Ֆրանսիացի արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ Պասկալ Քինյարը ծնվել է Վերնոյում 1948 թվականին: Դասավանդել է անտիկ շրջանի գրականություն Վենսենի համալսարանում: Նրան ճանաչում են բերել «Վուրտեմբերգի սալոնը», «Շամբորի աստիճանները», «Աշխարհի բոլոր առավոտները» վեպերը: 2002 թվականին Պասկալ Քինյարն արժանացել է Գոնքուրի մրցանակի «Թափառող ստվերներ» ստեղծագործության համար (մյուս հատորներն են՝ «Անցյալի վերաբերյալ․ վերջին թագավորություն II», «Անդունդներ․ վերջին թագավորություն III», «Դրախտայինները․ վերջին թագավորություն IV», «Գերզազրանքներ․ վերջին թագավորություն V», «Լռակյաց նավակը. վերջին թագավորություն VI» և այլն)։
Լռակյաց նավակը. վերջին թագավորություն VI
Գլուխ L
Vis
Ինչո՞ւ է մարդուն վիճակված ծնվել առանց վերածնվելու, մինչդեռ բույսերը վերածնվում են տարեցտարի։ Ինչո՞ւ այն, ինչ ֆրանսերեն անվանում ենք la poussée — մղում, աճ, հանկարծակի սպառվում է մեր մեջ։ Ինչո՞ւ մենք չենք կարող վերաճել այն ատամների նման, որոնք մանկության տարիներին փոխարինում են կաթնատամներին։
Pellere, pulsio, poussée․․․ Առաջին դադարը յոթ տարեկանում է, երկրորդը՝ տասնչորսում. քսանմեկ տարեկանում մենք դադարում ենք աճել, իսկ քառասունինը տարեկանում ամեն ինչ անդառնալիորեն փլուզվում է։
Այն ուժը, որը մեզ մղում է գործելու, նույնքան հեռու է բանականությունից, որքան հեռու են նրանից լռությունը, հուզմունքը, զգայությունը, տառապանքը։ La natura (բնություն) բառի մեջ արդեն իսկ առկա է ծննդյան գաղափարը։ Ամեն ինչ կարող է ծնվել. հենց այդ է կենսական մղումը։
Երկրագործությունը հակադրել է երկու շրջափուլ, որոնք որսորդությունը հազիվ է տարբերակել։ Մարդիկ նախ ցանում են (այսինքն՝ թաղում են հողի մեջ), այնուհետև՝ հնձում (հավաքում են նոր բերքը)։ Մահը, որ աշնանը թաքնվում է հողում, և կյանքը, որ գարնանը հաղթահարում է մահը. երկրագործական աշխատանքների ժամանակը հորինել է մահվան նկատմամբ այս հաղթանակը (գալիք գարնանը)։
Բնության այն ուժը, որ պալեոլիթյան մարդիկ երկրպագում էին վայրի կենդանիներում, նեոլիթի ժամանակներում կերպափոխվել է չինացիների che-ի, հռոմեացիների vis-ի, հույների physis-ի: Հեղեղատները, մրրիկները, կայծակները նույնպես համարվում էին կենդանի էակներ` գազաններ։ Նույնիսկ քարերն ու լեռներն ընկալվում էին որպես կենդանիներ։ Հնագույն մարդիկ հավատում էին, որ քարի, ժայռի մեջ գոյություն ունի մի զորեղ ուժ, որն ապահովում է նրանց հարատևությունը։ Հավատը «քարերի նման երկարակյաց» գոյության հանդեպ ստացել է «վետերոկրատիա» անվանումը։ Առաջին քարե քաղաքները չեն հղացվել ողջերի համար։ Այդ մթին քաղաքները կառուցվել են մեռյալների ստվերների համար՝ աստղերի նետած ստվերի, նրանց լույսի և ժամանակի համար։
Զորություն (ուժ) — ահա լատիներեն virtus և ֆրանսերեն la vertu (առաքինություն) բառերի նախնական իմաստը։ Մարկուս Տուլլիուս Կիկերոնն իր «Տուսկուլանյան զրույցներում» գրել է. «Virtus-ը հատկությունն է լինելու vir (այր, տղամարդ), ճիշտ այնպես, ինչպես senectus-ը (ծերությունը) հատկությունն է լինելու senex (ծերունի)»։
Սեռական օրգաններն անվանվում են vires կամ, այլ կերպ՝ virilia։ Eviro բայը նշանակում է ներքինացնել, զրկել առնականությունից։ Virtus-ը տղամարդու սեռական կարողության ակտիվությունն է, երբ տղամարդ ու կին հայտնվում են դեմհանդիման։ Հետագայում այս բառը ձեռք է բերել այլ նշանակություն՝ հերոսի արիություն, որ դիմակայում է մարդուն սպառնացող եղջյուրավոր գազանին (ինչը խորհրդանշում է մահվան հավանականությունը)։ Ժամանակակից ավանդույթում այն արտահայտված է «ալֆա» տառով։ Դեմառդեմ (coït — կենակցում), ճակատ առ ճակատ (corrida — ցլամարտ), մարմին առ մարմին, հռոմեական ըմբշամարտ, ֆրանկական մենամարտ, միջնադարյան զինամարտ, դուել՝ Լյուդովիկոս XIII-ի օրոք և այլն։ Vis-ն այն գործունությունն է (ակտիվություն), որ միավորում է զորությունն ու մահվան արհամարհանքը (fortitude)։ Fascinus-ի կարողությունը (virtus), բույսի կենսական ուժը (vertu), մետաղադրամի արժեքը (valeur)՝ այս ամենը միավորված են ընդհանուր իմաստով, այն է՝ vis։
Պալեոլիթի տեսանկյունից՝ յուրաքանչյուր գործողության հիմքում ուժն է (զորությունը)։
— Սա ինձնից զորեղ է, — ասում են հերոսները։ Այդպես սուբյեկտը (նա, ով ասում է «ես») սահմանում է ախտանիշը («ես»-ը, որն ավելին է, քան «ես»-ը)։ Սա իրենից զորեղ է։ Այդպիսին է մարդասպանի գիշատիչ ուժը։ Այդպիսին է բռնացողի դիվային դաժանությունը։ Այդպիսին է Արարչի դեմիուրգյան զորությունը։ Այդպիսին է, բառի նեղ իմաստով, la vertu-ի զորությունը (vis)։
Ցլի ցասմնալից ուժը, ծաղկի կենսահյութը զորեղ են հենց իրենցով։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը կարելի է բնորոշել ֆրանսերեն virulent բառով՝ թունավոր, վտանգավոր։ Virus բառը նշանակում է և՛ բույսի հյութ, և՛ կաթնասունների սերմնահեղուկ, և՛ օձի ժայթքած թույն։
Պողոսի հանճարեղությունն այն է, որ նա համայն մարդկության համար հորինել է հարությունը, այլ կերպ ասած՝ մարմնի և հոգու երկրորդ կյանքը՝ Տիրոջ ահեղ դատաստանից հետո։ Մինչև Պողոսը՝ նույնիսկ Հիսուսն էր մահկանացու։ Հիսուսի «վերակենդանացումը» եռօրյա փորձություն էր. նա ստիպված էր մի կողմ գլորել գերեզմանաքարը, ստիպված էր այնպես անել, որ Մագդաղենացին ճանաչի իրեն, թույլատրեց Թովմասին ձեռքերով շոշափել իր մարմինը, ոտքով քայլեց մինչև Էմմաուս գյուղը և այդպես շարունակ։
Պողոսը ուսուցանում է, որ հարությունը դեռևս հավիտենական կյանքի երաշխիքը չէ։ Այն վերջին օրվա մասին է։ «In resurrectione»-ն թարգմանվում է որպես «in novissimo die»՝ հարություն առնել վերջին օրը։ Ուժը կուտակվում է՝ ձգտելով պայծառ, ավելի ու ավելի մաքուր լույսի։
Պողոսը՝ հունարենով, իսկ Օգոստինոսը՝ լատիներենով, արտահայտում են նույն շտապողականությունը, նույն virtus-ը, նույն vertu-ն, ոճական նույն գարնանային շունչը։ Թռիչք, ուժ, խզում, հարատև անհամբերություն, անընդհանրական պոռթկում, մտահայեցողական խստություն։ Vita viva։
Եթե Պողոսը հնարել է հարությունը, ապա Օգոստինոսը վերափոխել է դժոխքը։ Օգոստինոսի հանճարն այն էր, որ նա սև տոգաներով թշվառ ստվերների ստորգետնյա թափառումները, որոնք քիչ-քիչ ընկղմվում էին մեռյալ ճահճուտը, տեղափոխեց նստակյաց և քաղաքային կյանք՝ երկնային վեհատեսիլ և հավերժալույս քաղաք։ Նա փոխակերպեց անդունդը, որը կլանում էր մարդկային անզոր, տկար ու խամրած կյանքը, և վերածեց այն լուսավոր, զվարթ և մշտնջենական գալիքի։ Նա հառաչող ուրվականների մահկանացու վիճակը փոխակերպեց անվախճան մարմնի հեռանկարի և հավիտենական կյանքի խոստման։ Այսուհետ աստվածային քաղաքը «իմաստավորում է» երկրային բնակավայրը։ Քաղաքային համայնքներն առաջացել են սրբերի գերեզմանների մերձակայքում։ Սուրբ Մարտինի քաղաքը Տուրն էր, սուրբ Կասիուսինը՝ Բոննը, և այդպես շարունակ։
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի
Ծանոթագրություններ
Vis (լատ.) — ուժ, զորություն
Virtus (լատ.) — առաքինություն, ուժ, էներգիա, սեռական կարողություն
La poussée (ֆր.) — մղում, աճ
Pellere (լատ.) — մղել, հրել
La vertu (ֆր.) — առաքինություն, ուժ, զորություն
Vita viva (լատ.) — կենդանի, բուռն կյանք
Fascinus (լատ.) — ֆալլուս, հմայք/չարաչքից պաշտպանող սիմվոլ
α — ալֆա (ծագում է սեմական «ալեֆ»-ից՝ ցլի գլուխ)
