Ալեքսեյ Վարլամով | Ուտիճներ

Մեր խոհանոցում ուտիճներ էին ապրում։ Ցերեկներն ինչ-որ տեղ էին թաքնվում, իսկ գիշերները դուրս էին գալիս։ Երբ ուտիճիկները հանդիպում էին իրար, հոտոտում էին միմյանց, շարժում էին իրենց բեղիկներն ու շարունակում էին սողալ՝ իրենց ուտիճային գործերով։ Հայրիկը տանել չէր կարողանում նրանց։ Երբ ուտիճ էր տեսնում, այնպիսի դժբախտ դեմք էր ունենում, ասես հալվե էին կաթեցրել նրա քթի մեջ։ Խղճում էի հայրիկին, բայց ավելի շատ խղճում էի ուտիճիկներին։ Որովհետև ինչպես ասես որ չէին սպանում նրանց։ Մայրիկը թունավորում էր նրանց։ Հայրիկը վախենում էր ձեռքով մի կողմ հրել ուտիճին սեղանի վրայից։ Իսկ մայրիկը վառում էր նրանց, հողաթափով էր սատկեցնում, սաստիկ տաք ջուր էր լցնում նրանց վրա և վատ փոշի էր շաղ տալիս ամենուրեք։ Դրանից հետո ամբողջ տնով մեկ կարելի էր տեսնել սատկած ուտիճների՝ թաթիկները վերև ցցած։ Մայրիկը գոգավոր թիակով և ավելով հավաքում էր նրանց։ Բայց մի քանի օր հետո ուտիճները նորից էին գալիս։ Այդ ժամանակ հայրիկն ասում էր, որ նրանց դեմ պայքարելն անօգուտ էր, որովհետև մեր շենքը պանելային էր, և միևնույն է ուրիշ բնակարաններից նորից գալու էին։
Շատ էի ուրախանում, երբ ուտիճները վերադառնում էին։ Որովհետև ինձ հետաքրքիր էր նրանց հետ։ Այնքան հետաքրքիր, որքան, օրինակ, թիթեռների կամ մորեխների։ Մի անգամ, երբ մայրիկը նորից սկսել էր պատերազմել ուտիճների դեմ, հավաքեցի և մի փոքրիկ անոթի մեջ փակեցի նրանց, որպեսզի փրկեի վնասակար փոշուց։ Ուտիճները մի քանի օր շարունակ ապրում էին այդ անոթի մեջ, իսկ ես փշուրներ էի գցում դրա մեջ և նայում էին, թե ինչպես էին ուտում և ծիծաղելի կերպով մագլցում անոթի պատերին։ Բայց հետո մայրիկը գտավ անոթն ու դեն նետեց այն։ Շատ վշտացա և սկսեցի լացել։ Մի փոքր լաց եղա, հետո տեսա, որ մայրիկն էլ էր լաց լինում։ Կարծեցի, թե նա էլ էր սկսել խղճալ ուտիճիկներին։ Ես մոտեցա նրան և սկսեցի մխիթարել նրան՝ ասելով, որ չվշտանար, քանի որ շատ շուտով ուտիճները նորից էին վերադառնալու։ Բայց մայրիկը սկսեց է՛լ ավելի ուժգին լաց լինել, և այդ ժամանակ սենյակից դուրս եկավ հայրիկը։ Մայրիկը սկսեց ասել, որ արդեն հոգնել էր տան գործերով միայնակ զբաղվելուց, որ հայրիկը նրան չէր հասկանում և իր հետաքրքրություններն ուներ, և որ նույնիսկ նրա սեփական որդին էր նրա դեմ։ Սուտ էր․ հենց դա էի ուզում ասել մայրիկին, բայց հայրիկը բռնեց թևիցս, դուրս բերեց սենյակից և զբոսանքի ուղարկեց ինձ։
Եվ ես Սլավկայի մոտ գնացի։ Սլավկան իմ մտերիմ ընկերն է։ Արդեն մի ամբողջ կես տարի ընկերություն ենք անում նրա հետ։ Գետից ձուկ բռնելու ենք գնում Սլավկայի հետ։ Բայց բախտներս չի բերում։ Պատճառն այն է, որ իսկական կարթեր չունենք։ Որքան ժամանակ է խնդրում եմ, որպեսզի կարթ առնեն ինձ խանութից, բայց մայրիկն ամեն անգամ ասում է, որ նույնիսկ ձմեռային վերարկու չունեմ։ Բայց չէ՞ որ ես չեմ պատրաստվում ձմեռային վերարկու հագած ձուկ բռնել։ Գետից ձուկ բռնելուց հետո գնում ենք Սլավկայի տուն և մարտկոցի վրա չորացնում ենք մեր գուլպաներն ու կոշիկները։ Սլավկայի տանն ամեն բան ընտիր է։ Նա գերմանական երկաթուղի ունի, սեղանի հոկկեյ ու ևս մի բան, որ քաղաքում այլևս ոչ ոք չունի։ Հեռուստացույցին միացվող հատուկ կցուրդ է, որի մեջ տարբեր խաղեր կան։ Այն միացնում ես հեռուստացույցին, և էկրանով մեկ գնդակ է թռչկոտում, որին պետք է հասցնես հարված հասցնել։ Սկզբում միշտ պարտվում էի, որովհետև Սլավկան արդեն մարզված էր, իսկ ես՝ դեռ ոչ։ Իսկ հիմա արդեն հավասար ենք խաղում։ Երբեմն նրա հետ Սլավկայի հայրիկն է խաղում։ Շատ եմ հավանում Սլավկայի հայրիկին։ Նա բարձրահասակ է և բաց գույնի երկար, խիտ մորուք ունի։ Առհասարակ ինձ դուր են գալիս բոլոր մորուքով տղամարդիկ, որովհետև նրանք բարի են։ Երբեմն ասում եմ հայրիկիս, որպեսզի նա էլ մորուք երկարացնի, բայց հայրիկն ինձ չի լսում և սկսում է բարկանալ։ Երբ մեծանամ, միանգամից մորուք եմ երկարացնելու։ Սլավկայի հայրիկը նկարիչ է։ Զբաղվում է մանկական գրքերի նկարազարդումով, որոնք ինձ էլ է նվիրում։ Նկարներն ինձ ավելի շատ են դուր գալիս, քան գրքերը։ Քանի որ երբ նայում ես դրանց, կարող ես ընտիր մի բան հորինել, որը նույնիսկ չկա գրքում։ Շատ եմ սիրում նման բաներ հորինել և երբեմն Սլավկային եմ պատմում։ Բայց նրան ավելի շատ դուր է գալիս ուղղակի կարդալ։ Բացի այդ՝ նաև անգլերեն է սովորում։ Իսկ Սլավկայի հայրիկը սիրում է լսել այն ամենը, ինչ ես հորինում եմ։ Ես իմ հորինած պատմություններն եմ պատմում, իսկ նա իր նկարներն է ցույց տալիս ինձ։ Երբեմն ես հորինում եմ, իսկ նա անմիջապես նկարում է։ Ընտիր բան է ստացվում։ Սլավկայի հայրիկն ասում է, որ ես օգնում եմ նրան։ Իսկ հետո Սլավկայի մայրիկը մեզ բոլորիս ընթրելու է կանչում։ Նրանք միշտ համեղ ուտելիքներ են ունենում, օրինակ՝ երշիկ կամ նրբերշիկ։ Սլավկայի մայրիկը շատ լավն է, բայց ես մի փոքր ամաչում եմ նրանից։ Նա չգիտես ինչու խղճում է ինձ։ Մի անգամ լսել եմ, թե ինչպես էր ասում Սլավկայի հայրիկին․ «Բայց ինչ սարսափելի է, որ մեզ մոտ դեռ կան մարդիկ, որ այդքան աղքատ են ապրում։ Պատկերացնո՞ւմ ես, եթե պատվերներդ չլինեին, մենք նույնպես ուտելու բան չէինք ունենա»։ Բոլոր մեծահասակները չգիտես ինչու բողոքում են, որ խանութներում առնելու բան չկա։ Բայց սուտ է։ Խանութներում շատ պահածոներ կան, որոնք ես սիրում եմ։ Հատկապես տոմատի մածուկով։ Կարող եմ միանգամից ամբողջը ուտել։ Բայց մայրիկը ստիպում է, որ հացով ուտեմ, բայց հացով այդքան էլ համեղ չէ։
Մի անգամ մի փոքր կարագ խնդրեցի Սլավկայից, որպեսզի մայրիկիս տանեմ։ Միևնույն է նրանց տանը տուփով կարագները շատ են։ Կարագը տուն բերեցի և սկսեցի սպասել, թե երբ էր մայրիկը սառնարանը բացելու։ Անպայման հարցնելու էր․ «Ինչպե՞ս է այս կարագն այստեղ հայտնվել»։ Սկզբում հավանաբար կմտածեր, թե հայրիկն էր առել։ Բայց հետո գլխի կընկներ, որ ես էի բերել, և կհասկանար, որ ամենևին էլ նրա դեմ չէի։ Շատ կուրախանար։ Բայց երբ մայրիկը իմացավ, թե որտեղից էր կարագը, շատ տխրեց։ Է՛լ ավելի շատ, քան անցյալ անգամ, երբ ուտիճների պատճառով էր տխրել։ Նույնիսկ լաց չեղավ, սկսեց բրդուճներ պատրաստել այդ կարագով և բղավելով ասել հայրիկին, որ ինքը մեղավոր չէր, որ քաղաքում կարագ չկար, և չէր կարողանում հարկ եղածի պես կերակրել երեխային։ Հետո հանգստացավ և սկսեց հարցուփորձ անել, թե ինչ են ուտում Սլավկայենք, և ինչի կարիքն էի ես զգում։ Ես մտածեցի, որ միայն կարթի կարիքն ունեի, որոնցից լիքն էր խանութներում։ Բայց ասացի, որ ամեն ինչն ինձ բավականացնում էր, և որ մարգարինը նույնիսկ ինձ ավելի շատ էր դուր գալիս, քան կարագը, իսկ կարագը նրա համար էի բերել։ Բայց հայրիկը խլեց մայրիկի ձեռքից կարագն ու ասաց, որպեսզի այն վերադարձնեի այնտեղ, որտեղից բերել էի։ Նա խիստ բարկացած էր։ Ես վերցրի կարագը, բայց ոչ թե Սլավկայի տուն տարա այն, այլ խանութ։ Որոշեցի վաճառողուհի մորաքույր Զինային խնդրել, որպեսզի հաջորդ օրը երբ մայրիկը խանութ գար, վաճառեր նրան կարագի այդ կտորը։ Բայց մորաքույր Զինան այդ օրը չէր աշխատում, և մյուս երիտասարդ վաճառողուհին՝ խիստ չար, ասաց, որ չէր կարող այդպես անել։ Այդ ժամանակ ասացի, որպեսզի կարագն իրեն պահեր, և հեռացա։
Երբ տուն վերադարձա, հայրիկն իր աշխատասենյակ կանչեց ինձ և ասաց, որ պետք է խոսենք։ Հայրիկի աշխատասենյակը մեր սենյակի մի մասն է, որն առանձնացրել ենք վարագույրով։ Այնտեղ հայրիկն աշխատում է, կարդում կամ հոդվածներ գրում։ Երբ աշխատում է, փակում է վարագույրը, և մայրիկն ասում է, որպեսզի չաղմկեմ։ Քանի որ հայրիկը կարողանում է աշխատել միայն այն ժամանակ, երբ տանը լիարժեք լռություն է։ Մայրիկը շատ է վախենում հայրիկից, երբ վերջինս աշխատում է, լուռ նստում է խոհանոցում կամ գնում է հարևանուհու տուն։ Հայրիկը երբեք չի խաղում ինձ հետ, բայց երբեմն զբաղվում է իմ դաստիարակությամբ և հետաքրքրվում է, թե ինչպես եմ զարգանում։ Հայրիկն ուզում է, որ զարգացած և կարդացած տղա դառնամ։ Դասերիս մասին է խոսում, նախատում է երեքների համար և կարդացած գրքերի մասին է զրուցում ինձ հետ։ Հայրիկը խնդրում է, որ իմ տպավորությունների և ապրումների մասին պատմեմ նրան։ Բայց ոչ մի ապրումներ ու տպավություններ էլ չունեմ։ Հայրիկը խիստ դժգոհ է իմ առաջադիմությունից։ Երբեմն խորը շունչ է քաշում և թույլ է տալիս հեռանալ, իսկ երբեմն ինչ-որ բաներ է սկսում բացատրել։ Երբ չեմ հասկանում, բարկանում է և ասում, որ ասես ապուշ լինեմ։ Նախկինում մայրիկը վիճում էր նրա հետ, բայց այդ ժամանակ հայրիկն ավելի ուժեղ էր սկսում բարկանալ և բղավել մայրիկի վրա՝ ասելով, որ վերջինս խանգարում էր նրան որդու դաստիարակությամբ զբաղվել, և որ նա տհաս էր մեծանալու։
Այս անգամ հայրիկը բացատրեց, որ մարդ միայն ուտելու համար չէ, որ ապրում է, և որ կյանքում ամենակարևորը հոգևոր գործունեությունն է՝ ընթերցանությունը, գիտությունն ու արվեստը։ Դրա համար էլ ժամանակակից ինտելիգենտ մարդը կարող է և պետք է կարողանա ապրել առանց կարագի և երշիկի։ Թե ով է ինտելիգենտ մարդը, հայրիկը նախորդ անգամ էր բացատրել ինձ։ Միայն հասկացել էի, որ նրա նման մարդն է, որ բարդ բան է, և ես երբեք ինտելիգենտ մարդ չեմ կարողանա դառնալ։ Հայրիկը միշտ իր սեփական օրինակով է ինձ դաստիարակում։ Եթե նա կարողանում է առանց կարթի հանգիստ ապրել, ուրեմն ես էլ պետք է այդպես ապրեմ։ Որովհետև ես ամեն հարցում պետք է նրան նմանվեմ։ Բայց մի՞թե ես մեղավոր եմ, որ ինձ դուր է գալիս ձուկ բռնել, տոմատի մածուկով պահածոներ ուտել և տարբեր պատմություններ հորինել։ Այս անգամ հայրիկը սկսեց բացատրել, թե ովքեր են քաղքենիները։ Քաղքենիներն այն մարդիկ են, որոնց համար ամենակարևորն ինչ-որ բան առնելն է։ Եթե չեն կարողանում առնել, տանջվում են։ Իսկ մնացյալ ամեն բան նրանց չի հետաքրքրում։ Ես կարծեցի, թե մայրիկի մասին էր ասում, և նեղացա։
Հայրիկը հաճախ է Մոսկվա մեկնում։ Հաճախ են դրա պատճառով մայրիկի հետ վիճում։ Մայրիկն ասում է, որ նա պետք է հագուստ ու սնունդ բերի Մոսկվայից։ Սակայն հայրիկն ասում է, որ ոչ մի ցանկություն չունի նմանվելու այն ամբոխին, որը միայն հագուստ ու երշիկ առնելու համար է Մոսկվա մեկնում։ Նրա համար ամենակարևորը թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելն է։ Ըստ նրա՝ գումար արժի վատնել միայն գրքերի և արվեստի ալբոմների վրա։ Երբ հայրիկը վերադառնում է Մոսկվայից, մռայլ տրամադրություն է ունենում։ Ասում է, որ մեր քաղաքում ապրելն անհնար է, որ մեզ մոտ համատարած գավառական ճահիճ է և ոչ մի հասարակություն էլ չկա, բոլորը հարբեցողներ են։ Հայրիկը շատ կրթված է, լեկտորիումում է աշխատում և դասախոսություններ է կարդում։ Բայց վերջին ժամանակներս ոչ ոք չի գալիս նրա դասախոսություններին, և հայրիկը հիասթափվել է իր աշխատանքից։ Ասում է, որ աշխատանքը, որն իրեն հարկավոր է, չկա մեր քաղաքում։
Վերջերս հայրիկը հաճախ է սկսել հարցուփորձ անել Սլավկայի ծնողների մասին՝ հատկապես Սլավկայի հոր։ Ըստ իս՝ շատ է ուզում ընկերանալ նրա հետ։ Մի անգամ հենց այդպես էլ ասացի նրան․
-Արի՛ վաղը միասին գնանք Սլավկայենց տուն։
Հայրիկը խիստ շփոթվեց և ասաց․
-Այդ ի՞նչ է, Սլավկայի ծնողներն են խնդրել ինձ հրավիրել։
-Չէ՜, ես ինքս եմ խնդրում։
Վերջիվերջո մի օր եկավ ինձ հետ։ Հայրիկն ասաց, որ պետք է պատկերացում կազմեր մարդկանց մասին, որոնք ազդում էին նրա որդու ներաշխարհի վրա։
Շատ հետաքրքիր էր, թե ինչի մասին էին զրուցելու նրանք՝ հայրիկս և Սլավկայի հայրը։ Իհարկե, ավելի շատ իմ հայրիկը խոսեց։ Հայրիկը միշտ շատ գեղեցիկ է խոսում։ Որովհետև նա շատ է ելույթ ունենում, և լավ դրված ձայն ունի։ Լսում էի հայրիկին և հպարտանում նրանով։ Հայրիկն ինտիլիգեցիայի նշանակության, Դոստոևսկու և ինչ-որ Կաֆկայի մասին էր խոսում։ Բայց ինձ թվում էր, որ Սլավկայի հայրիկն այնքան էլ ուշադիր չէր լսում նրան։
Հայրիկս չհավանեց նրան։ Լսեցի, թե ինչպես էր երեկոյան ասում մայրիկին․
-Պետք է սահմանափակենք մեր որդու շփումն այդ ընտանիքի հետ։ Արվեստի տիպիկ գործիչներ են, ոչ մի բանականություն չունեն։ Եվ նա նկարի՜չ է։ Միայն փող խփել գիտի։ Չեմ զարմանա, եթե նրանց տանը լիքը անպետք բաներ լինեն։ Դե՜, իհա՛րկե, յուրաքանչյուր գրքույկի համար, որի վրա ցածրորակ նկարներ է խզբզում, հազարից պակաս չեն վճարում։ Ո՛չ, Նատա՛շա, այլևս չեմ կարող այսպես ապրել։ Այս ի՜նչ մարդիկ են, ի՜նչ բարքեր են։ Ես այստեղ կործանվում եմ, խեղդվում եմ, վերջիվերջո հարբեցող եմ դառնալու։ Հասկացի՛ր, ես ուրիշ կյանքի համար եմ ստեղծված, խելացի, արժանավայել զրուցակիցների կարիք ունեմ, գրադարան եմ ուզում, աշխատասենյակ, այլ ոչ թե այս խուցը։ Ինչո՞ւ ես պետք է այսպես ապրեմ։ Իսկ դու ևս մեկ երեխա ես ուզում։ Ոչ մի դեպքում։ Ուղղակի մենք բոլորս այստեղ չենք տեղավորվի։ Հետո այդ ուտիճները կան։ Տանել չեմ կարողանում նրանց։ Չեմ կարողանում այլևս այսպես ապրել, հասկացի՛ր, սիրո՛ւնս, չեմ կարողանում։
Հաջորդ օրը հարևանի աղջիկն ասաց, որ մայրիկը և հարևանները որոշել էին բոլորով թունավորել ուտիճներին։ Որպեսզի արդեն վերջնականապես ազատվեին դրանցից։ Վախեցա, որովհետև մտածեցի, որ ուտիճիկների բանն այդ անգամ իրոք բուրդ էր լինելու, և պետք էր նրանց փրկել։ Եկա տուն վերցրի անոթն ու սկսեցի դրանց մեջ հավաքել ուտիճներին։ Սլավկային էլ կանչեցի, որպեսզի ավելի արագ ստացվեր։ Երկուսով մի ամբողջ անոթ հավաքեցինք։ Պատրաստի ծրագիր կար գլխումս։ Եթե ամառ լիներ կամ գոնե գարուն, կարելի կլիներ ուղղակի դրսում բաց թողնել ուտիճներին։ Բայց դրսում ձյուն էր, և պետք էր մի քանի օր սպասել, մինչև որ ձյունը հալչեր։ Սլավկային ասացի այդ մասին։ Նա երկար մտածում էր, ֆսֆսում, հոնքերը կիտում, և այդ ժամանակ ուղիղ ասացի նրան․
-Դե՜, եթե հնարավոր լիներ ժամանակավոր ձեր տանը նրանց պահել։
Սլավկան մի փոքր էլ մտածեց և համաձայնեց։ Ես ուրախացա, և մենք վազեցինք Սլավկայենց տուն։ Այնտեղ արդեն ասացի նրան․
-Լսի՛ր, Սլա՛վկա, միայն թե նրանց չի կարելի անոթի մեջ պահել։ Կխեղդվեն դրա մեջ։ Ինչ-որ տո՛ւփ բեր։
Սլավկան կանացի կոշիկների մի մեծ տուփ բերեց։ Դրա մեջ լիքը լրագրեր խցկեցինք, հաց փշրեցինք, խտացրած կաթ լցրինք և ուտիճներին դրա մեջ բաց թողեցինք։
-Իսկ նրանք չե՞ն փախչի, – զգուշանալով հարցրեց Սլավկան։
-Չէ՜, չեն փախչի, – վստահ կերպով ասացի ես։ – Ինչո՞ւ պետք է փախչեն։ Այստեղ ամեն ինչ ունեն։ Քեզ հյուր կգամ և մենք ժամանակ առ ժամանակ կկերակրենք նրանց։ Բայց գիտե՞ս, լավ կլինի, որ ծնողներիդ ոչինչ չասես։ Հենց-որ դրսում ձյունը հալչի, բաց կթողնենք նրանց։
Սալօջախի տակ խցկեցինք տուփն ու գնացինք խաղալու։ Հետո եկավ Սլավկայի մայրիկը և կանչեց մեզ՝ նրբերշիկներով և տարբեր բրդուճներով ընթրելու։ Եվ այդ ժամանակ տեսա, որ հատակի վրայով ուտիճ է սողում։ Սկսեցի ոտքս թափահարել, որպեսզի թաքցնեմ նրան Սլավկայի մայրիկից։ Հետո ևս մեկին տեսա։ Նորից թափահարեցի ոտքս։
-Այդ ի՞նչ ես շուռումուռ գալիս, – հարցրեց Սլավկայի մայրիկը։ – Զուգարա՞ն ես ուզում։
Հանգիստ նստեցի և սարսափով սկսեցի մտածել, որ հանկարծ մյուսներն ուրիշ տեղ չբարձրանային։ Եվ այդ պահին ամենահիմար ուտիճը հենց պատի վրա բարձրացավ՝ գեղեցիկ պաստառների վրա, որոնք Սլավկայի հայրիկը հատուկ այդքան խնամքով կպցրել էր։
-Թո՜ւ, ուտի՜ճ, այդ որտեղի՞ց հայտնվեց։
Հետո ևս մեկին տեսավ։ Ուտիճների հետևից ձգվում էր խտացրած կաթի հետքը։ Եվ այն տանում էր դեպի սալօջախը, որի տակ խցկել էինք տուփը։ Երևի ուտիճները ձանձրացել էին դրա մեջ նստելուց և դուրս էին եկել՝ ուսումնասիրելու ողջ խոհանոցը։ Ուտիճներն ամենուրեք էին՝ պատերին, հատակին, սեղանին։ Սլավկայի մայրիկը սարսափից ճչաց։ Սլավկան ինչքան ուժ ուներ, սկսեց բարձր լացել։ Բրդուճը բերանումս մնաց։ Վերջիվերջո այն ծամել և կուլ տալուց հետո առանց աչքս ուտիճներից կտրելու ասացի․
-Մորաքո՛ւյր Լյուսյա, մեղավորը ես եմ։ Չէի կարծում, որ այսպես կլինի։ Մտածում էի, որ նրանք դուրս չեն գա։
Բայց Սլավկայի մայրիկն անդադար ճչում էր, և ձայների պատճառով վազելով եկավ նաև Սլավկայի հայրիկը։ Տեսավ ուտիճներին, իմացավ, թե որտեղից էին դրանք հայտնվել, և սկսեց ծիծաղել։ Սլավկայի մայրիկը, որը վախից աթոռի վրա էր բարձրացել, լռեց։ Դեմքը կարմրեց, դող անցավ մարմնով և զայրույթով ասաց Սլավկայի հորը․
-Նրանցից այլևս չենք ազատվի, հասկանո՞ւմ ես։ Ամեն քրջոտի տուն է բերում։
Միանգամից այնպես սկսեցի շոգել, որ փորս նույնիսկ սկսեց ցավել, և իսկույն տուն վազեցի։
Այդ օրվանից հետո այլևս չգնացի Սլավկայենց տուն։ Հայրիկը հեռացավ մեզնից։ Ասաց, որ հենց որ իր գործերը կարգավորի Մոսկվայում, միանգամից կգա մեր հետևից և իր մոտ կտանի։ Բայց ես նրան չեմ հավատում։ Ըստ իս՝ մայրիկը նույնպես նրան չի հավատում և նույնիսկ չի էլ խոսում նրա մասին։ Իսկ ես ոչինչ չեմ հարցնում։ Մայրիկը խղճում է ինձ, վերջիվերջո խանութից բամբուկե կարթ առավ։ Իսկ ի՞նչ խղճալու բան կա։ Ըստ իս՝ այսպես նույնիսկ ավելի լավ է։ Քանի որ ոչ ոք մեզ չի խանգարում, կարող ես աղմկել և ոչ ոքից վախենալու կարիք էլ չկա։ Իսկ երբ մեծանամ մեծ տուն եմ կառուցելու, որտեղ լիքը կարագ, կարթեր, պատկերազարդ գրքեր են լինելու, և ոչ մի հատ ուտիճ չի լինելու։ Դե՜, նրանք մեծերին դուր չեն գալիս։ Այնուհետև մտածեցի, որ այժմ ավելի շատ տեղ ունենք, իսկ դա նշանակում է, որ մայրիկը կարող է ևս մեկ երեխա ունենալ, և այդ ժամանակ շատ ավելի ընտիր կլինի։

Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *