Վիկտորիա Սամուել | Կապույտ օրերի փրկությունը

Թող կապույտ-կապույտ այս օրերը
գրկեն ինձ, երբ նորից խավար կլինի,
եւ թափանցիկ հայացքները,
որ լինում են հաճախ այս կապույտ-կապույտ օրերին,
ինձ նայեն հետո, երբ ես ոչինչ չեմ գտնի,
երբ ապրելու համար ոչինչ չեմ գտնի,
երբ նույնիսկ ժպտալու համար քիչ կլինեմ
եւ սիրելու համար չեմ լինի․․․
Թող կապույտ-կապույտ այս օրերը
ապավեն լինեն իմ քամված մարմնի համար
եւ հոգու համար, եւ փակվող սրտիս համար,
եւ քեզ համար, եթե քեզ հետ էլ նույնն է։
Շները մաքրում են, քեզ սիրող մարդիկ մաքրում են,
Ազնավուրի երգերը մաքրում են,
մայրը մաքրում է, նույնիսկ երբ
հասկանում է քեզ բոլորից քիչ։
Ինձ տաք ջուրն էլ մաքրում է,
թվում է՝ հասնում է ամենախորքը ու մաքրում։
Այս կապույտ-կապույտ օրերին ես մաքուր եմ,
համարյա թափանցիկ, համարյա մերկ,
փորը դեմ տված շան պես անպաշտպան,
չորացած տերեւների պես՝ թեթեւ
ու մի քիչ քամուց կարող եմ ընկնել,
մինչեւ նորից կծանրանամ, մինչեւ նորից մաքուր չեմ լինի,
մինչեւ նորից ինձ կհանդիպեմ,
մինչեւ նորից կլսեմ Շառլին՝ ֆրանսերենով,
հետո հայերենով,
հետո կվերցնեմ մի անպետք բան,
ու ծաղկաման սարքեմ,
որ ինձնից թողնեմ նաեւ այդտեղ,
որ դատարկ ու անգույն օրերին
ինձ դեռ գտնեմ ինչ-որ տեղում,
ինչ-որ մարդկանց մեջ, ինչ-որ վայրերում,
որ կապույտ-կապույտ օրերը գան
ու մաքրեն ինձ․․․ էլի, էլի, էլի․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *