Խամուտալ Բար-Յոսեֆ | Վերջին ընթրիքը

Խամուտալ Բար-Յոսեֆը

Խամուտալ Բար-Յոզեֆը ծնվել է 1940 թ.-ին Իսրայելում՝  Թել Յոսեֆ կիբուցում: 1985 թվականին եբրայական գրականության դոկտորի աստիճան է ստացել Երուսաղեմի եբրայական համալսարանում: Մինչև 2003թ.-ը եբրայական գրականություն է դասավանդել  Բեն Հուրի համալսարանում: Դասախոսություններով հանդես է եկել նաև Փարիզի, Մոսկվայի և Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարաններում: Բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ հեղինակ է, ինչպես նաև` եբրայական գրականությանը նվիրված հոդվածների: Թարգմանություններ է կատարել ռուսերեն, ֆրանսերեն ու անգլերեն լեզուներից: Բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում՝ Թել-Ավիվի մրցանակ (1987), Երուսաղեմի պոեզիայի մրցանակ (1990), Ստեղծագոր կնոջ WIZO մրցանակ (1999), Նախագահի մրցանակ (2002), Բրաների  պոեզիայի մրցանակ (2005), Ռամաթ Գանայի պոեզիայի մրցանակ (2012) և այլն:

Առաջին իսկ հայացքից պարզ դարձավ, որ մեր տարած նարգիզների փունջը շատ մեծ էր։ Վերարկուների կախիչի մոտ՝ հայելու տակ գտնվող դարակի վրա, դրված էր մի գեղեցիկ ձևավորված ծաղկաման, որի մեջ չորացրած յասամանների փոքր փունջ կար։ Ճաշասենյակի սեղանի վրա, որը բացված էր չորս հոգու համար, դրված էր մի ծաղկանոթ, մեջտեղում վեր էր խոյանում մանուշակագույն հիացինտը՝ շուրջը նշենու ծաղիկներ և կիվիի տերևներ՝ ձևավորված ճապոնական ձևով։ Հիացինտի արբեցնող բույրը պարուրեց մեզ, հենց որ մտանք Յիգալի և Էլկայի բնակարան։ Ճաշի ուղղանկյունաձև սեղանի վրա, որն արդեն գցված էր չորս հոգու համար, դրված էր մի կերամիկական ծաղկաման` պատված մոխրագույն ջնարակով, դրա մեջ ծաղիկների մի հսկայական, գեղեցկագույն փունջ կար՝ վառ նարնջագույն ու դարչնագույն դրախտի թռչուն ծաղիկների, նարնջագույն շուշանների, նարնջագույն վարդերի համադրություն՝ փաթաթված ռետինե ճյուղերով և դեռ իր ցելոֆանե փաթեթավորմամբ։ Պատուհանի գոգին դրված էր խոլորձների թաղարների մի շարք, որոնց մոմանման ծաղիկներն արտացոլվում էին ապակու մեջ։ Էլկան դուռը բացեց, քանի որ Յիգալը, անհավատալի է, բայց զբաղված էր խոհանոցում։
– Ո՞վ է այս սիրունիկը, – ասաց Էլկային ամուսինս՝ Մոշեն՝ իր քաղաքավարի համակրանքով։
Եվ իսկապես, բավական էր նայել Էլկայի կիպ տաբատին՝ տեսնելու համար, որ նա շատ կիլոգրամներ էր կորցրել այս մեկ տարվա ընթացքում, ինչ չէին տեսնվել, իսկ կարճ սանրվածքը նրան երիտասարդացրել էր մի քանի տարով։ Միայն թե հաստ շուրթերը կարծես անհետացել էին բերանում, և դրանց վերևում տարօրինակ փայլում էին դեղնականաչ աչքերը՝ շրջափակված սև շրջանակով։
– Ինչ-որ մեկի տարեդա՞րձն է,- հարցեցի տագնապով, – չլինի թե մոռացել եմ ամսաթիվը,- շարունակեցի ներողություն խնդրել և շաղակրատել,- դե վաղուց ձեզ մոտ չենք եղել, չնայած որ ամեն անգամ խոստանում ենք ու որոշում, բացի այդ Երուսաղեմի և Արևմտյան ափի միջև հեռավորությունը, նաև ուրբաթ երեկոն, ու նաև, երբ անցնում ենք 6-րդ մայրուղով, ճիշտ է, այս ամենն արդարացումներ են, սակայն այդպես է, կան շատ բաներ, որ ուզում ենք անել, բայց հետաձգում ենք, կարծես թե ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Չնայած որ մենք այժմ արդեն այնքան էլ զբաղված չենք, քանի որ ես էլ, Մոշեն էլ թոշակի ենք անցել և կարող ենք անել այն, ինչ ուզում ենք․ կարիք չկա արթնանալ առավոտյան՝ աշխատանքի գնալու համար, աշխատավարձը փոխանցվում է բանկին՝ առանց աշխատելու, դա անհավատալի է, ամեն առավոտ ես նորից ու նորից չեմ հավատում դրան։ Դուք դեռ երիտասարդ եք, սակայն կհասնեք դրան ու կտեսնեք։
– Ո՞վ կտեսնի, – ասաց Յիգալը։
– Ես հանկարծ նկատեցի, որ նրա գանգուրները ճերմակել են այս մեկ տարվա ընթացքում, ինչ չենք տեսել նրան։
– Դուք երկուսդ,- ասացի զվարթորեն,- կտեսնեք և չեք հավատա, թե որքան լավ է դա։ Իմացե՛ք, որ կա մի բան, որին արժե սպասել։
Էլկան ժպտաց մեզ ջերմորեն և ասաց․
– Որտե՞ղ ենք նստելու։
Ինձ թվում էր, թե նրա ձայնը դարձել է ավելի հաստ, կարծես կոշտ, նույնիսկ երկաթային, և ինքս ինձ հարցրի՝ գուցե սա նրա սիրունիկ լինելու և ժամանակակից երևալու ջանքերի մի մասն է։
– Եկեք այստեղ նստենք, լա՞վ,- ասաց Յիգալը՝ առանց երկար սպասելու և նստեց ճաշի սեղանի մոտ։
Մենք ճանաչում էինք նրան և գիտեինք, որ չենք կարող քաղաքավարի շարժուձև սպասել մի մարդուց, որը բազմաթիվ տարիներ աշխատում է գաղտնի ծառայությունում՝ Շաբակում։
Նրա փորը, որն ավելի էր մեծացել նախորդ տարվա համեմատությամբ, վկայում էր անզուսպ ախորժակի մասին։ Նա ախորժակ ուներ նաև ուրիշ ոլորտներում, ես հո բոլորից լավ գիտեմ։ Էլկան էլ գիտի։ Մի անգամ նա նույնիսկ հեռացավ տնից մի ամբողջ տարի, ապա վերադարձավ և ասաց Էլկային, որ միայն նրա հետ է իրեն լավ զգում անկողնում։ Գուցե այս ծաղիկները տոնում են դրա նման մի պատճառ։ Այդ «լա՞վ»-ը՝ ուղղված Էլկային, ինձ կասկածելի թվաց։ Նա սովորություն չուներ որևէ մեկից համաձայնություն խնդրել, առավել ևս Էլկայից։
– Ամեն ինչ պատրաստ է, – ասաց Յիգալը Էլկային,- դու պետք է միայն տաքացնես որոշ բաներ և աղցանը պատրաստես, լա՞վ։
– Տեսե՛ք, տեսե՛ք, ի՛նչ կյանք է ինձ բաժին ընկել,- ասաց Էլկան և ծիծաղեց համարյա արտասվելով, երեխայի նման, որին շատ զվարճացրել էին:
Նա մեջքով կանգնեց դեպի մեզ՝ խոհանոցի մարմարապատ փայլուն դարակի մոտ և սկսեց հանել փայլաթիթեղյա կափարիչները ամանների վրայից։
– Սովա՞ծ եք, – հարցրեց Յիգալը:
– Խնդիր չկա, կարող ենք սպասել, – պատասխանեց ամուսինս։
– Ո՛չ, չենք կարող, քանի որ ես սոված եմ, – ասաց մեզ Յիգալը շատ կամաց, կարծես թե դա գաղտնիք էր, որը Էլկան չպետք է լսեր՝ այդ ընթացքում հայացքով չափելով դեմքս և մարմինս։
–Եղանակը չափազանց հաճելի է,- ասաց Մոշեն՝ ամուսինս, – ժամանակն է, որ մի քիչ անձրև գա։
– Սկսեցինք խոսել երաշտի տարվա ռիսկերի, Կիներեթ լճի [1] վիճակի ու գոլորշիացող Մեռյալ ծովի մասին։
Ես հարցրի Յիգալին, թե արդյոք նա դեռ փնտրում է մասնավոր բնակարաններ՝ գաղտնի գործակալության հարցաքննությունների համար, քանի որ մի անգամ նա հարցրել էր, թե արդյո՞ք այդ նպատակով կարող է օգտագործել մեր բնակարանն այն ժամերին, երբ մենք տանը չենք։ Սկսեցինք խոսել անվտանգության վիճակի, քաղաքական իրադրության և արտասահման ճանապարհորդությունների մասին։ Յիգալը մեզ պատմեց, որ վերջերս են վերադարձել Բրազիլիա կատարած ճանապարհորդությունից և պլանավորում են մեկնել Հարավային Աֆրիկա։
– Դա կապ չունի աշխատանքիս հետ, հատուկ արձակուրդ եմ վերցրել դրա համար,- ասաց նա հպարտորեն։
Նա մի փոքր պոկեց խալայից [2] ՝ հացի բոքոնից, և սկսեց ծամել անհամբերությամբ, մեզ էլ տվեց մի քանի կտոր, ապա հանեց գինու շշի խցանը և լցրեց չորս գավաթները՝ առանց որևէ բառ ասելու Էլկային, որը թեև զբաղված էր ուտելիքով, սակայն ակտիվորեն մասնակցում էր մեր զրույցին՝ սկզբում մեզ մեջքով կանգնած, ապա՝ մեր կողմ շրջված՝ կարծես թե բոլորովին մոռանալով ընթրիքի մասին։
Այդպես անցավ ավելի քան կես ժամ, և մենք էլ զգացինք, որ շատ քաղցած ենք։
– Ինչպե՞ս են գործերը, Էլկա՛, – ասաց Յիգալը իրեն ոչ բնորոշ հանդարտ ձայնով։
– Վա՛յ ինձ, արդեն մատուցում եմ,- ասաց Էլկան, և մինչ սեղանին էր դնում կարմրադարչնագույն մինեստրոնե ապուրով լի ամանը, որից գոլորշի էր բարձրանում, անեկդոտ պատմողի թեթևությամբ և պարզությամբ ասաց․
– Այս պահին քաղցկեղի հետ կապված խնդիրն այն է, որ ախորժակս կորել է։ Յիգալը պետք է հարցնի ինձ, թե ինչ եմ կերել նախաճաշին, ինչ եմ կերել ճաշին, քանի որ ես բոլորովին մոռանում եմ ուտել։ Ի՞նչ, չե՞մ պատմել ձեզ։ Դե լավ, ախր վաղուց մեզ մոտ չեք եկել։ Ես ազատորեն պատմում եմ բոլորին։ Այս պահին հիվանդության առաջին փուլում եմ, հարաբերականորեն՝ լավ եմ, ցավեր չունեմ, միայն՝ հոգնածություն։ Ես ընդունում եմ միայն մոկսիպեն և ամբողջ ժամանակ հսկողության տակ եմ։ Դժվար օրերը դեռ առջևում են։ Բախտս բերել է, որ չեմ անցնելու քիմիաթերապիայի կուրս, մազերս տեղում են, միայն թե ախորժակս բոլորովին անհետացել է։
Սենյակում ծանր լռություն տիրեց։
– Էլկան վագրուհի է, – ասաց Յիգալը և նայեց նրան՝ մորը սիրող երեխայի հայացքով։
– Ինչպե՞ս ես դիմանում դրան, – վերջապես խոսեց ամուսինս՝ Մոշեն, հոգատար ձայնով։
– Հիմա կարգի եմ բերում ամեն ինչ, – ասաց Էլկան, – հոգ եմ տանում այն ամենի մասին, ինչ պետք է՝ իրերի բաժանում, լուսանկարների ալբոմներ, վերջին կամք, այդ թվում նաև խոստումս Յիգալին․ես նրան թույլ եմ տալիս ամուսնանալ ուրիշ կնոջ հետ։
– Կարծես թե ես սպասում եմ իր թույլտվությանը, – ասաց Յիգալը՝ հանկարծ վերադառնալով իր սովորական տղամարդկային կոպտությանը։
– Ամենադժվարը երեխաների հետ խոսելն է, նրանց բացատրելը։ Նրանք շատ կոտրված են,- ասաց Էլկան։ – Ըստ նրանց, ես պետք է հասցնեմ անել այն, ինչ ցանկացել եմ, բայց չեմ արել։ Ասացի, որ ցանկանում եմ տեսնել աշխարհը, մեկնել ճամփորդելու, երեխաներն ասում են․ «Մոռացե՛ք ժառանգության մասին, մեկնե՛ք ճամփորդելու, կարևոր չէ, թե ինչքան կարժենա»։ Քանի որ Յիգալն արդեն եղել է աշխարհի կեսից ավելի երկրներում, մենք հիմա մեկնում ենք վայրեր, որտեղ նա դեռ չի եղել։ Այս ամենն այնքան ժամանակ, քանի դեռ դեղերի կապոցն ավելորդ ուղեբեռ չէ։
Երկու ամիս անց ես և Մոշեն գնացինք հիվանդանոց՝ այցելելու Էլկային։ Նա պառկած էր մեջքի վրա՝ փակ աչքերով, շատ նիհարած և ճաղատ։ Յիգալը, որ նստած էր նրա կողքին, դժվարությամբ մեզ բարևեց։ Էլկան բացեց աչքերը, նայեց մեզ և ասաց․
– Ի՛նչ լավ է, որ եկել եք։
Եվ անմիջապես փակեց անատամ բերանը։ Երբ խոսեց, երևացին ատամներից զերծ լնդերը։
– Ինչպե՞ս ես քեզ զգում, – հարցրեց ամուսինս՝ Մոշեն։
– Շատ լավ, – ասաց նա, և կրկին շտապեց փակել բերանը ու նաև աչքերը։ Պարզ էր, որ նա տանել չէր կարող երկարատև այցը։
Երբ դուրս եկանք միջանցք, Յիգալը շտապեց մեր հետևից։
– Ես այլևս չեմ կարող, – ասաց նա։
– Ի՞նչ է պատահել, – ասաց ամուսինս՝ Մոշեն։
– Ինձ համար դժվար է որոշում կայացնել, – ասաց Յիգալը։
-Ինչի՞ հետ կապված, – հարցրեց Մոշեն։
– Դուք ընկերներ եք և անկողմնակալ, ուրեմն ասե՛ք ինձ՝ ի՞նչ կանեիք դուք։ Սա ոնց որ փողի խնդիր է, բայց ոչ միայն ու ոչ այնքան փողի։ Նա ցանկանում է ատամների պրոթեզներ, չի ուզում մնալ առանց ատամների։ Եվ դա հսկայական գումար արժե, հսկայակա՛ն։ Վերջին տարում բանկից հանել ենք մեր խնայողությունների կեսից ավելին՝ աշխարհով մեկ ճանապարհորդելու համար։ Նա հազարավոր շեկկելներ [3] է ծախսել ոչ ավանդական բուժման մեթոդների վրա՝ յոգա-մոգա ու նման բաներ… Վերջին ամսվա ընթացքում 2000 շեկկելով գնել է երեք զույգ կաշվե երկարաճիտ կոշիկներ ու երկու թաշվակաշվե բաճկոն։ Ինձ ուղղակի փաստի առաջ կանգնեցնելով գնեց ու վերջ՝ առանց հարցնելու։ Հիմա էլ ատամների պրոթեզներ, որ տասնյակ հազարներ արժեն։ Դուք կարծում եք արդարա՞ցի է։ Կարծում եք՝ նորմա՞լ է։ Ես հիմա պետք է պարտքերի մեջ խրվե՞մ ատամների համար, որ նա դժվար թե հասցնի օգտագործել։ Ես դա պետք է անեմ երեխաների հաշվի՞ն, այն կյանքի՞ հաշվին, որ ինձ մնացել է ապրելու։
Նրա վերնաշապիկի կոճակը չկար հենց փորի հատվածում, և կարելի էր տեսնել, թե ինչպես էր փորը դողում, ինչպես էր նա փորձում զսպել իրեն, բայց չէր կարողանում։ Ես ու Մոշեն շվարած իրար նայեցինք՝ փորձելով պատկերացնել, թե ինչպես կվարվեր մեզնից յուրաքանչյուրը նման իրավիճակում։
– Յիգա՛լ, – ասաց Մոշեն, – ոչ ոք չի կարող որոշել քո փոխարեն։
Յոթի օրը [4] չհամարձակվեցինք հարցնել Յիգալին, թե գնե՞ց արդյոք Էլկայի համար ատամների պրոթեզներ։ Տանը բազմաթիվ ընկերներ կային, ու նաև Յիգալի ընկերուհիները, որոնք անցուդարձ էին անում, եփում, մատուցում, ցույց տալիս իրենց հմտությունները որպես տանտիրուհիներ։ Տունը լի էր ծաղիկներով՝ կալաներ, թրաշուշաններ, վարդեր, դրախտի թռչուն ծաղիկներ։
Երկու տարի անց Յիգալին հանդիպեցինք Բեն Գուրիոն օդանավակայանում, երբ հանգստյան օրերին մեկնում էինք Փարիզ՝ նշելու մեր ամուսնության 30-ամյակը։ Նա պիջակով էր, իսկ ձեռքին՝ Ջեյմս Բոնդի պայուսակից էր։ Փորը գրեթե անհետացել էր։ Նրա գանգուրներն ամբողջովին ճերմակ էին ու կարճ կտրված։ Այտերը փայլում էին խնամքով սափրվելուց։ Նա աչքերով չչափեց դեմքս ու մարմինս։ Նրա աչքերը մարած էին ու ցրված։
– Ողջու՛յն Յիգալ, ո՞նց ես, գործերը ո՞նց են, – հարցրեց նրան ամուսինս՝ Մոշեն։
– Չգիտեմ, – ասաց Յիգալը։
– Ի՞նչ է պատահել, – հարցրեց Մոշեն։
– Ոչինչ, ես գործով եմ մեկնում։ Շատ եմ աշխատում, բայց ինչի՞ համար, ու՞մ համար, – պատասխանեց Յիգալը։
– Երեխաներից ի՞նչ կա։
– Երեխաները շատ լավ են, – ասաց Յիգալը, – նրանք գալիս են, մենք ամեն շաբաթ այցելում ենք Էլկայի գերեզման՝ խնամելու բույսերը։ Նաև կաթոցիկներ ենք տեղադրել, քանի որ երբ աշխատանքի եմ, մարդ չկա, որ ջրի բույսերը։
– Գուցե ընկերուհիներիցդ մեկը կարողանա անել, – խայթեցի ես։
– Մի՛ խոսիր ընկերուհիների մասին, – ասաց Յիգալը, – ոչ ոք չի ուզում ապրել ինձ հետ այն տանը, որի պատերը ծածկված են Էլկայի նկարներով։
– Ի՜նչ ես ասում, – ասացի ես։
– Նույնիսկ ննջասենյակը, – ասաց Յիգալը և վերջապես ժպտաց գունատ ժպիտով։
– Բայց ի՜նչ կտոր էր, – ասացի ես՝ ինչ-որ բան ասելու համար։
– Նա վագրուհի էր, – ասաց Յիգալը և շրջվեց մեջքով, որպեսզի չտեսնենք աչքերը։

Թարգմանությունը եբրայերենից  Ալվինա Հովհաննիսյանի

[1] Գալիլեյան ծով

[2] Հրեական ավանդական տոնական հաց, որ պատրաստում են շաբաթին և տոներին։

[3] Իսրայելի դրամական միավոր:

[4] Եբրայերեն՝ շիվա – մահվանից հետո յոթնօրյա սուգի վերջին օրը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *