Սիմին Դանեշվար | Ո՞ւմ բարևեմ…

          

Իրանցի հայտնի արձակագիր, թարգմանիչ Սիմին Դանեշվարը ծնվել է 1921թ. Իրանի Շիրազ քաղաքում: Նրա դերը իրանական արդի գրականության մեջ չափազանց մեծ է. համարվում է իրանցի առաջին կին վիպագիրը, Իրանում գրողների միության հիմնադիրն ու նրա առաջին նախագահը, ինչպես նաև՝ Իրանի ժամանակակից գրականության մայրը:
Նրա ամուսինը եղել է հայտնի արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Ջալալ Ալ-ե Ահմադը, որի ներկայությունը Դանեշվարի կյանքում բեկումնային է եղել: Սիմին Դանեշվարի գրչին են պատկանում «Հանգած կրակ», «Դրախտի նման քաղաք», «Ո՞ւմ բարևեմ», «Հարցրու չվող թռչուններին» պատմվածքների ժողովածուն, ինչպես նաև մի քանի վեպեր:
Նա նաև թարգմանչական լուրջ գործունեությամբ է զբաղվել՝ պարսկերեն թարգմանելով Բ. Շոուի «Շոկոլադե զինվորը», Ան. Չեխովի «Բալենու այգին» և «Թշնամիները», Դ. Քարնեգիի «Հաջողությամբ ապրելու գաղտնիքը», Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» և այլն:
Դանեշվարը մահացել է 2012 թվականին՝ 91 տարեկան հասակում: Նրա ամենից հայտնի և մեծ ճանաչում վայելող ստեղծագործություններից մեկը «Ո՞ւմ բարևեմ» պատմվածքն է:

«Իսկապես, ո՞վ է մնացել, որին բարևեմ: Տիկին տնօրենը մահացել է: Հաջի Էսմայիլը՝ անհետացել: Միամորիկ դուստրս շուն ու գելի բաժին է դարձել: Կատուն սատկեց: Ունելին սարդի վրա ընկավ. նա էլ սատկեց: Հիմա էլ ի՜նչ ձյուն է դրել: Ամեն անգամ, երբ ձյուն է գալիս, սիրտս այնպես է վշտանում, որ ուզում եմ գլուխս պատերին զարկել: Ապահովագրության բժիշկն ասաց՝ երբ սիրտդ նեղվում է, վեր կաց, տանից դուրս գնա: Երբ տխրում ես, ու մեկը չկա, որ մխիթարի, ինքդ քեզ հետ բարձր-բարձր խոսիր (դե ասա, մարդ իր իսկ «համբերության քարե տիկնիկը» դառնա[1]): Ասաց՝ գնա դաշտեր ու բղավիր, ում սիրտդ տա՝ հայհոյիր…
Ի՜նչ ձյուն է գալիս: Սկզբից իրար մեջ տարրալուծվելով էր սփռվում, հիմա էլ մանր փաթիլներով է գալիս: Երևում է՝ դեռ երկար կգա: Առաջին մեծ քառասունքից[2]  սկսած՝ այսպես է գալիս…
Իսկ նախորդ ձյուները սառել-կպել էին գետնին. մարդիկ էլ կտուրների ձյունը, բացի այս ու այն փողոցներից, ո՞ւր լցնեն:
Եկավ ու մնաց: Հերոսների, երիտասարդ մարզիկների ու դպրոցները փակ, անխելք երեխաների խելքի բան է: Եթե չգար, թանկացումներն անաղմուկ կլինեին, սով կլիներ, ջրի ու հոսանքի հովհարային անջատումներից խոսք կգնար, իսկ երբ գալիս է, դպրոցներն ու կյանքն իրենց արձակուրդ են տալիս»:
Նախորդ գիշեր Էլայի փողոցի լույսը կտրվեց, և Քոքյաբ Սուլթանը պապանձված նստել էր քուրսայի տակ, աչքերը մթության մեջ հառած՝ ինչ-որ բաներ էր մտմտում: Սիրտն այն աստիճան էր տակնուվրա լինում, որ կարծես մեջը լվացք անեին: Մտածեց՝ եթե սենյակից ու այդ մթությունից դուրս չգա, կխելագարվի: Վեր կացավ, խարխափելով ներքև իջավ: Ցրտի ու խավարի միջով անցավ, կանգնեց դռան շեմին: Բուք էր, հարևանի երեխան լալիս էր: Նախանցած գիշեր նրանց ջրի խողովակը պայթել էր. երեք օր կլիներ, ինչ աղբատարը նրանց աղբը չէր տարել:
Քոքյաբ Սուլթանը՝ կրթության նախարարության թոշակառու ծառայողը, առանձնապես աղբ չուներ, որ գային-տանեին: Ջրի խողովակի պայթելուց էլ իր տան գույքը չէր վնասվել: Նրա սենյակը երկրորդ հարկում էր՝ պարոն Փանիրփուրի հարևանությամբ, ում տրամադրության տակ էին երեք մեծ սենյակները, խոհանոցն ու զուգարանը: Երեք հարսնացու աղջիկ ու մի ծույլ կին ուներ: Հարևանները նրա անունը պարոն Փանիրփուր[3] էին դրել, քանի որ Ժալե փողոցում կաթնամթերք էր վաճառում և ոչ մեկին էլ պարտքով ապրանք չէր տալիս (նույնիսկ Ձեզ չէր տա): Իսկական անունը Շարիաթփուր Յազդանի էր:
Քոքյաբ Սուլթանը միայն վոզուի[4] ու բնական կարիքների համար էր իջնում ներքև: Խմելու ջուրն էլ էր ներքևի խոհանոցի ծորակից վերցնում: Եփել-թափելու շատ գործ չէր ունենում. իր այս կոտրված, լեզուն ու լինդը ցավեցնող ատամներով ի՞նչ ուտելիք: Սենյակն էլ մի ձեռքի ափի չափ հազիվ լիներ: Կահկարասի ևս չուներ. ունեցած-չունեցածը՝ որպես օժիտ, փեսայի տուն էր ուղարկել:
Քոքյաբ Սուլթանը վեր կացավ քուրսայի տակից, կանգնեց պատուհանի մոտ՝ ձյունը տեսնելու: Տանիքները վայրկենապես ճերմակել էին, հարևանի բակի եղևնիների վրա էլ ձյուն էր նստել: Դիմացի թիթեղյա տանիքից կախված սառցե լեզվակները երեկ էլ կային, նախորդ օրն էլ. ձմռան սկզբից կախված էին: Սիրտն ինչքա՜ն ճմլված էր: Երեկվանից չէր դադարում մտածել Հաջի Էսմայիլի մասին:
«Ինչ հիանալի սեր էինք անում: Ափսոս, շուտ վերջացան այդ օրերը: Ամառները տիկին տնօրենը Էվին[5] էր գնում: Հաջի Էսմայիլը վառում էր բաղնիքը: Ինձ բաղնիք էր տանում, լողացնում, քիսայում, խուտուտ էր տալիս. քահ-քահ ծիծաղում էինք, իրար ջան ու ղուրբան անում: Միմյանց համար երգ ու ոտանավոր էինք ասում… իսկ հիմա ասեղ է անհրաժեշտ, որ մարդու մատից փուշը հանի:
Տիկին տնօրենի բակի կենտրոնում դրված թախտին գորգ էինք փռում, նստում ու ափիոն էինք ծխում, կում-կում օղի խմում, մինչև հարբեինք: Մորեմերկ մտնում էինք տիկին տնօրենի ցանցապատ առագաստը, իրար գրկած՝ քնով անցնում: Ինձ գրել-կարդալ էր սովորեցրել: Նրա համար «Ամիր Արսալան» էի կարդում. հինգ անգամ կարդացինք այն: Երեք անգամ՝ «Արևն ու ծիծաղը», երկու անգամ էլ՝«Ազրայի համբույրը»: Տիկին տնօրենը մի աշխարհ գիրք ուներ: Վերցնում էինք, հետո տեղը դնում:
Հաջի Էսմայիլը դպրոցում ծառայող էր, իսկ ես աշխատում էի տիկին տնօրենի տանը: Առանձնապես գործ էլ չունեի: Նուռ էի մաքրում, ժամը տասին դպրոց բերում: Երբ նուռ չէր լինում, օշարակ էի տանում: Ճաշն էի եփում: Երեկոյան ընթրում էր, մի բաժակ կաթ խմում ու քնում: Աստվա՜ծ իմ, այս քաղաքում ամեն հնարավորն արել ենք: Ինչքան թատրոն, կինո կար, գնացինք: «Բաղդադի գողը», «Արաբ Հենսան», «Նյու Յորքի առեղծվածները», «Արշին Մալալան» չորս-հինգ անգամ նայեցինք: Փողից չէինք նեղվում: Տիկին տնօրենն ինձ աշխատավարձ էր տալիս, իսկ Հաջի Էսմայիլը նախարարությունից էր գումար ստանում»:
Ապահովագրության բժիշկն ասաց.
–  Խոսի՛ր ինքդ քեզ հետ: Ինչը քեզ ուրախություն կամ տխրություն է պատճառում, արտահայտի՛ր: Սրտումդ մի՛ պահիր…
«Քարբալա[6] գնացինք, ապաշխարեցինք, իմամ Հոսեյնից զավակ խնդրեցինք: Աստված մեզ Ռոբաբեին պարգևեց: Հաջորդ տարի Հաջի Էսմայիլը առավոտյան աշխատանքի գնաց ու այլևս չվերադարձավ: Հսկա մարդը կորավ ու կորավ: Տիկին տնօրենը, ապահովագրական ընկերությունը, ոստիկանությունը, ամենքը նրան էին փնտրում: Ինքս էլ, Ռոբաբեին գրկած, այս գրասենյակից այն ընկերությունն էի գնում: Ասես Հաջի Էսմայիլը գոյություն չէր էլ ունեցել: Քնեցնում էի Ռոբաբեին, մթության մեջ միայնակ նստում ու ափիոն էի ծխում: Տիկին տնօրենի կատվին էլ էի թմրամոլ դարձրել: Հենց ափիոնի բույրը տարածվում էր, վեր էր կենում, գալիս, կողքս էր նստում ու խռմփացնում: Վրան էի փչում. ջղաձգվում էր: Իր բնական մահով սատկեց կատուն: Հետո էլ սարդին ծխահարեցի: Սենյակի մի անկյունում սարդոստայն էր հյուսել: Ափիոնի հոտի զգացվելուն պես ներքև էր իջնում և բուխարու կողքից չէր շարժվում: Ունելին վրան ընկավ. սարդն էլ սատկեց:
Տիկին տնօրենը դիմում գրեց և ինձ Հաջի Էսմայիլի փոխարեն դպրոցում աշխատանքի ընդունեց, և քանի դեռ ողջ էր, իր տանն էլ էի աշխատում: Աստված հոգին լուսավորի, ասում էր. «Գործդ կրկնակի է դարձել, բայց դե ավելի լավ: Առանց ընկերոջ այս երկար կյանքը միայն գործերով կարող ես լցնել»: Անհանգստանում էր ափիոն ծխելուս համար: Այնքան խոսեց, որ ափիոնն էլ աչքիցս ընկավ: Բացի այդ, գործս էլ շատ էր. ափիոն ծխելու ժամանակ չունեի: Տանը տիկին տնօրենի գործերն էի անում, իսկ դպրոցում՝ հավաքարարություն. զուգարաններն էի մաքրում: Աղջիկների գնահատականների թերթիկներն էի իրենց տները տանում. նվերներ էի ստանում: Նոռուզին կավե ծաղկամանի մեջ լադան էի ցանում, սափորի մեջ ցորեն ու ոսպ լցնում, տանում-դնում էի տիկին տնօրենի սենյակում կամ ուսուցչուհիների տուն էի տանում… երկուսից մինչև տասը թուման վարձք էի ստանում: Այս ամենն անում էի, որ Ռոբաբեն նեղություն չկրի: Հարուստների ու ազնվականների աղջիկների պես էի հագցնում, մինչև դպրոցն ավարտեց: Եթե տիկին տնօրենը չմահանար, նրան չէի ամուսնացնի: Տիկին տնօրենը գնաց, և ես թափառական դարձա: Տասնութ տարվա աշխատանքային ստաժով թոշակի ուղարկեցին: Ասացին՝ տարիքդ առած է, տիկին տնօրենի տանից դուրս շպրտեցին: Ճարահատված խեղճ աղջկաս կրակը գցեցի. տվեցի էն անխիղճ անիծյալին: Պարոն Լաչինի նոտարական գրասենյակում է աշխատում, հավատացյալ մարդ չէ: Ի՞նչ անեմ.. աղջիկս հագ ու կապ ուներ, հարուստների, ազնվականների աղջիկների նման էր հագնվում, ամեն շաբաթ վարսավիրանոց էր գնում: Թոշակով և վարձով տան պայմաններում անհնար էր այդպիսի բաներ թույլ տալ: Համալսարան էլ չէր ընդունվել:
Ապահովագրության բժիշկն ասաց.
– Ում կամենաս, բարձրաձայն հայհոյի՛ր, մինչև սիրտդ հանգստանա:
Ես էլ անընդհատ հայհոյում եմ: Աստված ինքն էլ գիտի՝ ես երազկոտ էի. ծառ ու ծաղիկը, առուն ու ջուրը, երկնքի լուսինն էի սիրում: Ոչ ոք ինձ աղոթել, ծոմ պահել, օրհնել չի սովորեցրել:
Երբ Քարբալայում էինք, Հաջի Էսմայիլի հետևից աղոթքը կրկնում էի: Նա բարձրաձայն էր աղոթում, ես՝ նույնը մտքումս: Երբ վերադարձանք Թեհրան, մոռացա: Փոխարենը, բարձրաձայն հայհոյում եմ: Հայհոյում եմ աշխարհի բոլոր անմարդկայիններին ու ճղճիմներին: Բոլոր այն մարդկանց եմ անիծում, որ կյանքի ընթացքում դարձան անմարդկային, ինչ-որ մեկն էին, բայց դարձան ստորներ: Շատերը մարդ մնացին, իրենց խոսքի տերը եղան, շատերն էլ՝ գետնի տակն անցան: Աստված թող ամենքի հոգին էլ լուսավորի: Տիկին տնօրենն ասաց՝ մեր դժբախտությունն այն է, որ մարդկանց տմարդի ենք դարձնում: Ասում էր՝ մեր արյունն էլ քամում են մեր երակներից, դարձնում անարյուն, տմարդի:
Միրզա Ռեզա Քերմանիին ներս բերեցին: Իրար կողքի հարուստներ ու պաշտոնյաներ էին նստած: Անընդհատ ասում էին. «Միրզա՛ Ռեզա, բարևի՛ր»: Հարցնում էր՝ ո՞ւմ բարևեմ:
Տիկին տնօրենը պատմում էր, որ նրա տատը գնացել է իշխանի մոտ, լաչակը արձակել, խփել իշխանի գլխին ու աչքի տակը կապտուկ արել: Ուզում եմ գնալ շուկայում ինչքան կտոր կա, առնել ու լաչակ կարել, որ բոլոր տմարդիների գլխին կապեմ: Հոգուդ լույս իջնի, է՜, տիկին տնօրեն, ինչքան էիր ասում, թե կանայք հարյուր նամուս…
Վեր կենամ, գնամ կաթ առնեմ, կաթնով եփեմ: Չէ՜, է, ֆերնի[7] կպատրաստեմ: Բայց այս սառույցների վրայով ինչպե՞ս գնամ: Նոր գնածս ամերիկյան «Բելլա» երկարաճիտ կոշիկները ոտքիս մեծ են: Ատամս ցավում է, խփում վզիս ու աջ ականջիս: Աջ ծունկս էլ է ցավում: Երեկ գիշերվանից Հաջի Էսմայիլը մտքիցս չի գնում: Գլխումս խշշոց է: Բայց պետք է գնամ: Եթե այս սենյակում՝ մենակության մեջ, նստեմ, ինքս ինձ հետ խոսեմ, գլուխս կպայթի: Սրտումս էլ ինչ-որ բաներ են տակնուվրա լինում: Ոտքերս փաթաթում եմ թերթով, վրայից հագնում եմ գործածս բրդե գուլպաները. երկարաճիտ կոշիկները հագովս են: Գործել այս օրերում ինչքան է ինձ փրկում, մարդուն ինչքան լավ է իր հոգսերից ու մտքերից կտրում: Մինչև հիմա մանկական, բրդե տասը շապիկ եմ գործել Մանսուրի ու Մասուդի համար: Ի՜նչ սիրուն նախշեր էի գցել: Բայց արգելեցին, որ իրենց համար այլևս գործեմ: Հիմա էլ անընդհատ գործում-քանդում եմ: Մեկն էլ չունեմ, որի համար գործեմ: Փողս էլ շատ չէ. ամեն ինչ թանկացել, կրակի գին է դարձել: Միայն մարդու հոգին է էժան:
Հենց առաջին օրն ասացի, որ աշխարհում այս մինուճար երեխան ունեմ: Աստծուն էլ հաճելի չի լինի, որ ինձ զրկես զավակիցս: Բայց էն անտաշի փորը հենց սկզբից էր լիքը, թե չէ ինչի՞ կգնար Բաղ-ե Սաբայում տուն կառներ. որ ինձնից հեռու լինեն: Հետո էլ մի բառ խոսել չկարողացա, ձեռքերիցս բռնեց ու երեխիս տնից դուրս շպրտեց: Գիտեմ՝ ինչ կանեմ: Կգնամ, տիկին Փանիրփուրից խայտառակության անեծք կսովորեմ: Շալվարս գլխիս կգցեմ, նրան կանիծեմ: Տիկին Փանիրփուրն ամեն տեսակ անեծք գիտի: Այն օրը ինքը չէ՞ր ասում՝ կտուրի վրա խայտառակության անեծք ասա:  Հինգշաբթի երեկոյան պարոն Ռաշեդի «Ռոուզեն»[8] եմ միացնում, ռադիոյի ձայնը բարձրացնում, որ բոլոր հարևանները լսեն: Ուզում եմ Ղամար-օլ-Մոլուք Վազիրիի[9] երգերը լսել. սոխակի նման է երգում: Տիկին տնօրենը նրա մի քանի ձայնապնակ ուներ. չիմացա՝ ում հասան: Երբ ամառային արձակուրդներին լուսահոգին գնում էր Էվին-Դարաքե, բակը մի լավ ջրջրում էինք, մեր ցանած ծխածաղիկներն էինք ջրում, նստում օձագալար կանաչի տակ, միացնում էինք գրամաֆոնը և դնում Ղամար-օլ-Մոլուք Վազիրիի ձայնապնակները՝ «Ստվերայինը», «Էղբալսոլթանը»: Հաջի Էսմայիլի համար բեհլիմուի[10] օշարակ էի պատրաստում, ասում՝ անուշ լինի: Ասում էր՝ նախ դու խմիր…
Եթե գոնե Ռոբաբեն երևար, Մանսուրին ու Մասուդին էլ հետը բերեր, ինչքան կուրախանայի: Մասուդին մի օր ասացի. «Մասու՛դ, մուկը քեզ ուտի», ասաց՝ թող քեզ ուտի: Խնդրեցի-աղաչեցի, որ ինձ համբուրի, ասաց՝ մի տուտ ծամոն տուր, կհամբուրեմ: Շան տղան ծամոն է ուզում: Տիկին տնօրենը բարկանում էր, երբ երեխաները մաստակ էին ծամում: Ասում էր՝ ամերիկացիների հնարածն է:
Խայտառակության անեծքը պետք է զուգարանի տանիքից անեն, երբ արևը արդեն ծագած լինի: Հետո անհրաժեշտ է Յազիդին ու Մոավիեին[11] անիծել: Այս ամենը տիկին Փանիրփուրն է ասել: Ձմռանից առաջ էր, տանիք էր բարձրացել, արևի տակ կանաչի էր մաքրում: Ես էլ գնացել էի՝ լվացքը փռելու: Սիրտս շատ նեղն էր, գնացի, բարևեցի: Այդ օրը կատակեցինք, ասեցինք-խոսեցինք, նրան պատմեցի, թե ինչ կյանք եմ ունեցել, օգտվել ամեն տեսակ հաճույքից: Հետո խոսեցի փեսայիցս, որ հոգիս է խոցել: Ասաց՝ խայտառակության անեծք արա, որ Աստված նրան խայտառակի: Այդ օրվանից հետո այլևս չհասկացա՝ ինչու է հետս մի տեսակ: Իրար հանդիպելիս իրեն այնպես է պահում, ասես կյանքում չի տեսել. ես էլ այլևս չբարևեցի: Չնայած այս ամենին՝ կգնամ, նրանից խայտառակության անեծքի ձևը կսովորեմ: Երանի արև լիներ, և զուգարանի տանիքին այդքան ձյուն չլիներ: Աստված իր պատռված վերմակն է թափ տալիս. ամենուր այդ հսկայական վերմակի քուլաներն են թափվել ու դեռ թափվում են: Քավ լիցի, չէ է՜, ուղեղս չի աշխատում: Էդպես էլ  մարդ չեմ դառնա: Ա՛յ կնիկ, հերիք է հայհոյես, գլխիդ մի փորձանք կբերես:
Մի անգամ մի բառ թռավ բերանիցս, ասացի.
–  Ա՛յ Օմարի գլուխ[12], բա քեզ տղամարդ կասե՞ն: Դանդալոշ եղբայրներիդ հետ երեխիս կյանքը կերաք: Վերջին ամսվա հղի կինը մի ձեռքով երեխայի ճաշի կաթսան է բռնել, մյուսով՝ էն շան լակոտ Մասուդի ձեռքը: Բոլորիդ շորերը լվանում է, արդուկում, ճաշը, ընթրիքը պատրաստում: Մայրդ էլ, միշտ թզբեխը ձեռին, հրամաններ է տալիս: Եղբայրներդ ասես իրենց համար ձրի ծառա են բերել: Դու էլ հենց գրասենյակից հոգնած գալիս ես, երեխես տաք ջուր է բերում, ոտքերդ լվանում, կոշտուկներդ է քարով տրորում: Ես եմ, է, էս կուրացած աչքերով տեսել:
Նրանց տուն էի գնում, մինչև հոգուս խորքը լցված՝ վերադառնում: Այնքան էր փնթփնթում, մայրն էլ իր հերթին ինձ ու զավակիս այնքան էր կշտամբում, եղբայրներն այնքան էին ծաղրում, որ զզվում էի ինքս ինձնից: Հազարից մեկ էի այնտեղ գնում: Մի օր՝ կեսօրին, գնացի մանկապարտեզի մոտ, որ գոնե երեխիս տեսնեմ: Տեսնեմ՝ Ռոբաբեիս մի ձեռքը՝ երեխայի ճաշի կաթսան ու գնումների զամբյուղը, մյուսով ձեռքով էլ Մասուդի ձեռքն է բռնել (ծննդաբերելու օրերն են, է՜), ձյան վրա սղղալով մի կերպ քայլում է, Մասուդն էլ նվնվում է, թե՝ մա՛մ, գրկի՛ր, հա մա՛մ, գրկի՛ր: Երեխային գրկեցի ու աղջկաս հետ դրանց գրողի տարած տուն գնացինք: Քուրսու տակ վեր էր ընկել, արևածաղկի սերմ էր չրթում: Մայրն էլ սենյակի մի անկյունում աղոթում էր: Եղբայրները դեռ չէին եկել:
Ասացի.
– Բա դու տղամարդ ե՞ս: Չես կարո՞ղ գոնե երեխիդ մանկապարտեզից բերել:
Բերանս բաց արեցի, ու լեզվիս ինչ եկավ, ասացի: Զարմանքից քար էր կտրել: Քուրսու տակից վեր կացավ, ձեռքիցս բռնեց, հրելով սենյակից հանեց ու տան շեմից դուրս նետեց: Ինձ ասաց անապատի վիշապ, խառնակիչ կնիկ, այլանդակ վհուկ ու էլ ինչեր որ ասես…
Այսքանը քիչ է՝ երեխիս ծեծում էլ է: Աղջկաս ճիպոտով խփում է. հարևաններից եմ լսել: Լսել եմ՝ ասել է, թե չէ մայրդ չոր հացով ու դպրոցում հավաքարարություն անելով չի՞ քեզ մեծացրել: Անգամ լսել եմ, որ աղջիկս Մանսուրին առանց մանկաբարձի է ունեցել: Հիմա քսան ամսական կլինի, երևի խոսում է: Ասում են՝ մերն ասել է, թե երկրորդ ծննդաբերության ժամանակ մանկաբարձն ի՞նչ է անում: Ու ինքն է երեխային բռնել, հարևաններն էլ օգնել են: Այս ամենը լսելով՝ չկարողացա համբերել: Վեր կացա, մի քիչ նարինջ առա, գնացի՝ աղջկաս տեսնելու: Գույնը՝ պատի ծեփ: Էդ ի՜նչ վիճակ էր, ի՜նչ գույն էր. չէր կարողանում անկողնու վրա նստել, ինձ աղաչում էր, թե էստեղ մի մնա: Վեր կաց, գնա, նարինջներն էլ վերցրու: Եթե գլխի ընկնի, որ եկել ես, ինձ կծեծի, ու այդ ժամանակ, ով գիտի, անկողնուց երբ դուրս կգամ: Մի աշխարհ լվացք էր հավաքվել: Կատաղեցի, ասացի.
– Ռոբաբե՛, մայրդ քեզ մատաղ, այսպես անհնար է ապրել: Սա ստորություն է: Ես ու լուսահոգի հայրդ աշխարհի հաճույքներն ենք արել, դու ինչո՞ւ պիտի վշտանաս ու լացես: Կյանքը մարդուն քանի՞ անգամ է տրվում: Հայրդ քեզ բարուրում էր, օրորոցային երգում, լողացնում, տանում զբոսանքի:
–  Մա՛մ, երկու երեխա ունեմ. ո՞նց բաժանվեմ: Բացի այդ, նա ինձ հետ վատ չի վերաբերվում:
– Աղախնություն անելու համար այդքան կրթություն պետք չէր…
Ա՛յ Ռոբաբե, երեխա ե՞ս խաբում: Հիմա՞ ինչ փորձանք ես ուզում գլխիդ բերել:
Արգելել է, որ գնամ Մասուդի դպրոց: Գնում եմ մսավաճառի մոտ, կրպակ, կաթնամթերքի խանութ, որ գոնե երեխայիս հարևաններից մեկին տեսնեմ: Նրանք հաստատ տեսնում են երեխիս ու լսում էն հարամ շան ձայները: Լսել եմ՝ Ռոբաբեն ակնոց է դնում. երեխես շատ է կարդացել: Իսկ եթե երեխայիս գլխին այնքան է խփել, որ դրա համա՞ր է ակնոց դնում… ինչեր ասես, որ չեմ լսել: Ասում են՝ տվել, երեխայիս գլուխն է բացել, էն Մասուդին էլ է ծեծել, երեխի ականջից արյուն է եկել, ասում են… Էնպես եմ փեսայիս անիծում, որ եթե դրանցից մեկնումեկը նրան կպնի, իրենց յոթանասուն պորտին էլ հերիք կանի: Բայց ի՞նչ անեմ. միշտ ողջ-առողջ է:
– Ա՛յ Ռոբաբե, ես ու հայրդ այս աշխարհի տակ ինչքան հաճույք կար, վայելել ենք: Քեզ համար էլ ոչինչ չենք խնայել: Ասացի՝ քանի դեռ իմ տանն ես, ոչ մի տանջանք չկրես, երբ ամուսնանաս, կտանջվես, բայց չէի կարծում՝ այս աստիճանի: Անտեր մնացածի քույրերը հենց հիվանդանում են, գալիս են իրենց մոր տուն: Ախ մայրիկ ջան ու զահրումար, ախ մայրիկ ջան ու գրող ու սև ցավ: Ձեզ ո՞վ է խնամում: Ռոբաբե՛, Ռոբաբե՛, վազի՛ր հյութ բեր, վազի՛ր ճտով ապուր եփիր, կա՛թ առ, տաքացրո՛ւ, որ զահրումար անենք: Լուսահոգի տիկին տնօրենն ասում էր՝ չես թողնում էդ երեխեն մատը մատին տա, թողնում ես՝ դասերով զբաղվի: Շան տանջանք ես կրում, որ Ռոբաբեին իր խավից էլ ավելի բարձրացնես: Էլ չգիտես, որ կինը նեղություն կրողների խավին է պատկանում: Լույս իջնի հոգուդ, զարմանալի խելացի էիր:
Վեր կենամ, գնամ կաթ առնեմ, կաթնով եփեմ: Չէ, է՜, ֆերնի կպատրաստեմ: Էս անտեր ատամն էլ ոնց է ցավում: Ապահովագրության բժիշկն ասաց՝ հենց միայնությունը իրեն զգացնել է տալիս, վեր կաց, դուրս գնա…»:
Վեր կացավ, նայեց հայելու մեջ: Մազարմատները ճերմակել էին, մեջտեղի մասը կարմրին էր տալիս, իսկ ծայրերը ագռավի թևերից էլ սև էին: Պատահական չէր, որ փեսան անունը զզվելի ջադու էր դրել: Էլ չգիտեր, որ երբ մարդ ցավ է ապրում, սրտից մի ճերմակ մազ է դուրս գալիս: Երբ հղի էր Ռոբաբեով, իններորդ ամսում սրտի վերևում ծակոցներ ուներ, տիկին տնօրենն ասում էր՝ երեխայի մազերն են աճում: Մոր սրտից են աճում երեխայի մազերը: Ասում էր, թե ինչքան էլ հաշվենք, այժմյան պայմաններում կինը տանջվողների խավին է պատկանում:
Քուրսայի անկյունը մի կողմ քաշեց, կարպետի տակից մեկ թումանանոց վերցրեց: Ափսոս այն երկու քրդական գորգերը, որ օժիտ էր ուղարկել էդպիսի փեսայի տուն: Չադրան գլուխը գցեց, ծիրանագույն անձրևանոցը վերցնելով՝ դուրս եկավ: Զգուշությամբ էր քայլում՝ բռնվելով պատից, երկաթյա ջրհորդաններից, սրա-նրա տան պատուհաններից: Երանի ատամը հանած լիներ, բայց չէր ցանկանա անատամ ու այսքան կնճիռներով դուրս գալ մարդամեջ: Պիտի քայլեր Էլլայի ողջ փողոցով, ապա՝ ծրագրերի ընկերության շենքի հետևով: Շահաբադ փողոցում ամեն տեսակ կրպակ կար: Կարող էր ոստիկանական բաժանմունքի մոտով գնալ Ժալե փողոց և պարոն  Փանիրփուրի խանութից կաթ գնել, բայց վերջացել էր:
Կաթը վերջացել էր. ո՛չ շշով կաթ կար, ո՛չ թղթով, ո՛չ էլ՝ սովորական: «Ավերվես դու, Թեհրա՛ն, ստորների, տմարդիների գլխին փլվես՝ քո այդ կեղեքիչ ձմեռներով և կրակ ու պատիժ ամառներով: Ոչ մի գետ, ոչ մի ծառ-թուփ, մի առվակ չկա: Տիկին տնօրենի ասած՝ թանաքի մի կաթիլի նման թափվել է թղթի վրա, ամենուր տարածվել է, խեցգետնի պես թաթերը կողքերն է գցել: Ա՛յ խեցգետնակերպ քաղաք, ավերվե՛ս դու»:
Գնաց մսավաճառի մոտ: Պարոն Փանիրփուրի կինը միս էր առնում: Մի ազդր էր պատվիրել: Ջաֆար աղան այդ ազդրն էր կտոր-կտոր անում և մեծ դանակով ոսկորները երկու մասի բաժանում: Տեղական թարմ, գույնը տեղը ոչխարի միս էր: Ասաց՝ երկու կիլո, յոթ հարյուր գրամ: «Բնական է, մարդիկ հենց այնպես անպիտան չեն դառնում ու բոխախ գցում»: Տիկին Փանիրփուրը բրդյա գլխաշոր էր կապել: Ձեռքին՝ ձեռնոցներ, շրջազգեստ-կոստյումի վրայից էլ մուշտակ էր հագել: Կոստյումի վրայից մի հիսուն թումանանոց թղթադրամ հանեց, տվեց Ջաֆար աղային: Ջաֆար աղայի ձեռքը կոտրված էր, իսկ վրայի վիրակապը՝ արյունոտ:
Սպասեց, մինչև տիկին Փանիրփուրը գնաց: Ձեռքը պարզեց և մեկ թումանանոցը տվեց Ջաֆար աղային: Նա մի քիչ ճարպ, ճրագու, կաշի ու մի աննշան մսի կտոր և սառած ոսկոր վերցրեց վաճառասեղանի վրայից, կշռեց: Քոքյաբ Սուլթանն ասաց.
– Ջաֆար աղա՛, էդ սառած միսը եսիմ որ գերեզմանից է բերված. ինձ մի՛ տուր: Իսկական պարարտանյութ է, որ ծառի տակ լցնեն:
Ջաֆար աղան զայրացավ.
– Էս է: Մի թումանով խորոված ֆիլե՞ տամ,- և այդ աղբը դրեց մի թերթի մեջ, տվեց Քոքյաբ Սուլթանին ձեռքը… «Եթե Հաջի Էսմայիլը ողջ լիներ, էդպիսի բան կանե՞ր»:
Ինչպիսի՜վախ էր պատել Քոքյաբ Սուլթանին: Այս վախն էլ հիվանդության մի տեսակ էր: Վախենում էր՝ ողջ կյանքում հենց այդպես միայնակ մնար, և փեսան երբեք հետը չհաշտվեր, ինքն էլ իր դստեր երեսը չտեսներ: Բենզալցակայանի մոտ մի անգամ սայթաքեց: Քիչ էր մնում՝ ընկներ: Մայթը սառել, հայելի էր դարձել, ձյունը հիմա էլ սառույցին էր նստում: Մյուս վախն էլ ձյունից էր: Սարսափում էր՝ այնպես ձյուն կգա, որ չի կարողանա դուրս գալ տանից, գնալ Բաղ-ե Սաբա՝ կաթնամթերքի, նպարեղենի, մսի խանութներ, որ աղջկանից հետաքրքրվի:  Սարսափում էր՝ այնքան ձյուն կգա, որ տան դռներն էլ կծածկի, և չեն բացվի, մարդիկ էլ ստիպված կլինեն տանիքների վրայով գնալ-գալ: Եվ քանի որ իր բոլոր հարևանների տանիքները թիթեղապատ են, իր ճամփան այնպես կփակվի, որ կբատնարկվի սենյակում, հետո այն հիվանդությամբ կհիվանդանա, որ, ասում են, Ճապոնիայից է եկել: Այնքան կփսխի, որ կջրազրկվի, և մեն-մենակ՝ առանց խնամողի, կմեռնի, կփտի: Բայց մահից չէր վախենում: Մի՞թե երազկոտ մարդը կվախենա մահից: Ձյունից, հիվանդությունից, մենությունից, փակված դռներից ու փեսայի կոպտությունից էր վախենում, բայց ոչ մահից: Իհարկե, մի պայմանով, որ ընդհանրապես ցավ չզգա, քնով անցնի: Տիկին Փանիրփուրի պես Նաքիրից ու Մոնքերից[13], գերեզմանում առաջին անգամ գիշերելուց կամ հիսուն հազար տարի հետոյից չէր վախենում: Ոչ մի բանին էլ չէր հավատում:
Պետք է իրեն մի բանով զբաղեցնել, որ միայնությունից այսչափ չսարսափի: Էլ ինչպե՞ս գործին ու քանդի: Մտածեց՝ նստի, չեհելթիքե[14] կարի, հնոտիքը քրքրի և ինչքան հարմար կտոր գտնի, դրանցով չեհելթիքե կարի: Բայց ո՞ւմ համար: Աղջիկը վախենում է իրենից մի բան վերցնել: Էլ ո՞ւմ համար կարի: Առհասարակ, ո՞ւմ համար և հանուն ինչի՞ է ողջ: Ո՞ւմ բարևի: Ո՞վ է մնացել, որ մարդ էլ բարևի:
«Էս երեխաներն էլ, մարդ չգիտի՝ որ մի գրողից են լցվել փողոց ու ձնագնդի խաղում, սառույցների վրա սահում, անցորդների քայլելն էլ ավելի բարդացնում»: Մի ձնագնդի դիպավ նրա անձրևանոցին ու դմփոց հանեց: Անձրևանոցը փակեց, շրջվեց, որ հայհոյի: Երեխաները՝ վառ դեմքերով, ուրախ-զվարթ սահում էին: Սիրտը չտվեց՝ հայհոյի: Ինքն էլ է, չէ՞, մի օր մանուկ ու պատանի եղել: Մի՞թե աշխարհի հաճույքները չի վայելել, քիչ է՞ կրակ վառել: Էլայի փողոցում երեխաները մի ձնեմարդ էին սարքել: Ձնեմարդը միաչքանի էր, իսկ մյուս աչքի փոխարեն սև կտոր էին կապել սև ժապավենով, գլխին էլ մի թասակ դրել[15]: Ասես իրենց բարկությունն էին դատարկում, որովհետև հարձակվել էր իրենց սարքած մարդուկների վրա: Այնքան էին թռվռացել, որ այտերից կարմիր էր ծորում, աչքերը փայլկտում էին:
Նրանցից մեկը, ձյան վրայով սահելով, մոտենում էր Քոքյաբ Սուլթանին: Տղան եկավ-եկավ, հանկարծ սայթաքեց, դիպավ  Քոքյաբ Սուլթանին, և երկուսն էլ գետին փռվեցին: Տղան վեր կացավ, սկսեց վազել: Քոքյաբ Սուլթանին: Քոքյաբ Սուլթանին: Քոքյաբ Սուլթանը մի կողմ էր ընկել, անձրևանոցը՝ մի այլ, իսկ գնած միսը (միս չէր, մսի աղբ էր) ձեռքից թափվել էր և սառուցի ձյուների վրա ցրիվ եկել: Քոքյաբ Սուլթանը չէր պատկերացնում, թե հունից այսչափ դուրս կգա: Կարծես մեն-մենակ ընկել էր լքված, ձյունոտ ու սառցակալած մի անապատ: Ապահովագրության բժշկի հրահանգներին հավատարիմ՝ սկսեց բղավել, աղաղակել.
– Ա՛յ թեթևսոլիկներ, պիղծ ծնունդներ, ձեր դպրոցները փակել են, որ սրա-նրա հոգին հանե՞ք: Հայտնի չի՝ որ  մի գրողի ծոցում են զուգավորվել ու այս պիղծ սերունդներին աշխարհի ջանին գցել: Ա՛յ ժողովուրդ, եկե՛ք, օգնե՛ք: Այս պիղծ լակոտն ինձ սպանեց: Գետին գցեց ու փախավ: Հաստատ ձեռ ու ոտս կոտրել եմ: Մեկդ եկե՛ք, ձեռքիցս բռնե՛ք, վերե՛ւ բարձրացրեք: Միայն ձևեր թափել գիտեք: Կոստյումի գրպանից հիսուն թուման հանել ու երկու կիլո միս առնել գիտեք: Մի անգամ ձեր հարևաններից մեկին մի աման մածուն տված կա՞ք: Աստվա՛ծ իմ, թող մերդ սատկելուդ լուրը լսի: Աստված տա, մեռնելուդ լուրն ինձ բերեն: Աստված տա, դառնաս անցվոր, ու հոսող ջուրը՝ սրընթաց ձիավոր, այ դո՛ւ, որ ինձ բաժանեցիր երեխիցս: Ռոբաբե՛, ո՞ւր ես, որ տեսնես՝ մայրդ ինչ թշվառ է, այ Հաջի Էսմայիլ, դու ո՞ւր ես: Ծիծաղս էր, է, զրնգում, իսկ հիմա ինձ նայեք: Աստված իմ, թող ոչ մի սիրող մարդ չթշվառանա: Ա՛յ չար, ստոր լակոտներ, թշվառաբար մեռնեք դուք: Եթե մեկը ձեզ ասի՝ աչքիդ վերևն ունք կա, հազար ու մի մարդ կգա, բա հիմա ո՞ւր են դրանք…
Մի քանի անցորդ մոտեցան նրան: Մի ակնոցավոր, սև մորուքով երիտասարդ կռացավ, բռնեց Քոքյաբ Սուլթանի ձեռքը, նրան վերև հանեց: Չադրան վերցրեց գետնից, վրայի ձյունը թափ տվեց ու գցեց նրա գլխին: Գեղեցկադեմ, առանց հեջաբի մի կին էլ մսի աղբերը հավաքեց, թերթով փաթաթեց, տվեց նրա ձեռքը: Պատանին վերցրեց նրա անձրևանոցը, պահեց գլխավերևում, ձեռքը մեջքից գցեց ու ասաց. «Ես Ձեզ տեղ կհասցնեմ»:
Գեղեցկադեմ կինն ասաց.
– Եթե կարծում եք, մարմնի որևէ հատված կոտրել եք, Ձեզ հիվանդանոց տանենք:
Քոքյաբ Սուլթանի սիրտը արագ էր զարկում, բերանում ինչ-որ դառնահամ կար, բայց ժպտաց կնոջը: Հանկարծ պատկերացրեց, թե այդ պատանին իր երազած, բայց այդպես էլ չունեցած փեսան է, իսկ այդ կինը՝ իր դուստրը: Ապա մտածեց, որ քաղաքի բոլոր բնակիչները իր հարազատներն ու բարեկամներն են, և այս մտքից սրտխփոցը անմիջապես հանդարտվեց: Բոլորին դիմելով՝ բարևեց ու հանկարծակի սկսեց լաց լինել: Եվ այնպես էր լալիս, կարծես հենց երեկ էր Հաջի Էսմայիլը անհետացել:

 

 

[1] Այս եզրույթը իրանական գրականության և մշակույթի մեջ մեծ տեղ ունի: Շատ հայտնի կերպար է, որին հերոսը պատմում է իր ցավերը, հետո հարց տալիս. «Հիմա ասա՝ ի՞մ ցավն է մեծ, թե՞ քոնը»: Եթե պատմողը ժամանակին կարողանա հասցնել և ասել՝ քոնը, համբերության քարե տիկնիկը կպայթի, հակառակ դեպքում նրան դիմողն է պայթում:

[2] Ձմռան առաջին քառասուն օրը, որ ավելի ցուրտ է լինում:

[3] Բառացի նշանակում է պանրի որդի: Երգիծական նշանակություն ունի:

[4] Նամազից առաց հատուկ ծիսական լվացում:

[5] Ամառանոցային քաղաք է:

[6] Շիա մուսուլմանների համար ուխտատեղի է: Այստեղ է նահատակվել նրանց առաջնորդ Հուսեյնը:

[7] Ալյուրով, կաթով, վարդաջրով, շաքարով պատրաստվող կերակուր:

[8] Սգասացություն:

[9] 20-րդ դ.-ի իրանցի հայտնի երգչուհի:

[10] Կիտրոնի տեսակ:

[11] Իսլամական խալիֆներ, որոնց օրոք շիաները կրել են բազմաթիվ տանջանքներ:

[12] Օմարը եղել է Մուհամմադ մարգարեի ցեղակիցներից, որը դեմ էր իսլամին: Մարտերից մեկի ժամանակ Ալին նրա գլուխը թռցնում է և բերում-տալիս Մուհամմադին:

[13] Իսլամում մահվան հրեշտակներն են:

[14] Իրանական վերմակի տեսակ է, կարվում է քառասուն տարբեր, գունավոր կտորներից: Չեհել՝ քառասուն, թիքե՝ կտոր:

[15] Նկատի ունի Իսրայելի՝ այդ ժամանակվա պատերազմի նախարարին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *