Էդգար Ալան Պո | Ողջ-ողջ թաղվածը

Կան որոշ թեմաներ, որոնք թեև միանգամայն ուշագրավ, բայց չափազանց քստմնելի են գրականության ճշմարիտ նպատակներին ծառայելու համար: Սովորական վիպասանը, որը չի ցանկանում վիրավորել կամ վանել ընթերցողին, պետք է խուսափի դրանցից: Այդ թեմաները կարելի է արծարծել միայն այն դեպքում, երբ դրանք սրբագործված և արդարացված են ճշմարտության լրջությամբ ու վեհությամբ: Օրինակ՝ մենք հուզվում ենք «հաճելի ցավից»՝ կարդալով Բերեզինայի անցման1, Լիսաբոնի երկրաշարժի2, Լոնդոնի Մեծ ժանտախտի3, Բարդուղիմեոսյան գիշերվա4 կամ Կալկաթայի Սև հորում5 123 բանտարկյալների շնչահեղձ լինելու մասին: Սակայն այս նկարագրություններում ինքը փաստը, ինքը պատմական եղելությունն է, որ հուզմունք է պատճառում: Հորինված լինելու պարագայում դրանց միայն անկեղծ նողկանքով պետք է վերաբերվել:

Ես հիշատակեցի առավել նշանավոր և հանրահայտ պատմական աղետներից ընդամենը մի քանիսը, բայց այստեղ աղետի մեծությունն է, որ ոչ պակաս, քան նրա էությունը, այդքան վառ տպավորություն է թողնում երևակայության վրա: Կարիք չկա ընթերցողին հիշեցնելու, որ մարդկային դժբախտությունների երկար ու մռայլ ցանկից ես կարող էի ընտրել բազում առանձին օրինակներ, որոնք ավելի լեցուն են իրական տառապանքներով, քան այս համընդհանուր արհավիրքներից յուրաքանչյուրը: Իսկական վիշտը, մեծագույն ցավը, իրոք որ, եզակի են ու անկրկնելի, և այն, որ ամենասոսկալի տառապանքները կրում են առանձին մարդիկ, բայց ոչ երբեք մարդկային խմբերը, ողորմած աստծո շնորհքն է:

Ողջ-ողջ թաղվելը, անկասկած, բոլոր մահկանացուներին երբևէ բաժին ընկած տառապանքներից ամենասոսկալին է: Եվ առողջ բանականություն ունեցող մարդը հազիվ թե ժխտի, որ այդպես հաճախ է պատահել, շատ հաճախ: Կյանքն ու Մահը միմյանցից բաժանող սահմանները լավագույն դեպքում խաբուսիկ են և անորոշ: Ո՞վ կարող է ասել՝ որտեղ է մեկը վերջանում, իսկ մյուսը՝ սկսվում: Մենք գիտենք, որ կան հիվանդություններ, որոնք բնորոշվում են կենսական բոլոր ակներև գործառույթների լիակատար ընդհատմամբ, որը, սակայն, իսկն ասած, պարզապես դադար է՝ այդ անըմբռնելի մեխանիզմի ժամանակավոր ընդմիջում միայն: Անցնում է մի որոշ ժամանակ, և մի անհայտ ու խորհրդավոր սկզբունք նորից գործի է գցում նրա կախարդական ատամնավոր անիվներն ու հրաշագործ չարխերը: Ո՛չ արծաթե թելն է վերջնականապես կտրվել, ո՛չ էլ ոսկե բաժակն է անուղղելիորեն կոտրվել6: Բայց և այնպես, որտե՞ղ էր Հոգին այդ ողջ ընթացքում:

Սակայն բացի այն կանխակալ հետևության, որ նման պատճառները պետք է անխուսափելիորեն հանգեցնեն նման հետևանքների, և որ կենսագործունեության ընդհատման հայտնի դեպքերի պատճառով մարդկանց երբեմն կարող են ողջ-ողջ թաղել, բացի այս վերացական մտահանգմանը՝ բժշկության և առօրյա կյանքի փորձն ուղղակիորեն փաստում է, որ նման դեպքերի թիվն իրականում քիչ չի եղել: Անհրաժեշտության դեպքում կարող եմ հիշատակել իսկությունը հաստատված միանգամից 100 նման դեպք: Դրանցից հատուկ ուշադրության է արժանի մեկը, որի հանգամանքները դեռ պետք է որ թարմ մնացած լինեն որոշ ընթերցողներիս հիշողության մեջ: Վերջերս հարևան Բալթիմոր քաղաքում պատահած այդ դեպքը բուռն և համատարած արձագանք ստացավ: Ամենապատվարժան քաղաքացիներից մեկի՝ մի ականավոր իրավաբանի և կոնգրեսականի կնոջը վրա հասած անբացատրելի հիվանդությունը լիակատար փակուղու առջև կանգնեցրեց նրա փորձառու բժիշկներին: Ծանր տառապանքներից հետո կինը մահացավ. համենայնդեպս, այդպես էր թվում: Անշուշտ, ոչ ոք չէր կասկածում և որևէ հիմք էլ չուներ կասկածելու, որ իրականում նա մեռած չէ: Առկա էին մահվանը բնորոշ բոլոր հատկանիշները: Դեմքն ընդունել էր սովորական գունատ և ոսկրոտ տեսքը, շրթունքները, ինչպես մարմարը, սովորականի պես դալուկ էին, աչքերը փայլազուրկ էին, մարմինը սառել էր, իսկ սրտաբաբախումները դադարել էին: Երեք օր անթաղ պահված մարմինը քարի պես կարծրացել էր: Մի խոսքով, պետք էր արագացնել հուղարկավորությունը, քանզի թվում էր՝ դիակը արագ է նեխում:

Տիկնոջ դիակն ամփոփվեց ընտանեկան դամբարանում, և երեք տարի ոչ ոք չխաթարեց գերեզմանային անդորրը: Դամբարան բացեցին միայն այս ժամկետի ավարտից հետո, որպեսզի մի քարադագաղ ամփոփեն այնտեղ: Բայց, ավա՜ղ, ինչպիսի՜սոսկալի ցնցում էր սպասվում ամուսնուն, ով անձամբ բացեց դամբարանի դուռը: Դռան փեղկերը արտաբացվելուն պես սպիտակ շորով փաթաթված ինչ-որ բան շխկշխկալով ընկավ ուղիղ նրա գիրկը: Դա նրա կնոջ կմախքն էր՝ իր դեռևս չփտած պատանքի մեջ:

Մանրազնին քննությունը պարզեց, որ կինը վերակենդանացել էր իր դամբանումից երկու օր հետո: Նրա մաքառումների արդյունքում դագաղն իր սաքուից կամ թարեքից վայր էր ընկել հատակին և ջարդվելով՝ ազատել նրան: Նավթով լեցուն լապտերը, որ պատահաբար թողնվել էր գերեզմանի ներսում, հայտնաբերվել էր դատարկ վիճակում (սակայն նավթը կարող էր նաև ինքն իրեն գոլորշիացած լինել): Ահարկու խցիկն իջնող սանդուղքի ամենավերին աստիճանի վրա ընկած էր դագաղի մի մեծ կտոր, որով նա հավանաբար հարվածել էր երկաթե դռանը՝ փորձելով ուշադրություն գրավել: Այսպես ջանք թափելով՝ նա, ըստ երևույթին, կորցրել էր գիտակցությունը կամ, գուցե, մահացել լիակատար սարսափից, և ընկնելիս նրա պատանքը կախվել էր ներսից դուրս ցցված մի երկաթե կեռից: Այդպես էլ նա մնացել էր և այդպես կանգնած էլ՝ նեխել:

1810 թվականին Ֆրանսիայում ողջ-ողջ թաղման մի դեպք պատահեց, որն ուղեկցող հանգամանքները մինչև անգամ հիմք են տալիս պնդելու, որ ճշմարտությունը, անշուշտ, ավելի արտասովոր է, քան վիպասանական հորինվածքները: Պատումի հերոսուհին՝ երիտասարդ և գեղանի մադմուազել Վիկտորինա Լաֆուրկադը, սերում էր մի մեծանուն և հարուստ ընտանիքից: Նրա բազմաթիվ երկրպագուներից էր Ժուլիեն Բոսյուեն՝ Փարիզում ապրող մի աղքատ գրականագետ կամ լրագրող: Նրա շնորհներն ու հմայքը գրավել էին ժառանգուհու սիրտը, և աղջիկը մինչև ականջների ծայրը սիրահարված էր նրան: Բայց աղջկա ազնվական հպարտությունը, ի վերջո, ստիպեց նրան մերժել լրագրողին և ամուսնանալ համբավավոր դիվանագետ և բանկիր մսյո Ռենելի հետ: Ամուսնությունից հետո, սակայն, այս պարոնն արհամարհում և, թերևս, վատ էր վերաբերվում աղջկան, ով նրա հետ մի քանի դժբախտ տարիներ անցկացնելուց հետո մահացավ. համենայն դեպս, նրա խիստ մեռելակերպ վիճակը լիակատար մոլորության մեջ էր գցել բոլորին: Նա թաղվեց ոչ թե դամբարանում, այլ իր հարազատ գյուղում՝ մի հասարակ գերեզմանում: Հուսալքված և դեռևս այրող կրքից բոցավառված՝ սիրեցյալը մայրաքաղաքից ուղևորվում է այն ծայրագավառը, որտեղ գտնվում է գյուղը՝ ռոմանտիկ նպատակ ունենալով գերեզմանից հանել աղջկա դիակը և տիրանալ նրա շքեղ ծամերին: Նա հասնում է գերեզման, կեսգիշերին փորում-հանում է դագաղը, բացում է այն և ուր որ է ուզում է կտրել վարսերը, բայց սիրելի աղջկա աչքերի բացվելուն պես քարանում է: Նա փաստորեն ողջ-ողջ էր թաղվել: Կյանքը դեռ լիովին չէր լքել աղջկան, և սիրեցյալի փաղաքշանքներն արթնացրել էին նրան այն լեթարգիայից, որ սխալմամբ մահվան տեղ էր ընդունվել: Սիրեցյալը խելահեղորեն տանում է աղջկան գյուղի իր կացարանը՝ ձեռնարկելով բժշկական լուրջ իմացություն պահանջող որոշ կազդուրիչ միջոցառումներ: Վերջապես կինը ուշքի է գալիս: Նա ճանաչում է իրեն խնամողին, որի մոտ մնում է մինչև իր դանդաղ, բայց ամբողջական ապաքինումը: Նրա կանացի սիրտը ապարից չէր, և սիրո այս վերջին դասը բավական էր այն փափկեցնելու համար: Աղջիկը սիրտը պարգևում է Բոսյուեին: Նա այլևս չի վերադառնում ամուսնու մոտ և ամուսնուց թաքցնելով իր հարությունը՝ սիրեցյալի հետ փախչում է Ամերիկա: 20 տարի հետո երկուսով վերադառնում են Ֆրանսիա՝ համոզված լինելով, որ ժամանակի ընթացքում բոլորովին կերպափոխված կինն անճանաչելի է դարձել նույնիսկ մերձավորների համար: Սակայն նրանք սխալվում էին, քանզի առաջին իսկ հանդիպման ժամանակ մսյո Ռենելը ճանաչում է կնոջը և պահանջում հետ վերադառնալ: Կինն ընդդիմանում է այդ պահանջին, և դատարանը պաշտպանում է նրան՝ վճռելով, որ առանձնահատուկ հանգամանքները և երկարատև ժամանակը ոչ միայն արդարացիորեն, այլև իրավաբանորեն վերացրել էին կնոջ նկատմամբ ամուսնու իրավունքները:

Լայպցիգի «Վիրաբուժական հանդեսը»՝ այդ հեղինակավոր և վստահության արժանի պարբերականը, որը լավ կլիներ՝ անգլերեն վերահրատարակվեր որևէ ամերիկացի հրատարակչի կողմից, իր վերջին համարներից մեկում վկայում է քննվող հարցին վերաբերող մի ցավալի իրադարձության մասին:

Մի հրետանու սպա՝ վիթխարահասակ և առողջակազմ մի մարդ, անկառավարելի ձիուց գետին տապալվելով և գլխի ծանր սալջարդ ստանալով, միանգամից անզգայանում է: Չնայած գանգի թեթև կոտրվածքին՝ նրա կյանքին ոչ մի անմիջական վտանգ չէր սպառնում: Գանգահատումը հաջողությամբ իրականացվում է: Նրանից արյուն են վերցնում7, և շատ ուրիշ հայտնի բուժիչ միջոցներ են կիրառվում: Սակայն աստիճանաբար նա թմրության ավելի ու ավելի անհույս վիճակի մեջ է ընկնում, և, ի վերջո, բոլորը կարծում են, որ մահը վրա է հասել:

Եղանակը տաք էր, և նա ավելորդ շտապողականությամբ թաղվեց հանրային գերեզմանատներից մեկում: Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ հինգշաբթի օրը: Կիրակի օրը` կեսօրին մոտ, երբ գերեզմանատունը սովորականի պես լեփ-լեցուն էր այցելուներով, մի գյուղացի բուռն իրարանցում առաջացացրեց՝ հայտարարելով, թե մինչ ինքը նստած էր սպայի գերեզմանի վրա, հանկարծ գետնացնցում էր զգացել՝ կարծես առաջ եկած ինչ-որ մեկի ստորգետնյա մաքառումներից: Սկզբում քչերը հավատացին նրա խոսքերին, բայց գյուղացուն պատած ակնհայտ սարսափը և այն անհողդողդ համառությունը, որով նա պնդում էր իր ամեն մի բառի ճշմարտացիությունը, ի վերջո, իրենց բնական ազդեցությունը թողեցին բազմության վրա: Շտապ կերպով բահեր ճարվեցին, և գերեզմանը, որ ամոթալիորեն մակերեսին մոտ էր գտնվում, մի քանի րոպեում այնպես բացվեց, որ նրա «բնակչի» գլուխն սկսեց երևալ: Նա, որ այդ պահին արտաքնապես մեռած էր թվում, գրեթե ուղղահայաց դիրքով նստած էր իր դագաղի մեջ, որի կափարիչը նրա կատաղի մաքառումների արդյունքում մասամբ վեր էր բարձրացել:

Տուժածն իսկույն ուղարկվեց ամենամոտ հիվանդանոցը, որտեղ հայտնեցին, որ, չնայած շնչահեղձությանը, նա դեռ կենդանի է: Մի քանի ժամից նա ուշքի եկավ, ճանաչեց իր ծանոթներին և կցկտուր նախադասություններով սկսեց խոսել գերեզմանում կրած իր տանջանքների մասին:

Նրա պատմածից պարզ դարձավ, որ հողին հանձնվելով՝ նա նախքան անզգայանալը ավելի քան մեկ ժամ գտնվել էր գիտակից վիճակում: Գերեզմանն անփութորեն լցվել էր առավելապես փխրուն ու ծակոտկեն հողով՝ այսպիսով որոշ քանակության օդ ներս թողնելով: Գլխավերևում մարդկանց ոտնաձայներ լսելով՝ թաղվածն իր հերթին փորձել էր իրեն լսելի դարձնել: Ըստ նրա՝ գերեզմանատանը ծագած ժխորն էր, կարծես, որ արթնացրել էր նրան լեթարգիկ քնից. սակայն զարթնել էր ոչ շուտ, քան սեփական անելանելի դրությունը լիովին գիտակցելուց հետո:

Այս հիվանդի գործերը, ինչպես հաղորդվում է, լավ էին ընթանում, և նա իր վերջնական ապաքինմանը հասնելու ճանապարհին էր, երբ շառլատանների մեղքով զոհ գնաց անհաջող բժշկական փորձարկումների: Գալվանական մարտկոց կիրառվեց, և նա հանկարծ շունչը փչեց այն ուժգին նոպաներից մեկի ընթացքում, որ երբեմն առաջ է բերում էլեկտրական հոսանքը:

Այնուամենայնիվ, գալվանական մարտկոց ասելիս տեղին է հիշատակել մի հայտնի և շատ արտասովոր դեպք, երբ դրա կիրառման միջոցով հաջողվեց վերակենդանացնել մի երիտասարդ լոնդոնցի փաստաբանի, ով երկու օր թաղված էր մնացել: Պատահելով 1831 թվականին՝ այս դեպքը ժամանակին բուռն սենսացիա էր առաջացրել ամենուրեք, որտեղ դրա մասին խոսք էր բացվել:

Հիվանդը՝ պարոն Էդվարդ Սթեյփլթոնը, հավանաբար մահացել էր բծատիֆի տենդից, որն ուղեկցող անսովոր ախտանիշները հարուցել էին նրան սպասարկող բժիշկների հետաքրքրասիրությունը: Մեռածի կարծեցյալ հիվանդությունը փաստելու նպատակով նրա ընկերներից դիհահերձման թույլտվություն խնդրեցին, որը, սակայն, մերժվեց8: Եվ ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, բժիշկները որոշեցին գերեզմանից թաքուն հանել դիակը և առանց արգելքի հերձել այն: Դժվար չէր պայմանավորվել Լոնդոնում վխտացող դիակապուտների բազում խմբերից մի քանիսի հետ, և հուղարկավորությունից հետո երրորդ գիշերը ենթադրյալ դիակը փորվեց-հանվեց ութ ոտնաչափ9 խորություն ունեցող գերեզմանից ու տեղափոխվեց մասնավոր հիվանդանոցներից մեկի վիրահատարանը:

Երբ որովայնի վրա արդեն մի որոշակի մեծության կտրվածք էր բացվել, մարմնի թարմ և չնեխած տեսքը բժիշկների մոտ մարտկոցի կիրառության միտք հղացրեց: Մեկը մյուսին հաջորդած փորձերը առանձնապես որևէ հաջողություն չբերեցին՝ բացառությամբ մեկ կամ երկու դեպքի, երբ ջղաձգային ցնցումները սովորականից ավելի շատ էին կենդանի օրգանիզմի շարժումներ հիշեցնում:

Երբ արդեն ուշ գիշեր էր, և օրն ուր որ է պետք է լուսանար, ի վերջո, որոշվեց անցնել հերձման: Սակայն մի ուսանող, որն անպայման ուզում էր ստուգել իր սեփական տեսությունը, համառորեն պնդեց կիրառել մարտկոցը կրծքամկաններից մեկի հատվածում: Կոպիտ պատռվածք բացեցին և մետաղալարը փութով սեղմեցին մահացածի կրծքին: Հանկարծ նա կտրուկ, բայց ջղաձգությունից զուրկ շարժումով սեղանից սահեց հատակին և մի քանի վայրկյան շփոթված նայելով ուսանողին՝ սկսեց խոսել: Նրա բառերն անկարելի էր հասկանալ. բայց բառեր արտասանվել էին, և դրանց վանկատումը հստակ էր: Ավարտելով խոսքը՝ նա ծանրորեն փռվեց հատակին:

Մի որոշ ժամանակ բոլորը վախից կաթվածահար էին եղել: Սակայն պետք էր արագ գործել, և բժիշկները շուտով վերականգնեցին իրենց ինքնատիրապետումը: Պարզվեց, որ չնայած խորն ուշաթափությանը՝ պարոն Սթեյփլթոնը ողջ է: Նա ուշքի եկավ եթերի օգնությամբ, մի որոշ ժամանակ անց լիովին ապաքինվեց և վերադարձավ իր ընկերների մոտ, որոնցից, սակայն, եղելությունը թաքցնում էին այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցել նոպայի կրկնության վտանգը: Կարելի է պատկերացնել նրանց զարմանքն ու խանդավառ հիացմունքը:

Սակայն այս ամբողջ պատմության մեջ ամենացնցողը պարոն Սթեյփլթոնի վկայությունն է առ այն, որ նա ոչ մի վայրկյան ամբողջովին զգայազուրկ չի եղել, և աղոտ ու մշուշոտ կերպով գիտակցել է այն ամենը, ինչ կատարվել է իր հետ՝ սկսած իր բժիշկների կողմից մեռած հայտարարվելու պահից մինչև ուշաթափվելով հիվանդանոցի հատակին ընկնելու պահը: «Ես կենդանի եմ». սրանք էին այն չընկալված բառերը, որոնք նա, ճանաչելով հերձարանը, ամեն գնով ջանացել էր արտաբերել:

Ինձ համար դժվար չէր լինի բազմապատկել նմանատիպ պատմությունների թիվը, սակայն ես դա ավելորդ եմ համարում, քանզի առանց այդ էլ ակնհայտ է, որ ողջ-ողջ թաղվելու դեպքեր իսկապես պատահում են: Եվ եթե մենք խորհենք, թե ելնելով դրանց բնույթից՝ որքան հազվադեպ է մեզ հաջողվում բացահայտել նման դեպքերը, ապա պետք է ընդունենք, որ հաճախ դրանք կարող են պատահել առանց մեր իմացության: Իրականում, հազիվ թե երբևէ գերեզմանոցն ինչ-ինչ նպատակներով այն աստիճան կրկտանքի ենթարկվի, որ այնտեղ հայտնաբերված ծռմռված դիրքով կմախքները հարուցեն կասկածներից ամենազարհուրելին:

Սակայն որքան էլ զարհուրելի լինի կասկածը, ամենադժբախտներին բաժին ընկած ճակատագիրն անհամեմատ ավելի զարհուրելի է: Վստահաբար կարելի է պնդել, որ ոչ մի այլ ճակատագիր չի կարող նախանշել մարմնական ու հոգեկան այն սաստկագույն տառապանքները, որ կրում է ողջ-ողջ թացվածը: Թոքերի անտանելի կաշկանդվածությունը, խոնավ հողի հեղձուցիչ գոլորշին, սառը պատանքի հետ գրկախառնությունը, վերջին կացարանի ճնշող անձկությունը, Գիշերվա անթափանց խավարը, լռությունը, կարծես հայտնվել ես ծովանդունդում, Հաղթական որդի10 անտեսանելի, բայց շոշափելի ներկայությունը և այս ամենի հետ մեկտեղ գլխավերևում օդի և կանաչ խոտի մասին մտածմունքները, սիրելի ընկերների մասին հիշողությունները, որոնք կնետվեին փրկելու քեզ, եթե միայն իմանային քո ճակատագրի մասին, և համոզմունքը, որ նրանք երբեք չեն կարող իմանալ դրա մասին, որ դու հավերժ դատապարտված ես հանգչելու իրական մեռելների շրջապատում. այս տվայտանքները, հավատացե՛ք, տակավին բաբախող սիրտը տոգորում են այն աստիճանի անտանելի ահ ու սարսափով, որից պետք է խուսափի նույնիսկ ամենահանդուգն երևակայությունը: Աշխարհիս երեսին չկա այդչափ տաժանելի երևույթ. դժոխքի ամենամութ խորշերում անհնար է թեկուզ կիսով չափ զարհուրելի նման մի բան երևակայել: Եվ հետևաբար, այս թեմային վերաբերող բոլոր պատումներն էլ հսկայական հետաքրքրություն ունեն, հետաքրքրություն, որը, սակայն, ելնելով թեմայի հանդեպ սրբազան ակնածանքից, արդարացվում է միայն ու միայն կատարվածի իսկության նկատմամբ ուենցած մեր հավատով: Այն, ինչ հիմա կպատմեմ, վերցված է իմ անձնական փորձից. այդ ամենը վերապրել և զգացել եմ մաշկիս վրա:

Մի քանի տարի շարունակ ես տառապում էի մի խորհրդավոր հիվանդության նոպաներով, որը բժիշկներն ավելի դիպուկ բնորոշման բացակայության պատճառով պայմանականորեն կոչում են «կատալեպսիա»11: Չնայած մեզ համար դեռևս գաղտնիք են այս հիվանդության թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի պատճառները, և թե՛ նույնիսկ ճշգրիտ ախտորոշման մեթոդները՝ դրա արտաքին ախտանշանները բավականին լավ են ուսումնասիրված: Այս հիվանդության դրսևորումները, ըստ երևույթին, միմյանցից տարբերվում են միայն շեղումների աստիճանով: Երբեմն հիվանդը ընդամենը մի օրով կամ նույնիսկ ավելի կարճ ժամանակով ընկնում է մի տեսակ խորը լեթարգիայի մեջ: Նա անզգայանում և արտաքուստ անշարժանում է, բայց սիրտը շարունակում է թույլ բաբախել, մարմինը պահպանում է հազիվ զգացվող ջերմություն, այտի կենտրոնական մասում դեռ նկատվում են կարմրության հետքեր, իսկ շուրթերի մոտ հայելի պահելով՝ կարելի է նկատել թոքերի թույլ, անհավասար և կցկտուր աշխատանքը: Երբեմն էլ փայտացումը տևում է շաբաթներ, նույնիսկ ամիսներ, և անգամ ամենաուշադիր քննությունն ու ամենամանրազնին բժշկական ստուգումները չեն կարողանում որևէ առարկայական տարբերություն գտնել տառապյալի դրության և այն բանի միջև, ինչը մենք բացարձակ մահ ենք համարում: Շատ հաճախ հիվանդին ողջ-ողջ թաղվելուց փրկում են ընկերները, որոնք պարզապես իմանում են հիվանդի՝ նախկինում փայտացման նոպաներ ունենալու մասին, և բնականաբար կռահում են, որ ինչ-որ բան այն չէ, հատկապես եթե բացակայում են քայքայման նշանները: Տկարացումը, բարեբախատաբար, աստիճանական է: Դրա առաջին ախտանշանները, թեև ծածուկ, բայց աներկբա են: Ամեն անգամ նոպաներն ավելի ու ավելի ուժգին և երկարատև են դառնում, և հենց սա էլ հանդիսանում է հուղարկավորությունից փրկվելու գլխավոր երաշխիքը: Այն դժբախտը, որի առաջին նոպան առավել ուժգին կլինի, մի բան, որ հազվադեպ է պատահում, գրեթե անշրջելիորեն դատապարտված է ողջ-ողջ հանձնվելու իր շիրիմին:

Իմ անձնական դեպքը առանձնապես չէր տարբերվում նրանցից, որոնք նկարագրված են բժշկական գրականության մեջ: Երբեմն ես, առանց որևէ ակներև պատճառի, հետզհետե սուզվում էի կիսասինկոպայի12 կամ մասնակի ուշագնացության մեջ և մնում էի այս վիճակում՝ ցավ չզգալով, կորցնելով շարժվելու, իսկ իրականում նաև մտածելու կարողությունը, սակայն լեթարգիական քնի մեջ աղոտ կերպով գիտակցելով, որ կենդանի եմ և շրջապատված եմ մարդկանցով, մինչև հիվանդության ճգնաժամի անսպասելի գալստյան հետ վերականգնվում էր կատարյալ աշխուժությունս: Երբմեն էլ տկարությունս վրա էր հասնում բուռն և սրընթաց կերպով: Ես նվաղում էի, թմրում, սրթսրթում և գլխապտույտ զգալով՝ անմիջապես տապալվում գետին: Այնուհետև, շաբաթներով շուրջս լցվում էր դատարկությամբ, խավարով ու լռությամբ, և ողջ տիեզերքը վերածվում էր Ոչնչության: Լիակատար անէացման ծայրակետն էր սա: Սակայն որքան արագ էին վրա հասնում այս վերջին նոպաները, այնքան ավելի դանդաղ էր վերականգնվում ինքնագիտակցությունս: Ճիշտ այնպես, ինչպես ձմռան երկար ու խուլ գիշերն է լուսանում փողոցներում թափառող անընկեր և անօթևան մուրացիկի համար, ճիշտ նույն ուշացումով, նույն դժվարությամբ ու նույն զվարթությամբ էլ Հոգու լույսն էր վերադառնում ինձ մոտ:

Մի կողմ դրած փայտացման մեջ ընկնելու իմ հակվածությունը՝ թվում էր՝ առողջությանս ընդհանուր վիճակը լավ է, և ես բնավ չէի էլ զգա, որ տառապում եմ որևէ լուրջ տկարությամբ, եթե հաշվի չառնենք, անշուշտ, իմ ամենօրյա քնին ուղեկցող խանգարումը: Քնից արթնանալով՝ ես չէի կարողանում անմիջապես գիտակցության գալ և միշտ րոպեներ շարունակ մնում էի խիստ շփոթված ու շշմած վիճակում. այս պահերին մտավոր ունակություններս, հատկապես հիշողությունս, հրաժարվում էին ինձ ծառայելուց:

Ֆիզիկական ցավեր բոլորովին չունեի, սակայն տառապում էի անվերջանալի հոգեկան տառապանքներից: Մահն էր բույն դրել երևակայությանս մեջ: Ես անդադար խոսում էի «որդերի, շիրիմների և դամբանագրերի» մասին: Ես կորել էի մահագուշակ ցնորքների մեջ, և ողջ-ողջ թաղման միտքն ամբողջովին համակել էր ինձ: Ահասարսուռ Վտանգը, գլխավերևումս կախված, օրուգիշեր հետապնդում էր ինձ: Ցերեկներն անտանելի էր մտածել դրա մասին, իսկ գիշերները այն վերածվում էր իսկական մղձավանջի: Երբ չարագուշակ Խավարը պարուրում էր Երկիրը, միայն այդ մտքից ես սկսում էի դողալ. այնպես էի ցնցվում, ինչպես դիակառքը զարդարող թրթռուն փետուրները: Երբ Բնությունն այլևս չէր հանդուրժում անքնությունը, ես մեծ ճիգով էի ինձ համոզում, որ քնեմ, քանզի սարսռում էի այն մտքից, որ արթնանալով՝ կարող եմ ինքս ինձ գտնել գերեզմանափոսի մեջ: Եվ երբ վերջապես ընկղմվում էի քնի մեջ, ես, միևնույն է, անմիջապես սլանում էի ուրվականների աշխարհ, որի վրա սփռելով իր լայնատարած, սևաթույր ու հրեշավոր թևը՝ ճախրում էր այդ նույն մահվան Գաղափարը:

Երազներում ինձ հետապնդող բազում մղձավանջներից ես կհիշատակեի մի արտասովոր տեսիլք: Ինձ երազ եկավ, թե իբր սուզվել եմ սովորականից ավելի տևական ու խորը լեթարգիկ քնի մեջ: Հանկարծ մի սառցե ձեռք իջավ ճակատիս, և ինչ-որ հուզումնալից ու դողդոջուն ձայն շշնջաց ականջիս՝ արթնացի՛ր:

Ես նստեցի: Շուրջս անթափանց խավար էր: Ես չէի տեսնում ինձ արթնացնողի կերպարանքը: Ես չէի հիշում ո՛չ փայտացման մեջ ընկնելու ժամանակը, ո՛չ էլ այն վայրը, որտեղ այն պատահել էր: Մինչ ես անշարժացել ու փորձում էի ժողովել մտքերս, սառը ձեռքը կոպտորեն բռնեց իմ դաստակից և սկսեց ջղաձգորեն թափահարել այն: Այդ ընթացքում կցկտուր ձայնը կրկնեց.

—Արթնացի՛ր: Մի՞թե ես քեզ չհրամայեցի արթնանալ:

—Իսկ ո՞վ ես դու,—հարցրի ես:

—Ես անուն չունեմ այն վայրերում, որտեղ բնակվում եմ,—պատասխանեց ձայնը տրտմորեն: Ժամանակին ես մահկանացու էի, բայց այժմ չար ոգի եմ: Ժամանակին ես անգութ էի, բայց այժմ ողորմելի եմ: Զգում ե՞ս՝ ես դողում եմ: Խոսելիս ատամներս չխկչխկում են, բայց դա գիշերվա ցրտից չէ, գիշեր, որը կհարատևի դարեդար: Քանզի սարսափն այս անտանելի է: Ինչպե՞ս ես կարողանում խաղաղ քնել: Հոգեվարքային այս սոսկալի տրտունջներն ինձ հանգիստ չեն տալիս: Իմ ուժերից վեր է հանդուրժել այս տեսարանը: Արթնացի՛ր: Մտի՛ր ինձ հետ Գիշերվա անհունը, և ես կբացեմ քո առաջ շիրիմները: Մի՞թե ողորմելի տեսարանը չէ սա: Նայի՛ր:

Ես նայեցի, և անտեսանելի ուրվականի կամքով, որ դեռ պինդ բռնել էր իմ դաստակից, կրնկի վրա բացվեցին մարդկության բոլոր շիրիմները, որոնցից ամեն մեկը նեխումի աղոտ ֆոսֆորափայլ էր արձակում այնպես, որ հայացքս թափանցում էր ամենաթաքուն անկյունները և տարբերում դիակները, որոնք, փաթաթված իրենց պատանքների մեջ, տխուր ու հանդիսավոր կերպով ննջում էին գերեզմանային որդերի հետ: Սակայն, ավա՜ղ, իրական ննջեցյալները միլիոնավոր անգամ ավելի քիչ էին նրանցից, ովքեր այդպես էլ հանգիստ չէին առել: Նկատվում էին անզոր մաքառումներ, ամեն կողմից լսվում էին խուլ տրտունջներ, մելամաղձոտ խշխշոց էր ելնում անհամար դիափոսերի խորքում թաղվածների շորերից: Ես տեսա, որ նրանցից շատ շատերը, ովքեր, թվում է, անխռով հանգչում էին, այս կամ այն չափով փոխել էին այն քարացած ու անհարմար դիրքը, որով նրանք սկզբնապես ամփոփվել էին: Մինչ ակնապիշ նայում էի, ձայնը նորից շշնջաց.

—Մի՞թե, ա՜խ, մի՞թե ողորմելի տեսարան չէ սա:

Բայց նախքան ես որևէ բառ կարտասանեի, ուրվականը բաց թողեց դաստակս, ֆոսֆորափայլերը մարեցին, և գերեզմանները դղրդյունով փակվեցին, իսկ դրանց միջից բարձրացավ հուսահատ ճիչերի մի վայնասուն՝ կրկնելով.

—Մի՞թե, աստվա՜ծ իմ, մի՞թե իսկապես ողորմելի տեսարան չէ սա:

Գիշերային այս սոսկալի մղձավանջներն սկսեցին ինձ կեղեքել նաև արթուն ժամերին: Նյարդերս սաստիկ լարվեցին, և ես անձնատուր եղա հավերժական սարսափին: Ես խուսափում էի թե՛ ձիավարության, թե՛ զբոսանքի գնալուց և հրաժարվում էի որևէ առիթով դուրս գալ տնից: Իրականում, ես չէի հանդգնում կարճ ժամանակով բաժանվել այն մարդկանցից, ովքեր գիտեին իմ՝ կատալեպսիայով տառապելու մասին՝ վախենալով, որ հերթական նոպաներից մեկի ընթացքում ինձ կհանձնեն շիրիմին առանց իրական հանգամանքները պարզելու: Ես կասկածի տակ էի դնում իմ ամենամոտ ընկերների հոգատարությունն ու հավատարմությունը: Ես սարսռում էի այն մտքից, որ սովորականից ավելի երկարատև նոպայի ժամանակ նրանց կարող են համոզել, որ ինձ կյանքի վերադարձնել այլևս հնարավոր չէ: Ավելին, ես վախենում էի, որ մեծ պատուհաս եմ դարձել ընկերներիս գլխին, և նրանք միայն ուրախ կլինեն առաջին իսկ տևական նոպայի ժամանակ մեկընդմիշտ ազատվելու ինձնից: Եվ իզուր էին նրանց՝ ամենահանդիսավոր խոստումներով ինձ հանգստացնելու փորձերը: Ես նրանցից կորզում էի ամենասուրբ երդումներն առ այն, որ ինձ կթաղեն միմիայն այն դեպքում, երբ քայքայման ակներև նշանները հապաղումն անիմաստ կդարձնեն: Եվ միևնույն է՝ մահաշունչ սարսափով համակված՝ ես ականջալուր չէի բանականության ձայնին և սփոփանքի խոսքերին: Ես բազում հնարամիտ նախազգուշական միջոցներ էր ձեռք առել: Ի թիվս այլ բաների՝ ես այնպես էի վերափոխել տոհմական դամբարանը, որպեսզի հնարավոր լիներ այն հեշտությամբ բացել ներսից: Մինչև գերեզմանի խորքը հասնող երկար լծակի վրա բանեցրած ամենաաննշան ճնշումից երկաթյա դարպասներն իսկույն բացվում էին: Փորվել էին նաև անցքեր՝ օդի և լույսի ազատ ներթափանցման համար, և պատրաստվել հարմարավետ պահեստարաններ՝ սննդի ու ջրի համար, որոնք գտնվում էին ինձ սպասող դագաղից պարզած ձեռքի հեռավորության վրա: Ինքը դագաղը ներսից պատված էր տաք և փափուկ միջադիրով, իսկ կափարիչն ուներ այն նույն հարմարանքը, ինչ որ դամբարանի դուռը՝ զսպանակներով, որոնք մարմնի ամենաթույլ շարժման դեպքում հետ էին շպրտում կափարիչը: Բացի այդ, գերեզմանի տանիքից մի մեծ զանգ էր կախված, որի պարանը, ինչպես նախատեսված էր, պետք է անցքի միջով իջներ դագաղը, և կապվեր ձեռքերիցս մեկին: Բայց, ավա՜ղ, ի՞նչ կարող է անել զգոնությունն ընդդեմ մարդկային Ճակատագրի: Նույնիսկ այս հնարամիտ անվտանգության միջոցները բավական չէին՝ փրկելու թշվառին, որ դատապարտված էր կրելու ողջ-ողջ թաղվելու դժոխային տառապանքները:

Եկավ մի շրջան, երբ ես, ինչպես նախկինում հաճախ էր պատահել, ինքս ինձ գտա լիակատար անզգայությունից դուրս գալու և գոյության սկզբնական, դեռևս թույլ ու աղոտ գիտակցությանը վերադառնալու վիճակում: Տարտամորեն՝ կրիայի քայլերով հոգուս մեջ տարածվում էր մոխրագույն ու մշուշոտ արշալույսը: Աղոտ անհանգստություն, անհաղորդություն բութ ցավին, անտարբերություն… հուսահատություն… և ուժերի անկում: Այնուհետև երկար ընդմիջումից հետո՝ զրնգոց ականջներում, այնուհետև՝ էլ ավելի երկար դադարից հետո՝ ծակծկոցի կամ կսմթոցի զգացողություն վերջույթներում, ապա՝ երանելի անդորրության՝ հավերժական թվացող մի ժամանակամիջոց, երբ զարթնող գիտակցությունդ վերածնում է միտքը, հետո նորից մի կարճ խորասուզում չգոյության մեջ, իսկ հետո՝ հանկարծակի վերադարձ գիտակցությանը: Վերջապես, կոպերի ծույլ թրթռոց, և հենց նույն վայրկյանին՝ (ինչպես էլեկտրական հարվածը) սարսափ՝ մահագույժ և անբացատրելի, և քունքերից արյունը հորդում է դեպի սիրտը: Իսկ հիմա՝ մտածելու առաջին գիտակից փորձը, սթափվելու առաջին ջանքը, որը հազիվ է հաջողվում: Իսկ հիմա՝ հիշողությունս այնպես է վերականգնվել, որ որոշ չափով սկսում եմ գիտակցել սեփական դրությունս: Ես գիտակցում եմ, որ սովորական քնից չեմ արթնանում: Մտաբերում եմ, որ գտնվել եմ կատալեպսիայի ազդեցության տակ: Եվ այժմ, վերջապես, սարսռաբեր հոգիս օվկիանոսային հորձանքի պես հեղեղվում է այդ միակ չարագուշակ Վտանգով՝ միակ տեսիլային և ամենակուլ Գաղափարով:

Այս տեսիլքով տարված՝ ես մի որոշ ժամանակ անշարժ պառկել էի: Իսկ ինչո՞ւ: Պարզապես համարձակությունս չէր հերիքում շարժվել: Ես չէի հանդգնում գործադրել այն ջանքը, որը պետք է բացահայտեր սեփական ճակատագիրս և, այդուհանդերձ, ներքին ձայնս շշնջում էր, որ այն վճռված է: Հուսահատության՝ անկարությունից երբևէ ծնված այդ սաստիկ զգացումն էր միայն, որ հորդորեց ինձ երկարատև անվճռականությունից հետո բարձրացնել աչքերիս ծանր կոպերը: Եվ ես բարձրացրի դրանք: Խավար էր, անթափանց խավար: Ես գիտեի, որ նոպան ավարտվել էր: Ես գիտեի, որ հիվանդությանս ճգնաժամը վաղուց արդեն անցել էր: Գիտեի, որ արդեն լիովին վերականգնվել էին տեսողական ունակություններս և, այդուհանդերձ, խավար էր, անթափանց խավար՝ Գիշերային տիրական և լիակատար մթություն, որ տևում է դարեդար:

Ես ջանացի ճչալ, և շրթունքներս ու ցամաքած լեզուս միասին ջղաձգային մի փորձ կատարեցին: Սակայն ոչ մի հնչյուն դուրս չելավ անզոր թոքերիցս, որոնք ուժասպառ էին եղել, կարծես նրանց վրա մի ամբողջ սար էր ծանրացել, և հևում ու թպրտում էին սրտիս հետ մեկտեղված՝ ներշնչելու ամեն մի լարված և տանջալից փորձ կատարելիս:

Երբ փորձեցի ճչալ, պարզվեց, որ ծնոտներս կապված են, ինչպես հանգուցյալինը: Ես նաև զգացի, որ պառկած եմ ինչ-որ պինդ նյութի վրա, և նման մի բանով էլ կիպ սեղմված եմ չորս կողմից: Մինչ այդ ես սիրտ չէի անում և ոչ մի շարժում կատարել, բայց այժմ ես թափով վեր նետեցի թևերս, որոնք, ողջ երկարությամբ պարզված, խաչված էին դաստակներիս մոտ: Դրանք դիպան ինչ-որ կարծր փայտե նյութի, որ տարածվում էր գլխավերևս՝ դեմքիցս ոչ ավելի, քան վեց մատնաչափ13 բարձրության վրա: Ես այլևս կասկած չունեի, որ պառկած եմ դագաղի մեջ:

Եվ հիմա՝ իմ բոլոր անվերջանալի տառապանքների միջոցին, քաղցրաբար այցելեց քերովբեական Հույսը. ես հիշեցի իմ նախազգուշական միջոցների մասին: Ես գալարվում ու հուսահատ ճիգեր էի գործադրում, որպեսզի բացեմ կափարիչը, սակայն այն չէր շարժվում: Դաստակներիս օգնությամբ փորձեցի շոշափել զանգի պարանը, բայց դա ինձ չհաջողվեց: Եվ հիմա Մխիթարությունը չքվեց ընդմիշտ, և էլ ավելի դաժան Հուսահատություն տիրեց ինձ, քանզի ես համոզվեցի, որ իմ կողմից այդքան խնամքով նախապատրաստված միջադիրը չկա: Եվ հենց այդ պահին հանկարծ քթանցքերիս հասավ խոնավ հողին բնորոշ ուժեղ հոտը: Հետևությունն անժխտելի էր. ես դամբարանի ներսում չէի: Ես նոպայի մեջ էի ընկել տնից հեռու՝ անծանոթների շրջապատում, բայց երբ կամ ինչպես՝ չէի կարողանում հիշել, և նրանք թաղել էին ինձ որպես մի շան՝ փակելով մի հասարակ դագաղում և առհավետ խորը խցկելով մի ինչ-որ շարքային, անհայտ գերեզմանի մեջ:

Երբ այս քստմնելի համոզմունքը ներխուժեց հոգիս, ես բղավելու ևս մեկ փորձ կատարեցի: Եվ իմ այս երկրորդ փորձը հաջողությամբ պսակվեց: Հոգեվարքային երկարատև, վայրի և անդադար մի ճիչ էր դա, որ լցրեց ստորգետնյա Խավարի տիրույթները:

—Հե՜յ, հե՜յ,—ի պատասխան լսվեց մի խռպոտ ձայն:

—Սատանան տանի, ի՞նչ է պատահել,—ասաց երկրորդը:

—Դու՛րս արի այդտեղից,—ասաց երրորդը:

—Ի՞նչ ես ոռնում վայրի կատվի պես,—ասաց չորրորդը:

Եվ այստեղ մի խումբ ավազակային տեսք ուենցող մարդիկ բռնեցին ինձ ու սկսեցին մի քանի րոպե առանց ձևականությունների թափահարել: Նրանք ինձ չարթնացրին, քանզի ես լրիվ արթուն էի, երբ ճչացի: Սակայն թափահարումից հետո հիշողությունս լիովին վերականգնվեց:

Այս արկածը պատահեց Ռիչմոնդի մերձակայքում՝ Վիրջինիայում: Ընկերոջս հետ միասին ուղևորվել էի որսորդական արշավի՝ մի քանի մղոն14 Ջեյմս գետի հոսանքն ի վար իջնելով: Գիշերը վրա հասնելուն պես հանկարծակի փոթորիկ բռնկվեց: Գետում խարսխված փոքրիկ միակայմ նավի խցիկը, որ բեռնված էր բուսահողով, մեզ հասանելի միակ ապաստանն էր: Հնարավորինս հարմար տեղավորվելով՝ մենք գիշերն անցկացրինք տախտակամածին: Ես քնեցի նավակի ընդամենը երկու կախովի մահճակալներից մեկում: 60 կամ 70 տոննա բեռնատարողությամբ միակայմ նավի կախովի մահճակալները հազիվ թե նկարագրության կարիք ունենան: Այն, որը ես զաբեղեցրել էի, ոչ մի տիպի անկողնային պարագա չուներ: Դա ամենաշատը 18 մատնաչափ լայնություն ուներ: Ճիշտ նույնն էր նաև մահճակալից մինչև առաստաղ ընկած հեռավորությունը: Ես մեծ դժվարությամբ խցկվեցի այդ նեղլիկ արանքը: Այդուհանդերձ, ես պինդ քնեցի, և իմ ողջ վերապրածը, իսկ այն մղձավանջային երազ չէր, հեշտ է բացատրել անկողնիս պատճառած անհարմարությամբ, ինձ բնորոշ մտասևեռումներով և իմ կողմից հիշատակված խանգարումով՝ կապված զարթնելուց հետո երկար ժամանակ գիտակցության չգալու, հատկապես հիշողությունս վերականգնել չկարողանալու հետ: Ինձ թափահարողները նավաստիներ և մի քանի վարձու բանվորներ էին, որոնք ներգրավված էին բեռնաթափման աշխատանքներում: Հենց բեռից էլ գալիս էր հողի հոտը: Ծնոտներս կաշկանդող ժապավենը մի մետաքսե թաշկինակ էր, որով ես կապել էի գլուխս իմ ամենօրյա գիշերաթասակի փոխարեն:

Այդուհանդերձ, այդ գիշեր ես այնպիսի տառապանքները կրեցի, կարծես իրականում ողջ-ողջ թաղման զոհ էի դարձել: Դա պարզապես սոսկալի, աներևակայելի փորձություն էր: Սակայն չկա չարիք առանց բարիքի, և այդ ուժգին ցնցումն անխուսափելիորեն փոխեց իմ ներաշխարհը: Հոգիս տոգորվեց ներդաշնակությամբ և ավյունով: Ես մեկնեցի արտասահման, սկսեցի ակտիվորեն զբաղվել մարմնամարզությամբ, լիաթոք շնչել Երկնքի ազատ օդը և մտածել այլ բաների, քան Մահվան մասին: Ես դեն շպրտեցի իմ բժշկական գրքերը: Այրեցի Բաքընը15, մի կողմ դրեցի «Գիշերային մտորումները»16՝ գերեզմանատների մասին չափազանցությունները, սրա նման սարսափելի հորինվածքները: Կարճ ասած՝ ես կարծես վերստին ծնվեցի և սկսեցի ապրել նոր կյանքով: Այդ անմոռանալի գիշերվանից սկսած՝ ես մեկընդմիշտ ազատվեցի իմ մահագուշակ սարսափներից և դրա հետ մեկտեղ՝ փայտացման նոպաներից, որոնք ավելի շուտ դրանց հետևանքն էին, քան պատճառը:

Լինում են պահեր, երբ նույնիսկ Բանականության սթափ հայացքին Մարդկության թշվառ աշխարհը որպես Դժոխք է ներկայանում, սակայն մեր երևակայությունը գիշերաթիթեռ չէ, որ անպատիժ կերպով խուզարկի նրա ամեն մի խոռոչը: Ավա՜ղ, գերեզմանային սարսափների մռայլ լեգեոնը չի կարելի ընդամենը դատարկ հորինվածք համարել: Բայց ինչպես դևերը, որոնցով շրջապատված Աֆրասիաբը17 նավարկեց Օքսուս18 գետն ի վար, դրանք պետք է քնեն, այլապես դրանք կխժռեն մեզ: Իսկ մենք չպետք է խանգարենք նրանց քունը, այլապես կդատապարտվենք մահվան:

Ծանոթագրություններ

  1. Բերեզինան ներկայիս Բելառուսի գետերից է: 1812թ. նոյեմբերին Նապոլեոն Բոնապարտի բանակը Ռուսաստանից նահանջելու ժամանակ էական կորուստներ կրեց այս գետն անցնելիս: Այդ ժամանակից ի վեր ֆրանսիացիները «Բերեզինա» բառն օգտագործում են որպես աղետի հոմանիշ:
  2. Լիսաբոնի երկրաշարժը տեղի է ունեցել 1755թ. նոյեմբերի 1-ին՝ առավոտյան ժամը 9:20-ին: Այն համարվում է պատմության մեջ ամենաավերիչ և մահաբեր երկրաշարժերից մեկը՝ դառնալով 60.000-100.000 մարդու մահվան պատճառ: Ցնցումներին հետևել են ցունամին և հրդեհները, որոնք գրեթե հիմնահատակ կործանել են քաղաքը:
  3. Լոնդոնի Մեծ ժանտախտը այտուցային ժանտախտի վերջին խոշոր համաճարակն էր, որ բռնկվեց Անգլիայի թագավորությունում 1665-1666թթ.: Դրան զոհ գնաց շուրջ 100.000 մարդ կամ Լոնդոնի բնակչության գրեթե 25 տոկոսը:
  4. Սուրբ Բարդուղիմեոսի հիշատակի օրվա սպանդը ընդդեմ ֆրանսիացի բողոքականների՝ հուգենոտների, կաթոլիկ ամբոխի իրականացրած բռնությունների ալիք էր, որը ծայր առավ 1572թ. օգոստոսի 23-ի գիշերը՝ լույս 24-ի առավոտյան Եկատերինա Մեդիչիի հրահրմամբ: Կոտորածների ալիքը տարածվեց ողջ Փարիզով մեկ, իսկ հետո՝ նաև այլ քաղաքներում, որի ընթացքում զոհվեց շուրջ 30.000 մարդ:
  5. Կալկաթայի Սև հորը մի փոքրիկ զնդան էր, որտեղ 1756թ. հնդկական զորքերը պահում էին բրիտանացի ռազմագերիներին: Համաձայն մի վիճելի վկայության՝ 146 բանտարկյալներից 123-ը մահացել են ջերմային հարվածից և շնչահեղձությունից:
  6. Հատված Հին կտակարանից (Ժողովող 12, 6):
  7. Որպես բուժման մեթոդ՝ արյունառությունը լայնորեն կիրառվում էր բժշկության մեջ ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզբները:
  8. 19-րդ դարում քրիստոնեական Եվրոպայում դիահերձումը թեև թույլատրվում էր, բայց առանձնապես ընդունված երևույթ չէր:
  9. Երկարության չափման միավոր (1 ոտնաչափը հավասար է մոտ 30.5 սմ):
  10. «Հաղթական որդը» Էդգար Ալան Պոյի հեղինակած պոեմներից է, որը վերաբերում է մահվան անխուսափելիությանը:
  11.  Հայերեն՝ փայտացում:
  12. Հայերեն՝ ուշաթափություն:
  13. Երկարության չափման միավոր (1 մատնաչափը հավասար է 2.54 սմ):
  14. Երկարության չափման միավոր (1 մղոնը հավասար է 1.6 կմ):
  15. Վիլիամ Բաքընը շոտլանդացի բժիշկ է՝ «Տնային բժշկություն» աշխատության հեղինակը:
  16. «Գիշերային մտորումները» անգլիացի պոետ Էդվարդ Յանգի հեղինակած պոեմն է:
  17. Աֆրասիաբը հերոս է Ֆիրդուսու մեծ պարսկալեզու դյուցազներգությունից՝ «Շահնամեից» («Արքաների գիրք»), որը գրվել է մ.թ. մոտ 1000թ.-ին: Այն ականավոր ստեղծագործություն է, ավելի քան յոթ անգամ երկար Հոմերոսի «Իլիականից». կազմված է 62 պատմությունից, 990 գլխից և 60,000 հանգավոր երկտող ոտանավորներից:
  18. Ներկայիս Ամուդարիա գետն է:

Թարգմանությունն անգլերենից՝ Մհեր Խաչատրյանի

© Մհեր Խաչատրյան 2018

Այս պատմվածքի ցանկացած ձևով և եղանակով վերարտադրությունն ու տարածումը թույլատրվում է միայն դրա ամբողջականությունը չխախտելու և այն չվաճառելու պայմանով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *