Երբ Գագոյին ավելի հաճախ Գագուլիկ էին ասում ու դեռ մի քանի տարի էր անցել, ինչ տակը չիշիկ անելու համար Գագոյի մաման՝ Մառլենը, իրան չէր սխկում, Գագոն, կամ այդ ժամանակ Գագուլիկը, հաճախ էր լսում, որ մոր խփածը օրհնանք ա: Հիմնականում տատուց էր լսում:
– Հա, ի՞նչ անենք, մերդ ա մի հատ էլ գլխիդ ա տվել, ի՜նչ ես զռոցդ գցել:
– Ձե՛նդ, թե չէ վաբշե եմ սատկացնելու: Դու լրիվ քեզ տվիր անցար:
Գագոն դպրոց նախորդ տարվանից էր գնում: Ընդհանուր առաջադիմությունը առաջին դասարանում վատ չէր եղել, դե չնայած առաջին դասարանում բոլորինն էլ վատ չէ: Բայց թեկուզ այդպես, դասատուներն արդեն ջոկում են՝ երեխաներից ով է ավելի ընկալունակ ու իրենց լեզվով ասած՝ փայլուն աշակերտը, իսկ ով իր վրա պետք է շատ աշխատի (կարծես էլի իրենց լեզվով ասացի): Գագուլիկը, սպիտակ վերնաշապիկով, սև շալվարով, սև, էժան կաշվից կոշիկներով, թուխ դեմքով ու մի քիչ կոլոտ հասակով, շատ չէր տարբերվում դասարանի մյուս տղաներից: Միշտ էլ ժիր էր եղել: Կայտառ, սիրուն երեխա էր: Երբ դասարան-դասարան մեծանալուն զուգահեռ երեխաների մեջ կամաց-կամաց ձևավորվում էր ընկերական մտերմությունը, որը հետո չորրորդ դասարանից ծիլ էր տալու դասարանական թայֆաներին, իսկ ամենժամյա կռիվների ու իրար ճնշելու սելեկտիվ գործընթացի արդյունքում յոթերորդ-ութերրոդ դասարանում հասնելով իր պիկին՝ դուրս էր գալու միջդասարանային, իսկ հետո համադպրոցական մակարդակի, Գագուլիկը սկսեց մոտիկություն անել Վաղինակի ու Սարգիսի հետ: Վաղոն ու Սաքոն, ինչպես նրանց սկսեցին հենց դասարանցիներն անվանել առաջին դասարանի կեսերից կամ էլ երկրորդ դասարանի սկզբից, նույնպես Գագուլիկի պես երեխաներ էին: Վաղոն ու Սաքոն էլ աշխույժ, ակտիվ երեխեք էին: Իսկ դասարանում երեսուն երեխա կար, որից քսանը տղա: Գագուլիկը, Սաքոն ու Վաղոն շատ ավելի ակտիվ չէին, քան դասարանի մնացած տասնյոթ տղաները ու դասասենյակում գրեթե միշտ խըժդըժ վիճակ էր: Տղա-աղջիկ մեկը մյուսին ինչ-որ բան էր տալիս ու վերցնում՝ նոր, սիրուն չորս գույնանի գրիչ, հոտով ռետին, Ամերիկայից ուղարկած պենալ, քսանչորսհատանոց ֆլոմաստերների տուփ, մանր-մունր խաղալիքներ, որ հնարավոր էր դպրոցի պայուսակով բերել:
– Հլը մի հատ լռությո՛ւն:
Լսվում էր ընկ. Մարգարյանի ձայնը:
– Ծպտո՛ւն չլսեմ:
Լսվում էր ընկ. Մարգարյանի ձայնը:
– Քո հետ եմ, ոչխա՛ր:
Ոչխարը Վարդանն էր: Ոչ ոք բնականաբար չէր ապացուցել, որ Վարդանը ոչխար է, բայց քանի որ ընկ. Վարդանյանը հաճախ հենց Վարդանին էր ոչխար բառով վիրավորում, հիմա ամեն անգամ, երբ ասում էր, երբ գոռում էր՝ ոչխար, բոլորը մի մարդու պես հետ էին շրջվում, որտեղ նստում էր Վարդանը, որովհետև գիտեին, որ հաստատ նրան է վերաբերում: Մենակ Վարդանը ոչ մի կողմ չէր շրջվում, որովհետև գիտեր, որ ոչխարը ինքն է: Վարդանի կողքը նսում էր Անուլիկը:
– Ընկեր Մարգարյան տեղս փոխեք, էլի՜,- ասաց Անուլիկը, երբ ընկ. Մարգարյանը ևս մեկ անգամ դասն ընդհատեց, որպեսզի ոչխար գոռար Վարդանի վրա: Վարդանը նստատեղի աթոռին նստած հետ ու առաջ էր անում: Դասն էր լսում, կամ առնվազն այդպես էր թվում ու նստած տեղը հետ ու առաջ էր անում՝ նայելով ընկ. Մարգարյանին ու երևի այնքան ուշադիր էր նայում, որ չէր նկատել, որ աթոռը հետուառաջ անելուց ճռճռում էր ու ձայն էր գալիս: Իսկ ընկ. Մարգարյանի դասին ծպտուն անգամ չէր լինում:
– Ա՜յ տղա, քեզ քանի անգամ պետք ա ասենք էդ աթոռը մի ճոճի, ոչխա՛ր, քո հետ եմ:
Բոլորը նայեցին Վարդանին, ընկեր Մարգարյանը նայեց Վարդանին, տղաները նայեցին Վարդանին, աղջիկները նայեցին Վարդանին, Վարդանը ոչ մեկին չնայեց, ուղղակի ուշքի եկավ մի պահ ու մնաց հետ թեքված աթոռին նստած դիրքով՝ վախենալով առաջ գալ:
Այդ պահին էր, որ Անուլիկը էլ չդիմանացավ Վարդանի կողքը նստելուն, ասաց.
-Ընկեր Մարգարյան փոխեք էլի իմ տեղը:
Նա սա ասաց մի տեսակ ձայնը ձգելով, մի տեսակ խեղճացածոտ, բայց զզվանքից, մի տեսակ զայրացած, բայց նեղվածությունից, մի տեսակ նեղված, բայց ոչ Վարդանի կողքը նստելուց, որովհետև ինչ-ինչ, բայց Վարդանը նրան ընդհանրապես նեղություն չէր տվել, Անուլիկը ուղղակի ինքն էլ չհասկացավ, թե ինչու այդպես ասաց. դե երեխա էր:
-Վեր կաց, Աննա՛ ջան, արի՛, արի ասեմ, սրանից հետո դրա կողքը չնստես, արի, արի,- ու Վարդանի կողքից Անուլիկի արմունկից քիչ ցած բռնելով՝ ընկ. Մարգարյանը նրան բերեց դիմաց: Բայց քանի որ դասարաններում ազատ նստատեղ երբեք չէր լինում ու Գագուլիկենց դասարանում, բոլորն արդեն իրենց խիստ հստակ տեղերն ունեին, Աննային նոր տեղ տանելն անհնար էր առանց ևս մեկ աշակերտի տեղը փոխելու: Նման դեպքեր շատ են լինում ու որպես կանոն այդ ավելորդ տեղը ստեղծվում է որևէ աշակերտի իր տեղից հանելու ճանապարհով ու սովորաբար տղա աշակերտներն ավելի հարմար են լինում:
– Գագիկ հլը վեր կաց տեղիցդ:
Գագուլիկը վեր թռավ:
– Բայց խի՞ ես, ընկեր Մարգարյան:
– Հլը մի հատ չհակաճառե՛ս: Շուտ արա, էդ խուրջինդ հավաքի, գնա Վարդանի կողքը նստի:
-Հա բայց էս իմ տեղն ա:
-Արագացրո՛ւ, տղա՛:
Անուլիկն արդեն արագ-արագ հավաքել էր իր պայուսակն ու գրքերը, կանգնել էր նստարանների արանքում՝ անհանգիստ սպասելով, որ Գագուլիկը վեր կենա իր տեղից: Գագուլիկը չուզելուց, բնականաբար, դանդաղ էր շարժվում, մի տեսակ ձգձգելով իր տեղափոխությունը, ավելի շատ ոչ թե փորձելով հասկանալ, թե ինչու են տեղափոխում ինչ-որ մեկին, այլ փորձելով հասկանալ՝ ինքը ի՞նչ վատ բան է արել, որ մի հատ էլ իր վրա գոռացին ու մտածելով, որ կարող ա՞ հիմա սրանից հետո ընկ. Մարգարյանը իրան էլ ոչխար ասի կամ էլ ականջը քաշի ուժեղ, ոնց որ Վալոդինն էր անում:
-Արագացրու էլի, վա՜յ:
Սա արդեն Անուլիկն էր:
-Շո՜ւտ արա, ա՛յ տղա, էդ աղջիկը մի ժամ ա քեզ ա սպասում,- ու որոշելով ինքնուրույն միջամտել Գագուլիկի դանդաղ թվացող տեղափոխությանը՝ ընկ. Մարգարյանը, իր տասնչորս տարվա մանկավարժի փորձն ուսերին (Գագուլիկը էս մասին տանն էր հաճախ լսել, թեպետ առանձնապես չէր պատկերացնում տասնչորս տարվա փորձն ինչքան է, երևի որովհետև ինքը դեռ յոթ տարեկան էր), մեծ լոնքերով կտկտկացնելով բարձրակրունկները՝ մոտեցավ Գագուլիկին ու նրա սեղանի գիրք-տետր-օրագիր խառնիխուռն իրար վրա լցնելով մի ձեռքով ու Գագուլիկի թևը պայուսակախառը քաշելով մյուս ձեռքով շատ արագ կազմակերպեց տեղափոխությունը:
Մի խոսքով Գագուլիկի տեղը հիմա Վարդանի կողքին էր: Վարդանը բանից պարզվեց էդքան էլ վատ տղա չէր, ու երբ Գագուլիկը հաղթահարեց իր տեղափոխության, անկախ իր կամքից, պատճառ դարձած Վարդանի հանդեպ նեղվածությունը, սկսեց հետը ընկերություն անել: Առանձնապես շատ ուշադրություն չէր դարձնում էլ, որ Վարդանին ընկ. Մարգարյանը ոչխար էր ասում չնայած ինչի մենակ ընկ. Մարգարյանը, այնպես չէ, որ մյուս դասատուները չէին ասում, ու այնպես էլ չէ, որ մենակ Վարդանին էին ասում, ու այնպես էլ չէ, որ մեկումեջ իրան էլ չէին ասում ու, առհասարակ, բոլոր տղերքին էին ասում ու ոչ միայն ոչխար էին ասում: Մենակ փայլուն աշակերտներին չէին ասում ու մեկ էլ դե աղջիկներին: Իսկ մեծ մասի դեպքում միշտ իրավիճակն այլ էր: Դասվարը ընկեր Իսկանդարյանը երեսունին մոտ կին էր ու կողմնակից էր կոկիկ հագուկապին ու կանոնակարգված աշխատասիրությանը, անխնա հայրենասիրական հռետորաբանությանն ու կարճ կտրած եղունգներին՝ աշակերտների պարագայում, ու լաքապատ երկարներին՝ իր դեպքում: Երկրորդ տարին էր դպրոցում աշխատում, առաջին դասղեկական դասարանն էր. նորեկ էր ուսուցչանոցում: Պետք է դեռ ճանաչեին:
Ընկ. Իսկանդարյանը մի ցուցափայտ ուներ: Երկարոտ, երեսուն սանտիմետրից քիչ երկար, բարակ, մուգ լաքապատ ու ձիգ փայտից: Երբ տղաները չարություն էին անում, կանգնեցնում էր գրատախտակի տակ՝ շարքով ու հարվածում ոտքերին: Գագուլիկը զսպում էր արցունքները: Շրը՛խկ Վաղոյի ոտքերին, շրը՜խկ Հովոյի ոտքերին, շրը՜խկ Մարտինի ոտքերին: Գագուլիկի ոտքերին հարվածելիս էլ ընկ. Իսկանդարյանը մի քիչ կռացավ, որ ձեռքը լավ հասնի, որովհետև Գագուլիկը դեռ կոլոտ էր, իսկ ընկ. Իսկանդարյանը բոյով էր ու հարմար չէր ուղիղ հարվածելը: Գագոն սկսեց լացել որովհետև ցավում էր, լացեց որովհետև ամաչում էր դասարանի աղջիկների առաջ կանգնած, ամաչում էր գերազանցիկ տղերքի առաջ: Գագոյից հետո լացեց Ռազմիկը, ում ոտքերին ընկ. Իսկանդարյանը խփեց հաջորդը:
Հետո ծնողական ժողով արեցին ու ընկեր Իսկանդարյանը պատմեց, արդեն ավելի հանգիստ ու տեղ-տեղ իբր զսպվող ծիծաղով՝ շուրթերը թեթև ծռելով դեպի բերանի աջ անկյունը, որ իր դասարանի խելոքները բաշարել էին դպրոցի տղաների կիսաքանդ զուգարանի խարխուլ դուռը քաշելով տեղից պոկել: Ասաց, որ ծնողներին կանչել է, որ իրանց երեխեքի հետ խոսեն, ինչին իպատասխան ծնողներն ասացին, որ կխոսեն անպայման: Բնականաբար բարձր հայտարարվեց դուռը պոկելու մեջ մասնավորապես մեղավորների անունները: Դասարանի տղերքի մեծ մասն էր, ու քանի որ բոլորն էլ մի խելքի էին մեծասմասամբ ու Գագոն էլ հետները, Գագոյի անունն էլ տվեց՝ Գագիկ Հարությունյան: Ախր ընդունակ ա է՜, ասել էր ընկ. Իսկանդարյանը:
-Սիրելի ծնողներ, բայց մեր դասարանում միայն այդպիսի դեպքեր չէ, որ լինում են: Ուզում եմ մեր հպարտությունների մասին խոսենք մի քիչ էլ: Մի քանի ամսից օլիմպիադա է լինելու, ու մեր դասարանի ամենափայլուն աշակերտները նույնպես մասնակցելու են: Աննան ու Սմբատը գրականության օլիմպիադային են գնալու, պետք է ասմունքեն: Դե Աննան մեր հրաշքն է , Շիրազ էնպես է արտասանում բոլորիս մաշկը փշաքաղվում է, էն օրը Ախր ես ինչպես վեր կենամ գնամը էնպես էր արտասանել, գրականության ուսուցչուհի ընկեր Մարգարյանը ամբողջ ուսուցչանոցին մի ամբողջ օր դա էր պատմում: Ապրեք, Գայանե ջան (Գայանեն Աննայի մաման էր):
Հետո, երբ հասան տուն, Մառլենը պահեց ծնողական ժողովից դեպի տուն ճանապարհին Գագուլիկին տված խոստումը ու ավելի կոթով Գագուլիկի գլուխը ջարդեց: Հետո տատը՝ մոր մայրը, ասաց, որ մոր խփածը օրհնանք ա: Հետո ասացին, ձենդ կտրի թե չէ հեսա հերդ գա տուն ասելու եմ կաշիդ ա քերթելու: Գագոն չէր ուզում, որ կաշին քերթեն: Փորձեց ձայնը ցածր լացել, որպեսզի հյուրասենյակում չլսվի: Իրեն փակել էին բաղնիքում, լույսն անջատել վրան:
-Էնքան կմնաս տեղ, մինչև խելդք էդ հաստ գլուխդ մտնի: Սաղի դեմը ինչքա՜ն պտի ինձ խայատառակես, անասուուուոն:
Ու Գագոն նստած բաղնիքի հատակին մտածում էր՝ հիմա ի՞նչ ա լինելու: Պապան գալու ա, ու ասելու են, որ դպրոցում զուգարանի դուռը ջարդել ա: Հաստատ ծեծելու էր:
-Հլը սրա գնահատականները նայի, սաղ իրեք ու երկուս են, այ դեբիիի՜լ, քեզ ո՞ւմ տեղն ես դրել, արա՛, այ էշի գլուխ:
Օրագիրը պապան շպրտեց վրան, բայց մի քիչ հեռու էր կանգնած ու թղթից օրագիրը թեթև լինելու պատճառով շատ չթռավ, սկզբում թվաց, թե ուղիղ Գագոյի դեմքին է գալու, բայց ճամփի կեսից օդի մեջ շեղվեց ու ծուռ թռնելով՝ ընկավ սեղանի տակ…
Հետո, երբ չորրորդ դասարանում էին, Գագոն, Վաղոն, Ռազն ու Սաքոն ծեծ կերան ութի Սամոյի թայֆից: Դպրոցի հետևի ֆուտբոլի դաշտում էր: Գագոյին Սամոն որ սիլլեց, աչքերի դեմը կայծիկների մանր շարան ելավ: Մթի մեջ աստղերի մեծից փոքր հուլունքաշար, բայց թուշն այրելու աստիճան տաք: Տանն էլ էին խփել, բայց սենց՝ երևի չէ:
Ցեխոտ եկավ տուն, Մառլենը, որ խոհանոցում հաց էր սարքում ու եկել էր դուռը բացեր, որ Գագոն մտնի տուն, տեսավ վիճակն ու գոռգոռոցը գցեց.
-Էս ի՜նչ ա վիճակդ, շորերդ էս ի՜նչ օրն ես գցել, այ էշի գլուխ: Ու ինչքան ուժ ուներ խոհանոցից թաց մնացած ձեռքերով խփեց Գագոյի մեջքին:
Երեկոյան պապան եկավ, մաման ամեն ինչ պատմեց, տատին արդեն մահացել էր, ու ոչ մեկ չկար, որ ամենաթեժ պահերին գոնե թեթևակի ասեր.
-Լավ, Մարատ, երեխուն էդքան բան մի ասա, տղա երեխա ա, ամեն ինչ էլ կլինի, բա տենց ա, դու տենց չե՞ս եղել, թե չէ: Հեն ա իմ տղես՝ Արտյոմս, տենց չէ՞ր, խեղճ հերը սաղ օրը հետևից ընկած ման էր գալիս: Ականջների տեղը խեղճ մարդուս մատներին էր մնացել:
Պապան ասեց.
-Ամոթ ա արա, էդ ի՜նչ օրն են գցել: Տղա ես, թե չէ՞, գոնե մի հատ էլ դու խփեիր: Ու սիգարետի ծխուկը շպրտեց բաց պատուհանից: Գագոն, որ կանգնած նայում էր, մի պահ մտածեց, որ ծխուկը կդիպչի լվացքի պարանից կախած սավաններին, բայց ծխուկը շեղ գնաց:
Հետո իրանք էին վեցերորդ դասարան: Կողքի դասարանի Արմանչիկին իրա երկու ընկերոջ հետ մտցրին զուգարան ու տասը հոգով ոտքի տակ գցին: Հատակը թաց կաֆել էր, սոթ էր տալիս, տղերքից մի քանիսը ընկան, մեկը ուժեղ բրդեց Գագոյին, չհասցրեց մի տեղից բռնվի ու շուռ եկավ մեջքի վրա, գլուխը ուժեղ տվեց հատակին:
Հիվանդանոցի ճամփին արդեն հետ էր տալիս: Ասեցին ուղեղի ցնցում էր: Մի քանի օրից դուրս գրվեց: Տղա ես ասեցին, բան չկա:
-Կմեծանաս կմոռանաս, ախպե՛րս,- ձայնը հատուկ մանկական ձևով ծոր տալով ու ծիծաղելով ասաց Սաքոն նապաստակի ատամների արանքից. Ռազի հետ եկել էին իրան տեսության:
– Բայց քո գլուխը պինդ էր, էս ո՞նց եղավ, ապե հիշում ես, Իսկանդարյանը, որ վերջը էն իրա փետը քո գլխին խփեց-ջարդեց:
Սաքոն ու Ռազը ծիծաղից մեռան:
_Գլխիս չէր խփել, այ ե՛զ, ձեռիս խփեց, կպավ արմունկիս ջարդվեց: Լրբի թուլա էր բայց էդի լրիվ:
Հետո տասներորդ դասարանում դալանի տակ աղջկա թեմա էր եղել, Սաքոյի ախպոր համար էր, դանակով խփեցին, ուսը մտավ:
Քանի ամիս քաղմաս քարշ տվին: Ասում էին՝ պտի գրես՝ ով ա արել: Չէր գրում: Քաղմասում էնքան էին ծեծել արյուն էր շռում քանի օր:
-Գրի, այ բոզի տղա:
-Ես եմ ճղել, միամիտ կպել ա մեխին:
-Արա էդ հեքիաթը մեռած տատուդ կպատմես: Ու քֆուրներ, ինչ ասես ու անասնական քֆուրներ:
Քննիչը մոխրամանը շպրտեց գլխին, Գագոն հազիվ հասցրեց գլուխը թեքի, մոխրամանը ոնցոր թռնում էր ուղիղ վրան, մենակ վերջին պահին պարզվեց՝ ծուռ էր գնում ու չկպավ ճակատը բացեր:
Հերը՝ Մարատը, մի կերպ, հազիվ, ծանոթ-մանոթ խառնելով, փողով-մաղարիչով, զոռով քաղմասի դռներից հանեց Գագոյին:
Հետո չաստում էր, երբ աֆիցեռը մաքուր պադշիվ չկարելու համար վայենի բիլետը շպրտեց վրան: Աֆիցեռին մի հատ խփեց, թարսի պես քիթը ջարդեց: Սաղ աֆիցեռսկիով քացու տակ տվին Գագոյին: Ինչքան ոսկոր ուներ կիռզվի սապոգներով ջարդին: Երկու ատամ ջարդվավ: Գցին գուբախտ: Ռազմականի ձեռքից հազիվ պրծավ:
Մի քանի ամիս կլիներ հազիվ կամ էլ կարող ա էդքան էլ չէ, որ զորացրվել էր: Սպարտիվկեն գցեց ուսերին, սիգարետը վերցրեց, ձայն տվեց՝ Մամ ես հելա, ու բալկոնից խոհանոցի միջով միջանցք դուրս գալով՝ տան դուռը բացեց ու հարկի սանդղահարթակ դուրս եկավ:
Ռազը ներքևում էր սպասում:
-Բարի իրիգուն, ախպեր, էս տնից դուրս չես գալիս էլի, զոռով ենք հանում:
-Ախպեր հելնեմ ի՞նչ անեմ է, ո՛չ գործ ունեմ, ո՛չ բան կա անելու, հավայի ուժե չի դզում:
-Հա տունը թե չէ ինչ ես անում, սերիալ ես էլի նայում ով գիտի, չէ՞:
-Հա բա ինչ եմ անում, հեն ա մամայի հետ հնդկական սերիալ եմ նայում, բա: Քո մոտ ի՞նչ կա-չկա:
– Հեչ ապեր, սովորական էլի, գործ-տուն, տենց:
– Էն գործի մոմենտը բա, որ ասել էիր, ոնցոր չլնող պահ ա, հա՞:
-Ապեր դե մի քիչ պտի սպասես էլի, Գագ ջան, հիմա բրիգադներ ա հոպարը հավաքում, ասել եմ քո համար, ասեց ինչ արհեստ գիտի, ասի որ տենց բան չէ, բայց ջահել տղա ես, կարաս բանվորություն անես, մինչև կսովորես ուստեքից: Ասել ա լավ, հիմա պտի մի քիչ սպասես էլի, բռատ:
Գագոն բացում է Ախթամարի տուփը, մի հատ հանում ու վառում:
– Հը՞, ո՞ւր էթանք:
-Շատ գիտեմ, ապեր, դու ես տնից դուրս եկողը, դու ասա:
– Քել հելնենք Տաշիր, մի հատ կոֆե խմենք:
-Կոմիտասի Տաշիրում նստեցինք, մի քիչ խոսացինք, հետո գնացինք տուն,- էսպես կարճ կապեց Ռազը քաղմասում հաջորդ օրը քննիչի հարցաքննության ժամանակ:
-Այսինքն ինչի՞ց էիք խոսում, էդ աղջկանի՞ց:
– Ի՞նչ աղջիկ:
– Դո՛ւ պտի ասես ինչ աղջիկ, արա՛, ես ինչ իմանամ, էն որ ընգերդ ա բռնաբարել:
-Ոչ մի աղջկանից էլ չենք խոսել: Գագոյին դպրոցից եմ ճանաչում, հարյուր տարվա ընգերս ա, ինչ բռնաբարել, իրան գործ էինք ուզում ճարեինք, տղեն բանակից եկել էր գռոկի տակ էր, չէր կարում գործ ճարեր:
-Ի՞նչ գործ:
-Հոպարի մոտ շինարարության վրա:
– Հոպարդ շինարարություն ա անո՞ւմ:
– Հա, Ռուսաստան բրիգադներ ա տանում:
– Լավ էդ հլը կստուգենք, բա հետո, պատմի, ո՞նց եղավ, որ ընկերդ որոշեց բռնաբարի էդ աղջկան:
-Ասեցի ես բան չգիտեմ: Մենք իրար հետ նստած ենք եղել մինչև 11-ը: Հետո հելանք տուն:
Հետո իրար հաջող էին արել ու գնացել տուն: Ռազը չպատմեց, որ ընթացքում թեմայից թեմա էր բացվել, դասարանցիներից էլ էին սկսել խոսել, Վաչոն կուսակցություն էր բացել, Ամալիկը ՀԿ էր բացել, շների իրավունքներով էր զբաղվում: Ամալիկենք գրանտ էին գրում, որ շներին ագրեսիայի դեմ պատվաստելու դեղի գումար տան, ու քանի որ ստացվում էր, որ շներին պատվաստում են, հետևաբար շները ագրեսիվ չէին կարող լինել ու ստացվում էր, որ մարդկանց վրա չէին կարող հարձակվել, իսկ եթե էնպես էր ստացվում, որ մեկ ա հարձակվում էին, ուրեմն ստացվում էր, որ մարդիկ են առաջինը հարձակվում, մեխանիկորեն էդպես էր դե ստացվում, որ հղի կինը օրինակ հարձակվել էր հինգ շան վրա: Էդպես էր ստացվում: Մի քիչ խնդացին: Հետո Անուլիկին հիշեցին, որ լավ արտասանում էր, հիմա գնացել էր Իտալիա, արդեն քանի տարի ընտեղ էր ապրում:
– Ապեր, մի ճար ըլներ մենք էլ գնայինք ստուց Իտալիա ասենք թե: Իտալյանկա ծտերի հետ:_Մնացածը Ռազը չէր ասել, պատկերացրել էր:
Գագոն էլ էր պատկերացրել, բայց որոշել էր նաև իրականացնել: Բանակ տեղ երկու տարի մենակ պոռնոյի հույսին էր եղել, էն էլ միշտ չի որ նորմալ հեռախոս էր ճարվում: Եկել էր, բայց ձեռքը փող չէր ընկել բոզի գնար: Ոչ մի ձև չէր հանգստանում: Դպրոցում դե աղջկերքի հետ բացառված էր եղել: Ճիշտ ա Գագոն կասկած ուներ, որ իրանք էլ էին ուզում, բայց դե նամուսով աղջկա պախոդկով ոչ մեկ տեղիք չէր տվել, Գագոն էլ միշտ հարգել էր էդ պահերը ու իրան ավելորդ բան թույլ չէր տվել: Հետո բանակի օրերն էին եկել, Գագոյի սիրտը քանի գնում դող էր ընկնում: Երկու ամսից ամառվա պրիզիվն ա: Գագոն հլը ոչ մեկի հետ չէր քնել: Մի ամիս բան մնաց: Գագոն ոչ մեկի հետ չէր քնել: Մնաց մի շաբաթ: Գագոն մի քիչ փող էր դզել, մի տասնչորս հազար, բայց տենց էլ չստացվեց, մենակով չգիտեր ինչ աներ, ընկերների մեջ էլ ոնց որ ոչ մեկի մտքով չէր անցնում առաջարկեր գնային, թեկուզ Գագոյի հաշվին, ջհանդամ. մի խոսքով Գագոն տենց էլ գնաց բանակ:
Հիմա եկել էր: Բանակում ադնակլասնիկով մի հատ աղջկա հետ էր գրվում: Սկզբում պարապությունից էր գրում, գիշերները որ նարյադ էր լինում, հետո կամաց-կամաց կապվեցին: Նկարներ էր ուղարկում: Հետո Գագոն ասեց՝ կրծքերիդ նկարները ուղարկի: Դե Գագոն կրծքեր բառը չասեց, այլ ուրիշ բառ՝ կարճ, բայց աղջիկը տենց էլ հասկացավ ու մի քիչ չեմուչումից հետո ուղարկեց: Հետո մի քանի օրից Գագոն խնդրեց, որ ընդհանուր գոտկատեղի նկարն ուղարկի: Մի քիչ չեմուչումից հետո ուղարկեց: Հետո Գագոն խնդրեց, որ գոտկատեղից ցած էլ նկարի ու ուղարկի: Գագոն ճիշտ ա գոտկատեղից ցած չասաց, այլ ուրիշ բառով՝ կարճ, բայց Անուշիկը դա էլ հասկացավ ու չեմուչումից հետո ուղարկեց: Գագոն սկսեց երազել Անուշիկի մասին: Գագոն միշտ էլ լավ երևակայություն էր ունեցել: Գագոյի պապան Թաթուլի ու Սպիտակցի Հայկոյի կասետների կալեկցիա ուներ ու Գագոն մանկուց գիտեր ջեյրան, եղնիկ, անմոռաց աղջկա մուրազ լինելը: Տենց երկու տարի համարյա գրվել էին: Զորացրվելուց հետո մի երկու անգամ հանդիպել էին: Գագոն նեղվում էր, չէր կարողանում շուտ-շուտ տեղ կանչեր ու բանակում պատկերացրած բոլոր երազները իրականացնել: Գագոն ուզում էր Անուշիկի վիզը համբուրեր: Գագոն ուզում էր Անուշիկի կրծքերին ձեռք տար: Գագոն ուզում էր Անուշիկի հետ կինո գնար ու ձեռքը բռնած կասկադով քայլեին իրար հետ ու պատկերացնում էր՝ ոնց ա իրա մեքենայով հետը քշում գիշերային Երևանով: Գագոն հիշում ու սիրում էր Կարապի լճի մոտ մի աղջիկ տեսա երգը: Բայց ձեռքը գործ չէր ընկնում, տեղը չէր գտնում, չէր իմանում հիմա ինչը որտեղից սկսի, որ հասցնի: Դասարանցիներից, որը տարկետում էր ստացել բանակից, հիմա համալսարան էր սովորում, ձեռքի հետ էլ մի տեղ աշխատում էր, աղջիկների մեծ մասն էլ էր սովորում, հիմա ուրիշ կռուգների հետ էին տալիս-առնում, պուզատի տղու որս էր. Գագոն էդ կողմերում ոչ որս էր, ոչ էլ որսորդ: Իրան էսկողմ էնկողմ գցեց, որ մի գործ ճարի, գոնե իրա սիգարետի փողը հելնի, որ կարողանա Անուշիկին էլ հարյուրմեկ հատ վարդ-ծաղիկ, նվեր-արջուկ, զարդ-ականջօղ առնի: Հլը որ մենակ խոսք էին տալիս: Բայց էս իրիկուն Անուշիկը գրել էր, որ տանը մենակ ա մնալու, տնեցիք դաչա էին գնացել ու գործը ոնց որ շատ էր եղել ու մնացել էին դաչայում: Թե մեքենան էր փչացել մնացել էին: Ռեմենը կտրել էր: Ակումլյատորը հանգել էր: Անուշիկը գրել էր՝ գա իրար հետ կինո նայեն:
Գագոն Տաշիրում նստած արդեն պատկերացնում էր Անուշիկենց տանն ա: Ռազը խոսում էր, բայց ինքը մտովի արդեն չորրորդ մասիվ էր հասել: Ռազը ասում էր, որ Սուպերմարկետի գործն էլ մի բան չի, սաղ օրը ոտքի վրա, ինչ լինում ա վրեդ են խոսում, փողն էլ հազիվ 80,000 ա ամսվա վերջ գալիս, իսկ Գագոն պատկերացնում էր, ոնց ա կինոյի պես բարձրանում մուտքի աստիճաններով: Գագոն շատ կուզեր, որ ծաղիկ լիներ ձեռքին, էդպես կինոներում տեսածին ավելի նման կլիներ, բայց մտածեց գնում ա իրար հետ կինո նայեն՝ ինչ ծաղիկ, համ էլ բա որ տնեցիք հետո հարցնեին էդ ծաղիները որտեղի՞ց, մտածեց շոկոլադն ավելի լավ ա, հետո հիշեց, որ հազար չորսհարյուր դրամ ունի, ու չի ձգի ու մտքում մի հատ էլ քրֆեց Ռազին, որ հոպարին չի կարում համոզի իրան գործի տեղավորի, իսկ Ռազը արդեն պատմում էր, որ ուզում ա մտնի մեբելի ցեխ, մեբել սարքել սովորի:
-Ապեր լավ փողոտ գործ ա:
Տասի-տասնմեկի կողմերը Գագոն էլ չէր դիմանում: Հեռախոսին ծնգոց եկավ: Նայեց, Անուշիկն էր:
Ba ur es kyanqssss?
Galis em hesa aziz.
Հաջող արեցին մուտքի մոտ: Ռազը հարցրեց՝ բա էսկողմ չի՞ գնում ու ցույց տվեց Գագոյենց տան ուղղությամբ:
-Չէ, մի հատ տեղ ունեմ մտնելու: Դե լավ, ախպերս, հելնենք, դե զանգիդ եմ սպասում, հենց հոպարը բան ասի, խաբար արա: Բարի գիշեր:
-Հա Գագ ջան, գիտես, ապեր ուղղակի հոպարի գլուխն էլ ա խառը, անցած տարվա ստռոյկի վրա ինչ-որ պրոբլեմներ են եղել, տենց դրանցով ա մի կողմից, մյուս կողմից էլ էս սաղ… Դե լավ ցավը տանեմ:
Պաչիկով հաջող արեցին ու Ռազը քայլեց դեպի շենքերի կողմը, իսկ Գագոն կանգառ: Մասիվ բարձրացող մառշուտկեքը լավ ա մինչև ուշ գիշեր աշխատում են, թե չէ պտի տաքսով գնար ու կարող ա ձեռքի փողը չհերիքեր: Մի պահ, որ նստած էին Տաշիր, մտքով անցավ մի քիչ փող ուզեր Ռազից, էն էլ հետո փոշմանեց: Միշտ էլ պարտքեր չէր սիրել: Մառշուտկով հասավ, կանգառում իջավ, նայեց բաց խանութ կա՞, մի հատ կար, մտավ 2 հատ Ալպեն Գոլդ առավ: Մանկուց չէր սիրում դատարկ ձեռքով տեղ գնար: Մտքում խոսք տվեց իրան, որ հենց ձեռքը գործ ընկնի, Անուշիկին մի լավ տեղ պտի տանի:
-Էս ինչքան ուշացար:
Անուշիկը դուռը լայն բացեց ու մի տեսակ էնպես ընդունեց, ոնց որ շատ սովորական էր, որ Գագոն էս ժամին իրանց տուն ա գալիս: Տապչկեքով էր ու ավելի կոլոտ էր երևում:
Հինգ հարկ բարձրանալուց ու ամենախառը մտքերից Գագոյի շունչը մինչև նորմալ տեղն եկավ՝ արդեն բարևել էր, գրկել ու պաչիկ արել ու արդեն նստած էր տան դիվանին:
-Ի՞նչ կուզես, կոֆե կուզե՞ս:
-Հա՜, խմենք:
-Գագ, քեզ ազատ զգա, ես իրականում ամենաշատը չեմ սիրում մենակ մնալ: Նենց չի որ վախում եմ գիշերը մենակ մնալուց, ուղղակի չեմ սիրում: Ուզում էի կինո նայեի, էն էլ մտածեցի՝ իրար հետ նայենք: Հիշո՞ւմ ես, որ գրում էիր կինո շատ ես սիրում, ասեցի՝ էդ ա, քեզ կանչեմ, իրար հետ կնայենք:
-Հա, ճիշտ ես արել: Թե չէ մաման մենակ հնդկական ա միացնում:
-Հաաա, գիտես չէ, բայց ես էլ եմ նայում: Դե սաղս էլ նայում ենք էլի:
-Հա դե, տնեցիք են նայում, իմ նեռվերը չի հերիքում:
Կինոն ինչ որ ընտանիքի մասին էր, որ տեղափոխվում ա ուրիշ քաղաք ու երեխեքից մեկը՝ աղջիկը, չի կարողանում հարմարվի նոր տեղին: Հետո խնդիրներ են առաջանում դպրոցում: Աղջիկը իրան անընդհատ զգում ա ճնշված: Բակում իրան չեն սիրում: Անընդհատ շրջապատը ճնշում ա, չի թողնում, որ ինքն իրան մի հատ հասկանա, չի թողնում, որ իրա հնարավորությունները բացահայտի, հասկանա՝ ինչ ա ուզում ինքը իրականում, հարևանները, դպրոցի ուսուցիչները անվերջ ակնկալիքներ ունեն, պահանջում են, որ ինքը համապատասխանի ինչ-որ չափանիշների, բայց էդ աղջիկը չի հասցնում կողմնորոշվի: Ու իրան ամեն մեկը մի տեղից ճնշում ա, ամեն մեկը մի տեղից վիրավորում ա, մի ձև փորձում ա խեղճացնի: Հետո աղջիկը հանդիպում ա մի տղայի, որոշում ա նկարչությամբ զբաղվել, տղան իրան օգնում ա, ու պարզվում ա աղջկա մոտ շատ լավ ա ստացվում նկարելը: Կինոյի կեսերն արդեն անցել էր, երբ Անուշիկը թեքվեց ու երկար նայեց Գագոյին: Գագոն մնացածը կտրակցուն էր հիշում: Հիշում էր, որ մի պահ էլ չդիմացավ ու ուզում էր վրա պրծներ Անուշիկի փափուկ սիրուն կրծքերին, շագանակագույն աչքերին ու փոքր բերանին: Գագոն էդ ամեն ինչը միանգամից էր ուզում աներ: Անուշիկից անուշ դուխու հոտ էր գալիս: Գագոն չգիտեր՝ ոնց աներ: Գագոն էդպես էլ դեռ չէր արել: Գագոն ձեռքը փորձեց վստահ տանել Անուշիկի ազդրին: Գագոն ոչ մի անգամ էդպես էլ չէր հասցրել ու հիմա չէր ուզում անվստահ երևար: Դրա համար Գագոն ավելի կտրուկ արեց: Ավելի ուժեղ: Հետո Գագոն արդեն հանել էր Անուշիկի կարճաթև կարմիր շապիկը: Անուշիկը համբուրում էր իրա վիզը: Հետո Գագոն հանում էր Անուշիկի շալվարը, Անուշիկը աչքերը փակել էր: Հետո պառկեց հենց դիվանին: Գագոն էլ պառկեց հենց վրան: Ու Գագոն զգաց, որ ներսում մի անշունչ դևի թոքեր բացվեցին, զարթնեց ու մինչև աչքերը Գագոն լցվեց խտացրած կրակով: Զգաց, որ տակը քարի պես ձգվել է, զգաց, որ արմատուրի պես բիզ է ցցվել, ու երբ Անուշիկի փափուկ, փոքր ափերը մեջքով անցան, եղունգները մի քիչ խարտելով, Գագոն զգաց, որ դիվանը տակը լողում է ու ամբողջ ուժով ներշնչեց Անուշիկի մարմնի հոտը, հանեց իր շալվարն էլ ու ներքնաշորն էլ: Անուշիկը մի պահ դադար տվեց, որ նայի անդամին ու մի ձեռքով պինդ բռնեց: Գագոն Անուշիկի ներքնաշորն էլ էր ուզում հաներ ու էդ պահին Անուշիկն ասեց.
-Չէ՛, պետք չի, Գագ արի ստոպ տանք:
Ու ձգվեց, որ վեր կենա:
Գագոն միանգամից չհասկացավ՝ ինչ ա ասում:
-Ի՞նչ,- ոչխարի հայացքով նայելով ասեց:
-Վերջ, չեմ ուզում, վերջ, արի ստոպ տանք:
-Ո՞նց ստոպ տանք: Խի՞
Գագոն հազար հատ խի կարող էր ասել, բայց դրանցից ոչ մեկը չէր կարող հանգցնել ամբողջ կյանքը փակի տակ պահած օձին: Գագոն կես վայրկյանում, չէ կիսակես վայրկյանում հիշեց, որ Ռազի հոպարը գործ ա խոսք տվել, բայց հլը ձեն չկա, հիշեց, որ Ախթամար ա ծխում, բայց միշտ չի, որ տուփի մեջ հենց Ախթամար սիգարետ ա լինում, հիշեց, որ հերը սիգարետը ծխուկը գցեց պատուհանից, բայց չկպավ սավաններին, հիշեց, որ գրպանում չորսհարյուրհիսուն դրամ ա մնացել, հիշեց ոնց հերը օրագիրը շպրտեց վրան, բայց գլխին չկպավ, օրագիրը թղթից էր ու օդի մեջ թեքվեց ու ծուռ գնաց ընավ սեղանի տակ, հիշեց, որ բանակում բիլետը վրան շպրտեցին ու ոնց խփեց աֆիցեռին ու երբ բռունցքը լավ նստեց քթին ու քիթը ջարդվեց ու արյուն եկավ, ինքը դրանից հետո արյուն շռեց. նենց էին քացու տակ տվել ու հիմա երկու ատամները բուլատից են ու հիշեց, որ երբ դանակով խփեցին ու կպավ, հետո քաղմասում պոչկեքին էնքան խփեցին, որ քթով շնչելուց գլուխը տրաքում էր ու զգաց որ տակը արմատուրի պես ձիգ ա, իսկ իրա տակինը փափուկ ա ու թաց, ու ինչքան ուժ ուներ առաջ բրդվեց: Անուշիկը կտրուկ մի կողմ քաշվեց ու անդամը ուղիղ հեշտոցը գնալու փոխարեն թեքվեց ու կպավ փորին:
Անուշիկը սկսեց ոտքերով բրդել, Գագոն ինքն էլ չզգաց՝ ինչպես բռնեց ձեռքերից ու հիշեց, որ երբ Մառլենը իրան ավելի պոչով խփում էր, ռիսկ չէր անում ավելի պոչից բռներ, կանգնած մնում էր, ոտքերին էր դաղում, երկար ու ձիգ ցուցափայտ էր, մուգ գույնի, մատներին էին խփում, եղունգները չկտրելու համար, հիշեց, որ ցուցափայտը կոտրվեց, մենակ, երբ արմունկին կպավ ու ջարդվեց ու մի անգամ էլ փորձեց ներս հրել, այս անգամ հասավ համարյա, բայց էլի սոթ տվեց ու ծուռ գնաց ու կպավ ազդրին, Գագոն ձեռքը տարավ, որ Անուշիկի ոտքերը բռնի, որ ուղիղ պառկի, ասեց.
-Ո՞նց չէ, ախչի՛, բա ասում չէիր ասում՝ գաս ինձ պտի ուտես:
-Գագո մի արա, ցավում ա, հիմա չէէէ, Գագո, սեեենց չէէէ:
-Բա ասում էիր, որ չես համբերում, երբ եմ գալու:
-Գագո թոոողղղ:
Գագոն հիշեց, որ մոր խփածը օրհնանք է, Գագոն հիշեց, որ աֆիցեռի քֆուրը ասնավանի չի, նենց ոնց որ մլիցու քֆուրը ասնավանի չի, Գագոն հիշեց, որ լավ տղուն խափողի մորը…հիշեց ու մի անգամ էլ փորձեց ներս մտնել: Անուշիկը արդեն գալար-գալար էր լինում տակը, հիստերիկ լացում էր, ոնց որ մտավ, թե՞ չէ հլը, թե հա, հա՞, ոնցոր հա, հա՞ որ, չէ՞: Չէ չմտավ, մտնելուց տենց չի լինում: Մտավ-մտավ, հենց տենց էլ լինում ա: Գագոն չհասկացավ մտավ, թե՝ չէ: Անուշիկը անընդհատ շարժվում էր: Գագոն ոչ մի անգամ չէր արել: Գագոն չգիտեր ոնց ա մտնում: Գագոն չգիտեր, ոնց ա որ չի մտնում: Գագոն չգիտեր ինչքան տևեց, բայց երբ վեր կացավ, Անուշիկը մի ձենի գոռում էր:
-Ես պետք ա նստացնեմ էդ անասունին, էդ այլանդակին, էդ կեղտը պտի փտի բանտերը- հաջորդ առավոտ ասել էր Անուշիկի մայրը, երբ առավոտը մտել էր տուն:
-Երեխուս բախտին քար գցեց, թաղեմ ես դրան, դրա արևը սևանա, որ սենց մերը սևացրեց,- ասել էր Անուշիկի տատը, երբ բոթը իմանալուց կես ժամ հետո լեղապատառ իրան գցել էր աղջկա տուն:
-Հլը էդ շան տղու համարն ասա, ախչի,- ասել էր Անուշիկի հայրը:
Երբ Գագոյին բռնաբարության հոդվածով դատում էին, ոչ մեկի հավատը չէր գալիս: Անուշիկին բոլորն էին ճանաչում: Խելոք աղջիկ էր: Ո՜ւմ մտքով կանցներ: Թե ասա աղջիկ երեխա ես, ի՜նչ գործ ունես տղա ես տուն բերում: Գագոյին էլ էին ճանաչում: Գագոն տակուց էլ մի բան չէր: Գագոյի վերջը տենց էլ պետք ա լիներ: Դպրոցում ինչ էր, որ մեծանար ինչ լիներ: Անդաստիարակի մեկը: Սաղին ում հասնում, նեղում էին: Մի քանի փողոցային ընկեր ուներ: Լկստված լակոտ, ոչ մեծի հարգել գիտեր, ոչ փոքրի, մանկուց էր մեջի չարը երևում, դեբիլ էր լրիվ, կարար, բայց չսովորեց, էշի գլուխ էր՝ հա՜ կարար, չսովորեց, թո բա թե կարար, էդքան էլ ուշադիր մայր ուներ, անշնորհակալ զավակ էր էլի, ես մի անգամ կանչեցի մորը, հետը առանձին խոսացի, ասեցի ձեր երեխու մեջ շատ չարություն կա, մարդ էլ երեխա ուենա, հազար մուրազով մեծացնի վերջը էդ լինի, սաղ շրջապատն էր՝ էն Սաքոն լավ երեխա էր, լավ գլուխն ազատեց, բայց այ էն Ռազմիկը, սաղ դրա ջրերն ընկավ, այ կտեսնես, դրա վերջն էլ մի տենց բան ա լինելու, ես որ հիշում եմ դրանք ինչ դաժանությամբ էին մի անգամ կողքի դասարանի երեխուն զուգարանում ծեծում, ոնց էր էդ Գագո ա ինչ գրողուցավ ա էդ խեղճ երեխու գլխին խփում, վա՜յ, դրա դաժանությունը հենց մեջից էր: Դանակով էլ էր չէ՞ մարդ խփել, խի մի անգա՞մ, բայց ոնց որ ինքը չէր, իրան էին խփել, թե՞ ինքն էր խփել, թե՞ իրան, օֆֆ շատ գիտեմ, ուրիշ բանից խոսացեք: Խեղճ աղջիկ, հիմա էլ ինչ պտի անի: Վերջ, կյանքը կործանեց անասունը:
Անասունին դատեցին 6 տարի, առանց բողոքարկման իրավունքի: Ընկեր Իսկանդարյանը ճիշտ էր ասում՝ Գագոյի մոտ դաժանությունը հենց մանկուց էր: Բոլորի սիրտը հովացավ: