Օրհան Փամուք | Ոչ ոքի չունեցող մարդու տունը

Սա ոչ ոքի չունեցող մարդու տունն է։ Այն գտնվում է բլրի գագաթին՝ երկար ու ոլորապտույտ ճանապարհի վերջնամասում։ Ճանապարհը՝ տեղ-տեղ կրաքարի սպիտակ, տեղ-տեղ էլ՝ խոտի կանաչ, հասնելով գագաթին, նեղանում է։ Այստեղ կանգ ենք առնում՝ շունչ քաշելու և քամուց զովանալու համար։ Եթե մի փոքր հեռու քայլես, կհասնես մի կետի, որտեղից հանկարծ կարող ես տեսնել բլրի մյուս կողմը. քամին դադարում է, և դու՝ դեմքով դեպի հարավ, գտնվում ես շոգ ու արևոտ մի վայրում։ Ճանապարհի այս հատվածն այնքան հեռու է, որ մրջյուններն իրենց բներն այստեղ են կառուցում. անհնար է ճանապարհը զանազանել բաց դաշտից։
Թզենիներ։ Խոռոչավոր աղյուսների բեկորներ։ Պլաստիկ շշեր։ Քայքայվող և այլևս ոչ թափանցիկ պոլիէթիլենային թաղանթի կտորներ։ Տեղ-տեղ՝ շոգ, տեղ-տեղ՝ քամոտ։ Այս ամենը պատկանում են ոչ ոքի չունեցող մարդուն։ Այդ ամենը պետք է որ բերած և թողած լիներ այստեղ, քանի որ սա այն վայրն է, ուր որևէ մեկը չի այցելում։
Ժամանակին նա ոչ ոքի չունեցող մարդը չէր։ Երբ եկավ այստեղ, կին ուներ։ Լավ կին էր, մարդիկ ասում են՝ ընկերներ ուներ, որոնք ապրում էին մոտակայքում՝ ներքևի տներում։ Սակայն ինչպես այն տղամարդը, որ չէր շփվում որևէ մեկի հետ, նա որևէ ազգական չուներ իր ծննդավայր քաղաքից։ Այդ ընկերները սևծովյան այլ քաղաքներից էին։ Եթե այն, ինչ պատմում են ինձ, ճիշտ է, ոչ ոքի չունեցող մարդը ժամանակին սեփականություն է ունեցել այդ քաղաքում. նա հարուստ էր, բայց (մարդիկ մշտապես ժպտում էին սա պատմելիս) անընդհատ մարդկանց համար դժվարություններ էր ստեղծում, ուստի նույնքան դժվարությամբ էր այնտեղ հաստատվում, որքան՝ այստեղ։ Ո՛չ։ Նա նախկինում այդպիսին չէր։ Մի օր նրա կինը ստիպված էր գնալ բլրի ստորոտի հիվանդանոց։ Նա էլ գնաց հետը։ Հետո կինը մահացավ։ Այդ ամենը տարիներ ձգվեց. տարիներ շարունակ նրա կինը հիվանդ էր։ Հիմա այն, ինչ անում է, հեռուստացույց դիտելը, ծխախոտ ծխելը, խնդիրներ առաջացնելն ու ամառները ծովափնյա ռեստորանում մատուցող աշխատելն է։
Հեռուստացույցն է, որ ցնցում է ինձ, քանի որ նրա տնից, բլրից բացվող տեսարանն ապշեցուցիչ է և արտասովոր։ Մարդ կարող է տարիներով նայել բլուրներին, արևի արտացոլանքին մրրկած ծովի վրա, բոլոր կողմերից դեպի քաղաք շարժվող նավերին, կղզիներին, դես ու դեն ճանապարհորդող լաստանավերին, ստորոտի թաղամասերի բազմությանը, որոնք չափազանց հեռու են, որ վնաս պատճառեն, հեռվում գտնվող մանրապատկեր մզկիթներին և առավոտյան մշուշի թույլ շղարշի մեջ ընկղմված տներին՝ ամբողջ քաղաքին։ Տարիներ առաջ են մարդիկ դադարեցրել տներ կառուցել։
Ճայը երկարաշունչ մի ճիչ է արձակում։ Ինչ-որ տեղ ներքևում լսվում է քամուն միահյուս ռադիոյի ձայնը։
Փաստորեն, տունը վկայում է այն մասին, որ նա իր ծննդավայր քաղաքից որոշակի գումար է բերել։ Ահա թե ինչ են նրանք ասում։ Կղմինդրները մաքուր ու կոկիկ շարքերով դրեց տանիքին։ Վերջինիս լայնացող հատվածը պատրաստեց լավորակ թիթեղով՝ երեսպատելով քարերով, որպեսզի կանգուն մնա։ Զուգարանը, որ կտեսնեք տանը հետևից մոտենալիս, բրիկետներից է պատրաստել, ջրի պլաստիկ բաքն փոքր-ինչ ուշ է ավելացրել, իսկ թփերի, փշերի ու փոքրիկ սոճիների միջև կարող եք տեսնել աթոռներ, տախտակներ ու զանազան կտորտանքներ։
Մի երեկո, երբ, կանգնած քամու տակ, քաղաքի բլուրների թաղամասերին, միևնույն սալիկներից, աղյուսներից, պլաստմասսայից ու քարերից պատրաստված տներին, մարդը դուրս է գալիս և մի երկար, հատու հայացք գցում մեզ վրա։ Ձեռքին այնպիսի մի բան է, որ նախկինում չէի տեսել. արդուկ կամ գուցե փոքրիկ կաթսայի բռնակ։ Ադ ժամանակ է, որ նկատում եմ՝ նրա տունը կապկպված է մեծ քանակությամբ մետաղալարով, խողովակով և մալուխով:
Ներս է մտնում և անհետանում։

Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *