Պասկալ Քինյար | Գաղտնի կյանք

Ֆրանսիացի արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ Պասկալ Քինյարը ծնվել է Վերնոյում 1948թ. ապրիլի 23-ին: Դասավանդել է անտիկ շրջանի գրականություն Վենսենի համալսարանում: Նրան ճանաչում են բերել «Վուրտեմբերգի սալոնը», «Շամբորի աստիճանները», «Աշխարհի բոլոր առավոտները» վեպերը: 2002թ. Պասկալ Քինյարը արժանացել է Գոնքուրի մրցանակի «Թափառող ստվերներ» ստեղծագործության համար: Նրա ստեղծագործությունների ժանրը իրենից ներկայացնում է վեպի, պոեզիայի և փիլիսոփայական էսսեի արտասովոր սինթեզ:

( հատվածներ )

***
Սերը սկսվում է հիացմունքից:
***
Գետերը միշտ թափվում են ծով: Իմ կյանքը` լռություն: Ամեն տարիք աներևույթանում է իր անցյալում, ինչպես ծխաշիթը` երկնքում:
***
Մենք երբեք վերջնականապես չենք կտրվում մեր մայրերից: Մենք կառչում ենք ժամանակի շրջազգեստից, վերադառնում ենք մեր առաջին օրերի հացին ու խոսքին, մանկական տեսողությամբ նշմարված դիմախաղերին և ուրվապատկերներին: Մենք խուլ ենք աշխարհի նկատմամբ, ինչպես կրիան` ինչ-որ սոպրանոյի: Բայց և նման ենք սաղմոնի: Մեր կյանքը հմայված ձգտում է այնտեղ, որտեղից սկիզբ է առել: Դեպի իր ակունքը: Դեպի արշալույսը: Դեպի նախնական արշալույսը, որը կուրացրել է մեզ: Չէ որ, մենք լույս աշխարհ ենք գալիս թրջված և անօգնական:

***
Սիրում են միայն մի անգամ, և երբ սիրում են, չգիտեն այդ մասին, որովհետև առաջին անգամն է:

***
Նրա ձայնը խաղաղ էր և երկյուղալի:
Ես հնազանդվել եմ այդ ձայնին:
Հավանաբար, սիրո ծնունդը ` հնազանդությունն է ձայնին, հնչերանգին:

***
Non manifeste sed in occulto» – այդպես Հիսուսը գնաց տաղավար տոնին, ոչ թե հայտնապես, այլ գաղտնաբար:
Այդպես մենք սիրում էինք իրար:
Ոչ թե հայտնապես, այլ գաղտնաբար:

***
Պատկերները ստեղծված չեն լույսի համար:
Ամեն երազի հայտնի է այդ, և ամեն գիշեր այն հաստատում է:

***
Հասարակությունը միշտ մեղանչում է իր հանցանքների համար, երբ ապաշխարհությունն նրան այլևս չի սպառնում:

***
Բոլոր աստվածներին, ինչպես գիշատիչներին հմայում է արյունը:
Քրիստոնեությունը գիշատիչներից փոքրագույնը չէր:
Խաչելության արնահոսող խայծը եկեղեցու սրտում, անմոռանալի կերպար է, որի մասին մարդկությունը չի դադարում անրջել:

***
Արտեմիսը` մինչհելլենական, մինչհողագործական, որսորդության պալեոլիթյան աստվածուհի է, վայրի բնության հովանավորը, որ միավորում է վայրենությունը և լռությունը: Արտեմիսը այն աստվածուհին է, որ եղել է մինչ խոսքը:
Որսի մեծագույն արգելքը` լռությունն է: Աղմուկ չհանել, չխոսել: Սերը գիշերային որս է… խոհանոցում շշնջում են, որսի ժամանակ լռում, սիրո մեջ համրանում:

***
Սերը հակառակ է և’ սեռականությանը, և’ ամուսնությանը: Սերը կողոպուտի ոլորտից է, ոչ թե հասարակական փոխանակման:
Պարզվում է, ի սկզբանե «նա ով սիրահարվում է» արտահայտությունը վերաբերում էր այն տղամարդուն կամ կնոջը, ով խուսափում էր մերձավորների, ընկերների և միջավայրի կողմից նախապես կանխորոշած փոխանակումից:
Հեքիաթներում սերը հակադրվում է ամուսնությանը, ինչպես փախուստը` միությանը: Սերը հակահասարակական է: Հետևապես, այն ակնթարթորեն հաղթահարում է ամուսնական և սոցիալական կապերը: Նրա այս հատկությունը հին սիրային պատմություններում արտահայտվում է այսպես. սիրահարները մերկ են , անօթևան և անխոհեմ: Նրանք հագենում են օդով ու աղբյուրի ջրով: Սնվում են նրանով, ինչ Աստված կպարգևի – այլ խոսքով, կերպափոխվում են թռչունների:

***
Սիրահարները կտրված են աշխարհից: Նրանք ստիպված են ապրել, ինչպես ցեղի մնացորդ, որ ժամանակի կողմից դատապարտված է մահվան:
Սերը, որ սիրահարները կրում են իրենց ներսում, սփռում է նրանց տարածության և ավելի ` ժամանակի մեջ:
Միահյուսվելով, նրանց մարմինները թափառում են անհայտ վայրերում, ինչպես նախապատմական ժամանակներում, երբ դեռ ոչինչ չկար ժամանակից բացի, կամ էլ ակնթարթում, որ ենթակա չէ ժամանակին:
Նրանք այդ հասկացել են ավելի վաղ, քան ներապրել են, վաղուց, այն անգիտակցական ժամանակներում:

***
Կար ժամանակ, երբ կյանքն արտահայտում էր ինքն իրեն:
Կյանքի միակ իրական դեմքը, որում այն դրսևորվում է և վերարտադրվում, մնում է մարմինը: Խոսքերով դեմք չես կարող արարել: Կյանքը կարելի է առանց լեզվի ապրել: Խոսքը շքեղություն է, առանց որի կյանքը հնարավոր է:
Լյուդովիկոս տասնչորսերորդի օրոք յանսենիստները յուրացրել են անապատական վանականների այն միտքը, որ ցանկացած խոսակցություն վտանգավոր է:

***
Լեզուն և սեռերի տարբերությունը – ժամանակակիցներ չեն:
Լեզուն ստեղծված չէ սիրո համար:
Այն վերջերս է առաջացել այն ժամանակի համեմատ, երբ մարդիկ բաժանվել են տղամարդկանց և կանանց: Լեզուն բոլորովին վերջերս է առաջացել, քան այն, ինչը նրանց միավորում է գրկախառնություններում, օգնում է հասունանալ մայրական գրկում, վերարտադրում է երկունքի ցավերում:
Պատկերացրեք մի համակարգիչ, որը տեղադրված է պալեոլիթյան քարանձավի խորքում: Հեռավորությունը նրանց միջև ավելի նեղ է, քան տարածությունը, որ լեզուն բաժանում է սեռականությունից:
Լեզուն վանում է սերը, քանի որ սեռականությունը շղթայում է այն և հարատև թաքնվում նրանում: Սեռական տարբերությունները լեզվում չեն բացահայտվում:

***
Մարդկային սերը ` վաղնջական է, որովհետև վաղաժամ ծննդաբերությունը մարդու մոտ ավելի հաճախ է լինում, քան այլ կաթնասունների:
Վաղնջական սերը սպիտել է մարդկանց կյանք առնել մինչ – լեզվի պաշարներից, ոոնք մեզանում պահվել են:
Երկար ժամանակ մենք հավաքում էինք անհետացած լեզվի հետքերը մեր ներսում, ուր պահվում էր այն ամենը, ինչ մարմնում նախորդել է հիշողությանը:

Այդ շտեմարանը ` գանձարան է: Այդ անխոս դաշտը լռության տարածությունն է: Մենք սովորել ենք խոսել տարբեր լեզուններով, ինչը նշանակում է, որ մենք միշտ չէ, որ խոսել ենք:

***
Ահա, թե ինչ է սերը, գաղտնի կայնք` նվիրական ու առանձնացված, մարդկանցից մեկուսացված: Մեկուսացում ընտանիքից ու հասարակությունից, քանզի սերը հիշում է կյանքը մինչ ընտանիքը և հասարակությունը, մինչ արշալույսը, մինչ խոսքը…

***
Ունենալ հոգի` նշանակում է ունենալ գաղտնիք:

***
Կարթագենցի Տերտուլիանոսն ասում էր ՝ նույնիսկ դրախտում գաղտնիություն է պետք։ Մինչև իսկ Եդեմում անհրաժեշտ էր առաջին կնոջը խորհրդավորությամբ պարուրել: Անգամ Աստաված՝ առեղծված է, որ անհասանելի է մեր տեսողությանը: Աստծո ճանապարհները անքննելի են: Նա հավերժ լռում է իր մասին:

***
Ինչու՞ է սերը փորձվում կորստի դաժանությամբ:
Որովհետև կորուսը նրա ակունքն է:
Ծնվել` նշանակում է կորցնել մորը:
***
Սերը, ըստ էության հակահասարակական է: Այն արժեզրկում է մյուս բոլոր արժեքները, ենթարկում է մարդուն նոր դավանանքի, զրկում է նրան ազգային առանձնահատկություններից, ջնջում դասային սահմանները: Ամեն ինչ կորցնում է իր իմաստը, բացառությամբ միակ կերպարի, որտեղ կենտրոնանում է ողջ աշխարհը:

***
Սերը ` խելահեղորեն ուրիշի բուրմունքը սիրելն է:

***
Լատիներեն «ամուսնանալ»-ը անվանվում է ducere (տանել), Ducere uxorem domum – տանել կնոջը իր տուն, իրեն մոտ:
Seducere-ն, ընդհակառակը՝ լատիներեն բայ է, որը նշանակում է մի կողմ տանել, ձգել դեպի իրեն՝ հեռու աշխարհից: Լինել dux (ուղեկից) դեպի այլ թագավորություն:

***
Սերը հպումների կրիք ունի: Սերը տենչում է մոլորվել հեռավորության բացակայությունում: Իսկ տեսողությունը պահանջում է հեռավորություն: Լսողությունը, հոտառությունը թույլ չեն տալիս հեռավորության զգացողություն: Ներքին ճիչը իսկույն ևեթ կեղեքում է մարմինը: Հենց այդպես նրան խոցում է հանկարծակի լռությունը: Ահա, թե ինչ է տարածության բացակայությունը:

***
Հեռանալը – տիեզերքի հիմքն է: Մետաֆիզիկան նախընտրում է վերադարձը: Տուն վերադառնալը գոյության հիմքն է: Ինչպես Հոմերոսի հերոսները:
Ինչպես Սոկրատեսը, ով հրաժարվեց հեռանալ, ինչպես Պլատոնը, ով վերադարձավ, ինչպես Հիսուսը, որ մերժել է հեռանալու առաջարկը:
Ինչպես Հեգելը: Ինչպես Նիցշեն: Ինչպես Հայդեգերը: Բոլոր nostoi, բոլոր վերադարձները: Մարդիկ, նոստալգիայից հաղթված: Վերադարձի հիվանդ: Ուլիսեսը` մարդ է, ով տառապում է nostos-ից:
(Մենք բոլորս սաղմոն ենք: Սոցիալական: Երեխաներ):

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *