Վիկտորիա Սամուել | Այնքան, մինչեւ

 

Երբեմն ամեն ինչ ճիշտ է
այնքան,
որ գլխիդ եկած թարսությունները
ճիշտ ժամանակին են,
եւ սիրավեպն ու լավ սեքսը,
պարզվում է,
կարող են երկրորդ շնչառության պես բան լինել.

երկար վազքից հետո դու նորից զգում ես,
եւ լինում են ասելու բաները։

Էլ ինչի՞ պիտի գրես,
երբ ոչինչ չի մնացել ասելու։

Ջրի կաթիլներն ընկնում են ծառերից այնպիսի ճշգրտությամբ,
եւ կատուն ցատկում է
իրենից շատ բարձր տեղ այնպիսի ճշգրտությամբ,
եւ գտնում ես քո գիրքն այնպիսի ճշգրտությամբ,
որ կասկածելու տեղ չի մնում։

Ու նորից հիշում ես,
որ ավելի լավ է այսպես,
որովհետեւ քար դառնալուց հետո
քեզ միայն գլորվելն
ու մի հարթ տեղ կանգնելն է մնալու։

Եւ երբ մարդիկ փախչում են
իրենք իրենցից,
դու, որպես փախուստ, վերադառնում ես ինքդ քեզ։

Իսկ ծաղիկները շարունակում են
դուրս գալ քարերի տակից այնպիսի համառությամբ,
որ քեզ ուրիշ բան չի մնում,
քան հավատալը։

Ուրիշ ո՞նց ապրես մի տեղ,
որտեղ ոչինչ ոչ քեզ դեմ է, ոչ կողմ։

Եւ եթե պիտի ցավի,
ոնց էլ թաքնվես,
այն գալու եւ գտնելու է քեզ,
այնքան, մինչեւ ծաղկես։
Այնքան, մինչեւ ծաղկես։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *