Պաատա Շամուգիա | Յոթ բանաստեղծություն

Պաատա Շամուգիան (ծ․ 1983) վրաց արդի պոեզիայի հայտնի դեմքերից է։ Ծնունդով Աբխազիայից է, տեղահանվածների ընտանիքից: 2006-ին մեծ աղմուկ հանած իր առաջին բանաստեծղությամբ մի օրվա մեջ հայտնի է դառնում, քննադատվում վրաց գրականության սրբության սրբոցի՝ «Ընձենավորի» պոստմոդեռնիստական խաղարկման համար։ Շամուգիայի հայացքն ինքնահեգնական է, հաճախ է կոտրում լեզվի քարացած կաղապարները, նոր շունչ, քննադատական մեծ լիցք ու պարզություն բերում վրացական ժամանակակից պոեզիա։ Նա Վրաստանի ամենաբարձր գրական մրցանակի՝ ՍԱԲԱ-ի միակ կրկնակի դափնեկիր պոետն է (2012-ին «Ակաթիստ», 2015-ին «Շիզոհասարակություն» ժողովածուների համար)։ Թարգմանվել է ավելի քան երկու տասնյակ լեզուներով։ Հայերենով ներկայանում է առաջին անգամ։ 2018-ից Պաատա Շամուգիան ղեկավարում է Վրաստանի PEN կենտրոնը։*

 

Հրաման

Թող տուն տրվի անտուններին,
Միլիոններ՝ անփողներին,
Ոգեշնչում՝ պոետներին,
Ոսկոր՝ լեզվին,
Մի ոչխար՝ անքուններին,
Երկու ոչխար, երեք ոչխար…
Սիրահարներին ուժ տրվի՝
Իրարով մեկ լինեն:
Խաղալիքներ տրվեն երեխաներին,
Բռնակալներին է՛լ:
Երևակայությանը ասպարեզ տրվի,
Սովածներին՝ կերակուր:
Ծառեր տրվեն քամիներին,
Որ շունչ քաշեն ճյուղերի մեջ:
Քաղաքական գործիչներին՝ չտրվի ոչինչ:

 

***

Դու, որ ամեն առավոտ նիհար մատներդ մազերիս մեջ ես ցանում,
Դու, որ հասունացնում ես մարմնիս թրթռոցը
Ու հավաքում ես ողնաշարիս սարսուռը
Բալի հատիկների պես,
Ուզում էի էս պոեմը քեզ ձոնել:

 

Սխալների ուղղում

Սիրտս նեղվում է, որ ինչ-որ սխալներ,
Որ կարող էի թույլ տալ,
Թույլ չտվեցի
Ու ձեռքիցս բաց թողեցի
Մեկ էլ չէ՛, մի քանի
Հրաշալի սխալներ թույլ տալու առիթներ:
Ափսոսանքս ուշացած է,
Ստվերների դեմ պայքարելն էլ միտք չունի.
Մի սխալի տակ երկու անգամ չես մտնի,
Երկրորդ անգամ էլ քեզ չի հավանի,
Էլ չի թողնի, որ իրեն թույլ տաս,
Բայց, ախր, մի երկու կարգին սխալ կա՛ր,
Չէ ո՞ր կար,
Իսկ նրանք՝ կատարելագործված, վտանգավոր,
Ձեռքիցս թռան,
Ու իմ բաժին սխալները
Հիմա արդեն ուրիշներն են թույլ տալիս:
Հաճախ եմ երազում նրանց մասին,
Գիշերները գալիս են երազիս,
Ասես թույլ եմ տալիս ամենամեծ,
Ամենից աններելի սխալները
Ու արթնանում եմ՝ ուրախությունից։

 

***
Ի՞նչ պիտի մեզ տա պոեզիան,
Ոչ երջանկություն է արտադրում,
Ոչ ժամանակն է բազմապատկում կամ վաճառում։
Ի՞նչ պիտի մեզ տա պոեզիան։
Ոչ բանկ է,
Ոչ վաշխառու,
Մենակ իր անունն է ինքն իրեն տալիս՝
Էն էլ մի կերպ։
Իսկ ինչի՞ պիտի պոեզիան մեզ մի բան տա որ։

 

Ինչո՞ւ եմ գրում

Հաճախ եմ էս հարցը տալիս,
Թեև պատասխան չունեմ:
Ու ամեն անգամ, երբ մնում եմ անպատասխան,
Գրում եմ:
Ուրեմն, գրում եմ, քանի որ պատասխան չունեմ․
Էս կարող էր լինել հարցի պատասխանը՝
Հմուտ հեդոնիստի ծուռ քարը
Մեկեն նետված ընթերցողի ու հարցատուի բոստանը…
Քամու բերան ընկած գնում եմ (հանց մի Մոցարտ) ու մտածում,
Որ հաջորդ բանաստեղծությունս,
Որը երևի մի քանի ամսից կգրեմ,
Կսկսեմ բնության պատկերմամբ,
Կնկարագրեմ կանաչ ծառուղում մանկան երերաքայլքը,
Խճաքարերի կտկտոցը,
Առավել ազդեցիկ լինելու համար
Տողերից մեկում մի շուն կտնավորեմ
(հավատարմության խորհրդանիշ է,
առհասարակ դրական զգացմունքներ է առաջացնում):
Իսկ էս բանաստեղծությանը վիճակված է լինել պատախան՝
Բոլոր հուսալի բանաստեղծությունների պես,
Որն իբրև երդվյալ մի վկա կասի՝ երդվում եմ,
Որ կասեմ՝ պոեզիա, միայն պոեզիա և ոչինչ բացի պոեզիայից:

Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ես գրում,
Ու էս հարցի ու մարմնիս միջև խոյացած
Կետադրության կուզիկ անդունդին
Ահով եմ նայում:

 

Գործունյա բանաստեղծը

Գնում-գալիս եմ լեզվի ծիրում (անարտոնագիր),
Գործնական պայմանագիր կնքում բայ ու գոյականի հետ,
Ձայնարկությունների միջև՝ զինադադար:
Ես գործունյա բանաստեղծ եմ:

Դիվանագիտական բանակցություններ եմ վարում երկդիմի ընդդիմադիրների հետ,
Նախաբայի հետևում եմ կանգնում, — հարգալից եմ,
Բայց անցյալ ժամանակից մեջք եմ թեքում, — անպատկա՛ռ:
Ինքս իմ արմատն եմ ստուգում․ պիտի կանգուն լինեմ:
Ես գործունյա բանաստեղծ եմ:

Մարզում եմ տարաձև հարաբերակցություններ, — լավ մարզավիճակում եմ:
Կարգի եմ բերում մարմնիս փլված ենթակառուցվածքը, վազվզում եմ:
Լիցքաթափվելու համար առաջին իսկ պատահած աղջկա մեջ հորմոնային ներդրում եմ անում, օհո˜,
Ոչ մի անձնական բան, զուտ բանաստեղծություն:
Ես գործունյա բանաստեղծ եմ:

Պատրաստի պատասխանների բանտում տարիներով ապրող
Ամենքին համաներմամբ դուրս եմ թողնում:
Ժամանակն է՝ բոլորս խաղաղությա՛ն դատապարտվենք:
Ժամանակն է՝ բոլորս սիրո՛ դատապարտվենք:
Մեզ տե՛ղն է:
Զրո հանդուրժողականություն մանրուքներով տարվելո՛ւն:
Ես գործունյա բանաստեղծ եմ:

Փորձում եմ իսպառ վերացնել անջատողականությունը՝
Օտարացումը լեզվի (այսինքն պետության)
Ու մարդու (այսինքն մարդու) միջև:
Խոսք ասողը միշտ ստում է,
Գիր գրողը՝ միշտ բացահայտվում
Գրելիս իր ասած ստով:
Սուտս միջակ է,
Բանաստեղծություններս՝ անմիջական:
Ես գործունյա բանաստեղծ եմ։

 

***
Ուղեղիս երկու կիսագունդն էլ իմ ձիերն են,
Ձախ ձիս չգիտի, թե ինչ բանի է կրտած աջը:
Սանձը բռնել եմ, բայց անզոր եմ հնազանդեցնել,
Կիսված եմ,
Երկու-երկու եմ,
Բինարային եմ,
Մինորային եմ,
Ու գրում եմ շիզոհասարակություն:

 

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

*Թարգմանությունը կատարվել է  Հայաստանի «ՓԵՆ» կենտրոնի նախաձեռնությամբ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *