Էդուարդ Լիմոնով | Երբ բանաստեղծները ջահել էին

1969 թվին բանաստեղծն ահավոր ջահել էր ու սենյակ էր վարձել Բաց խճուղու երեքհարկանի տան առաջին հարկում: Բաց խճուղի կարելի էր հասնել Պրեոբրաժենսկի հրապարակում ծերուկ տրամվայը նստելով: Մի քանի հոսպիտալների ու պարապուտների մոտով անցնելուց հետո տրամվայը հասնում էր հենց այդ խճուղին: Իսկ թե ինչ էր լինում հետո, ուր էր անհետանում տրամվայը, որ եզերքների ուղին էր բռնում, բանաստեղծն այդպես էլ չէր պարզել, քանի որ երբեք չէր խորացել այդ հանելուկային ուղղության մեջ: Ճիշտ չէր լինի ասել` «չէր համարձակվել խորանալ», քանի որ վտանգը չէր հետ պահում բանաստեղծին, այլ արվարձանների տեղագրության հանդեպ կատարյալ անտարբերությունը: Գավառական Խարկովի արվարձանում մեծացած բանաստեղծն ընդմիշտ գավառացու բարդույթ էր վաստակել: Նրա երևակայության մեջ նախատեսվող ապագա կյանքի բոլոր դրամաները միշտ խաղարկվում էին քաղաքի կենտրոնի անհարմարավետ, բայց գեղատեսիլ հին տներում ու խոնավ դարավոր բակերում: Նույնիսկ Պրեոբարաժենսկի հրապարակը բանաստեղծի ընկալմամբ արվարձան էր, Բաց խճուղին` գերարվարձան, իսկ հետո տրամվայն արդեն Սիբիր էր գնում:
Այդ ժամանակներում բանաստեղծին «Էդ» ու «Լիմոն» էին ասում: Բանաստեղծի կինը` Աննա Մոիսեևնա Ռուբինշտեյնը, խոշոր տրամաչափի գեղեցիկ մի կին` պատկառելի հետույքով, որն արժանի էր բանաստեղծի կարծիքով գովասանական, բայց խիստ անլեգալ «Ցար-Ք… » մականվանը, բանաստեղծին «Լիմոնով» էր ասում: Չնայած երիտասարդ տարիքին, համառ ու նպատակասլաց բանաստեղծն ակնհայտորեն որոշ հարգանք էր վայելում շրջապատողների կողմից, դրա համար էլ նրան ազգանունով էին դիմում: Բանաստեղծի հիմնական զբաղմունքն այդ ժամանակներում իր մեջ բանաստեղծական իրավիճակներ ստեղծելն էր, այդ իրավիճակները հասունացման հասցնելը, սպասելն այն պահին, երբ յուրաքանչյուր բանաստեղծական թարախակույտ կպայթի պզուկի նման, և արտավիժածն արագ քսմսել թղթին: Նաև բանաստեղծի այդ ժամանակվա գործունեությունը կարելի էր համեմատել թշնամու թիկունք նետված ռադիստի ակտիվության հետ: (Ընդունիչը ներդրված է ռադիստի մեջ, ու նա շրջում է աշխարհով մեկ` թրթռուն, կայտառ, միշտ պատրաստ` հաղորդագրություն ընդունելու):

20-րդ դարի ռուսական պատմվածք. Ոգի Նաիրի, Ստեփանակերտ

Հաղորդագրություններ հաճախ էին գալիս, բայց` անկանոն: Դադարներին բանաստեղծը խմում էր, զրուցում ու կռվում ընկերների հետ: Բանաստեղծների բնակարաններ ու նկարիչների արվեստանոցներ էր այցելում: Գրքեր ու ձեռագրեր էր կարդում: Ամենից շատ գիտակցությունը կորցնելու աստիճան խմում էր բանաստեղծ Վլադիմիր Ալեյնիկովի և այն տարիների նրա կնոջ` Նատաշա Կուտուզովայի հետ: Նկարիչ Իգոր Վորոշիլովի հետ: Իր ընկեր Անդրյուշկա Լոզինի հետ: Եվ էլի հարյուրավոր կերպարների` այն ժամանակվա շքեղ ու արտակարգ բազմազան մոսկովյան ֆաունայի ներկայացուցիչների հետ: Սենյակի պատուհանից մտախոհ հայում էր Բաց խճուղում, ուղիղ դիմացը,- հոպիտալի պարսպից այն կողմ գտվող,- դիարանի դուռը: Բնականաբար, դիարանի դուռն ու դռան մոտ լացող հարազատները բանաստեղծին ստիպում էին մտածել հավերժության, կյանքի և այլ վատ, բայց անխուսափելի բաների մասին: Առաջ անցնելով` հարկ է ասել, որ բանաստեղծը մեկ անգամ չէ, որ ճակատագրի կամոք բնակություն էր հաստատել մեր հայրենիքի մայրաքաղաքի դիարանների մերձակայքում: Հաջորդ անգամ, ընդամենը մի քանի տարուց, ճակատագիրը նրան կբնակեցնի Պոգոդյան փողոցում ու նորից աչքի առաջ կդնի ցուրտ ներքնահարկ տանող դուռը:
Բանաստեղծը հենց նոր պոեմ էր գրել` «Երեք երկար երգ», ու շատ տխուր էր: Բանաստեղծը, ցանկացած բանաստեղծ, ոչ միայն մերը, պարպվելով(ուժ հավաքելով նոր թարախակույտի համար), հաճախ իրեն տխուր է զգում այնտեղից ստացած ծավալուն հաղորդագրությունը գրառելուց հետո: Բանաստեղծի տխրությունը խորանում էր նաև նրանով, որ նրա ընկերուհի Աննան այդ ամառ Խարկովում էր: Ծեր ռաբբի Զիգմունդ Ֆրոյդը ցինիկ կարձանագրեր, որ «պատանուն տանջում էր սեռական անբավարարվածությունը», որ կնոջ կարոտն էր բանաստեղծի տխրության ու մելամաղձի պատճառը: Բայց ծեր ռաբբիի հանաքներն ավելի ու ավելի են դուրս գալիս շրջանառությունից ու ավելի քիչ վստահություն են ներշնչում. սահմանափակվենք, ուրեմն, բանաստեղծի տխրության նաև այդպիսի բացատրությամբ, որպես հնարավորներից մեկը: Օգոստոսի 21-ին բանաստեղծը զգաց, որ շատ հիվանդ է: Արթնանալով Բորիս անունով կաղ մարդուն պատկանող, կոպիտ կահավորանքով սենյակում, նույնիսկ թունդ խումարի միջով բանաստեղծը կարողացավ հասկանալ, որ անհայտ պատճառով արդեն մի քանի շաբաթ ուռած լնդերն ավելի են ուռել: Ուռել են այն աստիճանի, որ երբ բանաստեղծը վեր կացավ և ականջ դնելով ու համոզվելով, որ Իվանովների առաջադեմ սովետական ընտանիքի անդամներից ոչ մեկը տանը չի, տկլոր մտավ խոհանոց ու փորձեց մի բաժակ ջուր խմել. պարզվեց, որ կուլ տալիս կոկորդը ցավում է: Ուռուցքն ակնհայտորեն խոր թափանցել էր կոկորդը: Բանաստեղծը դուրս թքեց ջուրը: Խոհանոցի լվացարանն ակնթարթորեն լցվեց կարմրագորշ խյուսով` անհայտ բորբոսով վարակված նեխած ճահճի պես: «Քու մերը»,- գոչեց բանաստեղծը: Միայն հայհոյանքը կարող էր արտահայտել նրա մտահոգության աստիճանը: Վաղուց արդեն ուտելիս ցավում էր, բայց առաջին անգամ զգաց, որ խմելիս էլ է ցավում: Մտնելով լողասենյակ, որտեղ էմալապատ շաղափահաստող, բայց ավելի շատ դիակի մասնատման ավտոմատ մեքենա հիշեցնող այրիչի վրա կապույտ ժապավենի ծվենի պես անվախճան ֆշշում էր գազի բոցը, բանաստեղծը նայեց հայելուն: Իվանովների երեխաների կեղտոտած հայելին (Նինա մայրիկն ու Դիմա հայրիկը խիստ կոկիկ էին) անդրադարձնում էր ուռած մռութը. այդպիսի բազում կերպարանքներ կարելի է տեսնելգարեջրի կրպակների մոտ: Որպես մոսկովյան ֆաունայի տիպական ներկայացուցիչ` բանաստեղծը դեռ այնքան չէր կտրվելժողովրդից, որ չդավաներ ժողովրդական նախապաշարմունքներին ու չընկներ ժողովրդական ծայրահեղությունների մեջ: Բերանը, ապա և շրթունքները չորս մատով հնարավորինս լայն բացելով` բանաստեղծը նայեց լնդերին:
Սովորաբար բաց վարդագույն լնդերը հիմա դեղնականաչավուն էին: Փափուկ ծալքերով խոր իջնում էին ատամների վրա, այնպես, որ վերին ծնոտի առջևի երկու ատամը ընդամենը մի քանի միլիմետրով էին նայում աշխարհին: «Քո՜ւ մերը,- նորից հայհոյեց բանաստեղծը:- Մղձավա՜նջ է»: Բոլոր չհիվանդացող կամ քիչ հիվանդացող մարդկանց պես, բանաստեղծն էլ չգիտեր` ինչպես վարվի: Դրանից երկու շաբաթ առաջ, երբ ուռած լնդերն առաջին անգամ գրավեցին ուշադրությունը, որոշեց բնազանցորեն վերաբերվել խնդրին` մոռանալ: Հիվանդության հանդեպ վերաբերմունքի այդ մեթոդը կոչվում էր «Ռուս Մեծ Նկարիչ Նեդբայլոյի անվան մեթոդ»: Մի անգամ ականատես լինելով, թե Ռուս Մեծ սյուրռեալիստ նկարիչ Նեդբայլոն ինչպես անզգուշորեն ձեռքին թափեց եռացող վռիկը` «սուրճ» կոչվող հեղուկը, ու չձեռնարկեց ոչինչ, ինչ ենթադրվում է այրվածքների դեպքում, այն է` ձեռքին ձեթ չքսեց, թարմ կտրած կարտոֆիլի շերտիկ չդրեց, նույնիսկ սառը ջրի տակ չպահեց ձեռքը, չմիզեց ձեռքին, բանաստեղծն ապշեց, նույնիսկ կարկամեց այդ անսպասելիությունից: «Կո՛լյա,- նկատեց բանաստեղծը,- ձեռից կզրկվես: Մի բան արա»: «Մինչև բուն մեռնելս ձեռիս ոչ մի բան էլ չի լինի»,- ընկերոջը հավաստիացրեց սյուրռեալիստը: «Ես կամքի ուժով ինձ ստիպում եմ մոռանալ այրվածքի մասին: Յոգի պես: Նույնիսկ բշտիկ չի լինի»: Բանաստեղծն այն ժամանակ կասկածոտ քմծիծաղեց, ի նշան անվստահության օրորեց գլուխն ու հարցական նայեց Ռուս Մեծի ընկերուհուն` «Բաբաշկին» մականունով հաստաբեստ, կարմրաշեկ մազերով աղջկան: Բաբաշկինը հայտնի սովետական ֆուտբոլիստի ազգանունն էր: Սյուրռեալիստն ընկերուհուն Սիբիրից էր բերել: Բաբաշկինը ցուցամատը տարավ քունքին ու պտտեց: Սույն շարժումը խորհրդանշում էր նրա վերաբերմունքը Ռուս Մեծի մի շարք խենթուխելառ գաղափարների հանդեպ: Նա իր Կոլկային հանճարեղ, բայց խփնված մարդ էր համարում: Բայց երբ մի շաբաթից բանաստեղծը նորից այցելեց Կոլկայի մոր` Մասլովկայում, Դինամո ստադիոնի մոտ գտնվող արվեստանոցը (Կոլկայի մայրը վաստակավոր սովետական նկարչուհի էր, ծաղիկներ էր նկարում, ոչ թե աղիներ ու մուտացված մարմիններ, ինչպես իր արվեստանոցը բռնազավթած որդի Կոլկան), ու տեսավ Կոլկայի ձեռքը, պարզեց, որ միայն մի քիչ մգացած մաշկաբիծն է մատնում այն տեղը, ուր բնական դեպքում հակայրվածքային քսուքով ու վիրակապով պատած վերք էր լինելու:
Բանաստեղծը նախ փորձեց իր լնդերի վերաբերմամբ կիրառել հենց Կոլկայի մեթոդը: Ինքն իրեն կրկնելով, որ ուռած լնդերը չեն ցավում` Աննային ճանապարհեց Խարկով: Կուրսկի կայարանից, որտեղից գնացքը նրան մի գիշերում սրընթաց կհասցնի Խարկով` Ցիլա Յակովլևնա մայրիկի և անցյալ դարի բեկոր Բրեվդո տատիկի մոտ: Աննան որոշել էր շունչ քաշել խելագար ու կիսաքաղց կյանքից, որ նրանք Մոսկվայում վարում էին արդեն երկու տարի: «Գնա բժշկի, Է՛դ,- գնացք նստելիս ասաց Աննան:- Ապուշություն մի արա: Լնդերի վարակում է: Դրա հետ կատակ չեն անում: Գնա՛»:
Բանաստեղծը բժշկի չգնաց: Մոսկվայում առանց գրանցման էր ապրում, հետևաբար չէր կարող օգտվել ըստ բնակության վայրի անվճար բժշկական ծառայությունից, ինչպես Մոսկվայի բոլոր նորմալ բնակիչները, նրա վեց միլիոն օրինական զավակները: Նա գուցե մեկ միլիոն… ապօրինի զավակներից էր: Ճիշտ է, կարող էր մասնավոր բժշկի այցելել, բայց այցը փող կարժենար, որը բանաստեղծը չուներ: Առանց այն էլ հալից ընկնում էր կաղ Բորիսին տալիք ամսական երեսուն ռուբլին ճարելու համար: Ուտելիքն ու խմիչքը փոքրիշատե հեշտ խնդիր էին, քան բնակարանի վարձը: Հանուն արդարության պետք է ասենք, որ բանաստեղծի ծնողները, որոնք հավանություն չէին տալիս նրա մասնագիտությանն ու կենսակերպին, այդ ժամանակ սկսել էին նրան ամսական 25 ռուբլի ուղարկել: Ծնողական զոհողությունը միշտ ճիշտ պահին էր. գլխավոր փոստատանը փողը ցպահանջ ստանալով` բանաստեղծն իրեն երջանիկ էր զգում: Հետո ապերախտը կմոռանա իր բանաստեղծական ճակատագրին ծնողների այդ համեստ, բայց մշտական մասնակցությունն ու կպնդի, որ նրանց կամքին հակառակ է բանաստեղծ ու գրող դարձել: Ավա՜ղ, դրական ներդրումների հետ մեկտեղ,- արդեն հիշատակված 25 ռուբլին ու հորից ժառանգած` ձեռքերով բանելու ունակությունը` ռանդել, սղոցել, գործ ունենալ մետաղների հետ, ունակություն, որ յուրօրինակ դրսևորում ստացավ,-բանաստեղծն ընդհատակյա դերձակ դարձավ ոչ թե մորից, այլ հորից ժառանգածի շնորհիվ,- բանաստեղծին էին փոխանցվել նաև ծնողների ինչ-ինչ նախապաշարմունքները: Բժիշկներին չսիրելն ու նրանց հանդեպ անվստահությունն այդ նախապաշարմունքներից էին: «Խաբեբաներ են,- պնդում էր հայրը:- Մանավանդ դեղ գրողները: Երբեք չխմես զզվելի հաբերը, տղա՛ս: Միայն ծայրահեղ դեպքում: Շան որդիք մեկ էլ պարզում են, թե հաբերը, որ մարդիկ արդեն քառորդ դար օգտագործում են, սխալ են եղել»: Հայրը բացառություն էր անում միայն վիրաբույժների համար: Վիրաբույժների հանդեպ համակրանքը պարզ բացատրություն ուներ. բանաստեղծի հոր հայրը` Իվան Իվանովիչ պապը դպրոցում սովորել էր ապագա նշանավոր սովետական վիրաբույժ Բուրդենկոյի հետ:
Բայց վերադառնանք բանաստեղծի լնդերին: Լնդերն ուռած, անընդհատ լեզվի ծայրով շոշափելով` նա երեք գիշերում, օգոստոսի 14-ին, 17-ին ու 19-ին գրեց «Երեք երկար երգ» պոեմը: Պոեմը գրելուց հետո ողջ ազատված ուշադրությունն ուղղեց իր վրա և արձանագրեց, որ Մեծ Ռուս նկարչի մեթոդը անկիրառելի է իր լնդերի նկատմամբ: Մակարոն ծամելը` մեկ-երկու օղակ երշիկի հետ, որ բանաստեղծի սովորական սնունդն էր, ավելի ցավոտ ու տառապագին էր դարձել: Գարեջրատան պատահական բաժակակիցների խորհրդով բանաստեղծը սկսեց օրը մի քանի անգամ մարգանալուծույթով ողողել բերանը: Ամեն ողողումից հետո բանաստեղծի բերանի պեյզաժը կարելի էր համեմատել գուցե թե կովի փորոտիքի թարմ կտրվածքի բարդ զարդագրի հետ, երբ կապույտ երակները սերտ հյուսվում են մկանների ալ հատվածքին: «Մեծն Նեդբայլո-սյուրռեալիստի խելքի բանը չի այսպիսի պատկերը»,- մարգանալուծույթի ողողումից հետո բերանն ուսումնասիրելով` հառաչեց բանաստեղծը:
Բանաստեղծի լնդերը շարունակում էին ուռչել և ավելի ու ավելի չարագուշակ տեսք էին ստանում: Լնդերից անընդհատ կեղտոտ կարմրագորշ արյուն էր ծորում, ու բանաստեղծի թուքը միշտ կանաչավուն-ալ էր: «էսպես կսատկեմ էլ»,- տագնապած մտածեց բանաստեղծն ու խորհրդի համար դիմեց ընկերներին: Բանաստեղծ Ալեյնիկովն առաջարկեց մարգանցալուծույթին մի քանի ճաշի գդալ աղ ավելացնել: «Աղը, Է՛դկա, չումակական հնագույն միջոց է: Թող ամբողջ վարակը դաղի… Ու ողողումն էլ` ավելի եռանդով… »,- եռանդուն Վոլոդկան բլթոցի ձայն հանեց: Նա անփոփոխ եռանդուն էր այդ տարիներին: Եռանդը մշտապես ամրապնդվում էր օրվա ընթացքում ընդունած ալկոհոլի բաժիններով:
Վորոշիլովը «Լիմոնիչին» հրամայեց բացել բերանը: Նրանք նստած էին Ալեյնիկովի խոհանոցում: Բանը Բաց խճուղուց ահագին հետ ընկած շրջանում էր, «Խաղաղության պողոտա» մետրոյից ոչ հեռու, երկու հարյուր մետրի վրա Մուխինայի նշանավոր «Բանվորն ու կոլտնտեսուհին» քանդակից, որին ժողովուրդը «Խրտվիլակներ» է ասում:
«Լնդախտ է սկսվել, Լիմո՛նիչ»,- զննությունը վստահ ամփոփեց Վորոշիլովը:- Լատիներեն կոչվում է սկորբուտ: Վիտամինների անբավարարության հետևանք: Միրգ ուտո՞ւմ ես: Սոխ պիտի ուտես, Լիմո՛նիչ: Ու սխտոր: «Սի՚ վիտամին առ: Թթու դրած կաղամաբն էլ վատ չի»:
Բանաստեղծը չհավատաց, որ լնդախտ է: Այդ սարսափելի միջնադարյան հիվանդությունը զուգորդվում էր արկտիկական անծայրածիր սառույցների հետ ու ոչ մի կերպ չէր տեղավորվում մեր հայրենքի գեղեցիկ ու պերճականաչ մայրաքաղաքի օգոստոսյան մթնոլորտում: «Ի՜նչ տանձիս լնդախտ, Ի՛գոր: Երևի վարակում է, վիրուս… »: «Լիմոնովն արգելված հաճույքներ է պարգևել տիկնոջը,- կծեց բանաստեղծուհի Ալյոնա Բասիլովան:- Անունն ի՞նչ է»:
Բանաստեղծն ամաչեց: Չնայած հենց նոր գրած էրոտիկ պոեմին, նա ընդհանուր առմամբ այնքան էլ փչացած տղա չէր: Նատաշա Ալեյնիկովան նուռ տվեց, ու բանաստեղծը, ցավից ծամածռվելով, լրիվ կերավ: Կսկծացնող հյութը լցվում էր վերքերի մեջ, ու լնդերը ցավոտ քոր էին գալիս: Ուզում էր եղունգներով պատռոտել… Վոլոդկայի ծնողները Կրիվոյ Ռոգում էին ապրում, քաղաքը Խարկովից էլ հինգ հարյուր կիլոմետր հարավ էր: Վոլոդկայի ծնողներն այգի ու բանջարանոց ունեին: Հենց օգոստոսին Վոլոդկան, Նատաշան, Վորոշիլովը, մեր բանատեղծն ու էլի մեկը Վոլոդկայի բազմաթիվ ընկերներից` գնացին Կուրսկի կայարան` կրիվոռոգյան ծանրոցը դիմավորելու: Ալեյնիկովի ծնողները ուղեկցորդի հետ հինգ-տասը արկղ կրիվոռոգյան հարավային հողի տարատեսակ պտուղներ էին ուղարկել: Ժամանաած պտուղները տարատեսք էին` մուրաբաներ, թթուներ, թարմ մրգեր, խոզաճարպ, ուկրաինական յուղոտ երշիկ, սմբուկի տնական խավիար` մեծ ապակե բանկաներով: Բանկաները խավիարից թանկ էին. պարունակությունն ուտելուց հետո դրանք պետք էր պահել և ուղեկցորդի հետ վերադարձնել Կրիվոյ Ռոգ: Նուռը կրիվոռոգյան պտուղ չէր, բայց Կրիվոյ Ռոգից մինչև Կովկաս, որի պտուղն էր նուռը, ընդամենը մի քայլ էր: Նուռը Կրիվոյ Ռոգում տասն անգամ էժան էր, քան Մոսկվայի կենտրոնական շուկայում:
Հաջորդ օրը բանաստեղծը հետևեց ընկերների միանգամից բոլոր խորհուրդներին: Աղ արեց մարգանցալուծույթին, և «չումակական անվրեպ միջոցը» նրան ստիպեց տնքալ ու լացել ցավից: Սակայն ձգտելով վերջ տալ սեփական մարմնի դանդաղ նեխմանը` բանաստեղծը դիմացավ բերանի կրակին: Գնաց բանջարեղենի խանութ, սոխ, սխտոր ու թթու դրած կաղամբ առավ, հետո` դեղատուն, բերանը ողողելու լուծույթ ու «Սի» վիտամինի հաբեր ձեռք բերեց: Արշավանքից վերադառնալով` զբաղվեց բերանի ողողումով` երկու հեղուկով` դեղատնային ու չումակական մարգանցալուծույթով, հետո սոխ, սխտոր, կաղամբի թթու կերավ: Օրվա վերջին շատ հոգնած էր այդ ակտիվությունից:
Անվրեպ միջոցները չազդեցին, օգոստոսի 21-ին վիճակը կտրուկ վատացավ: Ըստ երևույթին արդեն ուշ էր ժողովրդական բալասանների վիտամիններ ընդունելու համար: Գուցե վիրաբո՞ւյժ էր հակավոր: Կամ գուցե մեռնում է: Մղձավա՜նջ: Բանաստեղծը փակեց բերանը, որ մղձավանջը չտեսնի:- Գուցե սիֆիլի՞ս է,- մտածեց բանաստեղծը:- Բերանի սիֆիլի՞ս: Բայց որտե՞ղ կարող էի վարակվել: Միակ պատահական կապի ժամանակ, որ իրեն թույլ էր տվել ընկերուհի Աննայի բացակայությամբ, բանը բերանին չէր հասել, սահմանափակվել էր ավանդական ու նույնիսկ փոքր- ինչ հնաոճ մերձեցումով: Բերանի սիֆիլիս գոյություն ունի՞, ու եթե ունի, ի՞նչ ճանապարհով է փոխանցվւմ: Լնդա՞խտ: Բանաստեղծը բացեց բերանը: Կարմրագորշ արյունը, լնդերից ծորալով, անընդհատ բերանն էր լցվում: – Գուցե պզուկի նման վերջնականապես ուռել են, հիմա կարելի է պայթեցնել, մաքրել, օդեկոլոն լցնել վրաներն, ու վաղը կչորանան ու կլավանա՞ն: Բանաստեղծը մաքուր սրբիչ վերցրեց, զգույշ դրեց լնդերի վրա ու սեղմեց: Դեմքը ցավից ծամածռվեց, աչքերից արցունք էր հոսում, ճակատն ու այտերը ու նույնիսկ ծածրակը թրջվեցին կպչուն քրտինքից: Հետ քաշեց սրբիչը: Լնդերի արյունոտ դաջվածքներ: Նայեց հայելու մեջ ու տեսավ, որ սրբիչի կտորի նախշը տպվել է լնդերին, ինչպես ջրիկ ցեխն է անցած մարդու ոտնահետքերը պահպանում: Աչքի առաջ, իրար ագուցվելով, ճերմակապղտոր, ծխախոտի ծխի պես օղակներ էին լողում: Բանաստեղծն օրորվեց ու ծունկը խփեց լոգարանակոնքի եզրին: Հենց այդ պահին հասկացավ, որ ջերմությունը բարձր է: Խոհանոցում, հարևանների բուֆետի դարակներից մեկում, սովորականի պես, վիրակապ, բամբակ, յոդ, տարատեսակ հաբեր ու ջերմաչափ պիտի լիներ: Ճակատագրի տարօրինակ հեգնանքով հարևանուհի Նինան` մաքրակենցաղ բոզավուն, բանաստեղծին անհայտ սովետական հայտնի դերասանուհուն նման մի կին (Աննան էր այդպես, բանաստեղծն ինքը հազվադեպ էր կինո գնում), բուժքույր էր: Ավաղ, բանաստեղծը հարևանուհու օգնությանը չէր կարող դիմել. նկարագրվող շրջանում վեճը ժամանակավորապես բաժանել էր հարևաններին: Կանայք էին վիճել` Նինան ու Աննան: Ոչ բանաստեղծը, ոչ էլ Նինայի պես բարյացակամ ու գեղեցիկ, ժամանակից շուտ ճերմակած ինժեներ Դիման կռվել չգիտեին:
Բանաստեղծը հարևանների բուֆետի դարակում գտավ ջերմաչափն ու տասը րոպեով անկողին մտավ` սպասելով սնդիկի սյան դատավճռին: Տասը րոպե որոշում էր, թե ինչ է անելու, եթե ջերմաչափը 38 աստիճանից բարձր ցույց տա: Տաք վաննա կընդունի ու արագ քայլքով կկտրի տասնհինգ կիլոմետր: Ուրալյան փոքրիկ Ալապաևսկ քաղաքում մեծացած Իգոր Վորոշիլովը սովորաբար այդ արմատական ժողովրդական միջոցին էր դիմում ուժեղ մրսածության դեմ: Գուցե լնդախտի կամ բերանում բույն հյուսած այլ վարակի դեպքում է՞լ օգնի:
– Քո՜ւ մերը,- գոչեց տառապյալը` նայելով ջերմաչափին:- 39,2: Ինչի՞ արթնանալուն պես չեմ զգացել այսքան բարձր ջերմությունը:- Որովհետև զբաղված ես քո բերանով, որ ցավում է բաց վերքի պես ու կլանում ողջ ուշադրությունդ,- պատասխանեց իրեն: Երեկ միայն կես շիշ օղի խմելուց հետո կարողացար քնել…
Բանաստեղծը վեր կացավ: Ու դժվարությամբ հասավ լոգարան: Բացեց ծորակները… Խմեց շշի մեջ մնացած երկու հարյուր գրամ օղին, ու զգալով, որ հենց հիմա գիտակցությունը կկորցնի, մտավ տաք լոգարանակոնքի վրա կանգնած գոլորշու մեջ, դողալով մտավ եռման ջրի մեջ ու հիշեց ինչ-որ հռոմեական կայսրի, կարծես Տիբերիոսին, որը մարմինը պատած խոցերից բուժվում էր ծծմբային լոգանքով: – Գուցե ես է՞լ պիտի խոցերս ծծմբաջրով ողողեմ: Բայց որտեղի՞ց ճարեմ…
Պառկեց այդ եռման զարհուրանքի մեջ, ինքը` զարմանալիորեն սառը, մինչև այն պահը, երբ սկսեց թվալ, որ հիմա գիտակցությունը կկորցնի: Մի ոտքը վաննայից հանեց ու չկարողացավ բավականաչափ բարձրացնել` ընկավ: Սպիտակ օղակները ծխի անթափանց օղակներ դարձան: Եվ իրարից կառչելով` թռչող ափսեների երամի պես ճախրում էին բաց կանաչ պատի տեղում:
Բայց, համենայնդեպս, ոտքի կանգնեց և, օ՜ երկաթյա պոետ, անցավ բարբարոս-սկյութական բուժման հաջորդ փուլին: Մերկ մարմնին հագավ բրդե սվիտերը: Հետո` վերնաշապիկը: Վրայից` կապույտ վերնաշապիկը: Հագավ ամենահաստ մուգ կապույտ շալվարը, աշնանային ծանր կոշիկները, գաբարդինե սև պիջակը, որ բանաստեղծին էին մնացել այն բարեկեցիկ ժամանակներից, երբ պողպատագործ էր Խարկովում: Վիզը փաթաթեց շարֆով ու դուրս եկավ` սուզվեց մոսկովյան օգոստոսի հուրհրացող հնոցի մեջ: Բաց խճուղու բնակիչները, մեծամասամբ կարճթև վերնաշապիկներով, հետաքրքրությամբ էին նայում սև պիջակով գունատ արարածին, որն անհաստատուն քայլով շտապում էր Պրեոբրաժենյան հրապարակ տանող տրամվայի ռելսերի երկայնքով: «Երևի հիվանդ տղա է,- մի պառավ կարեկցանքով ասաց մյուսին:- Հիմա բոլորը քաղցկեղ ունեն: Նույնիսկ ջահելները»:
Սպա հայրը մի անգամ բանաստեղծին ասել էր, որ լրիվ հանդերձավորմամբ զինվորը զորավարժություններին քայլում է ժամում վեց կիլոմետր արագությամբ: Հետևաբար երկուսուկես ժամը համապատասխանում է վորոշիլովյան-ալապաևյան կիլոմետրերին: Տասնհինգ րոպեում հասնելով Պրեոբրաժենյան հրապարակ` բանաստեղծը հիվանդ քրտինքով հաջորդաբար թրջեց սվիտերն ու առաջին վերնաշապիկը: Վաղուց չլվացած սվիտերի հետ փոխազդեցության մեջ մտնելով` քրտինքը բանաստեղծի շուրջը տհաճ թթվահոտ էր տարածում: Բանաստեղծն ասես պարուրված լիներ նեխահոտ ամպով: Բայց քանի որ ժամանակակից բանաստեղծ էր, «պոետ-մոդի», այսինքն` անիծված պոետ, թթվահոտը չշփոթեցրեց նրան ու նույնիսկ ուրախացրեց իր իսկականությամբ: Հարկ է նշել, որ մեր բանաստեղծը հնաոճ վարդ-մանուշակ պաշտող հեղինակ չէր, իր գործերում հաճույքով հիշատակում էր պրոլետարական եռակի օդեկոլոնը, արտաթորանքը, փոշին ու ցեխը: Գեղեցկություններին բանաստեղծը գերադասում էր իսկությունները:
Պրեոբրաժենյան հրապարակում գազանի պես ոռնում էին ավտոմեքենաների ու տրոլեյբուսների շչակները, և Պրեոբրաժենկայից Իզմայլովո տանող գծերի ողջ երկայնքով, միջնադարյան նկարիչներից մինչև Ջոտո տարօրինակ հեռապատկերի վրա, տարածության մեջ չփոքրանալով` կանգնած էին երկվագոն տրամվայները: Ու զանգ էին տալիս: Առաջին տրամվայի մոտ մի մարդկային արարած էր պառկած ու գոռում էր: Կին էր: Կնոջ մի ոտքը, դանակով ճեղքված ձկան դիակի պես, երկու կես էր եղել, ու կեսերը զարմանալիորեն սպիտակ, համարյա անարյուն էին: Բանաստեղծը մի քանի րոպե ծանր նայում էր իր ոտքերի տակ տառապագին թպրտացող ինչ-որ մեկի կյանքին և կարեկցանքի ու մարդասիրության թրթիռ անգամ չզգաց: Միայն կատարվողը ներսն առնելու ցանկություն, որ հետո օգտագործի բանաստեղծական ստեղծագործություններից որևէ մեկում:
Աղաղակներից հեռանալիս ասես բամբակի միջով քայլեր: Օդը, դիմադրելով, խփվում էր ճակատին ու կրծքին, ու հիվանդ մարդը դիմադրությունը չէր զգում:
Ուղևորության նպատակակետ էր ընտրել ընկերոջ` Անդրյուշկա Լոզինի բնակարանը: Այնտեղ, Խաղաղության պողոտայից այն կողմ, ուր նեխած Յաուզա գետակի վրա հառնում է ճարտարապետական մի եզակի հուշարձան` Եկատերինայի ժամանակների ջրանցույցը, կարելի է հասնել մեկուկես ժամում: Սակայն, որոշելով խստորեն հետևել վորոշիլովյան դեղատոմսին ու պահել տասնհինգ կիլոմետրը, բանաստեղծը դեռ մի ժամ էլ պիտի քայլեր: Դրա համար էլ Պրեոբրաժենկայից կես ժամով խորացավ քաղաքում ու, նայելով ժամացույցին, կես ժամ վերադառնում էր Պրեոբրաժենկա: Ու դրանից հետո միայն բանաստեղծը, մի քանի կեղտոտ բեռնատարների հետ, ուղղվեց դեպի կանաչ արվարձանները: Մասնավոր խղճուկ բանջարանոցների, ոչ մեծ գեղատեսիլ հին գործարանների մոտով դուրս եկավ եզրափակիչ ուղյակ: Քաղաքակրթությունը վաղուց էր եղել Մոսկվայի այս մասում, երկար չէր մնացել, դրա համար էլ խղճուկ փոքրիկ գործարանները թաղված էին թավուտներում ու այգիներում, ցածրիկ կացարանների բնակիչները փոքրիկ բանջարանոցներ էին սարքել պատուհանների տակ, հավանոցներ կառուցել: Նա անցնում էր գյուղերով` չմոռանալով արագության մասին ու լարելով բոլոր ուժերը: Մյուս վերնաշապիկն էլ թրջվեց ու սկսեց թրջվել պիջակը… Լնդերն աստիճանաբար մտքից դուրս էին գալիս, քանի որ մարմնով մեկ տարածվող ցավն ու մարմինը շարժելու հոգսը գրավել էին թրջված հետիոտնի ողջ գիտակցությունը:
Հենց Անդրյուշկայի տան մոտի մթերայինից մի շիշ օղի առավ: Շիշը նրան տալով` վաճառող կինն ասաց. «Ա՛յ տղա, էսօր քեզ հայելու մեջ նայե՞լ ես»: Տղան գլխով արեց:
Դուռը բացեց Վորոշիլովը: Պոչին տնկված տափակաձուկ հիշեցնող Իգորը բանաստեղծին փոխարինել էր Անդրյուշկայի մտերմագույն ընկերոջ ու կենվորի պատվավոր պաշտոնում: «Լիմո՛նիչ, բո՜զը, ոնց որ մահը լինես: Անդրյ՛ուխա, նայի` ում է նման: Երեսին գույն չկա»:
Մորուքավոր Անդրեյը, վրձինը ձեռքին, դուրս եկավ միջանցք: «Ի՞նչ է պատահել, Լիմո՛նիչ: Ինչի՞ ես էդ վիճակում փողոցներն ընկել… Ուզում ես ոտերդ տնկե՞ս»:
«Լնդախտ ունի»,- ասաց Վորոշիլովը:
«Բա՛ց բերանդ»,- խնդրեց Անդրեյը:
«Երեք ժամ է` ձեր մոտ եմ գալիս, ամբողջ Մոսկվան կտրելով»,- բացատրեց բանաստեղծը: Ու բացեց բերանը:
Բուժակ Լոզինը հաստատեց, որ Վորոշիլովը ճիշտ է. բանաստեղծի բերանում լնդախտ է: Ու որ, այսօր արդեն ուշ է, բայց վաղը բանաստեղծին կտանի ծանոթ բժշկի մոտ: Բուժակ Անդրյուխան բազմաթիվ ծանոթ բժիշկներ ուներ, որովհետև բուժակի մայրիկը բժիշկ էր ու ներկայումս գտնվում էր Բուխարեստում` սովետական դեսպանատան բժշկի պաշտոնում: Մինչ այդ մայրիկը բժիշկ էր աշխատել Պեկինում սովետական դեսպանատանը: Անդրյուխան, ում մայրիկը դեռ քնքուշ տարիքում խցկել էր բուժակների դպրոց, բժշկությունը չէր սիրում, ուզում էր նկարիչ դառնալ: Նկարագրվող ժամանակներում նա շաբաթը մի քանի գիշեր գնում էր իր սակավամարդ փոքրիկ գործարանն ու քնում այնտեղ` ապարդյուն սպասելով, որ բանվորներից մեկնումեկը վրան եռման յուղ կածի կամ մեքենան կկտրի մատը: Վնասվածքներ հազվագյուտ էին լինում, ու խնայած սպիրտը Անդրյուխան բերում էր տուն: Հաճույքով կլլում էին անձամբ Անդրյուխան և նրա ընկերներն ու կենվորները:
«Շատ պիտի չարչարվես, որ Մոսկվայում, այն էլ ամռանը լնդախտով հիվանդանաս,- ուրախ տոնով փաստեց Անդրյուխան:- Վախենամ, որ ստիպված պիտի հիվանդանոց տանենք: Ամեն ինչ շատ է խորացել: Ինչի՞ չէիր զանգում, Է՛դ»:
«Հույս ունեի, որ կանցնի,- ասաց բանաստեղծը:- Մտածում էի` դատարկ բան է, սարսափելի ոչինչ չկա»:
«Բայց չի կարելի, չէ՞, էդքան խավար լինել,- Անդրյուշկայի ջահել մորուքը զայրացած տեսք ուներ. բուժակն ընդամենը քսան տարեկան էր:- Մի գեղեցիկ օր, Է՛դ, ոտերդ կտնկես ախր… »:
Բանաստեղծը թոթվեց ուսերը:Նա մի քանի տարով մեծ էր Անդրյուշկայից ու տեսականորեն հասկանալի ոտերը տնկելու հավանականությունը գործնականում երևակայությունը չէր հուզում: Քամահրանքն առողջության հանդեպ այդ առասպելական տարիներին տարածված էր Մոսկվայի նկուղա-անլեգալ-ոչ պաշտոնական ֆաունայի շրջանում: Մի քանի տարի անց նրանց ընդհանուր ընկեր Վիտալի Ստեսինը (հենց նա էլ բանաստեղծին ծանոթացրել էր Անդրյուշկայի հետ) պոկեց պզուկն ու մենակ, իր համար պառկած էր Լուկովոյ նրբանցքում, 41 աստիճան ջերմությամբ` չկասկածելով, որ արյան վարակում է ստացել: Պատահական նրա մոտ մտած ընդհանուր ընկեր բժիշկ Չիկովանին տեսավ մեռնող տխմարին ու շտապ օգնություն կանչելով` նկարչին ուղարկեց հիվանդանոց: Ու դրանով փրկեց նրա կյանքը:
Բանաստեղծը օղու շիշը անձնական շիշ հռչակեց: Ու մեն-մենակ խմեց ամբողջը` անգթորեն վառելով խեղճ բերանը: Վորոշիլովն ու բուժակը ջրով բացած մի շիշ սպիրտ խմեցին: Եկավ բանաստեղծ Ալեյնիկովն ու էլի մի տիպ` Վոլոդկա Վորոնցովը, ու ողջ ընկերախումբը որոշեց գնալ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդես` գարեջուր խմելու: Հսկայական, հարյուրավոր այցելուների համար նախատեսված բացօթյա գարեջրատունը (կառափնարան հիշեցնող երկնագույն վրան-փայտամած) երիտասարդությանը գրավում էր բաց օդով ու նաև նրանով, որ այնտեղ հաճախ էին խոշոր, ոսկրոտ կտորներով կտրատած տառեխ ունենում: «Դու մնա, Է՛դ, քնի»,- Անդրյուշկան խղճահարությամբ նայեց խոհանոցի սեղանին ընկած բանաստեղծին:
«Չէ՛, ես էլ եմ գալիս»,- բանաստեղծն օրորվելով վեր կացավ: Բանաստեղծի երկար ու ոչ այնքան մաքուր մազերը քրտնած էին, վերնաշապիկներն ու քրտնոտ պիջակը կպել էին իրար, հիմար շարֆիկը ծռվել էր` կոկորդին սեղմվելով: Գզգզված հիվանդ բանաստեղծը թերևս մի ուրիշ բանաստեղծի էր հիշեցնում, բայց ֆրանսիական` մսյո Իսիսդոր Դյուկասին` նրա առեղծվածային մահվան գիշերը: Տղաները մի քանի շիշ սպիրտ վերցրին: Վորոշիլովն ու Ալեյնիկովը թևանցուկ արեցին բանաստեղծին, ու ողջ ընկերախումբը դուրս թափվեց` ուղիղ կիզիչ արևադարձային օրվա մեջ:
«Խրտվիլակների» քանդակի մոտ իջան տրամվայից: Ամռան ընթացքում շիկացած ու կակղած անծայրածիր ասֆալտե դաշտերով հասան «հարբած հրուշակագործի երազանքի» մուտքի մոտ, սովետական Դիսնեյլենդը` Գյուղատնտեսական ցուցահանդեսի տարածք: Սովետական յուրաքանչյուր հանրապետություն այնտեղ իր պագոդան1 ունի, և հանրապետություններն արդեն տասնամյակներ հնարամտությամբ ու ինքնատիպությամբ մրցում են պագոդաների արտաքին ու ներքին հարդարման հարցում: Հանրապետական տասնհինգ պագոդաներից բացի` անասնապահության, հացահատիկային կուլտուրաների տաճարներ, այգեգործական ու բանջարանոցային կուլտուրաների տաճարներ են հառնում տարածքում: Ացտեկների հանգույն` սովետական քաղաքացիները գալիս են ԺՏՆՑ` ցորենի հասկին ու եգիպտացորենի կողրին երկրպագելու: Ցլերի, եղջերուների ու ձիերի քանդակներ են զարդարում տարածքը: Բայց ԺՏՆՑ-ի պագոդաների ու սաղարթախիտ ծառերի արանքով անցնող փոքրիկ ջոկատի համար ամենագեղեցիկն ու սիրելին վրանն էր` գարեջրի երկնագույն տաճարը:
Նրանք սովետական Դիսնեյլենդի տարածքում մնացին մի քանի ժամ` ընդհուպ մինչև փակվելը: Սկզբում տեղ բռնեցին երկար ու լայնարձակ մրջնահերթում` հարյուրավոր իրենց պես խանդավառների հետ, ամեն մեկը ութ (՜) գավաթ գարեջուր ստացավ ու երկուական բաժին ոսկրոտ տառեխ` ցուցահանդեսային ափսեներով: Այդպիսով, ուզած պահի, երբ ցանկություն ունենային, կարող էին ցած թռչել կառափնարանից ու հայտնվել մոտակա փշոտ թփուտներում: Մեր տղաները գյուղատնտեսական բաց օդին միզելու հաճույքը գերադասեցին գարեջրատան զուգարանում միզելու տհաճությանը: Բանաստեղծ Ալեյնիկովը պնդում էր, որ զուգարանից նեխած ծովախեցգետնի գարշահոտ է փչում:
Բանաստեղծը պնդեց, որ իր գարեջրին էլ սպիրտ ավելացնեն: Պատրաստվում էր կամ մեռնել, կամ իր միջից վռնդել հիվանդությունը: Ըստ այդմ` առատորեն ոսկրոտ ապխտած ձուկ էր ծամում` ալկոհոլով ցավազրկված, առանց ցավի, բայց և իմանալով, որ մանր ու խոշոր քիստերը խրվում են իր տառապյալ բերանը:
Ընկերներն անկարեկցանք էին նայում նրան, քանզի կարեկցանքի զգացումն անծանոթ էր այդ երիտասարդությանը: Ամենամեծը` Վորոշիլովը, 28 տարեկան էր, Ալեյնիկովը` 23, Վորոնցովն ու Անդրյուշկան` քսանական: Պատանիներն այդ տարիքում դաժան են լինում, հանգիստ մեռնում են ցանկության դեպքում: Մարդիկ կյանքը սկսում են գնահատել միջին տարիքից, քանզի գնահատելու համար կյանքին պիտի սովորես: Ընկերախումբը աղմուկով քննարկում էր Վոլոդկա Յակովլևի ինքնաբեր, պոստ-էքսպրեսիոնիստական գեղանկարչության արժանիքները: Ընդհանուր հայտարարի եկան, որ չնայած Յակովլևի աշխատանքի դպրոցը կամ ուղղությունը կամ ոճը չի վերաբերում բուն ավանգարդիստականին (Մոսկվայում միայն ապուշը չգիտեր, որ ավանգարդիստական են պոպ-արտն ու հիպերռեալիզմը), Վոլոդկա Յակովլևն անկասկած հանճար է: «Վոլոդկայի սրտից մինչև կտավ տարածությունն այ էսքան է»,- Վորոշիլովը ցած դրեց գավաթն ու պատկերեց, թե որքան փոքր տարածություն է Վոլոդկայի սիրտը բաժանում սեղանից, որի վրա թափված էին խրախճանքի մնացորդները` ձկան կաշվի փերթեր, ծխախոտի քնթուկներ, թերթի ճմռթած պատառներ: Վորոշիլովի երկու կապտած ափերն ու դրանց միջնատարածքը, որտեղ գարեջրի գավաթն ու վորոշիլովյան շապկի անորոշ գույնի հատվածն էին տեղավորվել, հենց այն միկրոպեյզաժն էր, որ բանաստեղծը տեսավ անգիտակցության մեջ գլորվելուց առաջ:
Ուշքի եկավ թրթռոցից: Մարմինը ցնցվում էր անհայտ ծագումով հրումներից: Աչքերը բացելով` մի քանի ոտք տեսավ, մի զույգը` բոբիկ, մյուս զույգը` կոշիկներով: Բոբիկ թաթերը խոշոր ու այլանդակ էին: Վորոշիլովինն են` կռահեց նա: Անդրյուշկայի ձեռքերն ու ոտքերը մեծ չէին: Հասկացավ, որ պառկած է հատակին: Անդրյուշկայի ձայնը կարեկից հարցրեց. «Ողջ ե՞ս, Լիմո՛ն»:
«Ողջ եմ»:
«Բերա՞նդ ոնց է»:
Նա սարսափով հիշեց խոցոտ ու արնահոսող բերանը ու լեզուն զգույշ տարավ ներսով: Ոչինչ չզգաց: Ապշահար` լռում էր: Լեզուն նորից տարավ` արդեն ավելի ուժեղ սեղմելով: Ոչի՛նչ: «Ոչ մի բան չեմ զգում»,- վախեցած մրմնջաց նա:
«Էրեկ լրիվ ջնջվել էիր: Ոնց որ մեռել»,- ասաց վորոշիլովյան ձայնը, և այլանդակ թաթերից մեկը քորեց մյուսին:
«Հաստատ ոչ մի բան չի հիշում»,- ասաց Անդրյուշկան:
«Ուտել եմ ուզում»,- ասաց բանաստեղծը: Իր համար էլ անսպասելի:
«Արի քեզ համար ձավարի շիլա եփեմ: Շիլան կուլ տալը հեշտ է, ծամելու կարիք չկա»,- Անդրյուշկան շիլաների ու կաթնամերքի կողմնակից էր:
«Լիմոնիչը էրեկ վոբլա էր խեղդում»,- ասաց Վորոշիլովը:
«Էդ էրեկ էր: Էրեկ փշալարի սալաթ էլ կխեղդեր»:
«Շիլան լավ է,- համաձայնեց բանաստեղծը:- Կարագով»: Ու վեր կենալով` գնաց զուգարան: Բայց վախեցավ հայելու մեջ նայել ու վերադարձավ այն անկյունը, որտեղ, պարզվեց, պառկած էր Անդրյուշկայի կարճլիկ մատրասին: Անդրյուշկան մահճակալին քնել չէր սիրում ու նախընտրում էր կարճլիկ մատրասը, որը ցանկության դեպքում սենյակից սենյակ էր տանում ու երբեմն քնում նույնիսկ խոհանոցում: Մատրասի կողքին դրված էին նախաներկած կտավները: Բանաստեղծի սև պիջակն ընկած էր ներկի պարկուճների կույտին: Մոր բացակայությամբ Անդրյուշկան մեծ սենյակն արվեստանոց էր սարքել: Բանաստեղծն ուզում էր վերցնի պիջակն ու կախի աթոռի թիկնակին կամ Անդրյուշկայի նկարակալին, բայց պարզեց, որ զուգարան գնալը խլել է բոլոր ուժերը: Ուստի փռվեց մատրասին ու վայրկենապես քնեց:
Անդրյուշկան արթնացրեց նրան, քթի տակ դրեց շիլայի ափսեն: «Ոնց որ շանը»,- ասաց բանաստեղծը: Բայց մեծ ախորժակով երկու ափսե կերավ ու փորը տաքացնելով` նորից քնեց: Շիլան կուլ տալիս ոչ մի ցավ չզգաց:
Արթնացավ հաջորդ օրը: Վաղ առավոտ էր: Անդրյուշկան չկար, հարևան սենյակում, Անդրյուշկայի մայրիկի մահճակալին, սավանի տակից երկար, միջնադարյան քիթը ցցած` խռմփացնում էր Վորոշիլովը: Մահճակալի շուրջը, հատակին, տասնյակի չափ բաց գրքեր էին թափված: Վորոշիլովը միանգամից մի քանի գիրք կարդալու տարօրինակ սովորություն ուներ: Իգորի բոբիկ ու շատ կեղտոտ ոտնաթաթերին, քամուց փքված վարագույրի միջով անցնելով, թռչկոտում էր արևը:
Բանաստեղծը գնաց լոգարան ու հայելու առաջ կանգնելով` բացեց բերանը: Ինչ էլ տեսներ, չէր վախենալու, քանի որ ցավն անհետացել էր: Արթնանալուց հետո արդեն այտի վրայից սեղմել էր լնդերը, ու չէր ցավացել: Մատներով ձգեց բերանի անկյունները…
Հովվերգական պատկեր բացվեց հայելու մեջ: Դեռ օգոստոսի 21-ին չարագուշակ դեղնաոսկեգույն լնդերը վարդագույն ճերմակ էին դարձել օգոստոսի 23-ի առավոտյան: Ատամնե՜րն էին հայտնվել: Փոքրիկ ժայռագագաթներից դուրս էին պրծել լնդերից: Նախկինում բորբոքված մակերևույթները նստել էին, և նույնիսկ փոքրիկ լեզվակը կոկորդի խորքում կարմիր-աշխույժ ու հանգիստ էր: Ամենամեծ ուռուցքը, դիմացից, որ 21-ին ատամներից միայն մի քանի միլիմետր էր թողել, բնականաբար չէր հասցրել լրիվ անհետանալ, բայց վերև էր քաշվել: Բանաստեղծը հաճույքով փակեց բերանը, կանգնեց ցնցուղի տակ, տհաճությամբ, բայց գիտակցված անհրաժեշտության զգացումով հագավ վերնաշապիկներից մեկը, քրտնոտ փալաս-փուլուսն ու ներկոտված պիջակը գցեց Անդրյուշկայի աէրոֆլոտային պայուսակի մեջ և, գեղգեղուն քթային դայլայլներ արձակող Վորոշիլովին չարթնացնելով, դուրս եկավ ու սուզվեց զարմանալիորեն թարմ առավոտի մեջ: Գուցե արդեն աշուն էր:
Եվս երեք օր անց բերանի ուռուցքը լրիվ անհետացավ, ու տխմար հիվանդությունը, որ ըստ երևույթին սխալմամբ էր հայտնվել Մոսկվայում, հեռացավ իր արկտիկական լայնարձակություններն ու հարձակվեց սովորական զոհերի` երևի եղջերվապահների վրա:

Թարգմանությունը ռուսերենից`  Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *