Ալեքսեյ Վարլամով | Բոլոր մարդիկ լողալ գիտեն

 

1

Տղան փոքրիկ գետի մոտակայքում էր ապրում։ Եթե հյուսիսային քամի էր փչում, և տանը բացում էին օդանցքը, զգում էր ջրի բույրը և լսում խճաքար և ավազ տեղափոխող, մեծ բեռնանավերի շչակները։ Հոսանքն ի վայր գետափն ու նավակայանն էին, իսկ այն վայրից, որտեղ տեղակայված էր նրանց տունը, ոչ հեռու գետը պտույտ էր անում։ Հանգստյան օրերին անցնելով գործարանային ծայրամասի մոտով՝ տղան հայրիկի հետ գալիս էր մի ամայի ափ, և մեծահասակ մարդը պատմում էր փոքրիկին, որ քաղաքի կենտրոնում գետը բոլորովին այլ էր, այն առանձնացված էր գրանիտով և դրանով երթևեկում էին զբոսանավերը։ Բայց այնտեղ, որտեղ զբոսնում էին, նավեր չկային, ջուրը մոտենում և դիպչում էր ոտքերին, տղան քարիկներ, տաշեղներ և շշեր էր նետում, որոնք գետը ափ էր հանում, և հետևում էր, թե ինչպես էին դրանք ճղփյունով սուզվում ջրի մեջ։ Մի անգամ մի տախտակ շպրտեց, որի մեջ մեխ կար։ Մեխը կառչեց ձեռքի ափից, և սկսեց արյուն հոսել դրանից։ Տղան սկսեց լաց լինել, իսկ հայրն ասաց, որ լաց լինելն ամոթ է, և անհետացավ։ Տղան մի քանի անգամ հարցուփորձ արեց մորը նրա մասին և խնդրեց, որ վերջինս նրա հետ ափ գար, բայց մայրը պատասխանում էր, որ ժամանակ չուներ, իսկ երբ հարցուփորձերը նրան ձանձրացրին, ասաց, որ հայրը չէր վերադառնալու։

-Ջրահե՞ղձ է եղել։

-Արդեն ուրիշ ընտանիք ունի։

Գարնանը փոքրիկ ակվարիում գնեց որդու համար․ վերջինս հետևում էր, թե ինչպես էին ձկները լողում և պղպջակներ էին բարձրանում, իսկ հոր մասին չէր մտածում։

Երբ տղան ութ տարեկան դարձավ, մայրը լողի դասերի գրանցեց նրան լողավազանում, որը նրանց տան կողքին էր։

-Ես այս լողավազանում եմ լողալ սովորել։ Այն ժամանակ Մոսկվայում միայն երկու լողավազան կար՝ «Դինամոն» և մերը։ Դասընկերուհուս մայրն այստեղ էր աշխատում, և նա երեկոյան ժամերին թույլատրում էր մեզ մենակ լողալ այստեղ։

Մայրը մի փոքր շփոթված, բայց միևնույն ժամանակ հաճույքով էր պատմում այդ ամենը, սակայն տղան դժվարանում էր պատկերացնել, որ նա երբևէ փոքրիկ աղջնակ էր եղել, դրա համար անուշադիր կերպով էր լսում, բայց մայրը չէր նկատում դա։ Սովորություն ուներ այնպես խոսելու, ասես ինքն իր համար էր միայն խոսում։ Բաղնիքի մոտ մի քանի ժամ հերթ էինք կանգնում։ Այնտեղ մի կտոր օճառ էին տալիս։ Պետք է դու լողանայիր, իրերդ լվանայիր և օճառը տուն բերեիր։

Նախասրահում գարեջրի հոտ էր գալիս, գոլորշաապատ դռներից դուրս էին գալիս կաս-կարմիր կտրած տղամարդիկ, բարձրաձայն խոսում էին, ուրախ-ուրախ նայում էին աշնանային, մոխրագույն անձրևանոցով և մետաքսե գլխաշորով երիտասարդ կնոջը։ Տղան սկսեց խնդրել, որ մայրը փաթեթավորված խրթխրթան կարտոֆիլ գներ նրա համար, որը վաճառվում էր լցնովի գարեջրի և աղի չորաբլիթների կողքին, բայց վերջինս շտապով հեռացավ։

-Չգիտես, թե ինչով են տապակում։

-Ուղղակի տասը կոպեկն ես ափսոսում, – ասաց բարկացած տղան և շրջվեց։

Բարձրացան սանդուղքով, տղան զգաց ջրի ծանոթ բույրը, հուզվեց և ուրախացավ, ինչպես շատ մանուկ ժամանակ, և միանգամից ամոթ զգաց, որ կոպտել էր մորը։ Բարձրահասակ մի տղամարդ՝ սպորտային հագուստով, սուլիչը կրծքավանդակին գցած, քայլում էր փոքրիկ լողավազանի երկայնքով, կտրուկ թափահարում էր ձեռքերը՝ կռանալով և թեքելով գլուխը, իսկ նրա զիլ ձայնը խլեցնում էր ջրի ճղփյունը և խոնավ գվվոցը, որը մառախուղի պես համակել էր տարածքը։ Իսկ մեծ լողավազանում գույնզգույն գլխարկներով մեծահասակ տղամարդիկ գնդակ էին խաղում և զանազան շարժումներ էին անում։ Տրիբունայում նստած էին մարդիկ, որոնք անընդհատ թափահարում էին ձեռքերը, բայց նույնպես ոչինչ չէին ասում։ Նրանց դեմքերը լարված էին, միայն շրթունքներով ինչ-որ բան էին անձայն արտաբերում և ուշադիր նայում էին միմյանց։

-Ովքե՞ր են նրանք, – հարցրեց տղան։

-Խուլուհամրներ են, – պատասխանեց մայրը՝ առանց բերանը բացելու։ – Կամա՛ց, նրանք ամեն ինչ լսում են։

-Ինչպե՞ս։

-Շրթունքներով են կարդում։ Լռի՛ր, – ասաց մայրն ու մոտեցրեց որդուն մարզիչին։

-Քանի՞ տարեկան ես։

-Ութ։

-Բայց ես Ձեզ չէի հարցնում։ Թե՞ խուլուհամր է։

-Նա սպորտային տղա է, – ասաց մայրը՝ քնքուշ և երգեցիկ ձայնով։

-Կռացի՛ր և հատակի՛ն դիպչիր։ Ավելի՛ ներքև, ավելի՛։ Ափով կարո՞ղ ես։ Իսկ ինչո՞ւ եք միայն հիմա որոշել։ Լողալ սովորել սկսում են հինգ տարեկանից։

-Արի՛ գնանք այստեղից, – տղան քաշեց մոր թևքից։

-Վերցնում եմ նրան, – մռթմռթաց մարզիչը՝ մի կողմ նայելով, և կտրուկ սուլեց։ – Վաղը՝ ժամը տասներկուսին, բերե՛ք։

-Դասի եմ։

-Ես կխոսեմ ուսուցչուհուդ հետ, – սրտնեղելով ասաց մայրը, բայց մարզիչն արդեն չէր լսում, և տղան թշնամանք զգաց վերջինիս հանդեպ։

Հաջորդ առավոտ է՛լ ավելի մեծ զզվանք զգաց մարզիչի հանդեպ, երբ մայրն առաջին պարապմունքի բերեց նրան։ Հանդերձարանում երեխաները հրմշտում էին միմյանց, այնուհետև գնացին լողանալու, բայց խցիկները քիչ էին, և երեխաները սկսեցին հրելով հետ քաշել միմյանց, թքում և ճիլոպներ էին նետում իրար վրա, միմյանց լողավարտիքներն էին քաշքշում և հանում, բայց տղան ավելի մեծ էր, զգուշանալով զիջեցին նրան, և ոչ ոք նրան ձեռք չտվեց։ Բայց փոքրիկ երեխաների քաշքշոցը հոգնեցրեց նրան։ Դժգոհությամբ շուրջն էր նայում, իսկ սպիտակ խալաթ հագած գեր կինը սկսեց ստուգել, թե արդյոք բոլոր տղաները լավ էին լվացել իրենց հետույքները, թե ոչ, լողավազանն ընդհանրապես դուր չեկավ նրան։ Տղաները հիմարաբար ծիծաղում և մատով ցույց էին տալիս միմյանց, իսկ նա շարունակում էր լուրջ մնալ, քանի որ գիտեր, որ հետույքն ամոթ բան է, և տհաճ է, երբ ինչ-որ տիկին զննում է այն։

Գորտամանի մեջ էին մարզվում, որտեղ ջուրը մինչև փոքրիկների կրծքավանդակն էր հասնում։ Շարվում էին պատի տակ, և մարզիչը ցույց էր տալիս վարժությունները։ Բղավում էր նրանց վրա, ովքեր անուշադիր էին լսում, և զիլ ձայնի ներքո նույնիսկ ամենաչարաճճի երեխաները հանդարտվում էին։ Տղան շատ հնազանդ էր, մարզիչի հետևից կրկնում էր ձեռքի և մարմնի բոլոր շարժումները, ձեռքերով գրկելով ոտքերը՝ կախվում էր ջրի մեջ, բայց հենց որ բաց էր թողնում, ուղղվելու և ջրի վրա պառկելու փոխարեն ոտքերը հատակին էր իջեցնում։

Մի քանի մարզումից հետո բոլոր երեխաները լող էին տալիս մի քանի մետր՝ գորտամանի մի պատից մյուսը, բայց տղայի մոտ ոչինչ չէր ստացվում։ Ջանասիրաբար պարզում էր ձեռքերը, թեքում էր գլուխը, որպեսզի շունչ քաշեր, բայց դրա փոխարեն խորտակվում էր։ Նրան թվում էր, թե հենարանը կորցնելն ամենասարսափելի բանն էր, որ կարող էր պատահել նրա հետ։

-Պառկի՛ր և զգա՛ ջուրը, – բղավում էր մարզիչը։ – Ջուրն ինքը կպահի քեզ։ Մարդիկ խորտակվում են, քանի որ տեղյակ չեն, որ լողալ գիտեն։

Մարզիչը նրա հորն էր նման։ Երբեմն տղային թվում էր, թե հենց հայրն էր, որ կար, ուղղակի ավելի մեծ էր։ Թեև աղոտ էր հիշում, թե ինչպիսին էր նա երիտասարդ ժամանակ։

-Իսկ եթե սկսես ոտքով քայլել, կտեղափոխեմ ուրիշ խումբ քեզ, որտեղ չորս տարեկան երեխաներն են մարզվում։

Հիմա, երբ հանդերձարան էր մտնում, չէին զիջում նրան լոգախցիկը, և ստիպված սպասում էր, մինչև որ բոլորը լողանային։ Այդ մասին պատմեց մորը և մտածեց, որ վերջինս հաստատ կհեռացնի նրան լողավազանից, բայց նա ուղղակի յոդ քսեց ոտքի մատներին, որպեսզի սունկ չառաջանար և կամացուկ ասաց․

-Պետք է հաղթահարես ինքդ քեզ։ Եթե անձնատուր լինես այս խոչընդոտի առաջ, դժվար կլինի քեզ համար կյանքում։

-Թո՛ղ, – ծռմռեց դեմքը տղան․ յոդը սառեցնում էր մատները։

-Այդպես չի կարելի։ Իսկ ո՞վ է ինձ պաշտպանելու, երբ ծերանամ։ Իսկ քո մարզիչը շատ լավն է, ամբողջ Մոսկվայից բոլորը երեխաներին նրա մոտ են բերում։ Սովորել լողալ նշանակում է սովորել ապրել։

-Օրինակ՝ դո՛ւ, սովորել ես, – հակառակվեց նա։ – Եվ ի՞նչ։

-Ի՞նչ։

-Լաց ես լինում։

-Ոչի՛նչ, – համառորեն ասաց մայրը։

Բայց որքան էլ որ ջանում էր, ինչ-որ ուժ չէր թողնում, որ ոտքերը բարձրացներ հատակից։ Սկզբում անհանգստանում էր, այնուհետև միևնույն դարձավ, թե ինչ կասեր կամ կաներ մարզիչը, թե ինչպես կբարկացնեն և ինչ ծամածռություններ կանեն փոքրիկ երեխաները։ Պարտք կատարելու նման գնում էր մարզումներին, տուն էր վերադառնում, մեքենաբար ձեռքը մեկնում էր մորը և ժամերով նայում էր ձկներին։

Եվ երբ հերթական անգամ հատակով քայլելով՝ տղան հասավ գորտամանի հակառակ ծայրին, մարզիչը ծափահարեց։

-Դու ծաղրո՞ւմ ես ինձ, – հարցրեց նա հանգիստ կերպով, և տղան հասկացավ, որ մեծահասակ մարդու հանգստությունը կարող է ավելի սարսափելի լինել, քան զայրույթը։ – Չլինի թե կարծում ես, որ կվտարեմ քեզ։ Եկել ես այստեղ, որպեսզի լողալ սովորես, և ես կսովորեցնեմ։ Ոչ մի երեխա չկա, որ չկարողանա լողալ։ Լողալ եմ սովորեցրել հազարավոր մարդկանց։ Դու կարողանում ես լողալ, շատ լավ ես լողում։ Ուղղակի չես ուզում ցույց տալ, որովհետև չար սիրտ ունես։

«Իսկ ահա նա չգիտի լողալ, – մտածեց տղան։ – Հակառակ դեպքում մյուս մարդկանց նման լողավազանի մեջ կլիներ, իսկ նա միայն քայլում է դրա երկայնքով»։

-Խլացե՞լ ես, – ուժեղ ձեռքը ցավեցնելով բռնեց նրա ականջը։ – Դո՛ւրս արի ջրից և արի՛ հետևիցս։

Սայթաքուն հատակով տղան մոտեցավ մեծերի լողավազանին։ Մի կողմում բավականին ծանծաղ էր, իսկ մյուս կողմում, որտեղ ջուր ցատկելու պատվանդաններն էին, խորն էր։ Մարզիչը տարավ նրան պատվանդանի մոտ․

-Բարձրացի՛ր։

Մուգ կանաչ զանգվածը ծփում էր ներքևում։

Տղան տեսավ պայծառ լամպերով առաստաղի աղավաղված արտացոլանքը, բայց հատակը չէր երևում։

-Ցատկի՛ր և լողա՛։

Մի քանի տասնյակ աչքեր հետևում էին նրան, ամբողջ փոքրիկ ակվարիումային աշխարհը կանգ էր առել, քարացել էին նույնիսկ խուլուհամրները, որոնք սովորաբար ուշադրություն չէին դարձնում խոսող և լսող մարդկանց վրա։

-Ցատկի՛ր, այլապես կհրեմ քեզ։

Տղայի ոտքերը սայթաքում էին պատվանդանի վրա։ Թվում էր, թե անդունդի եզրին էր։ Երբեք այդպիսի վախ չէր զգացել և նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ նման վախ կար աշխարհում։

-Դե՜։

Տղան թափահարեց ձեռքերը, ճոճվեց և չհասկացավ՝ թռավ, ընկավ, թե մարզիչը նետեց նրան, ինչպես ինքն էր ժամանակին քարեր ու փայտեր նետում ջրի մեջ։

Ջուրը ավելի սառն էր, քան գորտամանում, այն ընդունեց նրան, և տղան սկսեց դանդաղ իջնել։ Պետք է ոտքերով դիպչեր հատակին և կանգներ։ Մարզիչը սպասում էր, թե երբ էր մակերես դուրս գալու, բայց տղայի մարմինը ջրի ընդերքում էր և չէր բարձրանում։ Մեկ այլ աշխարհից հմայված և քարացած նրա վրա էր նայում սպորտային հագուստ հագած, կապտած շրթունքներով մի մարդ, տրիբունաներից հուսահատ կերպով ձեռքերն էին թափահարում գեղեցիկ, մեծ մարդիկ, մյուսները լողում էին՝ նրան օգնելու։

Բայց նրանք շատ հեռու էին, և տղան շարունակում էր մնալ ներքևում և ոտքերով շոշափելով հատակը՝ սպասում էր։ Ջրի վրա թեքված մարմինը շարժվեց, անհասկանալի էր՝ այն ցատկում էր, թե ընկնում, և հաջորդ վայրկյանին ծանր, կամազուրկ մարմինն ընկղմվեց ջրի մեջ և խորասուզվեց։

2

-Կհամբուրեմ քեզ, միայն թե մյուս ափին։

Փայտյա կամրջակներից մոտավորապես երեք հարյուր մետր էր մինչև հեռավոր ափը։ Սուր տեսողություն ուներ, և հրաշալի կերպով կարողանում էր տարբերակել ծառերը։ Այնտեղից սկսվում էր փշատերև անտառը։ Այնտեղ էին գտնվում գեներալների առանձնատները, որոնք կես հեկտար տեղ էին զբաղեցնում։ Դրանից հետո հրաձգարանն էր, որի կողքերից մոր հետ սունկ էին հավաքում։ Աշխտանքային օրերին կրեմլյան կուրսանտները լիճ էին գալիս, լողի նորմատիվներ էին հանձնում։

-Միասին կլողանք։ Մենակ չեմ թողնի քեզ։ Շատ լավ եմ լողում։ Չես պատկերացնում, թե ինչ լավ եմ լողում։ Մի անգամ մարդ եմ փրկել, – ասաց նա հպարտությամբ։ – Ձկնորս էր, որի ռետինե նավակը ծակվել էր։

Ձկնորսը շատ էր հավանում նրան։ Հագին բարակ ուսակապերով գեղեցիկ, մորեգույն սարաֆան էր, որի տակից երևում էին թուխ ուսերը։ Ամաչում էր ավելի ներքև նայել։ Խորտակվում էր կանաչ աչքերի մեջ։

-Եթե այդքան ցանկանում ես մյուս ափին հայտնվել, – խռպոտ ձայնով ասաց նա, – արի շրջանցենք լիճը։

-Այդպես հեռու է։

-Միայն թվում է։ Շատ եմ ոտքով գնացել այնտեղ։

-Չեմ կարող երկար ոտքով գնալ։ Սիրում եմ լողալ, այլ ոչ թե քայլել։ Այնտեղ, որտեղ ես ապրում եմ, բոլորը լողալ գիտեն։ Կարելի է ծովում լողալ կամ ծովածոցում։ Ծովածոցում ջուրն ավելի տաք է, բայց այնտեղ մեծ ալիքներ չեն լինում։

Մի փոքր ակցենտով էր խոսում, դրա համար է՛լ ավելի առեղծվածային ու հիասքանչ էր թվում նրան։ Հայրը լիտվացի էր, մայրը՝ ռուս, իսկ անունը Ռեգինա էր։

-Ուզո՞ւմ ես համբուրել ինձ։

-Ուզում եմ, – հազիվ կարողացավ արտաբերել նա։

-Պետք է համբույրիս արժանի դառնալ, – սկսեց ծիծաղել Ռեգինան։

Անգամ ինքնին ծիծաղում ինչ-որ օտարերկրյա բան կար, բայց չէր հասկանում, արդյոք դա կապված էր նրա հետ, որ ռուս չէր, թե ուղղակի որ աղջիկ էր, իսկ բոլոր աղջիկներն օտարերկրացի են։

Ռեգինան շոյեց նրա ուսերը, կռացավ, և վերջինիս հայացքն ընկավ սարաֆանի բացվածքին։

-Պետք է լողազգեստ հագնեմ։

-Անտա՛ռ գնա։

-Այնտեղ կարող են զինվորներ լինել։ Վախենում եմ ձեր զինվորներից։ Ավելի լավ է վեր կենաս և սրբիչով փակես ինձ։

Ձեռքի սրբիչն ինչ-որ ծանր կտոր էր թվում նրան՝ թատրոնի վարագույրի նման մի բան։

-Կոճկի՛ր, – խնդրեց նա՝ անցնելով սարաֆանի վրայով և մեջքով կանգնելով։ – Իսկ մեզ մոտ աղջիկները տոպլես[1] են լողում։ Գիտե՞ս դա որն է։

-Ի՞նչ, – բերանը չորացավ, իսկ ձեռքերն այլևս չէին ենթարկվում իրեն։

-Այն, ինչը որ հենց նոր տեսար: Ի՜նչ անփույթ ես։ Լա՛վ, թո՛ղ, ես ինքս կանեմ։ Դե՜, մի՛ խոժոռվիր։ Ոչ մի ամոթալի բան չկա։ Ավելի լավ է ժպտա՛։ Սիրում եմ ժպիտդ։ Գեղեցիկ, հաղթանդամ մարմին ունես, նեղ գոտկատեղ և ուժեղ բազուկներ։ Քեզ երբեք չե՞ն ասել, թե ինչքան գեղեցիկ ես։

-Գեղեցիկ մենակ աղջիկներն են լինում, – ասաց նա՝ դժվարությամբ շարժելով ուռած լեզուն։

-Սո՛ւտ է։ Տղաներն էլ կարող են գեղեցիկ լինել։ Իսկ այդ ի՞նչ սպի է ափիդ վրա, – Ռեգինան քարշ էր տալիս նրան կպչուն ավազի վրայով։ – Նման մարմնով տղան չի կարող լող տալ չիմանալ։ Ես գիտեմ՝ երբ ինձ վրա ես նայում, կոկորդդ չորանում է, իսկ փորդ սկսում է ճմլվել։

-Սո՛ւտ է։

-Ճի՛շտ է, ճի՛շտ։ Ու ևս մի բան է կատարվում, – կատվի աչքերի նման նեղացան նրա աչքերը։ – Իսկ ես շատ լավ եմ համբուրվում։ Եվ քեզ էլ կսովորեցնեմ։ Բայց սկզբում լողալ եմ սովորեցնելու։

-Երբեք էլ չեմ սովորի լողալ, – մռթմռթաց նա և շրջվեց։

-Կսովորես։ Ես կօգնեմ քեզ։

-Մի անգամ փորձել եմ։

-Գիտեմ։

-Ի՞նչ գիտես։

-Գիտեմ, որ մանուկ ժամանակ լողավազանում վախեցրել են քեզ, և որ մարզիչիդ հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Երկար ժամանակ չէիր կարողանում ուշքի գալ, բոլորին ասում էիր, թե խորտակվել էիր, քեզ նույնիսկ բժշկի մոտ էին տարել։ Բայց դրանք արդեն հիմարություններ են։ Դու մեղավոր չես, որ մարզիչդ սրտի հիվանդություն ուներ։

Սարսափելի ցավ զգաց, բայց նրան համակած լարվածությունը մեղմացավ։ Այն, ինչ կատարվել էր լողավազանում, սարսափելի գաղտնիք էր, որի մասին ոչ ոք չպետք է իմանար։ Իսկ այն, որ նա հոգեբույժի մոտ էր գնում, առավել ևս։

Արևը շողում էր լճի վերևում և արտացոլվում էր դրա պղտոր ջրի մեջ՝ վերածելով այն հալեցված փայլփլուն արծաթի։ Բայց նա սարսռում ու դողում էր։

-Մայրիկդ է պատմել ինձ։ Նա  տարօրինակ է։ Թույլ կտամ ոչ միայն համբուրել ինձ, այլ նաև մեկ ուրիշ բան։ Ուզում եմ, որ լավ տղամարդ դառնաս։ Իսկ լավ տղամարդը նա է, ով ոչնչից չի վախենում։

-Ինչո՞ւ ես ուզում։

-Դու բոլորի նման չես, – զննող հայացքով նայեց նրան։ – Լավն ես։ Լպիրշ չես։ Կարող էիր մեզ հետ ապրել։ Երբ մեծանաս, հրավերք կուղարկեմ քեզ։

-Ի՞նչ։

-Ցամաքալեզվակը[2] սահմանամերձ գոտի է։ Չես կարող ուղղակի գալ այնտեղ։ Բայց եթե հրավիրեմ, մեզ մոտ ապրելու կտեղափխվես։

-Ինչի՞ համար, – հարցրեց նա՝ ավելի շատ շփոթվելով։

-Այնտեղ շատ ավելի լավ է, քան այստեղ։ Մեզ մոտ մաքուր է, ոչ ոք ափին շշեր և պահածոյի բանկաներ չի թողնում։ Չեն նետում դրանք ջրի մեջ։ Իսկ այստեղ ապակու կտորով վնասել եմ ոտքս։ Արյուն է եկել, և ստիպված պատվաստվել եմ փայտացման դեմ։ Դուք աննորմալ եք։ Լողում են ձեր երեխաները, իսկ նրանց կողքին՝ շները։ Էլեկտրական գնացքներում սարսափելի գարշահոտ է։ Թվում է, թե ձեզ մոտ մարդիկ չեն լողանում։ Դե՜, գնացի՜նք։

Հասկացավ, թե Ռեգինան ում էր նման․ ջրահարսի։ Ջրահարս, որը գիտեր նրա բոլոր գաղտնիքները։ Կա՛մ լիտվացի էր, կա՛մ կին, որը նման էր մահվան՝ գերանդին ուսին։

-Դողո՞ւմ ես։ Եթե հիմա չգաս ինձ հետ, ուրիշի հետ կգնամ։

Այնտեղ հատակը թեք էր, և երկար ժամանակ քայլում էր՝ ոտքերով դիպչելով հողին։ Լողավազանում կատարված միջադեպից հետո ոչ մի անգամ այնքան չէր խորացել ջրի մեջ, որպեսզի այն փակեր կրծքավանդակը։ Կուրսանտները հեռացան, հեռվում խարիսխը գցած կանգնած էր նավակը, որի վրա արևից և որսի բացակայությունից շշմած ձկնորսն էր․ լճում այլևս ոչ ոք չկար։

Մինչև կուրծքն ընկղմվեց ջրի մեջ և գայթակղելով խորքը կանչեց։

«Ուզում է խեղդել ինձ, – անցավ նրա մտքով։ Սկզբում կողքովս կլողա, իսկ հենց որ կենտրոնում հայտնվենք, կլքի ինձ։ Թո՛ղ»։

-Ահա՛, ահա՛, տեսնո՞ւմ ես, հենց այդպես, – ասում էր նա, իսկ աչքերը փայլում էին, իսկ թաց լողազգեստի տակից թափանցում էին մուգ գույնի պտուկները։ – Ամենևին էլ հեռու չէ այն՝ մյուս ափը։ Շուտով այնտեղ կլինենք։ Նույնիսկ չես նկատի, թե ինչպես լողալով հասանք։ Մի տեղ գիտեմ, որտեղ մեզ ոչ ոք չի տեսնի։ Ահա և լողում ես, տեսնո՞ւմ ես, ինքնուրույն ես լողում, թեթևակի եմ պահում քեզ։ Ոչնչի մասին մի՛ մտածիր, առա՛ջ նայիր և շարժի՛ր ոտքերդ ու ձեռքերդ։ Դե՜, խաբում էիր ինձ։ Ինձանից լավ ես լողում։ Ո՞վ է սովորեցրել։ Միայն թե այդքան ուժեղ մի սեղմիր ձեռքս։ Ցավում է։ Թո՛ղ, թո՛ղ ինձ։ Ի՞նչ ես անում, խելագա՛ր․․․ Թոո՜ղ։

3

Թեթև և ազատ էր լողում, հենց որ հոգնում էր, մեջքի վրա էր շրջվում և շարունակում էր լողալ։ Արևի ճառագայթները ալիքների նման դեմ էին առնում ջրին, իսկ ջրի ալիքները դեմ էին առնում ամայի ավազթմբերին։ Շատ չանցած ափը կորեց տեսադաշտից, և սկսեց արևով առաջնորդվել։ Այն ծովի մեջ էր գլորվում, և որպեսզի չվերադառնար ափ, անհրաժեշտ էր անընդմեջ լողալ նրա հետևից։

Նրան շատ էր դուր գալիս այդ վայրը։ Շատ ծովերում էր եղել, բայց վերջիվերջո այստեղ էր վերադարձել։ Արդեն այստեղ լավ էին վերաբերվում ռուսներին։ Բացի այդ՝ քիչ էին։ Հիմնականում գերմանացիներ։ Ընտանիքներով հավաքվում էին ցամաքալեզվակում, գարեջուր էին խմում, զրուցում էին իրենց բարբարոսական լեզվով և հաղթողների պես նայում էին շուրջը։ Շատ բաներ էին գնել, և տեղի ժողովրդի մեջ արդեն ասեկոսեներ էին պտտվում, որ նրանց լծի տակ ապրելն ավելի վատ էր դարձել, քան ռուսների։

Տարօրինակ տեղ է այդ ցամաքալեզվակը։ Ժամանակին՝ շատ վաղուց, այստեղ անտառ էր եղել։ Հետո այն ոչնչացրին խաչակիրները, և մի քանի դարով այն անապատի վերածվեց։ Այնուհետև նորից մարդիկ եկան այստեղ և սկսեցին բարդիներ տնկել։ Սոված էին մնում, ձկան ալյուր և որորներ էին ուտում, ապրելու տեղեր էին նվաճում։ Շատ սոճիներ կային այստեղ, տապին դրանք շիկանում էին և խեժի հոտ էր գալիս, իսկ ներքևում մորի էր աճում։ Ցամաքալեզվակն ասես կին լիներ, որին տարբեր տղամարդիկ էին տիրացել, բայց նրանցից և ոչ մեկին այն չէր պատկանում։

Սիրում էր մտորել, երբ լողում էր։ Լողալ հեշտ է։ Երբեմն ինքն իրեն հարցնում է, թե ինչ կարիք կար այդքան մարդու ստելու, չէ՞ որ նա սովորել էր լողալ այն նույն վայրկյանին, հենց որ ջուրն էր մտել։ Բալթիկայում միշտ չէ որ ջուրը տաք է, բայց այդ ամառ շոգ էր, ամենուրեք անտառներ էին վառվում, և երբ թռավ ծխոտված Մոսկվայից, վերևից տեսավ անտառային հրդեհները։ Այստեղ նույնպես ժամանակ առ ժամանակ հեռուստացույցով ցույց էին տալիս դառը մեծ քաղաքը՝ պարուրված մշուշաքողով, որի միջով հոսում էր հին, ծույլ գետը։ Այստեղ նույնպես շոգ էր, ասես կայսրության շունչը հասնում էր նրա նախկին ծայրամասերին, իսկ ազատագրված չեխական և գերմանական քաղաքներում մի ուրիշ գետ լցվում էր փողոցներն ու տներ խորտակում։ Մի որոշ ժամանակ հետո ամբողջությամբ կհեղեղի դրանք։ Կոչնչացնի հին երկիրը, և շատ գեղեցիկ կլինի․ հեղեղված թաղամասեր, ստորջրյա եկեղեցիներ, ո՞ւր են տանելու զբոսաշրջիկներին։ Զբոսանքի սուզանավերով կիջնեն և կլողան դեպի ասպետական ամրոցներ ու պատկերասրահներ, միայն թե զբոսաշրջիկներ չեն մնա, ողջ կմնան միայն նրանք, ովքեր կսովորեն ապրել ջրի մեջ։ Բայց սկզբում ջուրը կհեղեղի ցամաքալեզվակը, որն այնքան էլ բարձր չէ ծովի մակարդակից, և բաժին չի հասնի ոչ մեկին՝ ո՛չ ռուսներին, ո՛չ լիտվացիներին, և ո՛չ էլ գերմանացիներին։

Սերֆինգի տախտակի վրա մի կին անցավ նրա կողքով։ Ձեռքով արեց և ինչ-որ բան բղավեց լիտվերեն։ Նա տարուբերեց գլուխը։ Կինը գերմաներեն բղավեց։ Նորից տարուբերեց գլուխը։ Մի՞թե իսկապես ռուսերեն չգիտի։ Ինչքան շուտ ամեն ինչ մոռացան։

– Need help?

Ուզում էր գոռալ «No», բայց չգոռաց։ Նրան դուր էր գալիս այդ կինը։ Սիրում էր նրանց, ովքեր Բալթիկայում էին մեծացել։ Ինչքան էլ որ տարբեր կանայք էին եղել նրա կյանքում, ամենից շատ նրան ձգում էին այդ ջրահարսային էությամբ կանայք, որոնք միայն այստեղ էին բնակվում։ Հիշեց լճի ափի այն աղջկան, որը գայթակղելով ջուրն էր կանչում նրան, և չգիտեր, որ այդ նա էր կանչում աղջկան։ Իզուր դուրս բերեցին այդ աղջկան ջրից, իսկ նրան քննիչի մոտ կանչեցին և սկսեցին նրա մարմնի վրայի ձեռքերի հետքերի մասին հարցուփորձ անել։

-Ինչո՞ւ միանգամից չասացիր, որ ջրահեղձ էր եղել։ Ո՞ւր էիր այդ ժամանակ։ Լողալ գիտե՞ս։ Ո՞նց եք հայտնվել լճի մեջտեղում, եթե դու լողալ չգիտես։ Ինչո՞ւ օգնություն չես կանչել։ Ինչո՞ւ չես խորտակվել։

Քննիչն անիմաստ հարցերով հարցախեղդ էր անում նրան, բայց նա մենակ չէր, կողքին պապանձված, խլացած մայրն էր ու մի շատ քաղավարի պարոն, որը նախապես զգուշացրել էր, թե ինչ հարցեր էին տալու, և սովորեցրել էր, թե ինչ պատասխաններ պետք է տար։

Ո՛չ, պետք չէր փոքրիկ ջրահարսին դուրս բերել ջրից։ Պետք էր թողնել նրան այնտեղ, որտեղ նրա տարերքն էր։ Գյուղի գերեզմանատանը գտավ խնամված շիրիմը։ Կաթոլիկ խաչ, կենդանի աչքերով ճենապակյա դիմանկար, ծաղիկներ, լիտվերեն գրվածք և ապրած կարճ տարիներ։

– Give me your hand․

-Ռուսերեն չե՞ք խոսում, – ժպտաց նա։

-Վատ-վատ, – ի պատասխան՝ ժպտաց կինը։

Լիտվուհու հագին գեղեցիկ, կիպ լողազգեստ էր։ Հավանաբար կինը կհամաձայներ երեկոյան սրճարան գնալ նրա հետ, եթե հրավիրեր, այնուհետև կգնար՝ ավազաթմբերի վրայով զբոսնելու և գիշերային ծովում լողալու։

-Հոջա Նասրեդինը[3] մի անգամ մարդ է փրկել, – սկսեց պատմել նա՝ բռնվելով սերֆինգի տախտակից։ – Նա խեղդվում էր լճի մեջ, իսկ մարդիկ, որոնք փորձում էին փրկել նրան, բղավում էին․ «Ձե՛ռքդ տուր, ձե՛ռքդ»։ Բայց վերջինս շարունակում էր խեղդվել։ Նասրեդինը հարցրեց․ «Այս մարդը հարո՞ւստ է, թե՞ աղքատ»։ Նրան պատասխանեցին․ «Հարուստ»։ «Այդ դեպքում պետք է գոռալ ա՜ռ»։

Սերֆինգի տախտակի վրայի կինը սկսեց ծիծաղել։

– Bye։ Ցտեսությո՜ւն, – բղավեց կինը։

-Մի՞թե չեք ցանկանում, որ ես փրկեմ Ձեզ, – զարմացավ նա։

Կինը նորից ծիծաղեց, իսկ նա քաշեց սերֆինգի տախտակի ծայրից։ Տախտակը թեթևակի ճոճվեց։ Կինը խոժոռվեց և հարցական հայացքով նրա վրա նայեց։ Նա բռնեց կնոջ ոտքից և դեպի իրեն քաշեց նրան։ Կինը շատ ուժեղ էր և երբ գլխի ընկավ, որ նա չէր կատակում, սկսեց դիմադրություն ցույց տալ։ Սերֆինգի տախտակը թեքվեց և առագաստի հետ միասին ջրի մեջ սուզվեց։ Երկուսով թպրտում էին, և նա հանկարծ զգաց, որ հոգնել էր, և այլևս ուժ չուներ, որպեսզի հաղթեր նրան։ Կինը չէր հասկանում, որ նա ցանկանում էր փրկել նրան օդից և ջուր վերադարձնել, ինչպես վերադարձրել էր իր մարզիչին և գեղեցիկ Ռեգինային։

Սերֆինգի տախտակի երկու կողմերից կառչելով՝ տղամարդն ու կինը ջրի տակ մենամարտում էին ոտքերով, ասես ջրագնդակ խաղացողներ լինեին։ Մոր, Ռեգինայի և մյուս կանանց դեմքերը երևացին լիտվացի ջրահարսի դեմքին։ Կինը հայացքը հառել էր նրա վրա՝ ծանր շնչելով, և սպասում էր ցատկի պահին։ Նրա հագուստը պատառոտվել էր, տղամարդը տեսնում էր նրա կրծքերը, և այդ ամենը հիշեցնում էր նրան այն ամառային օրը պղտոր ջրով լճի ափին, և ցանկությունը միախառնվում էր վախին։

Հեռվից շարժիչի ձայն լսվեց։ Կինը իր երգեցիկ, ջրահարսային լեզվով սկսեց ինչ-որ բան բղավել։ Պետք էր թողնել նրան և հեռանալ։ Բայց կինը կարող էր մատնել նրան, և հայտնի չէր, արդյոք կհավատային այդ ցամաքային մարդիկ նրան, և կկարողանար լավ փաստաբան գտնել այդ երկրում, թե ոչ։ Նա ճարպիկ գտնվեց, բռնեց ջրահարսի մազերից և դեպի իրեն քաշեց նրան։ Կինը ջուր կուլ տվեց, թուլացավ և սկսեց դանդաղ իջնել։ Ահա և վերջ։ «Ծովը լիճ չէ, եթե այն մի բան վերցնում է, այլևս հետ չի վերադարձնում, – մտածեց նա և լողաց դեպի մայր մտնող արևը՝ համաչափ շարժելով ձեռքերը, ինչպես ժամանակին սովորեցրել էր Մոսկվայի աշխատավոր արվարձանում գտնվող լողավազանի մարզիչը»։

[1] Կուրծքը չփակող կանացի լողազգեստ։

[2] Երկար ու նեղ շերտով ծովի կամ լճի մեջ մտած ցամաքամաս, լեզվի նման ցամաքամաս ջրային տարածության մեջ:

[3] Արևելյան իսլամական աշխարհի, Միջերկրածովյան մի քանի ազգերի և Բալկանների բանահյուսական կերպար, կարճ հումորային և երգիծական մանրավեպերի, զավեշտապատումների  և երբեմն նաև կենցաղային հեքիաթների հերոս։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *