Կաձուո Իշիգուրո | Թունավորվելով

Հուլիսի 28

Այսօր տեսա Էդիի ավագ եղբորը։ Էդիի ավագ եղբայրը գոնորեայով էր վարակվել։ Գիտեի, որովհետև մի քանի շաբաթ առաջ Էդին ամեն ինչ պատմել էր ինձ դրա մասին։ Ծովափին էի տեսել նրան, բոուլինգի ուղուց այն կողմ էր կայանել իր մոտոցիկլետը։ Արտաքինից տեսանելի չէր, թե թույնն ինչ էր արել նրա հետ։ Արևից թխացել էր, և առողջ տեսք ուներ։ Ըստ երևույթին, որոշ ժամանակ է պետք, մինչև որ թույնը սկսում է ազդել վրադ։

Երբ տուն վերադարձա շատ ուշադիր զննեցի առնանդամս։ Էդին կարծում է, որ կարող ես վարակվել, նույնիսկ եթե ոչ մեկի հետ չես քնել։ Բայց կարծես թե ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Հետաքրքիր է՝ արդյոք Էդին կվարակվի իր եղբորից, թե ոչ։

Հուլիսի 29

Մորս հավանաբար թվում է, որ ես նրան այդքան էլ լավ չեմ լսում, երբ իր ննջասենյակում է հեռախոսով խոսում, այլ ոչ թե ներքևում։ Իրականում երբ ես իմ ննջասենյակում եմ լինում, բավականին լավ եմ լսում նրան։ Անցյալ գիշեր լսում էի, թե ինչպես էր անընդմեջ կրկնում․ «պոռնկորդի, պոռնկորդի, պոռնկորդի»։ Չէր գոռում, բայց թվում էր, որ ուզում էր, և կգոռար, եթե ես տանը չլինեի։ Երեկ չէ առաջին օրը մայրս զբոսնելու էր դուրս եկել նրա հետ, և աչքի տակ մեծ կապտուկ էր գոյացել։

Մայրս աղջնակ չէ։ Մոտավորապես մեկ ամիս առաջ մտածում էի, որ հնարավոր է լիներ։ Որովհետև գնացել և այդ նոր սանրվածքն էր արել, և այդ կոշիկներն ու կարմիր տաբատն էր գնել։ Եվ ես մտածեցի, որ եթե նա իմ մայրը չլիներ, և տեսնեի նրան, միգուցե մտածեի, թե աղջնակ էր։ Բայց հիմա երբ մտածում եմ այդ մասին, այդպես չեմ կարծում։ Իրականում նա չափազանց ծեր է։

Օգոստոսի 1

Մայրիկս նորից ամբողջ օրը տանը չէր։ Դեմ չէի տանը մենակ մնալուն։ Ամեն դեպքում մենակ չեմ, որովհետև կա Նաոմին։ Ըստ իս՝ համարյա մեկ տարի է անցել, ինչ գտել եմ նրան խաչմերուկում՝ լրագրի այն կտորի մեջ փաթաթված։ Հիմա նա իսկապես մեծացել է։ Նիհար և սև, գեղեցիկ կատու է։

Հիշում եմ, թե ինչպես թույլ տվեցի նրան ուղեկցել ինձ մինչև դպրոց, երբ նոր էի գտել նրան։ Կարծում էի, թե ամեն բան կարգին էր լինելու, բայց հետո ինչ-որ տղաներ՝ Դեյվ Աթկինսոնն ու մնացած բոլորը, խաղահրապարակ տարան նրան, սկսեցին այս ու այն կողմ նետել, վերև շպրտել և բռնել։ Հետո զուգարանակոնքի մեջ գցեցին նրան։ Այդ  օրը բավականին ուժեղ ծեծել էին ինձ։ Այլևս երբեք թույլ չեմ տալիս նրան իմ հետևից դպրոց գալ։

Ես սովոր եմ հարվածներին։ Դպրոցում բոլորը շանորդիներ են։ Բացի Էդիից։ Միայն նա է ինձ դուր գալիս։ Բայց նա կարծում է, թե այժմ ընկերուհի ունի։ Կարծում է, թե չորրորդ կուրսի Սամանտա Քենդալի հետ է հանդիպում։

Շարունակում եմ մտածել, որ այլևս չեմ վերադառնալու դպրոց։ Չգիտեմ արդյոք մայրս կստիպի ինձ, թե ոչ։ Նախկինում նա շատ խիստ էր, բայց այլևս այդպիսին չէ։ Միշտ ուշ է տուն վերադառնում, և թքած ունի, թե ինչ եմ անում ես հիմա։

Օգոստոսի 4

Ամբողջ օրն այգում նստելն արդեն իսկապես ձանձրալի է դառնում։ Նաոմիի հետ խաղալն արդեն այնքան էլ հետաքրքիր չէ, ինչպես նախկինում, երբ նա կատվիկ էր։ Հիմա կա՛մ անգործ նստում է, կա՛մ ինչ-որ տեղ զբոսնելու է գնում։ Իմ կարիքը զգում է միայն այն ժամանակ, երբ սոված է։ Կարծում եմ արդեն չափն անցնում է՝ անտեսելով ինձ։ Մտածում եմ կդադարեմ նրան կերակրելուց, որպեսզի տեսնեմ արդյոք դա դուր կգա նրան, թե ոչ։

Կարծում էի, որ Էդին կգա այսօր, բայց չեկավ։ Այլևս չի գալիս, այժմ նա ընկերուհի ունի։ Չգիտեմ նորից կվերադառնամ դպրոց, թե ոչ։ Դպրոց չգնալը բավականին ձանձրալի է։

Օգոստոսի 5

Այսօր ամբողջ օրը չեմ կերակրել Նաոմիին։ Շարունակ գալիս է ինձ մոտ, բայց ուշադրություն չեմ դարձնում նրան։ Տեղն է նրան։ Չպետք է ամեն ինչ ընդունի այնպես, ասես ամեն բան այդպես էլ պետք է լիներ։ Եթե ես չլինեի, մինչև հիմա փողոցում ընկած էր լինելու՝ լրագրի մեջ փաթաթված։

Խոհանոցի դարակներից մեկում բանալի գտա, որը նկուղի կախովի կողպեքինն է։ Ներս մտա և շուրջս նայեցի։ Այնտեղ հիմնականում հորս իրերն էին, գրքեր, տուփեր և նման բաներ։ Այնքան էլ լավ գրքեր չէին։ Բայց գտա այդ բոլոր կեղտոտ ամսագրերը, որոնք անկյուններից մեկում էին կուտակված։ Բավականին հին էին։ Քանի որ բոլոր կանայք ծիծաղելի սանրվածքներ ունեին և ցույց չէին տալիս իրենց հեշտոցները։ Մի քանիսն ինձ հետ պարտեզ վերցրի և մի քանի ժամ շարունակ կարդում էի դրանք։

Օգոստոսի 9

Վերջին մի քանի օրերն այնքան էլ ձանձրացուցիչ չէին։ Խաղ էի հորինել, որը կարող էի Նաոմիի հետ խաղալ։ Բարակ թոկ եմ կապում Նաոմիի վզակապից։ Հետո նրա ամանի մեջ ուտելիք եմ լցնում, և երբ նա ուտելիքի հետևից է գնում, քաշում եմ թոկից, որպեսզի չկարողանա հասնել ուտելիքին։ Այդ պահին սկսում է տարբեր ձայներ հանել։ Որոշ ժամանակ հետո ուտելիքը սառնարանի մեջ եմ դնում։ Ավելի լավ է Նաոմիին սոված պահեմ, այլապես նա չի խաղա։ Ամսագրերն եմ ուսումնասիրում պարտեզում, իսկ երբ ձանձրանում եմ, վերադառնում եմ խոհանոց, սառնարանից հանում եմ ուտելիքը, և նորից ենք սկսում խաղալ։ Ավելի լավ կլինի, եթե իսկապես երկար թոկ վերցնեք և սպասեք, որպեսզի լավ սովածանա։ Քանի որ այդ ժամանակ, երբ նրան բաց եք թողնում, շատ արագ սկսում է վազել դեպի թասը, և թոկը ձգվելուն պես ստիպված մեծ արագությամբ հետ է քաշվում։

Ամսագրերը բավականին լավն են, թեև հեշտոցների նկարներ չկան։ Հետաքրքիր է, արդյոք աղջիկներից մեկը գոնորեայով վարակվե՞լ է, ինչպես Էդիի եղբայրը։ Նրանցից ոմանք պետք է վարակված լինեն, որովհետև բոլորը մարմնավաճառներ, մերկապարուհիներ և նման բաներ են։ Արտաքինից չի երևում, որ վարակված են, չնայած Էդիի եղբոր տեսքից էլ չի երևում։ Թույնը ժամանակի ընթացքում է սկսում ազդել։ Նորից ուշադիր զննեցի առնանդամս։ Դեռ ամեն ինչ կարգին է։

Օգոստոսի 10

Անցյալ գիշեր մայրս նորից լացում էր։ Մի ամբողջ հավերժություն հեռախոսով էր խոսում։ Ժամանակ առ ժամանակ լաց էր լինում և շարունակ կրկնում էր․ «Խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ»։ Անընդհատ կրկնում էր, որ ափսոսում էր և լաց էր լինում։ Սովորաբար մայրս լաց չէր լինում, բայց այժմ հաճախ եմ լսում նրա լացի ձայնը։ Երբ առավոտյան տեսա նրան, աչքերն այտուցված էին։ Չէի ուզում, որ տանը մնար, դրա համար անընդհատ հարցնում էի, թե երբ էր գնալու իր Ջոնի հետ հանդիպման։ Նա ասաց, որ պետք է մի փոքր մաքրություն աներ տանը, քանի որ զզվելի է վիճակ է տանը։ Ցանկանալով կառավարել ինձ՝ հարցրեց, թե արդյոք կերակրել էի կատվին։ Ասացի, որ կերակրել էի, քանի որ ուզում էի խաղ խաղալ, հենց նա հեռանար։ Նորից հարցրի, թե երբ էր գնալու իր Ջոնի մոտ, բղավեց վրաս՝ ասելով, որ իմ գործերով զբաղվեմ, և վերև բարձրացավ։ Նորից մի ամբողջ հավերժություն հեռախոսով խոսեց, շպարված և պճնված ներքև իջավ և ասաց, որ գնում էր։

Իրավացի էր, որ ասում էր, թե զզվելի էր տանը, ամենուրեք սարդոստայններ ու հին և անպետք բաներ էին։

Օգոստոսի 11

Վստահ չեմ, որ կուզեի սեքսով զբաղվել։ Երբեք չես իմանա, թե երբ կարող ես վարակվել։ Սնկեր հավաքելու նման մի բան է։ Սնկեր հավաքելը և ուղղակի ուտելը վտանգավոր է, որովհետև դրանցից որոշները թունավոր են և միանգամից կարող ես թունավորվել։

Օգոստոսի 13

Այսօր՝ կեսօրին, մի տարօրինակ բան կատարվեց, որից հետո երկար չէի կարողանում ուշքի գալ։ Մի փոքր դժվար է բացատրել։ Խոհանոցում Նաոմիի հետ մեր խաղն էինք խաղում՝ մեկ մատնաչափ հեռավորության վրա պահելով նրան իր ճաշամանից, երբ հնչեց դռան զանգը։ Այնքան զարմացած էի, որ չգիտեի հստակ ինչ անել։ Ուղղակի քարացել էի։ Նաոմին շարունակում էր կառչել թելից։ Դռան զանգը նորից հնչեց, այնպես որ գնացի բացելու։ Երկու բարձրահասակ ամերիկացի տղաներ էին։ Նրանք անընդհատ ժպտում էին, և նրանցից մեկը հարցրեց, թե արդյոք մայրս տանն էր։ Երբ ասացի, որ ոչ, նա նայեց իր ընկերջը, և նրա ընկերն, ըստ երևույթին, ինչ-որ նշան արեց նրան, որովհետև վերջինս դեպի ինձ պտտվեց և սկսեց խոսել Հիսուսի մասին՝ նշելով, , որ եկել էին՝ բոլորին լավ լուր հայտնելու այն մասին, որ Հիսուսը փրկելու էր բոլորիս։ Ասացի, որ մորս հետ պետք է հանդիպեին նմանատիպ ինչ-որ հարցով, և փակեցի դուռը։ Երբ վերադարձա խոհանոց, Նաոմին խելագարի պես ուտում էր։ Այնքան բարկացած էի, որ պարանից բռնեցի և բարձրացրի նրան այնպես, որ ասես կախված լիներ։ Իսկապես սարսափելի էր դառնում։ Պատճառն այն էր, որ շատ բարձր էր կախված, մոտավորապես իմ դեմքի մակարդակին, նրա մարմինն ասես կենտրոնացած լիներ պարանի ծայրին և դեմքով դեպի ինձ էր պտտվել։ Արևի ճառագայթներն ուղիղ Նաոմիի մռութին էին ընկնում, այնպես, որ նրա աչքերը ոչ ոքի աչքերին նման չէին, ուղղակի ասես ապակու փայլփլուն կտորներ լինեին։  Իսկապես շատ սարսափելի էր, դրա համար հատակին գցեցի նրան։ Այդ պահին սկսեցի մրսել, և դուրս եկա պարտեզ։ Այսօր բավականին քամոտ էր, այդ պատճառով բոլոր ամսագրերը խոտերի վրա էին։

Օգոստոսի 14

Անցյալ գիշեր մայրիկս բղավում էր․ «Ատո՜ւմ եմ քեզ, ատո՜ւմ եմ, ատո՜ւմ եմ»։ Ասես մոռացել էր, որ տանն էի և կարող էի լսել նրան։ Հետո սկսեց իսկապես շատ բարձր գոռալ․ «Մի՛ ծիծաղիր, դո՛ւ, գրողի՛տարած տականք, մի՛ ծիծաղիր»։  Հետո սկսեց բղավել, թե որքան էր ատում նրան։ Բայց երբ առավոտյան տեսա մորս, սովորականի պես հանգիստ էր, և կարգադրեց ինձ հավաքել ազատ ննջասենյակը և ավելորդ աղբը դնել մառանում։ Հարցրի, թե ինչի համար։ Ասաց, որ Ջոնը մեզ մոտ էր տեղափոխվելու։ Բայց սենյակը նրա դստեր՝ Քերոլի համար էր, որը նրա հետ մեր տուն էր տեղափոխվելու։ Ասաց, որ սենյակը պետք է պատրաստ լիներ ժամը վեցին մոտ, և դուրս եկավ։ Ենթադրում եմ, որ Ջոնը մայրիկիս հետ նույն ննջասենյակում է քնելու։ Ենթադրում եմ, որ սեքսով են զբաղվելու։

․․․13։00

Ամեն ինչ մառան տեղափոխեցի, սենյակն արդեն պատրաստ է։ Մայրիկն ասաց, որ Քերոլը տասնվեց տարեկան էր։ Ինձ համար մի փոքր մեծ էր։

Նոր ամսագրեր էի փնտրում, որովհետև երեսունից ավել անգամ նայել էի հները, բայց հիմա չէի կարողանում գտնել դրանք։ Փոխարենը մոլախոտերից ազատատվելու միջոցը գտա։ Այնպես որ գնացի և վերցրի թեստավորման խողովակը և այդ նյութը լցրեցի դրա մեջ։ Հավանաբար թույն էր։ Այդ պատճառով այդ սենյակի դուռը միշտ փակի տակ էր։ Որովհետև թույն կար այնտեղ։

Դեռ ժամը մեկն է։ Մտածում եմ վերընթերցել ամսագրերը։ Չեմ ուզում նորից խաղալ խաղը Նաոմիի հետ, միայն ոչ երեկվանից հետո։

 ․․․17։20

Այս երեկո շատ անելիք կար։ Առաջին հերթին սատկացրի Նաոմիին։ Ահա թե ինչպես արեցի դա․ սովորականի նման պարանի ծայրին էր, միայն թե այս անգամ կապել էի սեղանի ոտքին։ Պատրաստել էի նրա ուտելիքն ու դրել գետնին։ Ինքն իրեն այնպես էր կապկպել սեղանի ոտքին, որ ստիպված էի քանդել՝ ստիպելով շրջաններ անել սեղանի ոտքի շուրջ։ Ճաշամանը դրեցի շատ հեռու և դուրս եկա պարտեզ։ Ժամը երեքին մոտ վերադարձա և ճաշամանը դուրս հանեցի։ Հետո վերցրի սրվակն ու դրա պարունակությունը լցրեցի կատվի ուտելիքի մեջ։ Այն խառնվեց ճաշամանի պարունակությանը և անհետացավ։ Այնուհետև վերադարձա խոհանոց և ճաշամանը դրեցի գետնին։ Այդ ժամանակ նա արդեն ահավոր սոված էր, անընդհատ ցնցվում և մլավում էր։ Ձեռքիս մկրատով կտրեցի պարանը և նա գնաց իր ուտելիքի հետևից։ Սկսեց ուտել, ասես ոչինչ էլ չէր եղել, հետո կանգ առավ և շրջվեց։ Նրանք՝ կատուները, բավականին խելացի կենդանիներ են։ Նրանք կարող էին կանխազգալ՝ երբ էին նրանց թունավորելու։

Ուշադիր հետևում էի նրան, որովհետև չգիտեի այդքան թույնը բավական էր, կամ թե ինչքան ժամանակ հետո էր այն սկսելու ազդել։ Սկզբում ասես պպզեց, իսկ հետո սկսեց արձակել այդ զվարճալի ձայնը։ Հարիչի աղմուկ էր հիշեցնում կամ ավտոբուսի, երբ այն սպասում է կանգառում։ Հետո գնաց դեպի դուռն ու ճանկռեց այն։ Կողքի վրա պառկեց և շարունակեց ճանկռել դուռը։ Տեսնում էի, թե ինչպես էին նրա կողոսկրերը բարձրանում-իջնում, բարձրանում-իջնում։ Այնուհետև ոտքի կանգնեց և նորից սկսեց այդ զվարճալի ձայները հանել, որոնք բնորոշ չէին կատուներին և ավելի շատ թռչունների ծղրտոց էին հիշեցնում։ Եվ ամբողջ կերածը սկսեց դուրս պրծնել նրա բերանից։ Դուրս եկածը մոխրագույն և ջրիկ էր, և այդ ամենն անում էր լողավազանի որմնասալիկների վրա։ Հետո էլի ինչ-որ բան դուրս եկավ։ Կռացա, որպեսզի նայեմ, զվարճալի կերպով լողում էին այդ մանր կտորները։ Հետո կատուն կրկին կողքի վրա պառկեց, և նրա հետևի թաթերը սկսեցին թեթևակի ցնցվել։ Զվարճալի հայացք ուներ, կարծում եմ՝ ինձ էր նայում։ Հետո փակեց դրանք, հետևի թաթերը սկսեցին ավելի ուժեղ ցնցվել, այնուհետև անշարժացավ։

Շարունակեցի նայել, մինչև չհամոզվեցի, որ նա այլևս չէր շարժվում։ Հետո լրագիր վերցրի և փռեցի գետնի վրա։ Մորթուց բռնելով՝ բարձացրի նրան (չէի ուզում շատ դիպչել նրան) և դրեցի լրագրի վրա։ Փորձում էի ամբողջությամբ հավաքել այդ ամենը՝ բռնելով լրագրի երկու ծայրերից, բայց ծայրերից մեկը սահեց ձեռքիցս, կատուն ընկավ և գետնին տապալվեց։ Հետո գնացի և լվացարանակոնքի տակից տոպրակ վերցրի, որոնցից լինում են սուպերմարկետներում։ Այն մի փոքր կեղտոտ էր, և երբ նայեցի տոպրակի մեջ, ներքևում ինչ-որ դեղնավուն զվարճալի հեղուկ կար։ Փորձեցի գետնին ընկած կատվի վրա անցկացնել այն, բայց ինձ այդքան էլ չհաջողվեց անել դա։ Դրա համար նորից մորթուց բռնելով՝ վերցրի նրան և տեղավորեցի տոպրակի մեջ։ Մի փոքր կուչ եկած էր։ Երբ բարձրացրի տոպրակը, հեղուկի մի մասը սկսեց ծորալ տոպրակի ներքևամասից՝ փոքրիկ հետքեր թողնելով հատակի վրա։ Ստիպված էի դուրս տանել տոպրակը, մինչ չորացնում էի հատակը։

Տոպրակը նետեցի խաչմերուկի մոտ, որտեղ առաջին անգամ գտել էի Նաոմիին։ Վերադառնալիս ինչ-որ բան զգացի ոտքիս։ Հեղուկը շարունակել էր հոսել տոպրակից և կաթել էր ջինսիս վրա։ Այժմ չորացել է, կարծում եմ՝ չի երևա։ Երբ նոր էի եկել տուն, զվարճալի հոտ էր գալիս դրանից, բայց հիմա չեմ զգում այն։

Օգոստոսի 19

Հետևից շատ եմ հավանում Քերոլին։ Նայում եմ պատուհանից։ Զբոսնում է պարտեզի մոտով՝ մատներով հերթով դիպչելով ցանկապատի մոտ աճող վարդերի կոկոններին։ Սովորաբար հագին բիկինի է, բայց այսօր հագուստով է։ Մեջքի կողմից բավականին լավ տեսք ունի Քերոլը։ Երկար սև մազեր ունի, և բավականին նիհարիկ է։ Բայց ինձ դուր չի գալիս նրա դեմքը, փշաքաղվում եմ դրանից։ Միշտ կրում է այդ փոքրիկ, կլոր ակնոցը, նույնիսկ երբ արևայրուք է ընդունում։ Եվ նա այնպես ցցում է քիթը, ասես խլնքոտ լինի։ Բայց մեծ ուշադրություն չեմ դարձնում նրան։ Դա ուղղակի նրա դեմքն է, չեմ սիրում դրան նայել։ Որովհետև այն որոշակի բաներ է հիշեցնում է ինձ։ Որովհետև նախկինում էլ եմ տեսել այն։

Օգոստոսի 20

Այլևս մենակ չէի տանը։ Չեմ կարողանում ներքև իջնել, որովհետև այնտեղ մայրս և Ջոնն են։ Չեմ կարողանում պարտեզ դուրս գալ, որովհետև այնտեղ նա է․ Քերոլին նկատի ունեմ։ Մի քանի ամսագիր անկողնուս տակ եմ դրել, բայց հիմա դրանք մի փոքր ձանձրալի են դարձել։

Մայրս եկավ իմ սենյակ և սկսեց նախատել ինձ, քանի որ չեմ խոսում Ջոնի հետ։ Սկսեց շշուկով խոսել և մատով ցույց տալ ինձ, քանի որ չէր կարող ավելի բարձր խոսել։ Երբ սանդուղքի վրա ոտնաձայններ լսվեցին, մի տեսակ հայացքով նայեց ինձ և դուրս եկավ։ Մինչև հիմա չեմ խոսում նրա հետ։ Չեմ հավանում նրան։ Նա խոշոր և ծանրաքարշ է և ասես սպասում է, թե երբ եմ այնպիսի մի բան անելու, որ կարողանա բղավել վրաս։

Մեկ ուրիշ առավոտ սանդղահարթակում էի, երբ մայրս բղավեց իր ննջասենյակից, որպեսզի թեյ տանեի նրա և Ջոնի համար։ Գիտեի, որ Ջոնը շաքարավազ չէր օգտագործում, դրա համար մի մեծ գդալ լցրի թեյի մեջ։ Երբ հետ էի  բարձրանում, լսեցի, թե ինչպես էր մայրս բղավում, որ հանկարծ չբացեմ դուռը և սկուտեղը դրսում թողնեմ։ Ձևացրի, թե չէի լսել, և հեռացա։ Երկուսն էլ մերկ պառկած էին անկողնում, Ջոնի կրծքավանդակն ու ձեռքերն ամբողջությամբ դաջվածքներով էին ծածկված։ Մայրս ասաց թողնել սկուտեղն ու հեռանալ։

Օգոստոսի 21

Այժմ ժամը տասներկուսից շուտ չեմ արթնանում։ Իմաստ չունի, անելիք չկա։ Մինչև ես արթնանում եմ, Քերոլն արդեն արևայրուք է ընդունում։ Սիրում եմ հետևել նրան պատուհանիցս։ Եթե մի փոքր հետ կանգնեմ, չի կարողանա ասել, որ հետևում եմ նրան։ Սովորաբար նրա կողքին՝ խոտերի վրա, մի քանի գիրք է դրված, իսկ նա քնում է։ Նրա կրծքերը բավականին մեծ են, թեև ոչ այնքան մեծ, որքան ամսագրերի մեջի աղջիկներինը։ Քերոլը կամաց-կամաց շագանակագույն է դառնում։ Վատ տեսք չունի, բացի նրանից, որ երբեք չի հանում այդ ակնոցը։ Երեկ խոհանոցում թեյ էի պատրաստում, և Քերոլը պարտեզից եկավ։ Ներս մտավ և ուղիղ վրաս նայեց։ Սարսուռ անցավ մարմնովս, և չկարողացա նայել նրա դեմքին։ Որովհետև հիմա գիտեմ, թե նախկինում որտեղ եմ տեսել այն։

Օգոստոսի 22

Անցյալ գիշեր արթնացա, քանի որ մայրս բղավում էր Ջոնի վրա այնպես, ինչպես որ նախկինում հեռախոսով էր բղավում։ Իսկ վերջինս ծիծաղում էր։ Շարունակում էր ծիծաղել, իսկ մայրս շարունակում էր գոռալ «պոռնկորդի, պոռնկորդի» և լաց լինել։ Իսկ Ջոնը շարունակում էր ծիծաղել։ Հետո մայրս դուր եկավ ննջասենյակից և գնաց լոգասենյակ։ Մի ողջ հավերժություն մնաց այնտեղ, և ես փորձում էի հասկանալ, թե ինչ էր անում այնտեղ։ Վերջիվերջո Ջոնը բացեց ննջասենյակի դուռը և բղավեց․ «Օ՜յ», – իսկապես բարձր, ասես նրան նույնիսկ չէր էլ հետարքրում, որ բացի իրենցից էլի մարդ կար տանը։ «Օ՜յ, – շարունակում էր նա։ – Վերադարձի՛ր այստեղ, լսո՞ւմ ես»։ Այնպես ասաց դա, ասես մայրս շուն էր կամ նման մի բան։ Եվ նա՝ մայրս, ուղղակի դուրս եկավ լոգասենյակից, վերադարձավ միջանցքով, այնպես որ լսում էի, ինչպես էր հեկեկում։ «Նե՛րս անցիր»,—  շարունակում էր Ջոնը։ Դուռն աղմուկով փակվեց, և նորից լռություն տիրեց։ Քերոլի սենյակը միջանցքի մյուս ծայրին էր։ Մտորում էի՝ արդյոք նա լսել էր այդ ամենը, թե ոչ։

Օգոստոսի 23

Քերոլն այնպիսի տեսք ունի, ասես միշտ քնած է, բայց զվարճալի է, կարծես գիտի, թե երբ եմ նրան նայում։ Ինչպես այսօր, երբ վեր կացա և մոտեցա պատուհանին, դեմքով դեպի պատուհանս էր պառկած։ Բայց հենց որ սկսեցի նայել նրան, մեջքով շրջվեց։ Իբր քնած է անընդհատ, բայց հանկարծ սկսում է նման բաներ անել։ Մե՛րթ լայն բացում է ոտքերը, մե՛րթ նորից փակում։ Շարունակում է ձգվել և կորացնել մեջքը, ասես անկողնու մեջ է և չի կարողանում հարմար տեղավորվել։ Թեև այնպիսի տեսք ունի, ասես ամբողջ ժամանակ քնած է։

Օգոստոսի 24

Քերոլի հետ պարտեզում էի, բայց հենց նոր ներս եկա։ Նա եկավ, գտավ ինձ խոհանոցում և ստիպեց, որպեսզի նրա հետ պառկեմ խոտին։ Փորիս վրա էի պառկել, որպեսզի չտեսներ, որ գրգռված էի։ Քիչ անց մի փոքր հանգստացա, և դուրս եկավ այնտեղ պառկելը։ Դպրոցի մասին էր հարցնում, հարցնում էր, թե ամառն ինչով էի զբաղվել և նման բաներ։ Բայց հետո սկսեց կատուներից խոսել։ Հարցրեց արդյոք սիրո՞ւմ եմ նրանց, թե՞ ոչ, արդյոք կարծո՞ւմ եմ, որ նրանք ավելի լավն են, քա՞ն շները, արդյոք կարծո՞ւմ եմ, որ նրանք ավելի խելացի են, քա՞ն շները։ Հետո սկսեց հարցնել․ «Դու, կարծեմ, կատու ունեի՞ր, այնպես չէ՞»։ Հենց այդպես էլ հարցրեց․ «Դու, կարծեմ, կատու ունեիր, այնպես չէ՞»։ «Ո՛չ, ասացի ես։ – Երբեք էլ չեմ ունեցել կատու և չեմ էլ ուզում ունենալ»։ Բայց Քերոլը շարունակում էր․ «Բայց ես կարծում էի, թե ունեցել ես։ Մայրիկդ էր ասել»։ Այդ ժամանակ ասացի․ «Օ՜, այո՜, մոռացել էի»։ Իսկ նա հարցրեց, թե ինչպես կարող էի նման բանը մոռանալ։ Ես պատախանեցի, որ դա հաշիվ չէ, քանի որ նա այժմ  կորել էր։ Ողջ ժամանակ նայում էր վրաս իր կլոր, փոքրիկ ակնոցի մեջից։ Սարսուռ էր անցնում մարմնովս, դրա համար ներս եկա։ Քերոլը դեռ դրսում է, բայց դուրս չի գալիս նրա վրա նայելը։

Օգոստոսի 28

Այժմ մայրս և Ջոնն ավելի հաճախ են սկսել տանից դուրս գալ։ Իսկապես լավ է, քանի որ դա նշանակում է, որ կարող եմ Քերոլի հետ պառկել խոտի վրա, և կարող ենք խաղալ մեր խաղը։ Նա թույլ է տալիս դիպչել նրա ամբողջ մարմնին։ Թեթևակի շոյում եմ նրան, որովհետև դա նրան  դուր է գալիս։ Երբեմն պառկում է փորի վրա, քանդում է տոպը, որպեսզի մեջքն ամբողջությամբ թխանա արևից։ Սիրում է, երբ ձեռքս շոյում է նրա մեջքը, բայց երբեք թույլ չի տալիս իսկապես լավ բանի դիպչել։ Բայց երբեմն դիպչում եմ նրա ազդրերի հակառակ կողմին, և երբ անում եմ դա, տեսնում եմ, թե ինչպես է ցնցվում նստատեղը, ասես դա վերահսկողությունից դուրս է և ինքնաբերաբար է ստացվում։ Առնանդամս այնքան է պնդանում, որ սկսում է ցավել։ Բայց հանկարծ նա դադարեցնում է խաղը և վանում է ինձ։ Հետո ընդհանրապես արգելում է դիպչել նրան։ Ասում է, որպեսզի հեռանամ, այլապես կասի հորը, թե ինչ եմ ուզել անել նրա հետ։ Այդ ժամանակ ստիպված եմ լինում հեռանալ։ Քերոլը միշտ քթի տակ ծիծաղում է, երբ տեսնում է, որ անում եմ այն, ինչ ինքն է թելադրում։

Օգոստոսի 29

Էդին պնդում է, որ քնել է Սամանտա Քենդալի հետ, բայց ես չեմ հավատում նրան։ Շարունակ ասում է, որ հրաշալի էր, և թե ինչպես են պատրաստվում նորից անել դա։ Կրպակ գնալիս էի հանդիպել նրան։ Ուզում էի հարցնել, թե ինչու այլևս հաճախ չի գալիս այս կողմերը, բայց վերջիվերջո ոչինչ չասացի։ Հիմա նա ուրիշ է։ Կարծում եմ Սամանտա Քենդալի հետ քնելն է նրան փոխել։

Օգոստոսի 30

Այսօր Քերոլը սկսեց բոլոր այն բաներն ասել մորս մասին, որից հետո հասկացա, որ էլ անելիք չունեմ նրա հետ։ Նա ուղղակի հեշտոց է։ Սկսեց ասել, որ նրա հայրը կարող է ստիպել մորս անել այն ամենը, ինչ կամենա, քանի որ մայրս ծեր է, և այլևս ոչ ոք չի ցանկանա քնել նրա հետ։ Այնուհետև սկսեց ասել, որ ես նույնիսկ կեսը չգիտեմ այն ամենի, ինչ կատարվում էր, և թե ինչպես էր մայրս գնում նրանց բնակարան, և նրանք մինչև ճաշի ժամը անկողնում էին լինում։ Հրամայեցի նրան լռել, բայց նա շարունակում էր խոսել, հենց ականջիս տակ` ողջ ընթացքում այդ զվարճալի ժպիտը դեմքին։ Ասում եմ նրան, որ այդ ամենը սուտ է, բայց նա ծիծաղում է և ասում, որ պետք է հասկանամ, որ այդ ամենը ճշմարտություն է։ Հետո շարունակում է պատմել, թե ինչպես էին մի անգամ նրանց բնակարանում այդ բոլոր ճիչերը լսվում, և ինչպես էր մայրս բոլորովին մերկ հայտնվել ննջասենյակի դռան մյուս կողմում։ Ասացի, որ այդ ամենը գրողի տարած սուտ էր, բայց Քերոլը շարունակում ու շարունակում էր` պատմելով, թե ինչպես էր մայրս ծնկաչոք թակել դուռը, լաց եղել և խնդրել, որ նրան ներս թողնեին, և ինչպես էր նրա հայրը ներսից ծիծաղել և մի ամբողջ հավերժություն չէր բացել դուռը։ Այդ ժամանակ վեր կացա և ներս գնացի, իսկ Քերոլը ծիծաղում էր և ասում, որ կարող էր էլ ավելի վատ բաներ պատմել, քան դա։ Նա ուղղակի հեշտոց է։

Սեպտեմբերի 2

Մայրս և Ջոնն այսօր ամբողջ օրով Մարգեյթ են մեկնել։ Դա նշանակում է, որ մեր խաղը խաղալու համար Քերոլը և ես մի ամբողջ օր ունենք։ Համարյա մեկ ժամ է, ինչ խաղում էինք, երբ դիպա նրա կրծքերից մեկին։ Կարծում էի, որ կնստի և կդադարեցնի խաղը, բայց նա շարունակեց պառկած մնալ և թույլ տվեց իսկապես հաճելի զգացումներ ունենալ։ Նա ձեռքը մտցնում է վերնաշապիկիս տակ և սկսում է շոյել ողջ մարմինս։ Այդ պահին փորձում եմ ձեռքս մտցնել նրա կիսավարտիքի մեջ, և նա հանկարծ ճանկերով բռնում է փորս։ Իսկապես ցավոտ է, ճչում եմ և մյուս կողքիս վրա շրջվում։ Պորտիս շուրջ մանր հետքեր են մնացել։ «Ինչո՞ւ արեցիր դա, – ասում եմ ես նրան»։ Հիմա Քերոլը նստած է և ինձ նայելով՝ ասում է․ «Դու չարաճճիություններ էիր սկսում անել։ Ստիպված էի քեզ իրականություն վերադարձնել»։ Ահա թե ինչ ասաց նա․ «Ստիպված էի քեզ իրականություն վերադարձնել»։ Ես նայում եմ նրան, նրա մեջքի հետևում մայր է մտնում արևը և արտացոլվում է նրա ակնոցի մեջ, որի պատճառով չեմ տեսնում նրա աչքերը, միայն այդ փայլուն, կլոր սալիկները, իսկ նա ժպտալով կրկնում է․ «Ստիպված էի քեզ իրականություն վերադարձնել»։

Սեպտեմբերի 3

Ավելի լավ է՝ ամենասկզբից սկսեմ, այլապես ամեն ինչ կմոռանամ։ Ուրեմն՝ ավելի լավ է սկսեմ այն պահից, երբ ժամը տասնմեկին մոտ արթնացա։ Մոտեցա պատուհանին՝ Քերոլին նայելու, բայց այդ ժամին նա այնտեղ չէր։ Հագնվեցի, գնացի զուգարան և ուշադիր զննեցի առնանդամս, որպեսզի համոզվեմ, որ դեռ ամեն ինչ կարգին է հետս։ Լսում էի, թե ինչպես էին մայրս և Ջոնն ինչ-որ բանի վրա ծիծաղում։ Երբ դուրս եկա զուգարանից, սանդղահարթակից  տեսա, որ Քերոլի դուռը կիսաբաց էր։ Անձայն վերև բարձրացա և դռան արանքից ներս նայեցի։ Վարագույրները տեղ-տեղ բացված էին, և այդ բացվածքներից արևի ճառագայթները սենյակ էին ներթափանցում, ու երևում էր, թե ինչպես էր ամենուրեք սենյակում փոշի պտտվում։ Քերոլը բոլորովին մերկ պառկած էր ներքնակի վրա։ Նրա ծածկոցը ոտքերին էր փաթաթվել, ասես այն գիշերվա ընթացքում էր սահել նրա վրայից։ Արևի ճառագայթները նորից արտացոլվել էին նրա ակնոցի ոսպնյակների մեջ, և ես չէի կարողանում տեսնել նրա աչքերը։ Բայց ես կարծեցի, թե քնած էր, քանի որ գլուխը փոքր-ինչ կողք էր թեքված, իսկ բերանը կիսաբացված էր։ Ուշադիր ուսումնասիրեցի նրան, և նա շատ ավելի լավ տեսք ուներ, քան ամսագրերի բոլոր այդ պոռնիկները։ Հետո արևի դիրքը մի փոքր փոխվեց, և ես տեսա նրա աչքերը, և հասկացա, որ այս ամբողջ ժամանանակ դեպի ինձ էին ուղղված։ Չգիտեի՝ ինչ անել, քարացել էի։ Քերոլը շարունակում էր հայացքը հառել վրաս, ինչը տարօրինակ էր, քանի որ նրա գլուխը շարունակում էր կողքի վրա ընկած մնալ, իսկ բերանը՝ կիսաբաց լինել, ասես մեռած լիներ և ինձ վրա նայեր, սարսափելի էր։ Այնուհետև նրա ձեռքերը սկսեցին շարժվել, նրա ափերը, մարմնի վրայով դանդաղ սահելով, իջան ներքև, և ծածկոցը դանդաղ բարձրացրեց մինչև կզակը։ Հետո ժպտաց և ասաց․ «Միգուցե գնա՞ս ինձ համար մի բաժակ սուրճ բերես»։ Չգիտեմ՝ ինչ ասացի այդ պահին, չեմ հիշում։ Կարծում եմ՝ ուղղակի կանգնել և մտածում էի նրա ասածի մասին։ Հետո ասաց․ «Խնդրում եմ, լավ տղա եղիր, գնա՛ և մի բաժակ սուրճ պատրաստիր ինձ համար»։ Հենց այդպես էլ ասաց՝ ժպտալով։ Երկար ժամանակ չպահանջվեց այն պատրաստելու համար։ Խոհանոցում սուրճ պատրաստելիս հյուրասենյակից լսում եմ մորս և Ջոնի ծիծաղի ձայները։ Բաժակը ձեռքիս բարձրանում եմ Քերոլի մոտ, և առաջին բանը, որ ասում է, այն է, որ հետևիցս փակեմ դուռը։ Նա վերցնում է բաժակը և ուղիղ նստում ու սկսում խմել։ Ծածկոցն ընկնում է նրա գոտկատեղին, նրա կրծքերը կախվում են և թեթևակի ցնցվում, երբ խմում է սուրճը։ Դիպչում եմ նրա գոտկատեղին։ Ժպտում է, և մի կում էլ է անում։ Հերթով դիպչում եմ նրա պտուկներին, սկզբում բավականին նուրբ, հետո դրանցից մեկը բավականին ուժեղ ճմլում եմ։ Խորը շունչ է քաշում և թեթևակի հռհռում է։ Շարունակում եմ այդպես անել, և նրա ձեռքերն իջնում են գլխիս և փաթաթվում են վզիս։ Ավելի եմ մոտենում նրան, ավելի ու ավելի ուժեղ եմ ճմլում՝ ստիպելով նրան ավելի կտրուկ հոգոցներ հանել, իսկ հետո համբուրում է ինձ, սկսում է մանր համբույրներով ծածկել դեմքս։ Փորձում եմ համբուրել նրան, բայց գլուխս դեմ է առնում ակնոցին, դրա համար փորձում եմ հանել այն, բայց նա հրում է ձեռքս։ Հետո զգում եմ, թե ինչպես է քանդում գոտիս, ես շարունակում եմ ճմլել նրա կրծքերը, իսկ նա բավականին ծանր է շնչում և հանում է ջինսս։ Նրա շրթունքներն ուղիղ ականջիս կողքին են, լսում եմ նրա շնչառությունը, իսկ հետո սկսում է շշնջալ, և ամեն անգամ, երբ ճմլում եմ, ասում է․ «Օ՜, չարաճճիություն է, օ՜ չարաճճիություն է»։ Հետո ավելացնում է․ «Պետք է քեզ իրականություն վերադարձնեմ, չարաճճիություն է, ես պետք է քեզ իրականություն վերադարձնեմ»։ Հետո հանում է կիսավարտիքս, դիպչում է առնանդամիս և ասում, որ իրականություն է վերադարձնելու ինձ։ Հասկանում եմ, թե ինչ է ասում, բայց արդեն ուշ է, քանի որ արդեն նրա մեջ եմ, ոտքերով փաթաթվում է ինձ, բայց շարունակում է շշնջալ, որ իրականություն է վերադարձնելու ինձ։ Ես մտածում եմ ամսագրում տեսած այդ բոլոր մարմինների, Էդիի եղբոր և թույնի մասին, որ շրջանառվում է նրա մարմնում, շրջանառվում ու շրջանառվում է, շրջանառվում ու շրջանառվում է, փորձում եմ մի կողմ քաշվել, բայց նա ավելի ուժեղ է փաթաթվում ու սեղմվում ինձ, և ես զգում եմ, թե ինչպես է թույնն ամեն անգամ ավելի ու ավել ուժեղ շրջանառվում։ Այնուհետև կտրուկ կանգ է առնում, ասես ինչ-որ բան ներսից հարվածում է նրան։ Ինչ-որ տարօրինակ կոկորդային ձայն է արձակում։ Սկսում եմ իջնել նրա վրայից, իսկ նա հրում է ինձ և փորձում ոտքի կանգնել։ Փորձելով հասնել դռանը՝ սայթաքում է, հետո նորից կորանում է, ասես ինչ-որ բան նորից հարվածում է նրան։ Հասնում է դռանը, ձեռքով փակում է բերանը և սկսում է փսխել։ Միևնույն է բացում է դուռը, և ես լսում եմ, թե ինչպես է աստիճաններով իջնում ներքև և աղմուկով փակում զուգարանի դուռը։ Հագնում եմ կիսավարտիքս ու ջինսս և գնում դեպի դուռը։ Լսում եմ, թե ինչպես է փսխունք հիշեցնող զվարճալի ձայն արձակում։ Ոտքերիս մատների վրա դուրս եմ գալիս սենյակից՝ իջնելով սանդղահարթակ, հայտնվում եմ զուգարանի դռան մյուս կողմում։ Տարօրինակ ձայներ է արձակում և ժամանակ առ ժամանակ՝ փսխելու ընթացքում վնգվնգում է։ Այնուհետև ավելի է բարձրացնում ձայնը, այնպես, ասես ինչ-որ մեկը փորձում էր խեղդել նրան։ Ոտնաձայներ եմ լսում և տեսնում եմ Ջոնին ու մորս։ «Ի՞նչ է, գրողը տանի, այստեղ կատարվում, – ասում է նա»։ Իսկ ես ուղղակի թոթվում եմ ուսերս և ասում, որ Քերոլը վատ է զգում իրեն և փակվել է զուգարանում։ Մի կողմ է հրում ինձ և սկսում թակել դուռը։ Հիմա Քերոլը հանգստացել է։ Ջոնը նորից է թակում դուռը և փորձում է բացել այն։ Դուռը կողպված չէ, բայց ինչ-որ բան խանգարում է բացել այն։ Ավելի ուժեղ է հրում և ասում․ «Օ՜, Աստվա՛ծ իմ»։ Մայրս նրա մեջքի հետևից ներս է նայում և նույնպես ասում․ «Օ՜, Աստվա՛ծ իմ»։ Այժմ իսկապես ուժես փսխունքի հոտ է գալիս։ Մայրս շրջվում ու հրամայում է ինձ արագ շտապօգնություն զանգել։ Հետո նա և Ջոնը փորձում են ավելի լայն բացել դուռը։ Ես անշարժ կանգնած եմ, և մայրս շրջվում ու բղավում է, որպեսզի շտապօգնություն կանչեմ։

Սկսում եմ դանդաղ իջնել սանդուղքով։ Նրանք չեն տեսնում, որ չեմ շտապում, քանի որ փորձում են զուգարան խցկվել։ Շարունակում եմ իջնել սանդուղքով և սկսում եմ ինչ-որ մեղեդի երգել քթիս տակ, որովհետև չեմ ուզում, որ նա մահանա, որովհետև չեմ ուզում շատ մտածել տարբեր բաների մասին, որովհետև իսկապես չեմ ուզում, որ նա մահանա։ Երբեք չեմ ցանկացել սպանել նրան, դա այն չէ, ինչ ցանկացել եմ, իսկապես երբեք չեմ ցանկացել դա, ցանկացել եմ, որ նա իմ ընկերուհին դառնա, որպեսզի քնենք իրար հետ և սիրենք իրար, երբեք չեմ ցանկացել, որ նա մահանա։

 Թարգմանությունն անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *