Լյուդմիլա Ուլիցկայա | Գեղեցկագույն կատուն

Սկզբում հեռացան ծեր կենդանիները․ մի օր ծանրաքաշ և մեծ կատու Լուզերը՝ ծուռ ականջներով և մեծ գլխով, գիշերը տուն չվերադարձավ խրախճանքից և այդպես էլ կորավ, մեկ ամիս հետո Լադան․ ոչ թե փախավ, այլ ոտքերը քարշ տալով գնաց, որովհետև արդեն վաղուց հազիվ էր տեղաշարժվում։ Նրան գտան տան մոտակայքում գտնվող անտառակում՝ մի սայթաքուն փոսի մեջ, դժվարությամբ, քաշեքաշ բերեցին տուն, սպիտակակարմրավուն մորթին մաքրեցին նեխած կավից, և նա կամացուկ մահացավ տերերի ձեռքերի տակ։

Հետո հերթը հասավ տիրոջը։ Սկզբում սրտի կաթված ստացավ, հետո՝ ուղեղի։ Կիսով չափ ծռված դեմքով նստած էր վոլտերյան բազկաթոռին և լռում էր։ Տանտիրուհին՝ Նինա Արկադիևնան, գեղեցկագույն, հասուն կատվի բերեց տուն՝ տան մթնոլորտն աշխուժացնելու և բուժիչ կենդանական ջերմության համար, բայց տանտերը գրեթե չէր նկատում նոր կատվին, ձախ ձեռքով մեքենաբար շոյում էր նրան, երբ նրա գիրկն էին խոթում վերջինիս։ Կատուն սև ու սպիտակ էր, և ի ծնե այնպես էր գունավորված, որ ավելի գեղեցիկ անհնար կլիներ պատկերացնել․ սպիտակ կրծքակալ, սպիտակ երկար գուլպայիկներ դիմացի և կարճ գուլպաներ հետևի թաթերին։ Չափսերով մեծ չէր, կիսամանկական չափսերի էր, փափկամազ չէր, ավելի շուտ թավշանման, իսկ աչքերը սաթ-կանաչավուն գույնի էին։ Հասարակ, բայց անգլիական անուն տվեցին նրան՝ Պուսսի։

Նինա Արկադիևնան անգլերենի թարգմանիչ էր, անգլիացի դասականներին էր թարգմանում և թարգմանության տեսության սեմինարներ էր անցկացնում։

Տանտերն այդպես էլ չընկերացավ նոր կենդանու հետ և շատ չանցած մահացավ։ Իսկ կատուն, որն այդպես էլ չկատարեց իրեն հանձնարարված առաջադրանքը, ընտելացավ։ Բնավորությամբ հրեշ էր և ամենևին էլ չէր թաքցնում դա․ քսմսվում էր ոտքերին, թռչում էր գիրկն ու միանգամից դուրս էր թողնում սուր ճանկերը․ նույնիսկ տիրուհին էր ամբողջովին մանր բծերով պատված։ Մի ակնթարթում փափուկ թաթերից դուրս էր թողնում ճանկերը, ինչպես ցատկելիս թունավոր օձը հետ է գցում գլուխը։ Նման անորսալի շարժումով էլ ճանկռում էր իրեն կերակրող ձեռքը՝ ջանալով հնարավորինս երկար քերծվածք թողնել։

Երբ տիրուհին վերցնում էր հեռախոսի փողն ու ասում «Ալո՛», կատուն միանգամից ինչ-որ յուրահատուկ, նախազգուշական «մյաու»-ով էր արձագանքում։ Թույլ էր տալիս մեկ-երկու րոպե զրուցել, նորից էր ձայն հանում, իսկ հետո ցատկում էր բազկաթոռից․ զարմանալի էր, որ չտեսնված նրբագեղության հետ մեկտեղ շարժվելիս ամենևին ճարպիկ չէր․ ցատկելիս այնքան ծանր էր վայրէջք կատարում, ասես մեծ կատու լիներ։ Վայրէջք կատարելուց հետո շրջում էր ամբողջ բնակարանով՝ փնտրելով տիրուհու ամենից խոցելի տեղերը․ տիրուհու տնային կոշիկները, հայելակալի վրայի շարֆը, բարձը, որի վրա էլ հենց կեղտոտում էր։

Նինա Արկադիևնան, որն արդեն վարժվել էր այդ ամենին, գտնում էր նրա ստորության հետքերը և մաքրում՝ վշտացած և միանգամայն ապարդյուն կերպով ցույց տալով նրա մեղքերը։

Հետո վրա հասավ զուգավորման ժամանակը։ Երախի փոքրիկ վարդագույն եռանկյունիկից փրփուր էր դուրս գալիս, և արդեն ոչ թե կարճ-կարճ մլավում էր, այլ ոռնում՝ սահելով հատակի և բազմոցի վրայով ու բզիկ-բզիկ անելով երեսքաշը։ Տիրուհին ուժասպառ էր եղել, հարևանները բողոքում էին։

Պուսսիի համար ազնվացեղ, որձ կատու բերեցին, բայց նա, հավանաբար երիտասարդ լինելու պատճառով, չգիտեր, թե ինչպես ճիշտ օգտագործել վերջինիս, այնուամենայնիվ՝ վնասատու բնավորությունից ելնելով՝ սկզբում պառկում էր և բարձրացնում հետույքը, իսկ երբ փեսացուն մոտենում էր լուրջ մտադրություններով, կայծակնային արագությամբ շրջվում էր և քերծում նրա ազնիվ մռութը։ Որձ կատուն պարտություն էր կրում, բայց Պուսկան նույնպես հաղթանակած տեսք չէր ունենում։

Նինա Արկադիևնան՝ ազնվաբարո ծագումով և լավ դաստիարակությամբ տարեց տիկինը, հավանություն չէր տալիս Պուսկայի պահվածքին, բայց ուրիշ տարբերակ չկար․ կենդանիների հանդեպ սիրո սկզբունք ուներ։ Այնպես չէ, որ մաքուր սեր էր, ավելի շուտ ձևավորված դիրքորոշում․ մեր տանը սիրում են կենդանիներին․․․ Եվ նա հանդուրժում էր։

Մեկ շաբաթ ոռնալուց հետո Պուսսին հանգստացավ, բայց երեք ամիս հետո ամեն ինչ նորից կրկնվեց․ նորից որձ կատուներ բերեցին, նորից բոլորին հալածեց, և այդպես էլ չէր գտնվում մեկը, որին Պուսկան կցանկանար տալ իր սիրտը․․․

Այնուհետև դիտարկվեց երկու տարբերակ․ կա՛մ Պուսսիի առաջ բացել տան դուռը՝ ժողովրդական ինքնահոսի թողնելով, կա՛մ ստերիլացնել։ Սկսեցին առաջինից․ բակ թողեցին։ Սև ու սպիտակ գեղեցկուհին միանգամից բարձրացավ մարտյան մերկ բարդու գրեթե գագաթին և սկսեց ոռնալ՝ բարակ ճյուղին նստած։ Կարծես ոչ թե կրքից, այլ վախից։ Իջնել չկարողացավ, թեև փորձեց․ շուռ եկավ՝ պոչը վերև ցցած, իսկ գլուխը ներքև՝ բացառապես անճոռնի կերպով, և գրեթե երեք օր նման հակաբնական դիրքով ծառից կախված մնաց` անդադար վայնասունով լցնելով բակը։ Բոլոր յոթը հարկերի բնակիչները գիշերները չէին կարողանում քնել, մինչև որ գլխի չընկան հրշեջ մեքենա կանչել, փառք Աստծո, հրշեջ ծառայությունը շենքից հարյուր մետր այն կողմ էր գտնվում։ Հուզված տիրուհու գրկում հայտնվելով՝ Պուսսին ճանկերով պատռեց կաշվե ձեռնոցը և արյունոտեց նրա դաստակը։

Հաջորդ քայլը ստերիլացումն էր։ Բարեխիղճ տիրուհին լավագույն անասնաբույժին գտավ, որը փոքր-ինչ տարօրինակ էր, բայց հավատարիմ էր իր գործին, և անասնաբուժական կլինիկա տարավ Պուսկային, որտեղ աստղաբաշխական գումարով անցկացրին վիրահատությունը։

Նինա Արկադիևնան՝ ցանկացած տեսակի բռնության՝ մասնավորապես ստերիլացման թշնամին, սկսեց խղճի խայթ զգալ, առավել ևս երբ տեսավ թմրեցված կենդանու խղճուկ տեսքը․ աչքերը կիսափակ էին, երախից թուք էր հոսում։ Խեղճ կենդանուն խավավոր սրբիչի մեջ փաթաթած կլինիկա էր հասցրել և վիրահատությունից հետո տուն էր բերել Նինա Արկադիևնայի նախկին ուսանողուհին՝ հավատարիմ Ժենյան։

Տանն ամեն տեսակ հարմարություն էին ստեղծել․ զամբյուղ, բարձ, փռոց։ Նարկոզից ուշքի գալով՝ կատուն միանգամից սկսեց կրծոտել կարերը, և Նինա Արկադիևնան ստիպված եղավ շտապ կանչել անասնաբույժին, որին նույնպես Ժենյան բերեց։ Անասնաբույժը միանգամից պաշտպանիչ օձիք հագցրեց կատվին՝ Մարիա Մեդիչիի ոճով, բայց դա էլ մինչև առավոտ կրծոտելով մանրացրեց։

Կարերը բավականին շուտ սպիացան, բայց Նինա Արկադիևնան, այնուամենայնիվ, գիշերները չէր քնում, Պուսկային իր կողքն էր պառկեցնում, ծտի քուն էր մտնում՝ վախենալով ճխլել տառապյալին։ Իր երեխաներին այնքան վաղուց էր մեծացրել, որ մոռացել էր այն մասին, որ քնած ժամանակ երեխային ճխլելն այնքան էլ հեշտ բան չէր․․․

Հաջորդող երեք ամիսները սովորական ռեժիմով անցան․ խելացի կատվիկը կեղտոտում էր ամենախոցելի տեղերում։ Մի անգամ շրջանակից հանել էր հանգուցյալ ամուսնու նկարը և կրծոտելով փոշու էր վերածել՝ ստիպելով Նինա Արկադիևնային լաց լինել վշտից և անզորությունից։ Նախկինի պես Պուսսին տանել չէր կարողանում հյուրերին․ պատառոտում էր ուսանողուհիների զուգագուլպաները, մի անգամ նույնիսկ կարճ ժամանակով եկած մի անգլիացու ձեռքն էր զոլել, որը միամտաբար փորձել էր շոյել վերջինիս։ Միայն մի բանից էր վախենում Պուսսին` հատակի խոզանակից։ Այդ հարգանքի գաղտնիքը գիտեր միայն տան աշխատակիցը՝ Նադյան, որը մի քանի անգամ անցել էր կատվի կողերի վրայով։ Տիրուհին զարմանում էր հատակի խոզանակի հեղինակության վրա, բայց դիմում էր դրա օգնությանը՝ մազոտ թշնամուն ցույց տալով Պուսսիին ամեն անգամ, երբ կրքերն առանձնահատուկ կերպով էին թեժանում։ Խոզանակը տեսնելով՝ Պուսսին քարանում էր, այնուհետև հետ-հետ էր գնում և հնարավորինս բարձր տեղ էր բարձրանում՝ գրապահարանի կամ սպասքեղենի պահարանի գլխին, որտեղ քարանում էր նրբագեղ դիրքով՝ բարձրացնելով թաթը կամ ճկելով մեջքը։

Նինա Արկադիևնան՝ բարձր էսթետիկական զգացմունքով տիկինը, նույնպես քարանում էր հիացմունքից․ «Գեղեցկուհի՜, կատուների մեջ Գրետա Գարբո»։

Վիրահատությունից երեք ամիս անց կատուն նորից սկսեց այլանդակ ձայնով գոռալ և թավալվել բազմոցներին։ Տիրուհին զանգեց անասնաբույժին և վախվխելով հարցրեց, թե ինչու էր նման տենդ համակել կատվիկին, եթե վերջինս ստերիլացված էր։

Բժիշկն անսպասելիորեն վրդովվեց․

— Ինձ ո՞ւմ տեղն եք դրել, հարգելի՛ս։ Մի՞թե կարծում եք, որ ես պետք է վնասեի կենդանուն և հեռացնեի ձվարանները։ Ուղղակի կապել եմ նրա փողերը։ Այնպես որ միանգամայն բնական է, որ նա զուրկ չէ առողջ կենդանական բնազդներից։

Այդ պահին համբերատար Նինա Արկադիևնան առաջին անգամ լաց եղավ։ Նորից որձ կատու բերեցին։ Այդ անգամ Պուսսին բարեհաճ գտնվեց նրա նկատմամբ, և կատուների հարսանիքն իրականացավ։ Ամուսնական կոչերը, որոնք զրկել էին Նինա Արկադիևնային քնից և ախորժակից, ավարտվեցին։ Մնացած ամեն բան շարունակվում էր։ Չնայած մանրակրկիտ մաքրմանը և իրերի մշտական լվացմանն ու ախտահանմանը՝ տիրուհին, ինչպես նաև նրա տունը, համակվել էին յուրահատուկ, կայուն հոտով, որը տիրուհին զգում էր ամեն անգամ, երբ դրսից տուն էր մտնում։ Ըստ երևույթին, կատվին երբեմն հաջողվում էր մաքրման համար անհասանելի տեղեր գտնել․․․

Նինա Արկադիևնան, հոտոտելով յուրաքանչյուր բլուզը, որ հագնում էր, տղամարդու՝ սուր հոտով օծանելիք էր ցանում և տառապում։ Սակայն ամուսնու մահից հետո, մանր տառապանքները նույնիսկ մի փոքր ուրախացնում էին նրան, քանի որ շեղում էին գլխավոր կորստից․․․ Առհասարակ ուրախանում էր այն ամենից, ինչը շեղում էր մշտական վշտից և ընթացիկ կյանքի դատարկությունից։

Նինա Արկադիևնան ուրախացավ նաև այն ժամանակ, երբ առաջարկեցին սեմինար անցկացնել Նովոսիբիրսկում։ Այնպես ստացվեց, որ նրա հին ընկերը՝ պրոֆեսոր-արվեստագետը, ինքը խնդրեց ապրել նրա բնակարանում, որպեսզի կարողանար հանգիստ աշխատել՝ առանց տնային ճիչերի և գժտությունների, որոնք համբերությունից հանում էին նրան, և ավարտին հասցնել գիրքը։ Խոստացավ կերակրել կատվին։ Նինա Արկադիևնան հանձնեց բանալին, ցույց տվեց գազի կաթսայի քմահաճույքները, կատվի կերի պաշար թողեց և մեկնեց՝ վերջում նախազգուշացնելով, որ կատուն բարդ բնավորություն ուներ, բայց ոչ այնքան, որքան նրա կինն ու դուստրը։ Ամենակարևորը դուրս չթողնելն էր։

Տիրուհու մեկնման երկրորդ օրը, երբ Պուսսին դեռ ուսումնասիրում էր նոր բնակչին, վերջինս, աղբի դույլը ձեռքին, դուրս եկավ աղբատար խողովակի մոտ՝ դուռը ամուր ծածկելով, բայց չկողպելով։ Երբ վերադարձավ, Պուսսին նստած էր դռան առաջ։ Արագ բռնեց կատվին և ներս խցկեց բնակարան․ մնում էր միայն, որ կատո՜ւն փախչեր։ Աղբի դույլը տարավ խոհանոց, իսկ երբ հետ նայեց, տեսավ, որ միջանցքում դեմ դիմաց կանգնած էին երկու միանգամայն միատեսակ կատուներ՝ մեջքները ճկած և ֆշշացնելով։ Մինչ նա փորձում էր ըմբռնել այդ փաստը, կատուներն արդեն պտտվելով օդ բարձրացան, և ինչպես նրան թվաց, բավականին երկար ժամանակ երերացող կծիկի պես կախված մնացին օդում։ Նրանցից մեկը, անկասկած, Պուսսին էր, մյուսը՝ նրա նմանակը։ Դժվարությամբ հաջողվեց քանդել այդ մռնչացող կծիկը, բռնել կատուներից մեկին և հրելով մտցնել ամենածայրի սենյակը։ Կից սենյակներ էին, փականք չկար դրանց միջև, դուռը հեշտությամբ բացվում-փակվում էր, և ճանկռոտված ձեռքերում շարունակելով պահել մյուս կատվին՝ պրոֆեսորը վազվզում էր ամբողջ բնակարանով՝ մտածելով, թե ինչով կարող էր ամրացնել դուռը։ Վերջապես շվաբրի փայտը խցկեց դռան բռնակի մեջ և ձեռքերից բաց թողեց երկրորդ կատվին։ Վերջինս մահապարտի կատաղությամբ նետվեց դեպի դուռը․․․

Մի ամբողջ շաբաթ դուրս չեկավ բնակարանից՝ մնալով թշնամություն անող երկու կատուների հետ՝ աճպարարություններ անելով դռներով և փականներով։ Կատուներին տարբերելու համար փորձեց կանչել Նինա Արկադիևնայի երիտասարդ ընկերուհուն, որի մասին ասվել էր, որ ցանկացած տեսակի խնդրի առաջացման դեպքում վերջինս միանգամից օգնության կհասներ։ Ժենյան առաջին կանչից հետո անմիջապես եկավ, միանգամից ճանաչեց տանտիրոջ կատվին, բայց երբ մտավ ամենածայրի սենյակը, սկսեց կասկածել․ երկրորդ կատուն ճիշտ նույնն էր, միայն թե այդ մեկի ականջները սպիտակ ծոպեր հիշեցնող աղվամազերով էին ծածկված։ Գրկեց կատվին, վերջինս միանգամից դուրս հանեց ճանկերը և իսկույն չորս ակոս բացեց։ Այժմ Ժենյան գլուխ էր կոտրում․ բնավորությամբ իսկը Պուսսին էր, իսկ ականջների վրայի սպիտակ մորթեպատումն ուղղակի կարող էր նկատած չլինել․ մանր սպիտակ մազմզուկներ ականջների ամենածայրերին․․․ Որոշեցին մինչև տանտիրուհու գալն ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կար․․․

Նինա Արկադիևնան վերադարձավ մեկ շաբաթ անց և միանգամից, ինչպես ռուսական հայտնի հեքիաթում, անհրաժեշտ քույրիկին ճանաչեց ոչ թե ականջներով, այլ ձայնով։ Ուշադիր զննելուց հետո պարզվեց, որ երկուսի մոտ էլ կար մորթեպատում, բայց իսկական Պուսսիի մոտ այն ավելի նոսր էր։ Երկուսն էլ միաժամանակ դուրս եկան․ ապրումներից խենթացած պրոֆեսորը, ով ո՛չ հոգով էր հանգստացել, ո՛չ էլ աշխատել էր, և Պուսսիի նմանակը։

Պուսսին ուրախացավ, որ վերականգնվել էր նախկին աշխարհը, գլխով քսվեց տիրուհու ոտքին, իսկ գիշերը նրա անկողնում քնեց։ Նույնիսկ մի քիչ մռմռաց, թեև չմռմռացող հազվադեպ ցեղատեսակներից էր․․․

Նինա Արկադիևնան արդեն վաղուց Ամերիկայում ապրող դստեր հետ հեռախոսազրույցի ընթացքում պատմեց զավեշտալի միջադեպի մասին, և դա անսպասելի հետևանքների բերեց․ դուստրը սկսեց համառորեն հրավիրել նրան Քեյփ Քոդ, որտեղ ամռանն առանձնատուն էին վարձակալում։

— Մի տեղ տեղավորի՛ր այդ կատվին և արի՛։ Այդ ի՞նչ հոժարակամ ստրկություն է։ Կյանքում գոնե մեկ անգամ ամառը թոռներիդ հետ կանցկացնես, մայրի՛կ,— խստորեն ասաց դուստրն ու հավելեց․— Այստեղ դրա՜խտ է։ Օվկիանոս, ավազե լողափ, սոճիներ։ Ասես Մերձբալթիկա լինի, բայց տաք է։

Նինա Արկադիևնան համաձայնեց, արդեն երեք տարի չէր հանդիպել դստեր և թոռների հետ սկզբում ամուսնու հիվանդության պատճառով, հետո սգի, այնուհետև չէր կարողացել՝ պատճառաբանելով, թե ոչ մի տեղ չէր կարող թողնել կատվին։ Ամեն բան հենց այդպես էր, որ կար, սակայն բացի այդ՝ Նինա Արկադիևնան տանել չէր կարողանում իր փեսային․․․ Անգլիամոլ լինելով՝ տիրուհին Ամերիկան նույնպես այդքան էլ չէր սիրում։ Բայց դուստրն ապրում էր Նոր Անգլիայում՝ Ամերիկայի ամենաանգլիական վայրում, և հետո թոռներն էին ձգում․ երեք տարի չէին հանդիպել։ Որոշեց ամբողջ ամառն այնտեղ անցկացնել։ Միայն թե պետք էր կատվի հարցը լուծել․ կա՛մ պետք էր աշխատակցուհի բերել, կա՛մ կատվին ժամանակավոր ինչ-որ տեղ տեղավորել։ Նմանակի հետ կապված զավեշտապատումը մոռացության չէր մատնվել, և սկսվեցին կենդանիներ սիրող և համապատասխան բնակարանային պայմաններ ունեցող մարդկանց որոնումները։ Ամբողջ Մոսկվայով տարածվեց լուրը, և վերջապես մի համապատասխան զույգ գտնվեց․ տարեց ամուսիններ, անզավակ, կինը նույնիսկ կարծես կա՛մ «Կենդանիների աշխարհ», կա՛մ «Կենդանական աշխարհ» ամսագրի արտահաստիքային աշխատակցուհի էր։ Որոշվեց, որ տիրուհու մեկնման հաջորդ օրը Ժենյան Պուսսիին տանելու էր այդ բարի մարդկանց մոտ։

Բարեկամները սրտագին ընդունեցին Նինա Արկադիևնային․ դուստրն ու թոռները՝ անկեղծ սիրով, փեսան՝ վաղուց կուտակված հակասությունները շրջանցելու մտադրությամբ։ Ինքը երկիրը նույնպես փորձում էր առաջին րոպեներից իսկ դուր գալ նրան՝ սկսած Բոստոնից մինչև Քեյփ Քոդ տանող ճանապարհին հանդիպող տեսարանները։ Նինա Արկադիևնան Արևմուտքին բնորոշ ներամփոփության ոչ մի նշույլ չտեսավ իր երեխաների կյանքում․ տունը, ինչպես որ Մոսկվայում, լի էր ընկերներով, նույն ռուսական կերուխումն ու նույն ռուսական զրույցներն էին, թեև շատ հաճախ դրանք անգլերեն էին տարվում։ Նույնիսկ ամերիկյան առոգանությունը, որը միշտ կոպիտ էր թվացել նրան, այժմ ծիծաղելի էր հնչում։ Թե՛ դուստրը, թե՛ փեսան սարսափելի վատ էին խոսում անգլերեն։ Սակայն համակարգչային ոլորտում, որտեղ աշխատում էր և՛ դուստրը, և՛ նրա ամուսինը, հարգված մասնագետներ էին․․․ Հանրահայտ ամերիկյան անհոգիությունն ու հիմարությունն աչքի չէին ընկնում, ավելի շատ զարմացնում էին այն ամենի մաքրությունն ու նորությունը, ինչի վրա որ հայացք էր գցում։ Հատկապես թոռների մշտապես ճերմակ գուլպաները։ Թվում էր, թե երբեք չէին կեղտոտվում։ Սպիտակ, գեր կատուն և շիկակարմիր շունը նույնպես բացառիկորեն մաքուր էին, իսկ ամենազարմանալին այն էր, որ մշտապես քնած էին՝ միմյանց հետ կուչ եկած։ Կրտսեր թոռնուհին թավշե խաղալիքների պես էր վերաբերվում նրանց, թաթերից բռնած քարշ էր տալիս և գլխարկներ էր հագցնում։ Կատուն չէր մլավում, շունը չէր հաչում․․․

Տիրուհին սրտնեղում էր այդ անդորր գոյությանը հետևելիս․ հիշում էր Պուսկային և նրա կատաղի բնավորությունը․․․

«Արդյոք կա՞ մի բան, որ սխալ եմ անում կյանքում,— դառնությամբ մտածում էր նա։— Ա՜խ, ամեն ինչն էլ սխալ եմ անում․․․»։

Մեկնելուց մեկ շաբաթ առաջ Նինա Արկադիևնան կարևոր որոշում կայացրեց․ զանգեց Մոսկվա՝ Ժենյային, և խնդրեց Պուսսիի համար նոր տերեր գտնել․

— Հարկավոր է վստահելի տեղ հանձնել նրան։ Եվ եթե հնարավոր է, քաղաքից դուրս։ Այո՛, այո՛, քաղաքից դուրս, որպեսզի տարածք լինի, որտեղ նա կկարողանա զբոսնել։ Ձմեռային տան նման մի տեղ։ Եվ լավ կլինի, որ մինչև իմ վերադառնալն այդ ամենը կազմակերպվի․․․

Ժենյան փութաջանորեն սկսեց աշխատել այդ ուղղությամբ․ հնարավոր բոլորին զանգեց և հարցուփորձ արեց։ Նրանց, ովքեր ճանաչում էին Պուսկային, զանգելու կարիք անգամ չկար․ ինքնասպաններ չգտնվեցին։ Նրանց, ովքեր չէին ճանաչում կատվին, Ժենյան նախազգուշացնում էր․ գեղեցկագույն կատու է, բայց ծայրահեղ հրեշային բնավորությամբ։ Նինա Արկադիևնայի վերադարձից մեկ օր առաջ ամենևին չկարողանալով գլուխ բերել հանձնարարության առաջին մասը (վստահելի տեղ հանձնելու հետ կապված)՝ անցավ երկրորդ մասին։

Սկսվեց էվակուացիան։ Ժենյան մոտեցավ Սրետենկա փողոցի վրա գտնվող եռահարկ շենքին, և որքան վերև էր բարձրանում սանդուղքով, այնքան ավելի հստակ էր զգում, որ այդտեղ ապրում էին մարդիկ, որոնք անսահմանորեն սիրում էին կատուներին․ այնպիսի գարշահոտություն էր տիրում, որ միայն սերը կարող էր հաղթահարել այն։ Ժենյան բարձրացավ երրորդ հարկ։ Բոլոր հարկերում կատուների համար նախատեսված ճաշամաններ էին դրված։ Ճաղաշարի վրա երկու կատուներ էին նստած՝ պոչները ներքև կախած և մտածկոտ հայացքները հեռուն հառած։ Անհրաժեշտ բնակարանի դռան բռնակից երկու տոպրակ էր կախված, իսկ դռան տակ լրագրերի՝ թոկով կապկպված երեք մեծ կապոց էր դրված։ Անկասկած, կատուների պետքարաններն էին, որոնք պետք է նետվեին աղբամանը։

Ժենյան զանգ տվեց, ոչ մի ձայն չլսվեց։ Սակայն դուռը բացեցին։ Փոքրիկ ու վտիտ, փոքր-ինչ գունատ և հալումաշ եղած ամուսինները կանգնել և ժպտում էին։

— Մերոնց հետ չընկերացավ,— տեղեկացրեց կինը։— Այնպիսի՜ բախում էր։ Բնավորություններով չհամընկան։

Ժենյան գումարը տղամարդուկին մեկնեց, իսկ վերջինս լուռ, աննկատ կերպով դրեց գրպանը։

— Ո՛չ Մուսկայի հետ, ո՛չ Պալ Իվանովիչի, ո՛չ էլ Լասկայի,— հաստատեց ամուսինը։

— Առանձին ենք տեղավորել նրան,— հպարտությամբ ասաց կինը և ուղեկցեց երկար միջանցքով։— Ահա այստեղ Մուսկան է, առանձին է ապրում, որովհետև նեղացնում է Պալ Իվանովիչին,— ցույց տվեց առաջին դուռը,— իսկ այստեղ Պալ Իվանովիչը՝ արդեն ծեր սիբիրյան կատուն, և նրա թոռնուհին՝ Լասկան են․ նրանք համերաշխ են,— ձեռքով դեպի երկրորդ դուռը նշան արեց։

Հետո սենյակ էր, որտեղ շուն էին պահում։ Վերջին՝ չորրորդ, սենյակում հյուրընկալել էին Պուսկային։

— Նախկինում կոմունալ շենք էր, իսկ հիմա քանի որ քանդման է ենթակա, ամբողջությամբ մերն է դարձել,— բացատրեց կատվասեր կինը,— չենք ուզում հեռանալ, բայց Բիբիրևոյում են արտաբնակեցնելու։

— Շատ էլ լավ է, Վա՛լյա, ինչ վատ է, Կաշտանի հետ կգնանք անտառ զբոսնելու,— ինչ-որ տեղից կամացուկ հաչոց լսվեց, շունն իր անվանն էր արձագանքում։— Մեր խելացին է, բայց նույնպես ծերուկ է։ Մոլորվել է․․․

Տղամարդուկը բանալիների կապոց հանեց գրպանից և բացեց վերջին դուռը։ Պուսկան նստած էր բարձր զգեստապահարանի գլխին։ Ոչ թե սև էր, այլ փոշոտ մոխրագույն, տխուր ու վայրենիացած։

— Լիզոտելով չի մաքրում իրեն,— վշտացած նկատեց կատվասեր կինը։— Կարոտում է։ Ուղղակի հոգին ցավում է, այնպես է կարոտում։ Արի՛, արի՛ այստեղ, ի՛մ աղջիկ, հիմա տուն ես վերադառնալու։

Պուսսին քարացած նստած էր իր հանրահայտ եգիպտական դիրքով։

Երկար էին փորձում բռնել նրան։ Երբ վերջապես հայտնվեց Ժենյայի գրկում, վերջինս զարմացած նկատեց, որ նրա մորթու ածխային փայլն անհետացել էր, իսկ սպիտակ կրծքակալը մոխրագույն էր դարձել․․․ Ուսին սարդոստայն էր․․․ Իսկ ամենազարմանալին այն էր, որ լուռ էր։

Ժենյան սպորտային պայուսակի մեջ նստեցրեց նրան և փակեց շղթան՝ հոգատարությամբ մի քանի սանտիմետր բաց թողնելով, որպեսզի կատուն չխեղդվեր․․․

— Կճանապարհենք ձեզ, կճանապարհենք,— իրար ընդհատելով՝ սկսեցին ծլվլալ կատվասերները և վերցնելով լրագրերի կապոցները հետևեցին Ժենյային։ Երբ դուրս եկան շքամուտքից, կատուների մի ամբողջ բազմություն էր հավաքվել, ասես գետնի տակից դուրս եկած լինեին՝ մեջքները ճկած և պոչները վեր ցցած։

— Սոված են․․․ Կկերակրենք, կկերակրենք․․․ Այսօր բոլորի՛ն կկերակրենք,— հպարտությամբ ասաց ամուսինը՝ գրպանին թփթփացնելով։

Ժենյան պայուսակը դրեց մեքենայի հետևի նստատեղին, ձեռքով հրաժեշտ տվեց արտասովոր զույգին, որոնք շարունակում էին կանգնած մնալ՝ լրագրերի շեղջերին փաթաթված, և հեռացավ։ Տհաճ, բայց հարկադրված նախաձեռնություն էր։ Այնքան էլ լավ չէր տրամադրությունը։

Սադովոե կոլցո մայրուղի հասնելուն պես Ժենյան մեջքով զգաց, որ մեքենայում ինչ-որ բան էր կատարվում։ Նույնիսկ չհասցրեց կարգին գլխի ընկնել, թե ինչ․ մեքենայի սրահում դեսուդեն էր նետվում մուգ գույնի կծիկը, որն օձի բարձր ֆշշոց հիշեցնող ձայներ էր արձակում։ Մեքենան դեպի աջ շրջվեց, հետևից ծայրահեղ սուր ճանկերով բռնեցին վիզը: Ժենյան այրող ցավ զգաց։ Չորս թաթերի ճանկերով բռնելով՝ Պուսկան սկսեց բարձր ոռնալ։ Մոռանալով միացնել շրջադարձի նշանը՝ Ժենյան կանգ առավ։ Մեքենաները հուսահատորեն ազդանշաններ էին տալիս, բայց ոչ ոք չբախվեց նրան։ Կտրուկ կերպով Ժենյան հեռացրեց կատվին իրենից։ Սեղմելով ցնցվող կծիկը՝ դուրս եկավ մեքենայից, բացեց դուռն ու կենդանուն հետ խցկեց պայուսակի մեջ՝ մինչև վերջ փակելով շղթան։

Մեջքի և ձեռքերի վրայով արյուն էր հոսում, արյան մեծ բիծ կար նաև այտի վրա։ Բայց Ժենյան պուկ տվեց տեղից և սլացավ։ Երթուղին քաջ ծանոթ էր նրան։ Թեքվեց Կալյաևսկայա, անցավ Սավելովսկի երկաթուղային կայարանի մոտով, այնուհետև նրբանցքներով հասավ Տիմիրյազևսկի այգին շրջապատող բետոնե պատի՝ իրեն ծանոթ անցքի մոտ, անցավ ևս մեկով․ հետո այգին էր սկսվում։ Ժենյան արահետով դուրս եկավ փոքրիկ բացատ և բացեց պայուսակը։ Ըստ երևույթին՝ կատուն նրա չափ ցնցված էր կատարվածից։ Առանց շտապելու Պուսսին դուրս եկավ պայուսակից։ Շուրջը նայեց։ Նստեց խոտին և սկսեց իրեն լիզել։ Ժենյան մի քանի քայլ այն կողմ էր կանգնած։ Վարդագույն լեզուն մանրակրկիտ կերպով անցավ կատվի մարմնի ամենադժվար հասանելի տեղերով, ամբողջ մարմնով տարածվեց նորացված մորթու շողոշողացող շերտը։ Աչքի առաջ մոխրագույնից վերածվում էր թավշյա, պսպղուն սև կատվի։ Առանց գլուխն անգամ դեպի Ժենյան թեքելու լիզում էր աճուկները։ Կամաց-կամաց սկսեցին երևալ թաթերի ճերմակ գուլպաները։ Լվացվելուց հետո Պուսսին քարացավ իր ամենատարօրինակ դիրքերից մեկով՝ դիմացի թաթը վեր բարձրացրած։

— Ուրեմն այսպես,— ասաց Ժենյան։— Ահա քեզ քաղաքից դուրս։ Զբոսնի՛ր, մկնե՛ր որսա։ Այնտեղ երեք շենքերն են, սա հիվանդանոցն է։ Այնտեղից մարդիկ դուրս կգան և կկերակրեն քեզ։ Ապրի՛ր բնության մեջ, և այստեղ քո բնավորությունը ոչ ոքի չի խանգարի ապրել։ Հասկացա՞ր։

Կատուն հասկացավ։ Շրջվեց ու հեռացավ՝ առանց շտապելու և մի փոքր օրորվելով։ Հետո անհետացավ թփերի մեջ, և նույնիսկ հետ չնայեց։

Մի քանի այլաբանական կատուներ ճանկռոտում էին Ժենյայի հոգին։ Չկարողացավ կատարել ավագ ընկերուհու խնդրանքը։ Բայց Ժենյան ավելի շատ էր սիրում Նինա Արկադիևնային, քան վերջինս իր կատվին։ Հաջորդ օրը Ժենյան, սպեղանիներով կապկպված, գնաց Շերեմետևո՝ դիմավորելու ավագ ընկերուհուն։ Նինա Արկադիևնան հսկայական ուղեբեռ ուներ, բոլոր ճամպրուկները դրեցին սայլակի վրա, հետո տեղափոխեցին մեքենայի բեռնախցիկ և հեռացան։

— Դե՞,— հարցրեց Նինա Արկադիևնան՝ աննշան և փոքրիկ հարց խցկելով իր վիթխարի տպավորությունների մեջ,— հաջողվե՞ց տեղավորել Պուսկային։

Ժենյան գլխով արեց։

— Քաղաքից դո՞ւրս,— հարցրեց Նինա Արկադիևնան։

Ժենյան շունչ քաշեց՝ պատրաստ երկար հարցուփորձերի, և գլխով արեց։

Բայց Նինա Արկադիևնան այդպես էլ երբեք չվերադարձավ այդ հարցին։

Հավանաբար ամեն բան այդպես էլ կավարտվեր։ Կատարվածի տհաճ զգացումը Ժենյան մոռացության կմատներ, և ամեն բան՝ ներառյալ նրա մեջքի ու վզի խորը քերծվածքները, կբուժվեր ու կսպիանար։ Բայց երեք շաբաթ կամ նույնիսկ մեկ ամբողջ ամիս էր անցել, երբ Նինա Արկադիևնան երկար ու հաճելի հեռախոսազրույց էր վարում Ժենյայի հետ՝ պատմելով իր նոր աշխատանքի մասին ու թեթևակի, աննկատ կերպով նախատելով Ժենյային այն բանի համար, որ վերջինս թողել էր գեղարվեստական գրականության թարգմանչի ազնվաբարո աշխատանքն ու տեղավորվել էր մի ընկերությունում, որն ինչ-որ արևելյան աղբի առևտուրով էր զբաղվում Հարավարևելյան Ասիայի հետ, և հանկարծ խոսափողից այն կողմ կարճ, համառ մլավոց լսվեց։ Զրույցն ընդհատվեց կես խոսքին։ Լռությունը երկարատև էր։

Վերջապես Ժենյան հարցրեց․

— Վերադարձե՞լ է։

Լռությունը շարունակվում էր։

— Ո՛չ։ Քեզ մո՞տ է։

— Ո՛չ։ Ի՜նչ եք ասում,— վախեցավ Ժենյան և շուրջը նայեց։ Ոչ մի կատվի հետք անգամ չկար։

— Այդ դեպքում որտեղի՞ց է լսվում այս մլավոցը,— կամացուկ հարցրեց Նինա Արկադիևնան։

— Չգիտեմ,— անկեղծ պատասխանեց Ժենյան։

Այդպես էլ մինչև օրս ոչ ոք չի կարողացել լուծել այդ հանելուկը։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *