Այսօր ես կարոտում եմ քեզ,
այսօր ես հիշում եմ բոլոր կտորները,
որոնք կարելի է հավաքել իրար գլխի
ու մի ամբողջական սիրավեպ ստանալ,
բայց երկինքը համաձայն չէ դրա հետ.
այսօր ես հասուն չեմ այնքան,
որ ընդունեմ իրերն ինչպես կան
եւ իմ անզորությունը,
այսօր, ներիր, ես ուզում եմ մեղադրել
որեւէ մեկին,
որեւէ բանի,
իսկ ավելի կոնկրետ՝ քեզ:
Պետք չի գալ, մտնել մարդու կյանք,
երբ չգիտես՝ ինչ ունես տալու:
Եթե պիտի միայն վերցնես,
ո՞ր իրավունքով ես գալիս:
Այսօր՝ մնացած օրերի պես
ինձ մեկ են նախկին կինդ,
նախկին պարտնյորդ,
ում հետ դավաճանել ես կնոջդ,
բայց ինձ հասկանալի էր ցավը,
որ կարող էր մնացած լիներ,
ցավը, որ կարող էիր տված լինել:
Այսօր ես հիշում եմ եւ չգիտեմ՝ սիրու՞ց, թե՞ դատարկությունից,
բայց հիշում եմ՝ ինչպես էիր ուզում հավաստիանալ՝
ես ուզում եմ շարունակե՞լ,
թե՞ փակված ու վնասված մնալ:
Ես որոշեցի հավատալ այն ամենին,
ինչ դու էիր տալիս,
եւ չգիտեմ՝ ձանձրույթի՞ց, թե՞ որովետեւ հետաքրքիր էր զրուցել քեզ հետ:
Թե՞ որովհետեւ սեքսն էր լավը:
Ես չեմ ուղարկի էս բանաստեղծություն որեւէ տեղ, երեւի,
բայց այսօր ես ուզում եմ պառկել քեզ վրա,
քո մարմնի տակ,
այս ձանձրույթից հեռու,
քո տաք մարմինն իմ մեջ,
քո ձեռքերը՝ վրաս,
իսկ անտառներից գա անվերադարձության ձայնը,
որ մեզ պիտի պահի այս ժամանակի մեջ
եւ ոչ հետ տանի, ոչ առաջ:
Այսօր ես կարոտում եմ քեզ շատ իսկական,
ու չգիտեմ՝ լավ սեքսն եմ կարոտում, թե՞ քեզ:
Այսօր բռնեցրի մտքի վրա,
որ դու գուցե ոչինչ չես զգացել:
Այսօր դա ինձ ցավեցնում է:
Այսօր ինձ պետք էր այդ սերը:
Այսօր ես մոռացել եմ,
որ երիտասարդ եմ, գեղեցիկ ու ինձ առանց ջանքի նկատում են:
Այսօր ես մրսում եմ եւ ուզում եմ քեզ հետ խոսել,
այսօր ինձ պետք են քո ձեռքերը,
այսօր եւ հիմա ես քեզ սարքում եմ իմ ու քո աչքում հիանալի տղամարդ,
դրա համար էլ սա ոչ մի տեղ չեմ ուղարկի:
Ես իհարկե մոռանում եմ նրանց,
ովքեր չեն ուզում լինել իմ կյանքում,
եւ նրանց, ովքեր չեն հասկանում ինձ,
նրանց, ում համար ծանր եմ՝ արճիճի պես,
բայց այսօր ես ուժ չունեմ
եւ ուզում եմ գրել քեզ,
բայց գրում եմ էս բանաստեղծությունը:
Այսօր ես սիրում եմ քեզ եւ մի քիչ տառապում,
վաղը կպարզվի, որ անիմաստ,
վաղը կգնամ հերթական նոր աշխատանքին,
ու էներգիաս էնքան կսպառվի,
որ չեմ էլ հիշի քեզ,
իսկ այսօր ես կարոտում եմ քեզ
եւ ուզում եմ քո սերը:
Այսօր ես քեզ մեղադրում եմ,
այսօր ես լավ չեմ,
այսօր ես չեմ ընդունում միտքը,
որ անպայման պիտի ցավեցնեն,
որ մի բան սովորես:
Այսօր ես ուզում եմ սիրել: