Զորայր Խալափյան | Պտտահողմ

ՊՏՏԱՀՈՂՄ
Ղումաշն ու Սուլթանը նման էին, ոնց երկվորյակ քույրեր, բայց մեկը մայրն էր, մյուսը՝ դուստրը: Ղումաշը Սուլթանի մայրն էր և Սուլթանին բերելիս կույս էր, նրա ամուսնուն հարսանիքի օրն էին սպանել, ցանկապատի հետևից մեկ կրակոցով, երբ պսակից նվագով տուն էին բերում զույգին: Հենց այնտեղ, ուր կրակոցը եղավ՝ ցանկապատի մյուս կողմում թոնրատունն էր, կայծեր տալով կրակը վեր էր ելնում, փեսան հարսի կողքով քայլում էր, իմացան մակարներից մեկի հրացանի կրակոցն էր: Հինգ մակար առջևում, ձիերը խաղացնելով, գնում էին ու երբեմն մեկն ու մեկը իր հրացանն էր պարպում դեպի վեր, բայց այդ կրակոցը ցանկապատի հետևից էր, ուր վառվող թոնիրն էր, կրակի մի շիթ ճաղերի արանքից ճայթեց ու չքացավ. մեկ էլ փեսան փռվեց ճանապարհին: Մարդուն սպանեցին, բայց ո՞վ էր կրակողը: Շորերը հետ տվին, կուրծքը բացեցին, ողջ մարմինը հենց ճանապարհին ընկած տնտղեցին. գնդակի ոչ մի հետք, արյուն էլ չկար:
Հարսանքատունը դառավ մեռելատուն: Խեղճ տարաբախտին հողին հանձնեցին, յոթը տվին, քառասունքն էլ կատարեցին, Ղումաշը դեռ նշանածի տանն էր, ո՞ւր պիտի գնար պսակն արած հարսը, հորական տուն չգնար, մնալու անունն ի՜նչ դնեն: Նորապսակ հարսնացուն դարձավ սևազգեստ դեռատի այրի՝ ամուսնական համբույրի համն էլ չառած: Ասացին՝ թող քառասունքն անցնի, հետո անելիքը կորոշենք:
Քառասունքի հաջորդ օրը սևերը հանեցին, տնական շորեր հագան, տղամարդիկ կարգը-կարգին սափրվեցին, իսկ երեկոյան երկու լամպ էր վառվում սեղանի ծայրերին: Նստած էին երկու կողմի խնամիները, որ այլևս խնամի չէին: Նստել մռայլ, առանց իրար նայելու խոսում էին անկախ բաներից, մի արանքում կեսուրը խոսքի մեջ գցեց, թե անելիքը ո՞րն է լինելու, ինչքան շուտ տանեք աղջկան հորական տուն, այնքան լավ, մնա՝ խոսք կընկնի, աղջկա անունը կկոտրվի, բախտին քար կընկնի:
-Իբր ընկել չի՞,- հառաչեց աղջկա մայրը:
Թեյին ձեռք տվող չեղավ, կապույտ թափանցիկ շաքարամանում շաքարի կտորտանքները նման էին սայլերով բերած կրաքարի՝ մի սիրուն շենք շինելու, կամ, այլևս փլված տան ավերակ էր, շաքարկոտրիչն էլ մեջը ցցված՝ ասես տանիքի փայտեղենն է:
-Ինչ պիտի անենք, մենք մեր աղջկան պիտի տանենք, սա էլ ձեր նշանդրեքի բերած ոսկեղենը, փեսին մեր տված մատանին էլ դուք բերեք:
-Ա՜խ, ասում է փեսին տված…,- փղձկաց, լաց եղավ տղայի մայրը:- Անողի ձեռքը չորանա, յոթ պորտը ցամաք մնա, տեսնես ով էր հրացան գցել թոնրի մեջ, որ հրացան չերևաց:
-Նրանք են,- անորոշ ասաց մեկը, նկատի ունենալով այս Օհանենց տանը կատարվող զարմանալի բաները: Հնուց, քանի պորտ առաջ մի քաջք էին բռնել, դրա վրեժն էր, դեռ առնում էին: Սրա մասին կխոսվի:
Զրույցը ընդհատվում, նորից կապկպվելով, իմաստ էր ստանում. աղջկան այստեղ թողնելը միտք չունի, պիտի տարվի հորական տուն:
Այդ ժամանակ տղայի մայրը բարձրացավ տեղից, փչեց հանգցրեց լամպերից մեկը:
-Վեր կաց, Ղումաշ,- ասաց աղջկա մերը: -Դուք ձեր բաժինը հանգցրիք, մենք մերը վառած տանելու ենք այս դառը գիշերվա միջով:
Նրա ձայնի մեջ նաև մի քիչ կռիվ կար. բայց ու՞մ դեմ, ով է մեղավոր.
-Աղջի՞,- զարմացավ մայրը,- վե՛ր կաց:
Ղումաշը զույգ ձեռքերը երեսին տարավ ու ձեռքառան գլուխն այնպես խփեց սեղանին, որ թեյի բաժակները պնակների մեջ զնգացին, և սառած թեյը ալիք տվեց:
– Վեր կաց,- կրկնեց աղջկա մայրը՝ խղճահարված իր զավակի բախտի վրա:
Հարսը բռնել էր սեղանի եզրերից, սփռոցը բռերի մեջ սեղմել, ասես նրան զոռով պիտի տանեին:
-Հերիք է,- ասացին մի քանիսը,- դու սրանց տանն ո՞վ ես, որ չես ուզում քո հորական տունը:
-Ես այս տան հարսն եմ,- արցունքով ողողված դեմքը միանգամից բարձրացրեց Ղումաշը:
– Մարդդ ո՞ւր է:
– Նա չկա, բայց ես այս երեխան ո՞նց տանեմ հետս,- ասաց Ղումաշը:
Խղճահարաթյունը փոխվեց վախի ու զարմանքի. ի՞նչ երեխա:
– Հրես սրտիս տակ խաղ է անում:
Մայրը հարցական թեքվեց դստեր երեսին. էլի ուղղվեց.
-Ասում է երեխով եմ, ամսական չեմ տեսնում:
-Բայց ո՞ւմ երեխան է, որ խաղ է անում այնտեղ, քառասուն օր էլ չի անցել:
-Քառասուն օրը ինչ կապ ունի,- ասաց Ղումաշը, երեսը բացվել էր, հասկանում էր, որ որոշում էր ապրելու-չապրելու հարցը,- ինչ եղավ, կալին եղավ: Մենք սայլի տակն էինք մտել, կարպետները կողքից քաշած, որ հով լինի: Պտտահողմը շպրտեց մի կողմ, երկինք հանեց:
-Բան չհասկացանք, խաղացե՞լ եք իրար հետ,- հետին մտքով հարցրեց կանանցից մեկը ցածր ձայնով, բայց բոլորը լսեցին:
Պատասխան չեղավ:
Խնդիրն ուրիշ բնույթ էր ստանում, աղջկա կողմից մեկն ասաց.
-Մեր աղջիկը աղբյուրի ճանապարհից ուրիշ ճանապարհ չի ճանաչել: Չնայած տղամարդկանց ներկայությանն ու այս բացախոսության ամոթին,- շարունակեց,- ուրիշի երես չի էլ տեսել: Դուք կանչեցիք ամռանը, թե մեր հարսնացուն է, գա մեր կալին օգնական, ելավ եկավ երեխան: Պարզ ասում է, որ ամեն ինչ կալին ելավ: Մեծ մարդիկ եք, հասկանում չե՞ք ինչ է ասում: Ավել էլ ինչ ասի:
-Բա կարող է ձեր աղջիկն իր պտուղն ուրիշ տեղերից է բերել,- ասաց տղայի կողմի կանանցից մեկը:
-Այդ ինչե՜ր է խոսում,- ձայնը բարձրացրեց Ղումաշի մայրը,- դու ձեր Սաթենից խոսիր, աղջի, հե՜յ , անամոթ, հարսանիքից երեք ամիս չանցած, չոքեց երեխա բերեց: Ո՞ւմն էր:
-Մեր տղայինն էր, ինքն էլ կանգնեց, ասաց զատկին է պատահել, անտառում է բանը բանից անցել:
-Լավ, լավ, մեր անելիքից խոսեք,- կանանց ընդհատեցին տղամարդիկ:
-Սև լիներ այդպիսի հարսանիքը,- հառաչեցին կանայք:
-Սա մեր տունն է, ես էլ նրանց հարսն եմ,- ասաց Ղումաշը, ձեռքերով դեռ սեղանից պինդ բռնած:
Տանտերը, Օհանը, որ մինչ այդ լուռ էր, հայտնի մեծախոս մի հանդավոր, սափրված, սեղանի գլխին նստած, հանդիսավոր մի սգավոր հայր, ասաց.
-Վեր կացեք, բարի գիշեր, գնացեք ձեր տները: Ղումաշը իմ հարսն է, թե աղջիկը, որոշողը ես եմ: Երեխով է, մեր Բաբկենից հիշատակ է, գոհություն Աստծո: Հարս ջան, Ղումաշ ջան, մնալու ես: Հետո թե կուզենաս, ես իմ ձեռքով Բաբկենին արժանի մի տղայի կտամ քեզ:
-Այդ ինչեր ես խոսում,- ընդհատեց կինը:
-Նա մեր հարսն է ու մեր աղջիկը, Տերը թող ոնց կտրել է, այնպես էլ լինի:
Այդպես Ղումաշր մնաց Օհանենց տանը:
Օհանենց տանը հրաշք բաները անպակաս էին հնուց, պատմում էին, որ նրանց չորս պորտ հեռու նախապապ Մեծն Օհանը քաջք է բռնել, քանի տարի տանը բանեցնում էին, դրա վրեժն է, որ հանում էին այդ անտեսելիները:
Կալ, հաշան, կամ, վերսելի, խախալ, քամուն տալու թի, մոռացված իրեր, մոռացված բառեր: Մի օր էլ, երր քամուն էին տալիս կալսածը, պտտահողմը գալիս, ամեն ինչ գիրկն է առնում, պտտվում տեղում մի կրնկի վրա, օդ է հանում ամեն ինչ, կալի ողջ եղածը, երկնքով մեկ արծարծում ողջ դարմանը, թի, խախալ, կամ, ինչ կա, մարդիկ սայլերի տակ պատսպարվում էին, որ իրենց էլ չտանի:
– Քաջքաքամի է, սրան նաև քաջքի հարսանիք կասեն, քաջքերն են երկնքում հարսանիք անում, մեր ցորենը կալից սրբում, տանում են իրենց,- ասում է Մեծ Օհանը,- ինչ են ուզում ինձանից: Նրա համար, որ ես իմ աչքո՞վ եմ տեսել Ծիրանավոր տափի գլխին նրանց գիշերային խրախճանքը, որ մարդու աչք չպիտի տեսներ:
Ասաց՝ ես դրանցից մեկին պիտի բռնեմ: Գիշերն էլ ախոռում ձիերին էին հեծնում ու քշում մինչև աքլորականչ, առավոտ ձիերիշը քափ ու քրտնքի մեջ կորած էին լինում: Բռնելու ձևը հայտնի էր, իրենից առաջ ուրիշ քաջք բռնողներ էլ էին եղել, ձիերի մեջքին կուպր էին քսում, քաջքը կպչում, մնում էր, լույսի հետ դառնում տեսանելի, մյուսները թողնում չքանում, անտեսանելի են դառնում:
Բռնելուց հետո քաջքին պահելու համար, որ տեսանելի մնա, ոսկե քորոց պիտի խրես ականջի բլթիկի մեջ, ինքը չի հանում, քաջքը ոսկուն ձեռք տալ չէր կարող, հավիտյան պիտի մնար տեսանելի ու մարդուն գերի:
Մեծ Օհանը մարդ է ուղարկում տուն, թե հին շորմորից բերեք, տկլոր է մորեն մերկ: Ոչ շատ սև, ոչ շատ սպիտակ, բոշա է՝ բոշա չի, բայց մաշկի գույնը նրանց նման թխավուն անուշ: Ամբողջ զյուղն է հավաքվում բռնած քաջքը տեսնելու:
Երեխա էի, պատմում էին, նրանց տան ջուր կրողն էր, բայց ինչ ասես պիտի հակառակն անի: Ասես կուժը տար աղբյուրը լցրու, կտանի աղբյուրը ակովը կտա կփշրի: Պիտի ասես կուժը տար աղբյուր կոտրիր, կամ դատարկ բեր: Կտաներ, կլցներ կբերեր: Ցերեկ, ժողովուրդը կանգնած նայում է, Մեծ Օհանենց քաջքը կժի տակ երկտակված, հազիվ ոտքերը քաշ տալով, ջուր է տանում: Նրա անելիքներից էին ցախավելով բակը իստակ մաքրելը, ջարդած փայտը կրակի մոտ բերելը, այգեկութին լիքը քթոցները մառան տանելը:
Ես որ աչքս բացել եմ՝ մեր տատն էր պատմում, իսկ նրա տատի տատն էլ իր աչքով էր տեսել, լավ հիշում եմ, ասում էր, օրորոցն էր օրորում, հատակին ջուր էր շաղ տալիս, անփոշի ավլում, տան ուրիշ գործերն էր անում: Որ պրծնում էր, մի պուճախ էր մտնում, աչքերը պլզած անցնող դարձողին էր նայում:
Մեծ Օհանը տարիքն առավ, մեռավ գնաց, դա դեռ կար, ասում էր տատս, այնքան էր ապրել, չորացել չիր էր դարձել, խխունջի նման ականջներից մեկում ցցված մնում էր ոսկե քորոցը: Մեծ Օհան պապը պատվիրել էր, թե ուզում եք էլի մնա, քորոցին ձեռք չտաք, ինչ էլ անի, ինչքան էլ խնդրի:
Անունն էլ՝ Կոկո: Կոկո տատ էին ասում: Կոկո տատ, այն փախած կծիկը բեր, գնում բերում էր: Կոկո տատ, արի հացի, սեղան չէր նստում, մի կտոր հաց, մի կտոր պանիր դնում էին ձեռքին, մրջյունի նման մանր փշրանքներով ուտում էր: Քնում էր մեկնումեկի բարձի տակ կուչ եկած, ականջը բարձին, ասում է, լսում ես՝ այնտեղ փիսիկի պես փսսալով՝ քնած է:
Մի օր էլ հարևանի երեխաներից մեկին խաբում է՝ ասում է այս ոսկե ականջօղը քոնը լինի, թե հանես: Աղջիկ երեխա ու ոսկե ականջօղ, ինչ իմանար, բանն ինչ է, հանում է: Ոսկին հանելուն պես Կոկոն տեղնուտեղը դառնում է ջահել թուխ աղջիկ, ծափ է տալիս, պտտվում մի կրնկի վրա, աչքով անում ու շատ արագ պտտվելով աստիճանաբար դառնում անտեսանելի, չքանում:
Բայց գանք Ղումաշի մայրանալուն, որ էլի տատս էր պատմում: Իններորդ ամսին Ղումաշը թեք ընկավ, ցավերը բռնել էին, տատմերին կանչեցին, պղինձները դրին կրակին, տաշտակը լավ լվացին, մեջը նարգիզի փոշի շաղ տվին, կեսուրը սավանը ծվեն-ծվեն արեց, տաք հարդուկեց, դրեց տատմոր կողքին:
Մարդ կար այդ օրը դաշտ չգնաց, մնաց տանը, ականջը դրսի ձայներին: Երեխաներն էլ ծվարել էին տների քիվերին ծիծեռնակների նման, ծնկները գրկած իրար մեջ խոսում են, տղաները ջոկ, աղջիկները՝ ջոկ:
Կեսօրն անց դուռը բացվեց, կեսուրը դուրս եկավ, երկնքին նայելով երեսը խաչակնքեց: Տատս ասում է ծնունդն ընդունող կանայք շվարած էին, Ղումաշը երեխա էր բերում և Ղումաշը կույս էր: Տատմերը մի քանիսին վկա կանչեց, բոլորը տեսան, որ կուսության միջից լույս աշխարհ է գալիս փակ աչքերով ծնվողը: Ու երբ տատմոր ձեռքին էր այլևս, բոլորը միասին այսպես գոռացին՝ աղջիի՜կ, ասես հարվածով բացեց ու սաստիկ ներս փչեց ձյունախառը բուքն ամպի հետ:
Այսպես Սուլթանը լույս աշխարհ եկավ կույս մորից: Կեսուրն ուրախացավ, արցունքն աչքերին ասաց.
– Իմ հարսն անարատ է, բայց Աստված մեզ մի երեխա տվեց Բաբկենիս հիշատակ:
Բայց ինչ Բաբկեն: Ինն ամսով հետ գնացին ամառվա շոգ մի օրվա հուշին:
Դարձյալ կալ էր, Բաբկենը կամի վրա կանգնած, եզներից մեկի պոչը մի ձեռքին, ճիպոտը՝ մյուս, պտույտներ էր անում հաշանի վրա. հազիվ թույլ քամի էր, միանգամից դարձավ պտտահողմ, ամեն ինչ հանեց երկինք: Բոլորը փախան, պատսպարվեցին սայլերի տակ: Երկինք հասած դարմանից օրը մթնել էր: Քաջաքաքամին վախենալու էր, որովհետև մի քանիսը երևույթ դարձած բռերով հարդախառը ցորենը առնում կալից, պարկերի մեջ էին լցնում: Հետո երեույթացավ դրանցից մի կին՝ երեխայի թաթիկը բռնած, ասես մուրացկանություն էր անում, մոտեցավ սայլին, պպզեց, ձեռքը մեկնեց սայլի տակ կուչ եկածներին, ինչ է ուզածը, բոշա է՝ բոշա չի, որ ասեր՝ ձեռքդ դիր բուռս, բախտդ բացեմ: Եվ ինչ սիրուն թուխ էր մաշկը՝ հարթ, մետաքսե դժգույն փայլ արձակող, սև մազերն էր վառվող կուպրի նման քուլա-քուլա մեջքին տված: Սայլի վրա կարպետներ են գցած, որ տակը հով լինի, բերանը կանաչ երեքնուկով խցկած սառը կուլան խոտերի մեջ, բայց նա ջուր չէր ուզում, նա մեր բաժին հացն էլ չէր ուզում: Բաբկենին ասում եմ՝ դու տեսնո՞ւմ ես,ասում է հա: Բայց Ղումաշը չէր տեսնում:
-Ինչ եք դուրս տալիս, վախից կուչ եկել, ոչ ոք էլ չկա:
-Աղջի,- ասում է Բաբկենը,- հրես առաջս պպզած, տակից էլ շոր չկա:
Այդպես անամոթ-անամոթ պպզել էր Բաբկենի աոաջ: Նա էլ ասում էր.
-Հա, տեսնում եմ, ամեն ինչն եմ տեսնում, տակից էլ շոր չկա:
Նա Բաբկենի ձեռքը բռնեց, տարավ իր շքամեջը: Բաբկենն ասում է.
-Հա, մազմզոտ, երկու կես, թրջված, թյու՜:
Շունը հաչում էր:
-Այդ կտրվածը հաչում է դատարկ տեղի վրա,- Ղումաշը չէր տեսնում, շունը տեսնում էր:
Բաբկենը ձեռքը նորից է ուզում տանի շքամեջ, մեզանից ամաչում չի, իր հարսնացվից գոնե ամաչեր: Կինը ծիծաղեց Բաբկենի վրա, երեխայի ձեռքը բռնած պտույտ եկավ տեղում, խառնվեց պտտահողմին, չքացավ: Բայց դրանից առաջ մի շատ անամոթ բան արավ. փեշը բարձրացրեց ու ուղիղ Բաբկենի երեսին մի պինդ չիշիկ արավ: Բաբկենը ձեռքով երեսը փակեց՝ ինչ մունդառ հոտ է, ասաց:
Քամին մեզ սայլի տակից քաշում հանում էր, մենք պինդ բռնել էինք անիվների ճաղերից, թի, կամ, կարպետները, հոսելիս, ամեն ինչ իրար խառնված հրեն հա՜ պտտվում են երկնքում: Բայց Ղումաշն ուր է, Ղումաշը չկա: Քամին գնալով իջավ, երկինք ելած ամեն ինչը սկսեցին թափվել մեզնից, է՜, շատ հեռու տեղեր: Վերջը Ղումաշն էլ ընկավ երկնքից՝ քանդված խրձերի վրա թմփաց.
-Հիմա տեսա՞ր:
-Ինչ տեսա, բան չտեսա, այն իմացա, որ քամին ինձ տանում է երկինք, ասես մեկը ձեռքս քաշելիս լիներ, միայն ուժն էի զգում, ինքը չկար, և այդ ուժը մտնում էր իմ մեջ առանց ցավ պատճառելու: Հետո փափուկ իջեցրեց ինձ խրձերի վրա:
Բան չհասկացանք: Ղումաշը ոնց որ Ղումաշը չլիներ:
-Դո՞ւ ես, Ղումաշ:
-Հա, բա ով եմ:
-Բա ինչի՞ վախեցած չես:
-Վախեցած չեմ, զարմացած եմ:
Երկնքում ինչ էր կատարվել՝ միայն այդքանն ասաց, շրթեըը դողում էին, Բաբկենը բաժակը մոտեցրեց: Ջուրը չվերցրեց, վեր կացավ, փեշերը թափ տվեց, գնաց իրենց տուն:
Ահա ինն ամիս հետ գնալով ինչ հիշեցին: Ինչ եղել, երկնքում էր եղել:
Նորածնի անունը դրին Սուլթան: Սուլթանը Օհանենց տանը մեծացավ, դարձավ հասուն աղջիկ. այնքան էլ մորը նման, խնձորը միջից կիսած, տարիքի տարբերությունը տասնվեց էր, բայց նրանք նույնն էին զույգ ծնված քույրերի նման:
1908-ին գյուղս առաջին անգամ լուսանկարիչ եկավ: Մինչև այդ Միջնաշենում նկարիչ չէին տեսել, նկար էլ չունեին: Սկսեցին նկարվել տնովի: Ավելի ունևորները երեխոցը ջոկ-ջոկ էլ նկարեցին: Օհանենք էլ նկարվեցին: Բերեցին դարախլու կարպետը կախեցին դրսի պատին, աթոռները դրին, մեծերը նստած, ջահելները նրանց թիկունքում կանգնած: Լուսանկարիչը հետևներից ընկած, շատ խնդրեց Ղումաշին կամ Սուլթանին առանձին նկարվել, ուզում էր քաղաքում բացիկներ սարքել ու վաճառել, նպատակին չհասած էլ գնաց: Եկավ առժամանակ անց, նկարները բերեց: Ի՜նչ աղմուկ, ի՜նչ իրարանցում, ուրախություն, առաջին անգամն էին իրենց տեսնում նկարի վրա:
Օհանենք իրենց միասնական նկարին նայեցին, զարմացան, պատին դարախլու կարպետն էր, իրենք առաջը շարված: Բայց այնտեղ, ուր Սուլթանը պիտի լիներ՝ մոր կողքին, դատարկ էր, Սուլթանը նկարում չկար: Այդպես հասկացվեց, որ քաջքի ծնունդ է, ինչ եղել՝ երկնքում էր եղել: Նույն օրն ինքն էլ չքացավ, և քանի որ լուսանկարիչն էլ չկար, հաշվեցին, որ իր նպատակին հասել է, Սուլթանին նա է փախցրել:
Ասածս, թե անհավատալի էր, հրես այդ լուսանկարը: Սա Օհանն է, կողքին կնիկն է նստած, հետևում Ղումաշը և նրա կողքին Սուլթանը պիտի լիներ: Մայրը ձեռքը դրել է աղջկա ուսին և ձեռքը մնացել է դատարկ օդում կախված:

Share Button

2 Կարծիք

  • Lilit says:

    հրաշալի էր:

  • Միլետա Խալափյան says:

    Ես այս պատմվածքը կարդացել եմ այն ժամանակ, երբ դեռ լույս չէր տեսել: Ասացի- Միստիկա է: Զորայրն ասաց- Կյանքն ինքն է միստիկա, ասես մենք ենք ապրում, բայց պարզվում է մեզնից շաաատ առաջ են ապրել այն, ինչ թվում է, թե մեր կյանքն է… Ահա եթե հիմա էլ մեկին թվում է միստիկա է, թող հիշի. Միշտ մենք ապրում ենք կյանք, որն արդեն ուրիշն ապրել է մեզնից առաջ… Միստիկա է? Այո, հավատում եմ, որ այն ինչ մերն է թվում, ուրիշինն է եղել, մեզնից հետո էլ ուրիշին է թվալու, թե իր կյանքն է.. Այդպես շարունակ: Հավատում եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *