Հայկ Հովյան | Չղջիկ կինը

Վերելակն ուշանում էր, մի քիչ էլ, ու Մանանը տակը կաներ: Տան բանալին պահել էր ձեռքում: Մինչև զանգը տար, ու լակոտները ծոր տալով հասնեին դռանը՝ հաստատ չէր դիմանա… Մնում էր անիծյալ վերելակը ցած սողար:
— Գրո՛ղը տանի,— ճերմակ նայքիները սեղմեց իրար ու վերարկուի գետնին քսվող ծայրերը քաշեց վեր:

Հաշվիչների վահանակի վրա կախված ծուռտիկ լարերը նայում էին Մանանի 200-եվրոյանոց ճերմակ բոթասներին՝ որպես սփոփանք երբեք էլ չգնված նորակառույց բնակարանի: Երազանքների էժանագին կեսը գոնե պետք է իրականացնել վճռական շռայլությամբ… Հասավ վերջապես:

Վերելակը դանդաղ էր բարձրանում, ու Մանանն ականջի ծայրերով լսում էր վեր քաշող ճոպանների շրշյունը: Հենվել էր անկյունում ու անշարժացել: Աչքի պոչով նայում էր հայելուն: Մազարմատները վաղուց ճերմակին էին տալիս, պետք էր վարսավիրի հետ ժամ հարմարեցնել՝ մտածեց: Շաբաթ երևի: Ախ, չէ՛… շաբաթ սկեսուրի տարեդարձն է, ուրբաթ է պետք… նվերի հարցն էլ էնտեղ մնաց: Ա դե՛… իր մերն ա, թող ինքն էլ մտածի: Ծյոծ Քնարիկի դեմ ոչ մի բան չուներ, բայց հենց տենց էլ կասի՝ մի անգամ էլ դու մտածի:
… Ու թող մտածի:

Վերելակը կանգ առավ: Կանգառի և դռների բացվելու արանքում մի քանի վայրկյան կար, որի հետ ոչինչ հնարավոր չէր անել՝ երկու իրադարձությունների արանքում լռված դատարկություն, ուր վերելակի հետ ժամանակը կանգ էր առնում: Մանանը սիրում էր աչքերը փակ սպասել դռների բացվելուն։
…Ոչինչ էլ չի մտածի:

Ամուսնու հետ կռվելու հավես չուներ… ցանկություն ուներ, իհարկե, բայց հավես չուներ. Տիկոյի մոտ վիճելը հեչ չէր ստացվում… ոչ պարտվել գիտեր, ոչ էլ նորմալ հաղթել: Ավելի լավ էր հումոր չունենար, քան վիճել չիմանար․․․ Ժամանակին լռել ու ճիշտ պահին խոսել իմանար, հաղթել ու հաղթանակից չարբել իմանար, պարտվել ու պարտվողի հետ վարվել իմանար, ճիշտ լինել ու սխալի հետ ապրել իմանար․․․ Էհ, էս քաղաքում այլ կերպ հնարավոր չէր… Գրո՛ղը տանի, ոչ մի բան էլ ավելի լավ է թող չմտածի… ծաղիկ կտանեն:

Դռներն աղմուկով իրարից հեռացան՝ ցրելով նաև զմռսված ժամանակը: Իրենց հարկն էր՝ բաղնիք-զուգարանի վերանորոգումից ավելացած մետլախով սալարկված: Ոտքը զգուշությամբ սահեցրեց կոտրված սալիկի վրայով… նայքերը հանկարծ չքերծվեն: Տիկոյի խփած սալիկն էր… կոտրված պիտի լիներ, բա ի՞նչ:
— Տղիս ձեռից ամեն ինչ գալիս ա,— էհ, ծյոծ Քնարիկ… հա՛, բա ո՞նց… ամեն ինչ գալիս ա, ու ոնց գալիս՝ էնպես էլ գնում ա․․․

Բանալու պտույտների հետ Մանանը պայուսակն ուսից իջեցրեց՝ պատրաստ մի կողմ նետելու: Ներսում կիսամութ էր, հեռուստացույցի ձայնը լցրել էր ճաշասենյակն ու Մանանն աննկատ սահեց զուգարան: Դուռը չփակեց. դեռ հորից էր սովորել, որ ուշագնացությունների մեծ մասը տեղի են ունենում հենց զուգարանում: Հազար անգամ պատկերացրել էր, թե ինչպես են տանեցիներն իրեն զուգարանում ուշագնաց գտնում․ սկզբում ծնողներն էին գտնողը, հետո երեխաները: Ամեն դեպքում խայտառակ լինելը մեռնելուց լավ է:

Բարալիկ պատի հետևից Նոլանի բեթմենի ձայնն էր լսվում. «Жизнь всегда становится хуже перед тем, как наладиться…» [1] 100 անգամ նայած կլինեին, իր սիրած ֆիլմն էր… Կուզեր մի ակնթարթ իրեն չղջիկ կնոջ տեղը դներ՝ դիմակով ու լատեքս հագած, բայց մտածեց, որ անհարմար կլինի սև թիկնոցով նստել զուգարանակոնքին:

— Вас будут ненавидеть, но в этом смысл Бэтмена. Он может быть изгнанником, он может выбрать то, что все остальные не выберут. И будет прав… [2]
— Ի բուձետ պռավ,— Մանանն ինքնագոհությամբ ձեռքը տարավ ծորակին և քարացավ: Լվացարանն արյան հետքերի մեջ էր: Դեռ չէր հասցրել հասկանալ կատարվողը, երբ նկատեց լվացքատաշտի մեջ ընկած արյունոտ շապիկը: Թարմ, չլերդված արյուն էր։
— Տղե՛ս…— ամուսնու մասին չմտածեց անգամ…

Մինչև ճաշասենյակ մի քանի մետր էր, ու բղավոցը հասցրեց երեք անգամ գնալ ու հետ վերադառնալ:
— Արե՛ն, Արե՛ն, Արե՛ն,— շնչակտուր ներս ընկավ:
Սենյակում խաղաղ էր, Տիկոն բազմոցին պառկած էր, Նանեն՝ գետնին նստած խաղում էր: Արենը չկար:
— Ի՞նչ ա եղել, ո՞ւր ա,— ճչաց:
Երեխու ձեռքից Բեթմենի դիմակը ցած ընկավ: Տիկոն լուռ էր:
— Ո՞ւր ա,— ներսում մայրականն էր արթնացել, ու ամուսինն այլևս օտար էր… անգամ թշնամի: Ի՞նչ էր վեր ընկել բազմոցին ու փորն էր քորում, եթե անգամ չէր քորում… ի՞նչ նշանակություն ունի, Արենը չկար, իսկ Տիկոն բազմոցին պառկած էր:
Էկրանին Բեթմենն ինչ-որ մեկին աթոռով ծեծում էր:
— Բան էլ չի եղել, ի՞նչ ես խառնվել իրար,— Տիկոն չնայեց կնոջ կողմը: Նայեր, որ ի՞նչ…
— Ո՞նց բան չի եղել,— բղավեց,— խոսակցությունի՞ց ես փախնում, հա՞… փախնելը հիմա կտեսնես: Ո՞ւր ա Արենը, Տիկո՛…

Չկա ավելի վախեցնող բան, քան արթնացած մայրականը։ Տիկոն ձայն չհանեց, ու Մանանը պատրաստ էր բաց անել ճանկերը, եթե վրա չհասներ Նանեի ձայնը.
— Սենյակում ա, մա՛մ…

Մանանը չարձագանքեց ու ոչ էլ նայեց երեխու կողմը, ետ-ետ գնաց դեպի ննջասենյակը՝ առանց Տիկոյից հայացքը կտրելու: Տիկոն լուռ էր: Նանեն խաղում էր դիմակով, իսկ Բեթմենն ինչ-որ մեկին էլի ծեծում էր:
Երեխաների սենյակում վարագուրները քաշված էին, ու թեթև կիսամութ կար. Արենը մահճակալին էր:
— Բալե՛ս,— Մանանը նետվեց առաջ, ձեռքը տարավ ուսին։
— Թո՛ղ, հա՛,— դեռահասի նոր հաստացող ձայնը կոպիտ էր, բայց Մանանը ձեռքը ետ չքաշեց: Տղան ավելի կծկվեց։
— Ի՞նչ ա եղել, տղե՛ս,— Մանանի սիրտը բաբախեց որդու կրծքի տակ, իր մարմնից հեռու: Կաթնահոտի հիշողությունն ապահով պարուրեց պատանուն․․․ Դեռ մի փոքր էլ ժամանակ կար, մինչ այլ կանանց բույրերը կհեռացնեին նրան Մանանի գրկից: Արենը դժկամությամբ պտտվեց։
— Տղե՛ս…— նվաղեց. Արենի դեմքն ամբողջովին կապտուկների մեջ էր, մի աչքը կիսափակ, ունքը պատռված,— ա՜խ, բալես…
Գրկեց։ Ուղիղ այնքան, մինչև վրեժխնդրության կարմիրը հասավ ճերմակ մազարմատներին:
— Ո՞վ ա արել, Արե՛ն,— ետ հրեց,— ո՞ւմ հետ ես կռիվ արել:
— Ոչ մեկի, մա՛մ,— տղան լարվեց. չկար ավելի վտանգավոր բան, քան արթնացած մայրականը:
— Ո՞նց թե ոչ մեկի,— ոտքի կանգնեց,— էլի՞ էն Կարենն ա… Հենց հիմա զանգում եմ ոստիկանություն… հենց հիմա:
— Մաաա՜մ…
— Զանգելո՛ւ եմ,— Մանանը բղավեց ու դուրս վազեց սենյակից:

Մինչև ճաշասենյակ մի քանի մետր էր, ու քիչ մնաց բախվեր դռների արանքում կանգնած Տիկոյին: Հայացքներն առան իրար: Ատելությունը վաղուց ավարտվել էր, արհամարհանք կար:
— Հանգստացի՛… տղա ա, կռիվ ա արել,— Տիկոն փորձեց ձեռքը երկարացնել: Երևի փորձում էր հանդարտեցնել: Բայց չկար աշխարհում ավելի վտանգավոր բան, քան արթնացած մայրականը:
— Ձեռդ քաշի՛, երեխուն ծեծել են… եկել փռվել ես էս դիվանին: Զանգելո՛ւ եմ,— Մանանին իր բղավոցը տարօրինակ թվաց, ինչպես Բեթմենի խռպոտ բարիտոնը:
— Խայտառա՞կ ես անում, արա… ո՞ւր զանգես:
— Մա՛մ, թարգի՛,— Արենի կիսափակ աչքն էլ ավելի ճմլվեց:
Բեթմենը բորդյուրը փշրեց հերթական չարագործի ողնաշարին:
— Ոստիկանությո՛ւն եմ զանգելու,— մի քիչ էլ ու լաց կլիներ,— զանգելո՛ւ եմ…
— Մա՛մ, ի՞նչ ես խոսում,— Արենը պատկերացրեց, թե բակում իրեն ինչ էր սպասվում ոստիկանություն զանգելու դեպքում:
— Տղայական թեմա ա, քո գործը չի,— Տիկոն անհանգստացավ՝ բա որ բռնի ու զանգի…
— Տո դո՞ւ ես տղայականը, երեխուդ ծեծել են, դիվանին ես փռվել… Տղայական հա՞րց էր՝ իջնեիր, լուծեիր բա,— չդիմացավ,— այ չմո՛…

Բեթմենը վերցրեց գետնին ընկած խողովակը. «Такова судьба: либо ты умираешь героем, либо живешь до тех пор, пока не станешь негодяем»: [3]
— Լավ չե՞ս, աղջի,— Տիկոն ձեռքը գցեց կնոջ դաստակին ու անվստահ նայեց երեխեքին:
— Թո՛ղ, թո՛ղ,— Մանանի ձայնն ավելի խռպոտեց,— դու չես կարում անես, ես եմ անելու… Զանգելո՛ւ եմ, թո՛ղ, գնա փռվի դիվանիդ…
— Կարո՞ղ ա ջոկել ես բոզ ենք, արա,— ձայնը իջեցրեց՝ վարանոտ նայելով Նանեի կողմը,— ի՞նչ զանգել, տղա ա, կռիվ ա արել, դու մի՛ խառնվի… կարո՞ղ ա տնով-տեղով խայտառակ անես սաղիս, լավ չե՞ս:
— Երեխուն ծեծել են, Տիկո՛… ի՞նչ խայտառակ լինել: Բա սենց իմ երեխուն ծեծեն ու ոչ մի բա՞ն… ձև չկա, զանգելու եմ․․․
— Տո քո ի՞նչ գործն ա վաբշե էս թեման․․․ Արա՛, տղա ջան, մի հատ տեր եղի մորդ, կտամ մի բան կլինի,— Տիկոն փորձեց նահանջել՝ Արենի վրա գցելով,— նենց ա անելու՝ հայաթում գլուխներս կախ քայլենք:

Բեթմենը կանգ առավ: Հևում էր զայրույթից, շուրջն ամեն ինչ ջարդ ու փշուր էր։
— Մա՛մ, ինչ զանգել, թարգի՛, խնդրում եմ,— Արենը կախվել էր մոր թևքերից,— բան էլ չի եղել, արդեն լավ եմ… ոչ մի տեղ չզանգես…
Մանանը չէր նայում տղային: Հայացքը մեխել էր Տիկոյի աչքերին ու հետևում էր, թե ոնց էր փորձում փախցնել հայացքն իրենից։
— Տիկո՛, Տիկո՛,— ձայնը դողաց: Տիկոյի մարմինը դանդաղ քայքայվելով հոսում էր ցած՝ վերածվելով անհաղորդ զանգվածի: Բեթմենը կանգնած հևում էր,— Տիկո՛, տղուդ են ծեծել…
— Մա՛մ, թարգի՛,— Արենը քաշում էր թևքից…
— Մա՛մ,— Նանեն տեղից վեր կացավ՝ սև դիմակը մի կողմ նետելով,— Մաաա՛մ…
Տիկոն լուռ էր, միայն ծորում էր ցած ու լղոզվում հատակին…
— Տիկո՛,— ձայնը նվաղեց: Բեթմենը մի կողմ նետեց ձեռքի խողովակը,— տղուդ են ծեծել, Տիկո՛…
— Տղա ա, ծեծ էլ կուտի, կծեծվի էլ… բան չկա,— տձև զանգվածը սողաց դեպի բազմոցը,— չզանգե՛ս…

Մանանը կախ գցեց թևերը: Արենը սրբեց քունքի արյունը: Նանեն սենյակում պտույտներ էր գործում: Խաղաղվեց: Բեթմենն էկրանից դեռ խոսում էր. «Порой правды недостаточно, порой люди заслуживают большего, порой люди заслуживают, чтобы их вера вознаграждалась…» [4]

Մանանը նայեց հատակին ընկած պայուսակին. հեռախոսը մեջը դողդոջում էր։ Քույրը զանգելիս կլիներ։ Չնկատելու տվեց։
— Տիկո՛, բայց հիվանդանոց տանենք երեխուն…
— Գժվա՞ր, ի՞նչ հիվանդանոց… քաղմաս կզանգեն,— տձև զանգվածն իրար եկավ բազմոցին,— բան չկա, կանցնի… տղա ա․․․

Մանանը պատկերացրեց, թե ինչպես քաղմասում 2-րդ հարկի մլիցա Գագոն կլղոզվի կաշվե բազկաթոռին.
— Ա դե, ի՞նչ գործ բացենք, Աշոտի տղեն ա, հա՛, լկստված լակոտ ա, բայց դե, դասարանցի են, կռվել են․․․ կանցնի կգնա․․․ տղա ա․․․

— Տղա ա,— Մանանը կանգնեց մի քիչ, ապա քայլերը դանդաղ ուղղեց դեպի խոհանոց ու ոտքը դեմ առավ Բեթմենի դիմակին: Նայեց սենյակի ուղղությամբ. Տիկոն բլբլթում էր բազմոցին լցված, Արենի սենյակի դուռը փակ էր, ու Նանեին կերակրելու ժամն էր: Մանանը ձեռքն առավ դիմակը, պտտեց ափի մեջ: Պայուսակի մեջ հեռախոսը կրկին դողդոջաց, Մանանը մի պահ փակեց աչքերը, դիմակն իջեցրեց դեմքին ու տան շեմից էլ ետ չնայեց:
— Этому городу нужен новый герой…[5],— լատեքս ու թիկնոց հագածը սլանում էր մթության մեջ։

[1] Կյանքը միշտ վատթարանում է՝ նախքան ամեն բան կկարգավորվի։

[2] Քեզ ատելու են, բայց հենց դա է Բեթմենի էությունը։ Նա կարող է լինել վտարանդի, կարող է ընտրել այն, ինչը մյուսները չեն ընտրի։ Եվ նա ճիշտ կլինի…

[3] Այդպիսին է ճակատագիրը. կա՛մ դու մեռնում ես որպես հերոս, կա՛մ ապրում ես այնքան երկար, մինչև ինքդ ես վերածվում չարագործի։

[4] Երբեմն ճշմարտությունը բավարար չէ, երբեմն մարդիկ արժանի են ավելիին, երբեմն մարդիկ արժանի են, որ իրենց հավատը վարձատրվի…

[5] Այս քաղաքին նոր հերոս է պետք…

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *