ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ | Մարդն առանց հատկությունների

Ռոբերտ Մուզիլ

ՄՈՈՍԲՐՈՒԳԳԵՐԻ ԴԵՊՔԸ

1911 թվականի հոկտեմբերի 17-ին և 20-ին Վիեննաքաղաքում տեղի են ունենում երկու աննշան պատահարներ, որոնք հետագայում յուրատեսակ արտաքին խթանիչներ են ծառայում Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» վեպում ներառված մի կարևորագույն թեմայի մշակման համար, հիմք հանդիսանալով համընդգրկուն տեսական ու բարոյագիտական խնդիրների հետևողական արծարծման համար:
Առաջինը Ֆլորիանիգասսեի և Լանդեսգերիխտսշտրասսեի անկյունում գտնվող Մուզիլի բնակարանի հարևանությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարն էր` մահվան ելքով, որի նկարագրությամբ ու այդ առնչությամբ գրողի տեսական դատողություններով է բացվում վեպը:
Երկրորդը Քրիստիան Ֆոյգտ Ցիմմերմանի նկատմամբ Վիեննայի երդվյալների դատարանի կայացրած մահվան դատավճիռն էր` մայրաքաղաքի Պրատեր թաղամասում կատարված մի պոռնկուհու սպանության հարցով, որն էլ հիմք հանդիսացավ վեպի առանցքային թեմաներից մեկի` մարդասպան Մոոսբրուգգերի կերպարի հորինաստեղծման համար:
Մինչ Ուլրիխը` Մուզիլի մեծավեպի առանցքային հերոսը, պատեպատ է խփվում ճշմարտության որոնման չարչարանաց ճանապարհին, նրա հենց կողքին ապրում և աշխարհաճանաչողության իր ոստայնն է հյուսում սեփական բնազդների թաքստոցում պատսպարված խելացնոր պոռնկասպան Մոոսբրուգգերը: Վերջինս իր բնական հունից տեղախախտված աշխարհի ծայրահեղ շեղվածության խորհրդանիշն է, որի գործով ընթացող դատավարությանը մասնակցելով` Ուլրիխն հասկանում է, որ Մոոսբրուգգերի անողջախոհ պատկերացումները հիմնական գծերով համապատասխանում են իր կենսական փորձառություններին: Այս և մյուս կերպարների հետ շփման արդյունքում ձեռք բերած փորձառությունը Ուլրիխին ստիպում է քննադատորեն վերաիմաստավորել իր ճանաչողական ունակությունները և նորովի գծել իր հայտնագործած մարդտիեզերք առնչախաղից բխեցվող նորագույն բարոյականության սահմանները:

ՀԱՏՎԱԾ ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ
ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՊԻՑ

Գիրք Առաջին, գլուխ 18 – Մոոսբրուգգեր

Այդ ժամանակ հասարակությանը զբաղեցնում էր Մոոսբրուգգերի դեպքը:
Մոոսբրուգգերը հյուսն էր, երկայնահասակ, լայնաթիկունք մի մարդ, առանց ավելորդ ճարպահյուսվածքի, դարչնագույն գառան մորթու պես մազերով և բարեհոգի հուժկու ձեռնաթաթերով: Բարեհոգի ուժ և արդարադատության կամք էր ճառագում նաև նրա դեմքից, և եթե մեկը դրանք չտեսներ էլ, ապա կզգար հոտառությամբ, աշխատանքային օրվա կոշտ, ազնիվ ու անկեղծ չորահոտից, որ մասն էր կազմում այդ երեսունչորսամյա մարդու, և որը գալիս էր փայտի հետ շփումից և աշխատանքի բնույթից, ինչը նույնքան շրջահայեցություն էր պահանջում, որքան և լարում:
Մարդիկ քարացած կանգ էին առնում, երբ առաջին անգամ տեսնում էին համայն բարության նշաններով աստվածաշնորհյալ այդ դեմքը, քանի որ Մոոսբրուգգերին սովորաբար ուղեկցում էին դատական պահակազորի մի զույգ զինված ներկայացուցիչներ, առջևում պինդ կապված ձեռքերով և ամրակուռ պողպատյա շղթաներով, որոնց պրկաձողը գտնվում էր ուղեկցորդներից մեկի ձեռքում:
Երբ նա նկատում էր իրեն ուղղված հայացքները, նրա լայնարձակ, բարեհոգի դեմքին` անխնամ մազերով, բեղերով ու նրա շարունակությունն հանդիսացող մորուքով, ժպիտ էր հայտնվում: Նա կրում էր սև գույնի բաճկոնակ և բաց-մոխրագույն տաբատ, նա լայն, ռազմական քայլվածք ուներ, և սակայն հենց միայն իր այդ ժպիտն էր, որ ամենից շատ էր զբաղեցնում դատական լրահաղորդներին: Այդ ժպիտը կարող էր լինել վրդովված կամ չարաճճի, հեգնական, խարդավանող, թախծալի, խելագար, արյունռուշտ, դաժան… Նրանք ակնհայտորեն տնտղելով բոլոր այդ հակասական բնորոշումները, թվում է` հուսահատ փորձեր էին ձեռնքրկում նույն այդ ժպիտի մեջ գտնելու մի բան, ինչն, ակներևաբար, ոչ մի կերպ չէին գտնում նրա այդ ողջ բարեկանոն կերպարի մեջ:
Որովհետև Մոոսբրուգգերն ամենազարհուրելի եղանակով սպանել էր կանացի մի անձնավորության` ամենաստորակարգ տեսակի մի պոռնկուհու: Լրահաղորդները ճշգրտորեն ներկայացնում էին կոկորդից մինչև ծոծրակը հասնող պարանոցի վերքը, ինչպես և կրծքավանդակում բացված երկու խոցավերքերը, որ ծակելով մխրճվել էին սրտի մեջ, և ևս երկուսը` մեջքի ձախ կողմում և կտրտվածքներ կրծքերի հատվածում, որոնք գրեթե պոկված էին ընդհանուր մարմնից: Լրահաղորդներն իրենց նողկանքն էին արտահայտում նկարագրվածի հանդեպ, բայց կանգ չառան, մինչև որ որովայնի մասում չհաշվեցին ևս երեսունհինգ ծակոցներ և հայտարարագրեցին պորտից մինչև սրբանոսկրը ձգվող կտրվելուց առաջացած վերքաշարը, որն անհամար մանր կտրատումներով շարունակվում էր մեջքնիվեր, միաժամանակ նշելով նաև պարանոցի շրջանում խեղդամահության հետքերը: Բոլոր այդ զարհուրելի երևույթներից մեկնելով նրանք հետադարձի ճանապարհ չէին գտնում դեպի Մոոսբրուգգերի բարեհոգի դեմքը, թեև իրենք էլ բարեհոգի մարդիկ էին, և, համենայնդեպս, եղելությունը նկարագրում էին անաչառ եղանակով, մասնագիտական բանիմացությամբ և ակնհայտորեն շնչահեղձ լինելով լարվածությունից: Անգամ ինքնաբերաբար ակնկալվող բացատրությունից, որ իրենց առաջ հոգեկան հիվանդ մեկն է կանգնած, քանզի Մոոսբրուգգերը նմանօրինակ հանցագործությունների համար արդեն մի քանի անգամ խենթանոցում էր հայտնվել, նրանք հարկ չհամարեցին օգտվել, չնայած այսօր արհեստավարժ թղթակիցը լավագույնս գլուխ է հանում նման հարցերից: Նրանք, թվում է, թե դեռ միառժամանակ բնավ չէին ցանկանում հրաժարվել այդ չարագործից և եղելությունը սեփական աշխարհից հիվանդների աշխարհը տեղափոխել, չնայած որ այդ հարցում նրանք համամիտ էին հոգեբանների հետ, որոնք արդեն հասցրել էին նրան նույնքան անգամ առողջ հայտարարել, որքան և անմեղսագիտակ: Իսկ հետագայում, որքան էլ զարմանալի էր, պատահեց այնպես, որ հազարավոր մարդիկ, հենց որ իմացան Մոոսբրուգգերի հիվանդագին զանցարարքների մասին, մարդիկ, ովքեր կշտամբում էին լրագրերն ու լրագրողներին` զգայացունց թեմաների հանդեպ հակվածության պատճառով, այդ նորությունն անմիջապես էլ իբրև «վերջապես մի ինչ-որ հետաքրքիր բան» ընկալեցին. դա վերաբերում էր և՛ մշտապես շտապող պաշտոնյաներին և նրանց տասնչորսամյա որդիներին, և՛ տնային հոգսերի տակ կքած նրանց տիկնանց: Ճիշտ է, հոգոց էին հանում այդօրինակ վիժվածքի առնչությամբ, սակայն շատ ավելի սրտառուչ ինքնամոռացությամբ էին զբաղվում նրանով, քան սեփական կյանքի գործերով: Եվ շատ հնարավոր էր, որ այդ օրերին, բարեպատշաճ կյանքով ապրող որևէ բաժնի վարիչ կամ բանկի կառավարիչ, անկողին մտնելով` դառնար ու շշնջար իր քնատ կողակցի ականջին. «Հիմա դու ի՞նչ կանեիր, եթե ե’ս լինեի այդ Մոոսբրուգգերը…»:
Ուլրիխը, երբ նրա հայացքը դեմ առավ ձեռնաշղթաներից վերև ընկած Աստծո որդու նշանակիր դեմքին, անմիջապես շրջվեց, մոտակա երկրամասային դատարանի ժամապահի գրպանը մի քանի ծխախոտ խցկեց և հարցուփորձ արեց ձերբակալվածի մասին, որն, ըստ երևույթին, քիչ առաջ էր լքել այդ դարպասը` պահակախմբի ուղեկցությամբ: Այդժամ նա իմացավ. դե նման բաներ առաջներում էլ են պատահել, քանի որ շատ հաճախակի են դարձել այդ մասին լրագրական հաղորդումները, և ինքը` Ուլրիխն էլ գրեթե հավատում էր, որ դա հենց այդպես էլ եղել էր, սակայն բուն իսկ ճշմարտությունը կայանում էր նրանում, որ ինքն այդ ամենի մասին պարզապես լրագրում էր կարդում: Երկար ժամանակ անցավ, մինչև որ նա անձամբ ծանոթացավ Մոոսբրուգգերի հետ, իսկ մինչ այդ իրեն հաջողվել էր կենդանի տեսնել նրան միայն մեկ անգամ` գործի քննության ընթացքում: Լրագրերից անսովոր մի ինչ-որ բան իմանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան սեփական ուժերով գործին տիրապետելը: Այլ խոսքով, վերացարկման մարզում այսօր շատ ավելի էական բաներ են տեղի ունենում, իսկ իրականության մեջ` աննշանները:
Թե ինչ իմացավ այդ ճանապարհով Ուլրիխը Մոոսբրուգգերի պատմության մասին, մոտավորապես հետևյալն էր.
Մանկության տարիներին Մոոսբրուգգերը մի խեղճուկրակ հովիվ տղա է եղել, փոքրիկ մի գյուղավանում, որն այնքան փոքր էր, որ անգամ այնտեղ տանող գյուղական ճանապարհ չկար, և այնքան աղքատ էր, որ ոչ մի անգամ որևէ աղջկա հետ չէր խոսել: Աղջիկներին նա կարող էր միայն նայել. նաև ավելի ուշ` ուսումնառության ընթացքում, իսկ հետո էլ` թափառումների շրջանում: Հարկ է լոկ երևակայել կարողանալ, թե դա ի±նչ է նշանակում: Այն, ինչը տենչում ես նույնքան բնականորեն, ինչպես, ասենք, հացն ու ջուրը, վիճակված է լոկ նայելով բավարարվել: Որոշ ժամանակ անց նույնը տենչում ես արդեն անբնական եղանակով: Աղջիկն անցնում է քո կողքով և կիսաշրջազգեստը շորորում է նրա սրունքամսերի վերևում: Հետո նա բարձրանում է ցանկապատին և տեսանելի է լինում մինչև ծնկամասը: Դու նայում ես նրա աչքերի մեջ և նրանք անթափանց են դառնում: Լսում ես, թե ինչպես է նա ծիծաղում, կտրուկ շրջվում ես ու տեսնում ես դեմքը, որը նույնքան անշարժորեն կլորիկ է, ինչպես հողափոսիկը, որի մեջ հենց նոր միայն մկնիկը ճողոպրելու պես սողոսկեց:
Կարելի է նաև հասկանալ, որ նույնիսկ առաջին աղջկա սպանությունից հետո Մոոսբրուգգերը արդարանում էր նրանով, որ իրեն մշտապես հետապնդում են ոգիները, որոնք օր ու գիշեր պոկ չեն գալիս իրենից: Նրանք իրեն դուրս էին կանչում անկողնուց, երբ նա քնած էր լինում, և խանգարում էին նրան աշխատանքի ժամանակ: Նա նաև լսում էր, թե ինչպես էին նրանք, գիշերուզօր, խոսում ու վիճում իրար հետ: Դա հոգեկան հիվանդություն չէր, և Մոոսբրուգգերը տանել չէր կարողանում, երբ նման եղանակով էին խոսում այդ մասին: Նա, ճիշտ է, ինքն էլ երբեմն զուգում-զարդարում էր եղելությունը եկեղեցական քարոզների մասին հիշողություններով կամ էլ հարմարեցնում էր` կեղծ ձևացումների խորհուրդներով, որպիսիք անպակաս են բանտերում, սակայն բուն նյութը մշտապատրաստ վիճակում էր. միայն թե այն փոքր-ինչ դժգունում էր, երբ ուշադրությունդ շեղում էիր նրանից:
Այդպես էր նաև թափառումների շրջանում: Ձմռանը հյուսնի համար դժվար է աշխատանք գտնել, և Մոոսբրուգգերը հաճախ շաբաթներով փողոցում էր ապաստանում: Ամբողջ օրը, պատահում է, քայլում ես ու քայլում, հասնում ես մի բնակավայր, բայց իջևանելու ոչ մի տեղ: Դու պետք է մինչև ուշ գիշեր քայլես ու քայլես: Սնվելու համար փող չկա, ուստի թրմօղի ես խմում, մինչև որ աչքերիդ հետևում մի զույգ մոմեր են վառվռում և մարմինդ միայնակ ճամփա է ընկնում: Չնայած տաք ապուրին` ցանկություն չկա իջևանատանը գիշերային օթևան խնդրել, մասամբ միջատների պատճառով, մասամբ էլ` դառնացնող նվաստացումների: Ավելի լավ է մի երկու գրոշ հետ գցես և որևէ գեղջուկի խոտի մարագը խցկվես: Առանց նրան, բնականաբար, խնդրելու, քանզի ի՞նչ իմաստ ունի իզուր տեղը խնդրես-պաղատես, և փոխարենը միայն վիրավորանքներ լսես: Առավոտյան, անշուշտ, կռիվ ու վեճ է պայթում և ծանուցումներ` բռնարարքների, շրջմոլիկության ու մուրացկանության մասին, և վերջապես ուռչում-հաստլիկանում է դատվածությունների տրցակը, որը յուրաքանչյուր նոր դատավոր մի այնպիսի հույժ կարևոր ձևականությամբ է ներկայացնում, որ կարծես Մոոսբրուգգերը հենց միայն այդ բացատրականի կարիքն էր զգում:
Իսկ թե ու՞մ պետքն է մտածել այն մասին, թե ի՞նչ է նշանակում օրերով ու շաբաթներով զրկված լինել մի կարգին լողանալու հնարավորությունից: Մաշկն այնպես է կարծրանում, որ թույլ է տալիս սոսկ կոպիտ շարժումներ կատարել, նույնիսկ երբ ցանկանում ես նուրբ ու քնքուշ վարվել, և մի այդպիսի կեղևամաշկի տակ կարծրանում է կենդանի հոգին: Դատողականությունը դրանից պետք է որ ավելի քիչ տուժի, անհրաժեշտը շարունակում ես անել միանգամայն բանական եղանակով: Նա պետք է, ուրեմն, մի պստլիկ լույսի պես բոցավառվելիս լինի հսկայական թափառիկ փարոսի մեջ, որ լիքն է կոխկրտված անձրևորդերով ու մորեխներով, սակայն ողջ անձնականն այստեղ ճզմված է, և քայլում է լոկ խմորվող օրգանական հիմնանյութը: Եվ ահա, երբ Մոոսբրուգգերը թափառում էր գյուղակներով կամ ամայի ճանապարհներով, նրա ճանապարհին հանդիպում էին հոծ խմբերով առաջացող կանացի թափորները: Սկզբում մի կին էր հայտնվում, և ընդամենը մի կես ժամից ևս մեկը, և սակայն, եթե անգամ նրանք հայտնվում էին այդպիսի մեծ միջակայքներով և ոչ մի առնչություն մեկը մյուսի հետ չունեին, համենայնդեպս դրանք թափորներ էին մնում: Նրանք քայլում էին մի գյուղից մյուսը կամ էլ ընդամենը մի վայրկյանով տնից դուրս էին թռչում, նրանք գլխաշորեր էին կրում կամ հաստաբեստ բաճկոններ, որոնք օձաձև պրկումով գրկում էին նրանց կոնքերը, նրանք դուրսուներս էին անում տաքուկ հյուղակներում կամ առաջները գցած իրենց երեխաներին էին տանում կամ էլ այնքան մենակ էին փողոցում, որ կարելի էր նրանց քարկոծելով գետնին տապալել, ինչպես էգ ագռավներին: Մոոսբրուգգերը պնդում էր, որ ինքը սեռագար մարդասպան չէր, քանի որ իրեն ոգեշնչում էր լոկ նողկանքը կանացի սեռի այդ առանձնյակների հանդեպ, և դա հավանաբար այդպես էլ կար, քանզի կարելի է հասկանալ նաև կատվին, որ նստում է վանդակի առաջ, որի մեջ վերուվար է թռչկոտում չաղլիկ ոսկեգույն դեղձանիկը, կամ էլ թաթով բռնում է մկանը, բաց է թողնում, նորից է բռնում, միայն նրա համար, որպեսզի մեկ անգամ էլ տեսնի, թե ինչպես է նա փախչում: Իսկ ի±նչ է շունը, որը վազում է պտտվող անիվի հետևից և լոկ խաղալու պես խածնում է այն, նա, շունը` մարդու բարեկամը. այստեղ` կենդանականի հանդեպ իր այս վերաբերմունքում, շարժվողի, լուռումունջ գլորվողի կամ սուրացողի հանդեպ ծածուկ խորշանքի ինչ-որ մասնիկ կա` իրեն իսկ ուրախություն պատճառող նույն այդ համագոյակից էակի նկատմամբ: Եվ վերջապես, ի±նչ կարելի էր անել, երբ աղջիկը բղավում էր: Կամ մարդ կարող էր զգաստանալ, կամ էլ, եթե դա չես կարող անել, նրա դեմքը սեղմել հողին և բերանը հողով լցնել:
Մոոսբրուգգերն ընդամենը վարպետ հյուսն էր, միայնակ մի մարդ, և չնայած ամենուր, ուր նա աշխատում էր, ընկերները նրա հետ լավ էլ յոլա էին գնում, բայց նա ոչ մի ընկեր չուներ: Ուժեղագույն բնազդային հակումը ժամանակ առ ժամանակ նրա բնությունը դաժանագույնս շրջում էր դեպի արտաքին աշխարհը. սակայն գուցե նրան, իրականում, հենց միայն մի բան էր պակասում, ինչպես ինքն էր ասում` դաստիարակությունն ու հանգամանքները, որպեսզի հնարավոր լիներ այդ պահանջմունքը մեկ այլ տեղ ուղղորդել, վերածել այն զանգվածային սպանությունների հրեշտակի, թատրոնների հրոսակի, մեծ անարխիստի: Քանի որ անարխիստներին, ովքեր միավորվում են գաղտնի միությունների մեջ, նա նողկանքով խարդախներ էր անվանում: Նա, անկասկած, հիվանդ էր, և չնայած նրա վարքի հիմքում ակնհայտորեն ընկած էր հիվանդոտ բնությունը, որն առանձնացնում էր նրան մյուս մարդկանցից, սակայն իրեն դա պատկերանում էր լոկ իբրև սեփական եսի ավելի ուժեղ և ավելի բարձր գիտակցություն: Նրա ողջ կյանքը ծիծաղելու չափ և սարսափելու աստիճան անճարակ պայքար էր հանուն նրա, որ ճանաչեին այն ու գնահատեին: Արդեն երեխա ժամանակ մի անգամ նա կոտրել էր իր գործատիրոջ մատները, երբ վերջինս ցանկանում էր պատժել իրեն: Մեկ ուրիշից նա փախավ` գրպանները լիքը փողով, հանուն արդարադատության հաղթանակի, ինչպես ինքն էր ասում: Ոչ մի տեղ նա չէր կարողանում երկար մնալ: Ամենուր մնում էր այնքան ժամանակ, մինչև որ, սկզբնական շրջանում, միամտացնում էր մարդկանց իր լռակյաց աշխատասիրությամբ, շլացնելով նրանց իր սիրալիր խաղաղավետությամբ և պինդ ու առողջ ուսերով: Բայց հենց որ մարդիկ սկսում էին նրան վերաբերվել մտերմաբար ու անհարգալից ձևով, իբրև թե վերջապես սկսեցին հիմա ճանաչել նրան, նա թողնում-հեռանում էր, քանզի նրան պաշարում էր այն տագնապալի զգացողությունը, թե կարծես իր կաշին ամուր չէր նստում իր վրա: Մի անգամ նա ուշացրեց դա անել. շինարարության մեջ աշխատող չորս որմնադիրներ իրար հետ պայմանավորվեցին ցույց տալու նրան իրենց առավելությունը և նրան ցած նետել փայտամածի ամենաբարձր հարկաբաժնից: Լսելով, թե ինչպես են նրանք իր թիկունքում քրթմնջում և կամաց-կամաց իրեն մոտենում, նա իր ողջ ամեհի ուժով հարձակվեց նրանց վրա, մեկին երկու տախտակամած ներքև շպրտեց, կտրեց-թափեց մյուս երկուսի ձեռքերի բոլոր ջիլերը: Այն, որ իրեն պատժեցին դրա համար, դա տակնուվրա արեց իր հոգին, ինչպես ինքն էր ասում: Նա թողեց-հեռացավ երկրից: Գնաց Թուրքիա, նորից վերադարձավ, քանի որ աշխարհն ամենուր իր դեմ էր համախմբվում. ո’չ կախարդական խոսքերով կարելի էր ընդվզել այդ դավադրության դեմ, ո’չ էլ բարությամբ:
Այդպիսի բառեր նա ջանադրությամբ յուրացնում էր խենթանոցներում ու բանտերում. ֆրանսերեն ու լատիներեն բառակտորներ, որոնք նա խցկում էր իր ճառերի ամենաանհամապատասխան տեղերում, այն պահից սկսած, երբ հասկացավ, որ այդ լեզուների իմացությունն իրավունք էր տալիս ունևոր դասին «որոշումներ կայացնելու» իր ճակատագրի կապակցությամբ: Նույն պատճառից ելնելով էլ` նա ջանք էր թափում և դատաքննությունների ընթացքում փորձում էր արտահայտվել ընտրագույն բարձր գերմաներենով, ասում էր, օրինակ, «դա, ըստ երևույթին, պատճառ է հանդիսանում իմ դաժանաբարո վարքագծի համար», կամ «ես նրան շատ ավելի դաժան էի պատկերացնում, քան, ըստ իմ դիտարկումների, սովորաբար լինում են նմանօրինակ կանայք»: Տեսնելով, սակայն, որ դա էլ առանձնակի տպավորություն չէր թողնում, նա երբեմն հույժ թատերական կեցվածք էր ընդունում և հեգնախառն մեծամտությամբ ինքն իրեն հռչակում էր իբրև «համոզված անարխիստ», ով ցանկացած պահի կարող էր փրկություն գտնել սոցիալ-դեմոկրատների ճամբարում, եթե, իհարկե, ինքը ցանկություն ունենար աշխատավոր, տգետ զանգվածներին չարաչար շահագործող հրեաների այդ որջի պարտքի տակ մտնել. պարզվում էր նա էլ իր «գիտությունն» ուներ, մի բնագավառ, որը ոչ մի կերպ չէր տեղավորվում իր դատավորների գիտական հավակնությունների ծիրում:
Սովորաբար դա նրան ՙնկատելի մտավոր ունակությունների՚ տեր մարդու համբավ էր ապահովում դատարանի դահլիճում, հարգալից ուշադրություն դատաքննության ընթացքում և ավելի խիստ պատժամիջոցներ, սակայն խորքի մեջ նրա սիրաշահված փառամոլությունն այդ դատավարություններն ընկալում էր իբրև իր կյանքի պատվավոր շրջափուլեր: Այդ պատճառով նա ոչ ոքի հանդեպ այնքան մեծ ատելություն չէր տածում, որքան հոգեբույժների, որոնք կարծում էին, թե ընդունակ էին նրա բարդագույն էությունը մի զույգ օտար բառերով բնորոշել, ասես դա մի շատ սովորական, ամենօրյա դեպք լիներ: Ինչպես միշտ նման դեպքերում, նրա հոգեկան վիճակի մասին բժշկական եզրակացությունները երերում էին կարգով ավելի վեր կանգնած իրավաբանական պատկերացումների աշխարհի ճնշման ներքո, և Մոոսբրուգգերը բաց չէր թողնում ընձեռված հնարավորությունները դատարանում հրապարակավ ապացուցելու իր գերազանցությունը հոգեբույժների հանդեպ և մերկացնելու նրանց իբրև գոռոզամիտ ողորմելիների ու խաբեբաների, ովքեր ոչ մի բանի մասին գաղափար չունեն և իրեն, եթե ինքը շարունակեր ձևեր թափել, խենթանոց ուղարկելու միջնորդությամբ հանդես կգային, փոխանակ տաժանակիր աշխատանքների համար նախատեսված բանտ ուղարկելու, որն էլ իր իսկական տեղն է: Քանի որ ինքը չէր ժխտում իր հանցավոր արարքները, նա ցանկանում էր, որպեսզի դրանք ընկալվեին իբրև մեծազոր աշխարհընկալման աղետալի դժբախտ պատահարներ: Քթի տակ ծիծաղող կանայք իր դեմ առաջին դավադրություններ նյութողներն էին. նրանք բոլորն էլ ունեին իրենց գոգնոց հանող-հագցնողները, իրենց սիրատածողները, իսկ լուրջ տղամարդկանց կողմից նրանց ասված խոսքերը նրանք անուշադրության էին մատնում, եթե չասենք որպես վիրավորանք էին ընկալում: Նա խուսափում էր այդ կանանցից որքան կարողանում էր, որպեսզի ավելորդ տեղը գրգռվածության մեջ չընկնի, բայց միշտ չէ, որ դա հաջողվում էր: Պատահում են օրեր, երբ տղամարդու գլխում հիմարությունից բացի այլ բան չի լինում և նա անընդունակ է որևէ բան ձեռնարկելու, քանզի անհանգստությունից ձեռքերը քրտնում են: Եվ եթե այդ ժամանակ տարերքին հանձնվես, ապա կարող ես վստահ լինել, որ դեռ մի քայլ չարած, արդեն հեռանկարում, ուրիշների կողմից ուղարկված առաջապահ պարեկախմբի պես մի այնպիսի թափառաշրջիկ թույն է նշմարվում, իգական սեռի խաբեբայի մեկը, ով ծածուկ ծաղրում է տղամարդուն, թուլացնելով նրան` նրա գլխին թատրոն խաղալով, էլ չասած շատ ավելի վիրավորական խաղերի մասին, որ նա, իր անխղճության բերումով, թափում է տղամարդու գլխին:
Այդպես մոտենում էր այն օրվա վերջը, անմասն` իր ներքին տագնապը խլացնող մեծադղորդ աղմուկի հարբած ընկերակցությամբ: Կարող է մարդս նույնիսկ հարբած չլինի, սակայն, միևնույն է, աշխարհն անհուսալի է: Փողոցների պատերը խորտակվում են ինչպես բեմական նկարազարդումները, որոնց հետևում ինչ-որ բան մի որոշակի վերջնաբառի է սպասում` բեմահարթակ դուրս գալու համար: Քաղաքի ծայրամասն ավելի է խաղաղվում, այնտեղ, ուր տարածվում է ազատ, լուսնի շողերով ողողված դաշտը: Մոոսբրուգգերն ստիպված էր այնտեղ վերադառնալ, որպեսզի զարտուղի ճանապարհով տուն հասներ, և այստեղ, երկաթյա կամուրջի մոտ, այդ աղջիկը նրան կպռշկեց: Դա այն աղջիկներից էր, ովքեր ներքևի մարգագետիններում վարձվում են տղամարդկանց կողմից, մշտական տեղ չունեցող, ծառայությունից փախած մի սպասուհի, փոքրահասակ, որի գլխաշորի տակից նկատելի էին լոկ մի զույգ գրավիչ մկնային աչքերը: Մոոսբրուգգերը մերժեց նրան և արագացրեց ընթացքը: Բայց նա սկսեց աղերսել, որպեսզի իրեն հետը տուն տանի: Մոոսբրուգգերը շարունակեց քայլել. ուղիղ, թեք անկյամբ, վերջապես` անօգ, հետ ու առաջ: Նա մեծ քայլեր էր գցում և աղջիկը վազում էր կողքով: Նա կանգ առավ, աղջիկն էլ կանգ առավ` ասես նրա ստվերը լիներ: Նա աղջկան իր հետևից էր քաշում, ահա’ թե որն էր խնդիրը: Այդժամ նա մեկ անգամ էլ փորձեց վանել նրան: Նա շրջվեց և երկու անգամ թքեց նրա դեմքին: Բայց դա չօգնեց, աղջիկն անդրդվելի էր:
Դա տեղի ունեցավ հեռու ընկած մի այգում, որը նրանք պետք է կտրեին-անցնեին` նրա ամենանեղլիկ հատվածում: Հանկարծ Մոոսբրուգգերի մտքով անցավ, որ մոտակայքում պետք է որ այդ աղջկա պաշտպաններից մեկը դարանակալած լինի, այլապես որտեղի՞ց նրան այդքան քաջություն հետևելու իրեն` չնայած իր հակառակությանը: Նա դուրս քաշեց տաբատի գրպանում պահ տված դանակը, քանզի իրեն կամ ինչ-որ խաղի մեջ էին ուզում ներքաշել, կամ էլ, կարծես թե, իր վրա հարձակում էր նախապատրաստվում. Չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ հետևում տղամարդ է թաքնված, որ ծաղրում է քեզ: Իսկ գուցե այդ աղջիկը կերպարանափոխված տղամա՞րդ է: Նա տեսնում էր, թե ինչպես էին շարժվում ստվերները և լսեց փայտի ճայթյունը, մինչ այդ խորամանկ աղջիկն իր կողքին անդադար, հեռվում տկտկացող ժամացույցի պես, նորից ու նորից իր խնդրանքն էր կրկնում: Սակայն չկար ոչինչ, որի վրա իր հսկայական ուժը կարողանար թափվել, և նա սկսեց վախենալ այդ տագնապալի անորոշությունից:
Երբ նրանք ոտք դրեցին առաջին իսկ մութ ու մռայլ փողոցը, նրա ճակատին քրտինք էր հավաքվել և նա դողում էր: Առանց այս ու այն կողմ նայելու` նա ուղղվեց դեպի սրճարանը, որը դեռ բաց էր: Նա մի ումպով դատարկեց սև սուրճը և երեք բաժակ կոնյակ` իրար հետևից և հանգիստ նստել էր, գուցե մի քառորդ ժամի չափ: Սակայն, երբ վճարում էր, նորից այցելեց այն միտքը, թե ինչ պետք է աներ ինքը, եթե նա դրսում իրեն սպասելիս լիներ: Լինում են այդպիսի մտքեր, որ կպչուն ճոպանի պես անվերջանալի օղակներով կապկպում են ձեռքերդ ու ոտքերդ: Եվ դեռ մի քանի քայլ էլ չէր արել մութ փողոցի մեջ, նա զգաց աղջկան իր կողքին: Հիմա այդ աղջիկը բոլորովին էլ իրեն հեզ չէր պահում, այլ հանդուգն էր ու ինքնավստահ, նա այլևս չէր էլ աղաչում, այլ պարզապես լռում էր: Այստեղ նա հասկացավ, որ նրանից այլևս պրծում չկա, քանի որ այդ ինքն էր, որ նրան քաշում էր իր հետևից: Արտասվաթոր նողկանքը լցնում էր նրա կոկորդը: Նա քայլում էր, և այն մյուսը, կես քայլ իրենից հետ ընկած, նույնպես ինքն էր: Ճիշտ այնպես, ինչպես միշտ` թափորների հանդիպելիս: Մի անգամ նա իր ոտից դուրս քաշեց խոշոր փուշը, քանի որ ինքն այդքան համբերություն չուներ` սպասելու բժշկին: Նույն կերպ էլ հիմա նա զգում էր իր դանակը, երկար ու պինդ, որ զետեղված էր իր գրպանում:
Սակայն Մոոսբրուգգերը, իր բարոյականության մի ինչ-որ վերերկրային լարումով ելք գտավ: Ցանկապատի հետևում, որի կողքով այժմ իր ճանապարհն էր անցնում, մարզադաշտ կար ընկած: Բոլորի աչքից հեռու, ու նա թեքվեց այդ կողմը: Նա պառկեց դրամարկղի նեղլիկ տաղավարում` գլուխը անկյունը խրած, որն ամենամութ տեղն էր: Փափլիկ անիծյալ երկրորդ եսը պառկեց իր կողքին: Նա ձևացրեց, թե պատրաստվում է քուն մտնել, որպեսզի հետո ծլկել կարողանար: Բայց երբ նա կամացուկ, ոտքերն առաջ սահեցնելով, փորձեց դուրս սողոսկել, այն նորից այնտեղ էր և ձեռքերով փաթաթվեց իր վզին: Այդժամ նա ինչ-որ կոշտ մի բան զգաց նրա կամ իր գրպանում: Նա այն դուրս կորզեց: Հստակ չգիտեր, մկրա՞տ էր, թե՞ դանակ: Նա սկսեց խրել ու ծակել ուր պատահի: Աղջիկը պնդում էր, թե դա ընդամենը մկրատ էր, բայց դա իր դանակն էր: Աղջիկը գլխով հարվածեց տնակի անկյունին: Այնտեղից նա աղջկան մի փոքր դուրս քաշեց, գցեց փափուկ հողին և սկսեց ծակծկել նրան այնքան ժամանակ, մինչև որ ամբողջությամբ նրան բաժանեց իրենից: Հետո դեռ միառժամանակ կանգնած մնաց նրա կողքին, գուցե մի քառորդ ժամի չափ նրան զննելով, իսկ այդ ընթացքում գիշերը նորից խաղաղվեց և դարձավ զարմանալիորեն հարթ: Հիմա աղջիկն այլևս չէր կարող վիրավորել տղամարդուն և կախ ընկնել նրա պարանոցից: Վերջապես նա դիակը քարշ տալով` անցկացրեց փողոցը և դրեց այն մի թփուտի առաջ, որպեսզի ավելի հեշտ լինի նրան գտնել ու թաղել, ինչպես ինքն էր պնդում, քանի հիմա արդեն այն աղջիկը չեղածի հաշիվ էր:
Գործի դատաքննության ընթացքում Մոոսբրուգգերն իր դատապաշտպանի համար չնախատեսված բարդություններ էր ստեղծում: Նա, հանդիսատեսի պես, փռված նստած էր իր նստարանին, դատախազի ելույթներին արձագանքում էր ՙբրավո՚ բացականչություններով, երբ վերջինս ապացույցներ էր բերում ամբաստանյալի հասարակական վտանգավորության վերաբերյալ, որոնք Մոոսբրուգգերին թվում էին իրեն արժանի, և գովասանական գնահատականներ տալիս վկաների ելույթներին, ովքեր հայտարարում էին, թե երբեք նրա մոտ անմեղսագիտության նշաններ չեն նկատել: «Դուք զվարճալի, տարօրինակ մարդ եք», ժամանակ առ ժամանակ փաղաքշաբար նրան էր դիմում քրեական գործը վարող դատավորը և բարեխղճորեն ձգում էր պնդօղակները, որոնցով ամբաստանյալը կաշկանդել էր իրեն: Ապա Մոոսբրուգգերը, մի պահ միայն, զարմացած մնաց, ինչպես մրցասպարեզում տանջամահ արվող ցուլը, աչքերը պտտեց չորս կողմը և շուրջը նստածների դեմքերին նկատեց այն, ինչն ի վիճակի չէր հասկանալու, և որ ինքը մի բան էլ ավելի խորը մխրճվեց սեփական մեղքի մեջ:
Ուլրիխին հատկապես գրավում էր այն, որ Մոոսբրուգգերի ինքնապաշտպանության հիմքում անկասկած հազիվ միայն նշմարելի, աղոտ մի ծրագիր էր երևակվում: Նա ո’չ նախապես սպանելու դիտավորություն է ունեցել, ո’չ էլ, ինքնասիրությունից դրդված, դեմ էր իրեն հիվանդ համարելուն: Հաճույքի մասին խոսք անգամ չէր կարող լինել, բայց միայն նողկանքի ու ատելության: Ոճրագործությունն, այսպիսով, պետք է որ ոչ դիտավորյալ սպանություն լիներ, որին նրան դրդել էր կնոջ կասկածելի վարքը, «իսկական կնոջ այդ ծաղրանկարի», ինչպես նա’ արտահայտվեց: Եթե կարելի էր նրան ճիշտ հասկանալ, ապա նա նույնիսկ պահանջում էր, որպեսզի իր կատարած սպանությունն իբրև քաղաքական սպանություն դիտվեր, և երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա պայքարում էր ոչ թե իր համար, այլ տվյալ իրավաբանական կառույցի: Դրա դեմ դատավորների վարած մարտավարությունը սովորական մարտավարություն էր, ամեն ինչում տեսնել լոկ պատասխանատվությունից խուսափելու մարդասպանի մոլորեցնող, խորամանկ ջանքերը: «Ինչու՞ դուք լվացիք արյունոտված ձեռքերը – Ինչու՞ Դուք դանակը մի կողմ նետեցիք – Ինչու՞ Դուք, սպանությունը կատարելուց հետո, փոխեցիք ձեր զգեստներն ու սպիտակեղենը – Քանի որ կիրակի՞ էր: Արդյո՞ք ո’չ այն պատճառով, որ դրանք արյունոտ էին – Ինչու՞ Դուք այնուհետև զվարճավայր հաճախեցիք: Նշանակում է, մարդասպանությունը դրա համար արգելք չեղավ: Դուք, ընդհանրապես, որևէ զղջում Ձեր մեջ զգու՞մ եք»: Ուլրիխը շատ լավ հասկանում էր այն խորը հիասթափությունը, որով Մոոսբրուգգերն այդ պահերին մեղադրում էր իրեն` անբավարար կրթության համար, որը խանգարում էր նրան քանդել անհասկացողություններից հյուսված այդ ցանցը, ինչը, սակայն, դատավորի լեզվական արտահայտությամբ, ընդսմին` մեղադրական հնչերանգով հեգած, այլ կերպ չէր հնչում, քան. «Դուք անընդհատ մեղքը ուրիշների վրա եք գցում»: Այդ դատավորն ամեն ինչ իրար էր կապակցում, հիմք ընդունելով ոստիկանական զեկույցներն ու թափառաշրջիկության հանգամանքը, և ողջը միասին համարում էր Մոոսբրուգգերի մեղավորության ապացույց: Մինչդեռ Մոոսբրուգգերի համար այդ ամենը բաղկացած էր ընդամենը զուտ առանձին-առանձին դեպքերից, որոնք իրար հետ ոչ մի կապ չունեին, և նրանցից յուրաքանչյուրն իր սեփական պատճառն ուներ, որն իրենից` Մոոսբրուգգերից դուրս էր գտնվում և մի ինչ-որ տեղ, աշխարհային ողջ կառույցի հիմքում էր ընկած: Դատավորի աչքին նրա` Մոոսբրուգգերի արարքները, հենց իրենից էին առաջ գալիս, իսկ իր սեփականների մեջ նրանք այնպես էին ընկլուզվում, ինչպես թռչունները, որոնք հանկարծակի մարդուս վրա են հարձակվում: Դատավորի համար Մոոսբրուգգերն առանձնահատուկ դեպք էր: Մինչդեռ իր համար նա մի աշխարհ էր, իսկ աշխարհի մասին վստահաբար որևէ բան ասել շատ դժվար է: Դրանք երկու մարտավարություններ էին, որոնք պայքարում էին մեկը մյուսի դեմ, երկու միավորներ և երկու հետևողական դիրքորոշումներ, սակայն Մոոսբրուգգերը գտնվում էր անշահավետ իրավիճակում, քանի որ նրա տարօրինակ ու աղոտ հիմնավորումները նույնիսկ ավելի խելացի մեկը կդժվարանար կամ չէր էլ կարողանա արտահայտել: Դրանք անմիջապես գալիս էին նրա կյանքի խռովահույզ մենությունից, և եթե բոլոր մնացյալ կյանքերը հարյուրավոր անգամներ գոյություն ունեն, եթե դրանք միատեսակ են դիտվում և’ նրա կողմից, ով նրանց տեսնում է, և’ մնացյալ բոլորի, ովքեր այն հաստատում են, ապա իր իսկական, ճշմարիտ կյանքը գոյություն ուներ բացառապես և միմիայն իր համար: Դա մի շունչ էր, որը մշտապես աղճատվում էր ու փոխում իր կերպարանքը: Ճիշտ է, նա կարող էր հարցնել իր դատավորներին, թե արդյո՞ք նրանց կյանքը, ըստ էության, իրենից տարբեր է: Բայց այդպիսի բան նրա մտքով իսկ չէր անցնում: Այն ամենը, ինչն այնքան բնական էր դիտվում իր հերթագայության մեջ, արդարադատության առնչությամբ նրա մեջ անիմաստ ու անհեթեթ անկարգություն էր ներկայանում, և նա, մեծագույն ճիգ գործադրելով, ջանում էր դրա մեջ մի ինչ-որ միտք ներդնել, որը ոչնչով չէր զիջի իր բարեծին ընդդիմախոսների արժանապատվությանը: Դատավորը, թվում է, ամենայն բարեհոգությամբ ջանք ու եռանդ չէր խնայում օժանդակելու նրան այդ գործում, նրանով, որ Մոոսբրուգգերին հրամցնում էր բավականաչափ հասկացություններ, որոնք, սակայն, սովորաբար ամենասարսափելի հետևանքներն էին ունենում նրա համար:
Դա ասես ստվերի պայքարը լիներ պատի հետ, և ամենավերջում Մոոսբրուգգերի ստվերը լոկ տարուբերվում էր` ցավատանջ: Ուլրիխը ներկա էր այդ վերջին դատական նիստին: Երբ նախագահողն ընթերցեց փորձաքննական եզրակացությունը, որը Մոոսբրուգգերին մեղսագիտակ էր ճանաչում, վերջինս վեր կացավ տեղից և հայտարարեց դատարանի առաջ. «Ես բավարարված եմ և հասա իմ նպատակին»: Դրա պատասխանը շուրջը նստածների աչքերում ծաղրական անվստահությունն էր, և նա զայրացած հավելեց. «Ելնելով այն բանից, որ ես կարողացա ստիպել դատարանին իմ նկատմամբ մեղադրական եզրակացություն կայացնել, դրանով իսկ ես բավարարված եմ ապացույցների ներկայացման և դատավարության վարման կարգից»: Նախագահողը, որն հիմա դարձել էր շատ ավելի անողոք և խստագույն հատուցում էր պահանջում, դրա համար նրան նկատողություն արեց, ասելով, որ դատարանին չի հետաքրքրում նրա բավարարված լինելու կամ չլինելու հանգամանքը: Այնուհետև նա ընթերցեց նրա մահվան դատավճիռը, ընթերցեց այնպես, որ կարծես այն ցնդաբանությանը, որ դատավարության ողջ ընթացքում դուրս էր տալիս Մոոսբրուգգերը, ի բավականություն բոլոր ներկաների, հարկավոր էր վերջապես լրջմիտ պատասխան տալ: Դրան Մոոսբրուգգերը ոչինչ չպատասխանեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինքը վախեցել էր: Այնուհետև դատավարությունը փակված հայտարարվեց և ամեն ինչ վերջացավ: Բայց այդ պահին նրա ոգին համենայնդեպս երերաց. նա ընկրկեց` անզոր գտնվելով այդ անուղեղ մարդկանց բազմության մեծամտության առաջ: Երբ դատական պահակազորը նրան արդեն դուրս էր բերում, նա շրջվեց, փնտրում էր բառեր, ձեռքերը վեր պարզեց և բղավեց այնպիսի մի ձայնով, որը ցնցեց իրեն ուղեկցող պահակախմբին. «Ես բավարարված եմ դրանով, չնայած պետք է խոստովանեմ, որ դուք դատապարտեցիք խելագար մեկին»:
Դա անհետևողականություն էր, սակայն Ուլրիխը նստած էր` շունչը պահած: Դա բացահայտ խելագարություն էր, և նույն բացահայտությամբ էլ` լոկ մեր սեփական կեցության տարրերի աղճատված կապակցությունը: Կտոր-կտոր արված և խավարի մեջ ընկղմած, սակայն Ուլրիխը չգիտես ինչու այսպես մտածեց. եթե մարդկությունը, իբրև ամբողջություն, կարողանար երազներ տեսնել, հավանաբար պե’տք է որ Մոոսբրուգգեր ծնունդ առներ: Նա սթափվեց միայն այն ժամանակ, երբ «ողորմելի ծաղրածու փաստաբանը», որին դատավարության ընթացքում մեկ անգամ այդպես անվանեց անշնորհակալ Մոոսբրուգգերը, ինչ-ինչ մասնավորությունների համար բողոքարկման հայց ներկայացրեց վճռաբեկ ատյանին, երբ արդեն իր երկու վիթխարահսկա պաշտպանյալ-հաճախորդները, այդ թվում` Ուլրիխը, արդեն դուրս էին տարվել դահլիճից:

Թարգմանությունը գերմաներենից Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *