նչ կասես»,- ասաց գոբլինը` առաջվանից ավելի լայն ժպտալով:
Գերեզմանափորը շունչը պահեց:
«Գեբրիե՛լ, ի՞նչ ես կարծում»:
«Սա շատ…շատ հետաքրքիր է, սըր, հրաշալի է»,- պատասխանեց գերեզմանափորը` վախից կիսամեռ: «Բայց ես, ես ավելի լավ է գնամ գործս ավարտին հասցնեմ, սըր, ձեր թույլտվությամբ…»:
«Գո՜րծ»,- ասաց գոբլինը,- «ի՞նչ գործ»:
«Գերեզմանը, սըր»:
«Ա՜, գերեզմանն ասում ես, հա՞: Ո՞վ է գերեզման փորում, երբ մյուսներն ուրախ են, և դեռ դրանից հաճույք ստանում»;
Նորից ձայները պատասխան հնչեցրեցին.
«Գեբրիել Գրեբը, Գեբրիել Գրեբը»:
«Վախենամ` ընկերներս ուզում են տեսնել քեզ, Գեբրիել»,- ասաց գոբլինը:
«Գթասիրտ եղեք, սըր,- պատասխանեց սարսափահար գերեզմանափորը,- իրենց ինչներին է պետք.․․նրանք ինձ չեն ճանաչում, այդ մարդիկ երբևէ չեն էլ տեսել ինձ»:
«Տեսել են, անշուշտ: Մենք գիտենք մեկին, որ կատաղի չարությունից ու նախանձից հարվածեց տղային միայն նրա համար, որ տղան կարող էր ուրախ լինել, իսկ ինքը` ոչ»:
Այստեղ գոբլինն այնքան բարձր, սուր ծիծաղեց, որ արձագանքը քսան անգամ ավելի բարձր ձայնով հնչեց:
«Վախենամ` պիտի լքեմ ձեզ, սըր»,- ասաց գերեզմանափորը` շարժվելու փորձ անելով:
«Լքե՜ս մեզ,- բացականչեց գոբլինը,- հա, հա, հա»:
Ծիծաղելիս գոբլինը հանկարծ նետվեց դեպի Գեբրիելը, ձեռքը դրեց նրա օձիքին ու նրա հետ գետնի տակ սուզվեց: Երբ Գեբրիելը ժամանակ ունեցավ շունչը տեղը բերելու, իրեն գտավ մի վայրում, որ ասես ընդարձակ քարայր լիներ` տգեղ ու մռայլ գոբլիններով շրջապատված:
«Իսկ հիմա,- ասաց գոբլինների արքան, որ նստած էր սենյակի կենտրոնում՝ մի բարձր շիրմաքարի վրա (գերզմանատան իր «ընկերն» էր),- ցո՛ւյց տվեք այս նենգ ու մռայլ մարդուն մի քանի պատկեր մեր հոյակապ գանձարաններից»:

Այս ասելուն պես մի ամպ աստիճանաբար պտտվեց ու ցուցադրեց մի փոքրիկ, համեստ կահավորված, բայց մաքուր բնակարան: Փոքրիկ երեխաները` մոր փեշից կպած, մերթ խմբվում էին վառ կրակի շուրջ, մերթ խաղում՝ մոր աթոռի շուրջ պտտվելով: Սեղանին ոչ այնքան շքեղ ուտելիքներ էին, կրակի կողքին բազկաթոռ
կար: Շուտով հայրը եկավ, երեխաները վազեցին նրան դիմավորելու: Երբ հայրը նստեց ուտելու, մայրը կողքին նստեց, և ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ ու հանգիստ էր թվում:
«Սրան ի՞նչ կասես»,- ասաց գոբլինը:
Գեբրիելը քթի տակ «շատ գեղեցիկ է»-ի պես մի բան մրմնջաց:
«Էլի՛ մի բան ցույց տվեք նրան»,- ասաց գոբլինը:
Որքան ամպը գնաց և եկավ, այդքան շատ դաս այն սովորեցրեց Գեբրիել Գրեբին: Նա տեսավ, որ մարդիկ, որոնք տքնաջան աշխատում էին և իրենց հանապազօրյա հացը վաստակում, ուրախ էին ու երջանիկ: Եվ նա եկավ այն եզրահանգմանը, որ, ի վերջո, մարդկանց այս տեսակ աշխարհը հարգանքի է արժանի: Հազիվ էր եկել այս մտքին, երբ թվաց, թե վերջին պատկերի վրա փակվող ամպը մխրճվեց իր ենթագիտակցության մեջ ու հանդարտություն պարգևեց նրան: Մեկ առ մեկ գոբլիններն աղոտանում էին իր տեսադաշտում, և հենց վերջինն անհետացավ, գերեզմանափորը խորը քնի մեջ ընկղմվեց:
Երբ արթնացավ, լույսն արդեն բացվել էր. տեսավ` պառկած է հարթ շիրմաքարին, կողքին` դատարկ, ծղոտեպատ գինու շիշը: Մի կերպ ոտքի կանգնեց և, եղյամը վերարկուի վրայից թափ տալով, դեմքն ուղղեց դեպի քաղաք:
Բայց նա փոխվել էր, բարության ու քնքշության դասեր էր քաղել իր`գոբլինների քարայրում վերապրած տարօրինակ արկածներից:

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Ղազարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *