Թեդ Հյուզ | Տատասկափշեր


(1930-1998)

ՏԱՏԱՍԿԱՓՇԵՐ

Կովերի ռետինե լեզուների և մարդկանց քաղհանող
ձեռքերի դեմ
Տատասկը շամփրում է ամառային օդը,
Կամ ճարճատում սև ու երկնագույն ճնշման ներքո:
Ամեն մեկը՝ հարության քինահույզ պոռթկում,
Սեղմված բռունցք
Ճեղոտված ճանկի և իսլանդական սառնամանիքի,
Որ բարձրանում է թաղված վիկինգից:
Նրանք գունատ վարսերի են նման
Եվ կոշտ ու կոկորդային բարբառների.
Միշտ հասցնում են լափել գեթ արյան մի կաթիլ:
Հետո ծերանում են մարդկանց նման:
Հնձվում են, ու ժառանգական վրեժն է ծնվում:
Նրանց զավակները
Իրենց ցից զենքերով
Ճակատամարտ են մղում նույն հողի վրա:

 

ԽՈԶԻ ՏԵՍԱՐԱՆ

Խոզը պառկել էր փոսի մեջ, սատկած:
Ասում են, երեք մարդու քաշ ուներ:
Աչքերը փակ էին. վարդագույն-սպիտակ կոպեր:
Կճղակները՝ ուղիղ ցցված:
Այդպիսի քաշն ու վարդագույն զանգվածը
Մեռած՝ պարզապես մեռած չէր թվում:
Նա ավելին էր, քան մեռած:
Ասես ցորենի պարկ լիներ:
Առանց քաշվելու ես խփեցի նրան:
Մարդը մեղավոր է զգում մեռյալների
Շիրիմները տրորելիս: Բայց այս խոզը
Ընդունակ չէր մեղադրելու:
Նա շատ էր անկյանք՝ խղճալու համար:
Հիշել նրա կյանքը՝ զորեղ երկրային
Հաճույքը ինչպես որ կար՝
Կեղծ ջանք էր թվում, աննպատակ:
Նա մահվան փաստ էր: Նրա քաշը
Ճնշում էր ինձ. ինչպե՞ս պիտի տեղից շարժեին:
Ի՞նչ ջանքերով պիտի կտրատեին նրան:
Կոկորդի վերքը ցնցող էր, բայց ոչ զգայացունց:
Մի անգամ վազել եմ
Մի ճարպոտ խոզուկի ետևից:
Կատվից արագավազ ու ճարպիկ էր:
Նրա ճիչը ջարդվող մետաղի ձայնն էր:
Խոզերի արյունը երևի տաք է, վառարանի պես:
Նրանց կծածը ձիու կծածից վատ է.
Կտրում են մաքուր մի կիսալուսին:
Ուտում են մոխիր, սատկած կատու:
Արտառոցն ու հմայելին նրա մեջ
Վաղուց վերջացած էին: Երկար ժամանակ
Կանգնած նայում էի: Նրան պիտի մաքրեին,
Մաքրեին և լվանային դռան շեմի պես:

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով