Սու Ցիցի | Վազիր, Լի Լինի, վազիր


Շատ տարիներ առաջ սիրում էի վազել, երբ քամի էր լինում: Այսօր էլ անջնջելի են այդ հիշողությունն ու իմ ապրած զգացողությունը: Ականջներիս մեջ քամու սուր ձայնն էր, ծառերն իրենց կանաչ ճյուղերն էին տարածում, բայց ես առաջ էի անցնում այդ ճիչերից ու ձայներից: Ճանապարհն ավելի ու ավելի էր նեղանում, մինչև որ վերջում վերածվում էր գորգի բարակ մի շերտի, և երբ ոտքերս դիպչում էին գորգին, զգում էի դրա փափկությունը:

Բաց դաշտերում կարմիր, վայրի ծաղիկներ էին, որ վազելիս բոցի պես առկայծում էին աչքերիս անկյունում: Լսածս բոլոր ձայներն անորոշ էին, քանի որ քամին շատ արագ պատառոտում էր դրանք՝ ծվենների վերածելով: Ոգևորվում էի այդ սրընթաց փոփոխվող զգացողությունների պատառիկներից, մարմինս շարունակում էր ճոճվելով առաջ մղվել, իսկ քամին մաքրում, լվանում էր մաշկս: Բոլոր զգացողություններս ծվեն-ծվեն էին լինում անճանաչելիության աստիճան, և ամեն ինչ դառնում էր աղոտ ու մշուշապատ: Ամեն ինչ վերածվում էր գույների անորոշ բծերի, որ վերուվարում էին ճանապարհիս բոլոր կողմերում: Սկսում էի քրտնել, բայց հոգնածություն չէի զգում: Դա ինձ ստիպում էր հավատալ, որ նախկին կյանքում թռչուն եմ եղել և ունեցել եմ հզոր թևեր՝ վիթխարի բացվածքով: Եվ իսկապես, երբ վազում էի դեպի նպատակակետս, տեսնում էի թանձր, ճերմակ, ալիքվող ամպերը: Իսկ ամպերի միջից շողում էին լույսի կուրացուցիչ ճառագայթները: Այդ պահին իմ ամբողջ էությունը ողողվում էր լույսով: Եվ երբ ներսուզվում էի նույն ճերմակ տարածության մեջ, մարմինս տարրալուծվում, միաձուլվում էր այդ ճերմակությանը: Հավանաբար այդ պահին կարող էի անհետանալ: Բայց, իհարկե, դա միայն թվում էր ինձ:

Այժմ, սակայն, նստել էի պատուհանի մոտ՝ ձեռքիս մի զույգ մաքուր, սպիտակ մարզակոշիկ: Դրսում, ինչպես անցյալում, դեռ քամի էր, բայց այն այլևս իմ մարմնի մի մասը չէր: Ուզում էի գնալ, բայց չէի կարող դուրս ցատկել ու վազել քամու հետ: Հայրս ու մայրս նստած էին պատուհանի տակ և քննարկում էին, թե պե՞տք է արդյոք մասնակցեի բուժքույր դառնալու համար նախատեսվող քննությանը:

Արդեն երկար տարիներ չէի հագել այդ մարզակոշիկները: Դրանց վրա մի քանի կարկատան կար, բայց ես կավիճով սպիտակեցրել ու հարթեցրել էի կարկատանները: Հիմա մի թեթև շարժումից սպիտակ փոշին թափվեց հատակին, և կարկատանների շուրջ երևացին սև ու անհրապույր կարերի տեղերը: Կոշկատակերը շատ բարակ էին, քանի որ դրանցով երկար տարածություններ էի վազելով անցել: Դրանք արդեն նման էին կնոջ, որն այլևս երեխաներ չի ծնում, արգանդը չորացել է՝ թողնելով միայն որովայնի բարակ մի շերտ: Բարձր կրունկներիս վրա՝ կտկտացնելով հասա դարակին և մարզակոշիկները դրեցի այդտեղ: Հայրիկն ու մայրիկը դեռ նույն թեման էին քննարկում: Վերցրի ձեռքիս փոքրիկ պայուսակն ու սենյակից դուրս եկա բակ: Նրանք ձմերուկի սերմ էին չրթում:
— Գործի եմ գնում:
Խոսելիս նկատեցի, որ կոշիկներիս վրա յուղոտ բիծ կա: Ծնողներս ասացին, որ զգույշ լինեմ, և ես արագ դուրս եկա:

Հիվանդանոցում հանդիպեցի գործընկերուհուս՝ Յան Հունին: Նա բարձր ձայն ուներ և դյուրագրգիռ էր: Մենք երկուսով և տղամարդ բժիշկներից մեկը, որ սիրում էր դժգոհել ու նաև մի քիչ գոռգոռացող էր, մի խումբ էինք կազմում, որը պատասխանատու էր քսանչորս հիվանդի բուժման համար: Միշտ միասին էինք աշխատել: Բայց այսօր Յան Հունի դեմքը սոսկալի գունատ էր:
— Բա՞ն է պատահել, — հարցրի:
Հանկարծ նրա դեմքը միանգամից կարմրեց: Ինձ ներս քաշեց հիվանդասենյակ և հենվեց պատին: Խիստ հուզված էր երևում:
— Ի՞նչ է եղել:
— Մեծ անախորժության մեջ ենք, — խուճապահար ասաց նա:
Համազգեստս հագնելիս՝ վրայից թափ տվեցի բրնձի հատիկները: — Լավ, ի՞նչ է պատահել: Ի՞նչ ես խորհրդավոր խոսում:
Նրա շփոթված ու խառնված տեսքից վերջապես հասկացա, թե ինչ էր պատահել: Երբ կեսօրվա ուտելիքի հետ դեղեր էր բաժանելիս եղել, սխալմամբ շիզոֆրենիայի համար նախատեսված դեղը տվել էր ալկոհոլային կախվածություն ունեցող հիվանդին:
— Ի՞նչ ալկոհոլային կախվածություն ունեցող հիվանդ, — հարցրի:
Նա մի հայացք գցեց դեմքիս: — Յան Չժենյույը: Մի՞թե չգիտես, թե ինչ հիվանդների ենք բուժում:
Ես էլ իմ հերթին նրա դեմքին նայեցի: — Գրողը տանի: Ինչպե՞ս իմանամ: Հիվանդների համար պատասխանատուն դու չե՞ս, ես էլ գրառումները չե՞մ կատարում:

Քանի որ հիվանդների ներկայությունը չէի կարողանում տանել, երբեք հիվանդասենյակներ չէի այցելում: Յան Հունը փաստաթղթային աշխատանքները լավ չէր կարողանում կատարել, դրա համար էլ պայմանավորվել էինք, որ նա այցելեր հիվանդասենյակներ, կտրեր նրանց եղունգները, սանրեր մազերը, տրամադրեր առողջապահական տեղեկատվություն և նման բաներ: Ես բուժքրոջ գրառումներն էի կատարում: Թեև ամեն երեք օրը մեկ գրանցում էի նրանց վիճակը, բայց ըստ էության չէի կարող բոլոր գրառումները համապատասխանեցնել հիվանդների հետ: Ես նույնիսկ չգիտեի մեր բոլոր հիվանդներին: Միայն ընտրում էի մի քանի կարևոր բան, որոնք Յան Հունը հայտնում էր իր այցելությունների հետ կապված, և նշում էի դրանք:

Նայելով Յան Հունի զարհուրած դեմքին՝ հանգստացրի նրան: Հենց որ միջանցք հասանք, տեսա մի խոշորամարմին, խռպոտ ձայնով տղամարդ հիվանդի, որ ձեռքերը տարածած՝ շոշափում էր պատը:
— Նա՞ է:
Յան Հունը գլխով արեց: Հիվանդն, անկասկած, հալյուցինացիաներ ուներ: Նա պատի վրա ինչ-որ բաներ էր տեսնում, դրա համար էլ շարունակաբար շոշափում էր պատը: Դա զառանցանքի նման մի բան էր: Եթե հալյուցինացիաներ չունեցող մեկին սխալմամբ դրանք կանխարգելող դեղորայք տան, ապա վերջինս հալյուցինացիաներ կունենա: Դեղագործական պատրաստուկներն այդպիսի տարօրինակ նյութեր են. հիվանդը, որ միայն ալկոհոլային կախվածություն ուներ, Յան Հունի տված երկու հաբով կարող էր վերածվել շիզոֆրենիկի: Չկարողանալով զսպել ինձ՝ սկսեցի ծիծաղել: Յան Հունը ոտքը զայրացած խփեց հատակին: Դեմքն ամբողջովին վառ կարմիր էր:
— Լի Լինի՛, — մատը պարզելով դեպի դեմքս՝ ֆշշացրեց նա: — Ի՞նչ ես ծիծաղում: Ծիծաղում ես ուրիշների տառապանքների վրա: Դու ինձ չես օգնում: Մի բան մտածիր: Մի՞թե սա քեզ համար կատակ բան է:

Ծիծաղս զսպեցի և պատասխանեցի. — Լավ, լավ: Չեմ ծիծաղի: Այդքան մի՛ բորբոքվիր: Լավ է, որ շաբաթվա վերջ է, և միայն երկուսս ենք հերթապահում: Ղեկավարներն այստեղ չեն: Վախենալու բան չկա: Նա դեղը խմել է, բայց դրանից չի մեռնի: Մի երկու ժամից ամեն ինչ կարգին կլինի, երբ դեղի ազդեցությունն անցնի:

Յան Հունն ակնհայտորեն դժգոհ էր իմ պատասխանից: Նա զայրույթից ու հուզմունքից ջղաձիգ տրորեց ձեռքերը:
— Բայց հենց նոր բժիշկը զանգեց ու ասաց, որ կեսօրից հետո տնօրենը գալիս է այստեղ: Եթե տեսնի նրան այսպես պատերը շոշափելիս, դա մեր վերջը կլինի:
— Արի նրան տանենք հիվանդասենյակ, որպեսզի չկարողանա դուրս գալ: Այդ ժամանակ տնօրենը չի տեսնի, — ասացի:
Յան Հունը տխուր հոգոց հանեց:
— Բայց հիվանդների սենյակները փականներ չունեն: Ո՞վ կարող է վերահսկել նրան: Եթե դուրս գա, տնօրենը չի՞ տեսնի: Ի վերջո, մենք չենք կարող զսպել նրան:
— Ճիշտ ես:
Սկսեցի մտահոգվել: Ալկոհոլային կախվածություն ունեցող հիվանդին անկողնում պառկեցնելու որևէ պատճառ չկա: Եթե տնօրենը դա տեսներ, ավելի շատ կկասկածեր: Ի՞նչ անել:
Յան Հունն ու ես որոշ ժամանակ հետուառաջ էինք անում միջանցքում: Հանկարծ նա երկու ձեռքով բռնեց ուսերս:
— Գիտեմ, թե ինչ անենք, Լինի: Հանգստաբեր դեղամիջոց կտանք, որպեսզի խաղաղվի: Այդպես գոնե էլ չի թափառի դեսուդեն: Ի՞նչ կարծիքի ես:
Նույնիսկ արձագանքելու ժամանակ չունեցա, մեկ էլ Յան Հունը վազեց բուժասենյակից դեղ բերելու: Ներարկիչի մեջ 2 մլ հանգստաբեր քաշեց և ինձ ստիպեց, որ հիվանդին քարշ տամ հիվանդասենյակ: Բաց դեղնավուն հեղուկը զգուշորեն ներարկվեց հիվանդի մարմնի մեջ:

Սկզբում հիվանդը մահճակալին պառկած դիմադրում էր, և Յան Հունը գրեթե ծնկել էր նրա վրա: Ես ամուր սեղմեցի դաստակները, և նրա գունատ, ճերմակ ափերը լարվեցին, իսկ կապույտ երակները փքվեցին: Մի ձեռքով Յան Հունը բռնեց ասեղը, որ մտցրել էր նրա երակի մեջ, մյուսով արագ սեղմեց ներարկիչի մխոցը: Ձեռքերը կամաց թուլացան, և նա պառկեց ճերմակ սավանին, ինչպես չորացած մի տերև: Յան Հունը դուրս քաշեց ասեղը, ապա սրսկած տեղը սեղմեց մի կտոր վիրակապով: Հիվանդի թուխ, հսկա մարմինը հանգիստ պառկած էր հիվանդանոցային նեղ մահճակալին: Նա աչքերը փակել էր և ոչ մի ձայն չէր հանում:

Սենյակից դուրս եկա, և սառցե պաղ ջրով մի քանի անգամ լվացի ձեռքերս: Բուժքույրերի սենյակում, լուսամուտին հենված, սպասում էի, որ ձեռքերս չորանան: Հետո, վեր ձգվելով, ձեռքերս դրեցի լուսամուտի վանդակաճաղերին: Դրանք դրսի աշխարհը բաժանում էին քառակուսի փոքրիկ կտորների: Հիվանդանոցի շենքի ներքևում, գետնին թափված տերևների մեջ, մի պստլիկ աղջնակ էր կանգնած: Մայրը կոպտորեն խփում էր նրա գլխին: Երեխայի բարձրաձայն լացն արձագանքում էր հիվանդանոցի ներսում: Սառը ջուրն իմ բաց մատներից ցած հոսեց թևքերիցս ներս և հավաքվեց կրծքիս վրա: Այնպիսի մի զգացողություն էր, ասես կրծքերիս արանքում սառույցի կարծր կտոր լիներ:
— Նա մեզ անախորժություն չի՞ պատճառի:
Ձայնս հնչեց ժանգոտած զարթուցիչի պես՝ ծանր ու մթագնած:
— Մի՛ անհանգստանա: Չի մեռնի: Մի լավ կքնի, իսկ երբ արթնանա, ամեն ինչ անցած կլինի, — ասաց Յան Հունը: Նա ձեռքերն էր լվանում և պատասխանեց՝ անգամ շուրջը չնայելով:

Օրվա ընթացքում ինձ անհանգիստ էի զգում և մի քանի անգամ ներս մտա, որ տեսնեմ՝ հիվանդն արդյոք կյանքի նշաններ է ցուցաբերում: Բարեբախտաբար, վիճակը կայուն էր: Յան Հունը թփթփացրեց ուսիս և ասաց.
— Լինի, մի՛ անհանգստանա:
Լուսամուտից դուրս նայեցի՝ երկնքում ցրված մութ ամպերին: Դրանք սահում էին, փոփոխվում՝ անորոշ և չարագույժ տեսք ընդունելով:
— Կամայական հետևանքներ կլինե՞ն, — հարցրի հանկարծ:
Ետևումս կանգնած Յան Հունը սառը պատասխանեց.
— Մենք միշտ էլ կամայական վիճակներում ենք եղել: Ամեն մեկն էլ մշտապես ապրում է կամայական վիճակներ: Վախենալու ոչինչ չկա:
Այս ասելով՝ վճռական մի շարժումով փակեց բուժգրառումների գիրքը, որի մետաղյա ճերմակ կազմը փայլում էր սեղանի վրա:

Մենք միշտ սխալներ էինք թույլ տալիս: Սխալ դեղեր էինք տալիս, սխալ տողեր էինք լրացնում և կոտրում ներարկիչներն ու ասեղները: Մի հիվանդը կարող էր եռացրած ջուր լցնել մյուսի դեմքին: Հուսահատված՝ նոր սխալներ էինք անում, որպեսզի հները թաքցնեինք: Բոլոր բուժքույրերը բարոյալքված էին: Բարձր ու զայրալից ձայներով և կոպիտ շարժուձևերով՝ մենք հիվանդասենյակում հիվանդներին էինք կանչում անունով: Ըստ էության, երեք հերթափոխի աշխատողներից ոչ մեկը գիշերը ցերեկից չէր տարբերում: Բոլորն էլ ապավինում էին քնաբեր հաբերին, որպեսզի կարգուկանոն պահպանեն և խուսափեն հիվանդների ազդեցության տակ ընկնելուց:

Ծնողներիս մոտ երբեք այդ բաների մասին չէի խոսում: Երեքով նստած էինք ճաշի սեղանի մոտ: Գոլորշապատ, տաք կերակուրը փայլում էր յուղի մեջ: Տարօրինակ մի հոտ զգացի, տհաճ այն հոտը, որ գալիս է այնպիսի դժբախտ մարդկանց մարմնից, ովքեր չեն կարողանում պատշաճ կերպով հոգալ իրենց մասին: Զգույշ ու խնամքով, հատիկ առ հատիկ, վերցնում էի բրինձը և ծամում: Նրանք երկուսով զրուցելու անվերջանալի թեմաներ ունեին: Ճաշի ժամանակ մշտապես մի նոր ծրագիր էին մշակում իմ հետագա կյանքի համար: Կամ պետք է գրանցվեի՝ անգլերենի դասընթացներին մասնակցելու, կամ բուժքրոջ աստիճան ստանայի, կամ էլ՝ մի որևէ պաշտոնի համար վկայական: Եվ կամ ծրագրում էին իմ ամուսնությունը: Ես աչքի պոչով հեռուստացույց էի նայում: Հեռավազքի մրցումներ էին անցկացվում: Վազորդները խնամված, նրբագեղ եղջերուների էին նման: Նրանց ուժեղ մկանները լի էին ռիթմիկ շարժումով, իսկ ճոճվող ուսերն ասես արագ փոփոխվող, կենդանի երաժշտական նոտաներ լինեին՝ վազքուղու ճերմակ գծերի վրա: Համոզված էի, որ եթե հիմա նրանց մեջ լինեի, չեմպիոն կդառնայի: Հենց այդ պահին մի աղջիկ սրընթաց հատեց վերջնագիծը: Մոտակայքում գտնվող հանդիսատեսները ոտքի ելան և ծափահարեցին: Հոգնած ցած դրեցի ափսես և վեր կացա:
— Մի քիչ էլ ուտեիր, — հորդորեց մայրս:
Գլուխս տարուբերեցի և գնացի իմ սենյակ:

Սենյակում բացեցի կողպած դարակս: Այդտեղ, բացի իմ ճերմակ վազքակոշիկներից, դեղնած մի թերթ կար և նոթատետրս: Թերթի անկյունները ոլորված էին, իսկ վրայի բառերն արդեն սկսել էին խամրել: Դրա մեջ այն պատվոգրերն էին, որ ստացել էի հեռավազքի դպրոցական մրցումների կամ տարածաշրջանային մրցումների ժամանակ հաղթող ճանաչվելու համար:
«Լի Լինի», «Հեռավազք», «Առաջին տեղ». այս երեք անփոփոխ բառբառակապակցություններն էին պատվոգրերի վրա: Գիտեի, որ կարող եմ հաղթել նաև հեռավազքի հանրապետական մրցումների ժամանակ: Եվ դա ընդամենը մեկ պատվոգիր չէր լինի: Չնայած գիտեի, որ դա անպայման տեղի կունենար, այդուհանդերձ շատ հուզված էի և ամեն օր վազում էի առանց հոգնածություն զգալու: Վազում էի նույնիսկ երազներիս մեջ, այնքան ժամանակ, մինչև որ ծնողներս ինձ ստիպեցին բուժքրոջ մասնագիտություն ընտրել: Բայց ես ոչ մի բանում ընդունակ չէի, բացի վազքից:
Բացեցի նոթատետրս: Այդտեղ խիտ տողերով նշված էին հիվանդանոցում աշխատած մեկ տարվա ընթացքում գործածս սխալները: Դրանց մեծ մասը ղեկավարները չէին նկատել: Բայց գործընկերներս գիտեին, քանի որ միասին էինք արել դրանք և մեկս մյուսիս արածը թաքցնում էինք: Որոշ սխալներ միայն ինձ էին հայտնի: Չգիտեմ, թե ինչու էի հատ-հատ գրանցում, որովհետև դրանցից այդպես էլ ոչինչ չէի սովորում, և երբեք էլ մեղքի զգացում չէի ունենում: Կարող եմ ասել միայն, որ դա մի տեսակ սովորություն էր: Եվ հիմա էլ մանրամասն գրի առա այն ամենն, ինչ այսօր էր պատահել՝ սխալ դեղորայք տալը, հանգստաբեր ներարկելը, ստվերի պես ճոճվող հիվանդը: Հետո փակեցի նոթատետրը, կողպեցի դարակը, լույսը հանգցրի և գնացի քնելու:

Խմբում գիտեին, որ ամենաարագաշարժ բուժքույրը ես եմ: Արագ հասցնում էի ներարկիչներն ու դեղերը: Վերևում, ներքևում, ամենուր իմ ոտնաձայներն էին լսվում: Թե՛ գլխավոր բուժքույրը, թե՛ գործընկերներս գիտեին, որ հարկ չկա այդպես արագ վազելու, քանզի հոգեբուժարանն, ի վերջո, վիրաբուժական կամ վնասվածքաբանական բաժանմունք չէ: Հոգեբուժարաններում նույնիսկ օդն էր ծույլ ու ալարկոտ: Գլխավոր բուժքույրը զգում էր, որ չափազանց շատ եռանդ կա իմ մեջ, դրա համար էլ ինձ հանձնարարեց հիվանդների ֆիզիկական ակտիվությունը խթանող աշխատանքը:

Շենքի ներքևում, ֆիզիկական վարժությունների համար նախատեսված ցեմենտե հատակով բակի չորս կողմում, բարձր պատեր էին: Երբ մի բուժքույրը հսկում էր միակ մուտքը, ես հիվանդներին պետք է շարք կանգնեցնեի: Տարածքը կիսով չափ արևի տակ էր, կիսով չափ ստվերում: Կանգնեցի շարքի առջևում և ուղղորդում էի նրանց: Մեկ պտույտ, երկու պտույտ, հիվանդները շարժվեցին դանդաղ, ծանր քայլերով, և շարքն աստիճանաբար քանդվեց: Երրորդ պտույտի ժամանակ նկատեցի, որ հիվանդներից մեկը՝ երկար մազերով աղջիկը, դեռ կողքիս է, վազում է առանց ջանք թափելու, հավասարաչափ շնչառությամբ: Ես չգիտեի նրա անունը, հիվանդներից ոչ մեկի անունը չգիտեի, բայց այդ ինչպե՞ս էր նա կարողանում այդքան հեշտ վազել ինձ հետ հավասար: Ենթագիտակցաբար ավելի արագ սկսեցի վազել: Առանց իմ կողմը նայելու՝ նա էլ սկսեց այնպես վազել, որ ինձնից ետ չէր մնում: Ապշած էի: Խոր շունչ քաշեցի և նետվեցի առաջ: Ականջներիս մեջ հնչեց քամու ձայնը, բայց նա շարունակում էր առաջ սլանալ՝ երկար մազերը ծածանելով: Ձեռքերս ճոճվում էին՝ մեծ աղեղներ գծելով: Տեսա, որ դեմքն արդեն շառագունել է: Բայց շարունակում էր վազել իմ աջ կողմում: Ես երբեք չէի տեսել նման հակառակորդի: Այո, ես նրան որպես հակառակորդ մրցակցի էի նայում: Վազքուղու վրա ոչ ոք երբեք չէր կարողացել այդքան մոտ լինել ինձ: Ով գիտե՝ արդեն քանի շրջանից հետո դեռ վազում էինք ուս ուսի, բայց թեև նրա արագությունը և տոկունությունն ապշեցուցիչ էին, չէր կարողանում ինձնից առաջ անցնել: Նրա մարմինը լարվում էր, շնչառությունն ավելի էր արագանում. այդ էին ինձ ասում արդեն ծանրացող ոտնաձայները: Բայց նույնիսկ այդպես՝ չէի կարողանում ազատվել նրանից: Թեև հաղթանակը կամ պարտությունն ընդամենը մեկ քայլի վրա էին, ես հասել էի իմ սահմանագծին: Իմ սկզբնական զարմանքը, կասկածամտությունն ու մրցակից լինելու թաքուն մղումը տեղի տվեցին անօգնականության զգացումին, ապա անխռով հանդարտությանը, երբ շարունակում էինք վազել՝ պահպանելով մեր արագությունն ու տեմպը, մինչև որ գլխավոր բուժքույրը վերևի լուսամուտից սուր ձայնով կանչեց.
— Լի Լինի՛, դեռ վազո՞ւմ եք, չե՞ք ավարտել: Շտապի՛ր, հիվանդներին բեր այստեղ: Նրանց դեղ տալու ժամանակն է:

Մենք միասին կանգ առանք: Հիվանդները նստել էին աստիճաններին և մեզ էին նայում: Ես գնահատող հայացքով նայեցի նրան: Նա արագ էր շնչում, օդը չէր բավականացնում: Աչքերը փոքր էին: Մոտավորապես իմ տարիքին կլիներ: Նրա դեմքին նույնպես թեթև ժպիտ էր նշմարվում: Ապա հիվանդներին ետ տարա հիվանդասենյակ:

Բուժքույրերի սենյակում գտա նրա մասին տեղեկությունները: Հասարակական անվտանգության աշխատակիցները նախորդ գիշեր էին նրան բերել, որովհետև մերկ վազելիս էր եղել փողոցում: Նա չգիտեր իր տարիքը, տան հասցեն, միայն գիտեր, որ ազգանունը Վան է, դրա համար էլ անվան դիմաց միայն նշված էր՝ «Ոմն Վան»: Փակեցի նշումները: Անհայտ ծագման իգական սեռի հիվանդ, որ կարողանում էր այդպես վազել: Խիստ հետաքրքրում էր ինձ, և որոշեցի գտնել նրան ու զրուցել հետը:

Երբ Յան Հունը Վանին հիվանդասենյակ բերեց, ես լուսամուտին հենված նրան էի նայում: Հենց ներս մտավ, նստեց մահճակալին: Երկու ձեռքով բռնեց մահճակալի եզրից, իսկ երկու ոտքերն անդադար իրար էր զարկում: Ինձ չէր նայում, այլ հայացքը պտտում էր շուրջբոլորը:
— Անունդ ի՞նչ է:
Գլուխը վեր բարձրացրեց ու նայեց ինձ՝ դեմքին հիմար մի քմծիծաղ:
— Անունս Վան է, — ասաց:
— Վան՝ ի՞նչ:
— Անունս Վան է, անունս Վան է:
Գլուխը կախեց և, մատների հետ խաղալով, ինքն իրեն կրկնեց մի քանի անգամ:
— Որտե՞ղ ես ապրում:
Անխոս տարուբերեց գլուխը:
Նկատեցի, որ նրա մաշկի վրա, մարմնի երևացող մասերին տարբեր խորության շատ վերքեր կային: Վերքերի մի մասն արդեն կեղևակալել էր, մյուսները դեռ թարմ էին, կարմիր գույնի:
— Ընտանիք ունե՞ս:
Նա այլևս գլուխը չբարձրացրեց, միայն նույն ձևով թափահարում էր այն: Համբերությունս կորցնում էի: Պարզ էր, որ հոգեկան հիվանդ է, որ միտքը խախտված է, և որ թափառել էր այսուայնտեղ: Զգացի՝ չի գիտակցում, որ վազելու հազվագյուտ տաղանդ ունի: Ցրված էր ու անտարբեր ամեն ինչի հանդեպ: Քայլեցի դեպի դուռը՝ պատրաստ արագ վերջ տալու խոսքերի մեր այս փոխանակմանը: Հանկարծ Վանը վեր ցատկեց մահճակալից ու գոռաց.
— Ես հեռավազքի չեմպիոն եմ: Ես ուզում եմ վազե՜լ: Վազե՜լ, վազե՜լ:
Ետ շրջվեցի: Նրա մարմինն ասես խորհրդավոր մի ուժով էր համակվել: Նա ատամներն էր կրճտացնում, աչքերը ոգևորված փայլում էին, երկու ոտքերն անդադար վազում էին տեղում, իսկ երկու ձեռքերը շարժվում էին անընդհատ: Նման էր մի մարզիկի, որն ամեն պահ կարող էր վազել:
Մոտ վազեցի և բռնեցի նրա ուսերից:
— Ի՞նչ ասացիր:
Վանի հայացքը թափանցեց անցավ ուսերիս միջով: Նա աչքերն ուղիղ սևեռեց իր առջև գտնվող ինչ-որ բանի: Մարմինը դեռ շարժվում էր առանց դադարի, ավելի ու ավելի ճոճվելով:
— Ուզում եմ վազել: Վազել, վազել: Ինձ ասացին, որ արագ վազեմ, կանգ չառնեմ: Ես հեռավազքի չեմպիոն եմ: Ոչ ոք չի կարող ավելի արագ վազել: Ուզում եմ վազել:
Խոսելիս բառերը խառնում էր իրար և որքան շատ էր խոսում, այնքան ավելի հուզախռով էր դառնում:
— Ո՞վ է ասում, որ վազես: Ի՞նչ հեռավազքի չեմպիոն ես դու: Ո՞ւր ես վազում:
Իմ և նրա ձայները խաչաձևվում, բախվում էին իրար՝ աղմուկ ստեղծելով: Վանը գոռում էր, շարժում ոտքերը: Ես խոչընդոտեցի նրան՝ փակելով ճանապարհը: Նա մարմինն աղեղի պես ճկեց, և ուսերը դեմ առան կրծքավանդակիս, մի ոտքն առաջ, մյուսը ետ՝ ուժով հրեց ինձ: Ձայն տվեցի սանիտարներին: Վերջապես նրանք ներս վազեցին և կապեցին Վանի ձեռքերն ու ոտքերը, իսկ նա թպրտում էր մահճակալի վրա: Դուրս եկա հիվանդասենյակից՝ ձեռքերս կրծքավանդակիս դրած, որ դեռ ցավում էր նրա գործադրած ուժից: Առաջին անգամն էր, որ հիվանդի հետ շփվում էի, և այդ շփումն ի վերջո ավարտվեց Վանի սրտակեղեք ճիչերով:

Քնելուց առաջ անկողնում պառկած մտածում էի օրվա դեպքերի մասին: Վանի կերպարանքը լողում էր մտքիս օվկիանոսում: Նրա վազող պատկերն աստիճանաբար թափանցեց իմ մեջ: Նույնիսկ երբ փակեցի աչքերս, պատկերը համառորեն հասավ մինչև երազներս: Վազում էինք կողք կողքի՝ անծայրածիր բաց դաշտում, և միայն մեր ոտնաձայներն ու սրտի զարկերն էին լսվում խաղաղ, լայնարձակ տարածության մեջ: Մենք նման էինք իրար հետապնդող երկու ստվերների: Լուսադեմին, երբ երազիցս հետո արթնացա, զգացի, որ ամբողջ մարմինս ցավում է:

Իսկ այս մեկն արդեն երազների աշխարհում չէր: Ցերեկը, նախկինի պես, հիվանդներին տանում էի վազելու: Վերջում մնում էինք Վանն ու ես: Շրջանաձև վազում էինք մարզահրապարակում, նորից ու նորից պտտվելով ծառի շուրջը: Արևի ճառագայթները տերևների արանքից ընկնում էին մեզ վրա, խայտացող լույսը կանաչ բծեր էր գցում մեր մարմիններին: Վազելիս՝ գողունի հայացք էի գցում նրա կողմը: Միտքը կենտրոնացած էր, որոնող հայացքն ուղղված էր դեպի հեռուն, ասես ինչ-որ բան կանչում էր, և նա կարող էր վազել առանց հոգնելու: Չգիտեմ՝ արդյոք ձայնային հալյուցինացիաներ էր ունենում, բայց ինքս արդեն մի քանի անգամ վազելիս լսել էի, թե ինչպես է քաջալերող ճիչերի միջից հանդարտ մի ձայն ասում՝ «Վազիր, վազիր»: Կանգ չէի առնում, այլ ապավինում էի աչքերիս՝ հայացքով ընդգրկելով շրջակայքս: Ինչպես միշտ, հիվանդներն անիմաստ ծիծաղում էին, երբ աստիճաններին նստած՝ նայում էին մեր վազքին: Վանը և ես հասել էինք լուռ մի համաձայնության, որ քսաներորդ պտույտից հետո ես գոչելու էի՝ «Կանգնե՛լ», և մեր վազքն ավարտվելու էր: Հիմա նա արդեն մեկ ամիս է, ինչ հիվանդանոցում էր, և վազքը խաղ էր դարձել, որ միայն մեր երկուսինն էր:

Բուժքույրերի սենյակում հավաքվել էր ամբողջ անձնակազմը, բայց ամեն բան հանգիստ էր: Պարզ լսվում էր լուսամուտից դուրս հովանոցածառի ճյուղերին բախվող ուժեղ քամու շառաչը: Տնօրենը խոսում էր զուսպ, հանդարտ դեմքով:
— Բոլորդ տեսե՞լ եք Վանի վիճակը:
— Այո, — աննշան, կամացուկ մի ձայն դուրս թռավ կրծքիցս:
Մահճակալին պառկած Վանի աջ ոտնաթաթն ամբողջովին անարյուն էր, ասես փտած ծառի կոճղ լիներ: Հատակին ընկած էր կեղտոտ մի գոտի: Նախքան հերթափոխս ավարտելը սանիտարին հանձնարարել էի դրանով կապել Վանի ոտնաթաթը, քանի որ վերջինս խիստ հուզախռով վիճակում սկսել էր վազել հիվանդասենյակում: Բժիշկն էր ինձ հանձնարարել զսպել նրան, ես էլ նրա ասածը սանիտարին էի փոխանցել: Բայց չգիտեի, որ զսպող գոտին այդքան ձիգ և ամուր էր կապվել:

Տնօրենը խոսում էր ցածրաձայն:
— Երկու օրից հիվանդների անվտանգությունը վերահսկող հանձնաժողովն այստեղ է գալու: Մտածեք այդ մասին:
Տնօրենի գնալուց հետո սկսվեցին աշխատակիցների աղմկոտ քննարկումները: Ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում: Ես մենակ դուրս եկա, գնացի բուժասենյակ և հենվեցի պատին: Գիտեի, որ այս ամենն ուշադրության կենտրոնում կհայտնվի: Հիմնական պատասխանատվությունն իմն էր: Չէի ստուգել Վանին զսպող գոտիները և միայն այս մասին հայտնել էի Յան Հունին, որն ինձնից ընդունել էր հերթափոխը: Յան Հունը և գիշերային հերթափոխի բուժքույրը նույն սխալն էին թույլ տվել: Արդյունքն այն էր, որ Վանի կապված վերջույթի արյան շրջանառությունը դադարել էր, և մեռուկ՝ նեկրոզ էր առաջացել: Մեր երեքից բացի, նաև ցերեկային հերթափոխի մյուս բուժքույրերն էին, սանիտարները և բժիշկները: Ոչ ոք բարեխիղճ չէր եղել՝ այցելելու հիվանդներին, և բոլորն էլ որոշակի պատասխանատվություն էին կրում: Գիտեի՝ ամենալուրջ հետևանքն այն կլիներ, որ Վանի աջ ոտնաթաթը կարող էին անդամահատել: Ոտքերս թուլացել էին, գլուխս պտտվում էր, պատն իմ թիկունքում ասես սառույց լիներ, ճակատիս վրա քրտինքի կաթիլներ էին դանդաղ գոյանում:

Յան Հունը մտավ բուժասենյակ: Դեմքը մոխրագույն էր:
— Լինի, ի՞նչ ենք անելու, — հարցրեց ինձ:
Մեծագույն ճիգով գլուխս տարուբերեցի և հեռացա:

Գլխավոր բուժքույրը մոլեգնել էր:
— Ասել եմ քեզ, և՛ քեզ, որ երբ հերթապահում եք, պետք է ուշադիր լինեք, պատասխանատվության զգացում պետք է ունենաք, բայց ոչ մեկդ լուրջ չեք ընդունում, ամբողջ օրը մանր սխալներ եք թույլ տալիս, և այժմ ահա՝ դա հանգեցրեց շատ մեծ սխալի: Բոլորդ պետք է շատ լուրջ մտածեք: Բայց այնպես չանեք, որ այս մասին իմանան: Վերահսկող հանձնաժողովը շուտով հիվանդանոց է գալու: Եթե իմանան այս մասին, ոչ միայն մեր բաժանմունքը լուրջ խնդրի առջև կկանգնի, այլև ամբողջ հիվանդանոցը: Լսո՞ւմ եք ինձ:
Բոլորը լուռ էին, ճնշված ու գլխիկոր: Համաձայնություն արտահայտող նրանց մրմնջոցները հնչում էին մոծակի տզզոցի նման:

Լուսամուտի մեծ ապակու ետևում կանգնած՝ նայում էի Վանին: Պառկած էր մահճակալին, աչքերը լայն բացած՝ առաստաղին էր նայում: Երկու ձեռքով փորձում էր վեր բարձրացնել աջ ոտքը, բայց այն, ծնկից ներքև, մազաչափ իսկ չէր շարժվում, ասես մի մեծ ծանրություն կախված լիներ նրանից: Վանը հերոսաբար պայքարում էր նորից ու նորից: Մեծ ջանքերով մի փոքր վեր հանեց աջ ոտքը, բայց այն թրմփալով ցած ընկավ: Քարի մի մեծ կտորի պես այդ մեռած ոտքը զարկվեց մետաղե մահճակալին, և ձայնն անսահման բարձր հնչեց իմ ականջներում: Կարողացա միայն ականջներս փակել և փախչել հեռու:

Ես սկսեցի նորից վազել, բայց իմ կողքից ուրիշ մեկի կերպարանքն էր սլանում: Մյուս հիվանդներն առաջվա պես շատ ետ մնացին: Իմ կողքի դատարկ տարածությունը մութ էր, այդտեղ նույնիսկ քամու ձայնն էր կորչում: Այդտեղ միայն իմ ծանր շնչառությունն էր: Հանկարծ կրծքավանդակս զգաց, որ կարծես չի կարողանում դիմանալ, այնպես որ՝ ընդամենը երկու պտույտից հետո թվաց, թե վիզս պարան է գցված, որն ինձ խեղդում է, և ես չէի կարողանում շնչել: Ուժասպառ՝ կանգ առա և նստեցի աստիճաններին: Նայեցի իմ աջ ոտքին և մտածեցի Վանի մասին: Ոտքս կամաց-կամաց սկսեց թմրել: Երևի շատ երկար էի նստել, բայց հետո, երբ վեր կացա, տեսա, որ աջ ոտքս չի շարժվում: Ի՞նչ էի անելու, եթե Վանի պես ես էլ կորցնեի աջ ոտքս: Վախեցա այլևս այդ մասին մտածել: Ցանկացած մեկը, ով վազքի մոլի սիրահար է, միշտ պետք է խուսափի նման մտքեր ունենալուց: Բայց Վանի մեռած աջ ոտքը իրականություն էր, և դա ինձ անասելի տառապանք էր պատճառում:

Երբ վերադարձա հիվանդասենյակ, Յան Հունն ինձ անկյուն քաշեց և ասաց.
— Լինի, այս իրավիճակը շատ մարդկանց հետ է կապված: Միայն քո մեղքը չէ: Այդքան շատ քեզ մի՛ տանջիր: Նաև լավ նորություն ունեմ քեզ հայտնելու: Լսեցի, թե ինչպես էր գլխավոր բուժքույրն ասում, որ տնօրենն արդեն խոսել է հասարակական անվտանգության ներկայացուցիչների հետ և պատրաստվում է այստեղից տեղափոխել Վանին՝ նախքան վերահսկող հանձնաժողովի գալը: Այնպես որ՝ նա մեզ հիմա չի պատժի:
Ես անմիջապես հարցրի.
— Իսկ ի՞նչ կասես Վանի ոտքի մասին: Եթե ոտնաթաթը չբուժեն, ապա հաստատ ամբողջ ոտքը կկտրեն:
Յան Հունը հարցական հայացքով նայեց ինձ:
— Ինչո՞ւ ես դրա համար անհանգստանում: Այս պահին կարևորը վերահսկող հանձնաժողովից պրծնելն է: Գլխավոր բուժքույրը մեզ ասել է, որ խիստ գաղտնի պահենք այս ամենը: Չպետք է թույլ տանք, որ ուրիշ մեկն իմանա:
Ես տագնապալից սկսեցի քայլել՝ խոր մտքերի մեջ ընկած, ապա ասացի.
— Ոչ, չեք կարող տեղափոխել Վանին: Եթե բուժումը ձգձգվի, մեծ խնդիր կառաջանա: Միայն աջ ոտնաթաթի հարցը չէ, ամբողջ ոտքը ստիպված կլինեն անդամահատել, և նա այլևս չի կարողանա կանգնել:
Յան Հունն սկսեց անհանգստանալ: Ձայնը բարձրացնելով ասաց.
— Չասացի՞, որ լավ է լինելու, քեզ ոչինչ չի պատահի: Առաջ այսպիսին չէիր: Երբվանի՞ց այսքան մարդասեր դարձար: Այս պահին նույնիսկ վստահ չենք, թե ինքներս կփրկվենք: Եթե չթողնենք Վանը գնա, մեզ համար իրոք ավելի մեծ խնդիրներ կառաջանան:
Հանգիստ սպասեցի մինչև ավարտը: Հետո երկու ձեռքով բռնեցի նրա ձեռքերը և խնդրեցի.
— Յան Հուն, ես մտածել եմ այդ մասին և չեմ կարող դա անել: Մենք շատ սխալներ ենք թույլ տվել, ու մեր բախտը նաև բերել է, որ այդ սխալները չեն նկատել: Բայց սա ուրիշ է: Եթե թողնենք, որ այսպես տեղափոխեն Վանին, ի՞նչ կկատարվի հետո: Ես մարդասեր չեմ, բայց այս անգամ սա ուրիշ բան է: Չեմ կարող թույլ տալ, որ Վանը կորցնի ոտքը, թե չէ ինքս ինձ չեմ կարող ներել: Հասկանո՞ւմ ես:
Յան Հունը լուռ, ապշահար ինձ էր նայում, հետո անօգնական ժպտաց:
— Լինի, չգիտեմ, թե ինչպես կարող ես նման բան մտածել, բայց ես չեմ կարող քեզ հետ լինել: Ամեն դեպքում, սա քո և իմ որոշելիք բանը չէ: Կներես:
Նա ձեռքերը ետ քաշեց, շրջվեց ու հեռացավ:

Մենակ կանգնած էի միջանցքում, պատին հենված: Ոտքերիս տակ մուգ ստվերներ էին, որ առաջացել էին լամպի լույսից: Չէի համարձակվում ոտքերս շարժել, մահու չափ վախենալով, որ եթե ոտք դնեմ այդ մուգ ստվերների վրա, դրանք մարդկային ճիչ կարձակեն: Վախենում էի նաև Վանի սենյակից ներս նայել: Մի խառնաշփոթ, մթագնած զգացողություն ունեի, թե ես ինքն եմ, թե ես մի մարդ եմ, որն ուր որ է կորցնելու է իր աջ ոտքը: Եթե հնարավոր լիներ, կուզեի գրավել նրա տեղը, բայց դա հնարավոր չէր: Երբ գնացի տուն, միացրի իմ սիրած կինոնկարը՝ «Ֆորրեսթ Գամփ», այն կինոնկարը, որ դիտում էի, երբ հեռավազքի թիմի մարզիկ էի: Նորից ու նորից դիտեցի Ֆորրեսթի աննպատակ, վերջնակետ չունեցող վազքը, և հանկարծ արցունքները ցած հոսեցին դեմքիս վրայով: Իմ երազները մութ գիշերների մասին էին, երկար մութ գիշերների: Միայնակ, միոտանի մի աղջիկ էր ցատկում: Ցատկում էր վեր, շատ բարձր, բայց չէր կարողանում հասնել լուսավոր, պայծառ մի տեղ: Վատ երազների գիշերից հետո արթնացա և նոթատետրս հետս վերցնելով՝ գնացի հիվանդանոց:

Երկար սպասեցի դրսում, դռան առջև: Նոթատետրը բռնած ձեռքիս ափն ամբողջովին քրտնել էր: Տնօրենը հեռախոսով խոսում էր, և թվում էր՝ խոսակցությունը վերջ չունի: Համբերությունս կորցրի, հրելով բացեցի դուռն ու ներս մտա:
— Տնօրեն Վու, խորապես երախտապարտ եմ Ձեզ՝ Վանի հետ կապված այս խնդրի առիթով: Այսօր երեկոյան ես ընթրիքի սեղան եմ պատվիրել «Ծաղիկների պարտեզ» ռեստորանի 18-րդ սենյակում: Անկեղծորեն հույս ունեմ, որ կկարողանաք պատվել մեզ Ձեր ներկայությամբ:
Ես քայլեցի ուղիղ դեպի տնօրենը, որը դեռ հեռախոսը ձեռքին՝ հարցական հայացքով ինձ էր նայում: Երբ լսեցի, որ դեռ խոսում է, ուզում էի նետվել առաջ, վերցնել հեռախոսն ու ջարդուփշուր անել: Բայց փոխարենը տեղումս կանգնած մնացի և մատներովս ամուր սեղմեցի նոթատետրիս կազմը: Տնօրենը վերջապես ցած դրեց հեռախոսը և հարցրեց.
— Օրիորդ Լի, ինչ-որ բա՞ն կա, որի համար ուզում եք ինձ տեսնել:
Մի պահ հապաղեցի և շտապ ասացի.
— Տնօրեն, ես եկել եմ ազնվորեն խոստովանելու ամեն բան: Խոսքը մեր հիվանդներից մեկի՝ Վանի մասին է: Այդտեղ հիմնականում պատասխանատուն ես եմ: Երբ զսպող գոտիով նրան կապում էին, ես տեղում չեմ եղել, իսկ հետո չեմ գնացել վիճակը տեսնելու, չեմ նկատել նրա արյան շրջանառության հետ կապված…
Խոսքս չէի ավարտել, երբ տնօրենը մռայլվեց և ձեռքը թափահարեց, որ ընդհատի ինձ:
— Այդ մասին հետո կխոսենք: Հիմա ինքնախոստովանության ու ինքնաքննադատության ժամանակը չէ: Մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի պատրաստ լինենք վերահսկիչ տեսուչների այցելությանը: Գնացեք և շարունակեք ձեր աշխատանքը բաժանմունքում:
Ես հրաժարվեցի շարժվել տեղիցս և շարունակեցի ասել այն, ինչի համար եկել էի:
— Տնօրեն, ես հենց հիմա պետք է պատասխանատվություն ստանձնեմ, և, բացի այդ, խնդրում եմ որոշում կայացնել ինձ պատժելու մասին:
Տնօրենն ապշահար ինձ նայեց, ապա հարցրեց.
— Օրիորդ Լի, ի՞նչ նկատի ունեք:
Ուղիղ կանգնեցի և ասացի.
— Դուք բոլորդ որոշել եք Վանին այստեղից տանե՞լ:
Նա երկար նայեց ինձ նախքան պատասխանելը:
— Ի՞նչ է պատահել:
Հարցս համառորեն կրկնեցի.
— Իրո՞ք դուք բոլորդ որոշել եք Վանին այստեղից տանել: Եթե նա անմիջապես չբուժվի հիվանդանոցում, կարող է կորցնել ամբողջ ոտքը:
Տնօրենը ձեռքը թափահարեց:
— Օրիորդ Լի, մի՛ լսեք ուրիշների անհեթեթությունները: Ես հասկանում եմ Վանի հետ կապված իրավիճակը: Այդքան չպետք է անհանգստանաք: Գնացեք աշխատելու:

Խիստ հիասթափված՝ դուրս եկա տնօրենի աշխատասենյակից: Կանգնել էի աստիճաններին, նոթատետրս ձեռքումս սեղմած, և նորից ու նորից հարցնում էի ինքս ինձ՝ ի՞նչ պետք է անեմ: Մի՞թե թողնելու եմ, որ անեն՝ ինչ մտածել են: Բայց Յան Հունն ինձ այնպիսի բան չէր ասի, որ ճիշտ չլիներ: Նրանք Վանին այստեղից տեղափոխելու են: Ի՞նչ անեմ հիմա: Նրանք չպետք է դա անեն: Ես պետք է գնամ և ամեն ինչ հստակ բացատրեմ տնօրենին: Պետք է խնդրեմ նրան, որ Վանին պահի: Այսպես մտածելով՝ շրջվեցի և վերադարձա տնօրենի աշխատասենյակ: Դռան մոտ խոր շունչ քաշեցի՝ ինձ հիշեցնելով, որ հանգիստ լինեմ, ապա մեկ անգամ ևս թակեցի դուռն ու ներս մտա:
Տնօրենը կրկին զարմացավ՝ ինձ տեսնելով:
— Օրիորդ Լի, ինչո՞ւ դեռ աշխատանքի չեք անցել ձեր հերթափոխում, — փոքր-ինչ անհամբեր տոնով հարցրեց նա:
Նախապես մտածել էի, որ այն, ինչ ուզում էի ասել, պետք է տնօրենին ներկայացնեի կողմնակի ճանապարհով, բայց երբ բերանս բացեցի, արտաբերեցի նույն նախադասությունը.
— Տնօրեն, Դուք չեք կարող Վանին այստեղից տեղափոխել:
Տնօրենը տեղից վեր ցատկեց և զայրացած դիմեց ինձ.
— Շատ լավ, ասացեք տեսնեմ՝ ի՞նչ է ձեզ հետ կատարվում, ընկե՛ր: Քանի՞ անգամ եմ ասել, որ դա ձեզ հետ ոչ մի կապ չունի: Մի՛ խանգարեք: Պարզապես ձեր գործը կատարեք ձեր հերթափոխում, և ամեն ինչ լավ կլինի: Պատկերացում ունե՞ք, թե ինչպես պետք է ձեզ պահեք: Ինչո՞ւ ուշադրություն չեք դարձնում վերադասների ասածին:

Կանգնել էի հիմարի պես տեղում գամված: Միշտ ինձ համակող մի զգացողություն էի ունեցել: Հիվանդանոց գալուս առաջին իսկ օրից աղտոտված, հեղձուցիչ օդը, այս ու այնտեղ շարժվող մարդկային կերպարանքները, ամենուր աչքի զարնող կարմիր, հոսող արյունը, այս ամենն աղմուկով արձագանքեց կրծքիս տակ: Գլուխս ծանր ու դանդաղ թափահարեցի: Չէի կարող փախչել դրանցից, չէի կարող ազատվել:
Հանկարծ առաջ նետվեցի և հայտարարեցի.
— Ո՛չ, չե՛ք կարող նրան այստեղից տանել:
Ապա լուռ նայեցինք մեկս մյուսին: Ես վախեցել էի իմ իսկ արտաբերած բարձր ձայնից:
Տնօրենի դեմքը կապարագույն էր դարձել:
— Դա իմ ցանկությունն է, որ ենթարկվեք հիվանդանոցի կարգուկանոնին: Դուք չեք կարող պատասխանատվություն կրել նման լուրջ հետևանքների համար:
Գլուխս հանգիստ տարուբերեցի:
— Ես ուզում եմ պատասխանատվության ենթարկվել այս սխալի համար: Մի՞թե դա հնարավոր չէ:
Տնօրենը մի պահ մտածեց և հանկարծ ժպտաց: Ապա մեղմ, հանդարտ ձայնով ասաց.
— Սխալ չի եղել: Չկա ոչինչ, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվել: Եթե բաժանմունքն այս ստուգումն անցնի առանց խնդիրների, որևէ պատիժ չեք կրի:
Գլուխս մի քանի անգամ տարուբերեցի: Տնօրենի ժպիտն աստիճանաբար մարեց: Ինձ նայեց զայրացած ու խոժոռ դեմքով, ուժեղ զարկեց գրասեղանին և ոտքի կանգնեց: Բացեց դուռն ու դուրս եկավ:

Տնօրենի աշխատասենյակից գնացի ընդհանուր սենյակ: Անվարժ շարժումով հանելով բանալիս՝ բացեցի մետաղե դուռն ու ներս մտա: Մի քանի բուժքույր հավաքվեցին շուրջս:
— Գնացել էիր տնօրենին տեսնելո՞ւ, — հարցրին:
Կիսամեռի պես գլխով արեցի:
— Ի՞նչ էիր ուզում:
Հոգնած գլուխս հազիվ տարուբերեցի և ոչինչ չասացի:
— Ասա՛, ասա՛ մեզ, — պահանջեցին բոլորը միանգամից:
— Գնացել էի տնօրենին խնդրելու, որ ինձ պատժի, խնդրելու, որ Վանին չտեղափոխի, — քրթմնջացի:

Ինչպես եռացող յուղի մեջ հանկարծ ընկած ջրի կաթիլներն են ցայտում, բոլորը դեսուդեն ցատկեցին:
— Լինի, գլխիդ հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում: Այդքան անախորժության պատճառ ես դարձել, դեռ նոր անախորժությո՞ւն ես փնտրում: Փաստորեն, գնացել ես տնօրենի մոտ, խնդրել, որ քեզ պատժի, և ուզում ես հիվանդին այստեղ պահել, որպեսզի մենք բոլորս անախորժության մեջ ընկնենք: Մեզ համար ի՞նչ լավ բան կա նրան այստեղ պահելուց: Երբ վերահսկող հանձնաժողովը գա, բոլորս կկորցնենք մեր աշխատանքը: Հիմա է, որ պետք է բոլորս միասնական լինենք: Եթե հիվանդանոցը ներքին հետաքննություն կատարի, ապա ընդամենը նկատողություններ կլինեն և որոշ տուգանքներ, բայց վերահսկող հանձնաժողովը կզեկուցի ընդհուպ մինչև Առողջապահության նախարարություն: Հիվանդանոցը չի կարողանա մեզ պաշտպանել, եթե անգամ ցանկանա: Մենք ստիպված ենք Վանին արագ տեղափոխել: Նա ընտանիք չունի և խելքը գլխին չէ: Ազատվենք նրանից, և ոչ ոք մեզ համար անախորժություն չի ստեղծի:

Գլուխս կախեցի, իսկ նրանք հերթով փորձում էին համոզել ինձ: Սիրտս կրծքիցս դուրս էր թռչում, իսկ ոտքերս ուժասպառությունից ծալվում էին: Ուզում էի նստելու մի տեղ գտնել և փոքր-ինչ հանգստանալ: Հավաքվածներին մի կողմ հրելով՝ ուզում էի հեռանալ, երբ հանկարծ մեկը ձեռքս բռնեց: Ավագ քույր Չժանն էր, որն իմ խորհրդատուն էր, երբ առաջին անգամ ինձ այստեղ նշանակեցին: Աղերսագին դեմքով նա ինձ խնդրեց.
— Լինի, գիտեմ, որ դու պետք է իսկապես վատ զգաս նրանից, ինչ պատահել է: Բայց պետք է մտածես բոլորի մասին, չես կարող պարզապես անել այն, ինչ ուզում ես: Պետք է հասկանաս՝ միայն դու չես, որ պատասխանատվություն կկրես: Մնացած բոլորս ենք պատասխանատվություն կրելու: Ի՞նչ կլինի մեզ հետ, եթե դա անես:

Ինչպե՜ս կուզեի գրկել նրան և լաց լինել: Ուզում էի նրանց ասել, թե որքան եմ սիրում վազել և որքան եմ ատում բուժքրոջ գործը, ինչքան եմ վախենում, որ չեմ կարողանա վազելը շարունակել, ահա թե ինչու եմ ներքին ցավ ապրում, ահա թե ինչու եմ ուզում փրկել Վանի աջ ոտքը: Բայց մեկ բառ իսկ չկարողացա արտաբերել: Չհամարձակվեցի խոսել, որովհետև շատ լավ գիտեի՝ նրանք չեն փոխի իրենց մտածելակերպը: Եվ եթե խոսեի, միայն սեփական անզորությունս և ջանքերիս ապարդյուն լինելն էի շեշտելու: Հայացքս արագ սահեց բոլոր գործընկերներիս դեմքերի վրայով, որոնց հետ աշխատում էի ամեն օր: Նրանք սպասողական ինձ էին նայում: Վերջում ոչինչ չխոսեցի և այդ ճնշող պահին մի կողմ քաշելով ավագ քույր Չժանի ձեռքը՝ առանց գլուխս նույնիսկ շրջելու դուրս եկա սենյակից:
— Ուրեմն միակ համարձակը նա է: Նա միակ բուժքույրն է, որ անձնվիրաբար օգնում է մեռնողներին և խնամում վիրավորներին: Եվ ինչպիսի՜ ժամանակ է ընտրում, որ գնա ու գթասրտություն ցուցաբերի: Ինչպիսի՜ աչքակապություն, ինչպիսի՜ անհեթեթություն:
Մետաղե դուռը փակվեց իմ ետևից, բայց նրանց ձայները պարզ լսվում էին: Հենվեցի պատին, որպեսզի չընկնեմ: Զգացի, որ չեմ կարողանում կանգնած մնալ, որ կարող եմ հենց այդտեղ փռվել գետնին ու քնել: Բայց գիտեի, որ ավելի կարևոր մի բան ունեմ անելու: Ամուր բռնեցի նոթատետրս և սկսեցի դանդաղ ցած իջնել աստիճաններով:

Հիվանդանոցի վերատեսուչը բարի դեմքով մի ծերունի էր: Իրեն հատուկ ժպիտը դեմքին՝ նա տեղից վեր կացավ և ինձ նստեցրեց: Ես հուզված ու վախվորած նստեցի:
— Օրիորդ Լի, բա՞ն է պատահել:
Շունչս ետ բերեցի և մեկ անգամ էլ պատմեցի այն, ինչ տեղի էր ունեցել: Վերատեսուչն այդ ամբողջ ժամանակ ժպտալով գլխով էր անում:
— Դուք լավ բուժքույր եք, — ասաց ինձ ջերմ ժպիտով:
— Ոչ, ես լավ բուժքույր չե՛մ: Երբե՛ք չեմ եղել:
Ամենայն լրջությամբ նոթատետրս մեկնեցի նրան:
— Սրանք այն սխալներն են, որ արել եմ այստեղ բուժքույր աշխատածս այս մեկ տարվա ընթացքում: Ես հմուտ և բանիմաց բուժքույր չեմ: Խնդրում եմ, որ հիվանդանոցն ինձ պատժի ենթարկի: Բայց խնդրում եմ՝ մի՛ տեղափոխեք Վանին: Վերատեսուչ, խնդրո՜ւմ եմ:

Վերատեսուչը ձեռքը մեղմորեն դրեց ուսիս:
— Օրիորդ Լի, լաց մի՛ եղեք: Երբ երիտասարդները գիտակցում են իրենց սխալները և ուզում են փոխվել, դա լավ է: Ես հավատում եմ՝ այս փորձառությունն այս պահից կստիպի, որ դասեր քաղեք և առաջնակարգ բուժքույր դառնաք: Լավ կանեք վերադառնաք աշխատանքի: Մի՛ անտեսեք ձեր պարտականությունները: Մենք շատ ուշադիր կքննարկենք Վանի դեպքը: Ի՞նչ կարծիքի եք:
Վերատեսուչը նայում էր խաղաղ ու անկեղծ հայացքով: Ես փոքր-ինչ հանդարտվեցի և գլխով արեցի: Եվ նախքան հեռանալս խոնարհվեցի նրա առջև:

Երբ վերադարձա հիվանդասենյակ, մթնոլորտը շատ լարված էր: Բոլորն ինձ կասկածանքով ու խեթ էին նայում և հեռու էին մնում ինձնից: Վանը պառկած էր իր մահճակալին՝ ասեղները ձեռքի մեջ: Դեղորայքն ընկնում էր կաթոցիչի մեջ՝ կաթ-կաթ, կաթ-կաթ, ինչպես ճոճանակն է գնում-գալիս կամ ինչպես ռումբի պայթուցիչը գործի գցող ժամացույցն է աշխատում՝ մոտեցնելով վերջին վայրկյանները: Վանն իր չորացած շուրթերը ձգելով ժպտաց, երբ նստեցի նրա մահճակալի մոտ:
— Բուժքույր Լի, ինչո՞ւ վերջին մի քանի օրը ինձ վազելու չտարաք:
Ես ճիգով մի կերպ ժպտացի և ասացի.
— Անձրև էր գալիս: Դրսում թաց է, չենք կարող գնալ վազելու:
— Հա, — ասաց նա և գլխով արեց: — Երբ պարզ եղանակ լինի, կարող եք նորից ինձ վերցնել:
— Այո, — ասացի: — Անպայման:
Նա աչքերը փակեց, իսկ ես լուսամուտից դուրս նայեցի: Երկնքում ամպերի գունատ դեղնավուն քուլաներ էին լողում, իսկ բակում մի քանի երեխա բռնոցի էին խաղում: Որոշ ժամանակ անց կարծեցի, թե քնել է, և արդեն ուզում էի գնալ, երբ հանկարծ բացեց աչքերը և ասաց.
— Ուզում եմ վազել առանց կանգ առնելու: Ուզում եմ վազելով անցնել աշխարհի բոլոր անկյուններով: Եթե դա անեմ, հայրս ու մայրս կտեսնեն ինձ և տուն կտանեն: Նրանք հաստատ կճանաչեն ինձ: Ճիշտ չէ՞, բուժքույր Լի:
Թիկունքով էի կանգնած դեպի նա և սիրտ չարեցի ետ շրջվել: Գլուխս կախ գցած և թաց աչքերս սրբելով՝ բարձր ձայնով պատասխանեցի.
— Այո, երբ ժամանակը գա, ես կվազեմ քեզ հետ: Նրանք անպայման կտեսնեն քեզ և շատ կուրախանան:
Զգացի, որ Վանը ժպտում է, այնպես ուժեղ է ժպտում, որ մահճակալը ցնցվում է:

Այդ առավոտ, երբ իմ հերթափոխն ավարտվում էր, գլխավոր բուժքույրն եկավ ինձ տեսնելու: Ասաց, որ բաժանմունքը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի ես արձակուրդ գնամ: Արտաժամ աշխատանքի հաշվին ես որոշակի ազատ օրեր կարող էի ունենալ և մի քանի անգամ դիմել էի արձակուրդի համար, բայց թույլտվություն չէի ստացել: Այս հանկարծակի որոշումն ինձ անհանգստացրեց: Գլխավոր բուժքրոջը հարցրի, թե ինչու են հենց հիմա ինձ արձակուրդ տալիս: Նա ժպտալով պատասխանեց.
— Օրիորդ Լի, ղեկավարությունը շատ է մտահոգված ձեր հարցով: Այս միջադեպը պետք է որ հոգեբանական ծանր բեռ լինի ձեզ համար, այդ պատճառով էլ առաջարկել ենք, որ դուք լավ հանգստանաք:
Ես անմիջապես հարցրի.
— Իսկ ի՞նչ կլինի Վանի վիճակը:
— Պետք չէ անհանգստանալ, — ասաց նա: — Վերատեսուչն արդեն հրահանգ է տվել, որ Վանը վաղը տեղափոխվի վիրաբուժական բաժանմունք և բուժում ստանա այնքան ժամանակ, մինչև որ ապաքինվի:
— Դա ճի՞շտ է:
Գլխավոր բուժքույրը ձեռքը դրեց ուսիս և ասաց.
— Վաղը կարող եք տանը մնալ և հանգստանալ ու մտքով խաղաղվել: Ես երկար տարիներ գլխավոր բուժքույր եմ եղել: Ինչո՞ւ պիտի ձեզ խաբեի:

Գրեթե դուրս թռա բուժքույրերի սենյակից՝ աննկարագրելիորեն թեթևացած սրտով: Քայլելով դեպի ճաշարան՝ չկարողացա զսպել ինձ և սկսեցի քթիս տակ մեղեդի մրմնջալ: Վերջապես համոզել էի նրանց: Վերատեսուչն իսկապես մեծ մարդ էր: Չէի կարողանում ինձ տիրապետել և նախաճաշիս տուփը ձեռքիս՝ վեր ձգվեցի ու տերևը վրան մի ճյուղ պոկեցի, փակեցի աչքերս և խոր ներշնչեցի դրանց բույրը: Շուրջս տարածվել էր քափուրի ծառերի թեթև բուրմունքը: Ամեն ինչ պարզապես շատ գեղեցիկ էր: Երբ աչքերս բացեցի, Յան Հունը կանգնած էր իմ առջև: Նետվեցի դեպի նա և սկսեցի ուրախ ցատկոտել նրա շուրջը:
— Յան Հուն, ես հաղթե՜լ եմ: Գիտեիր: Նրանք պահելու են Վանին: Վերատեսուչն այնքան լա՜վն է:
Յան Հունը խոսեց հանգիստ, անարտահայտիչ.
— Ուրեմն պետք է շնորհավորեմ քեզ:
Նա մի քանի քայլ առաջ գնաց, ապա դանդաղ շրջվեց և նայելով ոտքերի տակ ընկած տերևներին՝ շարունակեց.
— Լինի, այսօր հիվանդանոցից քո դուրս գալուց հետո վերատեսուչը գնաց տնօրենի աշխատասենյակ: Ես պարզապես անցնում էի այդտեղով և առանց որևէ մտադրության՝ լսեցի, որ Վանի հարցն են քննարկում: Իրականում շատ բաներ այնքան էլ պարզ չեն, որքան դու մտածում ես:
Այս ասելով՝ Յան Հունն արագ հեռացավ: Ապշահար՝ չէի կարողանում խոսել: Երկար մտածեցի՝ ինչո՞ւ նա ինձ պատմեց այս ամենը: Ի՞նչ էր նշանակում նրա վերջին նախադասությունը: Մի՞թե բոլորը խաբում էին ինձ:
Նախաճաշիս տուփն ընկավ գետնին: Անորոշ մի կանխազգացում ունեցա: Կեսօրվա արևի լույսն այնքան սուր ու ծակող էր, որ չէի կարողանում աչքերս բացել:

Օրվա երկրորդ կեսին դարակիցս հանեցի և լվացի աշխատանքային համազգեստներս: Գործընկերներս խիստ հետաքրքրված էին և հարցրին.
— Լինի, ընդամենը մի քանի օրով ես գնում: Ինչո՞ւ ես բոլոր համազգեստներդ հանում ու լվանում:
Նկատելով նրանց սրտացավ մտահոգությունը՝ ժպտացի.
— Եղածը մի բան չէ: Պարզապես մի քիչ մաքրություն եմ անում: Հակառակ դեպքում, երբ վերադառնամ, դրանք բոլորը կեղտոտ կլինեն:
Յան Հունը հեռվում կանգնած ինձ էր նայում: Երբ բոլոր համազգեստներս փռել էի չորանալու, մոտեցա միջանցքի պատուհանին, որպեսզի մազերս սանրեմ: Լուսամուտից դուրս ծուռ բնով մի ծառ կար: Քանի՜ անգամ եմ գիշերային հերթափոխի ժամանակ կանգնել այս լուսամուտի մոտ և, հետևելով այս մեծ ծառի թեք ուրվագծին, նայել եմ գիշերային երկնքին՝ միշտ սպասելով, թե երբ արշալույսը կլուսավորի երկինքը: Ուզեցել եմ իմանալ, թե երբևէ ծառը կուղղվի՞, կդառնա՞ մատիտի պես ուղղաձիգ և արդյոք նրա ճյուղերը կձգվե՞ն ուղիղ դեպի երկինք, կհասնե՞ն երկնքին: Այժմ նման հարցեր այլևս գոյություն չունեին: Խնամքով փաթաթեցի երկար մազերս և բուժքրոջ իմ գլխարկը դնելով՝ երկու կողմից ամրացրի մազակալներով: Քայլեցի դեպի Վանի սենյակի դուռը՝ ուղղելով համազգեստիս վրայի յուրաքանչյուր ծալք: Այստեղից մինչև մետաղե դարպասը հեռու չէր: Բուժանձնակազմը հիվանդներին տարել էր երգեցողության պարապմունքի սենյակ: Հանեցի բանալիներս և դեղին բանալին ձեռքիս բռնած՝ ներս մտա Վանի սենյակ: Նա տեսավ ինձ ներս մտնելով և սովորականի պես ժպտաց: Վերմակը բարձրացրի և նայեցի նրա աջ ոտնաթաթին: Այն արդեն կարծրացել էր ու ծանրացել, ինչպես ածուխի կտոր: Անջատեցի ներերակային ներարկման խողովակը՝ օգնելով, որ ուղղվի, և հարցրի.
— Կարո՞ղ ես վեր կենալ և մի քիչ քայլել:
Շատ երջանիկ դեմքով՝ Վանը նստեց անկողնում, բայց հենց որ ոտքը գետնին կպավ, մարմինը թափով առաջ ընկավ: Ես բռնեցի նրան:
— Բուժքույր Լի, ի՞նչ է եղել ինձ, — հետաքրքրությամբ հարցրեց Վանը:
— Ոչինչ: Պարզապես շատ երկար ես պառկած եղել անկողնում, — պատասխանեցի:
Պառկեցրի նրան, ապա առա թիկունքիս և մեծ դժվարությամբ ուղղվեցի:
— Ո՞ւր ենք գնում, — հարցրեց նա:
Ձայնը հնչում էր ականջիս մոտիկ: Կանգնեցի նրա սենյակի դռան մոտ՝ զգուշորեն դուրս նայելով: Միջանցքում ոչ ոք չկար:
— Գնում ենք վազելու:
— Իսկապե՞ս:
Նա այնքան երջանիկ էր:
— Այո, իսկապես: Պատրա՞ստ ես: Վզիցս ամուր բռնիր: Ես պատրաստվում եմ հաշվել՝ «մեկ, երկու, երեք», և հետո մենք պիտի վազենք, լա՞վ:
Վանն իսկույն, ամուր բռնելով, կախվեց վզիցս և ոտքերը պահելով՝ ասաց.
— Պատրաստ եմ, ես պատրաստ եմ: Գնա՛նք վազելու:

Շունչս տեղը բերեցի:
— Մեկ, երկու, երեք, գնացի՛նք:
Վանին շալակած՝ արագ վազեցի դեպի դուռը:
Այդ պահին հիվանդների պարապմունքը մոտեցավ ավարտին: Ես արդեն հանել էի բանալին: Բարձր կանչեր էին լսվում, կանչում էին իրար, լսվում էին ոտնաձայներ: Ետևիցս բազմաթիվ աղմկոտ, հնչեղ ձայներ էին գալիս: Բանալիս պտտվում էր փականի մեջ, և ոտնաձայների ծանր հնչյուններն անսպասելիորեն տարածվել էին ամենուր: Արագ: Արագ: Ավելի՛ արագ: Վերջապես դուռը բացվեց: Արևի պայծառ լույսն ընկել էր գետնին, իմ առջև:
— Լի Լինի, վազի՛ր:
Միայն այդ ձայնն էի լսում: Վանին թիկունքիս պահած՝ լայն քայլերով առաջ գնացի: Քամու ձայնը սուլեց ականջներիս մեջ, և հիվանդները փողոց նետվեցին:
— Վազի՛ր, արագ, Լի Լինի՛:
Ոտքերս սահում էին երկրի վրայով, և իմ թիկունքին Վանն ավելի ու ավելի թեթև էր դառնում: Վազում էի ու վազում, և բոլոր հիվանդները շուտով մնացին հեռվում:

Հիշողությանս մեջ միշտ վառ է և անջնջելի այդ զգացողությունը: Ծառերը տարածեցին իրենց ճյուղերի կանաչը, երբ նրանք ձայն էին տալիս ինձ: Ճանապարհն ավելի ու ավելի նեղ դարձավ, մինչև որ վերջում վերածվեց գորգի բարակ մի շերտի, և երբ ոտքերս դիպան այդ գորգին, զգացի դրա փափկությունը: Բաց դաշտերում կարմիր, վայրի ծաղիկներ էին, որ վազելիս բոցի պես առկայծեցին աչքերիս անկյունում: Միայն լսեցի՝ «Ավելի արագ վազիր, Լի Լինի»: Քամին արագ պատառոտեց ծաղիկները՝ ծվենների վերածելով: Ոգևորվեցի այդ սրընթաց փոփոխվող զգացողությունների պատառիկներից, մինչ մարմինս շարունակում էր ճոճվել՝ առաջ սլանալով, առաջ սլանալով: Քամին մաքրեց, լվաց մաշկս: Բոլոր զգացողություններս ծվեն-ծվեն եղան անճանաչելիության աստիճան, և ամեն ինչ դարձավ աղոտ ու մշուշապատ: Ամեն ինչ վերածվեց գույների անորոշ բծերի, որ վերուվարում էին ճանապարհիս բոլոր կողմերում:
Սկսեցի քրտնել, բայց հոգնածություն չէի զգում: Տեսա թանձր, ճերմակ, ալիքվող ամպերը: Իսկ ամպերի միջից շողացին լույսի կուրացուցիչ ճառագայթները: Այդ պահին իմ ամբողջ էությունը ողողվեց լույսով: Եվ երբ ներսուզվեցի նույն ճերմակ տարածության մեջ, մարմինս տարրալուծվեց, միաձուլվեց այդ ճերմակությանը: Հավանաբար այդ պահին անհետացա:
Բայց ես վազելու եմ, վազելու եմ ընդմիշտ:

Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *