Վահագն Դավթյան | Ոսկյա հատման օրենքով

Թող զարմանալի չթվա, եթե պոեզիայի մեջ ավանդականի ու նորարարականի փոխհարաբերության մասին խոսքս սկսեմ ամերիկյան իմ մի ուղևորությունից բերած հուշով։ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկի պատին աչքովս ընկավ խոշոր տառերով գրված ու շքեղ շրջանակի մեջ դրված մի բանաստեղծություն… Զարմացա՝ ամերիկյան ռեստորան ու բանաստեղծությո՞ւն… Ուղեկիցներս բացատրեցին, որ գիշերները ռեստորանում ստրիպտիզ է անում մի բանաստեղծոհի, և սա նրա, այսպես ասած, ռեկլամն է։ Ես խնդրեցի բառացի թարգմանել բանաստեղծությունը և առաջին իսկ տողերից զգացի, որ հեղինակը իսկական բանաստեղծ է։ Ուղեկիցներս հաստատեցին, որ, հիրավի, այդ աղջիկը պրոֆեսիոնալ բանաստեղծուհի է, տպագրված գրքեր, նույնիսկ փիլիսոփայական էսսեներ ունի, բայց քանի որ գրքերը եկամուտ չեն բերում, նաև այդ հավելյալ մասնագիտությունն է ընտրել… Ստրիպտիզը՝ ստրիպտիզ, ռեկլամը՝ ռեկլամ, բայց բանաստեղծության մեջ խոր ողբերգականություն կար։ Աղջիկը գրում էր, թե ինքը ծովի ահեղ ալիքների մեջ մերկ ու մենավոր նայադ է՝ ծովահարս, որ մրսում է, դողում, թախծալի ձայնով կանչում այն առնական նավազին, որ կարող է գալ ու փրկել իրեն։ Սակայն, նավազը չկա ու չկա…
Բանաստեղծության կողքին նաև աղջկա լուսանկարն էր. հիրավի, նայադ՝ գեղեցիկ, շիկավարս, նրբիրան…
Եվ ես հիշեցի Չարենցի «Նավզիկեն».

Նայադների նման, նայադների նման
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անկրկնելի հմայք,
Բայց թողնելով միայն ցավ ու կսկիծ…

Աղջկա բանաստեղծության և Չարենցի պոեմի մեջ համարյա նույն գաղափարն է։ Տարբերությունն այն է, որ այստեղ կանչողը, որոնողը նայադն է (սեքսուալ հեղափոխության տխուր հետևանք), բայց կարոտը, կսկիծը, չհասնելու ցավը նույնն է։ Եվ այդ ամենը՝ պարզ, հստակ, հասկանալի, կենսական ու ճշմարտացի։
Հիշեցի ամերիկյան մի այլ բանաստեղծի, Վիլյամ Սարոյանի որդուն՝ Արամ Սարոյանին, որի մի բանաստեղծությունը իբրև մոդեռնի տիպիկ օրինակ՝ «Լիտերատուրնայա գազետան» էր տպագրել և ուղեկցել երգիծական մեկնաբանություններով։ Ի՞նչ էր այդ բանաստեղծությունը. ուրեմն, նկարված էր խնձոր, մեջը իրար կողքի ու իրար տակ անվերջ նույն բառն էր դրված՝ «խնձոր», միայն կենտրոնում ավելի սև ու շեշտված տառերով գրված էր «որդ»։ Այս էր ամբողջը։ Միտքը հասկանալի էր, բայց չէ՞ր կարելի արդյոք այդ նույն միտքը պոեզիայի վսեմ ու ոգեղեն լեզվով ասել… բայց կարծում եմ այդ դեպքում արդեն պիտի նաև զգացմունք լիներ, որ շարժման մեջ դներ միտքը…
Ուրեմն՝ նույն երկիրը, նույն միջավայրը, և երկու իրարամերժ մոտեցում բանաստեղծություն կոչվող երևույթին։
Եվ միշտ, երբ մամուլում հաղորդումներ եմ կարդում այն մասին, թե արևմուտքում խիստ նվազել է հետաքրքրությունը պոեզիայի նկատմամբ, խիստ փոքրացել են բանաստեղծական գրքերի տպաքանակները, մտածում եմ՝ տեսնես ի՞նչն է իրական պատճառը, ո՞վ է մեղավոր, մի՞թե մարդը դադարել է սիրելուց, տառապելուց, հիանալուց, երազելուց…
Շատերը պատճառը որոնում են գիտատեխնիկական հեղափոխության հաղթական երթի, կինոյի, հեռուստատեսության տիրապետության մեջ։ Կարծում եմ, սակայն, որ այդ բացատրությունները սպառիչ չլինելով, միակողմանի են նաև։ Ինձ թվում է, թե այդտեղ մեղքի մի պատկառելի բաժին ունեն նաև իրենք՝ բանաստեղծները, հատկապես բանաստեղծների այն սերունդը, որ իրեն մոդեռն ու նորարար է հռչակում։ Բանն այն է, որ նրանց մեծ մասը շփոթված գիտատեխնիկական հեղափոխության հաղթական երթից, դիմեցին այլազան փորձարարությունների, այդ նույն հեղափոխության վրա ձևելու նաև պոեզիան, վերացարկելու այն, նրա մեջ կիրառելու գիտության օրենքները, մոռանալով, որ տարբեր են գիտության ու արվեստի զարգացման օրինաչափությունները, մոռանալով որ մարդկային հոգեբանությունը, զգացմունքները, կրքերը, որոնց հետ է արվեստի գործը, գիտատեխնիկական հեղափոխությունների ընթացքում հիմնական, որակական փոփոխությունների չեն ենթարկվում։
Հաստատապես չեմ կարող ասել, թե 10-րդ դարում ապրած Նարեկացու և 19-րդ դարում ապրած Ուիտմենի արանքում քանի՞ գիտատեխնիկական հեղափոխություն է տեղի ունեցել։ Հաստատապես գիտեմ, սակայն, որ շոգու գյուտ է եղել, էլեկտրականության գյուտ, որոնք իրենց ժամանակի համար նույնքան հեղափոխիչ են եղել, որքան մեր դարի գիտատեխնիկական հեղափոխության գյուտերը։ Հետևաբար Նարեկացու և Ուիտմենի միջև ոչ մի կապ պիտի չլիներ։ Բայց պարզվում է, որ կա այդ կապը, որ Ուիտմենը երբեմն Նարեկացու արձագանքն է թվում, թեև երբեք չի կարդացել Նարեկացուն։
Աստծուն եմ հագել ներսից ու դրսից…
Սա Նարեկացու տողն է.

Աստվածություն եմ ներսից ու դրսից…
Իսկ սա Ուիտմենն է։ Համարյա հազար տարի հետո Նարեկացու տողի արձագանքը մեզ է վերադառնում երկրագնդի հանդիպակաց կողմից։

Եվ նենգավորն այն, որ հենց իմ մեջ է, դավաճանի պես
գնում է ահա նրանց օգնության,
Եվ կայծակներն են մարմնիս մեջ խաղում, մոխրացնում
են այն,
ինչ համարյա թե ես ինքս եմ, որ կամ,
Եվ քարանում են ոտք ու ձեռքերս մեղսության դաժան
հարուցիչներից,
Նրանք տենչում են արյունս քամել, և սակայն սիրտս
չի ուզում նրանց իմ արյունը տալ…
Եվ հարձակվում են նրանք ինձ վրա անառակորեն, և ես ուժ
չունեմ ընդդիմանալու…

Շատերին կարող է թվալ, թե սրանք տողեր են Նարեկացու «Մատյանից», բայց, ոչ, դարձյալ Ուիտմենն է (թարգմանությունն իմն է)։
Ես կարող եմ անվերջ ու անվերջ շարունակել նման զուգահեռները, բազմաթիվ այլ օրինակներ բերել տարբեր ժամանակներում ապրած մեծությունների ստեղծագործություններից, հաստատելու այն միտքը, որ բոլոր ժամանակներն էլ իրենց ժամանակակիցների համար համարյա նույնքան բարդ ու հակասական են եղել, որքան մեր ժամանակը մեզ համար (եթե բացառենք, իհարկե, ատոմի գյուտի ենթադրելի հետևանքները, որոնք քաղաքական ու դիվանագիտական նոր մտածողություն թելադրելով, մարդկային հոգեբանությանն ու զգացմունքներին մեծ հեղաբեկումներ չեն թելադրում)։
Յուրաքանչյուր ժամանակ, այո, ունեցել է իր այնպիսի երևույթները, որոնք այսօրվա երևույթների զուգահեռներն են ու տարատեսակները։ Եթե այդպես չլիներ, ապա մենք այսօր հազիվ թե հասկանայինք անցյալի մեծերին, եթե այդպես չլիներ, ապա հազիվ թե տարբեր ժամանակաշրջաններում ապրած մեծությունները դարերի խորքերից արձագանքեին իրար։
Եվ ահա անտեսելով ժամանակների այս կապը, անտեսելով, մանավանդ, բնության մեծագույն օրենքներից մեկը՝ ժառանգականությունը, ի հայտ եկան բանաստեղծական ուղղություններ և դպրոցներ (որոնց մեջ, թերևս, ամենաանպտուղը «հակաբանաստեղծական» դպրոցն էր, որոնք սկսեցին մի դաժան եռանդով կտրատել կապերը դասական պոեզիայի հետ, քայքայել ու ավերել բանաստեղծություն կոչված ոգեղեն հրաշքը։ Նախ, որ չարիքի փոքրագույնն էր, նրանք բանաստեղծությունից վտարեցին հանգը, ապա երաժշտությունը, ռիթմը, ի վերջո հերթը հասավ մտքին ու զգացմունքին։ Զգացմունքը համարվեց վատ ճաշակի նշան, իսկ միտքը, հստակ, հասկանալի միտքը՝ ժամանակավրեպ։ Ոչ, ասացին նրանք, էլ ի՞նչ բանաստեղծություն, որ պիտի հասկանալի լինի։ Բանաստեղծությունը պիտի քաոսային լինի, քանի որ քաոսային են կյանքն ու ժամանակը։
Դաշնություն գտնել զգացմունքների անդաշն հողմի մեջ…
Եթե մոդեռնիստները իմանային Ա. Բլոկի այս տողը, բանաստեղծության դերի այս կարճ ու հանճարեղ բնորոշումը, հավանաբար խիստ վիրավորվեին։
Եվ այսպես. կտրատելով դասականության հետ պոեզիայի ունեցած համարյա բոլոր կապերը, բանաստեղծությունը հանելով կենսական հունից, այն տարան դեպի սառը, խրթին, անվերծանելի ու վերացական դատողությունների քաոսային ոլորտը, պոեզիան զրկեցին ընթերցողին գեղարվեստական հաճույք պատճառելու կարողությունից ու… պատժվեցին։
Ես Փարիզում ականատես եմ եղել, թե ինչպես այդ նոր ուղղությունների բանաստեղծները նստած իրենց գրքերն էին վաճառում, որոնց տպաքանակը 500-ից, 1000-ից չէր անցնում, բայց գնող չկար։ Եվ երբ ծանոթացա մի երիտասարդ բանաստեղծի՝ Մարկ դը Լուզի հետ և զրույցի ընթացքում ասացի, թե Հայաստանում բանաստեղծական գրքեր 10, 15, նույնիսկ 50 հազար տպաքանակով են հրատարակվում, նա զարմացավ ու հարցրեց,
–Քանի՞ միլիոն եք…
Ու երբ տվեցի մեր թիվը, նրա զարմանքը եռապատկվեց։
–Այդպիսի տպաքանակով, – ասաց նա, – մեզ մոտ Արագոնը և մի քանի ուրիշ բանաստեղծներ են տպագրվում միայն։
Երբ հետաքրքրվեցի, թե Արագոնից բացի, էլ ում գրքերն են բարձր տպաքանակներով հրատարակվում, պարզվեց, որ այն բանաստեղծների, որոնք հավատարիմ դասական պոեզիայի ավանդներին, առողջ ու բնական մի նորարարությամբ բարձրացնում են ժամանակի քաղաքական ու բարոյական այրող հարցերը։ Եվ այդ փաստերն ինձ եկան կրկին համոզելու, որ պոեզիան նահանջում է ոչ այնքան «ֆիզիկների», որքան հենց իրենց՝ «լիրիկների» մեղքով։
Ւսկ ինչի՞ վրա է հենված իմ այդ համոզմունքը, չե՞մ սխալվում, արդյոք, կարծելով, թե մեղքը ոչ այնքան ժամանակինն է, որքան բանաստեղծությունը քայքայող բանաստեղծների։
Կարծում եմ՝ ոչ։ Եթե անգամ սխալվում եմ, ապա՝ ոչ շատ, քանզի խորապես համոզված եմ, որ քանի կա մարդը իր կարոտներով, թախիծներով, սերերով, քանի կա բնությունը՝ արշալույսը, մայրամուտը, ցողն ու ծաղիկը, գարնան որոտն ու ծիածանը, քանի կա գեղեցկություն ու տառապանք, բանաստեղծությունը չի կարող չլսվել։ Եվ կան, համոզվեցի, նույնիսկ տեխնիկային լիովին հպատակված Ամերիկայում բանաստեղծության շատ սիրահարներ կան, կան նաև հրաշալի բանաստեղծներ, բայց խրթին, վերացարկված, սառը բանաստեղծությունը իր գերակշիռ քանակով վարկազրկել է պոեզիան, և այն փակվել է համալսարանական ամբիոններում, բանաստեղծություն սիրողների փոքրիկ շրջանակներում։ Կա բանաստեղծություն, բայց դադարել է հասարակական մեծ երևույթ, մեծ ուժ լինելուց։
Եվ այստեղ է ահա բանաստեղծությունը քայքայող բանաստեղծների մեղքը։ Նրանք ժամանակակից բանաստեղծությունը կտրելով ավանդույթներից, փաստորեն կտրեցին նաև ժողովրդից։
Ամեն ինչում, կյանքի բոլոր բնագավառներում է այդպես լինում, երբ խզվում են անցյալի ու ներկայի կապերը, երբ ժխտվում է ժառանգականության օրենքը։ Երբ մեզանում, օրինակ ժխտվեց այդ օրենքը, և դա փոխարինվեց ինչ-որ շինծու ու կեղծ տեսությամբ, հողն անգամ սկսեց ամլանալ, էլ ի՞նչ ասել հոգևոր մի այնպիսի նուրբ երևույթի մասին, ինչպիսին բանաստեղծությունն է։
Անդրադառնանք նաև ժամանակին։ Ե՞րբ, ինչպիսի՞ ժամանակներում է բանաստեղծությունն առավել բարձր ու տիրական հնչել։ Նայեցեք պատմության ճանապարհներին և կտեսնեք՝ ամենաողբերգական ու վտանգավոր ժամանակներում։
Պատմության մեջ եղե՞լ է, արդյոք, առավել ողբերգական ու վտանգավոր ոլորան, քան մեր ապրած այս ժամանակաշրջանը։
Հաստատապես՝ ոչ։
Պատմության դասական ողբերգություններին գումարվել են նորերը՝ ատոմային ձմեռվա սպառնալիքը, մեր մաշկազերծվող մոլորակի ցավը, աղարտվող ծովերի ու օվկիանոսների հառաչանքը, թունավորված գետերի ու լճերի տագնապալի ճիչը…
Կա մի տխուր օրինաչափություն, որ Բլոկի ձևակերպումով այսպես է հնչում, որքան վատ՝ կյանքում, այնքան լավ՝ արվեստում…
Ահա և Ախմատովայից երկու տող.

Եվ պակասեց մի հույս,
Կավելանա մի երգ։

Մեր օրերում մարդկային շատ հույսեր պակասեցին կամ վտանգվեցին, բայց քիչ երգեր ավելացան։ Մինչդեռ այդ օրինաչափությունը պիտի որ ամենից առաջ պոեզիայում գործեր, քանի որ պոեզիան արվեստի ձևերից ամենաանմիջականն է (թերևս, երաժշտությունից հետո), բայց, ցավոք, չգործեց, որովհետև… բայց, կարծեմ, այդ որովհետևի պատասխանը քիչ առաջ տվել եմ արդեն։
Պիտի ասեմ նաև, որ բանաստեղծական նմանօրինակ «նորարարության» ալիքները, դժբախտաբար հասան նաև Հայաստան, մոլորության մատնելով գրականության սեմը նոր ոտք դնող մի խումբ շնորհալի երիտասարդների, որոնք փորձարարությունների մեջ շատ բան կորցրին և այժմ աշխատում են վերագտնել կորցրածը։
Սխալ չհասկացվելու համար անմիջապես ասեմ, որ փորձարարությունն ու որոնումը պոեզիայի անբաժանելի ուղեկիցներն են եղել մշտապես։ Առանց որոնման՝ չկա պոեզիա։ Բայց այդ որոնումը միայն այն ժամանակ է արգասավոր, երբ կենսական արմատներ ունի, հող ունի, կտրված չէ տվյալ իրականությունից և տվյալ ժողովրդի դասական պոեզիայի ավանդներից։ Դժբախտությունն այն է, որ մեր երիտասարդների որոնումները շատ դեպքերում դրսերոււմ արված տեսությունների մեխանիկական, արձագանքները լինելով և կենսական հող չունենալով մեր իրականության մեջ, կաշկանդում են այդ սերնդի շնորհալի ու տաղանդավոր ներկայացուցիչների ստեղծագործական հնարավորությունները։
Արդ, ինչպե՞ս եմ ես պատկերացնում ավանդականի ու նորարարականի փոխհարաբերությունը։
Պատրաստի դեղատոմս չունեմ։ Այն գիտեմ միայն, որ այդ նորարարություն կոչվածը բարդ, դեռևս լրիվ չմեկնաբանված մի հասկացություն է։ Տարբեր ձևերով է հանդես գալիս՝ մերթ խիստ շեշտված արտաքին ձևեր է ունենում, բայց մերթ էլ այնքան է ներքին լինում, որ անզեն աչքերով դժվար է նկատվում։ Եվ երբ մենք խորամուխ ենք լինում դրա մեջ, ի վերջո պարզվում է, որ նորարարություն կոչվածը այլ բան չէ, քան անհատականություն, սեփական տաղանդին ու էությանը լիովին հարազատ մնալու արտահայտություն։
Հետևաբար, ամեն մի իսկական բանաստեղծ նորարար է։ Եվ որքան մեծ է այդ բանաստեղծի անհատականությունը, այնքան մեծ է նորարարությունը, որ շատ, հաճախ հանդես է գալիս նաև ավանդական պոեզիայի տարազով։ Միտքս ավելի պարզ դարձնելու համար ուզում եմ բերել Մայակովսկու և Եսենինի օրինակը։ Նրանցից առաջինը, փշրելով պոեզիայի հին ռիթմերը, հիմնովին հեղաշրջելով արտահայտչական հին ձևերը, ստեղծեց մի պոեզիա, որի ուժը վիթխարի է։ Եվ դա նրա անհատականությունն էր և ոչ նպատակադրությունը։ Երկրորդը, ընդհակառակը, արտաքուստ ոչինչ չփշրելով հնից, ապավինելով ռուսական բանահյուսության, Պուշկինի, Կոլցովի, Բլոկի, իր խոստովանությամբ՝ հատկապես Գոգոլի ավանդներին, ստեղծեց մի պոեզիա, որի ուժը նույնպես վիթխարի է, որի ազդեցության շառավիղները գնալով ավելի ու ավելի են լայնանում, և որի հնչողությունը գնալով ավելի ժամանակակից է դառնում։ Այո, լինում են բանաստեղծներ, որոնք արտաքուստ թվալով ավանդական, բայց լինելով մեծ տաղանդներ ու ժամանակի իսկական զավակներ, ավանդական ձևերի մեջ կարողանում են այնպես իրացնել իրենց տաղանդը և ժամանակի տագնապները, որ հասնում են նորարարական արդյունքի, ավելին, գնալով ավելի նորովի են հնչում։
Խոսքս մասնավորելով և անդրադառնալով հայ պոեզիայի վերջին տասնամյակներին միայն, պիտի ասեմ, որ նրա հիմնական միտումը սերտորեն առնչված է այս վերջին երևույթին։ Մեր պոեզիայի անվանի վարպետներից շատերն իրենց տաղանդը, իրենց անհատականությունը իրացնելով մեր դասական պոեզիայի տիրույթներում, ստեղծել են ու շարունակում են ստեղծել գեղարվեստական արժեքներ, որոնք մեր այսօրվա պոեզիայի անկապտելի հարստությունն են։
Այս առումով խիստ հատկանշական է Պարույր Սևակի ստեղծագործությունը, հատկապես նրա վերջին գիրքը՝ «Եղիցի լույսը»։ Մեր դասական պոեզիայի՝ Նարեկացու, Սիամանթոյի, Վարուժանի, Չարենցի ավանդներին ամուր հենված, Սևակն իր գրքում բյուրեղանալով, իրեն հատուկ կրքով հասարակական ու բարոյական մեծ ու այրող խնդիրներ բարձրացրեց։ Ցավագին, բայց նաև լուսավոր մի ալեբախություն կա այդ գրքում, որով բանաստեղծն ուզում է մաքրված տեսնել աշխարհն ու մարդուն։ Սևակը նոր էր, այո, բայց ոմանք այդ նորարարությունը ուզում են որոնել նրա պոեզիայի արտաքին ձևերի մեջ և, իմ կարծիքով, սխալվում են։ Այդ արտաքին ձևերը մեր պոեզիայում կային նաև Սևակից առաջ։ Սևակի նորարարությունը խորապես ներքին էր, մտածողության ու զգացողության մեջ, նոր էր պարզապես նրա էությունը, նրա անհատականությունը, որ ամենակարևորն է և ամենից դժվար մեկնաբանելին։
Իր մեջ շատ ուսանելի բան ունի Հովհաննես Շիրազի անցած ճանապարհն ու գրական ժառանգությունը։ Շիրազը եկավ մեկ անգամ ևս հաստատելու այն ճշմարտությունը, որ եթե առկա է բնատուր մեծ տաղանդը, մեծ անհատականությունը, ապա բանաստեղծն ամենևին չի վախենում ավանդական լինելուց։ Շիրազի մասին գրելիս, ակամա հիշեցի իմ զրույցը մի երիտասարդ շնորհալի քանդակագործի հետ։ Դիտելով նրա քանդակները, որոնք մեծ մասամբ դեֆորմացիայի միջոցներով էին ստեղծված և հասցված տպավորիչ արտահայտչականության, ես հարցրի նրան, թե, արդյոք, հնարավո՞ր չէր այս նույն արտահայտչականությանը հասնել ավելի հասկանալի, ավելի դասական միջոցներով։ Երիտասարդ քանդակադործն անկեղծորեն պատասխանեց. իհարկե, հնարավոր էր, բայց դրա համար իմ ունեցած տաղանդից ավելին է պետք։ Այո, ինձ թվում է, թե տաղանդի պակասությունն է ոմանց ստիպում դիմել արտառոց միջոց¬ների՝ առանձնանալու, շրջապատից զանազանվելու համար։ Իսկ Շիրազը տաղանդի պակասություն չզգալով, փորձ իսկ չէր անում տարբերվել, որովհետև իր առաջին իսկ գրքով արդեն տարբեր էր։
Ավանդականի ու նորի համադրության իմաստով հատկանշական է նաև Համո Սահյանի բանաստեղծական արվեստը։ Վերջին հիսուն-վաթսուն տարիների ընթացքում մեր պոեզիան հիմնականում զարգացել է երկու ուղղությամբ՝ թումանյանական-իսահակյանական և տերյանական-չարենցյան։ Եվ այդ ուղիները մեծ մասամբ զուգահեռ են ընթացել։ Ցանկալի ու սպասելի էր, որ այդ ավանդները ինչ-որ տեղ, ինչ-որ անհատականության մեջ, միանան, վերածվելով մի նոր որակի։ Ես հակված եմ կարծելու, որ այդ առաքելությունը մեր պոեզիայում կատարեց Համո Սահյանը։ Նա իր ստեղծագործության մեջ կարողացավ հասնել այդ երկու ավանդների ներդաշնակ միասնությանը, որի արդյունքը եղավ մի շատ բնական ինքնատիպություն, մի նոր որակ։ Արտաքուստ, թերևս, այնքան էլ ակնբախ չէ այդ նոր որակը, բայց երբ խորանում ես բանաստեղծի մտածողության ու էության մեջ, ապա քեզ գտնում ես մի բոլորովին նոր բանաստեղծական աշխարհում։ Բնության աշխարհն է դա, բայց բնություն, որ կարծես հասնելով իր բարձրագույն ձևին, դարձել է մարդկային զգացող, խորհող, փիլիսոփայող էություն։
Արտաքուստ «ժամանակակից ոճի» ոչ մի նշան չկա Սահյանի պոեզիայում։
Բայց հարկ է քննել ու տեսնել, թե ի՞նչ է այդ «ժամանակակից ոճն» ընդհանրապես և գոյություն ունի՞ արդյոք, այդպիսին։
Եվ այստեղ ես ուզում եմ խոսքը տալ սովետական ականավոր գրականագետ, արտասահմանյան գրականության հմուտ գիտակ Բորիս Սուչկովին։ Նա գրում է.
«Ոչ մի հատուկ, «ժամանակակից» ոճ գրականության ու արվեստի մեջ գոյություն չունի»… «Ոճը, – շարունակում է նա, – իրականության պատկերման խիստ անհատական ձևն է…»։ Ընդ որում, եթե կոպտացնելու լինենք այդ միտքը, կարելի է կրկնել հին խոսքը. «Ոճը՝ ինքը մարդն է… Ոճի մեջ արտացոլվում են նրա անհատական առանձնահատկությունները, նրա ներքին ռիթմը, նրա աշխարհայացքի յուրահատկությունը և այն, թե նա ինչպես է կարողանում պատկերել տեսածն ու լսածը…»։
Իսկ ի՞նչ են հասկանում «նոր ոճ» ասելով մեր որոշ տեսաբաններ, ըստ նրանց, այդ ոճի խնդիրն է ազդել ոչ թե ընթերցողի ռեֆլեքսող գիտակցության, այլ «անգիտակցության», նրա «գաղտնիքի» վրա, որովհետև ժամանակակից մարդը կարող է գեղագիտական հաճույք ստանալ իր «անգիտակցության» շարժումից…
Եթե գրեին «ենթագիտակցության», ապա առարկելու ոչինչ չէինք ունենա, որովհետև արվեստն, իրոք, նախ մարդու ենթագիտակցությունն է շարժման մեջ դնում և հետո միայն գիտակցությունը։ Բայց ոչ, նրանց կարծիքով, կրկնենք, քանի որ բարդ, հակասական ու քաոսային է կյանքը, ուրեմն պոեզիան էլ պիտի անհասկանալի ու քաոսային լինի։
Շատ բաներ են շփոթում, այո, «ժամանակակից ոճի» մեր տեսաբանները. ենթագիտակցությունը՝ անգիտակցության, բարդությունը՝ անհասկանալիության ու նաև բանաստեղծական պրոզայիզմը հակաբանաստեղծության հետ։
Արժե մի փոքր կանգ առնել այս վերջին հասկացությունների՝ բանաստեղծական պրոզայիզմի ու հակաբանաստեղծության վրա։
Նախ ասեմ, որ ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ի՞նչ ասել է «հակաբանաստեղծություն»… Եթե իսկապես հակաբանաստեղծություն է, թող սուս ու փուս հավաքի իրեն ու գնա ապաստանի գրական մի այլ ժանրի մեջ՝ այնքան շատ են ժանրերը…
Բայց ահա բոլորովին այլ բան է բանաստեղծական պրոզայիզմը, որ, համոզված եմ, պոեզիան սնող մի շատ կենարար երակ է և հատուկ է ոչ միայն ժամանակակից, այլ ճշմարիտ պրոզային՝ ընդհանրապես։ Շատ հեռուները չգնալու, մեր հեթանոս երգերին, Նարեկացուն, Քուչակին նաև Ուիտմենին չհասնելու համար, դիմենք շատ քնարական մի բանաստեղծի՝ Աննա Ախմատովային։ Բացեք ցանկացած էջը, կարդացեք ամենաքնքուշ բանաստեղծությունը և չեք կարող չտեսնել այն պրոզայիկ մանրամասները, որ աննկատելիորեն կենդանություն ու հոգեբանական հավաստիություն են տալիս նրա խոսքին։ Զուր չէ, որ քննադատությունը Աննա Ախմատովայի գրական ակունքները 19-րդ դարի ռուսական արձակի մեջ է տեսնում։ Պաստեռնակն ավելի հեռուն է գնում, նա ասում է. «Պոեզիան պրոզա է… պրոզայի ձայնը, պրոզան գործողության մեջ»… Կարծում եմ, որ «գործողություն» ասելով, Պաստեռնակն ի նկատի ունի գետնից պոկվելու ու վեր սուրալու գործողությունը։ Իսկ պրոզային այդպիսի գործողություն հաղորդելու համար պետք է, որ բանաստեղծը շատ զորեղ մկաններ ունենա, այլապես կտապալվի ծանրության տակ։
Ոմանք միամտություն ունեն կարծելու նաև, թե ազատ, անհանգ բանաստեղծությունը նորարարության նշան է, չիմանալով, որ դա բանաստեղծության ամենանախնական ձևն է, վկան՝ մեր հեթանոս երգերը և առհասարակ բոլոր ժողովուրդների հնագույն պոեզիան։ Չափը, հանգը, առձայնույթը, բաղաձայնույթը բանաստեղծական արվեստի հետագա նվաճումներն են, որ ձեռք են բերվել խոսքը առավել հեշտությամբ տեղ հասցնելու, ընթերցողին առավել հուզելու համար։ Հիշո՞ւմ եք, Նարեկացին իր մատյանի գլուխներից մեկի սկզբում ասում է, որ այդ գլուխը պիտի հանգերով գրվի, որպեսզի առավել ազդեցիկ լինի։ Իր խոսքերով ասած, կարողանա, «առավել սաստիկ, ցավատանջորեն ճմլել» սրտերը։
Ամենևին չգտնելով, որ բանաստեղծական տեխնիկայի այդ նվաճումները բուն բանաստեղծության հատկանիշներ են, գտնում եմ, սակայն, որ դրանցից իսպառ հրաժարվելը, ազատ բանաստեղծության անցնելը և դա նորարարություն հռչակելը հավասար է մեր օրերում անիվի գյուտն անելուն։ Ես դրա մեջ նաև բանաստեղծական ծանր ու համառ աշխատանքից, վարպետության հասնելու ճանապարհին եղած դժվարություններից խուսափելու միտում եմ տեսնում։
Նման վիճակն, անշուշտ, երկար չէր կարող տևել և չէր կարող չծնել իր հակազդեցությունը. այսինքն պոեզիան չէր կարող չվերադառնալ դասական ակունքներին։ Արևմուտքի բանաստեղծների միայն ռուսերեն թարգմանություններից դատելով, չի կարելի չնկատել, որ գնալով ավելի ու ավելի է շեշտվում վերադարձը դեպի դասականությունը։ Ավելին. դեպի դասական բանաստեղծության մի այնպիսի խստականոն ձևը, ինչպիսին սոնետն է։ Այդ վերադարձը վերաբերում է ոչ միայն ձևին, այլ, որ ավելի է կարևոր, բովանդակությանը։
«Լիտերատուրնայա գազետայում» կարդացի ամերիկյան բանաստեղծ Վիլյամ Սմիթի և Անդրեյ Վոզնեսենսկու հարցազրույցը։ Հետաքրքիր զրույց էր դա, ուր երկու տարբեր աշխարհների բանաստեղծները գալիս են այն եզրակացության, որ մենք շատ դժվարին ու վտանգավոր ժամանակներում ենք ապրում և հույս են հայտնում, որ պոեզիան կօգնի՝ փրկելու մարդուն ու մարդկայնությունը։ Բայց որպեսզի կարողանա կատարել իր այդ մեծ առաքելությունը, պիտի ամենից առաջ խորապես մարդկային լինի, պիտի հագեցած լինի մեծ գաղափարներով ու մեծ զգացմունքներով, հենված լինի դասական լավագույն ավանդույթների վրա։ Եվ Արևմուտքում պոեզիայի նկատմամբ հետաքրքրության պակասը պիտի բացատրել ոչ միայն նյութի ու սպառողական հոգեբանության հաղթական արշավով, այլ նաև պոեզիայի որակով։ Վիլյամ Սմիթը, անդրադառնալով ամերիկյան բանաստեղծներին, ասում է. «Նրանց գործերից շատերը, որ գրված են ազատ ոտանավորով, այլ բան չեն, քան անհավասար տողերով հատված արձակ։ Ես դեմ չեմ ազատ բանաստեղծությանը, – շարունակում է նա,- բայց դա պիտի ենթարկված լինի երաժշտական չափի, իսկ այդ բանաստեղծությունների մեծ մասը ոչ մի կապ չունի երաժշտության հետ, որ այնպես պետք է բանաստեղծությանը»։
Պետք է, ընթերցողին գեղագիտական առավել հաճույք պատճառելու և այդ ճանապարհով նրա զգացմունքների ու մտքի վրա ազդելու համար։
Խորապես համոզված եմ, որ փոքրաթիվ ժողովուրդների կյանքում այժմ պոեզիայի, առհասարակ հոգևոր մշակույթի դերն առավել է մեծանում։ Օվկիանոսն ինքն իրեն մաքրելու բնատուր հատկությամբ է օժտված, բայց լիճն, ավաղ, չունի այդ բարեբախտությունը։ Երբ լիճն աղարտվում է, վրան անմիջապես կախվում է ճահճանալու և իսպառ չքանալու վտանգը։
Եվ եթե, ինչպես տեսանք վերևում, ռուս և ամերիկյան ժողավուրդների բանաստեղծներն են այդքան մտահոգված պոեզիայի հասարակական դերով, ապա դա որքան ավելի մտահոգիչ պիտի լինի հայ բանաստեղծների, հատկապես երիտասարդ սերնդի բանաստեղծների համար։
Հայտնի է, թե դարերի ընթացքում բանաստեղծական արվեստն իր մեծագործություններով ինչպիսի նպաստ է բերել մեր գոյատևմանը։ Այդ նպաստի կարիքն այժմ, առավել քան երբեք, շատ է մեծացել։ Մարդկային հոգին նյութին հպատակեցնող, անհատականություններ ջնջող, իր խելահեղ վազքի մեջ դարերով կուտակված բարոյական արժեքներ ու ավանդույթներ կորցնող այս դարը առավել սպառնալի է փոքրաթիվ ժողովուրդների համար։ Հետևաբար նրանց հոգևոր կյանքը սնող արմատները պետք է առավել խորունկ խրվեն հայրենի հողի, նրա ավանդույթների, նրա կեցության խորհուրդների մեջ։ Եվ եթե այսօր մեծ ժողովուրդների բանաստեղծների ինչ-որ մի մասը կարող է թույլ տալ իրեն թափառելու փորձարարությունների բավիղներում, ապա փոքրաթիվ ժողովուրդների բանաստեղծների համար դա առնվազն շռայլություն կլինի։ Շիկացած, անմիջական, մարդու հոգևոր ուժերը շարժման մեջ դնող հայրենաբառ ու հայրենահամ խոսք պիտի ասել։
Ազգային ինքնապարփակվածության, սահմանափակության կոչ չէ, որ անում եմ։ Այդ երևույթը ևս վտանգավոր է ու սպառնալի։ Բայց նախ պիտի խորունկ արմատներ նետել հայրենի հողում և նոր միայն ճյուղեր պարզել դեպի հեռուները, նոր միայն դրսից պատվաստներ բերել, բայց առողջ պատվաստներ։ Նման խաչաձևումներից արվեստի ծառը առավել է կենսունակ դառնում, պտուղները՝ առավել խոշոր ու բարեհամ։ Եվ հայ արվեստը դարերի ընթացքում միայն ու միայն այդ ճանապարհով է զարգացել։ Ահավասիկ հետաքրքիր փաստ. երբ հարկ է եղել Հայաստանում զուտ հելլենիստական տաճար կառուցել, մեր վարպետներն այդ դեպքում անգամ լիովին չեն հրաժարվել հայրենի ճարտարապետության ավանդույթներից։ Այսպես. տաճարի միջուկն ամբողջովին տեղական է, հայկական, այն կառուցված է մեր ազգային ճարտարապետության «ոսկյա հատման» օրենքով, օրենք, որ ինչ-որ պատահականության ծնունդ չէ, այլ պայմանավորված է մեր աշխարհագրական միջավայրով և ստուգված՝ դարերի փորձով։ Բայց ոչ միայն տաճարի միջուկը, արտաքինն էլ զուտ հելլենիստական չէ, քանդակազարդման հելլենիստական միօրինակությանը հակադրված է «բազմազանություն միասնության» մեջ հայկական սկզբունքը։ Մեր ճարտարապետության մեջ ոչ մի նախշազարդ չի կրկնվում։ Մեր խաչքարերից ոչ մեկը նման չէ մյուսին։ Այդ օրենքն է գործում նաև Նարեկացու «Մատյանի» մեջ, ազգային «ոսկյա հատման» օրենքով են ստեղծված մեր արվեստի բոլոր մեծ գործերը։
Զուր չէր, որ Չարենցը դիմելով մեր «հանճարեղ վարպետներին», գրում էր.

Ուզում եմ աշակերտ լինել ձեզ և տիրել արվեստին ձեր անհուն,
Որ տողերս լինեն մեջտեղից ձեր ոսկյա օրենքով հատված…

Եթե Չարենցի պես վիթխարի անհատականությունն էր տենչում աշակերտել այդ օրենքին, ապա մենք ոչ մի իրավունք չունենք շրջանցելու այն։
Համոզված եմ, որ ավանդույթի ու նորարարության փոխհարաբերության մեջ այդ օրենքի կիրառությունը հիմունքային է։
Հիմքում այդ ավանդական օրենքը պիտի դրված լինի. աստիճանները, սյուները, կամարները, նախշազարդերն են, որ պիտի նոր լինեն, խոսեն ժամանակի շնչով ու ոգով։
Հավատարիմ լինենք մեր ազգային արվեստի «ոսկյա հատման» օրենքին…
1980

Հոդվածը գրվել է 1980 թվականին։ Տեղ է գտել Վահագն Դավթյանի հոդվածների և էսսեների «Ի սկզբանե էր բանն․․․» ժողովածուի մեջ (Երևան, «Խորհրդային գրող» հրատ․,1989, էջ 11-25)։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *