Նարինե Կռոյան | Վայ նրան, ում ձեռքով կգա գայթակղությունը

– Երկու հազար դրամ ջուրը,- ասաց բանկի աշխատակիցը՝ հայացքը համակարգչի մոնիտորից չկտրելով:
Գեղամը զայրացավ. «Մենակ ջրի համար՝ երկու հազա՞ր: Բա մնացածը՞ …»:
– Տպե՞մ,- հաճախորդի կողմը չնայելով՝ հարցրեց աշխատակիցը:
– Հա, բա ինչ անես:
Անկարողությունից Գեղամն ակամա շուրջը նայեց՝ բնազդաբար կոմունալ վճարումների մամլիչի տակ մնացած բախտակիցներ փնտրելու և գոնե դրանով սփոփվելու ակնկալիքով: Չգտավ: Կողքի պատուհանի մոտ միջին տարիքի, փոքրամարմին, փոքր-ինչ գիրուկ կին էր՝ անձնագիրը ձեռքին:
– Փոխանցումը հասե՞լ էէէէ….,- ձգեց կինը:
Գեղամը ձևացրեց, թե չի լսում: Հասկացավ՝ որ կինը տեղացի չէ. «Երևի մոտակա գյուղերից»: Կնոջ աղքատիկ և հավանաբար դեռ ոչ այնքան հեռավոր անցյալում նորաձև, երկարափեշ, թավշյա զգեստը ամրապնդեց Գեղամի առաջ քաշած վարկածը: Սակայն նրա դեդուկտիվ վերլուծությունը կրկին ընդհատվեց. ստիպված էր վերադառնալ իր «կոմունալներին»: Նա համոզված էր, որ բախտի դեմ խաղ չկա, և որոշեց հնարավորինս հլու ընդունել պատուհանից այն կողմ հնչող և գրպանը դատարկող թվերի ու բառերի՝ ականջների վրա ծանրացող բեռը. ամեն այլընտրանք չունեցողի պես նա այսուհետ միայն լսողի ու գլխով հավանություն տվողի դերում կլինի: Սակայն միապաղաղ ճոճումներից հոգնած գլուխը երբեմն նաև թեքվում էր՝ կրկին անսալով, որպես մխիթարություն, բախտակիցներ փնտրելու անկառավարելի բնազդին: Հերթական թեքումը նրա տառապած հայացքը դարձյալ ուղղեց դեպի հարևան պատուհանի ու երկարափեշ կնոջ կողմը: Թվաց՝ սրտում ինչ-որ անոթ խցանվեց, ու ծնկները դողացին. գեղջկուհու ձեռքերի մեջ փողի անհավանական մեծ տրցակ կար: Մահապարտի թմբիրն անցավ, ասես՝ ինչ-որ մեկը անուշադրի սպիրտով սրվակ մոտեցրեց քթին: Հայացքը կնոջից կտրել այլևս չէր ստացվում, սակայն հասկանում էր, որ երկար նայելն էլ առնվազն անհարմար է: Գեղամը այլ ուղղությամբ գլուխը թեքելու անմարդկային ճիգ գործադրեց՝ դեպի իր բաժին գանձապահը, դեպի փրկության իր պատուհանը, սակայն, միևնույն է, կողմնային տեսողությունն աներևակայելի համառությամբ շարունակեց կնոջ ճաքճքած մատների հետ հաշվել անսպառ թվացող գումարը . «Տեսնես ինչքա՞ն կլինի …»:
– Երեք հարյուր հազար ռուբլի: Ճիշտ է, չէ՞,- ապակյա արգելապատնեշի մյուս կողմից ընդհատեցին կնոջը:
– Հա, ապրես,- պատասխանեց կինն ու այնուամենայնիվ որոշեց մի անգամ ևս հաշվել:
– Չե՞ք ուզում փոխանակել, դրամով ստանալ,- շարունակեցին ապակու մյուս կողմից:
– Չէ, չէ,- շտապեց հաճախորդը:
Նա փողը խնամքով դրեց պոլիէթիլենի մի տոպրակի մեջ, փակեց պայուսակն ու պատրաստվեց հեռանալ:
«Մոտ երկու միլիոն երկու կամ երեք հարյուր հազար դրամ»,- արագ հաշվեց Գեղամն, ու աչքերը կուլ գնացին:
– Վե՞րջ,- այս անգամ իրեն էին դիմում,- վարկեր չունե՞ք:
– Ինչի՞, էս երկրում ես բացառությու՞ն եմ,- Գեղամը հեգնեց, սակայն, նկատելով, որ իր հումորը չհասկացան կամ էլ ձևացրեցին, թե չհասկացան, շարունակեց,- ունեմ, բա չունե՞մ…. Հիմա չեմ կարող վճարել: Աշխարհը փոխվեց, իրավիճակ փոխվեց, իմ վարկերը մնացին:
Ասաց ու շտապեց դուրս գալ՝ դեպի օդը, լույսը, դեպի այն ամենը, ինչը պիտի գոնե ժամանակավորապես խլացներ ճիտին պարտքի ճչացող ցավը:
Շոգը նեղում էր: Ոտքով գնալն անտանելի կլիներ: Ստվեր փնտրելով՝ քայլեց կանգառի ուղղությամբ, որ հարելով զբոսայգուն՝ պիտի որ ներծծված լիներ այգին երիզող շագանակենիների զովությամբ:
Երթուղայինն ուշանում էր:
Հանկարծ կանգառի ծածկից դուրս, այգուց ձգվող սաղարթների տակ Գեղամը բանկի երեք հարյուր հազարանոց կնոջը տեսավ:
– Եթե աչքովս տեսած չլինեի, չէի հավատա, որ սրա քոսոտ պայուսակի մեջ էդքան փող կա,- քրթմնջաց, ու գլուխը տարօրինակ կախվեց:
Կանգառին դեղին ավտոբուս մոտեցավ և, ասես վերջին շնչում, սեղմեց արգելակները:
Կինը, հավաքելով փեշերը, վերև բարձրացավ:
Երբ ավտոբուսի հանգած շարժիչը նորից աշխատեց, Գեղամը խելահեղ մի ոստյունով թռավ ետևի դռան սանդուղքին ու ներս խցկվեց: Երևի արածն այնքան սովորական էր, որ ոչ ոք նրա կողմն անգամ չնայեց, միայն ինքը զարմացավ. վաղուց երիտասարդ չէր:
«Ու՞ր է գնում տեսնես …»:
Ավտոբուսը, մինչև քաղաքից դուրս գալը, էլի մի քանի կագառ արեց՝ մինչև բերնեբերան լցվեց:
Պատանիներ, երիտասարդ աղջիկներ կային՝ երևի ուսանողներ: Հիմնականում կանայք էին՝ հացով և այլազան մթերքներով ծանրաբեռնված:
«Գյուղերում այլևս հաց չեն թխում»,- իր համար արձանագրեց Գեղամն ու տխրեց:
Քաղաքից դուրս ավտոբուսն սկսեց աստիճանաբար դատարկվել: Շուտով իջավ նաև երկարափեշ կինը:
Գեղամն սպասեց. մեկ-երկու կիլոմետր, և ինքն էլ կիջնի:
Մայրուղին ոլորաններ չուներ: Նա գիտեր՝ որտեղ կինն իջավ: Շրջվեց, ու որպեսզի չվազի, ոտքերն սկսեց սովորականից ավելի լայն-լայն գցել:
Ծիծաղը եկավ: Ի՞նչ էր անում….. Հարց էր տալիս և պատասխան չգտնելով՝ նորից ու նորից էր կրկնում հարցը: Սակայն գիտեր՝ ինչ-որ տեղ ներսում պատասխանը կար, պարզապես լավ կլիներ, եթե ոչ մի պատասխան էլ չլիներ. բանականության, իր ու իր ներսում ծվարած մեկի հետ անբարբառ այդ կռիվն իրեն պատառ-պատառ էր անելու: Վերջ: Չի մտածելու:
Մայրուղուց թեքվող խճածածկ ճանապարհի վրա կնոջը տեսավ: Նա քայլում էր հանգիստ ու անշտապ:
«Կարծես էդքան փողն իմ գրպանում է: Նույնիսկ ետ չի նայում»: Մտածեց, ու սիրտը կրծքավանդակը ճեղքելու փորձ արեց: Թվաց, թե սրտի վրա կողերի գծավոր հետքերը տեսավ, շոշափեց: Իսկ եթե շոշափողն ուրիշ մեկն է՞ր …
Ճանապարհի ժապավենը կորավ բլրի ետևում, և Գեղամի տեսադաշտից անհետացավ նաև կինը: Նա մի պահ կանգ առավ, փորձեց կարգավորել արագացող շնչառությունը, ձգեց հսկայական դառնալու հավակնություններ ունեցող փորի գոտին ու … վազեց: Ոչ ոք չէր երևում:
Բլրի կեռմանին հասնելով՝ մոտ տաս-տասնհինգ մետրի վրա կնոջը կրկին տեսավ: Կինը կռացել էր: Ձեռքին կոշիկ կար:
Կանգ առավ. «Հավանաբար ավազ կամ քար է լցվել»:
Շուտով, դժվարությամբ պահելով մարմինը, կինն սկսեց մի ոտքի վրա թռվռալ: Երկար ու ծավալուն փեշերը օդապարիկի պես փքվեցին՝ նրան ձվերը պաշտպանող թխսկանի նմանեցնելով, և Գեղամը հասցրեց ժպտալ:
Չընկնելու համար կինն ավելի կռացավ ու տարածեց թևերը:
Ուրիշ հարմար պահ կարող էր չլինել:
Գեղամը կրկին վազեց ու մեջքից հարձակվելով՝ կնոջը տապալեց գետնին: Զոհը հարձակվողի ծանրության տակ սկսեց ակամա թպրտալ և դուրս սողալու փորձ արեց: Երկուսն էլ ծանր էին շնչում: Խճի խոշոր ու սրածայր կտորները մխրճվել էր կնոջ դեմքի մեջ, և օգնությություն կանչելու ամեն ճիգ բացառվում էր: Սակայն Գեղամն, իր համար անսպասելի, ավելի անելանելի վիճակում էր հայտնվել. նրա փորն ու լեշի նման փռված ծանր մարմինը ասես սոսնձվել էին կնոջ ներքնականման փափուկ բարեմասնություններին՝ բացառելով դիրքը փոխելու ամեն փորձ: Զավեշտալին այն էր, որ և կինը, և նրա վրա պառկածը ինչ որ չգրված մի օրինաչափությամբ չգիտես ինչու միասին էին որոշում շարժվել՝ մեկն ազատվելու, փրկվելու հուսահատ ճիգով, մյուսը՝ իր արածից շփոթված կամ անելիքը չիմացողի նման: Հետո նրանք միաժամանակ էլ դադար էին տալիս, կարծես՝ հանգստանում էին, և ամեն ինչ վերսկսվում էր: Գեղամն իհարկե հասկանում էր իր անհեթեթ վիճակը, սակայն կամ անելիքը չէր պատկերացնում, կամ չէր ուզում պատկերացնել այն՝ գիտակցելով նաև այդ վիճակի վտանգավորությունը. վաղ թե ուշ ինչ-որ մեկը կարող էր հայտնվել խճածածկ ճանապարհին, և իրեն ամենաքիչը բռնաբարության փորձի համար կարող էին ձերբակալել:
Պառկածների համար իրադարձությունների զարգացումն արդեն սպառնում էր դուրս գալ ամեն տեսակ վերահսկողությունից, երբ նրանք միաժամանակ զգացին նաև, որ վերևի պառկածի մոտ իսկապես սկսեց բռնաբարության փորձի հոտ գալ: Գեղամը ժամին ու պարագային անհարիր վատ զգաց և փորձեց ձեռքը սեղմված մարմինների արանքը մտցնելով՝ մեղմել տղամարդկային կրքի անպատեհ ու անկառավարելի դրսևորումը: Գեղամն ինքն էլ զարմացավ. կանացի ոչ մի բան այդ գեղջուկի մեջ, նրա փողերից բացի, իրեն որևէ կերպ չէր գրավել, չէր էլ կարող գրավել: Հասկացավ, որ քրտնում է, և ուր որ է հագուստն է սոսնձվելու անկառավարելի դարձած մարմնին:
Հենց այդ պահին էլ ներքևի պառկածը մկանների անհավանական մի կծկումով տղամարդու տակից դուրս պրծնելու ևս մի փորձ արեց, և քանի որ այս անգամ նրանց ճիգերի միջև ներդաշնակություն չկար, կնոջը հաջողվեց գոռալ և օգնություն կանչել:
Հապաղել չէր կարելի:
Գեղամը իրադարձությունների թատերաբեմը շրջապատող քարակույտի միջից բնազդաբար քարի մի մեծ կտոր ճանկեց և մի ձեռքի ափի վրա հենվելով՝ մյուսով սկսեց հարվածներ տեղալ կնոջ գլխին:
Ձեռքը խոնավացավ: Քրտինք չէր:
Նա քարն ափի մեջ սեղմած՝ ետ-ետ սողաց ու ծնկների վրա նստեց:
Կինն անշարժ էր:
Պարզ չէր, թե տղամարդը որքան մնաց այդ վիճակում, մինչև զգաց, որ ձեռքը ցավում է. քարը դաջվել էր ափի մեջ՝ քերելով, պոկելով մաշկն ու ուրիշ մի արյան հետ խառնել սեփականը:
Մարմնով սարսուռ անցավ: Նա դեն նետեց քարն ու ոտքի ելավ: Երբ դեռ կռացած՝ փախչելու մի քանի քայլ էր արել, Գեղամը հանկարծ ուղղահայաց արձանի նման կանգ առավ ու ետ նայեց:
Կինը դարձյալ անշարժ էր: Փորի վրա պառկած՝ նա գլուխն իր կողմն էր թեքել և ասես հետևում էր տղամարդու յուրաքանչյուր քայլին: Գեղամը ռոբոտի նման մոտեցավ և մեխանիկորեն ցնցեց պառկածի մարմինը:
Արձագանք չեղավ:
Թվաց՝ մի ողջ հավիտենություն անցավ:
Կնոջ աչքերը փակ էին, և Գեղամը խոր շունչ քաշեց: Նա շփեց ճակատն ու գիշատչի շտապող հայացքով գտավ երանելի պայուսակը: Իրեն միայն փողն էր պետք:
Երբ ավարն արդեն պիջակի ծոցագրպանում էր, պիտի շուրջը կարգի բերեր:
Հագուստը ճմրթվել էր, բայց արյան հետքեր չկային:
Ափի մեջ մի քանի անգամ թքելով՝ մաքրեց ձեռքի վրայի արյան բծերն ու մազերը կարգի բերեց: Մնում էր փնտրել սպանության գործիքը, որ այդքան անհեռատեսորեն դեն էր նետել: Բախտը բերեց. երևի հոգնել էր, և քարն առանձնապես հեռու չէր: Իր հետ վերցրեց նաև արդեն դարչնագուն զոլերով ներկված քարն ու ճանապարհ ընկավ:
Արագ մայրուղի հասավ: Հեռվում երևացին ալրաղացի բետոնե բարձրաբերձ անգարների ուղղահայաց գալարները: Մտաբերեց՝ երեկ անձրև էր եկել՝ վարար, ջրառատ անձրև: Ուրեմն՝ ալրաղացի դիմացի պարապուրդում հիմա ահագին սունկ կլինի: Մեխանիկորեն շոշափեց կուրծքն ու մյուս ծոցագրպանից հանեց պոլիէթիլենե ծալծլած պայուսակը:
Անելիքը որոշված էր, և քայլերը նրան տարան այնտեղ, ուր իր տունը չէր:
Սպիտակ, ասես ցույցի ելած սնկի գլխիկները բռունցքների նման հրել, ճեղքել էին հողի սեղմող կուրծքը, և ոչ մեծ տափարակը լիքն էր անձրևից հարբած սնկերով:
Գեղամը մոռացել էր ամեն ինչի մասին: Նա զգուշավոր մի հրճվանքով ոտքերը դնում էր բաց հողի մակերեսին, որպեսզի հանկարծ ոչ մի սնկի մարմին ոտնակոխ չլինի իր ծանրության տակ: Կռանում, պոկում էր արմատից, ափսոսալով, որ գոնե դանակ չունի՝ դրանք հնարավորինս քիչ վնասելու համար:
Տոպրակը լցվում էր:
Շուտով մի կիսախարխուլ մեքենա մոտեցավ տափարակին, և իր նման մեկը դույլը ձեռքին դաշտ մտավ:
– Բարև Ձեզ, սունկը շա՞տ է,- եկվորը ափը ճակատին դնելով՝ դիմեց սունկ հավաքողին:
– Բարև, բարև Ձեզ,- Գեղամի ձայնը դողաց,- հա, լիքն է:
Միայն այդժամ Գեղամը գիտակցեց թերևս երկու-երեք ժամ առաջ կատարվածի ողջ հրեշավորությունը, և գլուխը պտտվեց: Կարծես աներևույթ մի բռունցք նրան գետնին տապալեց: Հարվածից ոտքերը խամաճիկի անմարմին ոտքերի պես այս ու այն կողմ ընկան:
Երբ աչքերը վարագուրող մշուշը վերջապես նոսրացավ, աներևակայելի մի ուժով հենվեց երկու ձեռքի վրա ու մի կերպ նստեց:
– Վատ եք զգու՞մ, ինձ մոտ դեղ կա,- եկվորն էր:- Կուզե՞ք շտապօգնություն կանչեմ:
– Չէ, շնորհակալ եմ: Ես միայն տուն եմ ուզում հասնել,- թվաց՝ իր ձայնը չէ:
Բառերը կտրտվում, ձգվում էին չորացող արյան ու լորձի նման:
– Սա դրեք լեզվի տակ,- պնդեց եկվորը:- Ես Ձեզ կտանեմ, տուն կտանեմ:
Գեղամն արտասվում էր:
– Մի նեղվեք, ինձ հետ էլ է լինում: Բա ինչ էիք ուզու՞մ: Իրավիճակ է փոխվում, էս արևի տակ էդքան կանգնել կլինի՞ մեր տարիքում: Ես էլ միտինգի ժամանակ եմ ուշաթափվել:
Չհասկացավ՝ ինչպես մեքենա նստեց: Միայն գիտեր, որ ուղեկիցն անընդհատ խոսում է, և ինքը չի լսում:
– Ես Ձեզ կարծես գիտեմ: Մի ժամանակ գազի գրասենյակում ինժեներ չէիք աշխատու՞մ: Ես էլ տեսուչ էի ………………………………………………………………………………………….
– Ձեր հասցեն կասե՞ք: Հեռախոս ունե՞ք, Ձեր տնեցիներին տեղյակ պահեմ:
Լսեց.
– Հա, իհարկե, շնորհակալ եմ:
Բացատրեց:
Երբ հերթը զանգելուն հասավ, դողացող ձեռքը հեռախոսի փոխարեն ծոցագրպանում փողի տրցակը շոշափեց ու ետ դարձավ:
– Երևի տանն եմ մոռացել,- ստեց:
Վարորդը մերթ իրերն, մերթ ճանապարհին էր նայում: Հասկանալի էր, որ վախենում է և խոսում է պարզապես չլռելու համար.
– Լավ է, որ հակառակ ուղղությամբ ենք գնալու. ալրաղացի մյուս կողմում ճանապարհը տղերքը փակել են: Էլ պատգամավոր, էլ ոստիկանություն, էլ սպեցնազ չեն կարողանում բացել: Հաղթելու ենք:
Գեղամը մտածեց, որ մեռնում է, որ ուրիշի մեքենայի մեջ …., որ ուրիշի փողը գրպանում …., որ …. լավ է՝ ոստիկանւթյունն իր նմանի պարապը չէ ………………………………
Որդին ու կինը ցած էին իջել:
Փաստորեն՝ ճանապարհի մի հատվածը ջնջվել էր հիշողությունից:
Իսկ եթե իրեն օգնող այդ բարի սամարացին գրպաններում փնտրել ու գտել էր հեռախոսը՞ և ոչ միայն …
Նա սարսափից սառած մատներով հասցրեց շոշափել ծացագրպանը:
Տեղում էր, կարծես՝ տեղում էր …
Ուժերի գերլարումով հասավ բարձրահարկի իրենց՝ երրորդ հարկը, մտավ զուգարան և պատի ու կոյուղու խողովակի արանքում բաց մնացած մի ճեղքում հասցրեց թաքցնել այն, ինչի համար ուզում էր ապրել: Իրեն կողքից տեսավ: Գործողություններն ու պատկերը ծանոթ էին՝ ասես այս ամենն արդեն եղել էր, չէր հիշում՝ որտեղ և ում հետ: Գուցե՝ ի՞ր ….
Երերալով դուրս եկավ ու….. կրկին ամեն ինչ պատվեց թանձր մշուշով:
Միայն ականջների աղմուկը լսեց:
Աչքերը բացվեցին բացարձակ լռության մեջ: Լռությունը հիվանդանոցային էր՝ քլորի հոտով: Գլխացավը հուշեց կարևորը՝ չի մեռել:
Կողքին կինն էր, ննջում էր:
Հիշողությունն սկսեց դանդաղ վերականգնել այն օրվա իրադարձություները, որոնք նման չէին իր ապրած և ոչ մի օրվան, ոչ մի կարևոր ու անկարևոր իրադարձության: Նա դարձյալ չէր ուզում պատասխաններ փնտրել, չէր ուզում արդարացնել կամ մեղադրել իրեն: Ինչ եղել եղել է: Մի բան էր միայն ուզում իմանալ՝ ինչ եղավ այն կնոջ հետ … Տնքաց ու արթնացրեց ի՛ր կնոջը.
– Գեղամ ջան, վայ…. փառք Աստծո… էս ինչ լավ է….
Ասաց ու դուրս վազեց:
Մի բժիշկ ու հավանաբար բուժքույր եկան:
Ճնշումը չափեցին, աչքերի մեջ նայեցին, խնդրեցին շարժել ձեռքերն ու ոտքերը, հետո կաթոցիկը փոխեցին ու դուրս եկան:
– Բժիշկն ասաց, որ բախտդ բերել է, Գեղամ ջան: Թեթև կաթված է եղել. երևի արյան զեղումն այնքան էլ մեծ չի եղել, բոլոր ռեֆլեքսներդ նորմայի մեջ են: Փառք Աստծու …. Երկու օրից դուրս կգրեն:
Տղամարդը ժպտաց ու դեմքը ցավեց.
– Լիդա, չեմ հիշում ՝ ո՞նց եմ էստեղ հայտնվել, ի՞նչ է եղել, ո՞նց …
– Թե ասա՝ ինչ էր խելքիդ փչել, որ գնացել էիր սունկ հավաքելու: Շորերդ կեղտոտ, պիջակիդ թևքն էլ արյունոտվել էր. երևի ընկնելիս ձեռքդ քերծել էիր:
Գեղամը լարվեց:
– Աստված էն մարդուն երկար կյանք տա: Եթե նա էնտեղ չէր եղել, քեզ տուն չէր հասցրել …..,- կինն սկսեց արտասվել:
– Իմացա՞ք, հարցրեցի՞ք՝ ով է:
Գեղամը աչքերը փակ էր խոսում: Նրան թվում էր, որ բաց աչքերը կմատնեն իր բոլոր վախերն ու սպասումները:
– Հա, բա ոնց: Դավիթը գնացել, շնորհակալություն է հայտնել: Հայկազ է անունը: Տան տեղն էլ, հեռախոսի համարն էլ վերցրել ենք:
Գեղամն արդեն հանգիստ էր. նա քարի նման ամուր ալիբի ուներ: Մնում էր միայն մոռանալ այն չարաբաստիկ օրը, ջնջել ամեն տեսակ հիշողություն՝ կոյուղու խողովակի ետևում շինարարների անփութության պատճառով գոյացած ճեղքից բացի: Սակայն այդ նույն հշողությունն ավանակի համառությամբ ուղեղում ձգված սավանի վրա թանձրացող գույներով վերականգնում, նկարում էր նաև խճածածկ ճանապարհի մի կողմում ջախջախված գլխով ու բերանքսիվայր պառկած փոքրիկ այն կնոջ պատկերը, և քթում քլորի հոտին միախառնվում էր մի հոտ ևս՝ արյան հոտը:
Չէր նկատել, որ հիվանդասենյակում հեռուստացույց կա, որովհետև չէր նկատել նաև իրենից քիչ հեռու պառկած մի հիվանդի ևս: Հեռուստացույցը նրանն էր: Նկատեց, երբ պառկածն այն միացրեց:
– Լիդա, դու գնա տուն, մի քիչ ուտելու բան բեր: Հա….. Բժշկին էլ ասա, որ ես վաղը դուրս եմ գրվելու: Եթե ամեն ինչ նորմալ է, ես էստեղ տալու ավել փող չունեմ,- հորդորեց կնոջն ու թեքվեց հեռուստացույցի կողմը:
Լիդան արագ դուրս գնաց, սակայն արագ էլ վերադարձավ.
– Ոստիկանությունից են եկել: Քեզ մի քանի հարց են տալու: Մենակ՝ չանհանգստանաս:
Անհագստացավ:
Ոստիկանը երիտասարդ, նիհարիկ տղա էր.
– Կասե՞ք՝ ինչպես է եղել, ի՞նչ է Ձեզ հետ պատահել, որ հայտնվել եք հիվանդանոցում:
Գեղամն ակամա տնքաց:
– Մի անհանգստացեք, հիվանդանոցում հայտվեցիք, ուրեմն՝ մենք էլ ենք գալու,- կատակեց երիտասարդը,- մեր գործն է:
Միևնույն է, շնչառությունը հաճախացել էր, թվում էր՝ շունչը կկտրի, բայց ելքը պատասխանելն էր.
– Հա, տղա ջան, իմ խելքից… Էդ արևին որոշեցի գնամ, սունկ հավաքեմ,- հազաց,- դե, դրա առաջին օրը անձրև էր եկել, սունկ անպայման կլիներ: Նստեցի ավտոբուս ու …. հասա էստեղ:
– Լավ,- գրառումներից ոստիկանը գլուխը չբարձրացրեց:- Իսկ ճանապարհին արտասովոր ոչինչ չեք նկատե՞լ:
– Արտասովոր ի՞նչ պիտի լիներ, որ նկատեի:
– Էդ կողմերում ավազակային հարձակում է եղել: Մի խեղճ գյուղացի կնոջ վրա են հարձակվել, գլխին քարով հարվածել ….
– Եվ ….- սիրտը վայրի ձիու նման ծառս եղավ:
– Եվ ի՞նչ…. Գանգուղեղի բաց, ծանր վնասվածքով պառկած է Ձեզնից մի հարկ վերև: Պատկերացնու՞մ եք՝ աղջկա հարսանիքին էին պատրաստվում:
Գեղամն զգաց, թե ինչպես է սարսափի հոսող լավան կաթվածահար անում բոլոր անդամները:
– Անողի ձեռքերը կոտրվեն, լավ օր չունենա, բա էս տեսակ լավ, պայծառ օրերով էդպիսի բան կանե՞ն ….
Լիդայի չընդհատվող անեծքը լցվեց ականջների մեջ, ու մարմինն սկսեց ցնցվել:
Ուշքի եկավ: Լիդայի և որդու լացից կարմրած դեմքերն էին լողում հորիզոնին մոտիկ, և կրկին՝ քլորահոտ լռություն: Արյան հոտը չկար: Չկար նաև ոստիկանը: Փորձեց բան ասել, չկարողացավ. կարծես՝ բերանն իր տեղում չէր: Աչքերը լցվեցին:
– Մի հուզվիր, քեզ չի կարելի,- որդին էր՝ Հայկը:
– Բա ուզում էիր վաղը դուրս գրվել, – Լիդան փորձեց կատակել:- Մի քանի օր էլ կպառկես:
Գեղամը չառարկեց: Պատճառը միայն այն չէր, որ խոսել չէր կարողանում, ինքն էլ էր ուզում մնալ. այն կինն այդտեղ էր՝ ընդամենը մի հարկ վերև, իր նման պառկած: Ճակատագրի հեգնանքն այնքան ակնհայտ էր, որ ինքն անպայման պիտի հակադրվեր նրան կամ ինչ-որ մի այլ բանի, որ ճակատագիր չէր, սակայն կար և անում էր այն, ինչ ուզում էր: Իսկ եթե ոչ մի ճակատագիր կամ դրա պես մի բան չկա՞, բոլորովին չկա, չի էլ եղել …
Հետո բիլիարդի ծանր գնդակների նման այլ մտքեր էին հայտնվում գլխում՝ մյուսները ցրիվ տալով: Գեղամը չէր հասկանում՝ ուրա՞խ է, թե՞ տխուր, որ այն կինը չի մեռել: Նրան մեկ ոգևորվում, մեկ ընկճում էր գեղջուկի կենդանի մնալու հանգամանքը: Իսկ եթե նա կազդուրվի՞ և ճանաչի՞ իրեն …. Գլուխը պայթում էր.
– Ցավազրկող ….-, խոսքը վերադառնում էր:
Չէ, ինքն ամուր կոճղ է: Իրեն ծնկի բերելն այնքան էլ հեշտ չէր լինի:
Օրերը դանդաղ էին անցնում՝ առանց նորությունների: Նորությունները եկան անսպասելի: Հարևանի հեռուստացույցով տեղական լուրերն էին հեռարձակվում, և … «Ոստիկանությունն օգնություն էր խնդրում….»: Էկրանին լողացող լուսանկարներն անծանոթ էին, որովհետև անկյանք էին: Ի՞նչ կարող էին ասել այդ հիմար լուսանկարները իրենց գոտեմարտի, հույզերի, կրքի ու էլի ինչ-որ անհասկանալի զգացմունքների մասին, որոնք ինքը և գուցե այն կինը ևս ունեցան, ապրեցին: Ոչինչ: Գեղամին թվաց, թե իր ողջ կյանքն ընդամենը այդ մի հատիկ օրն էր, մյուս օրերը կարծես չէին էլ եղել՝ գուցե մեկ-երկու օր, երբ առաջին անգամ քնեց կնոջ հետ, որի անունը նույնիսկ չի հիշում, երբ որդին ծնվեց, երբ թոռնիկ ունեցավ, երբ…. Հիշելու այլևս ոչինչ չկար, և ի՞նչ… Մի՞թե ինքն ընդհանրապես ապրել է: Եղել է, միայն եղել է՝ ինչպես այն քարը, որով ինքը ջարդեց խեղճ գեղջուկի գլուխը՝ դրանով իմաստավորելով աշխարհում այդ մի հատիկ քարի լինելիության պատճառը:
Էկրանին, սակայն, ուրիշ լուսանկար հայտնվեց: Անմոռուկ էր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշը: Զարմացավ: Սակայն հաղորդավարը բացատրեց.
– Անմուռուկի պատկերով այս կրծքանշանը հարձակվողը թողել է հանցագործության վայրում: Ոստիկանությունը խնդրում է ուշադիր լինել և ձեր շրջապատում կրծքանշանի կորստի հետ կապված որևէ տեղեկության առկայության դեպքում՝ անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով ……
Գեղամն ակամա ձեռքը դեպի կուրծքը տարավ. անմոռուկը պիջակի կրծքին պիտի լիներ: «Հիմար…»: Նա միայն կարող էր ափերով ծածկել դեմքը:
Չէ, ամեն բան գրողի ծոցը: Պիտի դուրս գար հիվանդանոցից: Այդտեղ քլորի ու արյան հոտն անբաժան են ու միասին՝ ավելի զզվելի:
Բժշկին համոզելն այնքան էլ դժվար չէր. հիվանդանոցի մահճակալները չէին բավականացնում, իսկ հարևանը դեռ երկար պիտի պառկեր ու իր հեռուստացույցով հանդերձ՝ մնար հիվանդանոցային հոտավետ գերության մեջ: Լուրերին կարող էր նաև տանը հետևել:
Հնարավոր ու անհնար բոլոր բարեկամ-ծանոթների այցելություններն արդեն կատաղեցնում էին: Իրեն պետք էր գոնե կարճ ժամանակով տանը մենակ մնալ: Վերջապես ստացվեց:
Փողն այնտեղ էր՝ ճեղքի մեջ: Մնում էր անմոռուկը: Իսկ պիջակը՞ ….
Գտավ: Լվացքի համար նախատեսված հագուսների կույտի մեջ էր. Լիդան ֆիզիկապես ոչինչ չէր հասցնում, և դա լավ էր: Գեղամը փորձեց հանել կոստյումը ցանցապատ տաշտի միջից, սակայն դուռն աղմկոտ բացվեց, և թոռնիկի ծիծաղը նրան ստիպեց ճողոպրել ննջասենյակ:
Հազիվ հասցրեց:
– Պապ, էլի վատ ե՞ս …,- որդին էր:
– Չէ, Հայկո ջան, լավ եմ, շատ լավ եմ,- Գեղամը երկար հազաց:
Քիչ անց, սակայն, լավ զգաց և տեղից վեր կացավ. թոռան հետ խաղալ էր ուզում:
– Իմացե՞լ ես, պապ, թե քաղաքում ինչ են անու՞մ:
– Ի՞նչ,- հենց այնպես հարցրեց:
– Ասում են՝ մի քանի ուռոդ, համարները հանած մեքենաներով, մարդկանց դիտավորյալ տակն են գցում:
– Ո՞նց:
– Տենց: Չգիտե՞ս, որ էս ամեն ինչը, էս պայծառ հեղափոխությունը ամենքի սրտով չէ: Ինչ տեսակ հանցագործ ու սրիկա կողքիդ չի ապրում.. Չես էլ իմանում ՝ ով ով է:
Կրծքավանդակի ճնշումից էր, թե սրտի անկանոն թակոցներն էին պատճառը՝ հիվանդի հազը վերսկսվեց, և խոսակցությունը կիսատ մնաց:
Օրն ավարտվեց՝ իր հետ բերելով ապրելու տարօրինակ և մեծագույն ցանկության հստակ գիտակցումը, և այս օրերի դաժան ընթացքի մեջ երևի առաջին անգամ նա քնեց:
Առավոտն էլ էր ուրիշ: Ասես լուսաբացն արթնացումից առաջ վիտամինային կոկտեյլ էր խմել, և նրա առույգությունն ու ավյունը հոսում էր նաև Գեղամի երակներով: Նա այլևս չէր պառկելու. կյանքը երբեք այսքան քաղցր չէր եղել: Նույնիսկ սուրճ խմեց, թեև համը կարծես մոռացել էր: Հեռուստացույցի առջև նստած՝ նա ալիքներն էր թերթում, երբ ականջը որսաց բառերի պատառիկներ, որոնք ծանրացրին ականջները: Ետ թերթեց ալիքը և գտավ:
«Այսօր հիվանդանոցում, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է Սիրանուշ Պետիկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա ավազակային հարձակման էր ենթարկվել գյուղ տանող ճանապարհի վրա: Հանցագործի անձը դեռևս բացահայտված չէ ….»:
Գեղամը կռացավ ու բռնեց գլուխը: Նա նույնիսկ իր զոհի անունը չգիտեր:
Սակայն ընտանիքի անդամների սթափ ներկայությունը նրան թուլանալու հնարավորություն չէր տա: Նա պիտի խաղար և պիտի խաղար օսկարակիր լավագույն դերասանի պես. այլ ելք չէր տեսնում: Վաղը կգնա եկեղեցի և Սիրանուշի ու իր համար մոմ կվառի: Այն արյունոտ փողերից էլ մի բան կգցի աղքատների համար եկեղեցում հավաքվող գանձանակի մեջ: Կգցի, անպայման կգցի:
Գեղամն այդ գիշեր դարձյալ չքնեց: Առավոտի սպասումը ջլատում էր:
Տաքսի նստեց: Մենակ էր ուզում գնալ: Տնեցիներին համոզեց ու գնաց:
Երկար նստեց եկեղեցու ժամանակին մուգ կարմիր կտավով պատված նստարաններին, որոնք «հավատացյալ հետույքները հասցրել էին սևացնել»: Կենտրոնանալ չէր ստացվում: Մտքերը հեռու էին՝ տաճարի գմբեթից վեր, կամ ուրիշ մի տեղ: Չգիտեր: Որոշեց քայլել: Եկեղեցու նկարազարդ պատերը գուցե օգնեին բառեր գտնել Աստծու հետ խոսելու համար: Սակայն ավետարանական սրբապատկերների սյուժետային բազմազանության տակ նկարների համար վճարողների հնչեղ անունները կարդաց ու էլ ավելի շփոթվեց. «Եվ թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը…»: Մոմեր վառեց, սակայն անգամ նրանց կրակը չկարողացավ իրեն եկեղեցի բերել, երբ եկեղեցում էր: Մտածեց, որ Աստված մերժում է իրեն, որ իր նմաններն այստեղ տեղ չունեն: Իսկ եթե Աստված իր նման բոլորովին էլ այստեղ չէր, գուցե հիմա Նա Սիրանուշի կողքին էր և մխիթարում է նրան: Այնուամենայնիվ վաղ, թե ուշ Աստված կտեսնի իր զղջումը, իր նվիրաբերությունը…. Հիշեց՝ պիտի գանաձանակի մեջ փող գցեր:
Գեղամը նորից նստեց: Ծոցագրպանից խնամքով հանեց փողի բաղձալի փաթեթն ու սկսեց հաշվել: Թղթադրամների կապտականաչը սահուն անհետացավ փողի մետաղյա պահոցի նեղլիկ բերանի մեջ, և Գեղամն իր առաքելությունն ավարտված համարեց: Հերթը վարկերինն էր:
Օրվա մնացած մասը դեպի տարադրամի փոխանակման մերթ մի, մերթ մյուս կետը քայլելով՝ նա մաս-մաս ռուբլիները դրամ դարձրեց, այնուհետև՝ … բանկեր: Շուտով ինքը՝ Գեղամ Սիրունյանն այլևս ոչ ոքի և ոչինչ պարք չի լինի: Նա ազատ էր իր ազատագրվող երկրի նման, որովհետև գիտեր՝ ինչ է ազատությունը: Ազատությունը փողի առկայությունն ու պարտքերի բացակայությունն էր:
Նա քայլեց դեպի մոտակա զբոսայգին ու նստեց: Վաղուց ոչինչ չէր կերել, չէր էլ ուզում: Պարզապես ուզում էր նստել, լսել այն արդորրը, որ իր ներսում էր: Այդ խաղաղությունը միայն եկեղեցու զանգերը խախտեցին՝ ազդարարելով երեկոյան ժամերգության սկիզբը:
Տաճարի ներսում, ավագ քահանայի հրահանգով օրվա նվիրատվությունը թեմի առաջնորդարան տանելու նպատակով, երկու նորելուկ հոգևորական բացեցին գանձանակն ու կարկամեցին: Օտար, կապտականաչ թղթադրամները, ասես տիրոջ իրավունքով, նսեմացրել էին հայրենական մետաղադրամների աղքատիկ փայլը:
– Տաս հազար ռուբլի է,- ասաց նրանցից մեկը՝ ափի մեջ տրորելով փողերի սառը մարմինները:
– Մեր փողով ինչքա՞ն է,- հետաքրքրվեց մյուսը:
– Մոտ յոթանասուն հազար դրամ կամ ավելի շատ…
– Ո՞վ գիտի, սրանց մասին: Արի վերցնենք, հավասար կկիսենք….,- առաջարկողի ձայնը դողաց:
– Չէ, ինչ ես ասում….
– Ախր, էսպիսի բան չի եղել, ո՞վ պիտի իմանա: Կապաշխարենք, ծոմ կպահենք, կանցնի:
Նրան չպատասխանեցին:
Յուրաքանչյուրին հինգ հազար ռուբլի, և երեկոյի երանգներն ավելի պայծառ դարձան: Իսկ գուցե Աստծո կամքն էր: Չէ որ Նա լավ գիտեր, թե իրենք հենց այս պահին որքան ունեին դրա կարիքը:
Արևը բացակայող հորիզոնից ներքև էր իջել, սակայն երեկոն լուսավոր էր:
Գեղամը պիտի տուն վերադառնար: Շտապել պետք չէր: Նա մի քանի օր կամ շաբաթ հետո ամեն ինչ կպատմի Լիդային: Ամեն ինչը միշտ չէ, որ ճշմարտությունն է, կամ … ու՞մ ճշմարտության մասին է խոսքը: Մի՞թե ազատության, ճիտին պարտքը վերջապես թոթափելու այս պարգևը իր ճշմարտությունը չէր: Իրենն էր, միայն իրենը: Ո՞ վ կարող էր այն իրենից խլել:
Նա քայլում էր, և թվում էր օդի տաք թանձրությունն իրեն վեր է մղում՝ թեթև, թեթև …
Եվ ….
Սկզբում արգելակների և ասֆալտին ընդդիմացող անվադողերի շփման ծանր ոռնոցը լսեց: Ցավը հետո եկավ: Հետո նաև դեմքեր եկան՝ սարսափած ու վհատ, զարմացած, ինչպես բոլոր դեմքերը, որոնք այդպես էլ չեն հավատում իրենց մահկանացու լինելու աքսիոմին, որովհետև միշտ, միշտ, միշտ տեսնում են ուրիշի, ոչ թե սեփական մահը.
– Սպանեցին փախան …. Խեղճ, անմեղ մարդ….
Ցավը ներքևում մնաց:
Գեղամը թռավ եկեղեցու գմբեթի վրայով: Նրա երկնամեձ պատուհաններից Գեղամի հետ թռան նաև ինչ-որ անիմաստ բառեր.
– Վայ նրան, ում ձեռքով կգա գայթակղությունը….
Ի՞նչ էին ասում այնտեղ՝ ներքևում, որտեղ բոլորի ձախ ձեռքերը գիտեին բոլորի աջերի մասին ……………………………………………………………………………………………………………………………
Տանը, երբ Լիդան վերջապես ձեռնամուխ էր եղել ամուսնու հագուստների հսկայական կույտը լվանալու անսպասելի հաճելի գործընթացին, ցանցապատ տաշտի հատակին գորշ դարչնագույն զոլերով մի մեծ քար ի՛ր ազատությանն էր սպասում:
– Վայ, Գեղամ, Գեղամ… Լրիվ խելքը թռցրել է: Ինչ ասես գրպանն է դնում, բերում տուն: Բա պիջակը՞…. Էս կրծքի վրայի ծակը որտեղի՞ց ….
Քարը կորավ աղբատարի կեղտոտ խողովակում, իսկ անմոռուկը ….
Ո՞վ էր այն հիշելու: Աշխարհը փոխվում էր, իրավիճակ էր փոխվում:

Ն. Կ.
2018

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Հասմիկ Իսոյան says:

    Տպավորված եմ…շա՜տ…բռավո

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *