Շիրլի Ջեքսոն | Դիվային փեսացուն

Լավ չէր քնել. երկուսն անց կեսից, երբ Ջեյմին գնաց, և նա անշտապ պառկեց քնելու, մինչև յոթը, երբ ստիպեց իրեն վեր կենալ ու սուրճ դնել, քնել էր ընդհատումներով՝ կեսքուն, կեսարթուն՝ անընդհատ բացելով աչքերը, նայելով կիսախավարին, նորից ու նորից ընկնելով հիշողությունների գիրկը, ապա ընկղմվելով տենդագին քնի մեջ։ Նա գրեթե մի ժամ անցկացրեց սուրճի բաժակի շուրջը նստած (նրանք պատրաստվում էին լիարժեք նախաճաշել ճանապարհին), իսկ հետո ուրիշ անելիք չուներ, եթե միայն չուզեր շուտ հագնվել։ Նա լվաց իր սուրճի բաժակը, հավաքեց անկողինը, ուշադիր ուսումնասիրեց այն հագուստը, որ նախատեսել էր հագնել՝ պատուհանի մոտ կանգնած անտեղի անհանգստանալով, թե արդյոք լավ եղանակ կլինի։ Նստեց կարդալու, ապա մտածեց, որ փոխարենը կարող է նամակ գրել քրոջը, և իր գեղեցիկ ձեռագրով գրեց. «Սիրելի՛ Էնն։ Երբ ստանաս այս նամակը, ես արդեն ամուսնացած կլինեմ։ Տարօրինակ է հնչում, չէ՞։ Իմ հավատն էլ չի գալիս, բայց երբ պատմեմ՝ ինչպես է պատահել, կտեսնես, որ ամեն բան ավելի տարօրինակ է…»։
Գրիչը ձեռքին նստած՝ չէր կողմնորոշվում՝ ինչպես շարունակել։ Կարդաց արդեն գրված տողերն ու պատառոտեց նամակը։ Գնաց պատուհանի մոտ և տեսավ, որ, անկասկած, լավ օր էր լինելու։ Նրա մտքով անցավ, որ երևի չարժե հագնել կապույտ մետաքսե զգեստը. այն չափազանց հասարակ է, կարելի է ասել՝ կոպիտ, իսկ ինքն ուզում էր մեղմ լինել, կանացի։ Նա անհանգստացած դուրս քաշեց զգեստը պահարանից, վարանելով կանգ առավ չթե զգեստի վրա, որ անցած ամռանն էր հագել. չափից դուրս ջահելական էր իր համար, բոլորածալ օձիքով, բացի դրանից, այս սեզոնին դեռ շատ շուտ էր չթե զգեստ հագնելու համար, չնայած…
Նա երկու զգեստները կողք կողքի կախեց զգեստապահարանի դռան վրա և բացեց ապակե դռները, որոնց հետևում խցանման փոքրիկ խոհանոցն էր։ Բոցամուղով վառեց սրճամանի տակն ու մոտեցավ պատուհանին. արևոտ օր էր։ Երբ սրճամանը սկսեց բլթբլթալ, վերադարձավ ու սուրճ լցրեց մաքուր բաժակի մեջ։ «Եթե կարգին հաց չուտեմ, գլուխս կսկսի ցավել,— մտածեց նա,— այսքան սուրճ խմելը, ծխախոտ ծխելն առանց նախաճաշելու»։ Գլխացավ՝ հարսանիքի օրը։ Նա գնաց լոգարան և պահարանից հանեց ասպիրինի թիթեղյա տուփն ու դրեց իր կապույտ դրամապանակի մեջ։ Ստիպված էր լինելու շագանակագույն դրամապանակ վերցնել, եթե հանկարծ որոշեր չթե զգեստը հագնել, իսկ իր ունեցած միակ շագանակագույն դրամապանակը մաշված էր։ Անօգնական կանգնած՝ հայացքը կապույտ դրամապանակից ուղղեց դեպի չթե զգեստը, իսկ հետո դրամապանակը ցած դրեց, գնաց, վերցրեց սուրճի բաժակը, նստեց պատուհանի մոտ ու սկսեց խմել սուրճը՝ ուշադիր զննելով իր մեկսենյականոց բնակարանը։ Պլանավորել էին այդ գիշեր վերադառնալ այստեղ, այնպես որ ամեն բան պիտի ճիշտ լիներ։ Հանկարծ նա սարսափով հասկացավ, որ մոռացել էր փոխել անկողինը։ Լավ էր՝ մաքուր լվացքը բերել էին լվացքատնից։ Մաքուր սավան ու բարձի երեսներ հանեց պահարանի վերին դարակից, փոխեց անկողինը՝ փորձելով արագ աշխատել, որպեսզի չմտածի, թե ինչու է փոխում այն։ Նրա նեղլիկ մահճակալի վրա միշտ ծածկոց էր փռված, որպեսզի այն բազմոցի նմանվեր։ Երբ այն հավաքեր, ոչ ոք գլխի չէր ընկնի, որ նոր է փոխել սպիտակեղենը։ Նա հին սավանն ու բարձի երեսները տարավ լոգարան և խցկեց լվացքի զամբյուղի մեջ, լոգարանի սրբիչները նույնպես զամբյուղի մեջ գցեց ու կախիչների վրա մաքուր սրբիչներ կախեց։ Երբ վերադարձավ, սուրճն արդեն սառել էր, բայց, ամեն դեպքում, խմեց այն։
Երբ վերջապես նայեց ժամացույցին ու տեսավ, որ ինն անց էր արդեն, սկսեց շտապել։ Լոգանք ընդունեց և օգտագործեց մաքուր սրբիչներից մեկը, որը գցել էր լվացքի զամբյուղն ու փոխարինել էր նորով։ Խնամքով հագնվեց, թարմ՝ գրեթե նոր ներքնազգեստ հագավ, նախորդ օրվա հագած ողջ հագուստը, այդ թվում՝ գիշերազգեստը գցեց լվացքի զամբյուղի մեջ։ Երբ հերթը հասավ զգեստին, նորից վարանեց զգեստապահարանի դռան առջև։ Կապույտ զգեստն, անշուշտ, համեստ էր, մաքուր և սազում էր իրեն, բայց նա մի քանի անգամ հագել էր այն Ջեյմիի հետ հանդիպումների ժամանակ, բացի դրանից, այն որևէ կերպ առանձնահատուկ չէր՝ հարսանեկան զգեստ լինելու համար։ Չթե զգեստն ավելի սիրուն էր ու նորություն էր Ջեյմիի համար, այնուամենայնիվ, չարժեր շտապել և այս սեզոնին նման չթե զգեստ հագնել։ Վերջ ի վերջո, մտածեց՝ «Ի՛մ հարսանիքն է, ինչ կուզեմ, այն էլ կհագնեմ» և կախիչից հանեց չթե զգեստը։ Երբ գլխի վրայով սահեցրեց զգեստը, թարմություն ու թեթևություն զգաց, բայց երբ ինքն իրեն տեսավ հայելու մեջ, հիշեց, որ բոլորածալ օձիքը բոլորովին ի շահ իր պարանոցի չէր նայվում, իսկ զգեստի ծածանվող լայն փեշերն անկասկած ավելի հարմար էին ավելի երիտասարդ աղջկա, մեկի, որը կարող էր անկաշկանդ վազել, պարել, քայլելիս ծածանել այն կոնքերի շուրջը։ Ինքն իրեն հայելու մեջ նայելով՝ նա զզվանքով մտածեց. «Էնպիսի տպավորություն է, ասես փորձում եմ ավելի սիրուն թվալ, քան կամ, հենց նրա համար։ Նա կմտածի՝ ուզում եմ ավելի երիտասարդ երևալ, որովհետև ամուսնանում է ինձ հետ»։ Նա այնքան արագ հագից հանեց չթե զգեստը, որ թևատակի կարը պատռվեց։ Հին կապույտ զգեստով ավելի հարմարավետ, թեթև զգաց, թեև անհետաքրքիր։ «Կարևորն այն չէ, թե ինչ ես հագնում»,— հաստատակամորեն ասաց ինքն իրեն ու զայրացած պտտվեց դեպի զգեստապահարանը՝ տեսնելու՝ գուցե այլ բան կարող է գտնել։ Չկար ոչինչ, որ գոնե փոքր-ինչ հարմար կլիներ իր՝ Ջեյմիի հետ ամուսնության օրվան։ Մի պահ նույնիսկ մտքով անցավ արագ գնալ մոտակա փոքրիկ խանութն ու նոր զգեստ գնել։ Այդ ժամանակ տեսավ, որ ժամը տասին մոտ է. հազիվ հասցներ մազերը հարդարել և դիմահարդարվել։ Մազերի գործը հեշտ էր. հավաքեց ծոծրակի մոտ։ Իսկ դիմահարդարման դեպքում նուրբ սահման կար հնարավորինս գեղեցիկ տեսք ունենալու և հնարավորինս քիչ կեղծելու միջև։ Նա չէր կարող փորձել քողարկել մաշկի դեղներագն ու աչքերի շուրջ գծերը, այսօր, երբ կարող էր թվալ, թե դա անում է միայն նրա համար, որ հարսանիքն է։ Բայց չէր էլ կարող հանդուրժել այն միտքը, որ Ջեյմին կնության է առնելու կախված մաշկով ու կնճռոտ մեկի։ «Երեսունչորս տարեկան ես, ի վերջո»,— դաժանորեն ասաց լոգարանի հայելու մեջ երևացող իր արտացոլանքին։ Ըստ վկայականի՝ երեսուն։
Տասն անց երկու րոպե էր. նա դժգոհ էր իր հագուստից, դեմքից, բնակարանից։ Նորից տաքացրեց սուրճն ու նստեց պատուհանի մոտ դրված աթոռին։ «Հիմա այլևս ոչինչ չեմ կարող անել,— մտածեց,— անիմաստ է վերջին պահին ինչ-որ բան շտկելը»։
Համակերպված ու հաշտված՝ նա փորձեց մտածել Ջեյմիի մասին, բայց չկարողացավ պարզորոշ տեսնել նրա դեմքը կամ լսել ձայնը։ «Երբ սիրում ես, միշտ այդպես է»,— մտածեց նա՝ մտովի այսօրվանից ու վաղվանից տեղափոխվելով դեպի հեռու ապագա, երբ Ջեյմին արդեն կայացած կլիներ որպես գրող, իսկ ինքն՝ աշխատանքից դուրս եկած, պատկերացրեց իրենց իդեալական ապագան գյուղական տնակում, ինչին պատրաստվում էին վերջին շաբաթվա ընթացքում։ «Մի ժամանակ ես հրաշալի խոհարար էի,— ասել էր Ջեյմիին ու խոստացել,— մի փոքր ժամանակ և պրակտիկա՝ ու ես կհիշեմ` ինչպես են հրեշտակային տորթ պատրաստում։ Եվ տապակած հավ, ինչպես նաև հոլանդական սոուս»,— ասել էր՝ իմանալով, որ այդպիսի քնքշանքով ասված խոսքերը մնալու էին Ջեյմիի ուղեղում։
Տասն անց երեսուն էր։ Նա ոտքի ելավ և շարժվեց դեպի հեռախոսը։ Հավաքեց համարն ու սպասեց։ Աղջկա մետաղական ձայնն ասաց. «…շուտով կլինի ուղիղ տասն անց երեսունինը րոպե»։ Կիսագիտակցաբար իր ժամացույցի սլաքը մեկ րոպե հետ տարավ։ Հիշեց իր սեփական ձայնը, որը երեկ երեկոյան դռան շեմին ասել էր. «Ուրեմն՝ ժամը իննին։ Ես պատրաստ կլինեմ։ Այս ամենն իրո՞ք իրական է»։ Իսկ Ջեյմին ծիծաղել էր միջանցքում։
Մինչև ժամը տասնմեկը նա արդեն կարել էր չթե զգեստի պատռված կարը և կարուձևի պարագաների տուփը զգուշությամբ դրել էր պահարանում։ Չթե զգեստը հագին՝ նա, պատուհանի մոտ նստած, ևս մեկ բաժակ սուրճ էր խմում։ «Ի վերջո, կարող էի ավելի շատ ժամանակ հատկացնել հագնվելուս»,— մտածում էր նա, բայց արդեն այնքան ուշ էր, որ Ջեյմին ցանկացած պահի կարող էր գալ, այնպես որ հնարավոր չէր ինչ-որ բան շտկել՝ առանց ամեն ինչ զրոյից սկսելու, իսկ զրոյից սկսել չէր համարձակվի։ Բնակարանում ուտելու ոչինչ չկար, բացի այն սնունդից, որ նա խնամքով պահուստավորել էր իրենց համատեղ կյանքի համար։ Բեկոնի չբացված փաթեթը, տուփով ձվերը, հացի ու կարագի չբացված փաթեթները. դրանք վաղվա նախաճաշի համար էին։ Մտքով անցավ դռան վրա գրություն թողնել ու վազել ներքև՝ դեղատան ճաշարանից ուտելու մի բան վերցնելու։ Հետո որոշեց մի փոքր էլ սպասել։
Տասնմեկն անց կեսին արդեն այնպիսի գլխապտույտ ուներ, որ ստիպված իջավ ներքև։ Եթե Ջեյմին հեռախոս ունենար, կզանգեր նրան։ Բայց փոխարենը բացեց գրասեղանի դարակն ու գրություն թողեց. «Ջեյմի, ես իջել եմ դեղատուն։ Կվերադառնամ հինգ րոպեից»։ Գրչի թանաքը ծորեց մատների վրա, նա մտավ լոգարան ու լվացվեց՝ սրբվելով մաքուր սրբիչով, որ կախել էր։ Գրությունը փակցրեց դռան վրա, ևս մեկ անգամ զննեց բնակարանը՝ համոզվելու, որ ամեն ինչ իդեալական է, և գնաց առանց դուռը կողպելու. գուցե Ջեյմին գար։
Դեղատան ճաշարանում պարզեց, որ ոչինչ չէր ուզում ուտել, միայն էլի սուրճ խմել, բայց սուրճն էլ կիսատ թողեց, որովհետև հանկարծ հասկացավ, որ Ջեյմին երևի արդեն վերևում էր և անհամբեր ու անհանգիստ իրեն էր սպասում։
Բայց վերևում ամեն ինչ հանգիստ էր ու անփոփոխ. գրությունը դռան վրա էր, բնակարանի օդը՝ ծխախոտի ծխից ծանրացած։ Նա բացեց պատուհանն ու նստեց, մինչև հասկացավ, որ քնել էր, իսկ ժամն արդեն մեկին քսան էր պակաս։
Հիմա արդեն վախեցավ։ Վախենալու բան է հանկարծ արթնանալ մի սենյակում, որտեղ ամեն ինչ պատրաստ է, ժամը տասից ամեն բան մաքուր է, և սպասումն է տիրում։ Գրեթե վազքով սենյակից գնաց լոգարան, սառը ջուր ցողեց դեմքին ու սրբվեց մաքուր սրբիչով։ Այս անգամ զգուշորեն հետ կախեց սրբիչը՝ առանց փոխելու այն. դրա համար հետո էլ ժամանակ կգտնվի։ Առանց գլխարկի, չթե զգեստը հագին, վրան վերարկու գցած, ձեռքին՝ կապույտ գույնի սխալ դրամապանակը, որի մեջ ասպիրինն էր, նա իր հետևից կողպեց բնակարանի դուռն ու այս անգամ առանց գրություն թողնելու աստիճաններով ներքև վազեց։ Փողոցի անկյունում տաքսի նստեց և վարորդին տվեց Ջեյմիի հասցեն։
Մեծ հեռավորություն չէր. կարող էր ոտքով գնալ, եթե այդքան թույլ չլիներ, թեև տաքսիի մեջ հանկարծ հասկացավ, թե որքան անխոհեմ կլիներ տաքսիով հասնել ուղիղ Ջեյմիի դռան մոտ՝ պահանջելով տեսնել նրան։ Այնպես որ խնդրեց վարորդին իրեն իջեցնել խաչմերուկում։ Նրան վճարելուց հետո սպասեց՝ մինչև տաքսին հեռացավ, իսկ ինքը սկսեց քայլել փողոցով։ Նախկինում երբեք այնտեղ չէր եղել. հաճելի հին շենք էր։ Նա չգտավ Ջեյմիի անունը ոչ նախասրահի փոստարկղերի, ոչ էլ դռների ցուցանակներից որևէ մեկի վրա։ Ստուգեց հասցեն. ճիշտ հասցեով էր եկել։ Վերջապես սեղմեց այն դռան զանգի կոճակը, որի վրա գրված էր «Դռնապան»։ Մեկ-երկու րոպե անց լսվեց դռան դզզոցը, նա բացեց դուռն ու մտավ մութ նախասրահը, որտեղ մի պահ վարանեց, մինչև սրահի մյուս ծայրում մի դուռ բացվեց և ինչ-որ մեկն ասաց՝ «Այո՞»։
Հենց այդ պահին հասկացավ, որ գաղափար չունի՝ ինչ հարցնել, ուստի առաջ շարժվեց դեպի կերպարանքը, որ լույսին հակառակ կանգնած՝ սպասում էր բաց դռան արանքում։ Երբ նա շատ մոտ էր, կերպարանքը նորից ասաց՝ «Այո՞»։ Նա տեսավ վերնաշապիկով մի տղամարդու, որ նույնքան վատ էր տեսնում իրեն, որքան ինքը նրան։
Համարձակություն հավաքելով՝ նա ասաց.
— Ես փորձում եմ կապի դուրս գալ մի մարդու հետ, որն այս շենքում է ապրում, բայց դռների վրա չեմ գտնում նրա անունը։
— Ի՞նչ է անունը,— հարցրեց տղամարդը։
Նա հասկացավ, որ ստիպված էր ասել։
— Ջեյմս Հարիս,— պատասխանեց,— Հարիս։
Տղամարդը մի պահ լռեց, ապա ասաց.
— Հարիս։
Նա պտտվեց դեպի լուսավորված սենյակն ու ասաց.
— Մա՛րջի, մի րոպե էստեղ արի։
— Հիմա՞ ինչ,— ներսից հարցրեց ձայնը, և որոշ ժամանակ անց (այնքան ժամանակ, որ բավական կլիներ բազկաթոռից վեր կենալու համար) մի կին միացավ նրան ու նայեց դեպի մութ նախասրահը։
— Էս լեդին,— ասաց տղամարդը,— Հարիս անունով մի ջահելի է փնտրում, էստեղ է ապրում։ Մեր շենքի՞ց է։
— Չէ,— ասաց կինը։ Ձայնը ոգևորված էր,— Հարիս անունով տղամարդ էստեղ չկա։
— Կներեք,— ասաց տղամարդը՝ պատրաստվելով փակել դուռը,— սխալ շենք եք եկել, լեդի,— ասաց նա և ավելի ցածրաձայն ավելացրեց,— կամ սխալ ջահելի մոտ,— ասաց ու երկուսով ծիծաղեցին։
Երբ դուռը գրեթե փակել էին, և նա մենակ էր մնացել մութ նախասրահում, դռան բարակ ճեղքից, որտեղից դեռ լույս էր երևում, ասաց.
— Բայց հաստատ էստեղ է ապրում. ես գիտեմ։
— Լսե՛ք,— ասաց կինը՝ դուռը նորից փոքր-ինչ բացելով,— էսպիսի բաներ անընդհատ լինում են։
— Խնդրում եմ սխալ ենթադրություններ մի արեք,— ասաց նա՝ երեսունչորս տարիների կուտակած հպարտությամբ ու արժանապատվությամբ լի ձայնով,— վախենամ՝ ինձ սխալ հասկացաք։
— Ի՞նչ տեսք ունի,— հարցրեց կինը հոգնած ձայնով։
Դուռը դեռ կիսաբաց էր։
— Բավականին բարձրահասակ է, շիկահեր, հաճախ կապույտ կոստյում է հագնում։ Գրող է։
— Չէ՛,— ասաց կինն ու ավելացրեց,— կարո՞ղ է՝ երրորդ հարկում է ապրել։
— Վստահ չեմ։
— Մի տղա կար,— ասաց կինը՝ փորձելով հիշել,— շուտ-շուտ էր կապույտ կոստյում հագնում, որոշ ժամանակ երրորդ հարկում էր ապրում։ Ռոյսթերներն իրենց բնակարանը վարձով էին տվել նրան, մինչ իրենք նահանգի հյուսիսում իրենց բարեկամներին էին այցելում։
— Գուցե նա է, չնայած մտածում էի…
— Էդ տղան հիմնականում կապույտ կոստյումով էր, բայց չգիտեմ՝ հասակն ինչքան էր,— ասաց կինը։— Մոտ մի ամիս մնաց էնտեղ։
— Մի ամիս առաջ էր, երբ…
— Ռոյսթերներին հարցրեք,— ասաց կինը։— Էս առավոտ հետ են եկել։ 3Բ բնակարան։
Այս անգամ դուռը վերջնական փակվեց։ Նախասրահը շատ մութ էր, իսկ աստիճաններն ավելի մութ էին թվում։
Երկրորդ հարկում մի թեթև լույս էր ընկնում հեռու-հեռվից՝ տանիքի օդանցքից։
Կողք կողքի երևացին բնակարանների դռները՝ անհաղորդ ու լուռ. հարկում դրանք չորսն էին։ 2Գ բնակարանի դռան մոտ կաթի շիշ կար։
Երրոդ հարկում նա մի պահ սպասեց։ 3Բ բնակարանից երաժշտություն և այլ ձայներ էին լսվում։ Վերջապես նա թակեց դուռը, մի քիչ սպասեց ու ևս մեկ անգամ թակեց։ Դուռը բացվեց, և երաժշտությունը դուրս հորդեց նրա վրա. կեսօրվա սիմֆոնիկ հեռարձակում էր։
— Բա՛րև Ձեզ,— քաղաքավարի ասաց դռան շեմին հայտնված կնոջը,— տիկին Ռոյսթե՞րն եք։
— Ճի՛շտ էդպես։
Կինը տնային զգեստով ու նախորդ օրվա դիմահարդարմամբ էր։
— Կարելի՞ է Ձեզ հետ խոսել։
— Իհարկե՛,— ասաց տիկին Ռոյսթերն առանց տեղից շարժվելու։
— Պարոն Հարիսի մասին։
— Ի՞նչ պարոն Հարիս,— կտրուկ ասաց տիկին Ռոյսթերը։
— Պարոն Ջեյմս Հարիսի։ Ձեր բնակարանը վարձակալած ջենթլմենի։
— Տե՛ր աստված,— ասաց տիկին Ռոյսթերը. նա ասես հենց այդ պահին առաջին անգամ բացեց աչքերը,— ի՞նչ է արել։
— Ոչինչ, ես ուղղակի փորձում եմ կապվել նրա հետ։
— Տե՛ր աստված,— կրկնեց նա, հետո ավելի լայն բացեց դուռն ու ասաց,— ներս եկեք։ Ռա՛լֆ։
Բնակարանը շարունակում էր թնդալ երաժշտությունից, իսկ բազմոցին, աթոռներին ու հատակին կիսաբաց ճամպրուկներ էին։ Անկյունում սեղան էր գցված՝ վրան ճաշի մնացորդներ։ Սեղանի շուրջը նստած երիտասարդ տղամարդը, որ մի պահ Ջեյմիին հիշեցրեց, ոտքի ելավ և առաջացավ։
— Ի՞նչ է եղել,— հարցրեց երիտասարդը։
— Պարոն Ռոյսթեր,— ասաց նա։ Դժվար էր խոսել երաժշտության տակ։— Ներքևում դռնապանն ասաց՝ այստեղ է ապրել պարոն Ջեյմս Հարիսը։
— Իհարկե,— ասաց նա,— եթե, իհարկե, էդպես էր անունը։
— Կարծում էի՝ նրան վարձով եք տվել Ձեր բնակարանը,— զարմացած ասաց նա։
— Ես նրա մասին ոչինչ չգիտեմ,— պատասխանեց պարոն Ռոյսթերը։— Նա Դոթիի ընկերներից է։
— Իմ ընկերներից չէ,— ասաց տիկին Ռոյսթերը,— իմը չէ։
Նա գնացել էր սեղանի մոտ ու հացի վրա գետնանուշի կարագ էր քսում։ Նա կծեց հացը և գետնանուշի կարագով հացը թափ տալով ամուսնու ուղղությամբ՝ ասաց.
— Իմ ընկերը չէ։
— Նրան էն անիծված հանդիպումների ժամանակ էր ճարել,— ասաց պարոն Ռոյսթերը։ Նա ռադիոյի կողքի աթոռից հրեց ճամպրուկն ու նստեց՝ հատակից մի ամսագիր վերցնելով։— Ես նրա հետ տասը բառ էլ չեմ խոսել։
— Դու ասացիր՝ կարելի է նրան վարձով տալ տունը,— հակաճառեց տիկին Ռոյսթերը, նախքան նորից կկծեր հացը։— Ամեն դեպքում, դեմ չէիր։
— Ես քո ընկերների մասին բան չեմ ասում,— ասաց պարոն Ռոյսթերը։
— Եթե նա իրոք իմ ընկերը լիներ, լավ էլ կասեիր, համոզված եմ,— մռայլ ասաց տիկին Ռոյսթերը, նորից կծեց հացն ու շարունակեց,— լավ էլ կասեր, համոզված եմ։
— Հերիք է, հա՞,— պարոն Ռոյսթերն ամսագրի հետևից նրան նայեց,— վերջացրեցինք։
— Տեսնում եք,— տիկին Ռոյսթերը գետնանուշի կարագով հացն ուղղեց ամուսնու կողմը,— էս է՝ գիշեր ու զօր։
Լռություն տիրեց. միայն երաժշտությունն էր թնդում պարոն Ռոյսթերի կողքը դրված ռադիոյից։ Քիչ անց, նույնիսկ հույս չունենալով, որ ռադիոյի ձայնի տակ իր ձայնը կլսվի, նա ասաց.
— Ուրեմն գնացե՞լ է արդեն։
— Ո՞վ,— հարցրեց տիկին Ռոյսթերը՝ հայացքը գետնանուշի կարագի տարայից բարձրացնելով։
— Պարոն Ջեյմս Հարիսը։
— Նա՞։ Երևի էս առավոտ է գնացել, մինչև մեր գալը։ Նրանից ոչ մի տեղ ոչ մի հետք չկա։
— Գնացե՞լ է։
— Չնայած ամեն ինչ նորմալ էր, ամեն բան կարգին էր։ Ասում էի քեզ,— դիմեց նա պարոն Ռոյսթերին,— ասում էի, որ ամեն ինչ նորմալ կպահի։ Ես միշտ ճիշտ եմ լինում։
— Պարզապես բախտդ է բերել,— պատասխանեց պարոն Ռոյսթերը։
— Ամեն բան իր տեղում է,— ասաց տիկին Ռոյսթերը՝ թափ տալով գետնանուշի կարագով հացը։— Ամեն բան էնտեղ է, որտեղ թողել ենք։
— Գիտե՞ք՝ որտեղ է նա հիմա։
— Գաղափար չունեմ,— ուրախ ձայնով ասաց տիկին Ռոյսթերը։— Բայց, ինչպես ասացի, ամեն բան իր տեղում է։ Ինչո՞ւ եք հարցնում,— հանկարծ հարցրեց նա։— Նրա՞ն եք փնտրում։
— Կարևոր չէ։
— Ցավում եմ, նա էստեղ չէ,— ասաց տիկին Ռոյսթերը։
Նա սիրալիր առաջ անցավ, երբ տեսավ, որ հյուրը պտտվում է դեպի դուռը։
— Գուցե դռնապանը նրան տեսած լինի,— ասաց պարոն Ռոյսթերը լրագրի հետևից։
Երբ դուռը փակվեց նրա հետևում, նա նորից հայտնվեց նախասրահի մթության մեջ, բայց ռադիոյի ձայնը խլացավ։ Հազիվ էր մի աստիճան իջել, երբ դուռը բացվեց, և տիկին Ռոյսթերը գոռաց.
— Եթե տեսնեմ նրան, կասեմ, որ իրեն էիք փնտրում։
«Ի՞նչ կարող եմ անել»,— մտածեց նա, երբ արդեն փողոցում էր։ Անիմաստ էր տուն վերադառնալ, երբ Ջեյմին հայտնի չէր՝ ուր է։ Նա այնքան երկար մնաց մայթին կանգնած, որ դիմացի տան պատուհանից դուրս նայող մի կին պտտվեց ու ներսից ինչ-որ մեկին կանչեց՝ նրան նայելու։ Ի վերջո, ինչ-որ անհայտ մղումով մտավ շենքի հարևանությամբ գտնվող դելիկատեսների խանութ, այն մայթին, որը տանում էր դեպի իր սեփական բնակարանը։ Այնտեղ մի փոքրամարմին տղամարդ կար, որ, մեջքով վաճառասեղանին հենված, թերթ էր կարդում։ Երբ նա ներս մտավ, տղամարդը հայացքը բարձրացրեց և վաճառասեղանի երկայնքով մոտեցավ նրան։
Սառը մսակտորների և պանիրների ապակե ցուցափեղկի մոտ վախվորած ձայնով ասաց.
— Ես փորձում եմ մի տղամարդու հետ կապի դուրս գալ, որը կողքի շենքում է ապրել։ Ուզում էի իմանալ՝ ճանաչո՞ւմ եք նրան։
— Ինչո՞ւ չեք շենքի մարդկանց հարցնում,— ասաց տղամարդը՝ իր նեղլիկ աչքերով զննելով նրան։
«Երևի ոչինչ չեմ գնում, դրա համար չի ուզում խոսել»,— մտածեց նա և ասաց.
— Կներեք։ Հարցրել եմ, բայց նրանք ոչինչ չգիտեն։ Կարծում են՝ այս առավոտ հեռացել է։
— Չգիտեմ՝ ինձնից ինչ եք ակնկալում,— ասաց տղամարդը՝ մի փոքր հետ գնալով, որ վերցնի իր թերթը։— Ես էստեղ նրա համար չեմ, որ հետևեմ՝ ով է կողքի շենքում ներսուդուրս անում։
Նա արագ ասաց.
— Մտածեցի՝ գուցե նկատած լինեիք, այդքան բան։ Նա պետք է այստեղով անցած լիներ, ժամը տասից մի քիչ շուտ։ Բավականին բարձրահասակ է, սովորաբար կապույտ կոստյումով է լինում։
— Լսեք, լեդի, կապույտ կոստյումով օրական քանի՞ տղամարդ է անցնում էստեղով,— հարցրեց տղամարդը։— Ձեր կարծիքով ուրիշ անելու բան չունե՞մ, բացի…
— Կներեք,— ասաց նա ու դուրս գալիս լսեց, թե ինչպես տղամարդն ասաց՝ «Մեղա քեզ»։
Խաչմերուկին մոտենալիս նա մտածեց, որ Ջեյմին պետք է որ այդ ճանապարհով գնացած լինի, դա այն ճանապարհն էր, որով իր տուն էր գնալու, միակ ճանապարհը, որով կարող էր անցնել: Նա փորձեց պատկերացնել Ջեյմիին. որտեղի՞ց անցած կլիներ փողոցը։ Իրականում ի՞նչ տեսակի անձնավորություն էր նա. իր սեփական տան դիմացի՞ց կանցներ փողոցը, պատահական շենքի դիմացի՞ց, թե՞ խաչմերուկում։
Խաչմերուկի անկյունում թերթի կրպակ էր. գուցե այնտեղ նրան տեսած լինեն։ Նա շտապեց դեպի կրպակը, սպասեց, մինչև մի տղամարդ թերթ գնեց, իսկ մի կին ճանապարհը հարցրեց։ Երբ կրպակի աշխատողը նայեց նրան, նա ասաց.
— Կասե՞ք ինձ՝ գուցե այսօր առավոտյան ժամը տասի կողմերը նկատա՞ծ լինեք այստեղով անցնող բարձահասակ տղամարդու՝ կապույտ կոստյումով։
Երբ տղամարդը՝ լայնաբաց աչքերով ու կիսաբաց բերանով, նայեց նրան, նա մտածեց՝ տղամարդը կարծում է, թե կատակ է անում կամ խաղ է խաղում, ուստի հապշտապ ասաց.
— Շատ կարևոր է, հավատացեք ինձ։ Կատակ չէ։
— Լսեք, լեդի,— ասաց տղամարդը։
— Նա գրող է,— անհամբեր ընդհատեց նրան։— Գուցե այստեղից ամսագիր է գնել։
— Ինչի՞ համար եք փնտրում նրան,— հարցրեց տղամարդը՝ ժպիտով նրան նայելով, և նա հասկացավ, որ իր մեջքի հետևում ինչ-որ տղամարդ էր սպասում, իսկ ժպիտը նաև նրան էր ուղղված։
— Կարևոր չէ,— պատասխանեց նա, բայց թերթավաճառն ասաց.
— Լսեք, գուցե իրոք անցել է էստեղով։
Ժպիտից երևում էր, որ ինչ-որ բան գիտի։ Թերթավաճառը հայացքն ուղղեց նրա հետևում կանգնած տղամարդուն։ Նա հանկարծ սարսափահար հիշեց իր տարիքին ոչ հարիր չթե զգեստի մասին և արագ փաթաթվեց վերարկուի մեջ։ Թերթավաճառը մտախոհ տեսք ընդունելով՝ ասաց.
— Հաստատ չեմ կարող ասել, բայց կարծես տեսել եմ Ձեր ջենթլմենի նման մեկին էս առավոտյան։
— Տասի կողմե՞րը։
— Տասի կողմերը,— հաստատեց թերթավաճառը։— Բարձրահասակ երիտասարդ, կապույտ կոստյումով։ Չեմ զարմանա, եթե ինքը լինի։
— Ո՞ր ուղղությամբ է գնացել,— անհամբեր հարցրեց նա։— Դեպի հյուսի՞ս։
— Դեպի հյուսիս,— գլխով անելով՝ ասաց թերթավաճառը։— Դեպի հյուսիս գնաց։ Հաստատ։ Ինչո՞վ կարող եմ օգնել, սըր։
Նա հետ քայլեց՝ վերարկուի մեջ փաթաթված։ Նրա հետևում կանգնած տղամարդը ուսի վրայով նայեց նրան, իսկ հետո նա ու թերթավաճառը հայացքներ փոխանակեցին։ Նա մի պահ մտածեց՝ արժե՞ր թեյավճար տալ թերթավաճառին, բայց երբ տղամարդիկ երկուսով սկսեցին ծիծաղել, նա շտապեց անցնել փողոցը։
«Դեպի հյուսիս,— մտածեց նա։— Ճիշտ է։ Այդպես ստիպված չի լինի պողոտան անցնել, ընդամենը պետք է հինգ փողոց անցնել ու թեքվել դեպի իմ տան փողոցը»։
Մի փողոց էր դեռ անցել, երբ ծաղկի խանութ տեսավ. ցուցափեղկին հարսանեկան ծաղկեփնջեր էին։ Նա մտածեց.
«Ի վերջո, հարսանիքս է, հնարավոր է՝ ծաղիկներ է գնել ինձ համար»։
Նա ներս մտավ։ Ծաղկավաճառը ժպիտով ու շողոքորթ հայացքով խանութի խորքից մոտեցավ նրան։ Մինչև ծաղկավաճառը կհասցներ ինչ-որ բան ասել, ինքը սկսեց խոսել, որպեսզի նա չհասցներ մտածել, թե ինչ-որ բան է գնելու.
— Ես պետք է կապվեմ մի ջենթլմենի հետ, որը, հնարավոր է, այսօր առավոտյան մտել է այստեղ՝ ծաղիկներ գնելու։ Անչափ կարևոր է։
Նա շունչ քաշեց, իսկ ծաղկավաճառն ասաց.
— Լավ, ի՞նչ ծաղիկներ։
— Չգիտեմ,— զարմացած պատասխանեց նա։— Նա երբեք…,— չշարունակելով միտքը՝ ասաց,— բավականին բարձրահասակ երիտասարդ է՝ կապույտ կոստյումով։ Մոտավորապես ժամը տասին։
— Պարզ է,— ասաց ծաղկավաճառը,— բայց, ցավում եմ…
— Բայց շատ կարևոր է,— շարունակեց նա։— Նա երևի շտապելիս է եղել,— ավելացրեց նա՝ հույս ունենալով հուշելու։
— Լավ,— ասաց ծաղկավաճառը բարեսիրտ ժպիտով՝ ցուցադրելով իր բոլոր փոքրիկ ատամները։
— Ինչեր ասես որ չես անի լեդիի համար,— ասաց նա՝ մոտենալով ստենդին ու մի մեծ գիրք բացելով։
— Ո՞ւր պետք է ուղարկվեին,— հարցրեց նա։
— Ո՞ւր։ Չեմ կարծում՝ ուղարկել է։ Հասկանում եք, նա գալիս էր… նկատի ունեմ՝ ինքն էր բերելու ծաղիկները։
— Մադամ,— ասաց ծաղկավաճառը. նա վիրավորված տեսք ուներ։ Նրա ժպիտն արդեն խղճահարություն էր արտահայտում,— հասկացեք, առանց հուշումների ես չեմ կարող…
— Խնդրում եմ փորձեք հիշել,— աղաչում էր նա։— Բարձրահասակ, կապույտ կոստյումով, այս առավոտ ժամը տասին։
Ծաղկավաճառը փակեց աչքերը, մատը դրեց բերանին ու խոր մտքերի մեջ ընկավ։ Հետո թափահարեց գլուխը։
— Չէ՛, չեմ հիշում։
— Շնորհակալ եմ,— ասաց նա հուսահատ։
Նա շարժվում էր դեպի դուռը, երբ ծաղկավաճառը զրնգուն, ոգևորված ձայնով բացականչեց.
— Սպասե՛ք։ Մի րոպե սպասե՛ք, մադա՛մ։
Նա պտտվեց դեպի ծաղկավաճառը, որը, նորից մտածելով, վերջապես ասաց.
— Քրիզանթեմնե՞ր։
— Օ՜, ո՛չ,— պատասխանեց նա դողացող ձայնով, իսկ քիչ անց ավելացրեց,— այս առիթի համար, վստահ եմ, որ ոչ։
Ծաղկավաճառը սեղմեց շրթունքները և հայացքը հեռացրեց. հայացքի մեջ սառնություն կար։
— Դե՛, ես, իհարկե, չգիտեմ՝ ինչ առիթ է,— ասաց նա,— բայց համարյա վստահ եմ, որ Ձեզ հետաքրքրող ջենթլմենն էս առավոտ եկել ու քրիզանթեմներ է գնել։ Առանց առաքման։
— Համոզվա՞ծ եք։
— Անպայման,— պնդեց ծաղկավաճառը,— հաստատ էդ տղամարդն էր։
Ծաղկավաճառն ուրախ ժպտաց։ Նա նույնպես ժպտաց և ասաց.
— Լա՛վ, շատ շնորհակալ եմ։
Ծաղկավաճառը նրան ուղեկցեց դեպի դուռը։
— Կուզե՞ք գեղեցիկ ծաղկեփնջեր հագուստի համար,— հարցրեց ծաղկավաճառը, երբ անցնում էին խանութով։— Կարմիր վարդեր, գարդենիաներ։
— Շնորհակալ եմ օգնության համար,— ասաց նա դռան մոտ։
— Ոչինչ այնքան չի գեղեցկացնում լեդիին, որքան ծաղիկները,— ծաղկավաճառը գլուխը թեքեց նրա ուղղությամբ։— Իսկ օրքիդնե՞ր։
— Ո՛չ, շնորհակալ եմ։
— Հուսով եմ՝ կգտնեք Ձեր ընկերոջը,— ասաց ծաղկավաճառը լկտի տոնով։
Փողոցով քայլելիս նա մտածեց՝ «Բոլորը ծիծաղում են վրաս» և ավելի ամուր փաթաթվեց վերարկուի մեջ, այնպես որ չթե զգեստի միայն բոլորածալն էր երևում։
Փողոցի անկյունում մի ոստիկան տեսավ ու մտածեց. «Ինչո՞ւ ոստիկանություն չեմ դիմում։ Երբ մարդ է կորչում, ոստիկանություն ենք գնում, չէ՞»։ Իսկ հետո մտածեց. «Իսկական հիմարի տեսք կունենամ»։ Նա անմիջապես պատկերացրեց՝ ինչպես է ոստիկանական բաժանմունքում ասում՝ «Այո՛, մենք պատրաստվում էինք ամուսնանալ այսօր, բայց նա չեկավ», և ինչպես են երեք-չորս ոստիկաններ լսում, նայում իրեն, իր չթե զգեստին, չափից դուրս վառ դիմահարդարմանը ու փոխադարձ ժպիտներ փոխանակում։ Նա նրանց ավելին չէր կարող պատմել, չէր կարող ասել՝ «Դե հա, հիմարություն է թվում. ես՝ այսպես զուգված-զարդարված, փորձում եմ գտնել երիտասարդին, որ խոստացել է ամուսնանալ ինձ հետ, բայց ինչքան բան կա, որ չգիտեք։ Ես ավելին եմ, քան սա, ավելին եմ, քան տեսնում եք. տաղանդ, հումորի զգացում, ես լեդի եմ, հպարտություն ունեմ, քնքշություն, նրբանկատություն, հստակ պատկերացում կյանքի մասին, որի շնորհիվ տղամարդը կլինի բավարարված, հաջողակ ու երջանիկ։ Այնքան բան կա, որ ինձ նայելով չեք տեսնում»։
Ակնկայտ էր՝ ոստիկանություն դիմելը բացառված էր, էլ չհաշված, թե Ջեյմին ինչ կմտածեր, երբ իմանար՝ ոստիկաններին ուղարկել է իր հետևից։ «Ո՛չ, ո՛չ»,— ասաց նա բարձրաձայն՝ արագացնելով քայլերը։ Ինչ-որ անցորդ կանգ առավ ու նայեց նրան։
Հաջորդ խաչմերուկում (իր տնից երեք փողոց էր հեռու) կոշիկների փայլեցման կետ էր։ Մի տարեց տղամարդ գրեթե քնած նստած էր աթոռներից մեկին։ Նա կանգնեց տղամարդու դիմաց և սպասեց։ Քիչ անց տղամարդը բացեց աչքերն ու ժպտաց նրան։
— Լսեք,— բառերը դուրս թռան, նախքան կհասցներ մտածել։— Ներողություն եմ խնդրում անհանգստացնելու համար, բայց ես փնտրում եմ մի երիտասարդի, ով այստեղով անցել է այս առավոտ՝ տասի կողմերը։ Դուք տեսե՞լ եք նրան,— ասաց նա ու սկսեց իր նկարագրությունը։— Բարձրահասակ, կապույտ կոստյումով, ծաղկեփնջով։
Տարեց մարդը գլխով արեց, նախքան կհասցներ ավարտել խոսքը։
— Տեսել եմ,— ասաց։— Ձեր ընկե՞րն է։
— Այո՛,— նա ակամա ժպտաց։
Ծերունին թարթեց աչքերն ու ասաց.
— Հիշում եմ՝ մտածեցի՝ ընկերուհուն է պատրաստվում տեսնել, հա՜, ջահել։ Բոլոր ջահելներն էլ ընկերուհիների մոտ են շտապում։
Մարդը հանդուրժողաբար գլուխը թափ տվեց։
— Ո՞ր ճանապարհով է գնացել։ Պողոտայո՞վ։
— Ճիշտ էդպես,— պատասխանեց ծերունին։— Փայլեցրած կոշիկներ, ձեռքին՝ ծաղիկներ, զուգված-զարդարված, ահավոր շտապում էր։ Ընկերուհի ունի, մտածեցի ես։
— Շնորհակալություն,— ասաց նա՝ փորփրելով գրպանը՝ մանրադրամ փնտրելու։
— Աղջիկը հաստատ կուրախանա էդ երիտասարդին տեսնելով, էնպիսի տեսք ուներ,— ասաց ծերունին։
— Շնորհակալություն,— կրկնեց նա՝ գրպանից դատարկ ձեռքը հանելով։
Առաջին անգամ նա իսկապես համոզվեց, որ Ջեյմին իրեն է սպասում, և չթե զգեստը վերարկուի տակ ծածանելով՝ շտապ անցավ մնացած երեք փողոցներն ու թեքվեց դեպի իր շենքը։ Անկյունից իր բնակարանի պատուհանները չէին երևում, չէր տեսնում Ջեյմիին պատուհանի մոտ կանգնած իրեն սպասելիս, մինչ ինքը գրեթե վազելով նրա մոտ էր գնում։ Շենքի մուտքի բանալին դողում էր նրա մատների մեջ։ Հայացք գցելով դեղատանը՝ նա մտածեց իր խուճապի մասին, առավոտվա սուրճի մասին ու հազիվ զսպեց ծիծաղը։
— Ջեյմի, ես այստեղ եմ, ես այնքան էի անհանգստանում,— ասաց նա՝ դեռ չհասցրած դուռը բացել։
Նրան սպասում էր իր սեփական բնակարանը՝ լքված, լուռ։ Պատուհաններից ձգվում էին հետկեսօրյա ստվերները։ Տեսնելով սուրճի դատարկ բաժակը՝ նա մի պահ մտածեց՝ այդ նա է սպասում իրեն, մինչև կհասկանար, որ դա իր բաժակն էր, որ թողել էր առավոտյան։ Նա նայեց սենյակով մեջ, հանդերձասենյակը, լոգարանը։
— Ես երբեք չեմ տեսել նրան,— ասաց դեղատան աշխատողը։— Հաստատ գիտեմ, որովհետև նկատած կլինեի ծաղիկները։ Նման մարդ չի եկել։
Կոշիկներ փայլեցնող ծերունին արթնանալով կրկին նրան տեսավ իր դիմաց կանգնած։
— Նորից բարև,— ասաց ծերունին ու ժպտաց։
— Համոզվա՞ծ եք,— պնդեց նա,— նա իրո՞ք պողոտայով է գնացել։
— Ես հայացքով հետևում էի նրան,— ծերունու արժանապատվությունը խոցվել էր նրա տոնից։— Մտածեցի՝ էս երիտասարդն ընկերուհի ունի։ Տեսա՝ ոնց մտավ էն շենքը։
— Ո՞ր շենքը,— հարցրեց նա ցրված ձայնով։
— Հենց է՜ն շենքը,— պատասխանեց ծերունին՝ առաջ թեքվելով, որպեսզի ցույց տա։— Կողքի շենքը։ Ծաղիկներով, փայլեցրած կոշիկներով, գնում էր ընկերուհուն տեսնելու։ Հենց նրա շենքը մտավ։
— Ո՞ր մեկը։
— Մոտավորապես փողոցի մեջտեղի մասում,— ասաց ծերունին՝ կասկածամտորեն նայելով նրան։— Էդ ի՞նչ եք ուզում անել։
Նա վազեց՝ առանց նույնիսկ շնորհակալություն հայտնելու։ Արագ-արագ քայլում էր՝ զննելով շենքերը՝ տեսնելու՝ գուցե Ջեյմին դուրս է նայում պատուհանից, լսողությունը լարած՝ գուցե ինչ-որ բնակարանից նրա ծիծաղը լսեր։
Շենքներից մեկի դիմաց մի կին էր նստած, որ մանկասայլակը միապաղաղ հետ ու առաջ էր քշում, ինչքան ձեռքի երկարությունը թույլ էր տալիս։ Մանկասայլակի երեխան, հետ ու առաջ օրորվելով, քնած էր։
Հիմա արդեն ուղիղ իր հարցին էր անցնում։
— Կներեք, այս առավոտ՝ ժամը տասի կողմերը, տեսե՞լ եք մի երիտասարդի շենքներից մեկը մտնելիս։ Բարձրահասակ, կապույտ կոստյումով, ծաղկեփնջով։
Մոտ տասներկու տարեկան մի տղա կանգնեց լսելու՝ ուշադիր հայացքը մի կնոջից մյուսին ուղղելով, իսկ երբեմն էլ հայացքը գցելով նորածնի վրա։
— Լս՛եք,— ասաց կինը հոգնած ձայնով,— ժամը տասը երեխայի լողանալու ժամն է։ Ի՞նչ եք կարծում։ Ո՞նց պիտի տեսնեի էստեղ շրջող անծանոթ տղամարդկանց։
— Մեծ ծաղկեփնջո՞վ,— հարցրեց տղան՝ քաշելով նրա վերարկուից։— Մեծ ծաղկեփնջո՞վ։ Ես եմ տեսել, միսիս։
Նա նայեց տղային, որը լկտի ծիծաղով հռհռաց։
— Ո՞ր շենք մտավ,— հոգնած հարցրեց նա։
— Բաժանվելու եք նրանից, չէ՞,— համառ ձայնով հարցրեց տղան։
— Չի կարելի լեդին էդպիսի բան ասել,— ասաց մանկասայլակն օրորող կինը։
— Լսեք,— ասաց տղան,— ես տեսել եմ նրան։ Էնտեղ մտավ,— նա ցույց տվեց մոտակա շենքը։— Ես գնացի նրա հետևից: Նա ինձ քառորդ դոլար տվեց,— ասաց տղան ու ձայնը ցածրացնելով՝ շարունակեց։— Ասաց՝ այսօր կարևոր օր է ինձ համար, տղա՛։ Իսկ Դուք ինձ քառորդ դոլար կտա՞ք։
Նա տղային մի դոլարանոց թղթադրամ տվեց։
— Ո՞ւր գնաց,— հարցրեց նա։
— Վերջին հարկ,— պատասխանեց տղան։— Ես նրա հետևից գնացի, մինչև քառորդ դոլար տվեց։ Մինչև ամենավերջին հարկը։
Տղան, թղթադրամը ապահով ձեռքում պահած, հետ քաշվեց մայթի վրա։
— Բաժանվելու եք նրանից, չէ՞,— նորից հարցրեց։
— Ձեռքին ծաղկեփունջ կա՞ր։
— Հա՛,— պատասխանեց տղան՝ սկսելով ճչալով խոսել։— Բաժանվելո՞ւ եք նրանից, միսիս։ Ուզում եք բռնեցնե՞լ նրան։
Նա նետվեց փողոց՝ ոռնալով.
— Նա ուզում է բռնեցնել խեղճ տղային։
Մանկասայլակն օրորող կինը ծիծաղեց։
Բազմաբնակարանային շենքի մուտքի դուռը կողպված չէր։ Շքամուտքում ոչ զանգեր կային, ոչ անունների ցուցանակներ։ Աստիճանները նեղլիկ ու կեղտոտ էին։ Վերջին հարկում երկու դուռ կար։ Իրեն պետք էր դիմացի դուռը։ Դռան մոտ՝ հատակին, ծաղիկների ճմռթված թուղթ ու ժապավեն էր ընկած՝ որպես հուշում, որպես վերջնական հուշում, ինչպես նապաստակի և որսաշների խաղում։
Նա թակեց դուռը։ Թվաց՝ ներսից ձայներ լսեց, և հանկարծ սարսափով մտածեց. «Ի՞նչ եմ ասելու, եթե Ջեյմին այնտեղ լինի, եթե բացի դուռը»։ Մի պահ ձայները լռեցին։ Նա նորից թակեց դուռը։ Լռություն էր. միայն ինչ-որ ձայներ էր լսում, որ հեռվից եկող ծիծաղի էին նման։ «Հնարավոր է՝ տեսել է ինձ պատուհանից,— մտածեց նա,— պատուհանները շենքի բակի վրա են բացվում, իսկ այդ տղան ահավոր աղմուկ էր բաձրացրել»։ Նա սպասեց, ապա նորից թակեց, բայց արձագանք չկար։
Ի վերջո, նա մոտեցավ հարևան դռանն ու թակեց։ Նրա ձեռքի հրումից դուռն անմիջապես բացվեց, և նրա առջև բացվեց դատարկ ձեղնահարկ-սենյակը՝ շերտաձողերով պատված մերկ պատերով, չներկված հատակով։ Նա ներս մտավ, նայեց շուրջը։ Սենյակում ոչինչ չկար, բացի գաջի պարկերից, հին ամսագրերի կույտերից, կոտրված ճամպրուկից։ Ինչ-որ ձայն էր գալիս. նա նախ հասկացավ, որ առնետ էր, ապա տեսավ այն՝ պատի մոտ՝ իրեն շատ մոտ նստած, չարագույժ զգոն դեմքով, փայլուն աչքերը նրան հառած։ Նա, շտապելով դուրս պրծնել, իր հետևից այնպես շրխկացրեց դուռը, որ չթե զգեստի փեշը մնաց դռան տակ ու պատռվեց։
Նա գիտեր, որ հարևան բնակարանում ինչ-որ մեկը կար, քանի որ ցածր ձայներ ու երբեմն էլ ծիծաղ էր լսում։ Նա շատ անգամներ վերադարձավ այնտեղ, առաջին շաբաթվա ընթացքում՝ ամեն օր։ Նա գալիս էր առավոտյան՝ աշխատանքի գնալիս, երեկոյան, երբ տուն էր գնում՝ ընթրելու միայնության մեջ, բայց որքան էլ երկար և ուժեղ էր թակում, դուռը չէին բացում։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *