Տիկին Մարսալեսը նորից խնջույք է կազմակերպում։ (Այն պատճառով, որ նրա սիրտը տոն է փափագում կամ ելնելով երաժշտական ազնվությունից, բայց նա երբեք մենահամերգ չի կոչում այն)։ Մայրիկս հնարամիտ կամ համոզիչ խաբեբա չէ, և արդարացումները, որոնք ծագում են նրա գլխում, բացահայտորեն առաջնակարգ չեն։ «Նկարիչներ պետք է գան»։ «Ընկերներ են ժամանելու Օտտավայից»։ «Հեռացնում են խեղճ Քերիի նշագեղձերը»։ Վերջիվերջո, միակ բանը, որ կկարողանա ասել, հետևյալն է․ «Օ՜, մի՞թե հիմա չի անհանգստացնի Ձեզ այդ ամենը»։
Հիմա, երբ արդեն ծանրաբեռնված եք մի քանի անհարմարություն պատճառող հանգամանքներով, կարող եք կատարել ձեր ընտրությունը։ Հիմա, երբ Տիկին Մարսալեսը Բանկի փողոցի կարմիր աղյուսով երեսպատված տնակից, որտեղ վերջին երեք խնջույքների ընթացքում շարժվելու տեղ չկար անգամ, էլ ավելի փոքր տուն է տեղափոխվել, որը, եթե ճիշտ է հիշում, Բալա փողոցի վրա է։ (Բալա փողոց. իսկ որտե՞ղ է այն): Կամ հիմա, երբ Տիկին Մարսալեսի ավագ քույրը կաթվածից հետո անկողնուց վեր չի կենում․ հիմա, երբ ինքը՝ Տիկին Մարսալեսը (ինչպես մայրս է ասում, պետք է սթափ դատենք), գնալով ավելի է ծերանում։
— Հիմա՞, — հարցնում է Տիկին Մարսալեսը՝ սուր ցավ զգալով, շփոթված ձևանալով կամ գուցե իսկապես այդ ամենը վերապրելով։
Մի՞թե նրա հունիսյան խնջույքները գլխացավանք են պատճառել որևէ մեկին՝ ինչ-որ տեղում կամ ինչ-որ ժամանակ։ Դա միակ զվարճանքն է, որ նա երբևիցե կազմակերպել է (միակ զվարճանքն է, որ երբևիցե կազմակերպել է, ինչքանով որ տեղյակ է մայրիկս, բայց Տիկին Մարսալեսի թեթև, ծերունական, անվրդով և անխոնջ ձայնը թարմացնում է թեյախմությունների, ոչ պաշտոնական պարահանդեսների և վաղեմի ընտանեկան ճաշկերույթների մասին հիշողությունները)։ Ինչպես ինքն է ասում, նույն հիասթափությունը կապրի, ինչ երեխաները, եթե հրաժարվի դա կազմակերպելուց։ «Շատ ավելի մեծ, — ասում է մայրս ինքն իրեն, բայց չի կարող, իհարկե, բարձրաձայնել դրա մասին»։ Դեմքի այնպիսի նյարդայնացած արտահայտությամբ է թեքում գլուխը, ասես ինչ-որ ծայրահեղ կեղտոտ բան է տեսել, որը չի կարող մաքրել․ այդպես մայրիկս արտահայտում է իր յուրահատուկ խղճահարությունը։ Խոստանում է գնալ․ մոտակա երկու շաբաթների ընթացքում թույլ արդարացումներ են պտտվում նրա գլխում, թե ինչպես կարող է ազատվել դրանից, թեև արդեն գիտի, որ գնալու է։
Զանգահարում է Մարգ Ֆրենչին, որը, ինչպես որ ինքը, տիկին Մարսալեսի վաղեմի աշակերտուհիներից է եղել, իսկ նրա երկվորյակ երեխաները մինչև հիմա տիկին Մարսալեսի մոտ դասերի են գնում։ Եվ նրանք մի փոքր կարեկցում են իրար, խոստանում միասին գնալ ու նեցուկ լինել միմյանց համար։ Վերհիշում են, թե ինչպես էր նախանցյալ տարի անձրև տեղացել, և ամբողջ սրահը լի էր եղել միմյանց վրա լցված անձրևանոցներով, քանի որ տեղ չկար դրանք կախելու համար, իսկ անձրևանոցներից կաթող ջրից մուգ գույնի հատակի վրա ջրափոսեր էին գոյացել։ Փոքրիկ աղջիկների զգեստները ճմռթվել էին, քանի որ նրանք ստիպված միմյանց էին սեղմվել, իսկ հյուրասենյակի պատուհանները չէին բացվում։ Անցյալ տարի երեխաներից մեկի քթից արյուն էր եկել։
— Դե՜, իհարկե, դա Տիկին Մարսալեսի մեղքը չէր։
Հուսահատ կերպով ծիծաղում են։
— Ո՛չ։ Բայց նախկինում նման բաներ չէին լինում։
Եվ դա ճիշտ է․ ամբողջ բանը դրանում է։ Ինձ թվում է՝ տիկին Մարսալեսի խնջույքներն այնպիսին են, որ դժվար է բառերով արտահայտել․ ամեն բան դուրս է գալիս վերահսկողությունից, և ինչ ասես կարող է պատահել։ Պահեր են լինում, որ այնտեղ գնալու ճանապարհին մտածում ես․ «Մի՞թե էլի ինչ-որ մեկը կգա»։ Վերջին երկու-երեք խնջույքների հետ կապված ամենատհաճ բանն այն էր, որ մշտական այցելուների բացը լրացնում էին հին աշակերտների երեխաները, որոնք կարծես տիկին Մարսալեսի միակ նոր աշակերտներն էին ողջ կյանքի ընթացքում։ Ամեն հունիս ի հայտ են գալիս նոր և, անկասկած, նշանակալի կորուստներ։ Մերի Լամբերտի դուստրերն այլևս չեն հաճախում, Ջոան Քրիմբլիինը՝ նույնպես։ Ի՞նչ է դա նշանակում. կարծում եմ՝ մայրիկս և Մարգ Ֆրենչը՝ կանայք, որոնք տեղափոխվել են արվարձան, երբեմն տառապում են այն զգացումից, որ ինչ-որ բանից հետ են մնացել, իսկ նրանց ճիշտ վարվելու բնազդներն անհետացել են։ Դաշնամուրի դասերն այժմ այդքան էլ կարևոր չեն, ինչպես նախկինում․ բոլորն էլ գիտեն դա։ Ասում են, որ պարն ավելի օգտակար է երեխայի զարգացման համար, իսկ երեխաները՝ մասնավորապես աղջիկները, ամենևին էլ դեմ չեն։ Բայց ինչպե՞ս այդ ամենը բացատրել տիկին Մարսալեսին, ով ասում է․ «Բոլոր երեխաներին էլ հարկավոր է երաժշտությունը։ Ցանկացած երեխա սրտի խորքում սիրում է երաժշտություն»։
Տիկին Մարսալեսի անխախտելի համոզմունքներից մեկն այն է, որ նա կարողանում է ներթափանցել երեխաների սրտերի մեջ և բարի մտադրությունների գանձարան ու լավի հանդեպ իսկական սեր գտնել այնտեղ։ Սուտը, որի շնորհիվ գերզգայուն տարեց կույսը հիմարեցնում է ողջամտությունը, առասպելական է և վիթխարի․ նա այնպես է խոսում երեխաների սրտերի մասին, ասես դրանք սրբություն են, իսկ ծնողները չգիտեն, թե ինչ ասեն։
Նախկինում, երբ իմ քույր Վինիֆրեդը դասերի էր հաճախում տիկին Մարսալեսի մոտ, վերջինս ապրում էր Ռոզդեյլում․ հենց այնտեղ էլ ամեն բան կատարվում էր։ Մրի և ազնվամորու գույնի աղյուսից կառուցված նեղլիկ տուն էր՝ դեկորատիվ, մռայլ պատշգամբներով, որոնք երկրորդ հարկի պատուհաններից էին դուրս գալիս. ոչ մի տեղ ոչ մի աշտարակ չկար, բայց այնպիսի տպավորություն էր, ասես դրանք կային․ մուգ գույնի, հավակնոտ, բանաստեղծորեն տգեղ, ընտանեկան տուն էր։ Իսկ Ռոզդեյլում ամենամյա խնջույքներն այնքան էլ վատ չէին անցնում։ Մինչև սենդվիչների մատուցումը միշտ մի փոքր ազատ ժամանակ էր մնում, քանի որ նրանց խոհանոցում աշխատող կինը սովոր չէր խնջույքների և բավականին դանդաղաշարժ էր, բայց սենդվիչները միշտ համեղ էին․ հավ, ծնեբեկով ռուլետներ՝ օգտակար, բոլորի համար սովորական, զարդարված մանկական ուտեստներ։
Դաշնամուրային կատարումները սովորականի պես նյարդային և խառն էին կամ մռայլ և անգույն՝ հազվադեպ անսպասելիություններով ու հետաքրքրություններով, որոնք բնորոշ են բնական աղետին։ Պետք է հասկանալ, որ տիկին Մարսալեսի իդեալիստական տեսակետը երեխաների մասին, նրա քնքշությունն ու պարզամտությունն այդ առումով միանգամայն անօգուտ էին դարձրել նրան՝ իբրև ուսուցչի․ քննադատում էր միայն փափուկ և ներողամտական կերպով, իսկ նրա գովասանքներն աններելի կերպով անազնիվ էին, և նման պայմաններում միայն բարեխիղճ աշակերտը կարող էր որոշակի գովելի արդյունքների հասնել։
Բայց ընդհանուր առմամբ այն ժամանակ ինքնին հավաքույթը հիմնավորված էր, որոշակի սովորույթներ ուներ և իր սեփական անխռով, հին ոճը։ Ամեն բան միշտ սպասելի էր. տիկին Մարսալեսը դիմավորում էր հյուրերին հախճասալե հատակով և եկեղեցական խորանի մռայլ հոտով նախասրահում՝ անտիկվարային սանրվածքով, որը միայն այդ առիթի շրջանակում էր հաճելի, հագին սալորագույն և բաց վարդագույն պիսակներով երկար զգեստ, որը հավանաբար երեսքաշի կտորից էր կարված, և ցնցում էր միայն ամենից փոքրիկներին։ Նույնիսկ հետևում կանգնած մյուս՝ փոքր-ինչ ավելի ծեր, խոշոր և մռայլ, հունիսից մինչև հաջորդ տարվա հունիս ընկած ժամանակահատվածում մոռացության մատնվող տիկին Մարսալեսի ստվերը չէր շփոթեցնում, թեև, անկասկած, զարմանալի էր, որ աշխարհում գոյություն ուներ երկու այդպիսի դեմք․ ձգված և հողագույն, բարի և ծիծաղաշարժ, խոշոր քթերով և պստլիկ, կարմրավուն, քնքուշ ու կարճատես աչքերով։
Վերջիվերջո՝ հավանաբար քույրերի բախտը շատ բերել է, որ այդքան տգեղ են. այն, որ այդպես դրոշմված են, նրանց պաշտպանական հակազդումն է կյանքին, խելքից վեր է, թե որքան անխոցելի և մանկամիտ մարդիկ են նրանք։ Թվում էր, թե անսեռ, վայրի և քնքուշ արարածներ էին, տարօրինակ, բայց միևնույն ժամանակ ընտանի՝ ապրելով Ռոզդեյլի իրենց տանը՝ հեռու ժամանակի բարդություններից։
Սենյակում, որտեղ նստած էին մայրիկները (ոմանք՝ չոր բազմոցներին, ոմանք՝ ծալովի աթոռներին), որպեսզի ունկնդրեին, թե ինչպես էին իրենց երեխաները նվագում «Գնչուական երգը», «Հարմոնիկ դարբինը» և «Թուրքական քայլերգը», պատից կախված էր Մարիի՝ Շոտլանդիայի թագուհու դիմանկարը, որը կանգնած էր Հոլիրուդի պալատի առաջ՝ հագին թավիշ և շղարշ։ Կային պատմական ճակատամարտերի շագանակագույն, աղոտ նկարներ, Հարվարդի դասականներ, վառելափայտի համար նախատեսված երկաթե տակդիրներ և բրոնզե Պեգաս։ Մայրիկներից ոչ մեկը չէր ծխում, այդ պատճառով էլ մոխրամաններ չկային։ Դա ճիշտ նույն սենյակն էր, որտեղ իրենք էին ելույթ ունեցել. սենյակ, որի անգույն և անդեմ ոճը (քաջվարդերի և ասպիրակի փնջից դաշնամուրի վրա թափվող ծաղկաթերթիկները տիկին Մարսալեսի ինքնարտահայտման միակ և ոչ այնքան հաջող դրսևորումն էին) ստեղծում էր մի միջավայր, որը միաժամանակ և՛ անհարմար էր, և՛ հանգստավետ։
Տարեցտարի նրանք հայտնվում էին այնտեղ․ մի խումբ զբաղված և երիտասարդ կանայք, որոնք իրենց ավտոմեքենաներով անշտապ երթևեկում էին Ռոզդեյլի հնագույն փողոցներով, որոնք մեկ շաբաթ առաջ բողոքում էին կորցված ժամանակից, մանկական զգեստների շուրջ ծավալված իրարանցումից և առաջին հերթին ձանձրույթից, բայց որոնց համախմբում էր մի ինչ-որ անհասկանալի հավատարմություն ոչ այնքան տիկին Մարսալեսի հանդեպ, որքան իրենց մանկության ծիսակարգերի, ավելի խստաբարո կյանքի, որն այն ժամանակ արդեն սկսել էր քանդվել, բայց գոյատևեց, և ինչ-որ անբացատրելի պատճառով շարունակում էր գոյություն ունենալ տիկին Մարսալեսի հյուրասենյակում։
Զանգերի նման կոշտ զգեստներով աղջնակները բնական հանդիսավորությամբ քայլում էին գրքերի մռայլ պատերի մոտով, իսկ նրանց մայրերի դեմքին լուռ համաձայնության տխուր, բայց տհաճ արտահայտություն էր՝ անհեթեթ և փոքր-ինչ շինծու կարոտի, որը ձգձգվող ընտանեկան ծիսակարգերի մշտական ուղեկիցն էր։ Մայրիկները փոխանակվում էին ժպիտներով, ինչն ամենևին էլ չէր վկայում լավ սովորությունների պակասի մասին, այլ ընդամենը արտահայտում էր ծանոթ, զվարճալի զարմանքը, որ ամեն բան միշտ նույնն էր՝ սկսած համերգային ծրագրից մինչև սենդվիչների լցոնը․ այդպիսով՝ ճանաչում էին Մարսալես քույրերի անհավանական, ֆանտաստիկ կենսական տոկունությունը։
Համերգից հետո փոքրիկ, շփոթեցնող ծիսակարգ էր հաջորդում։ Մինչև որ երեխաներին թույլ կտային փախչել այգի (քաղաքին բնորոշ համեստ այգի)՝ ցանկապատերով, ստվերներով և դեղին շուշանների շարքով այգի, որտեղ երկար սեղան կար՝ ծածկված մանկական երկնավարդագույն երանգի ծալքավոր թղթով, որի վրա խոհարարը շարում էր սենդվիչներով ափսեները, պաղպաղակներն ու գեղեցիկ գունավորմամբ, բայց անհամ օշարակները, պետք է անցկացվեր տարվա ավարտի կապակցությամբ նվերների հանձնման արարողակարգը․ աշակերտները հերթով մոտենում էին տիկին Մարսալեսին և վերցնում ժապավենով զարդարված կապոցը։ Ոչ ոքի մոտ այդ նվերը ոչ մի ուրախ կանխավայելք չէր առաջացնում՝ բացի ամենանոր և միամիտ աշակերտներից։ Ամենայն հավանականությամբ գիրք էր, և հարց էր առաջանում, թե որտեղից էր գտել նա այդպիսի գրքեր։ Հին գրքեր էին, որոնք կարելի էր գտնել կիրակնօրյա դպրոցների գրադարաններում, ձեղնահարկերում և հնագրավաճառքի խանութների նկուղներում, բայց դրանք բոլորը հաստ կազմերով էին, լրիվ նոր և դեռ ընթերցված չէին։ «Հյուսիսային լճեր և գետեր», «Ծանոթություն թռչունների հետ», «Ավելի շատ հեքիաթներ մոխրագույն բվի մասին», «Փոքրիկ քարոզիչները»։
Բացի այդ՝ տիկին Մարսալեսը նկարներ էր նվիրում․ «Քնած Կուպիդոնը և արթուն Կուպիդոնը», «Լոգանքից հետո», «Փոքրիկ վրիժառուները»։ Դրանցից շատերի վրա ասես պատկերված լիներ այն քնքուշ, երեխայական մերկությունը, որը մեր խիստ զարգացած ամոթխածությունը համարում էր ամենածիծաղելին և ամենազզվելին։ Նույնիսկ խաղերը, որոնք տալիս էր մեզ, ձանձրալի էին և անպետք. դրանք լի էին ոչ այնքան բարդ կանոններով, որոնք թույլ էին տալիս բոլորին հաղթել։
Մայրիկները նույնպես շփոթություն էին ապրում, բայց նրանց շփոթեցնում էին ոչ միայն նվերները, այլ նաև այն, թե արդյոք տիկին Մարսալեսը կարող էր դրանք թույլ տալ իրեն։ Բացի այդ՝ բոլորը հիշում էին, որ տիկին Մարսալեսը տասը տարին մեկ անգամ էր բարձրացնում ուսուցման վարձավճարը (և նույնիսկ այդ պարագայում մի քանի ծնողներ ստիպված էին լինում հրաժարվելու դասերից)։ Վերջիվերջո՝ իրենք իրենց հանգստացնում էին նրանով, որ տիկին Մարսալեսը, անկասկած, եկամտի ուրիշ աղբյուրներ նույնպես ուներ։ Դա ակնհայտ էր, հակառակ դեպքում չէր կարողանա ապրել նման տանը։ Նրա քույրը նույնպես դասավանդում էր (կամ արդեն ոչ), և ասում էին, որ թոշակի դուրս գալով՝ գերմաներենի և ֆրանսերենի անհատական դասեր տալով էր գումար վաստակում։ Նրանցից յուրաքանչյուրը հավանաբար բավականաչափ միջոցներ ուներ գոյության համար։ Եթե դուք տիկին Մարսալեսն եք, ապա ձեր ցանկությունները հասարակ են, իսկ ապրուստը թանկ չէ։
Բայց հետո, երբ անհետացավ Ռոզդեյլի տունը, իսկ փոխարենը հայտնվեց Բանկի փողոցի տունը, տիկին Մարսալեսի եկամուտների մասին բամբասանքները հանդարտվեցին։ Նրա կյանքի այդ մասը վերածվեց ցավագին թեմայի, որի քննարկումը կոպիտ և անպարկեշտ է համարվում։
— Կմեռնեմ, եթե անձրև գա, — ասում է մայրիկս։ — Կմեռնեմ այդ հավաքույթի ժամանակ, եթե անձրև գա։
Բայց խնջույքի օրն անձրև չի գալիս, և շատ շոգ եղանակ է։ Այդ շոգ, ամառային օրը ավտոմեքենայով մուտք ենք գործում քաղաք և կորում ենք՝ փնտրելով Բալա փողոցը։ Երբ գտնում ենք այն, թվում է, թե ավելի լավն է, քան մենք սպասում էինք, բայց պատճառը մեծամասամբ այն է, որ այնտեղ ծառեր են աճում՝ ի տարբերություն երկաթգծի կողքի փնթի և առանց ստվերի նշույլի փողոցների, որոնցով գալիս էինք։ Այստեղ այնպիսի տներ են, որոնք երկու մասի են բաժանված՝ գլխավոր սանդղամուտքի կենտրոնում գտնվող փայտե, ծուռ միջնապատով, մի քանի փայտե աստիճաններով և փոքր-ինչ կեղտոտ բակով։ Ըստ երևույթին, այս երկատված տների մեկի մի մասում էլ հենց ապրում է տիկին Մարսալեսը։ Դրանք կառուցված են կարմիր աղյուսից, մուտքի դռները, պատուհանների փեղկերն ու պատշգամբները ներկված են կրեմագույն, մոխրագույն, ձիթագույն և դեղին երանգներով։ Կոկիկ են և խնամված։ Տիկին Մարսալեսի տան մյուս կեսը փոքրիկ խանութի է վերածված, որի ցուցանակին գրված է․ «Նպարեղեն և հրուշակեղեն»։
Դուռը լայն բաց է։ Տիկին Մարսալեսը խցկվել է մուտքի դռան, կախիչի և սանդուղքի միջև. հազիվ անցնում ենք նրա կողքով և մտնում հյուրասենյակ, իսկ նման պայմաններում հյուրասենյակից վերևում հայտնվելու մասին մտածելն անգամ անհեթեթություն է։ Տիկին Մարսալեսը նույն տեսքն ունի՝ իր այտներին նույն կարմրաներկն է, նույն սանրվածքով և դիպակե զգեստով է, որը դժվար է չտրորել։ Նման պայծառ լուսավորության ներքո դիմակահանդեսի կերպարի տեսք ունի, ասես պուրիտանական երևակայությունից դուրս եկած, տենդագին պճնված կուրտիզանուհի լինի։ Բայց միակ տենդագին բանը նրա կարմրաներկն է։ Երբ ավելի ենք մոտենում, երևում է, որ նրա աչքերն առաջվա պես նույնն են՝ փոքրիկ, մի քիչ կարմրած և առանց որևէ զգուշավորության։ Համբուրում է ինձ և մայրիկիս (իհարկե, ինչպես միշտ, ինձ այնպես է համբուրում, ասես հինգ տարեկան եմ), և ներս ենք անցնում։
Ինձ թվում է, թե մեզ համբուրելիս տիկին Մարսալեսը դեպի հեռուն է նայում՝ փողոցում փնտրելով մեկին, ով դեռ չի ժամանել։ Տունն ունի հյուրասենյակ և ճաշասենյակ, որոնք բաժանված են կաղնե դռներով։ Փոքրիկ սենյակներ են։ Պատից կախված է Մարիի՝ Շոտլանդիայի թագուհու հսկայական դիմանկարը։ Այստեղ բուխարի չկա, դրա համար էլ չկան երկաթե տակդիրներ, բրոնզե Պեգասը նույնպես չկա, բայց կա դաշնամուր, իսկ վրան դրված է քաջվարդերի և ասպիրակների փունջ, որն Աստված գիտի՝ թե ինչ այգուց են քաղել։ Այն պատճառով, որ հյուրասենյակը փոքր է, թվում է, թե շատ մարդ կա, բայց մեկ տասնյակ մարդ հազիվ լինի՝ ներառյալ երեխաները։
Մայրիկս զրուցում է մարդկանց հետ, ժպտում և նստում։
— Մարգ Ֆրենչը դեռ չի եկել, — ասում է ինձ։ — Գուցե նա նույնպես մոլորվել է։
Մեր կողքին մի անծանոթ կին է նստած։ Միջին տարիքի է, հագին տաֆտայից զգեստ է՝ զարդարված փայլփլուն քարերով, որից քիմմաքրման հոտ է փչում։ Նա իբրև տիկին Քլեգ՝ տիկին Մարսալեսի հարևանուհի, ներկայացավ, որն ապրում է տան մյուս կեսում։ Տիկին Մարսալեսը հարցրեց նրան՝ արդյոք չէ՞ր ցանկանա ունկնդրել, թե ինչպես էին նվագում երեխաները, և վերջինս համարեց, որ շատ հաճելի կլիներ իր համար․ պաշտում է ցանկացած տեսակի երաժշտություն։ Մայրիկս շատ բարեհամբույր, բայց փոքր-ինչ շփոթված կերպով հարցուփորձ է անում տիկին Մարսալեսի քրոջ մասին․
— Նա վերևո՞ւմ է:
— Օ՜, այո՛, վերևում է։ Ինքն իրեն նման չէ, խե՜ղճը։
Մայրիկս ասում է, որ դա շատ վատ է։
— Այո՛, խայտառակություն է։ Բան եմ տվել, որ քնի ճաշից հետո։ Գիտե՞ք, կորցրել է խոսելու ունակությունը։ Ամենևին չի կարողանում ինքն իրեն կառավարել։
Մայրիկս, որսալով զրուցակցի ձայնի՝ ավելորդություններով հագեցած ցածր ելևէջները, գլխի է ընկնում, որ այժմ հաջորդելու են բազմաթիվ նեղ անձնական մանրամասնություններ, և նորից արագ սկսում է ափսոսանք հայտնել․
— Հոգ եմ տանում նրա մասին, երբ քույրը դասավանդում է։
— Մեծահոգություն է Ձեր կողմից։ Վստահ եմ, որ տիկին Մարսալեսը շատ երախտապարտ է Ձեզ։
— Օ՜, դե՜, մի փոքր նույնիսկ խղճում եմ նրանց նման տարեց կանանց։ Ասես երկու երեխաներ լինեն, լրիվ մանուկներ։
Մայրիկս քթի տակ ինչ-որ պատասխան է տալիս, բայց չի նայում ո՛չ տիկին Քլեգին, ո՛չ նրա աղյուսի նման կարմիր, առողջ դեմքին, ոչ էլ՝ զարմանալիորեն ցանցառ ատամներին։ Հայացքը հառել է նրա հետևում գտնվող ճաշասենյակին՝ հմտորեն կառավարելով վախը։
Տեսնում է, որ այնտեղ արդեն սեղան է գցված, ամեն բան պատրաստ է հացկերույթի համար, ոչ մի բանի պակաս չկա։ Սենդվիչներով ափսեներն արդեն մի քանի ժամ է, ինչ իրենց տեղում են։ Ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ վերևիններն արդեն սկսել են չորանալ։ Ճանճերը բզզոցով թռչում են սեղանի վերևում, նստում են սենդվիչների վրա և ազատ կերպով շրջում են հրուշակարանից բերված ջնարակապատ խմորեղենի վրայով։ Սեղանի կենտրոնում, ինչպես միշտ, դրված է մանուշակագույն պունշով լցված բյուրեղապակյա տարան, որի մեջ, ըստ երևույթին, սառույց չի մնացել, և այն արդեն տաքացել է։
— Փորձում էի համոզել նրան ժամանակից շուտ չդնել այդ ամենը սեղանին, — շշնջում է տիկին Քլեգը՝ ուրախ ժպտալով, ասես խոսքն ինչ-որ կամակոր երեխայի քմահաճույքների և սխալ արարքների մասին է։ — Գիտեք, առավոտյան ժամը հինգին է արթնացել՝ սենդվիչներ պատրաստելու համար։ Չգիտեմ, թե ինչ համ կունենան հիմա։ Հավանաբար վախենում էր, որ չի հասցնի։ Վախենում էր ինչ-որ բան մոռանալ։ Նրանք տանել չեն կարողանում, երբ ինչ-որ բան են մոռանում։
— Շոգ եղանակին սնունդը չպետք է դրսում թողնվի, — ասում է մայրիկս։
— Դե՜, հուսամ՝ չենք թունավորվի։ Ուղղակի ափսոսում եմ, որ սենդվիչները չորացել են։ Իսկ երբ կեսօրին պունշի մեջ կոճապղպեղի գարեջուր ավելացրեց, քիչ էր մնում ծիծաղեի։ Ուղղակի մթերքի վատնում էր։
Մայրիկս անընդհատ ուղղում է շղարշե կիսաշրջազգեստը՝ ասես հանկարծակի գիտակցելով, որ անտեղի և նույնիսկ զզվելի է քննարկել տանտիրուհու նախապատրաստական աշխատանքները՝ իր իսկ հյուրասենյակում նստած։
— Մարգ Ֆրենչն այստեղ չէ, — չոր ձայնով ասաց ինձ։ — Ասաց, որ գալու է։
— Աղջիկների մեջ ես ամենամեծն եմ, — զզվանքով ասում եմ ես։
— Սո՜ւս։ Նշանակում է, որ կարող ես ամենավերջում նվագել։ Այս տարի ծրագիրը կարճ է, այնպես չէ՞:
Տիկին Քլեգը կռանում է դեպի մեզ, և նրա կրծքից ինչ-որ տաք, տոթ օդի ալիք է բարձրանում։
— Գնամ տեսնեմ՝ տանտիրուհին ուժեղացրել է սառցարանը, թե ոչ։ Սարսափելի կզգա իրեն, եթե պաղպաղակը հալչի։
Մայրիկս հատում է սենյակն ու ծանոթ կանանցից մեկի հետ սկսում է զրուցել, և ես նույնիսկ կարող եմ գուշակել, թե ինչ է ասում․ «Մարգ Ֆրենչն ասել է, որ գալու է»։ Որոշ ժամանակ անց շպարված կանանց դեմքերին սկսում են հայտնվել շոգի և ընդհանուր անհանգստության նշաններ։ Սկսում են միմյանց հարցնել, թե երբ է սկսվելու։ Հավանաբար շատ շուտով, որովհետև արդեն քառորդ ժամ է, ինչ ոչ ոք չի եկել։ Ասում են, թե ինչ ստոր քայլ է նրանց կողմից չգալը։ Բայց նման շոգ եղանակին այստեղ՝ ներքևում, շոգն առանձնակի անտանելի է, հավանաբար քաղաքի ամենավատ տեղն է․ դե՜, հասկանում եք, թե ինչ են ակնարկում։ Շուրջս եմ նայում և տեսնում եմ, որ սենյակում ինձանից նույնիսկ մեկ տարով մեծ երեխա չկա։
Փոքրիկ երեխաները սկսում են նվագել։ Տիկին Մարսալեսը և տիկին Քլեգը խանդավառությամբ են ծափահարում, իսկ մայրիկները՝ թեթևացման զգացումով՝ յուրաքանչյուրը երկու-երեք անգամ։ Մայրիկս կարծես թե ի վիճակի չէ, թեև մեծ ջանքեր է գործադրում, աչքը կտրելու ճաշասեղանից և դրա վերևում պտտվող ավազակ ճանճերից։ Վերջիվերջո՝ մայրիկիս հայացքը ցրված և երազկոտ է դառնում՝ կենտրոնանալով պունշի տարայից վերև գտնվող ինչ-որ բանի վրա, և այդպիսով՝ գլուխը կարող է այդ ուղղությամբ թեքված մնալ, և ոչ ոք գլխի չի ընկնի, թե ինչու։
Տիկին Մարսալեսը նույնպես դժվարությամբ է հայացքը կենտրոնացնում նվագողի վրա, քանի որ անընդհատ հայացքներ է գցում դռան կողմ։ Մի՞թե սպասում է, թե ուր որ է առանց բացատրության բացակայողներից մեկը կգա: Դաշնամուրի կողքի սովորական արկղի մեջ դրված են կես տասնյակ նվերներ՝ փաթեթավորված սպիտակ թղթով և զարդարված արծաթագույն ժապավենով․ ոչ թե իսկական ժապավենով, այլ էժանագին, որը շուտ պատռվում է։
Հենց այն պահին, երբ ես նստած եմ դաշնամուրի առաջ և մենուետ[1] եմ նվագում «Բերենիկեից», հայտնվում են վերջին հյուրերը, որոնց գալուստն անակնկալ էր բոլորի համար՝ բացի տիկին Մարսալեսից։ Սկզբում թվում է, թե ինչ-որ սխալմունք է տեղի ունեցել։ Աչքի պոչով երեխաների մի ամբողջ շքերթ եմ տեսնում․ ութից ինը տարեկան երեխաներ՝ շիկակարմիր մազերով կնոջ ուղեկցությամբ, որի հագին ինչ-որ համազգեստ է, բարձրանում են սանդղամուտք։ Ասես մասնավոր դպրոցի աշակերտներ լինեն, որոնք էքսկուրսիայի են եկել (ինչ-որ մոխրագույն և միապաղաղ բան կա նրանց հագուստներում), բայց միևնույն ժամանակ չափազանց կաշկանդված ու անվարժ կերպով են առաջանում։ Կամ գուցե ինձ մոտ է այդպիսի տպավորություն, չեմ կարողանում կարգին նայել։ Անկասկած, սխալ տեղում են հայտնվել․ կա՛մ բժշկի էին գնում՝ պատվաստվելու, կա՛մ՝ ամառային կրոնական դպրոց։
Ո՛չ, տիկին Մարսալեսը ոտքի է կանգնում, ուրախ-ուրախ ներողություն է խնդրում և գնում է նրանց ընդառաջ։ Հետևումս աղմուկ է լսվում․ մարդիկ հրմշտում են միմյանց, բացում են ծալովի աթոռները, անպատեհ, զարմանալու աստիճան անպատեհ կամացուկ ծիծաղ է լսվում։
Բայց նորեկների այդ մեղմ խառնաշփոթի շուրջ լռություն է տիրում։ Ինչ-որ բան է պատահել, չկանխատեսված մի բան, ինչ-որ աղետ, որը ծոծրակովդ ես զգում։ Իսկ ես շարունակում եմ նվագել։ Գերեզմանային լռությունը լցնում եմ Հենդելի՝ իմ չտեսնված անշնորհք և անհաջող մեկնաբանությամբ։ Վեր կենալով դաշնամուրի մոտից՝ քիչ է մնում ընկնեմ, քանի որ ոտքս դիպչում է հենց նոր ժամանած հյուրերից մեկին, որոնք հենց հատակի վրա են տեղավորվել։
Նրանցից մեկը՝ ինը կամ տասը տարեկան մի տղա, պատրաստվում է փոխարինել ինձ։ Տիկին Մարսալեսը բռնում է նրա ձեռքն ու ժպտում, բայց տղան հետ չի քաշում ձեռքը, իսկ տիկինը չի թեքում շփոթված դեմքը, որպեսզի թաքցնի ժպիտը։ Տարօրինակ է։ Տղան նույնպես տարօրինակ է։ Նստելով թեքվում է դեպի տիկին Մարսալեսը, և վերջինս մի քանի քաջալերող խոսք է ասում նրան։ Տղան նայում է նրան, իսկ ես հայացքս հառել եմ նրա կիսադեմքին․ խոշոր, անարտահայտիչ դիմագծեր, անհամաչափ, փոքրիկ, շիլ աչքեր։
Նայում եմ հատակին նստած մյուս երեխաներին և տեսնում եմ նույն կիսադեմքը, որը երկու կամ երեք անգամ կրկնվում է։ Եվս մի տղայի եմ նկատում՝ շատ խոշոր գլխով և բաց գույնի ցից-ցից մազերով, որոնք այնքան փափուկ են, որքան ծծկեր երեխայինը։ Այլ երեխաներ էլ կան․ նրանց դիմագծերը ճիշտ են, ոչ մի տարօրինակ բան չկա նրանց դեմքերում՝ բացի մանկական անկեղծությունից ու հանգստությունից։ Տղաների հագին սպիտակ վերնաշապիկներ ևոխրագույն, կարճ տաբատներ են, իսկ աղջիկների հագին՝ կանաչամոխրագույն բամբակե զգեստներ՝ կարմիր կոճակներով և գոտիներով։
— Երբեմն նրանք շատ երաժշտական են, — ասում է տիկին Քլեգը։
— Ովքե՞ր են նրանք, — շշնջում է մայրիկս՝ հավանաբար չգիտակցելով, թե որքան անհանգստություն կա իր ձայնի մեջ։
— Նրա՝ Գրինհիլ դպրոցի դասարանից են։ Այնքան լավիկն են, ոմանք նույնիսկ շատ երաժշտական են։ Բայց բոլորը չէ, իհարկե, որ եկել են։
Մայրիկս մտացիր կերպով գլխով է անում․ նայում է շուրջը և հանդիպում սենյակում ներկա մյուս կանանց անհանգստացած հայացքներին, բայց ոչ մի պատասխան չի գտնում։ Արդեն ոչինչ անել չի կարելի։ Այս երեխաները պետք է նվագեն։ Նրանք այնքան էլ վատ չեն նվագում, մեզանից ոչ այնքան վատ, բայց շատ դանդաղաշարժ են թվում, իսկ այստեղ ամենևին չգիտես, թե ուր նայես։ Մի կողմից՝ այսպիսի երեխաներին ուշադիր նայելը, իհարկե, անքաղաքավարի է, բայց մյուս կողմից՝ ո՞ւր նայես նվագի ընթացքում, եթե ոչ դաշնակահարին։
Ինչ-որ մտահնար, անխուսափելի երազի մթնոլորտ է տիրում սենյակում։ Գրեթե լսելի է, թե ինչպես են մայրիկս և մյուսներն իրենք իրենց ասում․ «Ո՛չ, գիտեմ, որ սխալ է զզվանք զգալ նման երեխաների հանդեպ, և ես չեմ զզվում, բայց ոչ ոք չէր ասել, որ գալու եմ այստեղ՝ լսելու այս փոքրիկ․․․ փոքրիկ մտավոր հետամնացներին կամ չգիտեմ ում․ այդ դեպքում Ի՞ՆՉ ՏԵՍԱԿ ԽՆՋՈՒՅՔ Է ՍԱ:»։ Այնուամենայնիվ՝ մայրիկների ծափահարություններն ավելի բուռն են դառնում, ասես դրանով ասում են․ «եերբ է աայս աամեենն աավաարտվեելուու»։ Բայց վերջը չի երևում։
Տիկին Մարսալեսն այնպես է արտաբերում յուրաքանչյուր երեխայի անունը, ասես այն տոնակատարության առիթ է։ Եվ ահա ասում է․
— Դոլո՜րես Բոյլ։
Իմ տարիքի մի աղջիկ՝ երկարոտն, բավականին նիհար, հիվանդոտ տեսքով և գրեթե ամբողջովին ճերմակ մազերով, ուղղվելով վեր է կենում հատակից։ Նստում է աթոռակին, մի փոքր շուռումուռ է գալիս ու երկար մազերը հետ գցելով՝ սկսում է նվագել։
Տիկին Մարսալեսի խնջույքների ժամանակ սովոր ենք կատարումներ լսելուն, բայց երբեք ոչ ոք իսկական երաժշտության հույս չի ունենում։ Սակայն այս անգամ երաժշտությունն այնքան թեթև է հնչում՝ առանց առանձնակի ուշադրություն պահանջելու, որ նույնիսկ զարմանում ենք։ Անծանոթ գործ է նվագում։ Ինչ-որ փխրուն, նրբագեղ և ուրախ մի բան, որը վիթխարի, անխռով երջանկության ազատություն է սփռում։ Եվ այս ամենն անում է այս աղջնակը (փաստորեն նման բան ևս հնարավոր է), այնպես է նվագում, որ կարողանում ես զգալ, կարողանում ես զգալ նույնիսկ այստեղ՝ տիկին Մարսալեսի՝ Բալա փողոցի վրա գտնվող հյուրասենյակում, անգամ այս անհեթեթ օրը։
Բոլոր երեխաները՝ և՛ Գրինհիլ դպրոցի աշակերտները, և՛ մյուսները, լուռ են։ Մայրիկները քարացել են վրա հասած անսպասելիությունից՝ դեմքի բողոքարկող արտահայտություններով, ավելի շփոթված, քան առաջ, ասես նրանց հանկարծ հիշեցրել են այն մասին, ինչի մասին մոռանում էին հիշել։ Ճեփ-ճերմակ մազերով աղջիկն անճոռնի կերպով նստած է դաշնամուրի մոտ՝ գլուխը կախ, իսկ երաժշտությունը դուրս է ծորում բաց պատուհաններից և դռնից դեպի շոգ, ամառային փողոց։
Տիկին Մարսալեսը նստած է դաշնամուրի կողքին և սովորականի նման ժպտում է բոլորին։ Նրա ժպիտի մեջ ո՛չ հաղթանակ կա, ո՛չ համեստություն։ Նման չէ աճպարարի, որը հետևում է մարդկանց արձագանքին, որպեսզի տեսնի բավականին արտասովոր բացահայտման ստեղծած ազդեցությունը․ ոչ մի նման բան։ Թվում է, թե հիմա, երբ կյանքի մայրամուտին գտել է մեկին, ում ունակ է դաշնամուր նվագել սովորեցնելու, պետք է համակվի այս կարևոր հայտնագործության լույսով։ Բայց նրա համար այս աղջկա նվագը կարծես սովորական բան լինի, մի բան, որը բնական է և գոհացուցիչ․ մարդիկ, ովքեր հավատում են հրաշքներին, առանձնահատուկ աղմուկ չեն բարձրացնում, երբ իսկապես հանդիպում են դրան։ Պարզ երևում է, որ տարեց ուսուցչուհու համար այս աղջիկը նույնքան հետաքրքիր է, որքան Գրինհիլ դպրոցի երեխաները, որոնք սիրում են նրան, և մնացյալներս, ովքեր չեն սիրում նրան։ Նրա համար ցանկացած պարգև օրինաչափ է, և ցանկացած տոն անսպասելի չէ։
Աղջիկն ավարտում է նվագը: Սենյակում դեռ նոր երաժշտություն էր հնչում, իսկ հիմա լռություն է տիրում, ու բնականաբար ոչ ոք չգիտի՝ ինչ ասել: Հենց որ նա վերջացնում է, նույն պահին պարզ է դառնում, որ նա նորից վերածվել է Գրինհիլ դպրոցի այն նույն աղջկան: Այնուամենայնիվ՝ երաժշտությունը հորինվածք չէր։ Փաստերի հետ չես վիճի։ Բայց մի քանի րոպե հետո այդ աղջկա ելույթը՝ իր անմեղությամբ հանդերձ, ինչ-որ շատ հաջողված և հետաքրքիր հնարք է թվում, բայց իհարկե, հնարավոր է, ինչպես ասեմ, հնարավոր է մի փոքր անճաշակ։
Քանզի այդ երեխայի տաղանդը (անվիճելի, բայց մեծամասամբ անպետք և անտեղի) ամենևին էլ համընդհանուր քննարկման առարկա չէ։ Տիկին Մարսալեսի համար դա ընդունելի է, բայց մյուս մարդկանց համար, մարդկանց, ովքեր այս աշխարհում են ապրում՝ ոչ։ Համենայն դեպս՝ պետք է ինչ-որ բան ասեն, դրա համար սկսում են գովաբանել երաժշտությունը՝ ասելով, որ իբր այն հիասքանչ է, հրաշք պիես է, և հարցնելով դրա վերնագիրը։
— Երջանիկ ստվերների պարը, — ասում է տիկին Մարսալեսը։ — Danse des ombres heureuses, — կրկնում է նա՝ տարակուսանքի մեջ գցելով բոլորին։
Բայց տուն վերադառնալու ճանապարհին՝ լքելով շոգ, աղյուսե կարմիր փողոցներն ու քաղաքը, թողնելով տիկին Մարսալեսին իր հիմա արդեն հաստատ անհնարին խնջույքների հետ, ըստ երևույթին, ընդմիշտ անցյալում թողնելով այդ ամենը, ինչո՞ւ չենք կարողանում արտաբերել այդ արդեն վաղուց պատրաստված խոսքերը․ խե՜ղճ տիկին Մարսալես։
«Երջանիկ ստվերների պարն» է խանգարում մեզ, այդ միակ պաշտոնական հաղորդագրությունը մեկ այլ երկրից․ այն երկրից, որտեղ ապրում է տիկին Մարսալեսը։
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի
[1] Հին ֆրանսիական պար և պարեղանակ։

