Սամանտա Շվեբլինը ծնվել է Բուենոս-Այրեսում 1978-ին։ Թարգմանվել է ավելի քան քառասուն լեզվով, համարվում է Նոբելյան մրցանակի արժանի լատինաամերիկյան գրողներից մեկը։ 2012 թվականից ապրում է Բեռլինում, վարում է գրական դասընթացներ։
Այն տարվա Սուրբ Ծնունդը, երբ Ձմեռ պապը մեր տանը քնեց, եղավ վերջինը, երբ բոլորս միասին էինք. այդ գիշերվանից հետո մայրիկն ու հայրիկը էլ չվիճեցին, թեև Ձմեռ պապը դրա հետ հազիվ թե կապ ուներ:
Հայրիկը մի քանի ամիս առաջ վաճառել էր մեքենան, քանի որ մնացել էր առանց աշխատանքի, և չնայած մայրիկը համաձայն չէր, ասաց, որ այս տարի լավ տոնածառը կարևոր է, և գնեց մեկը: Տոնածառը տուն բերեցին երկար, հարթ ստվարաթղթե տուփով, որի մեջ տեղադրված թերթիկը բացատրում էր, թե ինչպես պետք է միացնել երեք մասերն ու բացել ճյուղերը, որ տեսքը բնական լինի: Երբ ծառը հավաքվեց, հայրիկից բարձր էր, հսկայական, ու երևի դա էր պատճառը, որ Ձմեռ պապն այդ տարի մեր տանը քնեց:
Ես հեռակառավարվող մեքենա էի խնդրել որպես նվեր: Ցանկացած տեսակի՝ յուրահատուկ մեկը պետք չէր. պարզապես այդ ժամանակ բոլոր երեխաներն ունեին, և երբ բակում խաղում էինք, իրենց հեռակառավարվող մեքենաներով խփում էին իմի նման հասարակ մեքենաներին: Այնպես որ ես գրել էի նամակս, և հայրիկս ինձ տարավ փոստ, որ ուղարկենք։ Պատուհանի հետևում նստած մարդուն ասաց.
– Ձմեռ պապին ենք ուղարկում։
Եվ տվեց ծրարը։ Պատուհանի հետևում նստած տիպը նույնիսկ չբարևեց, քանի որ շատ մարդիկ կային, և նա ակնհայտորեն հոգնած էր շատ աշխատանքից. Սուրբ Ծննդյան շրջանը, հավանաբար, ամենավատն էր նրանց համար։ Նա վերցրեց նամակը, նայեց ու ասաց.
– Պետք է ավելացնեք փոստային ինդեքսը։
– Բայց դա Ձմեռ պապիկի համար է, – ասաց հայրիկը, ժպտաց և աչքով արեց նրան՝ ընկերանալու համար, ու մարդն ասաց.
– Առանց փոստային ինդեքսի բան դուրս չի գա։
– Գիտե՞ք, որ Ձմեռ պապի հասցեն փոստային ինդեքս չունի, – ասաց հայրիկը։
– Առանց փոստային ինդեքսի բան դուրս չի գա, – պատասխանեց տիպն ու կանչեց հաջորդին։
Բայց հայրիկը պատուհանի միջով բռնեց նրա օձիքից, ու նամակը գնաց։ Ահա թե ինչու էի այդ օրը անհանգիստ. չգիտեի՝ նամակը հասե՞լ է Ձմեռ պապիկին, թե՞ ոչ։ Նվեր-մեքենայից էր կախված՝ արդյո՞ք դպրոցի բակում խաղացող երեխաները ընդունելու էին ինձ։
Բացի այդ, համարյա երկու ամիս մայրիկը տանը լինելու հաշիվ չէր, ու դա ինձ նույնքան անհանգստացնում էր. առաջ բան չկար, որ առանց նրա կատարվեր, և այդպես շատ լավ էր։ Բայց մի օր նա ուղղակի դադարեց մեզնով զբաղվել՝ ոնց որ անջատիչը սեղմեն։ Բժիշկներ այցելեցին նրան, հայրիկը նրան ամեն տեղ տարավ, իսկ ես մնում էի Մարսելայի տանը, որը մեր հարևանուհին էր։ Բայց մայրիկը չապաքինվեց։ Մեր առավոտվա կաթը կամ շիլան այլևս չկար, մաքուր շոր չկար. հայրիկը ուշանում էր այն տեղերից, ուր պետք է ինձ տաներ, իսկ հետո նորից ուշանում էր՝ ինձ վերցնելիս։ Երբ ես բացատրություն խնդրեցի, հայրիկն ասաց, որ մայրիկը հիվանդ չէ, քաղցկեղ չունի և չի մահանալու։ Որ նման բան կարող էր պատահել, բայց ուր էր իրեն այդքան բախտ։ Մարսելան ինձ բացատրեց, որ մայրիկը պարզապես կորցրել է հավատն ամեն ինչի հանդեպ, դա է հենց «ընկճախտը», երբ ոչինչ չես ուզում, և ժամանակ է պետք, որ այդ վիճակն անցնի։ Մայրիկն էլ գործի չէր գնում, ընկերների հետ չէր հանդիպում, ոչ էլ տատիկի հետ էր խոսում հեռախոսով։ Նա նստում էր խալաթով հեռուստացույցի առաջ ամբողջ առավոտ, ցերեկն ու գիշերը և ալիքներն էր փոխում։ Ես էի նրան կերակրելու պատասխանատուն։ Մարսելան պատրաստի ուտելիքը թողնում էր սառցարանում՝ նշումներով։ Ես պետք է չափաբաժին կազմեի. օրինակ, չէր կարելի նրան տալ ամբողջ կարտոֆիլի գաթան, հետո էլ՝ բանջարեղենի բոլոր կոտլետները։ Պետք է խառնեի բաժինները, որպեսզի նրա սննդակարգը առողջ լիներ։ Ես ուտելիքը հալեցնում էի միկրոալիքային վառարանում ու տալիս նրան սկուտեղի վրա՝ մի բաժակ ջրի, դանակ-պատառաքաղի հետ։ Մայրիկն ասում էր.
– Շնորհակալ եմ, անուշս, տե՛ս չմրսես։
Ասում էր՝ առանց ինձ նայելու, աչքը հեռուստացույցից կտրելու։
Դպրոցից դուրս գալիս ես բռնում էի Ավգուստոյի մոր ձեռքը, որը սիրուն էր։ Դա՝ երբ հայրիկն էր գալիս ինձ վերցնելու, բայց ավելի ուշ, երբ Մարսելան սկսեց գալ, նրանցից ոչ մեկին դա, կարծես թե, դուր չէր գալիս, և ես մենակ էի սպասում անկյունի ծառի տակ։ Ով էլ գար ինձ վերցնելու, միշտ ուշանում էր։
Մարսելան ու հայրիկը ընկերացան, և որոշ գիշերներ հայրիկը մնում էր նրա տանը՝ պոկեր խաղալու, և իմ ու մայրիկի քունը չէր տանում առանց նրա. մենք հանդիպում էինք միմյանց լոգարանում, և մայրիկն ասում էր.
– Լավ նայիր քեզ, անուշս, չմրսես։- Եվ վերադառնում էր հեռուստացույցի մոտ։
Շատ կեսօրներ Մարսելան մեր տանն էր անցկացնում՝ երբ մեզ համար եփում էր ու տունը մի փոքր կարգի բերում։ Չգիտեմ, ինչու էր անում։ Ենթադրում եմ, հայրիկն էր խնդրում օգնել՝ որպես ընկերուհու, նա էլ իրեն պարտավորված էր զգում, քանի որ իրականում նա այնքան էլ ուրախ չէր թվում։ Մի քանի անգամ նա անջատեց մայրիկի հեռուստացույցը, նստեց նրա առջև ու ասաց.
– Խուլիա, մենք պետք է խոսենք։ Սա չի կարող շարունակվել…
Նա ասում էր, որ մայրիկը պետք է փոխի իր վերաբերմունքը, որ այսպես ոչ մի արդյունքի չի հասնի, որ ինքն ի վիճակի չէ շարունակելու ամեն ինչի մասին հոգ տանել, որ մայրիկը պետք է արձագանքի և որոշում կայացնի, թե չէ կփչացնի մեր կյանքը։ Բայց մայրիկը երբեք չէր պատասխանում։ Մարսելան էլ վերջին անգամ հեռացավ՝ շրխկացնելով դուռը, և այդ գիշեր հայրիկը պիցցա պատվիրեց, քանի որ ընթրիք չկար, բայց ես սիրում եմ պիցցա։
Ես Ավգուստոյին ասել էի, որ մայրիկը «կորցրել է հավատն ամեն ինչի հանդեպ» և որ «ընկճախտ» ունի, և նա ուզում էր գալ և տեսնել, թե դա ինչ է։ Մենք շատ տգեղ բան արեցինք, որի համար ես ամաչում եմ. ցատկոտեցինք մայրիկի առաջ, բայց նա պարզապես հայացքը մի քիչ թեքեց։ Հետո մենք նրա համար թերթից գլխարկ սարքեցինք, տարբեր ձևերով փորձարկեցինք և ամբողջ ցերեկը թողեցինք գլխին, բայց նա նույնիսկ տեղից չշարժվեց։ Ես գլխարկը հանեցի, նախքան հայրիկը տուն կգար։ Վստահ էի, որ մայրիկը բան չէր ասի, բայց մեկ է, ինձ վատ էի զգում։
Հետո եկավ Սուրբ Ծնունդը։ Մարսելան իր հավը խորովեց՝ սարսափելի բանջարեղենով, բայց քանի որ հատուկ երեկո էր, ինձ համար էլ կարտոֆիլի ֆրի սարքեց։ Հայրիկը խնդրեց մայրիկին վեր կենալ բազմոցից և ընթրել մեզ հետ։ Զգուշորեն տեղափոխեց նրան սեղանի մոտ (Մարսելան այն ծածկել էր կարմիր սփռոցով, վրան դրել կանաչ մոմեր և այն ափսեները, որ օգտագործում էինք հյուրերի համար), նստեցրեց և մի քանի քայլ հետ գնաց՝ շարունակելով նայել նրան։ Երևի մտածում էր, որ կանցնի, բայց հենց մի քիչ հեռացավ, մայրիկը վեր կացավ ու վերադարձավ իր բազմոցին։ Այնպես որ մենք ամեն ինչ տեղափոխեցինք հյուրասենյակի սուրճի սեղանին և այնտեղ կերանք նրա հետ։ Հեռուստացույցը, իհարկե, միացրած էր, և լուրերը ցույց էին տալիս մի աղքատ բնակավայր, որտեղ մարդիկ ուտելիք ու շատ նվերներ էին ստացել ավելի հարուստ մարդկանցից, և հիմա շատ երջանիկ էին։ Ես գնալով ավելի նյարդային էի դառնում՝ նայելով տոնածառին, քանի որ արդեն կեսգիշերվա մոտ էր, և ես ուզում էի ստանալ իմ մեքենան։ Հետո մայրիկը մատը մեկնեց հեռուստացույցին։ Կարծես հանկարծ կահույքը տեղից շարժվեր։ Հայրիկն ու Մարսելան իրար նայեցին։ Հեռուստացույցի էկրանին Ձմեռ պապը նստած էր հյուրասենյակում՝ մի ձեռքով գրկած իր ծնկներին նստած տղային, իսկ մյուսով՝ մի կնոջ, որը նման էր Ավգուստոյի մորը։ Հետո կինը խոնարհվեց ու համբուրեց Ձմեռ պապին, իսկ Ձմեռ պապը նայեց մեզ և ասաց.
-…Երբ ես աշխատանքից տուն եմ վերադառնում, ուզում եմ միայն ընտանիքիս հետ լինել։- Եվ էկրանին սուրճի մակնիշ հայտնվեց։
Մայրիկը սկսեց լաց լինել։ Մարսելան բռնեց ձեռքս և ասաց, որ բարձրանամ վերև, բայց ես հրաժարվեցի։ Նա կրկնեց, արդեն այն անհամբեր տոնով, որն օգտագործում էր մայրիկի հետ, բայց այդ գիշեր ոչինչ չէր կարող ինձ պոկել տոնածառից։ Հայրիկը փորձեց անջատել հեռուստացույցը, մայրիկը սկսեց կռվել նրա հետ փոքրիկ աղջնակի նման։
Դռան զանգը հնչեց, ես ասացի.
– Ձմեռ պապն է։
Մարսելան ապտակեց ինձ, ապա հայրիկը սկսեց վիճել Մարսելայի հետ, մայրիկը նորից միացրեց հեռուստացույցը, բայց Ձմեռ պապը այլևս ոչ մի ալիքով չկար։ Դռան զանգը նորից հնչեց, և հայրիկն ասաց.
– Սա ո՞վ է։
Ես մտածեցի. «Գոնե փոստի մարդը չլինի, թե չէ նորից կկռվեն, իսկ հայրիկի տրամադրությունն արդեն վատ է»։
Դռան զանգը նորից ու նորից տվեցին, մինչև հայրիկի համբերությունը հատեց։ Գնաց բացեց դուռը, տեսավ, որ Ձմեռ պապն է։ Նա այնքան գեր չէր, ինչքան հեռուստացույցով էր երևում և հոգնած տեսք ուներ։ Չէր կարողանում ուղիղ կանգնել և անընդհատ հենվում էր դռան մեկ կամ մյուս կողմին։
– Ի՞նչ ես ուզում,- հարցրեց հայրիկը։
– Ես Ձմեռ պապն եմ,- ասաց Ձմեռ պապը։
– Ես էլ Ձյունանուշն եմ, – ասաց հայրիկն ու փակեց դուռը։
Հետո մայրիկը վեր կացավ, վազեց դեպի դուռն ու բացեց։ Այնտեղ դեռ Ձմեռ պապը փորձում էր ուղիղ կանգնել։ Մայրիկը գրկեց նրան։ Հայրիկը կատաղեց.
– Էն տի՞պն է, Խուլիա,- գոռաց մայրիկի վրա, սկսեց հայհոյել ու բաժանել նրանց։
Եվ մայրիկն ասաց Սանտային.
– Բրունո, ես չեմ կարող ապրել առանց քեզ, ես մեռնում եմ։
Հայրիկին հաջողվեց բաժանել նրանց։ Նա հարվածեց Սանտային, որն ընկավ մեջքի վրա և անշարժ փռվեց դռան շեմին։ Մայրիկս սկսեց գոռալ խելագարի պես։ Ես տխրել էի Սանտայի համար, և որ այս բոլորը հետ էր գցում իմ մեքենան, մյուս կողմից՝ ուրախ էի, որ մայրիկին նորից տեսնում էի շարժվելիս։
Հայրիկն ասաց մայրիկին, որ կսպանի երկուսին էլ, և մայրիկն ասաց, որ եթե նա այդքան երջանիկ է իր ընկերուհու հետ, ինչո՞ւ ինքը չի կարող ընկերություն անել Սանտայի հետ. դա ինձ տրամաբանական թվաց։ Մարսելան մոտեցավ օգնելու Սանտային, որը սկսել էր շարժվել գետնի վրա, ձեռքը մեկնեց, որ վեր կենա։ Եվ հետո հայրիկը սկսեց գոռալ տարբեր բաներ, և մայրիկն էլ սկսեց գոռալ։ Մարսելան շարունակ ասում էր, որ հանգստանան, ներս մտնեն, բայց ոչ ոք չէր լսում։ Ձմեռ պապը ձեռքը տարավ պարանոցին ու տեսավ, որ արյունոտ է։ Նա թքեց հայրիկի վրա, և հայրիկն ասաց նրան.
– Ղզի՛կ։
Եվ մայրիկն ասաց հայրիկին.
– Դու՛ ես ղզի՛կը,- ու նա էլ թքեց հայրիկի վրա, բռնեց Ձմեռ պապի ձեռքը, տարավ իր սենյակ ու դուռը ներսից փակեց։
Հայրիկը սառեց-մնաց, և հենց ուզում էր արձագանքել, հասկացավ, որ ես դեռ այդտեղ եմ, և զայրացած ինձ ուղարկեց քնելու։ Գիտեր, որ ես այն վիճակում չէի, որ կռվեի. գնացի իմ սենյակ՝ առա՛նց Սուրբ Ծնունդի, առա՛նց նվերի։ Եվ պառկել էի մահճակալիս՝ սպասելով, որ ամեն ինչ լռի, նայելով, թե ինչպես էր իմ գիշերային սեղանի պլաստմասե ձկների արտացոլանքը լողում պատերի վրայով։ Որ չէի ստանալու հեռակառավարվող մեքենաս՝ արդեն պարզ էր, բայց որ Ձմեռ պապը այդ գիշեր մեր տանն էր քնելու, ավելի հաջող տարի էր խոստանում։
Թարգմանությունը իսպաներենից՝ Վահրամ Մարտիրոսյանի

