Նոր տարու հետ նորանալով

Տոնածառ

ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ

Այսօր տօն է սուրբ ծնընդեան, աւետիս.
Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս:
Այսօր արեւն արդարութեան, աւետիս.
Երեւցաւ՝ ‘ի մէջ մարդկան, աւետիս:
Այսօր սուրբ կոյսն անապական, աւետիս.
Ծնաւ եբեր զանմահ արքայն, աւետիս:
Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս.
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս:
Այսօր դժոխքըն սարսեցան- աւետիս:
Գունդք դիւաց յոյժ տրտմեցան, աւետիս:
Այսօր չարքն կարկեցան, աւետիս.
Եւ ադամեանքն ուրախացան, աւետիս:
Զաստղն տեսին եւ զարմացան, աւետիս.
Աստղ մի պայծառ եւ պատուական, աւետիս.
Ապա սիրով արձակեցան, աւետիս.
Ի Բեթղեհէմ ելեալ գնացին, աւետիս:
Մեծ թագաւորք ժողովեցան, աւետիս.
Յոյլով դպիրք եւ շատ իշխանք, աւետիս:
Ահա’ երեք արքայ եկին, աւետիս.
Որ երեքեանըս անուանին՛ աւետիս:
Մելքոն, Գասպար եւ Պաղտասար, աւետիս.
Որք ‘ի Սաբայ եւ յԱրաբայ, աւետիս:
Ոսկի ‘ կնդրուկ’ զըմուռս նմա, աւետիս.
Ունին երեք ազնիւ ընծայ, աւետիս:

 

Հովհաննես Թումանյան

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես.
Նորեկ տարի,
Մի խոտ, մի բույս
Ո՜չ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի:

 

***
Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,
Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր…
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ
Շնորհավորել քո կաղանդ։
… Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ,
Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության…

 

1 ՀՈՒՆՎԱՐԻ

Թեև պիտի նա մարի
Իմ վաստակած սրտի մեջ
Դարձյալ մի հին իղձ կամ տենչ,
Թեև պիտի ինձ բերի
Միայն ծանրություն հոգսերի,
Տան ծախքերի պրոզան,
Եվ հալածի իմ մուզան…
Բայց ինչքան էլ լինի վատ,
Ես միշտ ունեմ ժայռ հավատ
Դեպի կյանքն ու ապագան,
Եվ հույս ունեմ, թե կըգան
Սեր, սփոփանք, խնդություն…
Այդ հույսով էլ աննկուն
Ես կանչում եմ՝ սըրտալի–
Շնորհավոր Նոր տարի,
Եվ մաղթում եմ ձեզ համար
Նոր բաղդ, նոր օր ոսկեվառ։

1898

 

Ավետիք Իսահակյան

Նոր տարվա առավոտյան

Այս նոր տարվա առավոտյան,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ, մերոնք միտս եկան,
Եվ սուրբ պահեր հիշեցի:

Տեսա գյուղի տունը մեր…
Ջրաղացի ձայնն անո՜ւշ.
Մեր ծեր թոնիրը վառ էր…
Նորահացի հոտն անո՜ւշ:

Հայրըս եկել քաղաքից`
Քույրիկիս ու ինձ համար
Բերել էր թանկ նվերներ –
Նոր զգեստներ ծաղկավառ:

Բռնած հորըս ձեռներից`
Քույրիկս ու ես թռվռուն
Շրջում էինք բերկրալից
Արփաչայի ափերում:

Ա՜խ, այն օրը հիշեցի,-
Հավերժական տխուր պահ,-
Օտար երկիր գնացի,
Էլ մայրիկիս չտեսա:

Մայրս սեղմած ինձ կրծքին`
Լաց էր լինում սրտաքամ,
Համբուրում էր կարոտով,
Ու չէր թողնում, որ գնամ:

Ձիս քայլում էր գլխահակ
Մտքերիս հետ թախծալից,
Ու տանում էր ինձ հեռու
Մանկության սուրբ վայրերից:

Եվ քայլ առ քայլ` մարում էր
Ջրաղացիս ձայնն անուշ,
Բայց ես լսում էի դեռ
Խեղճ մայրիկիս լացն անհույս:

Այս նոր տարվա առավոտ,
Երբ որ քնից զարթնեցի,
Ավա՜ղ մերոնք միտս ընկան
Եվ սրտիս մեջ լացեցի…
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…

 

Համո Սահյան

Նոր տարու հետ նորանալով

Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ…
Զրը~նգ զրը~նգ,- ծոր է տալիս
Ժամացույցի զանգը հպարտ:
Սեղանների վրա թողած
Իր օրհնությունն ու իր բարին,
Հարազատի հոժարությամբ
Հեռանում է հոգնած տարին:
Մանուկ տարին իր սպիտակ
Խանձարուրից աչքը բանում,
Ուրախություն, ուրախություն,
Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,-
Նոր տարու հետ նորանալով,
Հին հոգսի հետ մեր քունքերի
Ճերմակն անգամ մոռանալով…
Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելով մեր կյանք ապրենք,
Ոչ թե դանդաղ չորանալով

Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք` ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ
Եվ ծիլերին հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եվ կտրիճին իմաստություն;
Մերձավորին վստահություն,
Մեծավորին` ներող հոգի,
Բարուն ազատ թևեր մաղթենք
Եվ բարություն ամեն ոքի:

 

***

Զարկենք թասերն ու դատարկենք
Մեր այս սեղան-սինու կենաց,
Քանի գինին մեզ չի խմել,
Խմենք նաև գինու կենաց…
Մեր սրտերում ուրախության
Կրակն այնպես թող ճարճատի,
Որ էլ հոգսի հետք չմնա
Կնճիռներում մեր ճակատի:
Ուրախանանք Նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի
Թեկուզ մի քիչ կորանալով:

 

Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Եղիշե Չարենց

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Ես նոր Տարի եմ մտնում,- բայց նոր ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,

Անկախ կամքից իմ ու քո, կամքից, Ղեկավա՜ր,
Շուռ է գալիս ու դառնում – հավիտյան ու հար…

Ու դառնալու է անվերջ… մինչև չմնա
Ո՜չ մի ձգտում, ո՜չ մի կամք աշխարհի վրա…

Օ, Նիրվանա տևական, քե՜զ եմ անրջում,-
Իմ փոթորկոտ, իմ հախուռն օրերի վերջում…

 

Վահագն Դավթյան

Խոսք Նոր տարուն

Ես ի՞նչ եմ ուզում որ բերես դու ինձ…
Ոչինչ… Ախ, միայն ոչինչ չտանես,
Միայն չխլես,
ՈՒ քո անզիջում հողմերին չտաս
Այս սերը-
Իր մեջ առաջին սիրո
Կապույտն ունեցող
ՈՒ լույսն ունեցող
Այս սերը,
Նրա հրաշքն անքնին
Եվ անգամ նրա տառապանքն անքուն.
Չտանես,
Քո խենթ հողմերին չտաս,
ՈՒ ես ամեն ինչ կունենամ կյանքում:

 

Սիլվա Կապուտիկյան

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՕՐԸ

Ոչինչ չե՜մ ուզում այս տարեմուտից,
Ո՛չ գանձ, ո՛չ անուն, ո՛չ նոր բախտ ու սեր.
Հանե՜ր այս տանջող խռովքն իմ սրտից,
Ինձ նորից կյանքի հիացքո՜վ լցներ.
Դանդաղ նորոգվող իմ հին հավատից
Երկու բեկո՜ր էլ իրար կպցներ…

 

Պարույր Սևակ
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜։

Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց… այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն…

Արի՜, Նո՛ր Տարի,

Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր

 

ԶԱՀՐԱՏ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

 

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

 

***

Կաղանդ Պապա մը գար
Նուէրներ բերէր
Տար տար չհատնէր
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ-օրէ օր-
Երկինք չհասնէր
Ինչ որ կեանք կ´ըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտէինք-
Կեր կեր- չհատնէր

 

ՍԻՐՈՅ ԿԱՂԱՆԴ

Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
Երկինքն ի վար կը ղօղանջէ
– Երբ ղօղանջէ
ոտնաձայն մը – ան է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի տեսներ
թէ սէրն ինչպէս զիս կը տանջէ
Սէր կը կանչէ
Սիրոյ Կաղանդ – որ այս գիշեր
լուսաճաճանչ կը ճաճանչէ
– երբ ճաճանչէ
ոտնաձայն մը – ա՞ն է – ան չէ –
Սիրոյ Կաղանդ որ չի գիտեր
թէ սէրն ինչու զիս կը տանջէ
Սիրոյ Կաղանդ – կը նահանջէ –

 

ԿԱՂԱՆԴՉԷՔ

Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Եթէ գիտնամ
Թէ վերջընթեր Կաղանդին
Պիտի նուէրս ընդունիս
Ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուոցած

Հարիւր Կաղանդ ալ կսպասեմ սիրելիս
Նուէրներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն իշխանականը զատած
Եթե գիտնաս թէ կը սպասեմ սիրելիս
Զոյգ ձեռքրըս սրտիս նման քո անունիդ երկարած

Հարիւր կաղանդ ալ կը մնամ առանց քեզի սիրելիս
Գիտնամ միայն թէ վերջընթեր Կաղանդին
ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Պիտի գաս

Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ — սիրելիս
Գիտնամ միայն
Թէ անպայման
Կաղանդներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն եւ ամէնէն երազային հարիւրերորդ Կաղանդին
Մշտադալար եղեւինի մը տակ լուռ
Պիտի հալինք պիտի հատնինք անէանաք միասին
Անվերադարձ Կաղանդներուն պէս կեանքին

Հարիւր կաղանդ ալ կը սպասեմ
Գիտնամ միայն որ դուն գիտէս թէ կը սպասեմ սիրելիս –

 

Մուշեղ Իշխան

Հինն Ու Նոր

Մեր գրկին մէջ, մեր աչքին դէմ մեղմօրէն
Կը մահանայ վաստակաբեկ Հին Տարին.
Կէս-գիշերուան զարկերն ահա կը թաղեն
Ժամանակի փակեալ դագաղ Հին Տարին:
Մա՞հ թէ ծնունդ՝ խորհրդաւոր այս պահուն…
Նոյն յարկերէն կը մտնէ ներս Նոր Տարին.
Սրտերն ամէն կ՛ըլլան յանկարծ հարսնետուն
Եւ կը գրկեն կեանքով յորդուն Նոր Տարին:
Մերն էր երէկ, մեր կուրծքերուն հեւքին պէս,
Մեզ բախտակից, մեզ ուղեկից Հին Տարին.
Յուշ է այսօր, մէգ ու մշուշ մահամերձ
Յաւերժութեան անդարձ ժառանգ Հին Տարին:
Կու գայ փառքով, զէն ու զարդով յաղթական
Աստեղաշող, մեծահանդէ՜ս Նոր Տարին.
Երգ է պայծառ եւ ցնծութիւն տօնական
Զանգերու ձայն, փողերու կանչ Նոր Տարին:
Որքա՜ն սէրեր ու երազներ լուսալիր,
Տարաւ իր հետ անդունդն ի վար Հին Տարին.
Ժպիտն՝ արցունք եւ կրակներն ալ մոխիր
Ըրաւ, աւա՜ղ, սա անողոք Հին Տարին:
Թող գայ բարի՜ եւ բարբառի ամէնուն
Նոր յոյսերու աւետաբեր Նոր Տարին:
Երկնի բոցէն վառէ մոմեր գոյնզգոյն
Շողշողուն ծառ ու լուսարա՜ր Նոր Տարին:

 

Նամակ Կաղանդ Պապային

Թուղթուգիր

Կաղանդ պապա,
Իմ այս նամակս առաջին
Քեզ կը գրեմ ես ահա
Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին։
Ուր ալ ըլլաս,
Պիտի անշուշտ զայն կարդաս
Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին
Մեր տան ծանօթ հին ուղին։
Քեզ չեմ մոռցած,
Ինչպէ~ս կրնամ մոռնալ քեզ․
Ամէն գիշեր,երբ քնանամ, դուն յանկարծ
Մօտս կուգաս եւ կը սարքես մեծ հանդէս,
Իսկ ցերեկներն ալ թէեւ
Կը հեռանաս մեր քովէն,
Կ’ըլլաս երազ, կ’ըլլաս երկինք ու արեւ,
Բայց սրտաթունդ միշտ կը լսեմ ես նորէն
Քու ոտնաձայնդ հեռուէն…
Պէտք է դուն ալ մեծ կարօտով զիս յիշես․
Քանի՞ մանչուկ ինծի պէս
Կրնաս գտնել դուն այսօր
Քու փայփայած մանուկներուդ մէջ բոլոր…
Մի հաւատար իմ մասին
Թռչուններու բերած այդ սուտ լուրերուն,
Ես տիպարն եմ ամէնուն,
Հեզն ու բարին
Եւ ամենէն արժանին՝
Հրաշազան նուէրներուդ գոյնզգոյն…
Յանուն փառքիդ անսահման
Եւ փառաշուք մօրուքիդ՝
Որքան ուզեն՝ լաւ խոստումներ կուտամ միշտ
Ծնողներուս սիրական․
Լացող տղան
Ես չեմ , պապիկ ,այլ անպիտան սատանան,
Որ կը վանեմ մէջէս դուրս
Եւ կը դառնամ համակ ժպիտ, համակ լոյս:։
Մայրս կ’ըսէ որ այս տարի
Քիչ մը հոգի եւ քիչ մը խելք ու շնորհ
Բերես ինծի,
Բայց չլսես դուն անոր․
Խելք ու շնորհ՝
Այնքա~ն ունիմ որ կը բաշխեմ ես ձրի…
Կողովիդ մէջ խորհրդաւոր
Լեցուր շուտով ինձ համար
Շաքար ու միրգ ու խաղալիք անհամար։
Կաղանդ պապա,
Որքան կրնաս շուտ եկուր,
Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա․
Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր,
Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար։
Ձեռքդ վստահ մօտեցուր
Իմ բոցավառ շրթներուն,
Որքան ատեն զայն երկարես լեփ լեցուն՝
Կը համբուրեմ անպատճառ,
Նոյնիսկ կ’երգեմ քեզ համար
Ու չեմ դպիր քու մօրուքիդ թելերուն…
Երբ մեզի գաս եւ Կաղանդի բերես տօն,
Չըլլայ մոռնաս դուն նաեւ
Մեր դրացի Տիգօն, Մարօն եւ Կարօն,
Որոնք ունին շատ բարեւ
Եւ որոնց հետ ծեծ ու կռուի բարեկամ՝
Ես միասին կը խաղամ։
Հայրս կ’ըսէ՝ Մասիսն է լոկ մեծ ընծան,
Որ դուն օր մը կրնաս բերել հայ տղոց,
Որուն մէջ կայ ամէն բան —
Աստղ ու լուսին ոսկեզօծ,
Կրակ ու բոց,
Հսկայ շուներ պահապան,
Շղթայակապ հին քաջեր
Եւ հրեղէն նժոյգներ…
Կաղանդ պապիկ, ես այդ Մասիսը կ’ուզեմ,
Դիր անիւներ ոտքին տակ
Ու համարձակ քշէ մեր տունը շիտակ,
Բեր ինձ նուէրն այդ վսեմ։
Օ մի վախնար, չեմ կոտրեր,
Զայն կը պահեմ սրտիս դէմ՝
Իբրեւ բարի հրեշտակ
Եւ գահակալ իբրեւ հզօր բռնատէր։
Կ’ըսեն որ դուն ամէն տարի Մասիսէն
Կուգաս արդէն․
Մազերդ ամբողջ բամպակ ու ձիւն են դարձեր՝
Իր ձիւներուն մէջ անհուն։
Ափսոս որ շատ ես դուն ծեր,
Բեռներու տակ, կորաքամակ, դողդոջուն.
Ափսոս որ չես կրնար դուն
Քալել արագ գայլիկներու նման վէս
Եւ կ’ուշանաս միշտ այդպէս։
Ինչո՞ւ սակայն ոտքով կ’երթաս տունէ տուն
Ու չես առներ ի վերջոյ
Կամ օդանաւ, կամ օթօ։
Աստուած պապա, Կաղանդ պապա, Տէր պապա,
Մերթ բացակայ, մերթ ներկայ
Մեր քովն էք դուք եւ ամպերուն մէջ անհետ․
Ես դեռ յաճախ կը շփոթեմ իրար հետ
Ձեր կերպարանքը հսկայ․
Բայց մէջերնին դուն լաւագոյնն ես կարծեմ,
Առատաձեռն ու բարին,
Ահա ինչու իմ այս նամակս առաջին
Սիրով քեզի կը ղրկեմ…
Անուշապուր

 

Դանիել Վարուժան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:

 

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Պառաւցած է:- Ձիւն գիսակներ` ծոծրակին
Խոր ակռաները կը սքողեն, եւ բերանն
Ակռայ չըկայ. Միսերը չոր, ցըրտագին
Կը դողան:

Ան կը փախչի մերկ ծառերուն խորերէն.
Կըքած, մախաղ մ’ունի ուսին. իր աչքեր`
Աղօտ լոյսով, ձանձրոյթ, խոնջանք կը փայլին
Տարուբեր…

Միշ կը փախչի մախաղովն, ուր իղձեր կան,
Մոխիր յոյսեր, անբախտներու վաղամեռ
Հառաչանքներն ու ինքնախաբ մարդկութեան
Երազներ:

Ժամանակի մ’հեղեղին մէջ, հէ՜ք պառաւ,
Պատրանքներովիր քամակն ալ ծըռածէ:
Կ’երթայ մեռնիլ հանգստութեան մէջ անձկաւ:
Անդարձ է…

Մըթընշաղին մէջ մարդիկներ, վայրապար,
Աբշօրէն լուռ կը նային անոր ետեւէն,
Եւ գոչելով թախանաձագին. Վայրկեա~ն մ’ալ.
Կաղաչեն:

Բայց ուղեւորնլերան ետեւ ալ լըռին
Կը կորսըւի. Եւ կը դառնան մարդիկներ
Նոր եռանդով մը կ’ընդգրկեն ՆորՏարին,
Անտարբեր…

 

Ռաֆայել Պատկանյան

Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:

Երնեկ թե այս Նոր տարին
Հայ ազգն իմի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայու դրոշը կծածաներ:

Երնեկ թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

Հայեր երբեք չերկմտեք
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն…

 

Միսաք Մեծարենց

Նոր տարին

Այս գիշեր հագված, սգված նոր տարին
Առտվան լույսին կըսպասե տենդոտ.
Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվո ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր.
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին՝
Վառ հույզերու մեջ կ’օրրե զայն ուժգին.
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվա վերջին պահերուն լռին
Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին.
Եվ բեհեզներովն կապույտ կամարին
Պճնված աշխարհ կու գա նոր տարին:

 

Հովհաննես Գրիգորյան

Ահա մի պատմություն որը չի կրկնվում
մեկից ավելի անգամներ
Եղևնին որը պիտի զարդարենք դեռ աճում է
անտառում:
Ուրախության համար կան բազմաթիվ պատճառներ.
ահա օրը բացվեց
ահա ամպերը քսվեցին արևի երեսին…
Եղևնին, որը պիտի զարդարենք
իր ծննդյան օրն է նշում հիմա
հեռու ու հեռավոր անտառում:
Իսկ տխրության համար ևս կան բազում պատճառներ.
ահա օրը բացվեց.
ահա, ամպերը քսվեցին արևի երեսին…
Եվ միայն կյանքը, որ չի կրկնվում երբեք
մեկից ավելի անգամներ`
ահա կանգնած է միայնակ
և շողշողում է
ուրախ ու տխուր պատճառներով
զարդարված:

 

Ամանոր- 95, 96,97…ևլն

Զարդարեք տոնածառը:
Կյանքն անցնում է:
Շուտով նոր թվեր կշարվեն կողք-կողքի,
Նոր ձյուն կտեղա հին փողոցների վրա,
և խավարը կծածկվի փափայված երազներով:
Զարդարեք տոնածառը`
Ով ինչով կարող է:
Նոր խաղալիքներ են հայտնվել հին խանութներում`
Փոքրիկ նավթավառներ, չենջի կրպակներ,
Մուրացկաններ փոքրիկ և ստահակներ մեծ:
Նավթի բիդոններ, հացի կտրոններ,
Բարեգործական ճաշարաններ, անշարժ տրոլեյբուսներ,
Պայթած գազատարներ,փլված կամուրջներ,
Փախսատկաններ ու գաղթականներ,
Կաշառակերներ բոլոր չափերի, և բոլորն այնքան
Փայլուն ու սիրուն, հմուտ պատրաստված`
Ոսկե ծոպերով, երիզներով գույնզգույն…

Խավար է ու ցուրտ: Բայց մի վհատվեք:
Սառած մատներով ու դողդողալով
Զարդարեք տոնածառը` ով ինչով կարող է:

Զարդարեք տոնածառը:
Բայց դե նորերը ինչքան էլ փայլուն ու սիրուն լինեն,
Դուք չմոռանք կախել ճյուղերից
Խաղալիքներ հին`
Հույսը, հավատը ու սերը
Կրկին…

 

ԹՂԹԵ ՆՈՐ ՏԱՐԻ

Եվ երբ անցնում էի փողոցով, հիշեցի զարմանալիորեն պարզ
Նոր տարվա վաղուց անցած մի գիշեր: Սա բոլորովին էլ
սովորական պատմություն չէ, և բավականին դժվար է
վերակենդանացնելը, բայց այս անգամ, չգիտես ինչու,
չափազանց հեշտ ստացվեց…: Պայծառ վառվեցին
հսկայական տան բոլոր լույսերը և պատերը դարձան
թափանցիկ: Ահա, հայրս գալիս է ՝ հսկայական եղևնին
քարշ տալով (ես մտնում եմ մի անկյուն, որպեսզի ինձ
չնկատի, թե չէ շատ կզարմանա, թե ինչու եմ այսքան ծերացել),
ահա, նա մտնում է բակի դռնով (ձգվում եմ ոտիս մատներին
և լուսամուտից նայում եմ ներս), քույրերս սոսկալի
ուրախացած թռչկոտում են, ես էլ եմ թռչկոտում՝ մի փոքրիկ,
մինուճար տղա… Մյուս սենյակից դուրս է գալիս մայրս,
նա վերցնում է հորս՝ դեռևս պատերազմից շատ առաջ
գնված վերարկուն, և գլխարկը, որն արդեն ետպատերազմյան
ծագում ուներ, և հետո ինչ-որ բաներ է ասում, որոնք վաղուց
մոռացել եմ: Սեղանի վրա օղու շշեր էին՝ ջրով լցված, և
լիմոնադի շշեր՝ լցված ջրով, շշերը պարպված էին պատերազմից
շատ առաջ և միայն ջուրը ետպատերազմյան ծագում ուներ:
Հետո եղևնին ամրացնում ենք հատակին, իսկ ես քարշ եմ
տալիս խաղալիքների արկղը և պետք է որ սոսկալի աղմուկ
լինի (ականջս մոտեցնում եմ լուսամուտի ապակուն, բայց
ոչ մի ձայն չի հանում): Մայրս բարկանում է քույրերիս վրա,
իսկ հայրս ինչ-որ բաներ է որոնում գրպաններում, հետո ես
բարձրանում եմ աթոռին, եղևնու ճյուղերին շարում խաղալիքները՝
թղթե շոկոլադներ, թղթե խնձորներ, թղթե մանդարիններ, թղթե
կոնֆետներ և մի Ձմեռ պապի՝ շքեղ ու հրաշալի, որ գնված էր
պատերազմից շատ առաջ, իսկ մնացյալ թուղթը
ետպատերազմյան ծագում ուներ:
(Քիչ հետո ես պիտի ընկնեմ
Աթոռից, դա լավ եմ հիշում, ճակատիս սպին մինչև հիմա կա):
Եվ ահա կռանում եմ խաղալիք վերցնելու, և ահա քույրերս
Ճչում են վախից և մայրս վրա է վազում իմ լացի ձայնից,
և հայրս, որ կարկամած նայում էր իր վիրավոր ձեռքին, որով
չկարողացավ ինձ պահել, երբ ընկնում էի, վիրավոր ձեռքին,
որը դեռ նվվում ու ցավում է՝ վիրակապերի մեջ, վիրակապերը՝
նվերը միակ, որ հայրս բերել է պատերազմի դաշտից, և հիմա
փաթաթում էին ճակատիս, որ արյունը դադարի…: Եվ հետո
հանկարծ լույսերը հանգում են, և հսկայական տունը
թաղվում է մթության մեջ…:
Հետո, ես շարունակեցի քայլել
փողոցով, շփելով ճակատիս սպին, որը խճճվել է կնճիռների
մեջ, զարմանալիորեն պարզ հասկանալով, որ ուր որ է
բարձրաձայն կհեկեկամ:

 

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Ի լուր և ի տես…

Հանուն քո գալիք Ամանորի ձյան,
Առանց անտեղի մարտիրոսության.

Խնդմնդա վհատ, որ ողջամիտ ես
Եվ տեղը տեղին դեռ շրջահայաց,
Քանզի շան նման էն գլխեն գիտես
(Տեղ-տեղ միամիտ էշ ես չնայած)՝

էդ չորուկ գլխիդ ինչեր կկիտես,
Ո՜վ թշվառական, ի լուր և ի տես,
Եվ ինչ կարժենա Խոսքդ խնայած,
Եթե խեղեփնաս թլոր խևի պես…

 

Արմեն Շեկոյան

Տարեմուտի խոհեր
Չարը էլի չըպատժվեց:
Չըհաղթեց բարին:
Հորիզոնում մենք ենք, մեկ էլ`
մեր գալիք տարին:

Գալիք տարում ես կըփորձեմ
ձեզ էլի հարգել:
Գալիք տարում ես կըփորձեմ
ծխելը թարգել:
Չեմ խըռխըռա: Էլ ձեր առաջ
հազըս չի բռնի:
Էս ո՞ր թիվն ա, որ պոետը
թոքախտից մեռնի:

 

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Տոնածառ դրեցի, իսկական կինո է,
Սև–սպիտակ կինո է էս տարվա Նոր տարին,
Ձյունանուշը չկա, ու Պապը գինով է,Գինու թասը ձեռքին` կանչում է գուպարի։

Իմ ճերմակ ու մաքուր, քեզ լրիվ կորցրի,
Մոխրացար, մարեցիր հոգսերի հնոցում,
Հեքիաթս փշրվեց ոտքի տակ անցյալի`
Ինձ լքված թողնելով ալեզարդ փողոցում։

 

Տ Ա Ր Ե Մ ՈՒ Տ

Ես արդեն մենակ եմ։
Ափսոս,
Մեն-մենակ եմ,
ՈՒ շքեղ լռություն է իջել,
Այն սերը (մե՜ծ սեր է)
Իմ միակ հենակն է,
Կկռթնեմ, երբ լինեմ լրիվ ծեր։
Պատռեցին հավքերն իմ կարկատած աշունը,
Եվ ձյունը շատացավ ավելի,
Անխնա հարուստ եմ ֊
Հաշվում ու հաշվում եմ՝
Վերջ չկա էս ոսկի ցավերին։
ՈՒնեի հեքիաթը,
Բայց արդեն կորցրել եմ
Ծանրացող պտույտում աշխարհի…
Նոր Տարի,
Զարկիդ հետ բարեբար կոնծել եմ,
Դուռը բա՚ց արխային,
Ներս արի։

ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

ՏԱՐԻՆ ՄՈՄԻ ՊԵՍ

Կաթիլ-կաթիլ` մոմի պես, –
լույսը` օտարին,
տխրությունը մեզ սիրեց
մի ամբողջ տարի:
Խա՞չ էր, խաչվա՞ծ, թե ոչինչ`
Լեռան կատարին.
լույս էր, ցոլաց-ցամաքեց,
եւ անցավ տարին:
Մանեկենի մարմիններ`
մեռած մայթերին,
մանեկենի մարմիններ`
փողոցն ի վեր,
մանեկենի՛ մարմիններ,
երբ անցավ տարին,
դուք հասկացա՞ք, որ անցավ,
ու դա կյա՜նքն էր մեր…
Նոր տարվա գիշեր, խումհար, արթնացում 

Դուռը բացվեց, ներս եկան երկու ուրվական՝

Քարե հյուրի second hand թիկնոցներ հագած,

եկան ու լուռ շարվեցին երրորդ անկյունում,
որտեղ Սարդը, Բեռնաձին ու Մուկն են կենում,

մեկը հանեց այցետոմսն ու լուռ պարզեց ինձ.
տեղում էին՝ ազգանուն, պորտրետ ու կնիք,-

և անկյունից, ուր երեկ անկում ունեցա,
չորրորդն իրենց հայտնվեց – ինչպես տոնածառ՝

վրան պարտքերը տալիք և այլն այլևայլ,
տակը մեղքերն են լալիս պարում եռաքայլ,-

ինչ ուրա՛խ են պտտվում – ինքնամոռացած,
ինչ արա՛գ է գլորվում հրեշտակը ցած,

ինչքան թեթև է տարին կապիտուլացվում
ու հաղթողի ցանկության կամքին հանձնվում,-

ժպիտն ինչպես ծնկածալ ողջույնը տիկնոջ,
ինչպես վեպում այն պայծառ՝ Մարգոն անթիկնոց,

մութը – վերջին հրավեր ու սերը – ցմահ,
մահն – ամեն օր, կյանքը – միշտ, մորմոքումը – մառ,

ու բուխարու բերանից,- կրակի ձայնով,-
ինչ-որ բան էր ասում մի աստված անծանոթ…

Կարծեմ ես էլ պարեցի հրեշտակի հետ,
նույնիսկ մի քիչ սիրեցի հմայքներն իր հեզ,

հետո մեկը հավաքեց գիշերը արագ ու
բոլորիս իր հսկա պարկի մեջ առավ:-

Լույսը բացվեց, ու եղավ մեծ ու մերկ մի օր.
«Շնորհավոր Նոր տարի» ՚ասին Հ1-ով:

Հավաքածուն կազմեց՝ Հասմիկ Հակոբյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *