Իոսիֆ Բրոդսկի | Ինչպես գիրք կարդալ

Այս ճառը ասվել է 1988թ.-ի մայիսի 18-ին Թուրինում գրքի առաջին տոնավաճառի բացման ժամանակ

Ունենալ գրքի տոնավաճառի մի քաղաքում, որտեղ մեկ դար առաջ Նիցշեն խելքը թռցրեց, իր հերթին խելագարության հետաքրքիր շրջան է ստեղծում. ավելի ճիշտ՝ Մյոբիուսի շրջանակ[1] (որն ավելի հայտնի է որպես փակ օղակ) քանի որ գրքի այս տոնավաճառի մի քանի տաղավար զբաղեցնում են այս հանճարեղ գերմանացու ամբողջական կամ ընտրված ժողովածուները։ Ընդհանուր առմամբ, անվերջությունը գիրք հրատարակելու շոշափելի կողմն է, թեկուզ միայն այն պատճառով, որ հանգուցյալ հեղինակի գոյությունը դուրս է բերում որոշակի նախնական սահմաններից, իսկ կենդանի հեղինակի համար ապահովում մի ապագա, որը մենք նախընտրում ենք պիտակել որպես անվերջանալի:
Իսկ առհասարակ, այո, գրքերն ավելի երկարակյաց են, քան մենք. նրանցից վատթարագույնները անգամ ավելի երկար են ապրում իրենց հեղինակներից հիմնականում այն պատճառով, որ իրենց հեղինակներից ավելի քիչ ֆիզիկական տարածք են զբաղեցնում։ Սովորաբար նրանք փոշի են կլանում դարակներում շարված՝ իրենց հեղինակի մի բուռ փոշի վերածվելուց էլ դեռ շատ ժամանակ անց: Եվ այնուամենայնիվ, ապագայում լինելու այս ձևն ավելի նախընտրելի է, քան քեզ վերապրած մի քանի հարազատի կամ ընկերոջ հիշողությունը, որի վրա չի կարելի հույս դնել: Եվ հաճախ հենց հետմահու իրականության մեջ լինելու ձգտումն է, որ ստիպում է գրողին շարժել իր գրիչը:
Այսպիսով, երբ մեր ձեռքում շրջում ու պտտում ենք այդ ուղղանկյուն առարկան in octavo, in quarto, in duedecimo [2] սխալված չենք լինի ենթադրել, որ մեր ձեռքերում փայփայում ենք, այսպես ասած, իրական կամ կանխատեսելի այն աճյունասափորը՝ ապագայում սեփական մոխրով մեզ վերադարձող։ Վերջ ի վերջո գրքի վրա վատնած ժամանակը՝ լինի դա վեպ, փիլիսոփայական տրակտատ, բանաստեղծական ժողովածու, կենսագրական կամ դետեկտիվ պատմություն, հենց մարդու կյանքն է. լավ թե վատ, բայց միշտ վերջավոր։ Նա, ով ասել է, որ փիլիսոփայելը մեռնելու վարժությունն է, շատ առումներով ճիշտ է եղել, քանի որ գրելով ոչ ոք չի դառնում ավելի երիտասարդ։
Նաև ոչ ոք չի երիտասարդանում գիրք կարդալով: Ու թե այդպես է, ապա մենք պետք է նախապատվություն տանք լավ գրքերին։ Սակայն պարադոքսն այն է, որ գրականության մեջ, ինչպես համարյա ամենուր, «լավը» ինքնուրույն դասակարգ չէ. այն որոշվում է համեմատությամբ «վատի»։ Ավելին, լավ գիրք գրելու համար գրողը պետք է կարդա մեծ քանակությամբ գրաթափոն․ հակառակ դեպքում նա չի կարող անհրաժեշտ չափանիշներ զարգացնել։ Եվ հենց այդ փաստը կարող է վատ գրականության լավագույն պաշտպանությունը դառնալ Վերջին դատաստանի ժամանակ. և այդ raison d’être[3] արարողությունն է, որին մենք մասնակցում ենք այսօր։
Քանի որ մենք մահկանացուներ ենք, իսկ գիրք կարդալը շատ ժամանակատար, պետք է մտածենք մի ծրագիր, որը մեզ խնայելու հնարավորություն կտա։ Իհարկե, չի կարելի ժխտել, որ հաստ, դանդաղ սյուժեով զարգացող վեպից էլ կարելի է հաճույք ստանալ, սակայն, բոլորս էլ գիտենք, որ նման կերպ կարող ենք մեզ սփոփել մինչ մի որոշակի սահման: Ի վերջո մենք կարդում ենք ոչ թե կարդալու համար, այլ սովորելու։ Այստեղից էլ առաջ է գալիս սեղմության, խտության անհրաժեշտությունը, որը կներկայացնի մարդկային դժբախտությունն իր ամբողջ բազմազանությամբ, հնարավոր է՝ ավելի կտրուկ թիրախավորմամբ. այլ կերպ ասած՝ ամենակարճ ճանապարհով։ Հետևաբար, ինչպես մեր ենթադրություններից մեկը, որ կան այդպիսի կարճ ճանապարհներ (իսկ դրանք իրոք կան, բայց այդ մասին ավելի ուշ), առկա գրականության օվկիանոսում նաև որոշակի կողմնացույցի անհրաժեշտություն կա։
Այդպիսի կողմնացույցի դեր, իհարկե, խաղում է գրական քննադատությունը, գրախոսները։ Բայց ավաղ, նրա սլաքը հաճախ կամայական է պտտվում. ոմանց համար հյուսիս, մյուսների համար՝ հարավ (ավելի կոնկրետ՝ Հարավային Ամերիկա). նույնն է նաև արևելքի ու արևմուտքի համար, բայց էլ ավելի կամայական։ Գրախոսողների հետ կապված անախորժությունները առնվազն երեքն են՝ ա) նա կարող է արհեստավարժ լինել և նույնքան անգետ, որքան մենք, բ) նա կարող է խիստ որոշակի նախասիրոություններ ունենալ այս կամ այն տեսակի գրկանության հանդեպ, կամ պարզապես աշխատել որոշ հրատարակիչների համար, գ) եթե նա տաղանդավոր գրող է, նա իր քննադատությունը կվերածի արվեստի անկախ ձևի (Խորխե Լուիս Բորխեսը դրա ապացույցն է) և դուք կսկսեք քննադատություններ կարդալ՝ գիրք կարդալու փոխարեն։
Ամեն դեպքում, դուք այդ օվկիանոսում կմնաք անղեկ ու անառագաստ լաստանավի պես, որի էջերն ու թերթերը ալեկոծվում են տարբեր ուղղությամբ, իսկ դուք կառչում եք նրա առագաստից՝ այնքան էլ վստահ չլինելով ջրի վրա մնալու ձեր կարողության վրա։ Եվ հետևաբար՝ այլընտրանքը կլիներ ձեր սեփական ճաշակի զարգացումը, ձեր սեփական կողմնացույցի ստեղծումը, ինքնուրույն ծանոթությունը, այսպես ասած, տարբեր աստղերի ու համաստեղությունների հետ՝ մռայլ թե պայծառ, բայց միշտ հեռավոր։ Եվ այնուհանդերձ, դա սարսափելի ժամանակատար է, և դուք կարող է ծեր ու ալեհեր շարժվել դեպի ելք՝ թևի տակ մի անհեթեթ հատոր։ Հաջորդ այլընտրանքը, ուրիշի կարծիքի վրա հիմնվել է. ընկերոջ խորհուրդը, տեքստի մեջ եղած հղումը, որը ձեզ դուր է եկել։ Չնայած այս մեթոդը պաշտոնապես որևէ տեղ հաստատված չէ ( ինչն այնքան էլ վատ չէր լինի), սակայն լավ ծանոթ է բոլորիս դեռ վաղ տարիքից։ Այնուամենայնիվ, այս մեթոդը նույնպես վատ երաշխիք է, քանզի օր օրի աճում է և ընդլայնվում գրական օվկիանոսը, և որի վկայություն էլ հենց գրքի տոնավաճառն է. ևս մեկ փոթորիկ այս օվկիանոսում։
Եվ ուրեմն որտե՞ղ է այն ամուր հողը, անգամ նույնիսկ, եթե դա անմարդաբնակ կղզի է։ Ո՞ւր է մեր բարի Ուրբաթը[4], էլ չեմ ասում Չիտայի[5] մասին։
Մինչ ես կասեմ իմ առաջարկությունը, ավելի ճիշտ՝ իմ կարծիքը, թե ինչն եմ համարում գրականության մեջ ճիշտ ճաշակ զարգացնելու միակ ձև, կցանկանայի մի քանի բառ ասել այս գաղափարի աղբյուրի, այսինքն՝ իմ խոնարհ անձի մասին. ոչ անձնական սնապարծությունից ելնելով. պարզապես ես հավատում եմ, որ գաղափարի արժեքը կապված է համատեքստից. այն միջավայրից, որում այն առաջանում է։ Ընդհանրապես, եթե ես հրատարակիչ լինեի, ես գրքի կազմին կգրեի ոչ միայն հեղինակների անունները, այլև ճշգրիտ տարիքը, որում նրանք գրել են այս կամ այն ստեղծագործությունը, որպեսզի ընթերցողներին հնարավորություն տրվի որոշելու՝ ցանկանո՞ւմ են արդյոք ընթերցողները հաշվի առնել գրքում առկա տեղեկությունները կամ տեսակետները՝ գրված մի մարդու կողմից, որն այնքան երիտասարդ է այդ հարցի համար, կամ էլ այնքան տարեց։
Այս առաջարկի սկզբնաղբյուրը մարդկանց այն կատեգորիան է (ավաղ, ես այլևս չեմ կարող օգտագործել «սերունդ» տերմինը, որը ենթադրում է մասսայի որոշակի միասնություն), ում համար գրականությունը միշտ նշանակել է մի քանի հարյուր անուն և ում հասարակական վարվեցողության կանոները կարող են ցնցել անգամ Ռոբինզոն Կրուզոյին կամ նույնիսկ Տարզանին: Մարդկանց այս խումբն իրեն անհարմար է զգում մեծ հավաքույթներին, չի պարում երեկույթներին, անհավատարմության համար ձգտում է գտնել մետաֆիզիկական արդարացում ու չափից դուրս բծախնդրորեն է խոսում քաղաքականության մասին: Սովորաբար այս մարդիկ իրենց ավելի քիչ են սիրում, քան անգամ իրենց վատաբանողները, նախընտրում են ալկոհոլն ու ծխախոտը հերոինից կամ մարիխուաննայից: Նրանք մարդկանց այն խումբն են, որոնք Օդենի խոսքերով ասած՝ «երբեք չեք գտնի բարիկադներին՝ ո՛չ իրենք իրենց և ո՛չ իրենց սիրելին կրակելիս»։ Եթե այդպիսի մարդիկ պատահաբար հայտնվում են բանտախցի հատակին՝ սեփական արյան մեջ լողալիս, կամ էլ ամբիոնում, դա այն պատճառով է, որ նրանք ըմբոստանում են (կամ, ավելի ճիշտ, առարկում են) ոչ թե կոնկրետ անարդարությունների դեմ, այլ ամբողջ աշխարհի կառուցվածքի։ Նրանք պատրանքներ չունեն իրենց տեսակետի անաչառության վերաբերյալ․ ընդհակառակը, նրանք հենց սկզբից պնդում են իրենց անհերքելի աչառությունը։ Սակայն նրանք այդպես չեն վարվում հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար. որպես կանոն, նրանք լիովին գիտակցում են իրենց պաշտպանած տեսակետների և դիրքորոշումների խոցելիությունը։ Այնուամենայնիվ, ունենալով տեսակետները, որոնք որոշ չափով հակադրվում են նաև դարվինյաններին՝ նրանք կարծում են, որ խոցելիությունը կենդանի նյութի գլխավոր հատկանիշն է։ Իսկ ես պետք է ավելացնեմ, որ դա կապված է ոչ այնքան մազոխիստական հակումների հետ, որոնք վերջերս վերագրվում են բոլոր գիր սիրողներին, որքան նրանց բնազդական և ոչ փոխառված իմացություններ հետ. ծայրահեղ սուբյեկտիվություն, կանխալաությունը և հիվանդագին գերզգայունակությունը դա հենց այն է, ինչն օգնում է արվեստին խուսափել կլիշեներից։ Եվ հենց կլիշեի հանդեպ դիմադրությամբ է արվեստը տարբերվում կյանքից։
Այժմ, երբ դուք գիտեք իմ ասելիքի իրական պատճառը, ես կարող եմ ասել. գրականության մեջ լավ ճաշակ զարգացնելու համար պետք է պոեզիա կարդալ։ Եթե մտածում եք, որ ես սա ասում եմ այն պատճառով, որ ինքս պատկանում եմ պոետների թվին, որ ես փորձում եմ առաջ քաշել իմ սեփական գիլդիայի շահերը, սխալվում եք. ես արհմիության անդամ չեմ։ Հարցն այն է, որ լինելով մարդկային խոսքի բարձրագույն ձևը՝ պոեզիան ոչ միայն մարդկային փորձի փոխանցման ամենակարճ, ամենախտացված միջոցն է, այլ նաև առաջարկում է հնարավոր ամենաբարձր չափանիշները լեզվաբանական ցանկացած գործողության համար՝ հատկապես թղթի վրա։
Որքան ավելի շատ պոեզիա է կարդում մարդը, այնքան ավելի քիչ հանդուրժող է դառնում շատախոսության հանդեպ. լինի դա քաղաքական թե փիլիսոփայական խոսքի, պատմության, սոցիալական գիտությունների թե գեղարվեստական գրականության մեջ։ Արձակում լավ ոճ ստանալու հիմնական գրավականը բանաստեղծական խոսքի հստակության, արագացման ու լակոնիկ լարվածության ընդօրինակումն է:
էպիտաֆիայի և էպիգրամի ժառանգորդը՝ պոեզիան, որն, ի սկզբանե ցանակցած մտավոր բովանդակություն ներկայացնող ամենակարճ ճանապարհն է եղել, կարգապահական հստակ ձևեր է հաղորդում արձակին: Պոեզիան արձակին սովորեցնում է ոչ միայն հաշվի նստել յուրաքանչյուր բառի հետ, այլև ընդօրնկել նրա հոգկան վիճակների շարժունակության բազմազանությունը, գծային կառուցվածքի այլընտրանքները, ակնհայտը չասելու կարողությունը, մանրուքներն ընդգծելու և պատումի հապաղման տեխնիկան։ Սակայն, առաջին հերթին պոեզիան արձակին հակում է դեպի մետաֆիզիկա, ինչն էլ հենց արվեստի իրական գործը տարբերում է բելետրիստիկայից։ Եվ փաստորեն պետք է խոստովանել, որ հենց այս հարցում արձակը բավականին ծույլ ուսանող է։
Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ փորձում զրկել արձակին իր պատվավոր դերից։ Ճշմարտությունն այն է, որ պոեզիան հանգամանքների բերումով արձակից ավելի հին է և ավելի երկար ճանապարհ է անցել։ Գրականությունը սկսվել է պոեզիայով՝ քոչվորի երգով, որը նախորդել է նստակեցության գրին։ Եվ չնայած ես մի անգամ պոեզիայի և արձակի միջև եղած տարբերությունը համեմատել եմ օդային ուժի և հետևակի միջև եղած տարբերության հետ, առաջարկությունը, որը ես հիմա անում եմ, ոչ մի կերպ կապված չէ հիերարխիայի կամ գրականության առաջացման մարդաբանական աղբյուրների հետ։ Ես ուղղակի փորձում եմ գործնական լինել և ձեր աչքերն ու ուղեղի բջիջները ազատել անպետք տպագիր զանգվածից։ Պոեզիան, կարելի է ասել, ստեղծվել է հենց այդ նպատակով, այն հոմանիշն է խնայողության։ Եվ այն ամենը ինչ պետք է մեզ, թեկուզ մանրակերտով, այն գործընթացի կրկնումն է, որ տեղ է ունեցել մեր քաղաքկրթույան հետ շուրջ երկու հազար տարիների ընթացքում: Դա ավելի հեշտ է, քան դուք կարող եք պատկերացնել, քանզի պոեզիայի ծավալն ավելի փոքր է արձակի ծավալից։ Ավելին, եթե ձեզ հետաքրքրում է գլխավորապես ժամանակակից գրականությունը, ապա ձեր աշխատանքը բավականին դյուրին է։ Դուք պարզապես անհրաժեշտություն ունեք մի քանի ամիս ձեզ զինել մայրենի լեզվով գրված բանաստեղծական գործեր ընթերցելով, գերադասելի է՝ այս հարյուրամյակի առաջին կեսից։ Կարծում եմ՝ ամեն բան կվերջանա տասը բավականին բարակ գրքով, և ամռան վերջին դուք հիանալի մարզավիճակում կլինեք։
Եթե ձեր մայրենի լեզուն անգլերենն է, ես կարող եմ ձեզ խորհուրդ տալ Ռոբերտ Ֆրոսթին, Թոմաս Հարդիին, Ու. Բ. Յեյթսին, Թ. Ս. Էլիոթին, Ու. Հ. Օդենին, Մարիաննա Մուրին և Էլիզաբեթ Բիշոփին։ Եթե լեզուն գերմաներենն է՝ Ռեյներ Մարիա Ռիլկեին, Գեորգ Թրակլին, Պետեր Հուխելին և Գոթֆրիդ Բենին։ Եթե իսպաներենը՝ Անտոնիո Մաչադոյին, Ֆեդերիկո Գարսիա Լորկային, Խուան Ռամոնա Խիմենեսին և Օկտավիո Պասին։ Եթե լեզուն լեհերենն է, կամ եթե դուք լեհերեն գիտեք (ինչը ձեզ համար մեծ առավելություն կլինի, քանի որ այս դարի լավագույն պոեզիան գրված է այդ լեզվով), ես կցանկանայի ձեզ համար նշել Լեոպոլդ Ստաֆին, Չեսլավ Միլոշին, Զբիգնև Հերբերտին և Վիսլավա Շիմբորսկայային։ Եթե ֆրանսերենը, ուրեմն, իհարկե, Գիյոմ Ապոլիներին, Ժյուլ Սյուպերվիելին, Պիեր Ռևերդիին, Բլեզ Սանդրարին, ինչ-որ բան Պոլ Էլյուարից, մի քիչ Արագոնից, Վիկտոր Սեգալենից և Անրի Միշոյից։ Եթե հունարենն է, ապա դուք պետք է կարդաք Կոնստանտինոս Կավաֆիսին, Յորղոս Սեֆերիսին, Յանիս Ռիցոսին։ Եթե հոլանդերենը, ապա դա պետք է լինի Մարտինուս Նեյհոֆը, հատկապես նրա հիանալի «Ավատեր» պոեմը։ Եթե պորտուգալերենը, ապա Ֆերնանդո Պեսոան և հնարավոր է Կարլոս Դրումոնդ դե Անդրադեն։ Եթե լեզուն շվեդերենն է, կարդացեք Գունար Էկելյոֆին, Հարի Մարտինսոնին, Թոմաս Թրանսթրոմերին։ Եթե ռուսերենը, դա պետք է լինեն գոնե Մարինա Ցվետաևան, Օսիպ Մանդելշտամը, Աննա Ախմատովան, Բորիս Պաստեռնակը, Վլադիսլավ Խոդասևիչը, Վելիմիր Խլեբնիկովը, Նիկոլայ Կլյուևը։ Եթե իտալերենն է, ես չեմ համարձակվի ինչ-որ անուն նշել այս լսարանի առաջ, և եթե ես հիշատակեմ Քվազիմոդոյին, Սաբային, Ունգարետտիին և Մոնտալեին, դա ուղղակի այն պատճառով, որ վաղուց ցանկանում էի հայտնել իմ անձնական երախտագիտությունը և հարգանքի տուրք մատուցել այս չորս մեծ բանաստեղծներին, որոնց տողերը վճռականորեն ազդել են իմ կյանքի վրա, և ես ուրախ եմ, որ դա անում եմ իտալական հողին կանգնած։
Եվ եթե այս գործերը կարդալուց հետո թողնեք գրապահարանից վերցրած արձակ գիրքը, դա արդեն ձեր մեղքն չի լինի։ Իսկ եթե շարունակեք կարդալ այդ գիրքը, այդ փաստն արդեն կխոսի հօգուտ այդ հեղինակի․ նշանակում է, որ հեղինակն, իրոք, ինչ-որ բան ունի ավելացնելու մեր գոյության ճշմարտությանը. մի բան, որը հայտնիր էր քիչ առաջ թվարկած մի քանի պոետներին: Դա առնվազն կապացուցի, որ տվյալ հեղինակը ավելորդ չէ, որ նրա լեզուն ունի անկախ էներգիա կամ գրավչություն։ Կամ էլ, պարզապես, ընթերցանությունը ձեր անբուժելի կախվածություն է։ Ինչ վերաբերվում է կախվածությանը, ապա դա ամենավատ բանը չէ։
Թույլ տվեք այստեղ ծաղրանկար նկարել, քանի որ այն ընդգծում է հարցի էությունը։ Այս ծաղրանկարում ես տեսնում եմ ընթերցողին, որի երկու ձեռքերն էլ զբաղված են բացված գրքերով։ Ձախում նա պահում է բանաստեղծական ժողովածու, իսկ աջում արձակի մի հատոր։ Եկեք տեսնենք, թե որը նա առաջինը մի կողմ կնետի։ Իհարկե, նա կարող է երկու ձեռքում էլ արձակի գործեր բռնել, բայց այդ դեպքում նա կմնա մեկը մյուսին ժխտող չափանիշների հետ: Եվ իհարկե, նա կարող է հարցնել, թե ինչն է լավ պոեզիան տարբերակում վատից, և որտեղ է երաշխիքը, որ իր ձախ ձեռքում պահված գիրքը իրապես արժանի է ջանադիր աշխատանքի:
Շատ բարի, նախ այն, ինչ նա պահում է ձախ ձեռքում, ամենայն հավանականությամբ ավելի թեթև է աջ ձեռքում պահածից։ Երկրորդ՝ բանաստեղծությունը, ինչպես ասում է Մոնտալեն, անհույս իմաստաբանական արվեստ է, և դրանում խաբեբայության դիմելու հնարավորությունը ծայրաստիճան փոքր է։ Երրորդ տողն ընթերցող մարդն արդեն կհասկանա, թե ինչ է կարգի իր է պահում իր ձախ ձեռքում, քանզի պոեզիայում իմաստը երևակավում է շատ արագ և անմիջապես զգացվում է լեզվի որակը: Երեք տողից հետո նա կարող է նայել աջ ձեռքում պահածին։
Սա, ինչպես արդեն ասացի, ծաղրանկար է։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ հենց սա կարող է լինել այն կեցվածքը, որը մեզանից շատերը ընդունելու են գրքի այս տոնավաճառում։ Համենայնդեպս համոզվեք, որ ձեր ձեռքերում պահված գրքերը, պատկանում են տարբեր գրական ժանրերի։ Իհարկե, այս անվերջանալի շարժումը ձախից աջ խելագարեցնող զբաղմունք է․ այնուհանդերձ Թուրինի փողոցներում այլևս ձիեր չկան և ձիուն մտրակող կառապանը ձեզ այլևս չի վախեցնի, երբ դուրս գաք այս տարածքից։ Բացի այդ, հարյուր տարի անց որևէ մեկի խելագարությունը դժվար թե մտահոգի այն բազմությանը, որի թիվը մի փոքր կգերազանցի այս տոնավաճառի բոլոր գրքերի փոքր սև տառերի թիվը միասին վերցրած։ Եվ ուրեմն ինչո՞ւ չդիմել այն փոքր հնարքին, որը ես հենց նոր առաջարկեցի։ Եվ ինչպես ասում է պրոլետարիատը՝ դուք ոչինչ չեք կորցնում՝ փոխարենը ստանալով նոր, զուգորդական շղաթաների կառուցման հնարավորություն:

1988

Թարգմանությունը՝ Աստղիկ Առաքելյանի

Ծանոթագրություններ

[1] Մյոբիուսի ժապավեն- Մյոբիուսի ժապավենը (կամ երբեմն անվանում են Մյոբիուսի թերթ, Մյոբիուսի օղակ կամ հանգույց և նույնիսկ Մյոբիուսի մատանի)՝օղակ է մեկ երեսով և մեկ ծայրով։
[2] in octavo, in quarto, in duodecimo (լատ.)- գրքի ձևաչափ։ Քուարտո (4to). թուղթը ծալվում է կրկնակի՝ ձևավորելով չորս թերթ (ութ էջ)՝ մոտավորապես 11-13 մատնաչափ (մոտ 30 սմ) երկարությամբ։
Օկտավո (8vo). կոշտ կազմով գրքերի համար ամենատարածված չափը. թուղթը ծալվում է երեք անգամ, ութ թերթի (16 էջի)՝ մինչև 9 ¾” (մոտ 23 սմ) երկարությամբ։
Դուոդեցիմո (12mo)՝ մինչև 7 ¾” (մոտ 18 սմ) երկարությամբ։
[3] raison d’être (ֆրանս.)- գոյության իմաստ, գոյության բանական հիմք։
[4] Ուրբաթ- Ուրբաթ անունն ուներ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի գործող անձանցից մեկը։
[5] Չիտա- Չիտան շիմպանզեի կերպար է, որ հայտնվել է 1930-ական թվականներից մինչև 1960-ական թվականների Տարզանի մասին բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում, ինչպես նաև 1966-1968 թվականների հեռուստասերիալներում՝ որպես գլխավոր հերոսի «ընկեր»:
[6] belles lettres (ֆրանս.)- «թեթև գրականություն»։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *