ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ | Լույս առավոտի

Վահագն Դավթյան

Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից:

Ամբողջ գիշերը
Ես նման էի մի մութ անձավի,
Ուր կասկածների քամին էր հեծում,
Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած,մոռացված ցավի
Ու մոլոր հավքի հուսահատությանբ պատերս էր ծեծում:

Եւ թվում էր ինձ,
Ձայներ եմ լսում ես ինչ-որ տեղից,
Որ աղերսում են արեւի գինի, մուրում սեր ու հաց…
Ես գնում էի
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից,
Բայց վերադառնում ունայն ու հոգնած:

Լո՛ւյս առավոտի,
Դու որ նման ես երաժշտության,
Եկ ու փարատիր այս տագնապը խուլ,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու դիր ճակատիս
Բարակ մատներիդ հրաշքը տխուր:

Գիտե՛ս դու,
Գիշերն իմ այս տարիքում ցավ է ու կասկած,
Եկ, արտույտի պես ինձ վրա թեւիր,
Դիր ափերիս մեջ հավատն իբրեւ հաց,
Ու գնանք նորից
Արեւի,
Գինու,
Հացի հետեւից…

***
Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,
Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ…

Հրաշքը

…ԵՎ այսքան հրաշք տեսնելուց հետո,
Ինձ համար դարձյալ հրաշքը վերին
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Այն վաղնջական երանությունն է…
Դարձյալ ու դարձյալ
Այն վայրկյանն է սուրբ,
Երբ աչքերի մեջ բաղձալի կնոջ
Վարանումները մարմրում անզոր,
Դառնում են անմեղ -մեղավոր խոստում:
ԵՎ դա էլ դարձյալ,
Դա էլ երևի
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Նույն վաղնջական երանությունն է…

ՎԱԶՆ Է ԼԱԼԻՍ

Վազն է լալիս այգում, լալիս հուլունք- հուլունք,
Ինչպես աղջիկները հարսնանալուց առաջ,
Կա՞ աշխարհում, արդյոք, այդքան անզուսպ ու լուռ,
Այդքան ուրախությամբ լեցուն ուրիշ մի լաց:

Այդ լացի մեջ լռին՝ մայրանալու հրճվանք,
Այդ լացի մեջ պայծառ՝ հուզմունքն արարողի,
Այդ լացի մեջ գարնան բուրումն ու շունչը տաք,
Ու տարփանքները տաք հասունացած հողի:

Եվ այդ լացին պայծառ, արտասուքին այդ լուռ
Չի՜ հասնի ոչ մի խենթ ուրախության շառաչ…
Վազն է լալիս այգում, լալիս հուլունք- հուլունք,
Ինչպես աղջիկները հարսնանալուց առաջ:

***
Օրհնյա՜լ լինես դու…
Քո գալուց առաջ
Դատարկ, անխռով ու կույր էի ես,
Ինչպես երևի Ադամն է եղել
Արգելված պտուղն ուտելուց առաջ:
(Այդ աստվածները ինչո՞ւ են ուզում,
Որ մենք կույր լինենք, լինենք անխռով
Ու լինենք դատարկ)…
Օրհնյա~լ լինենս դու,
Քո գալուց հետո
Ես տառապանքի կշիռն զգացի,
Խռովքը խանդի, շիկնանքը շանթի,
Տեսա մերկության ցոլանքը մաքուր,
Ես լո՜ւյսը տեսա…
Ե’ս աստվածներին դարձա հավասար ,
Օրհնյա՜լ լինես դու…

ԱՅԳԵՊԱՆԻ ԱՂՋԻԿԸ

Դուրս է եկել, ոտաբոբիկ կանգնել հողին
ՈՒ նայում է, նայում հեռուն,
Հողից խայտանք է բարձրանում, փոխվում դողի
ՈՒ կրծքի տակ քաղցր եռում:
Սև են ծամերն, իսկ երեսից լույս է ծորում,
Բարալիկ է` նման վազի,
Այս գարնան հետ աչքերի մեջ նրա խորունկ
Ցոլքն է ուրիշ մի երազի:
Այս գարնան հետ, ախր, շատ է գեղեցկացել,
Դարձել թախիծ ու կարոտանք,
Չթե շապիկն այս գարնան հետ նե’ղ է դարձել,
Սեղմել կրծքի ալիքը տաք:
Ինչ-որ դո ղից թրթռում է թևը հոնքի,
ՈՒ նա աչքերն է լուռ փակում,
Բոբիկ է նա, հողը հրաշքն իր զարթոնքի
Նրա մեջ է շարունակում…

ՍԵՐ

Թրթռուն կրծքով
Մի աղջիկ – Եվա,
Մի խանդոտ, տենդոտ
Այրամարդ – Ադամ,
Ու նրանց միջև
Մի մեծ առեղծված,
Ալեկոծություն
Մի հավերժական…

ՀԻՄՆ ԿՆՈՋ

Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում,
Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։

Ու երբ ելնում ես զարթնած, նետում քողը քո հագի,
Քեզ հետ զարթնում է ասես քնած շունչը կրակի:

Հողի պես սուրբ ու բեղուն և կրակի նման նենգ,
Դու՝ հայտնություն հրաշքի, տառապանքի դու օրենք։

Դու՝ առաջին ձնծաղիկ՝ տրված լույսին ու քամուն
Եվ շուրթերս արյունող անապատի դու սամում։

Դու՝ հավատի մաքրություն ու մեղավոր դու հերձված,
Դու՝ մեկնելի մեղեդի ու սեպագիր առեղծված։

Շրթունքներս ճաքճքող ծարավի դեմ ու քաղցի
Հաղորդություն դու գինու, հաղորդություն դու հացի:

Քե՛զ եմ գալիս ես անվերջ ծարավս ու քաղցս առած,
Եվ արյունն իմ հնամյա ծնկաչոք է քո աոաջ։

ՔԵԶ

Չէիր եկել դու դեռ, դեռ ինձ համար կյանքում
Դու չկայիր անգամ, միակ իմ սեր,
Բայց իմ պատանության թախծոտ երազանքում
Ես քո պատկերն էի լույսից հյուսել:

ՈՒ դու եկար հանկարծ, եկար անակնկալ,
Եկար որպես գարնան շունչը մաքուր,
Հպարտորեն եկար ու քնքշորեն եկար,
Եկար որպես մուսա ու որպես քույր:

Մոլորվել էր գիշերն աչքերիդ մեջ խորին,
Դողում էր քո կրծքին ծանր մի ծամ,
Դու նրբիրան էիր, որպես բարակ լորին,
Թեթև էիր որպես սարի այծյամ:

Եկար ու թև տվիր դու իմ ներշնչանքին,
Սրտիս երազ տվիր, երգիս՝ ոգի,
Այնպես նման էիր դու իմ անրջանքին,
Այնպես նման չեիր դու ոչ ոքի:

ՈՒ սիրեցի ես քեզ պատանորեն, անքուն,
Ինչպես սիրում է լոկ սիրտն անեղծ,
Որ մի ծաղիկի համար այրվել գիտե կյանքում,
ՈՒ խեղդվել մի շիթ արցունքի մեջ:

ՈՒ երբ հեռու եղա, ու երբ մենակ եղա,
ՈՒ երբ թախծեց հոգիս լուռ ու տրտում,
Դու կարծես ծուխ դարձար հայրենի տան վրա
ՈՒ կանչեցիր հեռվից, կանչեցիր տուն:

…Երկար է դեռ ճամփան… ՈՒ մեր ճամփին հեռու
Դեռ կարող է լինել մրրիկ ու ձյուն,
Տո՛ւր ինձ ձեռքդ փոքրիկ, ապավինիր սիրուս,
Դու իմ միա՜կ, իմ սե՛ր, իմ քնքշությո՛ւն:

Եվ հնչում մի անբառ,մի անհուն մեղեդի,
Ծավալվում եր անվերջ հրդեհվող երկնքում,
Դա նվա՞գն էր արդյոք հրեղեն եղեգի.
Թե բեկված կարոտիս ձայնալարն եր զնգում:

Եվ անբառ այդ երգում կար թախիծ մի անբառ,
Եվ արյան հեկեկանք,եվ աղերս մի տրտում,
Մի հովիտ կար հեռու,մի քարոտ ճանապարհ,
Մենավոր մի բարդի,մի դռնակ ու մի տուն:

Եվ կային քամու դեմ զնգացող զանգակներ
Կար ավեր մատուռի տվայտող լռություն,
Եվ կանչեր հեռավոր,որ վաղուց են հանգել,
Բայց կանչում են կրկին ու կանչում են քեզ տուն:

Եվ իջնող մութի դեմ իր թևերը ջարդած,
Մեղեդին երկնքում մղկտում էր ցավոտ
ՈՒ գնում էր հեռու,ու գնում էր անդարձ,
Մթան մեջ թաղելու վիրավոր մի կարոտ:

ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ԱՅՍՕՐ

Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր…
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:

Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի

Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
ՈՒ չեր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:

Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
ՈՒխտավորի սիրով ու սրբությամբ:

ՈՒրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում…
… Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
ՈՒ անձրևն էր լալիս մեղմ ու տխուր..

Կեսն է գիշերվա…

Կուզեի այնպես ես քո տունը գալ,
Տեսնել շփոթմունքն ու շիկնանքը քո,
Հոգնած ամպի պես
Իմ կարոտները կրծքիդ հեկեկալ
Եվ սրտիս նման դողացող ձեռքով
Մատնե՜րդ շոյել,
Բազուկներիս մեջ
Քո փխրուն ու տաք նազանքն օրորել…
Իմ քնքշանքների թավիշն անարատ,
Իմ թախիծների կապույտն ալիքվող,
Իմ արցունքների կայծկլտումը տաք
Ու տառապանքիս բոսորը փռել հայացքիդ ի տես,
Ասել, որ դու ես տերն այդ բոլորի,
Սակայն չգիտես:

ԿԱՐՄԻՐՆ ՈՒ ՍԵՎԸ

Այսօր առավոտ զանգ տվեց նա ինձ.
-Բարի լույս,- ասաց:
Եվ իմ սենյակում, ուր լույս էր արդեն ,
Լույսի տոն եղավ,
Ու եղավ լույսի արարողություն:

Հետո նա ասաց.
-Ի՞նչ էիր անում:
-Ի՞նչ էի անում,
«Երգ երգոցն» էի կարդում, սիրելիս:
-Ա՜խ,« Երգ երգոցը»,
Այդտեղ է կարծեմ, որ ասում է, թե`
Ես սև եմ, սակայն գեղեցիկ եմ ես,
Քանզի նայեցավ արեգակն ընդ իս…
-Այո՛, սիրելի՜ս,
Այդտեղ է ասված,
Ասված է նաև,
Երկվորյակ ,ճերմակ ուլերի մասին
Որ արածում են շուշանների մեջ…
Ասված է նաև,
Որ Թերսայի պես գեղեցիկ ես դու
Եվ դրոշակիր զորքերի նման ահարկո՛ւ նաև…

Բայց ինչպե՞ս եղավ…
Ինքս էլ չիմացա, թե ինչպես եղավ,
Չիմացա նաև, թե այս գործի մեջ ո՞վ էր մեղսակից,
Զարթնող գարո՞ւնը` իր հրապույրի թափանցիկ քողով,
Թե՞ գարնանային կապույտ երեկոն,
ԵՎ այնքան կապու՜յտ
Որ Սևանում էր ասես թաթախվել
ԵՎ հետո իջել , փռվել քաղաքին…
Հովիտն այն, որին զրնգուն մի օր մենք հյուր գնացինք,
Հովիտն այն հեռու, որ ամեն կակաչ,
Կարմիր ու սևի թաքուն խորհուրդն էր թերթերում պահել.
Ես այնտեղ մի մեծ, մի բռնցքաչափ, օ ո՛չ, սրտաչափ
Կակաչ պոկեցի,
Պարզեցի նրան ու հարց տվի մեղմ.
-Քեզ դո՞ւր է գալիս:
-Իհարկե, օ շա՜տ, սև՛ը հատկապես,
Ինչ վա՝ռ է, նայիր…

Այո՜, իհարկե,
Մեզ կակաչներն այդ մեղսակից եղան
Իրենց կարմիրով և իրենց սևով:

Հետո նա ասաց.
-Գիշերը կգամ:

Ու ցերեկն ամբողջ խորհում էի ես.
Գիշե՜ր կլինի, աստղալոյսի հետ կգա նա խոնարհ,
Ես նրա ձեռքը ափիս մեջ կառնեմ
ՈՒ ինձ կթվա, թե կանգնած ենք մենք
Ամենաբարձր լեռան կատարին,
ՈՒ ջրվեժների շունչ կա պաղպաջուն,
ՈՒր լույս կա ու հողմ ու խինդ կա վայրի…

Գիշե՛ր կլինի, կգա նա խոնարհ,
Ես լուռ կշոյեմ սև քնքշությունը նրա վարսերի
ԵՎ ինձ կթվա, թե մտնում ենք մենք անտառ մի անհուն,
Ու խոնավ բույրեր,
Շշուկներ կան խենթ
ՈՒ խորհուրդներ կան անիմանալի:

Գի՛շեր կլինի… ՈՒ ես՝ ձեռքիս մեջ
Սև քնքշությունը նրա վարսերի,
Հպարտ գլուխը կթեքեմ վերև`
Դեպի երկինքը,
Դեպի աստղերը,
Որ նրա խոնավ ու տաք շուրթերի
Համը համբուրեմ…

Եվ սակայն հանկարծ հեռախոսի զանգ.
Այդ նրա ձայնն էր.
-Չե՛մ գա, սիրելիս…

Մութ եղավ ու լույս:
Հետո նոր երգս կարդացի նրան:
«Տառապանք» բառը
Զրնգուն հանգ էր դարձել իմ երգում:
Լսեց ուշադիր
Ու ներողամիտ շպիտով ասաց.
-Ողջունու՜մ եմ ես հաջողությունդ:

Հեռանում էր նա:
Բանտված մրրիկ կար նրա քայլվածքում,
Ու մի կակաչ էր ծփում աչքիս դեմ:

Հեռանում էր նա:
Եվ անտես մի թել ձգվում ինձանից
Ու խճճվում էր նրա քայլվածքում:
Մոլորվել էի`
Կտրե՞լ այդ թելը…
Բայց թել չէր դա, ո՜չ,
Զարկերա՜կս էր դա…

Մութ եղավ ու լույս: Մոռանալ էր պետք:
Իսկ մոռանալու համար, գիտեի,
Հեռանալ էր պետք:
Հպարտ և ուրախ մոտեցա նրան.
-Վաղը թռչում եմ,-ասի,-սիրելիս:
-Եվ ո՞ւր…
-Շատ հեռու…
-Չե’ս թռչի,-ասաց:
-Ահա և տոմսը:
-Չե’ս թռչի,-ասաց:

Կակաչներ էին աչքիս դեմ ծփում,
Եվ ալիքվում էր անթափանց մի քող:

Այսօր առավոտ զանգ տվեց նա ինձ.
-Բարի լույս,- ասաց:

Եվ իմ սենյակում, ուր լույս էր արդեն ,
Լույսի տոն եղավ,
Ու եղավ լույսի արարողություն:

-Ի՞նչ էիր անում
«Երգ երգոցն» էի կարդում, սիրելիս:
-Ա՜խ,« Երգ երգոցը»,
Այդտեղ է կարծեմ, որ ասվում է, թե`
Ես սև եմ, սակայն գեղեցիկ եմ ես,
Քանզի նայեցավ արեգակն ընդ իս…
-Այո՛, սիրելիս,
Այդտեղ է ասված,
Ասված է նաև,
Որ Թերսայի պես գեղեցիկ ես դու
Եվ դրոշակիր զորքերի նման ահարկո’ւ նաև…

Քո մասին խորհելիս

Քո մասին խորհելիս,
Մի խոնավ ձնծաղիկ եմ հիշում,
Գարնան օր եմ հիշում,
Որ քնից արթնացած
Մերկ մանուկ էր ասես…
Ու ձնհալ եմ հիշում,
Ջրերի պղտորված հեկեկանք
Ու լույսի մաքրություն եմ հիշում:
Քո մասին խորհելիս
Իմ սրտի մանկությունն եմ հիշում:

Եվ հետո մատներիս
Բաբախող մաշկի տակ
Պարանոց եմ հիշում,
Խենթացող մի երակ եմ հիշում,
Խենթացող քնքշություն:

Քո մասին խորհելիս
Քնքշանում են մատներս նորից:
Եվ ամառ եմ հիշում,
Ճառագայթ եմ հիշում ու արև
Եվ հիշում եմ հոգևոր մի նվագ,
Որ ասես օրհնություն էր լույսի
Ու օրհնություն հացի…

Այդ իմ սիրտն էր օրհնում
Եվ օրհնում էր նա քեզ,
Քո մարմինն էր օրհնում…

Քո մասին խորհելիս
Ջրերի պղտորված հեկեկանք եմ հիշում…

Ծաղկում

Ես չիմացա՝ դեղձենին արշալույսի՞ց բռնկվեց,
Թե՞ արշալույսը՝ նրա բռնկումից այս ծաղկած…
Եվ կանգնել է ծառն ահա այգաբացի լույսի մեջ
Իբրև փոքրիկ այգաբաց:

Կանգնել վառվում է մենակ, կանգնել վառվում է լռին,
Օ լռելյայն է հնչում աշխարհում երգն այրումի,
Զով այգաբացն իր ձեռքով ցող է մաղել բոցերին,
Որ խենթ այրումը մեղմի:

Սակայն լուրն այս ծաղկումի, իբրև բարի ավետում,
Այդ ո՞վ տարավ այդքան շուտ մեղուներին ոսկեթև,
Որ եկել են ու իրենց բոցերի մեջ են նետում՝
Իբրև փոքրիկ ասպետներ:

Ու երգում է ծառը տե՛ս, քաղցր մի երգ է երգում,
Երգում է երգը սիրո, նվիրումի ու այրման,
Եվ այդ երգից, այդ երգից ջրերն անզուսպ հեկեկում,
Քարը լալիս է անձայն:

Եվ մեղուները ոսկե, և մեղուները զեղուն
Հեռանում են՝ քաղցրության բեռն ու պաշարը կապած,
Ու վառվում է դեղձենին այգաբացի լույսերում՝
Իբրև փոքրիկ այգաբաց:

Share Button

Կարդացեք նաև`

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

 

Նշանաբառ՝

 

Գրանիշ գրական ակումբ

Գրանիշը գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է: Հիմնադրվել է հայ և հայերեն գրականության տարածման, Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության և գրական շուկայի կայացման համար:

More posts by | Visit the site of Գրանիշ

 

 

 

Մեկնաբանել

պարտադիր

պարտադիր

կամընտրական