ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ – Երգը գրել է բելգիացի հռչակավոր շանսոնյե Ժակ Բրելը (Jacques Brel) 1967 թվականին։ Երաժշտության համահեղինակը Բրելի մշտական նվագակցողն ու կոմպոզիտոր Ժերար Ժուաննեստն է (Gérard Jouannest), իսկ գործիքավորումը կատարել է Ֆրանսուա Ռոբերը (François Rauber)։ Երգն առաջին անգամ լույս է տեսել «Jacques Brel 67» ալբոմում։
Այն համարվում է ֆրանսիական շանսոնի գլուխգործոցներից մեկը՝ օժտված բացառիկ հոգեբանական և կենսափիլիսոփայական խորությամբ։ Ի հակադրություն սիրո ռոմանտիկ իդեալականացմանը՝ Բրելն այստեղ վերլուծում է տասնամյակների հարաբերությունների բարդ դինամիկան՝ դրանք ներկայացնելով որպես հակասությունների, ճգնաժամերի և կայուն հավատարմության մի համակարգ՝ հեղինակային բնորոշմամբ՝ «քնքուշ պատերազմ» (la tendre guerre)։
Տարիների ընթացքում երգը ձեռք է բերել միջազգային կարգավիճակ՝ տեղ գտնելով այնպիսի արտիստների երգացանկում, ինչպիսիք են Ժուլիետ Գրեկոն (Juliette Gréco), Դալիդան (Dalida) և Իզաբել Բուլեն (Isabelle Boulay)։ Երգի միջազգային ճանաչմանը նպաստել են նաև անգլալեզու մեկնաբանությունները, մասնավորապես՝ Սթինգի (Sting) կատարումը, ինչպես նաև բազմաթիվ թարգմանությունները տարբեր լեզուներով (իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն և այլն)։
ԾԵՐ ՍԻՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՐԳԸ
Հարկավ, մեր միջև փոթորիկներ են եղել
Սիրո քսան տարին՝ խելագար մի սեր,
Հազար անգամ քո ուղեբեռն ես հավաքել,
Հազար անգամ ես հեռացա։
Եվ յուրաքանչյուր կահույք հիշում է
Այս սենյակում՝ առանց օրորոցի,
Թնդյունները նախկին մրրիկների․
Ոչինչ այլևս նման չէ ոչնչի։
Դու ջրի համն էիր կորցրել,
Իսկ ես՝ տենչը նվաճումների։
Բայց, իմ սե՜ր,
Իմ քաղցր, իմ քնքո՜ւշ, իմ սքանչելի սե՜ր,
Ջինջ այգաբացից մինչև ավարտն օրվա
Ես քեզ սիրում եմ դեռ, դու գիտես, սիրում եմ քեզ։
Ես գիտեմ քո բոլոր դյութանքները,
Դու գիտես թովչանքներն իմ բոլոր,
Պահպանեցիր ինձ որոգայթից որոգայթ,
Ես ժամանակ առ ժամանակ կորցնում էի քեզ։
Հարկավ, դու մի քանի սիրեկան ունեցար,
Պետք էր չէ՞ ինչ-որ կերպ սպանել ժամանակը,
Պետք է, չէ՞, որ մարմինը ցնծա։
Ի վերջո, ի վերջո,
Մեզ շատ տաղանդ էր պետք
Ծեր լինելու համար՝ առանց մեծանալու։
Բայց, իմ սե՜ր,
Իմ քաղցր, իմ քնքո՜ւշ, իմ սքանչելի սե՜ր,
Ջինջ այգաբացից մինչև օրվա ավարտը
Ես քեզ սիրում եմ դեռ, դու գիտես, սիրում եմ քեզ։
Որքան ժամանակը ուղեկցում է մեզ,
Այնքան ժամանակը մեզ տանջանք է բերում,
Բայց մի՞թե ամենավատ որոգայթը չէ՝
Սիրեկանների համար խաղաղ ապրելը
Հարկավ, դու հիմա մի փոքր ուշ ես լաց լինում,
Իսկ մի փոքր ավելի ուշ եմ բռնկվում։
Մենք ավելի քիչ ենք պահպանում մեր գաղտնիքները,
Ավելի քիչ ենք թողնում բախտի քմահաճույքին,
Զգուշանում ենք հոսանքով լողալ,
Բայց սա միշտ էլ քնքուշ պատերազմ է։
Բայց, իմ սե՜ր,
Իմ քաղցր, իմ քնքո՜ւշ, իմ սքանչելի սե՜ր,
Ջինջ այգաբացից մինչև օրվա ավարտը
Ես քեզ սիրում եմ դեռ, դու գիտես, սիրում եմ քեզ։
© Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թոնդրակի
