Ֆերեյդուն Թոնքաբոնի | Տատիկը քնած չէր

– Բարձրանա՞մ:
– Առանց տոմսի չես կարող: Տոմս ունե՞ս:
Դուռը ֆսսոցով փակվեց: Ավտոբուսը շարժվեց:
– Աղա, կնստեցնե՞ս ինձ:
– Քայլիր, ոտքդ թող բացվի: Լավ չի՝ հիմիկվանից թամբալություն սովորես:
Մյուս ավտոբուսի կողմը վազեց:
– Նստե՞մ:
– Ա՛յ տղա, մի կողմ քաշվիր:
«Շան ծնունդ, քո մերը»,- մտքում ողջ սրտով հայհոյեց:
Մի փոքր կանգնեց, մինչև հաջորդ ավտոբուսն եկավ:
– Բարձրանա՞մ:
Վարորդի օգնականն ունքերը ցցեց, իսկ նա գլխի շարժումով ասաց.
– Լա՛վ, թող նստեմ, ինչ կլինի, որ…
– Վատ կսովորես: Կուզես՝ երկու ոտ տեղն էլ ավտոյով գնաս:
– Ասադոլլահ, թող նստի,- անտրամադիր վրա բերեց վարորդը:
Եվ նա իրեն սպասել չտվեց: Վազեց առջևի դռան կողմը: Մի քանի վայրկյան ոտքը կախ գցեց: Վարորդը նայեց նրան, բայց դուռը չփակեց, և արագ ու խիզախորեն բարձրացավ աստիճաններով: Բարևի փոխարեն ծիծաղեց տղամարդու աչքերին: Բայց վարորդը մի փոքր էլ նայեց նրան, գլուխը տարուբերեց և շարժվելու պահին դռան դիմացից նրան աջ ձեռքով մի կողմ քաշեց:
– Հետևն անցիր:
Մի փոքր նեղացավ: Այնպիսի զգացողություն էր՝ կարծես հայրիկն իր համար խաղալիք կամ հուշանվեր գնի և հանկարծակի ապտակի: Ասես մինչև հիմա իր հետ այդպիսի դեպք չէր պատահել: Ո՛չ նվեր, ո՛չ էլ ապտակ: (Բայց այդ զգացողությունն իրեն լավ ծանոթ էր): Քանի որ ընդհանրապես չգիտեր՝ ծնողներն ուր են, կամ որ մի գրողի ծոցն են գնացել: Նրանց երբեք չէր տեսել ու չէր հիշում: Հնարավոր էր՝ հայրը մեռած լինի, բանտարկված կամ անապատներում մոլորված: Կամ լրիվ ուրիշ տեղ է ապրում և իրեն ջնջել է հիշողությունից, կամ փախել մի անառակի հետ. գուցե ամուսնացել մեկ ուրիշի հետ: Հնարավոր էր նաև՝ սրանցից ոչ մեկն էլ ճշմարիտ չէ: Քանի որ ինքը հարևաններից տարբեր ու հակասական պատմություններ էր լսել, դրանք բոլորն անմիջապես իրեն էր վերագրում ու պատկերացնում՝ հայրը կամ մայրը հերոսներն են այդ պատմությունների: Մի բան էր պարզ՝ անունը Ջավադ էր: Տասը-տասներկու տարեկան էր. գուցե մի փոքր ավել կամ պակաս, ուներ մի ծեր տատիկ, որին տատա էր ասում: Մի տան անկյունում՝ միջին չափի մի սենյակում էին ապրում: Իր բոլոր հուշերն ու ծանոթները սահմանափակվում էին այդ սենյակով, այդ տնով, տան մյուս սենյակներով ու հարևաններով, որ, չնայած իրենց փնթփնթոցներին, հայհոյանքներին ու կռիվներին, սիրալիր էին իրենց նկատմամբ և երբեմն մի կտոր հաց ու պանիր էին տալիս կամ մի թաս ապուր ուղարկում:
Հիմա արդեն մի քանի ամիս կլիներ, ինչ սենյակի վարձն էլ նրանցից չէին վերցնում: Երբ տատիկը հիվանդացավ ու չկարողացավ գնալ սրա-նրա տուն, նրանց համար մաքրություն կամ լվացք անել, իրենք լրիվ անփող մնացին: Տանտիրուհին, որ գարշելի, կեղտոտ ու չեչոտ կին էր՝ սև, ցախավել մազերով, և միշտ թվում էր՝ մանկության օրերի ահազարհուր բոբոն կամ հրեշ պառավն է, մի քանի անգամ ձայնը գլուխն էր գցել և անգամ սպառնացել, որ նրանց եղած-չեղածը դուրս կշպրտի, բայց հետո հարևան կանայք հավաքվել էին, և Մոհթարամ բանուն՝ Մեծ տիկնոջ հարսը, որ լուսներես էր՝ ձվաձև ու գծած դեմքով, ուներ ուղիղ վարսեր ու տրտում աչքեր, իր երկարաշունչ, լալագին ձայնով ասել էր.
– Տիկի՛ն, Աստծուն հաճո չի լինի, որ նեղացնես այս հիվանդ, ծեր կնոջը: Խեղճն ի վիճակի չէ: Մարդու սիրտ է կտոր-կտոր լինում: Մենք ամեն մեկս հինգ-տասը թուման կդնենք, վարձը կտանք:
Եվ տանտիրուհին ամաչել ու ասել էր.
– Վա՜յ. ի՞նչ կարիք կա: Աստծո Դատաստանից ոչ ոք չի փախչի: Ես հո անհավատ, մուրացկան կամ չտես չե՞մ, որ ձեզնից վերցնեմ: Մտածում էի՝ ունի, բայց չի ուզում վճարել:
Եվ դրանից հետո այլևս չխոսեց: Երբ Ջավադը տանն էր լինում, կարծես նրանց բոլորի համար տան աշխատող լիներ: «Ջավա՛դ, վազի՛ր, երեք հատ հաց բեր»: «Ջավադ, այս դույլը տուր փողոցն ավլողին»: «Ջավա՛դ ջան, ձեռքերիդ մեռնեմ, վազի՛ր, քաչալ Մահմուդից երկու հատ ձու բեր, արագացրո՛ւ»:
Իհարկե, նրան երբեմն տասը շահի մանրադրամ էլ էին տալիս, բայց երբեք չէր համարձակվում թռցնել նրանց փողը (չնայած հիմնականում պարտքով էին առևտուր անում, և իր ձեռքն էլ շատ քիչ էր փող հայտնվում): Նա ամեն ինչի գինը գիտեր և հասկանում էր՝ թե գողանա, գլխին ինչ կբերեն ու օրն ինչպես սև կանեն: Բայցև շատ էր ուզում թռցնել, հատկապես, երբ աչքի առաջ ուտելիքներ էին կամ ընդեղեն, որոնց տենչում էր: Բայց չէր կարող:

****

Վարորդն արագությունը փոխեց, մեքենան ճոճվեց ու թափ հավաքեց: Եվ նա դիմացի ապակու միջից նայում էր փողոցներին ու ավտոմեքենաներին, տեսավ, թե ինչպես մի տաքսի ուղևոր վերցնելու համար միանգամից թեքվեց աջ՝ ուղիղ ավտոբուսի վրա: Վարորդն ուժեղ արգելակեց, հետո, ղեկը ձախ թեքելով, դուռը բացեց ու ձայնը գլուխը գցեց.
– Ա՛յ էշ քշող, ո՞վ է քեզ ղեկին նստեցրել: Ուզում ես՝ գլուխդ ջարդե՞մ:
Տաքսու վարորդը, գլուխն ապակուց դուրս հանելով, ասաց.
– Խփեիր՝ շալվարդ գլխիդ կքաշեի:
Ավտոբուսի վարորդը ծիծաղեց, նայեց նրան ու չխոսեց:
– Շատ տականքն ես,- ասաց տաքսու վարորդը՝ ոտքը արագության սեղմակին դնելով:         Ավտոբուսի վարորդը, այս ողջ աներեսությունից զարմացած, ասաց.
– Խարդախ շան տղա:
Եվ դուռը շրխկացնելով փակեց: Իսկ նա, որ գլորվել էր աջ ու ձախ, առաջ ու հետ եկել, նորից նկատեց վարորդի ձեռքը, որ հրեց իրեն, և արագ մի կողմ քաշվեց՝ վախենալով, որ զայրացած վարորդն իրեն կապտակի կամ վզակոթին կտա: Այդպես շատ էր պատահել: Մեծ ու անծանոթ մարդիկ տեղի-անտեղի իրեն ապտակել կամ վզակոթին էին տվել: Նա վախեցել էր անգամ պատասխանել նրանց: Միայն երկու-երեք անգամ, երբ փախուստի ուղին բաց էր, և նրանք էլ լավ հեռու էին, հետևներից բղավել էր, հայհոյել ու փախել էր՝ առանց նայելու ու տեսնելու՝ լսել են, թե չէ և ինչպե՞ս են հակադարձելու:
Մի անգամ հրապարակներից մեկի անկյունում երեք-չորս պատանի էին կանգնել՝ հենված փողոցի մոտի բազրիքներին, ինքն էլ գնացել էր՝ նրանց լոտո վաճառելու: Նրանցից մեկը լոտոն վերցրեց, դրեց գրպանը, մյուսները ծիծաղեցին և ձևացրին, թե նրա հետ կապ չունեն, ուշադրություն չէին դարձնում ու ասում-խոսում էին: Մի պահ ոտքը կախ գցեց, սկզբում ծիծաղեց, հետո ձայնը բարձրացրեց, խնդրեց, փնթփնթաց, մինչև այն պատանին լոտոն հանեց ու իրեն տվեց, բայց մյուսը վերցրեց այն, արագ փոխանցեց ընկերոջը, հետո ամեն ինչ իրար խառնվեց, և նա չհասկացավ՝ տոմսը որ մեկի մոտ է, և ումից հարցնում էր,  պատասխան չէին տալիս: Ի վերջո, համբերությունը հատեց, սկսեց գոռալ, բղավել և ձևացրեց, թե լալիս է, մինչև նրանցից մեկն ասաց.
– Տո՛ւր դրան՝ զռռոցը կտրի:
Լոտոն տվեցին: Եվ նա, նրանցից մի քանի քայլ հեռանալով, բարձրաձայն ասաց.
– Չեն էլ ամաչում, էշի քուռակներ:
Փախավ: Բայց նրանցից մեկը վազեց, նրա պարանոցից բռնեց ու վզակոթին տվեց: Չչարչարեցին: Միայն պարանոցից պինդ բռնեցին ու հարցրին.
– Էլ չես հայհոյի՞:
– Չէ:
– Ասա՝ ղալաթ եմ արել:
– Ղալաթ եմ արել:
Բաց թողեցին: Եվ ավելի հեռանալով՝ ավելի զգուշացավ ու այն պահին, երբ հասկացավ՝ էլ իրեն չեն հասնի, բղավեց.
– Ձեր մերը:
Ու վազեց: Սակայն նրանցից մեկը նորից հետևից ընկավ ու բռնեց, վզից սեղմեց ու նրան հետ տարավ մյուսների մոտ: Երբ հասան նրանց մոտ, մեկն ապտակեց (ոչ այդքան ուժեղ) ու նորից հարցրեց.
– Էլի կհայհոյե՞ս:
– Չէ:
– Ասա՝ քաք եմ կերել:
Նա լուռ էր:
– Ասա քաք եմ կերել:
Այն մեկը սեղմեց վզից:
– Ղալաթ եմ արել:
– Չէ՜, չեղավ, ասա՝ քաք եմ կերել:
Այս մեկը վիզը մյուսից ավելի ուժեղ սեղմեց: Այս անգամ իրոք  ցավեցրեց:
– Քաք եմ կերել:
Բաց թողեցին: Այս անգամ իր ճամփան բռնեց ու գնաց: Այնուհետև փողոցի մյուս կողմից պտտվեց, եկավ կանգնեց բազրիքների մոտ (նրանք իրեն մեջքով էին) ու բղավեց.
– Ձեր մերերն էլ, քուրերն էլ:
Շրջվեց, մեքենաների արանքով փախավ: Երկու-երեք անգամ քիչ էր մնում՝ ավտոմեքենայի տակ գցեին, բայց նա, որ հիմա արդեն սրտի մաղձը թափել էր, իր ասելիքն ասել, էլ ուշադրություն չէր դարձնում վարորդների հայհոյանքներին ու բղավոցներին: Ողջ փողոցով մեկ վազեց: Հետո էլ դեռ երկար ժամանակ վախենում էր երևալ այն կողմերում:

****

Ավտոբուսը կանգ առավ հրապարակի մոտ, և մարդիկ իջան: Հրապարակում քայլ դնելով՝ առաջին բանը, որ տեսավ ու լսեց, լոտոյավաճառներն ու նրանց աղմուկ-աղաղակներն էին: Թվում էր՝ ամեն երեքից երկուսը լոտո են վաճառում: Ամեն տեսակ մարդ կար: Հաշմանդամ ու անվասայլակով, նստած, կանգնած, մեծ, փոքր, կին, տղամարդ, երեխա, քաղաքացի, գյուղացի, գեր, նիհար… բոլորը լոտո էին վաճառում և ձայներով՝ կարճ ու երկար, բամբ ու բարակ, խռպոտ ու երգեցիկ, ավանակի ու աքլորի ճտի նման բղավում էին:
Բազմատեսակ մարդիկ էին, որոնց նմանությունը միայն ձեռքների լոտոների տրցակն էր: Բայց նա լոտոները ձետքը չէր պահում. դրանք թաքցրել էր ծոցը՝ վերնաշապիկի մեջ, և ամեն անգամ դրանցից միայն մեկն էր դուրս հանում: Հետո նայում էր մարդկանց, գցում-բռնում՝ նրանցից ում օձիքից բռնի: Հիմնականում կանանց էր ընտրում, գլխաբաց ու պճնված կանանց: Չադրայավորները ժլատ էին ու փնթփնթան: Բոլորը մի բան էին ասում. «Հանգի՛ստ թող, ա՛յ բալա: Որ բախտ ունենայինք, անուններս Բախթիար[1] կլիներ»: Բայց մյուս կանանց սիրտը ցավում էր և գնում էին: Ինքն էլ հասկանում էր՝ հանուն իրեն և հանուն իր՝ սիրտ ճմլող դեմքի էին առնում: Հենց դրա համար էլ հիմնականում նրանց հետևից էր ընկնում: Սովորել էր ճնշված ու խեղճ դեմք ընդունել: Փոխանակ թախանձելու և աներեսության, որով գիտեր՝ կնյարդայնացնի ու կզզվեցնի, նրանց կողքով դանդաղ քայլում էր, աչքների մեջ նայում, գլուխը ծռում ու լալագին ասում. «Խանում, էս մեկն առ, էլի, ինձնից. էս մեկն է մնացել»: Նրանց հետևից քայլում էր, մինչև լոտոն գնեն: Բայց արդեն էլ չէր խոսում: Միայն ամեն անգամ, հենց իրեն ուշադրություն էին դարձնում, նայում էր աչքների մեջ և գլուխը մեղավորությամբ ու ամոթխածությամբ կախում: Կարծես խոստովաներ, որ մեղավոր է ու նեղություն պատճառող: Եվ հենց սա էր հաղթում նրանց ու ստիպում, որ իր լոտոն գնեն:
Հետո երիտասարդ աղջիկների ու տղաների հերթն էր: Եթե նրան իրեն ուշադրություն չէին դարձնում ու անցնում էին կամ փնթփնթում էին ու հոխորտում, թե՝ «Մի կողմ անցիր, քանի անգամ ասեմ՝ չեմ ուզում», ուրեմն չէին առնում: Բայց հենց մի անգամ նայում էին նրան ու ծիծաղում, հասկանում էր, որ հաստատ կգնեն, թեպետ ասում էին՝ չենք ուզում, կամ մի երկու-երեք անգամ արհամարհում էին իրեն: Չէր հասկանում՝ ինչի վրա էին ծիծաղում: Ի՞ր, որ ծիծաղելի չէր, թե՞ իրենց բան ու գործի, որն այդքան էլ ծիծաղաշարժ չէր թվում: Ամեն դեպքում նրանց ծիծաղը միշտ հաջողության նշան էր:
Վարորդներն ու իրենց աշակերտները, խանութպաններն ու ջահելները իրենից քիչ էին առնում: Բայց եթե բախտը բերում էր, և առնում էին, չորս-հինգ հատից քիչ չէր լինում: Ոմանք էլ կային, որ մեկ-երկու հատ էին գնում, բայց շատ էին տանջում ու հոգին ուտում: Նախ պարտադրում էին խոստովանել, որ մեկից շատ ունի և ստիպում էին, որ վերնաշապիկի միջից հանի լոտոները: Հետո դրանք էին տակնուվրա անում: Թվերն էին նայում ու լոտոները ծանրութեթև անում: Կարծես հաղթող լոտոն էին փնտրում: Նա ինքն էլ շատ էր ուզում իմանալ հաղթող լոտոն և այն պահել իր համար: Բայց գիտեր, որ անիրական երազանք է: Գիտեր, որ դատարկ լոտո էլ, հաղթող լոտո էլ վաճառելու դեպքում միևնույն է՝ իրեն նույն մեկ ռիալն ու հինգ շահին էր մնալու: Մնացած տասնհինգ շահին այն մարդունն էր, որ հրապարակի վրա կրպակ ուներ, և իր նման տղեկներից շատերն էին աշխատում նրա համար, նրանից լոտոներ վերցնում ու վաճառում: Էլի ապրի Մոհթարամ բանուի ամուսինը, որ այս գործը գտել էր իր համար, որ թե՛ փողոցներում թրև չգա և ուրիշների հետ կռիվ չանի, թե՛ ամեն դեպքում ձեռքը մի բան ընկնի:
Առաջին օրն էլ էր կռվով սկսվել: Փողոցում կռիվ էր բռնել Հոսեյնի ՝ իր հասակակից մի տղայի հետ, որ նիհար էր ու կարճլիկ և իրենից ավելի մեծ էր երևում, այնինչ ինքն էլ նիհար էր ու մանր-մունր: Սկզբում իրեն լավ ծաղրել էր ու բոլոր երեխաների առաջ խայտառակել: Հետո ապտակել էր, և երբ Հոսեյնն անհարմար ձևով բռունցքով հարվածել էր իր թևին, հետ-հետ էր գնացել, առաջ եկել, գլխով խփել Հոսեյնի փորին, որից հետո նա գետնին էր ընկել և ձեռքը երկարել, մի աղյուսի կտոր վերցրել ու նետել իր վրա. աղյուսը գլխին էր կպել, կաշին քերել ու ճղել: Տատիկը, դեմքի ու ճակատի արյունը տեսնելով, քիչ էր մնում՝ կաթված ստանար:     Հաջորդ օրն իր համար այս աշխատանքը գտան ու տեղավորեցին նրան: Օրական քսան-քսանհինգ հատ վաճառում էր: Բախտը բերում էր, եթե օրը երեսուն հատ վաճառում էր. դրանից ավելի շատ չէր պատահում, բայց քիչ պատահում էր: Օր օրի լոտո վաճառողները շատանում էին, իսկ լոտոյի վաճառքը՝ քչանում:
Փողերը գցում էր մի փոքրիկ քսակի մեջ, որ տատիկն էր իր համար կարել և վիզը կապել քարի թելով: Վախվորած ուշադրություն էր դարձնում փողին, և եթե վաճառքը լավ էր լինում, խիզախում էր, մեկ-երկու ռիալ տալիս, սառցառումբ[2], պաղպաղակ կամ մանր-մունր մի բան էր գնում և ուրախանում: Ամեն երեկո էլ փողերը տալիս էր տատիկին:

****

Վերնաշապիկի վրայից ձեռքը քսակը տարավ ու ասաց.
– Չորս հազար ու տասը շահի մնում է: Հետո ճիշտ հինգ թուման կլինի:
Դեռ շատ վաղուց մի բան, մի երազանք էր միտքը տանջում: Այդ ժամանակն իրեն անքան երկար էր թվում, որ չգիտեր՝ ինչքան կամ քանի օր է: Միայն գիտեր՝ երբ էր առաջին օրը, և ինչպես սկսեց:
Տատիկը օրերից մի օր իր պատանեկության ու հուշերի էջն էր բացել՝ նրա համար պատմելով իր՝ այդ օրերի պատմությունները: Պատմում էր, թե մի օր ինչպես էին գնացել մի այգի ու ծառերից գաղտագողի ծիրան քաղել, այգեպանը եկել էր, իրենք վախեցել էին, բայց նա ասել էր. «Աստծո պարգևն ուտելու համար է»: Եվ իրենց համար մի լիքը թաս քաղցր, ընտիր ու խոշոր ծիրան էր քաղել-բերել: Սա տատիկի ամենաքաղցր հիշողությունն էր, որ միշտ էր հիշում: Տատիկի հուշերում ծիրանը մեծ տեղ ուներ, և Ջավադը կարողանում էր տատիկին պատկերացնել ծիրանով լի թասի մոտ, թե ինչպիսի տենչանքով ու հափշտակությամբ է ուտում դրանք, հետո կորիզը ջարդում, դա էլ ուտում: Տատիկը վերջերս ասել էր. «Հիմա որտեղի՞ց էդպիսի ծիրան կգտնես: Է՜, հիմիկվանները… ասա է՜: Անցած տարի չկարողացա էրկու կտոր առնել – ուտել»:
Եվ նա զգաց, որ սրտում մի բան կոտրվեց ու փուլ եկավ (ինքն էլ չգիտեր՝ ինչ), ու սիրտը փշուր-փշուր եղավ: Այդ գիշեր ու հաջորդ օրը մտքում անընդհատ տատիկի ծիրանն էր: Տատիկի ծիրանը: Ծիրանով տատիկը: Ինքն էլ զարմացավ, թե այդ միտքն ինչու դուրս չեկավ ուղեղից:
Ինչքան մտածում էր, ինչի մասին մտածում էր, տեսնում էր՝ վերջում ծիրանին ու տատիկին էր հասնում:
Հաջորդ օրը գլխում մի միտք հղացավ: Սկզբում այն հեռավոր էր, անորոշ ու անհավանական: Բայց երբ լավ մտածեց, տեսավ՝ այնպիսի մի պատճառ չկա, որ չկարողանա այդ գործը գլուխ բերել. թեպետ շատ ժամանակ էր պետք: Բայց ի՞նչ կարևոր էր: Այսօր ու վաղը. կարևոր չէր՝ երբ կկարողանա դա իրականացնել: Մտածեց. «Փողերս կհավաքեմ, նրա համար անպայման կառնեմ. շատ կուրախանա: Կենթադրեմ՝ սառցառումբ եմ առել – կերել»:
Օրական կարող էր հավաքել երեք ռիալ, երեք ռիալ ու տասը շահի, չորս ռիալ և առավելագույնը չորս ռիալ ու տասը շահի: Դա այն փողն էր, որ որպես ճանապարհածախս կամ գրպանի գումար, կարող էր մոտը պահել: Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, որքան պատկերացնում էր: Հենց որոշեց փողը չծախսել, այն մսխելու մի տարօրինակ ու անբնական ցանկություն պատեց: Ինչ տեսնում էր, ուզում էր գնել: Եվ ինչպիսի՜ բաներ էին: Հիմա արդեն հասկանում էր, թե աշխարհիս երեսին ինչքան ուտելիքներ կան, որ մինչև հիմա չի էլ ցանկացել և ընդհանրապես ուշադրություն չի դարձրել դրանց:
Երրորդն օրն ի վերջո չկարողացավ իրեն զսպել և երկու ռիալ տվեց, պաղպաղակ առավ: Սակայն փողը հենց տվեց ու այն ձեռքն առավ, հասկացավ՝ ինչ է արել: Զայրացել էր ու պաղպաղակը ձեռքում անշարժ պահել և ուզում էր լաց լինել: Պաղպաղակն արագ-արագ կերավ: Ասես վախենում էր՝ որևէ մեկը գա ու իրեն բռնի հանցանքի վայրում: Եվ իրեն որքան անհամ թվաց: Հաջորդ օրն ու մյուս օրերին ջանաց ավելի շատ լոտո վաճառել, որ կարողանա ավելի շատ գումար հետ գցել: Հենց այդպես էլ արեց: Բայց մի օր՝ փողերը քսակը լցնելիս, երկու ռիալանոց ձեռքից պլստաց, գլորվեց ու առուն ընկավ, և ավազների ու տիղմերի մեջ ինչքան փորփրեց, չգտավ:
Մի քանի օր անց նորից մոռացավ և մի անգամ էլ չդիմացավ, տրվեց ցանկությանը, երեք ռիալ վճարեց, նան մաջինի[3] գնեց: Բայց ողջ հարցը ցանկությունը չէր. շատ էր քաղցած: Երբ կշտացավ, անձայն մի կողմ քաշվեց, պապանձված ինքն իրեն նայեց ու երազեց մի ուրիշ տղա լինել (անշուշտ, իրենից ավելի նվազ), որ իր ուզածի պես մռթին տար, քացով խփեր, արյունլվիկ աներ ու տրորեր:
Օրերի հաշիվն արդեն կորցրել էր. միայն փողերի աննշան աճին էր ուշադիր: Ամեն անգամ, երբ հասնում էին մի կլոր թվի՝ մեկ թուման, երկու, երեք թուման, անգամ դա էր իրեն համակում մեծ ուրախությամբ: Եվ թվում էր՝ ավելի վստահելի ու հուսալի է դարձել:
Եթե այսօր չորս ռիալ ու տասը շահի էլ մի կողմ դներ, կկարողանար ուղիղ հինգ թուման ունենալ: Մինչև հիմա այդքան հետ չէր գցել՝ բացի մի անգամից: Հուսով էր, որ կկարողանա այն ձեռք բերել: Բայց ուզում էր գործն այսօր ավարտին հասցնել: Արդեն չէր համբերում: Այնքան էր սպասել, որ աստիճանաբար թվում էր՝ իր իղձը հեռացել է իրենից՝ նախկինից ավելի անհավանական ու անհավատալի դառնալով: Բայց այսօր եթե մնացածն էլ հավաքեր, կկարողանար գործը գլուխ բերել, որ խիղճն էլ հանգստանար: Կկարողանար շրջել մանկության անհոգ դրախտում: Հանձն առած պարտավորությունը վեր էր իր ուժերից, և պատասխանատվությունը սեղմում ու փշրում էր իր վտիտ ուսերը: Ամենակարևորն այն էր, որ ինքն էր իրեն զրկել իր բնական հոգեվիճակից, և այդ պատասխանատվությունն ու պարտավորվածությունը ստանձնելով՝ իր վզին մի նոր ու արհեստական վիճակ էր փաթաթել: Սակայն ինքն այս ամենը չէր հասկանում, ու հենց դա էր իր երջանկությունը:

****

Նոր էր մթնում, երբ սաստիկ համառությամբ ու պնդերեսությամբ, որ մինչև այդ օրն իր մեջ չկային, վաճառեց վերջին լոտոն: Հիմա արդեն կարող էր չորս ռիալ տասը շահին մի կողմ դնել և ուղիղ հինգ թուման ունենալ: Բայց դրանում դեռ վստահ չէր: Մի կողմ քաշվեց ու առանձնացրեց փողերը: Լոտոների գումարը, որ պետք էր տալ այն վաճառական տղամարդուն, դրեց մի կողմ: Հետո երեք թուման, երեք ռիալը դրեց մի կողմի վրա, որ տատիկին տա (լավ գումար էր թվում, որն էլ ավելի կմեծացներ ծիրանների ուրախությունը), հետո մնացած չորս ռիալ տասը շահին լցրեց իր փողերի մեջ: Բայց հավատը չէր գալիս, որ հինգ թուման ունի: Չորս թումանը թղթադրամ էր, մնացածը՝ մանրադրամներ: Վեր կացավ, գնաց, դրանք տվեց փողոցի մոտի կրպակն ու մի հինգ թումանանոց վերցրեց, որն այդքան էլ նոր չէր: Շատ էր ուզում՝ նոր, հարթ ու ամուր լիներ:
Բոլոր փողերը լցրեց քսակը, իսկ հինգ թումանանոցը պահեց ձեռքում ու ճամփա ընկավ: Հրապարակի մոտ՝ մի փոքր վերև, մրգի խանութ կար, որտեղով անընդհատ անցնելիս աչքի տակով նայում էր ծիրաններին: Կարծես վախենում էր՝ ուղիղ նրանց նայելու դեպքում իր ձեռքի տակից վազ տան ու փախչեն: Իսկ այժմ գնաց ուղիղ այդ խանութի ուղղությամբ: Փոքր-ինչ անհանգիստ էր ու վախվորած: Չգիտեր՝ ինչու: Բայց անընդհատ սպասում էր, որ մի բան կպատահի: Ինչ-որ մեկն իր փողը կթռցնի ու կփախչի: Կամ ոչ մի տեղ ծիրան չի լինի, գուցե իրեն չեն վաճառի, կամ էլ շատ թանկ կլինի: Ուզում էր գործն արագ գլուխ բերել ու տուն գնալ: Խանութում մի փոքր հերթ էր. մի քանի հոգի առևտուր էին անում, և սպասեց, մինչև այն դատարկվեց, ու գնաց ուղիղ վաճառողի դիմաց:
– Ծիրանն ինչքա՞ն է:
– Սրանք չորս թուման ու հինգ հազար ռիալ, նրանք՝ հինգ թուման ու հինգ հազար:
– Էժանով չես տա՞:
Տղամարդը դժգոհ չափեց նրան:
Մտածեց՝ սրանցից գնի ու հինգ ռիալն էլ պահի: Բայց սիրտը համաձայն չէր, հիմա եթե ուզում էր գնել, պիտի ամենալավը գներ: Ասաց.
– Էն հինգ թումանով չես տա՞: Գնդապետի տիկնոջ համար եմ տանում:
Սա այն խորամանկություններից մեկն էր, որ սովորել էր տանտիրուհուց: Չգիտեր՝ պատճառը որն է, բայց տեսնում էր, որ միշտ ազդեցություն է թողնում:
– Ի՞նչ կնոջ,- հարցրեց մրգավաճառը:
– Էն գնդապետի կնոջ,- իրեն չկորցրեց ու շարունակեց,- նա, որ միշտ քեզնից է միրգ առնում: Ինքն ասաց՝ էստեղ գամ:
– Հա՜, ճանաչում եմ. քեզ նոր են ընդունել:
– Հա,- խորամանկեց:
– Լավ, արի՝ տամ:
Մի տոպրակ վերցրեց և ծիրանները մեկ առ մեկ ջոկեց:  Ծիրանները խոշոր էին, հասած ու նրբագեղ: Որը որ վաճառողը վերցնում էր, բերանը ջուր էր լցվում, ուզում էր ցատկել ու այն ճանկել: Բայց ինքն իր դեմն առնում էր: Վաճառողը տոպրակը կշեռքին դրեց: Նժարը բարձրացել էր: Երկու հատ վերցրեց, պահեց ձեռքում: Մեկը տոպրակը գցեց, նժարը տատանվեց ու մի փոքր ներքև իջավ: Հետո մյուսը գցեց, տոպրակը վերցրեց, տվեց նրան և իր հինգ թումանը վերցրեց:
Խանութից մի փոքր հեռանալուց հետո տոպրակի բերանը բաց արեց, նայեց ծիրաններին, հետո ձեռքը մտցրեց ու դրանք շոշափեց: Բայց ձեռքն անմիջապես հետ քաշեց ու տոպրակն էլ փակեց: Ավտոբուսի մեջ կրկին բաց արեց տոպրակի բերանը, նայեց և նորից փակեց: Ինքն իր հետ տուրուառի մեջ էր: «Գրողը տանի, ինչ էլ քաղցր են: Մի հատ կվերցնեմ: Մի հատի եղածն ի՞նչ է. տեղը չի երևա»:
Բայց չվերցրեց: Ենթագիտակցորեն զգում էր, որ մատով չպիտի դիպչել ծիրաններին: Եթե մեկը վերցնի, էլ վերջ. դրան կհետևեն երկրորդը, երրորդն ու վերջինը: Պետք է առաջինը չվերցնել: Սակայն շատ բարդ էր: Չէ՞ որ ինքն էլ մինչև հիմա այդպիսի մեծության ծիրան չէր գնել ու կերել: Անգամ մոտիկից չէր տեսել. շատ դժվար էր հատընտիր ծիրաններով լի մի ամբողջ տոպրակ ձեռքում պահել ու մատով չդիպչել:
Բայց կար մի բան, որ իրեն կանխում էր: Տատիկը …: Այն միտքը, թե տատիկն ինչքան կուրախանա և իրեն ինչքան կօրհնի: Եթե հիմա վերցներ, կնշանակեր, որ տատիկից գողացել է: Եվ գողության մտքից, այն էլ՝ տատիկից, ողջ մարմինը դող էր ընկնում: Բացի այդ՝ հասկանում էր, որ տատիկն ինքը բոլոր ծիրանները հո չի ուտելու: Հազիվ կեսը, գուցե քաղցր կեսից ավելին իրեն տա: Բայց ինքը չէր կարող այն չընդունել, քանի որ տատիկը կասեր. «Եթե չուտես, կուլ չի գնա»: Գուցե տատիկն էլ պահեր ծիրաններն ու քիչ-քիչ ուտեր: Օրական մեկ-երկուսն ինքը ուտեր, մեկ-երկուսն էլ նրան տար: Բայց ինքը տատիկին կարող էր ասել. «Տատա՛, կեր: Ինչի մասին ես մտածում. նորից կառնեմ: Աստված մեծ է»: Բայց թե արդյոք մեկ ուրիշ անգամ կկարողանա հինգ թուման տալ ու մի կիլո ծիրան գնել, անգամ իր համար էր անորոշ: Իրականությունից դուրս էր և անհավանական: Մրթմրթում էր. «Հիմա սկիզբն ա. ծիրանն էն ժամանակ կէժանանա: Կամ էլ ավելի շատ լոտո կծախեմ»:
Հիմա էլ ոչ մի մտածմունք ու հոգս չուներ: Ոչ մի դարդ ու ցավ: Աշխարհն իրեն այդքան դաժան տեղ չէր թվում, որ մեկ ռիալի ու հինգ շահիի համար առավոտից երեկո իր ձայնալարերը պատռեր և ճամփին հանդիպած մարդկանց խնդրեր-աղաչեր, որ իրենից լոտո գնեն:
Հիմա միայն տատիկի մասին էր մտածում, տատիկի երջանկության ու երազանքի մասին: Չգիտեր՝ մեկ օրից, մեկ ժամից, անգամ մեկ վայրկյանից ի՞նչ է պատահելու: Բայց նույնիսկ չէր էլ մտածում: Իր աշխարհն ամփոփվում էր տատիկի ու ծիրանի տոպրակի գոյության մեջ, որն իր ձեռքում էր, և ամուր բռնել էր՝ այն վախով, որ հանկարծ ձեռքից չխլեն:
Չհասկացավ՝ փողոցից իրենց փողոց տանող ճանապարհի հեռավորությունն ինչպես անցավ: Արագ էր քայլում: Բայց զգուշությամբ: Չէր վազում՝ վախենալով, որ հանկարծ չընկնի, և ծիրաններն էլ թափվեն այս ու այն կողմ կամ տրորվեն ու ճզմվեն:
Հասնելով փողոցի ծայրին՝ սիրտը ահ ընկավ: Տեսավ՝ երեխաներն այնտեղ կանգնած են: Հոսեյնը քաշվել էր մի մութ անկյուն, և նույնիսկ կանգնելու ձևից կարելի էր կռահել, որ իրեն է սպասում՝ ցանկանալով վրեժ լուծել: Փորձեց ուշադրություն չդարձնել ու անցնել, սակայն Հոսեյնը ճամփան կտրեց:
– Ո՞ւր:
– Տուն:
– Էդ ի՞նչ է ձեռդ:
– Տատաս է ասել՝ իր համար բերեմ:
– Հետքդ չէր երևում: Լավ էլ ծլկել ես:
– Ուզում եմ՝ տուն գնամ:
– Ուշ գնաս տուն, տատադ կբարկանա՞:
– Ուզում եմ՝ տուն գնամ:
– Մամայի բալիկ:
– Մի կողմ անցիր, ուզում եմ՝ գնամ տուն:
– Մամայի բալիկ: Վրեն փչես, քաքի պես փռթիկ-փռթիկ կլնի:
– Մի կո՛ղմ գնա, հանգի՛ստ թող ինձ:
– Մի սրան տեսեք: Մամայի բալիկն հիմա կլացի: Ինչի՞ ես տակդ լցրել:
Համբերությունն արդեն հատել էր: Չէր ուզում կռիվ անել: Գիտեր, որ ծիրանները ձեռ ու ոտի տակ կճզմվեն, կամ տղաներ կթռցնեն դրանք: Ուզում էր շուտ գնալ տուն ու փրկվել: Հոսեյնն առյուծ կկտրեր ու շարունակ իրեն կվատաբաներ, իսկ տղաներն էլ կկարծեին, թե վախեցել – փախել է: Բայց այդ ամենը կարևոր չէր: Վաղը կամ մյուս օրը նրան ցույց կտար, այն էլ ոնց ցույց կտար: Որովհետև ահագին զայրացել էր, բայց հիմա հարկավոր էր մի բան ձեռնարկել ու գլուխն ազատել: Միանգամից մտածեց կամ էլ ընդհանրապես չմտածած՝ այդ բանն արեց, և դա էլ ճիշտն էր: Մի կողմ քաշվեց, հետո աջ ուսով հարվածեց Հոսեյնի կրծքին և նրան, որ, անտեղյակ կանգնած, գլուխ էր գովում, երկու-երեք մետր այն կողմ շպրտեց: Եվ մինչ տղաներն էլ ուշքի կգային, իր վտիտ, բայց ճարպիկ ոտքերի ողջ ուժով վազեց, անցավ այդ թոհուբոհի միջից, տան դռանը հասավ՝ մարմնի ծանրությամբ բախվելով այդ դռանը: Երբ տեսավ՝ դուռը փակ է, ուժով ու շարունակ այն թակեց: Մթության միջից տղաների ոտքի թփթփոցն էր լսվում: Տանտիրուհին ինքը դուռը բաց արեց և շփոթված նրան նայեց, որ գլորվելով իրեն տուն գցեց՝ անգամ մոռանալով բարևել: Ջրավազանն անցավ, հասավ սենյակի դռանը: Երբ ուզում էր ներս մտնել, ոտքը դռան շրջանակին կպավ ու գլխիվայր ընկավ: Բայց ուշադրություն չդարձրեց: Ոգևորված վազեց սենյակ և տատիկի մահճակալի մոտ գնաց: Բայց տատիկին լուռ ու անշարժ գտավ:
Տատիկը քնած չէր. մահացած էր:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

[1] Պարսկերեն անձնանուն, նշանակում է բախտավոր:

[2] Անգլ.՝ popsicle, որ նշանակում է սառցե պաղպաղակ: Առաջարկում ենք սառցառումբ բառը:

[3] Իրանական հացի տեսակ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *