ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ | Հիլդա` աննկուն տատիկ

Նա չզգաց այն սահմանը, որից այն կողմ մնաց ասպիրանտների հույսին: Չտպավորվեց նաև անցումը ասպիրանտներից ուսանողներին: Մի թեթեւ անդրադարձավ, որ հիմիկվա ջահելները ներվային լինելուց գերադասում են այդ բանը անել ոտի վրա: Եվ ինքնին հասկանալի էր, շորերը հանելը այդ դեպքում պարտադիր չէր:

Շորերը հանելու հաճույքն այն է, որ տղամարդն է հանում, բայց եթե չի հանում, իր հերն էլ անիծած, կնոջ համար դժվար չէ ինքն իրեն համոզել, որ, իսկն ասած, դա ավելորդ գլխացավանք է եղել ժամանակին, հատկապես որ, ցուցադրելու բաները տարիների հետ խամրում են: Թմբլիկ, ժիր ու սպիտակամաշկ, երկու տասնամյակ սլանալով Համալսարանի միջանցքներով, իրենով հիացող գյուղացի տղաների վավաշոտ հայացքները ընդունելով ի գիտություն՝ Հիլդան չզգաց, թե տղամարդիկ երբ դադարեցին ռեստորան հրավիրել, դադարեցին նույնիսկ գործուղման գնացած ընկերոջ բնակարան տանել, և այդ բանը սկսեցին անել կաբինետների բազմոցներին կամ լաբորատորիաների՝ միջնորմով առանձնացրած լվացարանի մասում: Մտածում էր, թե դա սիրո հնանալուց է, և որ տղամարդը մի քանի անգամից հետո լկտիանում ու էլ զահլա չի ունենում ոչ միայն ռեստորան հրավիրելու, այլև տանելու ընկերոջ քոսոտ բնակարանը, և սիրուհուն օգտագործում է օրվա պերերիվին՝ իբրև դեսերտ:
Իսկ երբ տղամարդկանց փոխեց, փոփոխեց, եկավ մի եզրակացության, որ իր սերնդի տղամարդիկ պարզապես ծերանում են: Նա նույնիսկ չանդրադարձավ այն սահմանին, որից հետո ոչ միայն շորերի գոյությունը մոռացավ, այլև առհասարակ դադարեցին որևէ բանի ձեռ տալ և անցան զուտ ոչ ավանդական սեքսի: Այդ ժամանակ, ճիշտ է, իր սերնդակիցները Հիլդային աննկատ հանձնել էին իրենց ասպիրանտներին: Հիշողությունը չպահպանեց նաև այն նուրբ անցումը, երբ կինը ընծաներ ընդունողից վերածվեց նվերներ տվողի: Բայց ո՞վ է վատ բաները հիշում: Եւ նույնիսկ այն ժամանակ, երբ ասպիրանտների հետ հարաբերվելը դարձավ խիստ ծախսատար, նա շատ չանհանգստացավ, որովհետև արդեն դոկտորականը պաշտպանել էր, նախկին սիրեկաններն էլ, որ հիմա համալսարանում ամեն ինչ էին որոշում, դրույքաչափերի հարցում ժլատ չգտնվեցին իր հանդեպ: Երբ ասպիրանտների սերունդն էլ լկտիացավ ու սկսեց խուսափել անգամ ոտի վրայի տարբերակից, Հիլդան ամուսնուց բաժանվեց ու սկսեց ուսանողների հետ ձրի պարապել իր տանը: Եթե բանը հասել էր պրոգրեսին, ինչո՞ւ պիտի ճաղատացող ջահելներ խաղացներ, այլ ոչ թե մատղաշ անուղեղների:Ամուսինը զարմացավ.
– Բայց ինչո՞ւ երեսուն տարի հետո:
Հիլդան հոգեբանորեն հիմնավորեց, որ եթե երեխաները արդեն մեծացել, ապրում են Մոսկվայում, և ամուսնու հոնքերն էլ սկսել են խռիվ աճել ու ազդում են ջղերի վրա, ինքը պիտի առանձին ապրի: Ամուսինը խոնարհ մարդ էր: Նաև գիտեր, որ ինքը խռմփացնում է որոտաձայն, և չորս սենյակի գոյությունը չէր փրկում Հիլդային: Հիլդան նաև չէր մոռանում ժամանակ առ ժամանակ հիշեցնել, որ շուն չի պահում միայն այդ խռմփոցի պատճառով, որպեսզի սարսափի չմատնի խեղճ անասունին: Ամուսինը, բնականաբար, հիացած էր կնոջ խելքով: Նաև սիրել էր կնոջը: Նա գիտեր կնոջ արկածների մասին: Մի տասնյակի չափ: Բայց որ ժամանակին տնից-տեղից կտրել, Բաքու ծովափնյա քաղաքից աղջկան բերել էր փոշոտ-վարդագույն Երևան, ամբողջ կյանքում մեղավորության զգացումը չէր լքում նրան: Բացի այդ, Հիլդան տարիների խելացի զրույցների ընթացքում գրեթե համոզել էր ամուսնուն, որ առանց դրա նախ՝ չի լինի, հետո՝ երեխաներ են կրթության տալիս, նաև քաղաքի կենտրոնում առոք-փառոք ապրելը, ավտոբուսներում չտրորվելը իր գինը ունի: Նաև՝ շրջապատ-բան կա: Գիտական շրջապատ: Գրական շրջապատ: Գիրք են տպում՝ դեմը շատ բան չեն ուզում: Դեռ մի բան էլ հոնորար են տալիս: Ի դեպ, ժամանակը չէ՞ այս հոնորարից մի նոր կոստյում առնեն՝ ամուսնու սպիտակող քունքերին բռնող գույնի:
– Բայց հրես մեռնելու ենք, ինչո՞ւ բաժանվենք, -չէր հասկանում կենսաբանության լաբորատորիաներում իրեն բոլորովին կորցրած ամուսինը:
Հիլդան ամուսնուն խնայեց և չասաց ինչու: Այդ ժամանակ նա ընդամենը վաթսունչորս տարեկան էր: Նոր սերնդի սանձարձակությունը նրա համար նոր հորիզոններ բացեց: Նա սկսեց անկեղծորեն մտածել, որ սիրելու այս մի տարբերակը, երբ սերունդների տարբերության պրոբլեմ չի բերում, ոչ միայն ավելի վատ չէ, քան ավանդականը, այլև շոշափելիորեն ավելի մտերմիկ է, անկախ այն բանից՝ ուսանողը կախվա՞ծ է իր նշանակած գնահատականից, թե՞ ոչ: Նա նույնիսկ սկսեց մոռանալ, որ եղել է նաև ավանդականը: Եւ որքան սրտանց էր կպչում նորին, այնքան դյուրին էր մոռացվում հինը: Նա նախ կերակրում էր մոզիներին: Ինքը քանի տարի արդեն բան չէր ուտում, դրա կարիքը չկար, և խմում էր գինի: Հետո նստացնում բազկաթոռին և իր սիրած վրացական կարմիր գինու բաժակն էր մատուցում անտաշ գյուղացուն: Այդ բաժակները բերել էր Փարիզից: Այո, Հիլդան նաև կրթում էր այդ անասուններին, որոնց թվում էր, որ եթե շատ ֆիլմեր են նայել, ուրեմն շատ բան գիտեն այդ բնագավառից, չնայած իմացածները հանել մարդու աչքը խոթելուց այն կողմ չէին անցնում: Կարող էր այդ էլ չանել, բայց մեկին մի փողկապ, մեկին մի զույգ գուլպա, մեկին մի լողավարտիք նվիրում էր, հոգու խորքում հույս փայփայելով, որ մյուս անգամ դրանով կգան: Բայց տարօրինակն այն էր, որ ոչ մեկը այդպես էր իր տվածով չեկավ: Թե՞ մոռանում էր ում ինչ է տալիս: Բայց անդուր բաները Հիլդան շուտով մոռանում էր: Նա հո լավ գիտեր, որ կյանքն է այդպես: Կյանքը բաղկացած է լավ հիշողություններից: Վատ բաները պարզապես չեն եղել: Ասում ու անցնում ես առաջ: Եվ պատկերացրու, ստացվում է: Միայն հազվադեպ դառնանում էր այն մտքից, որ ուշ բաժանվեց: Եւ նոր սերնդի նախասիրություններին ուշ հաղորդակից եղավ: Ուշ վայելեց ֆակուլտետի շենքին կից ապրելատեղի ամբողջ հմայքը, երբ կարելի է երբեմն էլ լսարան չգալ, այլ կանչել ուսանողներին տուն: Ով եկավ-եկավ, ներկա-բացակա հո չէր անելու իր պրոֆեսոր տեղով: Թեև կաբինետների, լաբորատորիաների շրջանն էլ իր հմայքն ուներ: Ճիշտ է, վերջում մի քիչ ծնկներն էին ցավում, գուլպայի հատն էր գնում հաճախակի, բայց այդ անհարմարությունները ի՜նչ էին համեմատած այն սրտխփոցի, տագնապի ա՜յն արբեցնող զգացումի հետ, երբ մտածում էր՝ “Հանկարծ ու էս ապուշը մոռացած լինի դուռը ներսից կողպել”:
Ամեն տարիք, այնուամենայնիվ, իր հմայքն ունի: Եթե հարմար տեղավորվես կյանքում և վատը չհիշես, այլ միայն լավը հիշես, լավը չի պակասի: Կյանքը ավարտվում է միայն գերեզմանոցում: Եթե կյանքը կա, ուրեմն սեր էլ կա, ձևը պիտի գտնել: Պետք չէ տղամարդկանց բաժանել սերունդների: Եթե կողքդ է ապրում և միսը ձկից արդեն ջոկում է, ուրեմն հասնում է, որ քո տղամարդը լինի: Չի կարող սերը հանգչել շունչը հանգչելուց առաջ: Տղամարդիկ երկար չեն ապրում, որովհետև վատ են հարմարեցված կյանքին: Պատահական չէր, որ Հիլդան թաղել էր իր սերնդի տղամարդկանց երկու երրորդին, մնացածները քայլող դիակներ էին: Իսկ ինքը դեռ՝ փառք աստծո: Իսկ նրանց թվում էր՝ Հիլդան ծերացել է դեռ քառասուն տարեկանում, և իրեն թողած՝ վրա էին քշում մատղաշ լաբորանտուհիներին: Ահա ինչի բերեց ժամանակի սխալ զգացողությունը: Ահա ինչ ավերածություններ է գործում ավելորդ հիշողությունը: Հիլդան համոզված էր, որ անգամ վերջին պահին, երբ ապրածդ կյանքը մի ակնթարթում անցնում է հայացքիդ առջևով, անգամ այդ պահին իրեն կպատկերանա միմիայն ընտրովի լավը: Որովհետև վատը ինքը մոռացել էր դեռ կյանքում եղած ժամանակ: Նրա սպասելիքները առավել քան արդարացան: Երբ 72 տարեկանում շնչահեղձ եղավ էշ սիսիանցու պատճառով, դա այնքան անսպասելի էր, և մահը՝ հանկարծահաս, որ Հիլդան չհասցրեց տեսնել և ոչ մի պատկեր: Մինչ նրա ծնոտները կփակվեին կյանքի վրա, տղան քարայծի ճարպկությամբ ոստնեց նստած տեղից: Մնացած ողջ կյանքում, սակայն, սիսիանցի անտաշի մարմինը սառը քրտինք էր պատում այն մտքից, որ պառավը վերջին պահին ուզում էր թակարդը գցել: Իհարկե, նա չափազանցնում էր:

2001-2002 թթ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *