Լյուդմիլա  Ուլիցկայա | Ալիսան մահ է գնում

Տանյա Ռախմանովային

         Երբ կյանքը կատարելության էր հասցված, վրա հասավ ծերությունը։ Վերջին թանկարժեք նրբագիծը փոքրիկ լոգարանն էր, որը տեղադրվել էր երկար մտորումներից և որոնումներից հետո։ Ոմանք լոգախցիկ էին առաջարկում, բայց Ալիսան անվերապահորեն դեմ էր դռնով լոգարանին․ ի՞նչ լավ բան կարող է լինել նրանում, երբ վերևից անձրև է տեղում գլխիդ։ Բոլորովին այլ է, երբ պառկում ես տաքուկ ջրի մեջ՝ ռետինե բարձը գլխիդ տակ, և փափկած ոտնաթաթերով այս ու այն կողմ ես անում հաճելիորեն ծակծկող երկու պլաստմասսայե գնդիկ։

         Ալիսան այն հազվադեպ մարդկանցից էր, որոնք հստակ գիտեն, թե ինչ են ուզում, և թե ինչ ոչ մի պարագայում չեն ուզում։ Մորից բաժին հասած խառնակ արյունը՝ կիսաբալտյան, կիսալեհական, վաղ տարիքից չափավորում էր Ալիսայի բուռն ցանկությունները, իսկ ուրիշի ազդեցության տակ հայտնվելու վախն ուժեղ էր մյուս բոլոր վախերից, որոնք բնորոշ են կանանց․ միայնության կամ անզավակության, աղքատության վախից։ Իսկ նրա մայրը՝ Մարթան, որը դեռ մինչև պատերազմը ամուսնացել էր մարտական սպայի հետ և ծնել Ալիսային, թաղեց իր գեներալին, իսկ մնացյալ ողջ երիտասարդ տարիների ընթացքում կրքոտ սիրահարվում էր և բուռն տառապում՝ ընդհուպ մինչև հոգեբուժարաններում հայտնվելը։ Միշտ պատրաստ էր հերթական սիրեկանի առջև փռել այն ամենը, ինչ ուներ՝ ամուսնուց ժառանգած գեներալական բնակարանը ներառյալ։

         Վերջին սիրեցյալից բաժանվելուց հետո Մարթան կյանքին վերջ տվեց անպարկեշտորեն գեղագիտական եղանակով․ նախապես վարսավիրանոց գնալուց և մատնահարդարում անելուց հետո նետվեց գնացքի տակ։ Մոր այդ խելագար պահվածքը Ալիսայի մեջ կաթվածահար արեց դատարկ և ապարդյուն անձնազոհության ունակությունը։

         Մարթայի հուղարկավորությանը եկան մի քանի նախկին սիրեցյալներ և վերջինը, որը լքել էր նրան և դրանով իսկ մահացու հարված հասցրել։ Մի կույտ ծաղիկներ բեռնաթափեցին փակ դագաղի վրա, իսկ քսանամյա Ալիսան՝ իր թերարտահայտված խամրած հմայքով, ամաչելով և արհամարհելով մոր զգացմունքային չափազանցությունը, երդվեց, որ երբեք մորը չէր նմանվելու և չէր դառնալու այդ կենդանիների խաղալիքը։ Եվ չդարձավ։ Ոչ թե դժվարին միենակեցություն, այլ հազվադեպ աննշան սիրավեպեր, որոնք նրա կենսափորձը համարժեք էին դարձնում հասակակիցներինի հետ։

         Աշխատում էր իբրև ինժեներ-գծագրող, հիանում էր սեփական հիասքանչ աշխատանքով, գիտեր, որ բյուրոյում նրանից լավ ոչ ոք չէր գծագրում։ Քսաներորդ դարի վերջին համակարգիչներ հայտնվեցին, և բոլոր գծագրողները, նույնիսկ ամենավաստակավորները, ստիպված եղան մի կողմ դնելու մատիտները և սկսելու յուրացնել տանջալից ծրագիրը, որը հստակ կատարում էր բոլոր հրահանգները․ «Բարձրացրո՛ւ գրիչը, իջեցրո՛ւ գրիչը, տեղափոխի՛ր գրիչը կոորդինատների վրա․․․»։ Բայց հենց այդ ժամանակ Ալիսան թոշակի անցավ։

         Տասը տարուց ավել տևեց նրա կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը․ թոշակը ցածր էր, բայց Ալիսան հրաշալի հավելավաստակ գտավ․ առավոտյան տասից մինչև ճաշի ժամը այգում զբոսնում էր երեխաների հետ։ Իսկ հետո հիանալիության աստիճան ազատ էր։ Երբեմն թատրոններ էր գնում, ավելի հաճախ՝ կոնսերվատորիա համերգների, որտեղ հետաքրքիր ծանոթներ էր ձեռք բերել, իր հաճույքներով էր ապրում, մինչև որ մի օր միանգամայն պատահաբար սեփական բնակարանում՝ սեփական թախտի մոտ, կորցրեց գիտակցությունը։ Անորոշ ժամանակ այդպես ընկած լինելուց հետո ուշքի եկավ և զարմացավ՝ տեսնելով իրերի դիրքերը․ ծանծաղ հեղուկի մեջի կոտրված բաժակը, շուռ եկած աթոռի ոտքերը, խավավոր կարմրակապտավուն գորգը՝ դեմքին շատ մոտ։ Հեշտությամբ ոտքի կանգնեց։ Վնասված արմունկը ցավում էր։ Մտորեց և բժիշկ կանչեց։ Ճնշումը չափեցին և դեղահաբեր նշանակեցին։ Թվում էր՝ ամեն բան նախկինի պես էր։ Սակայն էժան չնստեց․ այդ օրվանից Ալիսան սկսեց մահվան մասին մտածել։

         Խելքը գլխին բարեկամներ չէին մնացել, լեհ-լիտվացիները վաղուց էին անհետացել, քանի որ ատում էին խորհրդային իշխանություններին, որի ներկայացուցիչն էր հանգուցյալ գեներալը։ Գեներալի բարեկամությունն իր հերթին առանձնապես չէր սիրում ո՛չ Մարթային, ո՛չ Ալիսային, և բոլորն արդեն վաղուց մոռացել էին, թե ինչու․․․

Ալիսան վաթսունչորս տարեկան էր։ Ամուր առողջություն ուներ, եթե հաշվի չառնենք ուշաթափությունը՝ կյանքի վերջանալիության անսպասելի հիշեցումը։ Սակայն հարց առաջացավ․ իսկ եթե հիվանդանա՞ր։ Անկողի՞ն էր ընկնելու։ Հույսն ո՞ւմ վրա էր դնելու։

Ալիսան կորցրեց քունը։ Մի քանի գիշեր չքնեց, և մի հանճարեղ գաղափար ծնվեց։ Շատ հասարակ․ եթե վրա հասնեին տարբեր հիվանդություններ, ապրելն անտանելի դառնար, կարելի էր թույն խմել։ Պետք էր նախապես լավ թույն պատրաստել, ավելի լավ կլիներ քնաբերի նման մի բան լիներ, որպեսզի քներ և այլևս չարթնանար։ Առանց հիմար ցուցադրության, ինչպիսին մայրը ժամանակին կազմակերպել էր։ Իբրև թե Աննա Կարենինան էր։ Ուղղակի վերցներ ու չարթնանար։ Եվ այդպիսով խուսափել ինքնին մահվան տհաճությունից․․․

Երբ այդ գաղափարը ծնվեց Ալիսայի գլխում, վեր թռավ անկողնուց և սկսեց դարակը քանդել․ ինչ-որ տեղ պետք է դիմափոշու կամ ուրիշ կոսմետիկ պարագաների համար նախատեսված ճենապակյա սպիտակ տուփիկ լիներ, որ մորից էր մնացել։ Հենց դրա մեջ էլ կարելի կլիներ դեղափոշիներ լցնել, անկողնու մոտ դնել, և հենց ժամանակը գար, ընդունել դրանցից մեկը․․․

Ո՛չ, անմիջապես հաջորդ օրը չէ։ Բայց ժամանակն էր մտածել։ Առաջին հերթին անհրաժեշտ էր վստահելի բժիշկ գտնել, որպեսզի այդ դեղափոշիներն անհրաժեշտ քանակությամբ նշանակեր։ Դժվար, բայց լուծելի խնդիր էր․․․

Ուշաթափությունից հետո Ալիսան սովորականի նման էր ապրում․ զբոսնում էր Արսյուշայի և Գալոչկայի հետ։ Հաճելի երեխաներ էին կողքի շենքից, մայրն էլ դաստիարակված կին էր, լաչառ չէր, երաժշության ուսուցչուհի էր, առավոտյան դասավանդում էր, իսկ օրվա երկրորդ կեսին՝ զբաղվում երեխաներով։

Նախկինի նման երեկոներն Ալիսան զվարճանքների մեջ էր անցկացնում, բայց լավ բժիշկ գտնելու մասին չէր մոռանում։ Թատրոն ուղեկցող ծանոթներից մեկի հետ այս ու այն թեմաներից զրուցելիս պարզեց, որ վերջինիս եղբայրը բժիշկ էր։ Ընդ որում՝ հրեա։ Այո՛, այո՛։ Գուցե իզուր չէին նրանց մասին տարբեր բաներ ասում․ վնասատուներ, թունավորիչներ․․․ Մի խոսքով՝ Ալիսան խնդրեց ծանոթուհուն հանդիպում կազմակերպել եղբոր հետ՝ բժշկական հետազոտման համար։

Մեկ շաբաթ անց եկավ եղբայրը՝ Ալեքսանդր Եֆիմովիչը։ Տխուր, վտիտ տղամարդ՝ դեմքի հարցական արտահայտությամբ։ Նրան թվացել էր, թե մասնավոր ընդունելության էր հրավիրված, բայց Ալիսան սեղանի շուրջ նստեցրեց նրան և թեյ մատուցեց։ Նա փոքր-ինչ տարակուսում էր, բայց հիվանդը դաստիարակված էր և արտաքնապես շատ գրավիչ։ Նախկինում երբեք նման կանայք նրա տեսադաշտում չէին հայտնվել։ Առհասարակ արդեն վաղուց ոչ մի կին չէր հայտնվել։ Հիվանդներին դիտարկում էր բացարձակապես մասնագիտական տեսանկյունից։ Երեք տարի էր, ինչ այրիացել էր, թախծում էր միայնության մեջ և բարեկամների՝ միայնության վնասակարության մասին ակնարկները լսել անգամ չէր ուզում։

Ազնվաբարո կերպով էր սեղանը գցված, ճենապակյա բաժակները դրված էին  մոխրագույն, վշե սփռոցի վրա, կոնֆետները փոքրիկ էին, արտասահմանյան, այլ ոչ թե ծանրակշիռ «Мишки в сосновом бору» կոնֆետների նման։ Ինքը՝ Ալիսա Ֆյոդորովնան, նման էր կոնֆետներին և բաժակներին, նրբագեղ էր, անժպիտ, բարակ շրթունքներով, հարթ հավաքված շեկ վարսերով։ Թեյ լցրեց և ուղիղ ասաց իր խնդրի մասին․ «Ինձ ուժեղ քնաբեր է հարկավոր, ընդ որում՝ այնպիսի քանակությամբ, որպեսզի ընդունելուց հետո այլևս չարթնանամ»։

Մի պահ մտորելուց հետո մի կում թեյ խմելով՝ Ալեքսանդր Եֆիմովիչը հարցրեց․

-Ինչ-որ օնկոլոգիական հիվանդություն ունե՞ք։

-Ո՛չ։ Միանգամայն առողջ եմ։ Ոչ մի բարեկամ չունեմ, որ կկարողանար հոգ տանել իմ մասին, իսկ հիվանդանոցներ ընկնելու և անմիզապահությամբ տառապելու ոչ մի ցանկություն չկա։ Քնաբերն ինձ հարկավոր է, որպեսզի կարողանամ ընդունել այն, հենց որ որոշումը հասունանա։ Ուղղակի թեթև մահ եմ ուզում գնել ինձ համար։ Ինչ-որ վատ բա՞ն եք տեսնում դրանում։

-Քանի՞ տարեկան եք,- երկար դադարից հետո միանգամայն բժշկական հարց տվեց բժիշկը։

-Վաթսունչորս։

-Հրաշալի տեսք ունեք։ Հիսունից ավել ոչ ոք չի տա Ձեզ, – դիտարկում արեց նա։

-Գիտեմ։ Բայց հաճոյախոսությունների համար չեմ հրավիրել Ձեզ։ Հստա՛կ ասեք, արդյոք կկարողանաք նշանակե՞լ ինձ անհրաժեշտ դեղը բավականաչափ քանակությամբ, թե ոչ․․․

Բժիշկը հանեց ակնոցը, դրեց իր դիմաց և տրորեց աչքերը։

-Պետք է մտածեմ։ Ընդհանուր առմամբ՝ հասկանում եք չէ՞, որ բարբիտուրատները հատուկ դեղատոմսով են նշանակվում․․․ընդհատկյա գործ է։

-Եվ տվյալ պարագայում լավ վարձատրվող, – չոր կերպով ասաց Ալիս Ֆյոդորովնան։

-Ես բժիշկ եմ, և ինձ համար առաջին հերթին դա բարոյական հարց է։ Խոստովանում եմ՝ առաջին անգամ եմ նման առաջարկ ստանում։

Թեյը խմեցին վերջացրին։ Հրաժեշտ տվեցին միմյանց՝ պայմանավորվելով, որ բժիշկը կմտածեր և կզանգահարեր նրան, որպեսզի հայտներ կայացված որոշման մասին։

Արդեն չէր քնում Ալեքսանդր Եֆիմովիչը։ Մտքից դուրս չէր գալիս այդ նիհար, սպիտակավուն կինը, որ այդքան տարբերվում էր բոլոր նրանցից, ում երբևէ հանդիպել էր կյանքում։ Եվ ամենաշատը նման չէր նրա կնոջը՝ Ռայային՝ զվարթ, սանրվածքից մեկընդմեջ դուրս եկող ծալազարդված մազափնջերով, փարթամ կրծքերի հատվածում մաշված բլուզներով, աղմկալից, երբեմն նաև ճղճղան․․․ և թե ինչպես էր Ռայան հեռանում կյանքից՝ մաշվելով սարկոմայից[1], հրեշային ցավերի նոպաներով, որոնք ոչ մի տեսակի մորֆիններ չէին մեղմացնում։

Մի ամբողջ շաբաթ  չէր կարողանում որոշում կայացնել, ամեն օր պատրաստվում էր զանգել այդ զարմանալի Ալիսային, բայց չէր կարողանում լուծել այն բարոյական խնդիրը, որ վերջինս հանձնարարել էր նրան։ Ուղղախո՜ս, անկե՜ղծ, հարգելի՜ կին։ Չէ՞ որ ընդամենը կարող էր բողոքել, թե տառապում էր անքնությունից, խնդրել քնաբեր նշանակել, և ես կնշանակեի, իսկ նա տասը, քսան դեղաքանակ կհավաքեր (ո՞վ կարող էր ստուգել դա) և կխմեր, որպեսզի հավերժական քուն մտներ։

Պատահական հանդիպեցին կոնսերվատորիայում՝ Պլետնյովի համերգին՝ Չայկովսկու՝ «Քնած գեղեցկուհի» սյուիտայից հետո և Շոպենի սոնատից առաջ։ Ալիսան միանգամից չճանաչեց նրան, իսկ նա՝ առաջին վայրկյանից։

Կանգնած էր բուֆետում՝ ձեռքին մեկ բաժակ ջուր, և այս ու այն կողմ էր նայում՝ ազատ տեղ փնտրելով։ Ալեքսանդր Եֆիմովիչը հեռվից գլուխ տվեց։ Ոտքի կանգնեց, հրավիրեց նստել, և Ալիսան նստեց ազատված աթոռին․․․

Համերգից հետո Ալեքսանդր Եֆիմովիչը գնաց նրան ճանապարհելու։ Մինչև նրանք երաժշտություն էին լսում, հորդառատ անձրևը դադարել էր։ Լայնատարած ջրափոսերը ծածկել էին ողջ փողոցը, և բրոնզե Չայկովսկին նստած էր բրոնզե բազկաթոռին, որը անձրևաջրից առաջացած փոքրիկ լճակի մեջ էր։ Բժիշկը թևանցուկ վերցրեց Ալիս Ֆյոդորովնային։ Նրա ձեռքը թեթև էր և պինդ, ինչպես նրա կնոջ՝ Ռայայի ձեռքը, երբ առաջին անգամ ավարտական երեկույթից հետո ճանապարհում էր վերջինիս։ Եվ Ալեքսանդր Եֆիմովիչը քայլում էր՝ սքանչանալով վաղուց մոռացության մատնված այդ շոշափողական զգացումով։

«Ահա այն տղամարդը, որին ոչինչ հարկավոր չէ ինձանից, – մտածեց Ալիսան, – այդ ես եմ սիրալիրություն ակնկալում նրանից․․․»։

Խոսեցին Պլետնյովի մասին, Բժիշկը վերհիշեց Յուդինային[2]՝ վրա բերելով, որ վերջինիս մահից հետո հենց Պլետնյովն էր այն տեսակ երաժիշտը, որը դասական երաժշտության նոր և անձնական մատուցման իրավունք էր վերապահում իրեն։ Ալիսան հասկացավ, որ զրուցում էր մի մարդու հետ, որը խորապես էր ընկալում երաժշտությունը, ինչպես մասնագետը, այլ ոչ թե իր՝ մակերեսային ունկնդրի նման։

Վստահ կերպով մինչև շենք հասցրեց նրան՝ մութ բակում հեշտությամբ գտնելով խորքերում թաքնված երկհարկանի կողաշենքը, ուր եկել էր մեկ շաբաթ առաջ։ Տարածության մեջ՝ և՛ անտառում, և՛ քաղաքում, կողմնորոշվելու հրաշալի զգացում ուներ․ հեշտությամբ գտնում էր նույնիսկ այն վայրերը, որոնք ընդամենը մեկ անգամ էր տեսել։ Մուտքի մոտ կանգ առան։

Արդեն հրաժեշտ էին տալիս միմյանց, բայց Ալիսան բոլորովին չէր հղում այն հարցը, որի համար Ալեքսանդր Եֆրիմովիչին կանչել էր իր տուն։

Անհարմար լռություն տիրեց, և բժիշկը խախտեց այն՝ դեմքի ճիշտ նույն հարցական արտահայտությամբ, որը բնորոշ էր նրան։

-Ալի՛սա Ֆյոդորովնա, պատրաստ եմ համաձայնելու Ձեր խնդիրքին, բայց կցանկանայի ավելի ուշ վերադառնալ այդ հարցին, երբ․․․ , – ակնհայտ կերպով ճիշտ բառեր էր ընտրում, – երբ պահը հասունանա։ Իսկ մինչև այդ ինձ վրա եմ վերցնում Ձեր առողջության մասին հոգ տանելու պարտականությունը։

Ալիսան գլխով արեց․ երբեք ոչ ոք նրա մասին հոգ տանելու պարտականություն չէր ստանձնել, և հետո, նա ինքը թույլ չէր տա։ Բայց նման բան լսելը հաճելի էր։ Դեպի Ալեքսանդր Եֆիմովիչը մեկնեց իր թեթև և պինդ ձեռքը և բռնեց մուտքի դռան բռնակը։ Ներսում մութ էր։

-Թո՛ւյլ տվեք․․․, – բժիշկը մեկ քայլ առաջ եկավ՝ նրա հետ ընկղմվելով մուտքի խոնավ մթության մեջ։

Ալիսան, մթության մեջ ոտքով շոշափելով, փորձում էր գտնել առաջին աստիճանը, բայց մի փոքր սայթաքեց։ Բժիշկը մեջքից բռնեց նրան։

Այդպես սկսվեց նրանց սիրավեպը․ պատահակ հպումից անկում դեպի երիտասարդություն, առաջին համբույրը մուտքի մթության մեջ, այրող անսպասելիությունը, Ալիսայի հոգում բռնկված վստահության զգացումը տղամարդու նկատմամբ․․․

Եվ Ալիսան վստահեց նրան ավելին, քան կանայք երիտասարդ ժամանակ են վստահում, ոչ թե կյանքը, այլ մահը։

Սկսվեց Ալիսայի կյանքի ամենաերջանիկ տարին։ Ալեքսանդր Եֆրիմովիչը չէր քանդում միայնության այն փափուկ բոժոժը, որ նա հյուսել էր, և որում պաշտպանված էր զգում իրեն։ Զարմանալի կերպով իր ներկայությամբ էլ ավելի էր ուժեղացնում այդ պաշտպանությունը։ Ասես ծածկոցով փակել էր այն։ Ալիսային առանձակի կերպով զարմացնում էր Ալեքսանդր Եֆիմովիչի՝ նրա կամակոր հակումները կանխագուշակելու յուրահատուկ ունակությունը։ Առանց նրա նախապատվությունները հարցնելու կանաչ, պինդ խնձորներ և վարդագույն զեֆիր էր բերում նրան, «Раковые шейки» կոնֆետներ, մանուշակագույն, այլ ոչ թե սպիտակ յասաման և «Կոստրոմսկոյ» պանիր։ Այն ամենը, ինչ Ալիսան սիրում էր։

Ալիսան զգայուն հոտառություն ուներ, և բոլոր տղամարդկանցից, ում հետ ժամանակին հարաբերություններ էր ունեցել, երկաթի, ծխախոտի, կենդանու հոտ էր զգացել, իսկ սրանից՝ նրա ծեր ժամանակների սիրեկանից, բարի, մանկական օճառի հոտ էր գալիս, որով լվանում էր իր բժշկական ձեռքերը յուրաքանչյուր հիվանդին զննելուց առաջ և հետո։ Այն նույն օճառով, որին Ալիսան տալիս էր նախապատվությունը գետնամորու և այլ արհեստական հոտերով օճառների փոխարեն․․․

Ալեքսանդր Եֆիմովիչը, որն իր ողջ կյանքն անց էր կացրել հզոր և պահանջկոտ, բազմաթիվ կարիքներով, իր բազմազան և փոխադարձաբար բացառող ցանկությունների մեջ անխոնջ մի կնոջ հետ, առաջին անգամ զգաց, որ կարելի էր ազատ լինել անսպառ կանացի իշխանությունից։ Զուսպ Ալիսայից, որը համեստ էր նույնիսկ մտերմության պահերին, միայն երախտիք էր ճառագում։ Վեցերորդ տասնամյակի ավարտին Ալեքսանդր Եֆիմովիչը ոչ թե ցմահ վարձակալված աշխատակից զգաց իրեն, այլ ուրախության շռայլ պարգևատու։ Եվ քնքշանքի պահերին միևնույն պատանեկան անվամբ էին միմյանց կոչում՝ Ալիկ։

Ալեքսանդր Եֆիմովիչը, որ տարիներ շարունակ աշխատել էր ԱՀԿ-ի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության պոլիկլինիկայում, ի շնորհիվ իր՝ անսահման հնարավորությունների տեր հիվանդների՝ շաբաթը մեկ անգամ սեզոնի լավագույն ներկայացումներին էր տանում Ալիսային, կոնսերվատորիա էր տանում, իսկ շաբաթ օրերը գալիս էր նրա բնակարան՝ մտերմական ընթրիքի։ Ալիսան կյանքում առաջին անգամ միայն իր համար չէր ուտելիք պատրաստում․․․

Կյանքը փոփոխվեց, և տարիքը հետին պլան մղվեց, և միայն մի բան էր անհանգստացնում․ հեռվում երևացող և չնահանջող միտքը, որ այդ չպլանավորված երջանկությունը չէր կարող երկար տևել։

Ալիսան գիտեր, որ կնոջ մահից հետո Ալեքսանդր Եֆիմովիչն ապրում էր իր չամուսնացած, կրտսեր դստեր՝ Մարինայի հետ, որն այնքան էլ առողջ և բարեկեցիկ չէր։ Ավագ դուստրը՝ Անյան, առողջ և բարեկեցիկ էր, վաղուց ամուսնացել և առանձին էր ապրում՝ ամուսնու և դպրոցական երեխաների հետ։

Ամբողջ ձմեռ հանդիպեցին սիրահարված դեռահասների նման, իսկ ամռանը հանգստի մեկնեցին միասին՝ խախտելով կրտսեր դստեր պլանները, որը սովոր էր ամառային հանգիստը ծնողների հետ անցկացնել։ Սակայն Ալեքսանդր Եֆիմովիչը Ալիսային հաղորդակից չէր դարձնում դստեր հետ ունեցած այդ վշտացուցիչ ընդհարմանը։ Երկու տոմս էր գնել դեպի Կոմարովո, և ամառվա կեսին, երբ սպիտակ գիշերներն արդեն սկսեցին խավարել, իսկ պետերբուրգյան մի քիչ սառը տապը դեռ հոգնեցուցիչ չէր, ժամանեցին Արվեստի տուն։

Առանձին համարներում էին ապրում, որոնք միջանցքի տարբեր ծայրերում էին, և երկուսին էլ զվարճացնում էին երեկոյան փոխադարձ այցելությունները։

-Ա՛լիկ, ես ու դու ասես դպրոցականներ լինենք, որոնք թաքնվում են ծնողներից, – ծիծաղում էր Ալեքսանդր Եֆիմովիչը, երբ թեթևակի, ռիթմիկ թակոցներից հետո Ալիսան բացում էր համարի դուռը։

Ալիսան միայն առեղծվածային կերպով ժպտում էր։ Նրա կյանքի առաջին կցկտուր սիրավեպը եղել էր մոր մահվանից հինգը տարի անց, երբ նրա դասարանցիներն ու կուրսեցիներն արդեն հասցրել էին ամուսնանալ, երեխաներ և սիրեկաններ ունենալ, բաժանվել և նորից ամուսնանալ, և թե հատկապես ինչպես էին դպրոցականները ծնողներից թաքցնում իրենց սիրավեպերը, նա գաղափար անգամ չուներ։ Իսկ նրա մայրը՝ Մարթան, չէր էլ մտածում իր սիրավեպերը Ալիսայից թաքցնելու մասին, դրանք բոլորն ի ցույց էին դրվում, իսկ Ալիսան տառապում էր նրա աղմկալից կրքերի պատճառով։

Այն ամենը, ինչ Ալիսան լրիվ չէր ստացել երիտասարդ ժամանակ, զառամյալ տարիքում էր նրա գլխին թափվել, և թեթևակի ամաչում էր, որ սիրուհու կարգավիճակում էր, հատկապես առավոտյան, երբ իջնում էին նախաճաշելու, և շուրջբոլորը տարեց զույգեր էին՝ արդեն վաղուց հոգնած ամուսնական կյանքից։ Նախաճաշից հետո երկարատև զբոսանքների էին գնում, երբեմն բաց էին թողնում ճաշը՝ երեկոյին մոտ վերադառնալով։ Երկուսն էլ առաջին անգամ էին այդ ֆիննական հողում, գրեթե ոչինչ չգիտեին այդ վայրերի պատմության և աշխարհագրության մասին, ուղղակի թափառում էին՝ մե՛րթ ավազաբլուրների միջով ավազե լողափ դուրս գալով, ուր սառցե դարաշրջանից մնացած գլաժայռեր կային, մե՛րթ հայտնվելով Շուչյե լճի մոտ, որտեղ լողալը շատ ավելի հաճելի էր, քան Ֆիննական ծոցում, որն ինչ-որ մուգ դարչնագույն մամուռով էր պատված։

Լճի մոտ Ալեքսանդր Եֆիմովիչը ծանոթ դերասանի հանդիպեց, որը նրա նախկին հիվանդներից էր եղել և այդ տեղերի մշտական այցելուն էր, նախկին պետերբուրգցի։

Վերջինս նստած էր անշարժ կարթը ձեռքին՝ ապարդյուն հուսալով եթե ոչ գայլաձուկ, գոնե փոքր պերկես հանել ջրից, ուրախացավ բժշկին տեսնելիս և իմանալով, որ առաջին անգամ էր այդ վայրերում, որոշեց, որ պետք է նախկին Կելոմակին ցույց տար նրանց։ Շրջում էին ամբողջ գյուղակով, ցույց էր տալիս հին ֆիննական ամառանոցները, որոնք մասնատված կերպով չէին տարվել Ֆինլանդիա, երբ հողը մտել էր Ռուսաստանի տարածքի մեջ, տարավ Շոստակովիչի տան մոտ, Ախմատովայի նորացված և վառ կանաչ ներկված տնակի մոտ, քչերին հայտնի ակադեմիկոս Կոմարովի և բոլորին հայտնի ակադեմիկոս Պավլովի ամառանոցի մոտ․․․

Մոտավորապես երեք օր զբոսնում էին այդ ինքնակամ զբոսավարի հետ, իսկ հետո առանձնացան նրանից և սկսեցին թափառել սոճիների նոսր անտառներում՝ հապալաս և թթու ազնվամորի հավաքելով․․․

Հանգստյան քսանչորս օրերն անվերջանալի էին, և նրանք մտերմացան այդ երկարատև օրերի և կարճատև գիշերների ընթացքում, ասես անցյալում թողնված համատեղ անցկացրած տարիներ կային։

Երբ Մոսկվա վերադարձան, Ալեքսանդր Եֆիմովիչն առաջարկություն արեց Ալիսային։ Ալիսան երկար լուռ էր, հետո հիշեցրեց իր խնդիրքի մասին, որը վերջինս այդպես էլ չէր իրականացրել։ Ալեքսանդր Եֆիմովիչը հասցրել էր մոռանալ, թե խոսքն ինչի մասին էր։ Քնաբերի․․․

-Ալի՛սա, Ա՛լենկա, ինչի՞ համար։ Հիմա ինչի՞ համար։

-Հիմա մասնավորապես, – ժպտաց Ալիսան։

-Չեմ հասկանում․․․

-Որովհետև այս ամենը կավարտվի․․․և ես ուզում եմ պատրաստ լինել դրան։

Արդեն գիտեր, որ Ալիսայի հետ վիճելն անիմաստ էր։

-Խելագարություն է։ Բայց համաձայն եմ։

Ալիսան դարակից հանեց սպիտակ, ճենապակյա տուփիկը և մեկնեց Ալեքսանդր Եֆիմովիչին․

-Կդնե՛ս սրա մեջ։

Ինչ-որ տեղաշարժ էր գիտակցության մեջ, բայց ոչինչ անել չէր կարելի։

-Լա՛վ, լա՛վ, բայց մինչև այդ կամուսնանանք։ Իսկ հետո միայն կդնեմ․ հարսանեկան նվեր կլինի։

Նա ծիծաղեց, իսկ Ալիսան նույնիսկ թեթևակի չժպտաց։

-Ամուսնությունը․․․ Ի՞նչ է, ուզո՞ւմ ես մարդկանց ծիծաղեցնել։ Իսկ ի՞նչ կասեն քո դուստրերը։

-Դա ոչ մի նշանակություն չունի, – ասաց նա և մտքերի մեջ ընկավ։ Անկայուն հոգեկան ներածխարհով  կրտսեր դստեր համար իսկապես կարող էր ուժեղ հարված լինել․․․

Աշնանը՝ նրանց առաջին հանդիպման տարելիցից շատ չանցած, Ալեքսանդր Եֆիմովիչի յոթանասուն ամյակն էր։ Աշխատավայրում համեստ թեյախմություն կազմակերպեց, գործընկերներից նոր կաշվե պորտֆել նվեր ստացավ, որը հնից տարբերվում էր միայն արծաթյա զոդվածքի վրայի թվով՝ «70» «60»-ի փոխարեն։

Ընտանիքի և ընկերների համար ընթրիք կազմակերպեց «Յակոր» ռեստորանում։ Ալիսան չէր ուզում գնալ։ Նա պնդում էր, որ դա նրա դստրերի հետ ծանոթանալու լավագույն հնարավորությունն էր։ Ալեքսանդրը հարձակվում էր, իսկ Ալիսան՝ նահանջում։ Իր մտերիմ ըներների՝ դասարանցիներ Կոստյայի և Ալյոնայի, կուրսեցի բժիշկ-հոգեբան Տոբոլսկու և բժիշկ-մանկաբարձ Պրիցկերի հետ մինչև այդ էր ծանոթացրել Ալիսային։ Ընտանիքը վերջին սահմանագիծն էր։

Որոշակի կասկածներից հետո հրավիրեց նաև զարմուհուն, որը ծանոթացրել էր նրան, և Մուսյա Տուրմանին՝ հանգուցյալ կնոջ մտերիմ ընկերուհուն։ Համարձակ քայլ էր, բայց ռազմավարորեն անթերի։ Լայնաճակատ նախապատրաստություն էր վարում։

Ալիսան տատանվում էր։ Մինչև վերջին րոպեն կամակորություն էր անում․ մե՛րթ համաձայնում էր գնալ այդ ընդունելությանը, մե՛րթ հրաժարվում էր։ Արդեն վաղուց վարժվել էր թագուհու նման ապրելուն․ նրա համար ամենևին կարևոր չէր, թե արդյոք դո՞ւր էր գալիս շրջապատի մարդկանց, թե ոչ․ թագուհիները զերծ են ուրիշների կարծիքից կախում ունենալու զգացումից․․․ Իսկ այդ պահին սկսեց անհանգստանալ և միանգամից նյարդայնացավ ինքն իրենից։ Ալեքսանդր Եֆիմովիչը տանից դուրս գալուց մեկ ժամ առաջ համոզեց նրան․ «չափազանց կարևոր ես ինձ համար, այլևս չեմ կարողանում թաքցնել քեզ։ Բացի այդ՝ նրանց բոլորին դեռ պետք է նախապատրաստեմ․․․»։

Ալիսան հանձնվեց։

Բոլորը գրեթե միաժամանակ եկան․ յոթն անց տաս բոլոր հյուրերն արդեն սեղանի շուրջ էին։

-Ծանոթացե՛ք, Ալիսա Ֆյոդորովնան է, – հպարտորեն ասաց Ալեքսանդր Եֆիմովիչը և ընկերուհուն հերթով ներկայացրեց հյուրերին․ Անյային՝ ամուսնու և երկու թոռների հետ, Մարինային, Մուսյա Տուրմանին։ Իր ընկերների հետ նախկինում արդեն ծանոթացրել էր։

Ալիսան անթերի էր, և գիտեր դրա մասին։ Դեղնադարչնագույն մետաքսե բլուզը հավաքված էր փափուկ, կաշվե գոտիով, և նրա բարակ իրանը միակ իրանն էր մյուս տակառանման կառուցվածքով կանանց մեջ։ Հյուրերը մի փոքր շփոթված էին, նույնիսկ դստրերը, որոնց հայրը նախապես զգուշացրել էր, որ իր ընկերուհուն էր հրավիրելու։ Մուսյա Տուրմանը կորցրել էր խոսելու ունակությունը․ հանգուցյալ Ռայայի աչքերով էր նայում այդ անձնավորությանը և վիրավորված էր զգում իրեն։

-Այլանդակի մեկն է, – շշնջաց նա Անյային։ Բայց Անյան չհամաձայնեց։

-Ի՞նչ ես ասում, մորաքո՛ւյր Մուսյա, շատ էլ հետաքրքիր կին է։ Իսկ կառուցվածքը․․․

-Կառուցվածքն ի՞նչ, ի՞նչ կառուցվածքը, – շշուկով փնչացրեց Մուսյան։ – Իր կողմն է քաշել նրան և դեռ բոլորին ցույց կտա, հիշի՛ր խոսքերս։

Բայց մատուցողն արդեն շամպայն էր լցրել, իսկ ընկեր Կոստյան գավաթ էր բարձրացրել։

Կոստյան՝ ճերմակահեր, հաստաթուշ, գնդանման, սկսեց ասել, որ յութանասունից վաթսունյոթ տարի էին ծանոթ Սաշկայի հետ, այնքան լավ էին միմյանց ճանաչում, որ երբեմն չէին կարողանում տարբերակել, թե որտեղ էր անցնում սահմանը նրանց մտքերի միջև, որ արդեն վաղուց չգիտեր, թե ով էր առաջինն ասել, ով էր առաջինը մտածել, որ նրանք ավելին էին քան ուղղակի ընկերները, ավելին էին, քան եղբայները, և որ նա՝ Կոստյան, ամբողջ կյանքի ընթացքում գնում էր Ալեքսանդրի հետևից, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հասնել․․․և էլի շատ գովաբանական խոսքեր, որոնք ինչ-որ առումով նաև ծիծաղելի էին։ Իսկ վերջում ասաց, որ երջանիկ էր Սաշայի կողքին տեսնել կախարդական Ալիսային, որը Հրաշքների աշխարհից էր եկել նրանց մոտ։ Ալիսան սառը կերպով ժպտում էր․․․

Մեկ ամիս հետո կամացուկ և առօրեական կերպով ամուսնացան։ Ալեքսանդր Եֆիմովիչը պահեց տրված խոստումը․ հատիկավոր, սպիտակ փոշիով լի ճենապակյա տուփիկը դրված էր դարակի մեջ՝ գրելու թղթերի, ծրարների և հին ուղետոմսերի կույտի հետևում, Ալեքսանդր Եֆիմովիչը զարմանալի նրբանկատությամբ տեղափոխվեց Ալիսայի բնակարան՝ ոչինչ չխախտելով, ընդհակառակը՝ հիմնովին վերաանորոգելով այն, ինչ սոսնձված էր կամ պարանով կապված։ Ամրացրեց ջահի կախ ընկած մատը, փոխեց ինքնաեռի գլխանոցը, իսկ Ալիսայի մոտ տագնապալից զգացում էր, թե նրա բժշկական մասնագիտության էությունն այն ամենի բուժման մեջ էր, ինչին դիպչում էր։ Առանց որևէ առանձնակի ջանքերի ծաղկեց պատուհանագոգի ծաղիկը, որը նախկինում երբեք չէր ծաղկել։

Ամուսինները, որոնք նախկինում ևս երբեք չէին բողոքել առողջությունից, նկատելիորեն երիտասարդացան։

-Հորմոնային ցիկլներն են վերագործարկվել, – ծիծաղում էր ամուսինը։

Գարնան սկիզբ ևս մի անսպասելի և անհավանական իրադարձություն եղավ․ Ալեքսանդր Եֆիմովիչի Մարինան համարյա քառասուն տարեկանում հղիացավ։ Նրա բնածին արատը (նապաստակի շրթունքն ու բավականին հաջող վիրահատությունից հետո դեմքին մնացած մանր սպիները) ավելի շատ նրա բնավորությունն էր փչացրել, քան արտաքինը։ Մանուկ ժամանակվանից խուսափում էր ցանկացած տեսակի շփումից, սրբագրիչի մասնագիտություն էր ընտրել, որպեսզի մեծամասամբ տեքստերի հետ շփում ունենար, այլ ոչ թե մարդկանց։ Այն հանգամանքը, որ նրան հաջողվել էր հղիանալ, ապշեցրեց հորը։ Սակայն նա ավելի շատ ուրախանում էր՝ գիտակցելով, որ մենակ չէր թողնում դստերը, այլ երեխայի հետ, որն ունակ էր փոխարինելու ողջ թշնամական աշխարհը, ինչպիսին որ դուստրն էր համարում այն։

Ալիսան անորոշ կերպով գլխով արեց․ նա իր կարծիքն ուներ որդեծնության վերաբերյալ, որը հարկ չէր համարում հայտնել ամուսնուն։ Առավել ևս որ նրա կարծիքն արդեն վաղուց կորցրել էր իր արդիականությունը։

Այն ժամանակ, երբ Ալեքսանդր Եֆիմովիչն այդ լուրը հայտնեց Ալիսային, կես տարի գեր փորի ներքո թաքցվող հղիությունը նույնիսկ ամենասուր հայացք ունեցողը չէր կարող նկատել։ Նույն  ճարպակալած հորաքույրն էր, ինչպիսին որ կար երիտասարդ ժամանակվանից։

Երբ մոտեցավ ծննդաբերելու ժամանակը, հայրը տարեց ծննդկանին Շաբոլովկա փողոցի վրա գտնվող ծննդատանը տեղավորեց, որտեղ բաժանմունքի ղեկավարը նրա համակուրսեցի Պրիցկերն էր։ Հաշվի առնելով տարիքը և քաշը՝ որոշեցին կեսարյան հատում անել։ Վիրահատությունը երեքշաբթի առավոտյան էր նշանակված։ Ալեքսանդր Եֆիմովիչը սպասեց, մինչև որ զանգեց բժիշկն ու հայտնեց, որ ամեն բան կարգին էր․ աղջիկը ոչ մի արատ չուներ, ամեն դեպքում նապաստակի շրթունք հաստատ չուներ․․․ Ալեքսանդր Եֆիմովիչը հիշում էր այն սարսափը, որ ապրել էր, երբ կինը ծննդատնից դուրս էր գրվել բերանից մինչև քիթը եռանկյունաձև խորը բացվածքով աղջկա հետ։ Այժմ թեթևությամբ շունչ քաշեց։

-Դե՜, ծննդատուն գնամ, – ասաց Ալիսային։

Ծննդկանի համար մթերքներ հավաքեցին․ կեֆիր, կաթ, կոնֆետներ և մի կտոր պանիր։ Դուրս եկավ տանից, բախտը բերեց, մոտակա ծաղկի խանութում հենց նոր ստացել էին Ալիսայի սիրելի հակինթները, և մի ամբողջ գրկաչափ գնեց դստեր ու բուժքույրերի համար։ Վաճառողուհին նվերի թղթի մեջ փաթեթավորեց դրանք։ Դուրս եկավ կեսօրից հետո դատարկված փողոց՝ ծաղիկները և մթերքներով լի տոպրակը ձեռքին։ Կանգառում նոսր ամբոխ կար։ Կանգառից մի փոքր այն կողմ կանգնեց, որպեսզի բրթբրթող ժողովուրդը չդիպչեր հիասքանչ հակինթներին, երբ ավտոբուսը մոտենար։

Այդ պահին փողոցով ոչ այնքան արագ սլացող սև ավտոմեքենան բախվեց մեկ ուրիշ ավտոմեքենայի՝ նույնչափ մեծ և սև, և վերջինս դուրս թռավ մայթի վրա։ Բախվեց լապտերի սյունին՝ վրաերթի ենթարկելով հերթի մեջ սպասող մարդկանցից երեքին։ Ծաղկեփնջով սպասողին՝ մահացու․․․

Երեկոյան Ալիսան զանգեց Պրիցկերին։ Վերջինս ասաց, որ Մարինայի և երեխայի հետ ամեն բան կարգին էր, բայց Ալեքսանդրն այդպես էլ չէր եկել։ Ալիսան սկսեց տարբեր համարներով զանգահարել։ Տասնհինգ րոպե անց Ալիսային հաղորդեցին, որ ամուսինը դիահերձարանում էր։ Ամբողջ օրը փորձել էին կապ հաստատել ընտանիքի հետ, բայց գրանցման հասցեի հեռախոսահամարին ոչ ոք չէր պատասխանել։

Դա վերջն էր։ «Սպասում էի նման մի բանի»։ Դարակում պահված ճենապակյա տուփիկը․․․

Հաջորդ առավոտն Ալիսան սկսեց ծննդատուն գնալուց․ Մարինայի համար կաթ, կեֆիր և պանիր տարավ։ Այնուհետև գնաց դիահերձարան։ Հուղարկավորությունը հետաձգվում էր դատաբժշկական փորձաքննության պատճառով։

Երեք օր հետո միայն Մարինային հայտնեցին հոր մահվան մասին։ Սուր հոգեկան խանգարում սկսվեց նրա մոտ, Ալեքսանդր Եֆիմովիչի մյուս ընկերը՝ պրոֆեսոր Տոբոլսկին,  Կաշչենկոյի հիվանդանոց պառկեցրեց նրան։ Երեխան դեռևս շարունակում էր ծննդատանը մնալ․․․ Անյան՝ Մարինայի ավագ քույրը, երեխային վերցնել չկարողացավ, ամուսինն էր ըմբոստացել, որը տանել չէր կարողանում Մարինային։

Երկու շաբաթ հետո երեխային ծննդատնից վերցրեց տատիկը՝ Ալիսա Ֆյոդորովնան։ Այն, որ նրա երջանկությունն Ալեքսանդր Եֆիմովիչի հետ երկար չէր տևելու, կանխազգացել էր, բայց նորածին երեխայի մասին ոչ մի կանխազգացում էլ չէր ունեցել։

Երեխան ապրում էր սայլակի մեջ՝ Ալիսայի մահճակալի կողքին։ Նա չէր ուզում տեղափոխվել հանգուցյալ ամուսնու ավելի ընդարձակ բնակարան։ Այն կեղտի մեջ կորած էր, իսկ լոգարանի էմալն ամբողջությամբ ճաքճքած էր, իսկ իր տանը նոր էր, ճեփ-ճերմակ։

Կես տարի անց միայն Մարինան դուրս գրվեց հոգեբուժարանից։ Բայց ինչպե՞ս կարելի էր փոքրիկ Ալեքսանդրային վստահել այդ գեր, հոգեկան հիվանդ, տհաճ կնոջը։

Բարբիտուրատով լի տուփիկը դրված էր դարակի մեջ, բայց ամուսնու հարսանեկան նվերն Ալիսան արդեն չէր կարող օգտագործել։ Այսինքն՝ տեսականորեն կարող էր։ Մի օր․․․երբ պահը հասունանար․․․

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Քաղցկեղի տեսակ։

[2] Մարիա Յուդինա՝ խորհրդային դաշնակահար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *