Սերգեյ Դովլաթով | Ուղիղ գծով

Երբ ինձ կապկպեցին հեռախոսալարով, խաղաղվեցի: Գլուխս ջեռուցման մարտկոցի կողքին էր: Իսկ կոպիտ կիրզայե սապոգներ հագած ոտքերս՝ առաստաղից կախված ջահի տակ: Այնտեղ, ուր մի ամիս առաջ տոնածառն էր:
Լսում էի՝ ինչպես են զենք տալիս վերակարգին: Լեյտենանտ Խուռիևն ինչպես է հրահանգավորում զինվորներին: Գիտեի, որ նրանք հիմա ելնելու են դուրս, ուղիղ սառնամանիքի մեջ: Հետո կանցնեն սև կամրջատախտակներով, զոնայի երկայնքով, կաշեպոկերը պոկ տվող շների մոտով: Եվ յուրաքանչյուրը լապտերիկով կլուսավորի իր դեմքը, որ դիտաշտարակին կանգնած զինվորը կարողանա ճանաչել եկողին…
Ամենից առաջ որոշեցի հացադուլ հայտարարել: Սկսեցի սպասել ընթրիքին, որպեսզի ուտելիքին ձեռք չտամ: Ինձ այդպես էլ ընթրիք չբերեցին:
Լսում էի՝ ինչպես են վերադառնում ժամապահները: Ինչպես մտան զինանոց: Ինչպես են արգելապատի վրայով դղրդոցով հրահանգչին նետում գոտեպայուսակները՝ երկուական պահունակով: Ինչպես են զինաբուրգի վրա շարում եղյամից ճերմակած ավտոմատները: Եվ ինչպես են ճաշարանում տեղից տեղ շարժում թեթև դյուրալյումինե աթոռակները: Իսկ հետո հայհոյում խոհարար Բալոդիսին, որը նրանց համար մի քանի սոխ, ճարպ ու հաց էր պահել: Բայց, որքան հասկացա, մոռացել էր աղը…
Ցրտից սթափվելով՝ սկսեցի հիշել, թե ինչպես կատարվեց այդ ամենը: Ցերեկը խմեցինք ուղեկցորդումից ազատված կալանավորների հետ, որոնք փորձում էին գրկել ինձ ու շարունակ կրկնում էին․
— Բո՛բ, դու միակ մարդն ես Ուստվիմլագում…
Հետո ավանը կտրելով՝ գնացինք դուկանի կողմը: Փոստատան մոտ հանդիպեցինք անտառտնտեսություն բուժակ Շտերնին: Ֆիդելը մոտեցավ նրան: Գլխից թռցրեց մշկամկենու գդակը: Գդակով գետնից ձյուն քաղեց ու նորից քաշեց գլխին: Մենք անցանք առաջ,իսկ բուժակի դեմքով ծորում էր կեղտաջուրը:
Հետո մտանք խանութ ու Տոնեչկայից տնակաշ արաղ ուզեցինք: Նա ասաց, որ էժան խմիչք չկա:Այդ ժամանակ սկսեցինք գոռգոռալ, թե՝ մի հաշիվ է, ինչ կա, ինչ չկա: Քանի որ փողը, մեկ է, արդեն պրծել է:
Նա ասում է—
— Լվացեք պահեստի հատակը: Մի-մի սրվակ օդեկոլոն կտամ…
Տոնեչկան գնաց ջուր բերելու: Վերադարձավ մի քանի րոպեից: Տաշտից գոլորշի էր բարձրանում:
Մենք հանեցինք գիմնաստյորկաները: Ոլորեցինք, թրջեցինք տաշտի մեջ ու սկսեցինք հարել պահեստի տախտակները: Ես ու Բալոդիսը բարեխղճորեն էինք աշխատում: Իսկ Ֆիդելը համարյա չէր խանգարում:
Հետո մի քիչ օդեկոլոն խմեցինք: Ուղղակի տանջահար էինք եղել սպասումից: Անտանելի դանդաղ էր լցվում բաժակի մեջ:
Համը սոսկալի էր, ու մենք կոնֆետ կերանք: Ծամում էինք վրաներ կպած փաթեթաթղթի հետ:
Տոնեչկան ասաց— «Անո՛ւշ լինի»:
Լատվիացի Բալոդիսն աչքով արեց նրան ու Ֆիդելին հարցնում է—
— Դու կկարողանա՞յիր:
Իսկ Ֆիդելը նրան պատասխանում է․
— Մի միլիոն որ տային, հետն էլ՝ լուլ հարբած լինեի…
Երբ դուրս եկանք, մութն արդեն ընկել էր: Սղոցարանի գլխին և ավանում վառվում էին լույսերը:
Մենք գնացինք ձիանոցի երկայնքով, որտեղ սայլերն էին կանգնած, առանց ձիերի:
Ֆիդելը երգ ծոր տվեց— «Մենք անցնում ենք Ուրուգվայով…»: Իսկ Բալոդիսը վերցրեց կիթառն ու խփեց ծառին: Կտորտանքը գցեցինք սառցաճեղքը:
Ես նայեցի աստղերին: Գլուխս պտտվեց…
Այդ պահին Ֆիդելը մագլցեց հեռագրասյան վրա: Այն էլ՝ գրչահատ դանակն ատամներով բռնած: Տեխնիկապես գրագետ տղա էր ու համոզված էր, որ ինչ-որ բան կկարողանա փչացնել: Բարձրանում էր վեր ու վեր: Նրա սթվերը հսկայական էր: Անսպասելի ճչաց— «Մայրի՛կ…» ու ցած ընկավ տասմետրանոց բարձրությունից: Նետվեցինք նրա մոտ: Բայց Ֆիդելը վեր կացավ, թափ տվեց ձյունն ու ասում է…
— Ընկնելը մագլցել չի…
Սկսեցինք փնտրել դանակը: Բալոդիսն ասում է—
— Երևի կուլ ես տվել:
— Բան չկա,— ասաց Ֆիդելը,— մի հատ էլ ունեմ…
Հետո գնացինք զորանոցի կողմը: Մեզ ընդառաջ ելավ հացի ֆուրգոնը: Առանց ճանապարհից շեղվելու ընդառաջ գնացինք: Վարորդն արգելակեց, կողքի դարձրեց մեքենան ու ջարդուփշուր արեց ինչ-որ մեկի ցանկապատը…
Երբ վերադարձանք, վերակարգը զենքերն էր մաքրում: Մտանք ճաշարան ու սառը աղապուր կերանք: Ֆիդելն ուզում էր միզել աթոռակի դրած տակառիկի մեջ: Բայց ես ու Բալոդիսը համոզեցինք, որ այդպիսի բան չանի:
Հետո մտանք լենինյան սենյակ: Նստոտեցինք սեղանի շուրջը: Այն ծածկված էր ալ կարմիր սփռոցով: Շուրջը շարագունել էին վահանակները, լոզունգներն ու պլակատները: Առաստաղի տակ առկայծում էր ջահը: Անկյունում ամանորյա «Կայծակն» էր՝ խողովակաձև փաթաթած:
— Շուտ կգա կոմունիզմը,— հետաքրքրվեց Ֆիդելը:
— Թերթերին որ հավատանք՝ հենց վաղը: Իսկ ի՞նչ է պատահել:
— Պատահել է էն, որ լիքը պահանջմունք է կուտակվել:
— Ասում ես՝ ավելացնենք, հա՞,— աշխուժացավ Բալոդիսը:
— Ըհը՛,— գլխով արեց Ֆիդելը:
Ես ասում եմ․
— Իսկ ունակությունների՞ս մասին ինչ կասես:
— Հրաշալի է,— պատասխանեց Ֆիդելը,— լիքը ունակություն ունեմ:
— Մեր ուշունց տալու,— հուշեց Բալոդիսը:
— Ոչ միայն,— պապատասխանեց Ֆիդելը:
Նա սկսեց շարել շախմատի խաղաքարերը: Ես գլուխս դրեցի սփռոցին: Իսկ Բալոդիսն ուսումնասիրում էր Կենտկոմի քաղբյուրոյի անդամների լուսանկարները: Հետո ասաց—
— Ա՛յ քեզ բան: Չելյուստ է՞լ ազգանուն կլինի:
Այստեղ լենինյան սենյակ մտավ ավագ Եվչենկոն:
— Գուցե պառկեիք, հա՞, տղե՛րք,— ասաց նա:
Ու Ֆիդելը հանկարծ այնպե՛ս գոռաց․
— Ինչո՞ւ է շուրջը անարդարություն տիրում, ավա՛գ: Բացատրե՛ք, ինչո՞ւ: Գողը, ենթադրենք, իր գողության համար է նստած: Բա մե՞նք ինչի ենք անտեղի տեղը կորչում:
— Իսկ ո՞վ է մեղավոր,— ասում է ավագը:
Ես ասում եմ․
— Եթե մեկը ցույց տար այն մարդուն, որ մեղավոր է… Որի խղճին է իմ բոլոր դժբախտությունների մեղքը… Ես նրան անմիջապես կխեղդեի…
— Լավ կլիներ գնայիք քնելու,— ասում է Եվչենկոն:
Այստեղ մենք վեր կացանք ու ու հեռացանք՝ առանց հրաժեշտ տալու: Իսկ Ֆիդելը նույնիսկ հրեց ավագին: Բակում, գերաններին նստոտած, ծխեցինք, ապա գնացինք տնտմաս:
— Բո՛բ, մտի զոնա, վառելիք բեր, թե չէ շարժիչս հանգչում է:
— Գնա՛,— արձագանքեց Բալոդիսը,— դուկանում շնապս չկա, իսկ զեկերն ինչքան ասես ունեն: Սուսուփուս կտան— ինքդ կտեսնես: Գիտեն, որ մենք էլ պարտքի տակ չենք մնա:
Նա քաշեց Ֆիդելի թևքից․
— Ծխելիք տու:
— Ծխելը վնաս է,— հայտարարեց Ֆիդելը,— ծխելը բացասական է ազդում սրտի վրա:
— Չէ՛, օգտակար է,— ասաց Բալոդիսը,— իսկ օղին ավելի օգտակար է: Գիտե՛ս ինչն է վնաս: Դիտաշտարակին կանգնելը:
— Ամենավնասակարը,— ասում է Ֆիդելը,— քաղպապարմունքները են: Ու երբ որ վազում ես հակագազով:
— Շարային պատրաստությունն էլ,— ավելացրի ես…
Ինձ զոնա չթողեցին: Հերթափոխի հսկիչը հարցնում է․
— Ո՞ւր ես գնում:
— Բնականաբար՝ զոնա:
— Անձնական գործո՞վ:
— Ոչ,— ասում եմ,— հանրային:
— Օղու ե՞ս գնում, հա՞:
— Ըհը՛:
— Հե՛տ դառ:
— Տես, է՛,— ասում եմ,— ա՛յ քեզ սոցօրինապահություն: Ուրեմն թողենք էդ արաղը որևէ ռեցիդիվիստ խմի, հա՞: Ու կրկին անգամ քրեորեն հետապնդելի արարք կատարի:
— Դու գնում ես օղի բերելու: Շփվում ես կոնտինգենտի հետ: Իսկ հետո նրանք քեզ կօգտագործեն կասկածելի նպատակներով:
— Ո՞վ նրանք:
— Կոնտինգենտը… Քո մեջ զեկերի գծով անտագոնիզմ պիտի լինի: Դու պիտի ատես նրանց: Բայց մի՞թե դու նրանց ատում ես: Ոնց որ չի երևում: Հարց է ծագում՝ ո՞ւր է քո անտագոնիզմը:
— Իմ մեջ անտագոնիզմ չկա, նույնիսկ քո հանդեպ, ապուշի՛ մեկը…
— Հենց էդ եմ ասում,— անսպասելի համաձայնեց հսկիչն ու ավելացրեց,— ուզո՞ւմ ես քեզ համար անձնական պաշարներից լցնեմ:
— Լցրո՛ւ,— ասում եմ,— մենակ թե էլի անտագոնիզմի հույս չունենաս…
Ես սաթաքելով վերադառնում էի զորանոց: Մթության մեջ շրջանցեցի ձյունապատ շարահրապարակը: Հայտնվեցի չորանոցում, որտեղ վառարանը վառ էր: Կեռիկներից կախված էին բուշլատները ու կիսամուշտակները:
Ֆիդելն աթոռը շոր տալով՝ նետվեց իմ կողմը: Երբ ասացի, որ օղի չեմ բերել, լաց եղավ:
Ես հարցրի—
— Իսկ ո՞ւր է Բալոդիսը:
Ֆիդելն ասում է․
— Բոլորը քնած են: Հիմա մենակ ենք:
Այստեղ քիչ էր մնում ես էլ լաց լինեի: Պատկերացրի, որ մեն-մենակ ենք ամբողջ աշխարհում: Ո՞վ կսիրի մեզ: Ո՞վ հոգ կտանի մեզ համար:
Ֆիդելը, անտանելի ծղրտացնելով, ձգեց հարմոնիկը—
— Տե՛ս,— ասաց նա,— առաջին անգամ եմ գործիքը ձեռս առնում ու վատ չի ստացվում: Քեզ համար ի՞նչ նվագեմ՝ Բա՛խ, թե՞ Մոցարտ…
— Մոցարտ,— ասացի ես,— թե չէ հերթափոխը կզարթնի: Կարող է մռութներիս հասցնեն…
Մենք լռեցինք:
— Ձավաշվիլին չաչա ունի պահած,— ասաց Ֆիդելը,— բայց չի տա: Գնա՞նք:
— Հետը գլուխ դնելու հավես չունեմ:
— Էդ ինչի՞ որ:
— Չունեմ ու վերջ:
— Կարող է՝ վախենո՞ւմ ես:
— Ինչի՞ց պիտի վախենամ: Թքա՛ծ ունեմ:
— Չէ, վախենո՛ւմ ես: Վաղուց եմ նկատել:
— Գուցե քեզանի՞ց էլ եմ վախենում: Կարող է հենց Կողանի՞ց էլ եմ վախենում:
— Կողանից չես վախենում: Ինձանից էլ չես վախենում: Իսկ Ձավաշվիլուց վախենում ես: Բոլոր վրացիները դանակներով են ման գալիս: Հենց մի բան է լինում, ձեռը գցում են դանակին: Ձավաշվիլին ա՛յ էսքան մի սակսան ունի: Ճիտքի մեջ չի տեղավորվում…
— Գնացի՛նք,— ասում եմ:
Անզոր Ձավաշվիլին քնած էր պատուհանի տակ: Նույնիսկ քնի մեջ դեմքը գեղեցիկ էր ու մի քիչ ամբարտավան:
Ֆիդելն արթնացրեց նրան ու ասում է—
— Լսի, այլազգի՛, գուցե չաչա տայիր, հը՞…
Ձավաշվիլին վախեցած արթնացավ: Այդպես վեր են կենում ճամբարային պահնորդության բոլոր զինվորները, երբ անսպասելի են արթնացնում: Ձեռքը խոթեց բարձի տակ: Հետո նայեց, հասկացավ ինչն ինչից է ու ասում է․
— Ի՞նչ չաչա, թանկագի՛նս, քնել է պետք:
— Տո՛ւր,— պնդում է Ֆիդելը,— ես ու Բոբը պիտի խումհարաթող լինենք:
—Բա դու վաղը ո՞նց ես ծառայության գնալու,— ասում է Անզորը:
Իսկ Ֆիդելը պատասխանում է—
— Էդ քու բեղի բանը չի…
Անզորը մեջքը մեզ դարձրեց:
Այստեղ Ֆիդելը սկսեց ծղրտալ․
— Էդ ո՛նց դու, սրիկա՛, ռուս զինվորին չաչա չես տալիս:
— Ո՞վ է էստեղ ռուսը,— ասում է Անզորը:— Դո՞ւ ես ռուսը: Դու ռուս չես: Դու ալկոհոլիստ ես:
Ու սկսվե՛ց:
Անզորը գոռում է—
— Շալվա՛: Գիգո՛: Վա՛յ մե: Առո՛ւնդա…
Վրա վազեցին տակաշորերով վրացիները, մինչևիսկ հյուսիսում՝ արևից մգացած: Նրանք սկսեցին այնպես թափահար երել ձեռքերը, որ Ֆիդելի քթից արյուն եկավ:
Եվ այստեղ սկսվեց կռիվը, որ տարիներ շարունակ հիշվում էր պահնորդությունում: Ես վեց անգամ ընկա: Երեք անգամը վեր կացա: Վերջապես կապկպեցին հեռախոսալարով ու տարան լենինյան սենյակ: Բայց նույնիսկ այստեղ էլ դեռ ինչ-որ մեկին հետապնդում էի: Կապկպված, խորդուբորդ տախտակներին պառկածս: Երևի դա հենց այն մարդն էր: Իմ ճակատագրի անհամար խեղումների մեղավորը…
Առավոտվա կողմ տրամադրություն միշտ ընկնում է: Մանավանդ երբ քնում ես սառը հատակին: Այն էլ՝ հեռախոսալարով կապկպված:
Ես սկսեցի ականջ դնել: Խոհարարը դղրդոցով վառելափայտ էր լցնում թիթեղի կտորի վրա: Դույլերը զնգզնգում էին: Հետո անցավ օրապահը: Հետո շխկացին դռները, ու շուրջբոլորը լցվեց յուրահատուկ աղմուկով: Զորանո՛ցի աղմուկով, որտեղ միայն տղամարդիկ են կենում ու շրջում են ծանր սապողներով:
Մի քանի րոպե անց լենսենյակ մտավ ավագ Եվչենկոն: Կռանալով սվին-դանակով կտրեց հեռախոսալարը:
— Շնորհակալություն,— ասում եմ,— ընկե՛ր Եվչենկո: Ես, մեր մեջ ասած, էս ամենը ականջի հետև չեմ գցի: Ամեն ինչ կպատմեմ «Ամերիկայի ձայնի» ղղթակցին:
— Պատմի՛ր,— ասում է ավագը,— մի զոնա լիքը էդ ղղթակցներից ունենք:
Հետո ասաց, որ ինձ կանչում է կապիտան Տոկարը:
Ես, դաստակներս տրորելով, գնացի գրասենյակ: Տոկարը վեր կացավ սեղանի հետևից: Պատուհանի տակ տեղավորվել էր վերջերս ինձ փոխարինած գրագիր Բոգոսլովսկին:
— Այս անգամ ներել չեմ պատրաստվում,— հայտարարեց կապիտանը,— կալանավորների հետ խմե՞լ եք:
— Ո՞վ, ե՞ս:
— Դո՛ւք:
— Դե որ խմել եմ… խմել եմ, ուրեմն…
— Զուտ հետաքրքրության համար՝ ինչքա՞ն:
— Չգիտեմ,— ասացի,— գիտեմ, որ պահածոյի տուփով էինք խմում:
— Ընկե՛ր կապիտան,— միջամտեց Բոգոսլովսկին,— նա չի ժխտում: Նա զղջում է:
Կապիտանը զայրացավ—
— Ես այդ ամենն արդեն լսել եմ, ձանձրացա՛: Թող այս անգամ տրիբունալը վճռի: Նախկին պահնորդությունն այլևս չկա: Մենք, փառք Աստծո, արդեն կանոնավոր բանակի մաս ենք…
Նա դարձավ իմ կողմը—
— Դուք անձնակազմին արդեն մի քանի արտակարգ դեպք եք պարգևել: Դուք խափանում եք քաղպարապմունքները: Սադրիչ հարցեր եք տալիս լեյտենանտ Խուռիևին: Երեկ շովինիստական մանրախնդրությամբ ծեծուջարդ եք սարքել: Ահա բժշկական եզրակացությունը, որ ստորագրել է բժիշկ Յավշիցը… Կապիտանը ղղթապանակից մի դեղնավուն թերթիկ հանեց․
— Ընկե՛ր կապիտան,— միջամտեց Բոգոսլովսկին,— ով ինչ ասես կարող է գրել:
Տոկարը թափ տվեց ձեռքն ու կարդաց․
«…Սերժանտ Գոդերիձեին հասցվել է մարմնական վնասվածք վեց ատամի չափով…»:
Նա հայհոյեց ու ավելացրեց—
«…ժանիքից ժանիքը՝ ներառյալ»: Սրա՞ն ինչ կասեք:
— Ավիտամինոզից է,— ասացի ես:
— Ի՞նչ:
— Ավիտամինոզ,— ասում եմ,— զզվելի են կերակրում: Բոլորիս ատամներն էլ շարժվում են: Մի թեթև կպար՝ հերիք է…
Կապիտանը կասկածանքով նայեց դռան կողմը: Հետո վեր կացավ ու բացեց: Այնտեղ կանգնել էր Ֆիդելն ու ականջ էր դնում:
— Բարև ձեզ, ընկե՛ր կապիտան,— ասաց նա:
— Ահա,— ասաց Տոկարը,— հրաշալի է: Հենց Պետրովն էլ ձեզ կուղեկցորդի:
— Ես չեմ կարող,—ասաց Ֆիդելը,— քանի որ նա իմ ընկերն է: Ես չեմ կարող ուղեկցորդել ընկերոջս: Մեջս անտագոնիզմ չկա…
— Իսկ նրա հետ խմել կարո՞ղ եք:
— Այլևս չի կրկնվի,—ասաց Ֆիդելը:
— Բավական է,— կապիտանը շտկեց գիմնաստյորկան,— հանե՛ք գոտին:
Ես հանեցի:
— Դրեք սեղանին:
Ես գոտիս նետեցի սեղանին: Պղնձե ճարմանդը շխկաց ապակուն:
— Վերցրե՛ք գոտին,— գոռաց Տոկարը:
Ես վերցրի:
— Դրեք սեղանին:
Ես դրեցի:
— Եֆրեյտոր Պետրո՛վ, վերցրեք զենքն ու մա՛րշ ավագի մոտ՝ փաստաղղթերի ետևից:
— Ավտոմա՞տն ինչի համար է:
— Կատարե՛ք, թե չէ կփոխատեղվեք:
Այստեղ ես ասում եմ․
— Գուցե ուտելու բա՞ն տայիք: Սովամահ անելու իրավունք չունեք:
— Ձեր իրավունքները լա՛վ գիտեք,— քմծիծաղեց Տոկարը,— բայց ես էլ իմը գիտեմ…
Երբ դուրս եկանք, ես Ֆիդելին ասացի—
— Լա՛վ, մի՛ տխրի, դու չլինեիր, ուրիշն էր լինելու…
Հետո վարսակաձավարի շիլայով նախաճաշեցինք, հացը խցկեցինք գրպանները, տաք հագնվեցինք ու ելանք սանդղամուտ:
Ֆիդելը գոտեպայուսակից հանեց պահունակը, հենց աստիճանների վրա լիցքավորեց ավտոմատը:
— Գնացինք,— ասում եմ,— չարժե ժամանակ կորցնել:
Քայլեցինք դեպի գծանցը: Այնտեղ կարելի էր որևէ համընթաց բեռնատար կամ գերանատար նստել:
Հետևում մնացին զորանոցային խունացած դրոշը, ցանկապատի վրայից երևացող տրտում ծառերը և պղտոր սպիտակ արևը:
Ուղեփակոցն իջեցված էր: Ֆիդելը ծխում էր: Ես նայում էի մեր կողքով անցնող գնացքին: Կարողացա տեսնել երկնագույն վարագույրները, թերմոսը, լուսամփոփը… Ծխախոտով տղամարդուն: Նույնիսկ նկատեցի, որ գիշերազգեստով է:
Այդ ամենը սրտխառնոց էր առաջացնում:
Մեր կողքին մի գերանատար կանգնեց: Ֆիդելը ձեռքով արեց վարորդին: Մենք հայտնվեցինք նեղլիկ խցիկում, որտեղ բենզինի հոտ էր գալիս:
Ֆիդելն ավտոմատը դրեց ծնկների արանքը: Ծխեցինք: Վարորդը դարձավ իմ կողմն ու հարցնում է—
— Ինչի՞ համար, ախպե՛րս:
Ես ասում եմ․
— Ղեկավարությանը քննադատելու…
Ջրհանի մոտ ճանապարհը դառնում էր դեպի ավանի կողմը: Գրպանիցս հանեցի առանց կաշեպոկի ժամացույցը, ցույց տվի վարորդին, ասում եմ—
— Կառնե՞ս:
— Բայց աշխատո՞ւմ է:
— Էն էլ ո՛նց: Կրեմլի ժամացույցից երկու ժամով ճիշտ:
— Քանի՞ս ես աում:
— Հինգ:
— Հի՞նգ:
— Դե լավ, յոթ:
Վարորդն արգելակեց: Հանեց փողը: Տվեց հինգ ռուբլի: Հետո հարցրեց—
— Հաուպտվախտում փողն ինչի՞դ է պետք:
— Աղջկավորներին եմ օգնելու,— պատասխանեցի ես:
Վարորդը քմծիծաղ տվեց: Հետո դեռ երկար զննում ու ականջին էր դնում ժամացույցը:
— Ծնունդին,— ասում է,— անեռոջս կնվիրեմ, էդ քավթառին…
Դուրս եկանք խցիկից: Ձնաթմբերի արանքում ծանր տանում էր ավան:
Այն մեզ դիմավորեց էլեկտրաշարժիչի գվվոցով ու սահնակողերի ճռնչոցով: Վրանես փչեց դատարկ փողոցների միջանցաքամին: Ավելի շատ շներ էին հանդիպում, քան մարդիկ:
Մեր ճանապարհն անցնում էր Վեսլյանայով: Արկղերի արտադրամասի կիսավեր քարե դարպասների մոտով: Ձյան մեջ թաղված խրճիթների մոտով: Ճաշարանի մոտով, որի բաց դռներից գոլորշին հորդում էր դուրս: Գարաժի մոտով, որտեղ մեքենաները շարվել էին, ինչպես ձիերը գիշերակացին: Ակումբի մոտով, որի ձեղնապատուհանի գլխին բարձրախոս էր կախված: Իսկ հետո՝ ցանկապատի երկարությամբ, որի մեջ, վաթսուն մետր մեկ, նրբատախտակե խցիկներ կային:
Ավելի հեռվում, բլրակից այն կողմ, ձգվում էին գլխադասային ճամբարակետի գորշ մասնաշենքերը: Այնտեղ բարձրանում էր շտաբի երկհարկանի աղյուսե շենքը, որ խրկված էր սպաներով, գրամեքենաների կտկտոցով և անհաշիվ բանակային մասունքներով: Այնտեղ, մետաղյա դռան ետևը, մեզ էր սպասում լավ կահավորված հաուպտվախտը՝ցեմենտած հատակով: Ու նաև՝ անշրիշակ, մերկ թարեքներով:
Արդեն երևում էր դարպասը՝ վրան հնգաթև աստղ:
— Մենք քեզ երաշխավորությամբ հետ կբերենք,— ասաց Ֆիդելը,— այ կտեսնես:
— Լավ: Կնստեմ հաուպտվախտում: Իսկ տրիբունալում, կարծում եմ, մի քանի տարվա հերթ դեռ կա…
Մենք սառցակալած գերանի վրայով անցանք խանդակը: Ես ասացի—
— Նայի փաստաղղթերը: Ժամկետ չե՞ն նշել:
— Չէ,— ասց Ֆիդելը,— իսկ ի՞նչ կա:
— Ի՞նչ ունենք շտապելու,— ասում եմ,— գնանք տորֆուհիների մոտ:
Նկատի ունեի տորֆահանքի կանանց: Սեզոնային աշխատողներ էին, ավանի ծայրի բարաքներում էին կենում:
— Թող կորչե՛ն,— ասում է Ֆիդելը:
— Ինչի՞ որ, խմելու բան կվերցնենք, փող կա:
Այստեղ նկատեցի, որ դա Ֆիդելի սրտով չէ: Որ թախծոտ աչքերով է նայում ինձ:
— Գնանք,— ասում եմ,— մարդկանց հետ կշփվենք:
— Բա թնդանո՞թը:
— Ավտոմատը կպահենք մահճակալի տակ:
Ֆիդելը քայլում է, լուռումունջ: Ես ասում եմ․
— Գնա՛նք: Կծխենք, կխմենք: Ես էլ անառականոց չեմ սիրում: Խաղաղ կնստենք, տաք տեղ, առանց գոռում-գոչյունի:
Իսկ Ֆիդելն ասում է․
— Լսի՛, հրես շտաբը, կողքներիս է: Ճահիճներով՝ հինգ րոպեի ճանապարհ: Հինգ րոպե՝ ու տաք տեղում ենք:
— Հաուպտվախտում, հա՞:
— Ըհը՛:
— Ցեմենտե հատակի՞ն:
— Հատա՞կն ինչ կապ ունի: Էնտեղ թախտ կա: Վառարան էլ: Ու ջերմաստիճանն էլ կանոնագրքով տասնվեց աստիճանից բարձր պիտի լինի…
— Լսի՛,— ասում եմ,— խելքին մոտ բան չես ասում: Հաուպտվախտը կա ու կլինի: Ե՛վ թախտը, ե՛ տասնվեց աստիճանը, ե՛ զինվորական հետաքննիչ Կոմլևը… Իսկ հիմա գնանք տորֆուհիների մոտ:
— Արկածներ փնտրելո՞ւ,— սրտնեղած պնդում է Ֆիդելը:
— Հը՛մ, այ թե խոսքը ուր տարար: Ա՛յ թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ վզից թնդանոթ են կախում: Մի՛ քաշվի, հրամայի՛, քաղաքացի՛ պետ…
Այստեղ Ֆիդելն այնպե՛ս գոռաց—
— Ի՛նչ ես աքլորանում, հը՞, ինչ ես աքլորանում: Գնանք ուր ուզում ես: Ուր ուզում ես, էնտեղ էլ գնանք…
Մենք ուղղվեցինք դեպի դուկանը: Բարձրացանք սանդուղքով, շեմին մեր վրայից թափ տվեցինք ձյունն ու մտանք ներս: Ձկան ու նավթի հոտ էր գալիս: Անկյունում սևին էին տալիս տակառները: Դարակներին՝ սիգարետ, օճառ, պահածոններ: Ոսկեգույն էր հալվայի՝ մաշված զեհերով խորանարդը: Շիկացած էլեկտրավառարանի կողքին մռափել էր կատուն: Ներքևում իրար էր անցել աքաղաղը: Անդադար ու կատաղի կտցահարում էր շաքարահացի մարմարագույն նախշազարդը:
Տոնեչկան մեզ երկու շիշ գինի տվեց: Ֆիդելը շշերը խցկեց գալիֆեի գրպանները: Հետո մի քիչ հալվա ու երկու տուփ խոզի մսի պահածո վերցրինք:
Ֆիդելն ասաց․
— Տառեխ էլ վերցրու:
Տոնեչկան ասում է․
— Տառեխը մի քիչ… բուրավետ է:
Ֆիդելը հարցնում է․
— Վատ է բուրո՞ւմ, թե լավ:
— Ոնց ասեմ, միջին,—ասում է Տոնեչկան:
Դուրս եկանք խանութից: Բարձրացանք բլուրն ի վեր: Եվ ահա հայտնվեցինք բարաքի առաջ, որի դռան գլխին աղոտ վառվում էր լամպը:

Մոտեցանք պատուհանին, թակում ենք: Անմիջապես մի տափակ դեմք ցցվեց դուրս: Մազերն արձակած կինը, դուռը ցույց տալով, երեք անգամ գլխով արեց:
Միջանցքում նրբատախտակի կտորով ծածկած դույլ կար: Անկյունում, պատին, սևին էին տալիս բրեզենտե թիկնոցները: Դրանց տակ շերեփներ, թոկեր ու կեռիկներ էին թափված…
Բարագում տաք է: Թուջե վառարանը լեփ-լեցուն է վռդագույն տապով: Անկյունից անկյուն շեղակի ձգվում է խողովակը:
Թարեքների վրա խառնիխուռն վերարկուներ ու բամբակաբաճկոններ են լցված: Փտած գերանների ամսագրերից կտրած գունավոր լուսանկարներ են սոսնձված: Պահարանիկների վրա բրգվել է կեղտոտ ամանեղենը:
Մենք հանեցինք կիսամուշտակները: Տեղավորվեցինք սեղանի մոտ: Հենց կողքներիս, ծածկոցի տակ ինչ-որ մեկը քնած էր: Պատուհանի մոտ նստել էր գիմնաստյորկայով մի կին ու գիրք էր կարդում: Նույնիսկ չբարևեց:
— Տասնվեցերորդ հանրապետությունն է,— նրա մասին հանելուկային ասաց առաջին աղջիկը՞
Հետո ձայն տվեց ինչ-որ մեկին, որ բարքի խորքում էր․
— Նա՛դկա— կարոտած փեսացուներ են եկել…
Եվ ավելացրեց․
— Դե որ եկել եք, ձեզ զգացեք, ինչպես տանը…
Նա մորեգույն շալվարի փողքերը խցկել էր կոպիտ կիրզայե ոտնամանների մեջ, դաստակին կապտին էր տալիս վառոդի դաջվածքը— «Ամբողջ աշխարհը բարդակ է»:
Հայտնվեց չար ու գունատ դեմքով ընկերուհին: Դահուկորդի մորեգույն բաճկոնով էր, մահուդե նեզ փեշով ու հողաթափերով:
Մենք հանեցինք շշերն ու պահածոները: Աղջիկներն էմալապատ գավաթներ ու հաց բերեցին: Ու շարունակ ծիծաղում էին:
Պատուհանի գոգին սևին տվող տրանզիստորային մագնիտաֆոնն անջատում էր այլևայլ հնոտիքից:
Կարմիր շալվարով աղջկա անունը Զինա էր: Փեշավոր ընկերուհին բամբ ձայնով ներկայացավ—
— Ամոսովա Նադեժդա:
— Ո՞նց եք աշխատում,— հետաքրքրվեցց Ֆիդելը,— հուսով եմ՝ ոգևորությա՞մբ:
— Թող արջը աշխատի,— պատասխանեց Նադեժդան:
Զինան ավելի վճռական արտահայտվեց—
— Էն իմացածիցդ ծանր բան ձեռս չեմ առնում…
Ֆիդելը հարգանքով վեր քաշեց հոնքերը:
Լռություն տիրեց: Հետո Զինան հարցրեց․
— Տղաները պահնորդությունի՞ց են:
— Չէ՛,— ասաց Ֆիդելը,— արտիստներ ենք: Ավելի ճիշտ՝ դափնեկիրներ: Էս էլ իմ սաքսաֆոնը:
Ու գլխավերևում թափահարեց ավտոմատը:
— Տղանե՛ր,— ասաց Զինան,— դուք ոնց որ մի քիչ խփնված եք, հա՞:
— Ըհը՛,— ասում եմ, խելագարներ ենք: Ծուղրուղո՛ւ…
Ֆիդելը շշի բերանը էմալպատ գավաթների շուրթերին զնգացնելով՝ գինի լցրեց:
— Ողջ-առողջ լինենք,— ասաց նա:
— Ողջ-առողջ լինենք,— ասում եմ:
— Կլինեք, կլինեք,— ասաց Զինան,— մենք ստուգվում ենք: Էնպես որ, չվախենաք…
Ինչ-որ մեկը մեր թիկունքում գնում-գալիս էր բարաքով: Ինր-որ մեկը խնդրում էր, որ անջատենք մագնիտաֆոնը: Ինչ-որ մեկը նախասենյակում դղրդացնում էր շերեփները: Ինչ-որ մեկը ջուր էր խմում…
Հետո հայտնվեցին անտառտնտեսության տղաները: Տեսան մեր կիսամուշտակները: Ինչ-որ բան նյութելով՝ երկար շրջում էին պատուհանների տակ:
Բայց ինձ համար մեկ էր: Ոովհետև անսպասելի հիշել էի հերվա ձմեռը…
Այստեղ պահնորդական անձնակազմի հերթական հավաքն էր: Մեզ տեղավորել էին քառասուն տեղանոց վրանում: Մահճակները երկհարկանի էին: Ներքևում, վառարանի մոտ, շոգ էր, իսկ վերևում միջանցաքամիներ էին շրջում:
Ամեն առավոտ մեր խառնիխուռն ամբոխը գնում էր գլխադասային ճամբարակետի ճաշարան: Հետո պարապում էինք մարզադահլիճում կամ թերթում մեթոդական ձեռնարկները:
Ժամը յոթին մոտ ընթրելով՝ ցրվում էինք— մեկը՝ պարելու, մյուսները՝ ծանոթ տներ:Մեծ մասը գնում էր տեղի ակումբ…
…Նվագախումբը դղրդում է: Տաքացած աղջիկները բազմության մեջ սպաներ են փնտրում: Խեղդող համազգեստներով շարքայինները դոփդոփում են պատերի տակ: Նրանք լոսյոն ու ախոր են բուրում: Նրանց երկարաճիտները կեղծ զարդաքարերի կապույտ շողեր են արձակում:
Բայց ահա ռադիոլան լռում է: Զինվորները բարձրանում են բեռնատարի թափքը: Հիմա նրանք անսովոր լկտիությամբ են խոսում կանանց մասին: Ես խավարի մեջ լսում եմ մեկի ձայնը—
— Հիշո՞ւմ ես սուր կրունկներով էն շեկին: Ես էդ շեկի վրա կպառկեի՛…
— Դու աթառի դեզին էլ կպառկեիր,— լսվում է ի պատասխան:
Վաղը սովորական օր է…
Մի անգամ երեկոյան ոտքով վերադառնում էի ակումբից: Երաժշտության ձայնը գնալով թուլանում էր: Փողոցի լապտերները չէին վառվում: Ճամպան առաջին ցրտերից քարացել էր:
Մի պահ դանդաղելով՝ անսպասելի շրջվեցի դեպի գրադարանի շենքը: Փայտաշեն, դիք աստիճանները բարձրացա երկրորդ հարկ: Հետո բացեցի դուռն ու կանգնեցի շեմին:
Սրահում լուռ էր ու խաղաղ: Պատերի տակ շարված էին ապակեդուռ պահարանները: Մոտեցա փայտե արգելապատին: Ինձ ընդառաջ ելավ մի երեսնամյա կին՝ ակնոցով, նեղ դեմքով ու գունատ շուրթերով:
Կինը, ակնոցը հանելով ու անմիջապես քթարմատը տրորելով, նայեց ինձ: Ես բարևեցի:
— Ձեզ ի՞նչ է հետաքրքրում, բանստեղծություններ, թե՞ արձակ:
Ես խնդրեցի Բունինի պատմվածքները, որոնք սիրում էի դեռ դպրոցական տարիներից: Ստորագրեցի քառակուսի կապտավուն դրոշմաղղթի վրա: Նստեցի պատուհանի մոտ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *