Հայ ժամանակակից հեղինակները Հայաստանի մասին
Հովհաննես Գրիգորյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
ՀԱՅՐԵՐԻ ՀՈՂ
Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…
ՉԳԻՏԵՍԹԵԻՆՉ – 2
Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում,
և ինչքան թշվառ են ու խեղճ,
այնքան ավելի շատ են հայրենիք:
Իսկ զորեղ ու հարուստ երկրները սովորաբար կոչվում են
անունով, ասենք` Անգլիա, կամ Միացյալ Նահանգներ,
և սովորաբար ոչ ոք չի մեռնում նրանց կարոտից
և հալումաշ լինում` ա՜խ, իմ թշվառ հայրենիք կանչելով,
այլ, ցանկության դեպքում, տոմսեր են պատվիրում
ցանկացած ժամի և մեկնում են իրենց երկիր, սովորաբար
թերթ կարդալով և կամ սուրճ խմելով:
Հայրենիքները սովորաբար հեռու են լինում,
քարքարոտ ու անտերանոց մի տեղ, Աստծու աչքից հեռու,
սպասման մեջ պիտի բազում օրեր քնես ու զարթնես
անհրապույր ու լքված կայարանների չորչորուկ աթոռներին,
և ապա, մեծ հաջողության դեպքում` ճանապարհ պիտի ընկնես
անպատեհ մի ժամի, սովորաբար խորը գիշերով,
իրար վրա թափված բազմության մեջ կորցնելով ոտիդ և
հաճախ նաև գլխիդ տեղը, և տեղ պիտի հասնես սովորաբար
գիշերվա անհայտ մի ժամի, որպեսզի այնուհետև ճանապարհի մյուս կեսն անցնես քայլելով`
երբեմն պիտի բարձունքներ հաղթահարես` կառչելով ծերպերից,
երբեմն չոքեչոք ու սողեսող գնաս, պիտի ձորեր մտնես,
ուր հնարավոր չէ իջնել առանց պարանի օգնության…
Հայրենի տները սովորաբար կիսաքանդ են լինում` ի՞նչ
իմաստ ունի նորոգելը, եթե փլվելու է նորից երկրաշարժից
հերթական և կամ առօրյա ռմբակոծությունից…:
Կիսաքանդ տներ` բերնեբերան լցված տնքտնքացող պառավներով,
անմարդ կնանիքով և անթրաշ տղամարդկանցով, որոնց
կյանքի մի կեսը բանտերում է անցնում, մյուսը` օտարության մեջ
և կամ հիվանդանոցներում, որտեղից սովորաբար գերեզմանոց են
տանում` չստուգելով անգամ ո՞ղջ են, թե՞ մեռած…
Հայրենիքում օրը սովորաբար մի եղանակ է ունենում`
ցուրտ, դաժան ձմեռ, որը վերջանում է քեզ հետ միասին,
և հետո, տարբեր ինչ-որ կարճ շրջան, որ համակված է
ձմռան սպասման տագնապ ու վախով…
Հայրենիքում օրը սովորաբար մի ժամ է ունենում`
գիշերվա մի ժամ, որը 24 ժամ է տևում սովորաբար…
Հայրենիքն այնտեղ է, ուր սովորաբար խռմփոց է հնչում,
կամ էլ` քնելուց զզված երեխայի լաց…: Բոլորն են քնած.
դերասանը բեմի վրա, երաժիշտն իր գործիքը գրկած,
պաշտոնյաները աթոռին նստած, և միտինգներում
հռետորներն են քնած` միկրոֆոններից, ապահովության համար,
ամուր, պինդ կառչած…
Հայրենիքները ահա թե ինչու երազներով ու երազանքներով են
բերնեբերան լցված… Բոլորն են քնած:
Սակայն ճիշտը այն է, որ սովորաբար
նախ հայրենիք են լինում սկզբում և հետո միայն,
ժամանակներ անց – դառնում են
երկիր: Երևի թե
բոլորն անխտիր:
ԱՅՍՊԵՍ Է ԵՂԵԼ
Եվ Աստված ցանկացել է գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ Աստված ցանկացել է գրել
Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձրյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց
քո փոքրիկ հողակտորի վրա…
Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար
քո փոքրիկ հողակտորի համար…
ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ
Երկիր և Ջրեր
Այն Երկիրը, որը նման է
ուրիշ երկրների, Հայաստանը չէ,
եւ Հայաստան չէ առհասարակ.
բանաստեղծություն է, որը, գուցե,
գրել են ներշնչանքից առաջ կամ հետո,
ստվեր, որը չի ճանաչում իր լույսը,
խաղաղություն չընդգրկող պատերազմ,
ցերեկվա խավար, գիշերվա բնազդ,
մարգարե, որ ժամանակների մեջ պարապ
թափառելով՝ անհուսորեն հետ է ընկել
Ժամանակից, պարտություն է կամ
հաղթանակ, երբ ճակատամարտ չկա էլ,
մահ է, որ հասու է յուրաքանչյուրին,
ու փորձություն՝ որը չի կրելու ոչ ոք…
Իսկ բառերը – եթե նույնիսկ գրված են
քարերի վրա – ծփում են ալիքների պես
(քանզի ծնվել են առաջին ջրերից),
ուրեմն վաղուց վերեւում բերված
հերթականությունն այլեւս չունեն…
Ներսես Աթաբեկյան
Dixi
Հայաստա´ն,
Ես քո ծեր բեռնաձին եմ,
Գնալով գնանք, տանելով տանենք,-
էս մի ձորից էլ մեզ մի կերպ հանենք,-
Ու հանգստանանք:
Ու հանգստանա՜նք…
Դավիթ Հովհաննես
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ
Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին,
Եվ ինձ խփում են – տարերքը տակից, Աստված վերևից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արևմուտքը աջից, Արևելքը ձախից,
Բայց ես չեմ վերջանում,
Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,
Բայց ես Հայաստանն եմ, և ինձ սպանել հնարավոր չէ, որովհետև ես ամեն ինչ եմ, ամենուր ու անվախճան,–
Զավակ եմ փլատակված, մայր եմ խելագարված, հայր եմ չթաղված, դագաղ եմ չճարված, մատնամնացուկ եմ ջարդոտված, հող եմ սառած, անուն եմ մոռացված, հավատք եմ հալածված, երկինք եմ մթնած, քար եմ պատռված, գիր եմ ջնջված, ջուր եմ պղտորված, ծիծաղ եմ լռած, երգ եմ ընդհատված, սիրտ եմ կոտրված, հույս եմ կտրված, հոգի եմ ուրացած, մարմին եմ նյութացած, երկիր եմ փեռեկված, օրենք եմ մեռած, միտք եմ ըմբոստացած, Ադամ եմ արտաքսված, դրախտ եմ կորուսված, դժոխք եմ բացված, ընդերք եմ գազանացած, լավա եմ ժայթքած, ինքնաթիռ եմ խորտակված, խոյակ եմ խախտված, հաց եմ տրորված, գինի եմ թափված, Խոսք եմ բանտարկված, Բանաստեղծ եմ խաչված ու Աստվա՜ծ եմ եսացած,
Եվ Ահեղ Դատաստանի օրը ե՛ս պիտի նստեմ Աստծո փոխարեն,– և պիտի շնչա-վորեմ ու մխիթարեմ, հուղարկավորեմ ու հայթայթեմ, վերականգնեմ ու ջերմացնեմ, հիշեցնեմ ու դիմակայեմ, լուսավորեմ ու հարակցեմ, վերծանեմ ու պարզեմ, ձայնավո-րեմ ու շարունակեմ, ամոքեմ ու կեցուցանեմ, ընդունեմ ու ոգեղինանամ, միավորեմ ու սահմանեմ, հավատամ ու վերադառնամ, գտանեմ ու գոցեմ, խաղաղեցնեմ ու հունավորեմ, փրկեմ ու հաստատեմ, բարձրացնեմ ու հավաքեմ, ազատեմ, իջնեմ ու աստվածանա՜մ,
– ԱՍՏՎԱԾԱՆԱ՜Մ,–
Որովհետև Աշխարհի սկզբից ի վեր իմ մարմինն է հաց, և արյունս է գինի, և իմ խոսքն է Աստված, և Աստված եմ ես,
Եվ չեմ վերջանում,
Եվ նա, ով կերավ իմ հացն ու չկշտացավ, խմեց իմ գինին ու չհագեցավ, լսեց իմ Աստծուն ու չհավատաց, տեսավ ինձ ու չճանաչեց,–
Տարերք լինի թե Աստված, թշնամի թե բարեկամ, Արևմուտք թե Արևելք –
Ցա՛ծր է իմ առաջ, և պիտի պատասխա՜ն տա ինձ՝ Ահեղ Դատաստանի օրը,
Որովհետև ես Հավերժական Հայն եմ ու Հայաստանը,
Որովհետև ես ամեն ի՛նչ եմ, ամենո՛ւր ու անվախճա՛ն:
31 հունվարի, 1989
Աշոտ Գաբրիելյան
Հայաստանին
Այլևս վերջին երգեր չկան
Ու վերջին պոետներ…
Պոեզիան առանց քեզ
Յոլա է գնում
Եվ մեկ-մեկ վիրավորվում
Քո անտարբերությունից…
Այլևս դու պոետներ
Չունես,
Եվ ես վերջին
Ծխախոտն եմ ծխում
Այս մասին…
***
Ես չեմ կարող առանց քեզ,
Մի օր գալու եմ
Եվ պատգամ եմ բերելու,
Նույնքան արժեզուրկ
Ու նույնքան իմաստուն,
Որոնք եղել են անցյալում…
Հետո ի՞նչ,
Թե նորից քո փողոցներում
Անիմաստ ապրող
Անիմաստ պպզող
Ու անիմաստ երեսիդ թքողներ են
Լինելու:
Հետո ի՞նչ.
Որ Կոմիտասիդ
Սադրողը
Թքողների համքարության
Վաստակավորն է:
Հետո ի՞նչ,
Թե ես պատգամ եմ բերելու…
***
Ես գրում եմ
Չենթարկվելով հոգուս ձայնին,
Ուր քեզ համար
Վեհ ու սուրբ խոսքեր կան
Այլևս չհնչող:
Կամ բութ ուսուցիչներիդ
Շուրթերից բարձրաձայնող
Բարձրագոչ ճառեր,
Որոնք գրականության դիակը
Այնքան են քրքրել,
Որ մեռելներն անգամ
Նոր պատանքով են թաղվում:
Դիակապուտ ուսուցիչներս
Գովերգում են քեզ,
Հրաշքներ պատմում քո մասին,
Իսկ ես ուզում էի մերձենալ քեզ,
Բայց աղոթքի ելա,
Մոռանալով վեհ ու սուրբ խոսքերը,
Ու լռեցի…
***
Անմշակ հողերի քարավանի միջով
Խճուղին է սլանում
Եվ տանում
Սևաշքերթ հաստավիզների ավտոշարասյունը…
Հորս ժանգոտ բահը
Վաղուց կորցրել է հողի երազանքը,
Եվ երազանք գրկած արցունքն է
Վերադառնում հողին…
Աննա Դավթյան
Նկարեցինք այս երկիրը,
ամենուր չորություններ դուրս եկան՝
քարեր, քիչ,
խորխորատ:
Քչությունից ծիլեր դուրս եկան՝
թափանցիկ,
քարերի գույնը դեռ մեջները,
ջուր ավելի, քան պնդություն:
Նվաղուն դուրս եկան քարերի մեջ,
մեծ ամպի տակ:
Նկարեցինք ամպերի տարածվելը,
մարգեր դուրս եկան քարերի մեջ՝
հավասար, գուգահեռ, կայտառ,
գծել էր մեկը:
Անձրև եկավ,
ոչ ոք չխանգարեց, որ ջրվեն ծառերը,
եկավ, փայլեցրեց տերևները,
կուտակվեց հողի մեջ:
Կանաչը բարձրացավ, շատացավ, լցրեց իրենով,
նկարեցինք այս երկիրը,
շողաց:
Շողում էր:
***
Ճեղքրտվող երամակ –
երկիրն է` մամուռով լիքը,
որ կշռվում է փոքրության կշեռքներով
ու խփվում է քամիներից քամիներին`
թափելով ձեռքին եղածը:
Ձեռքին եղածը` ոսկի:
Հարավի արևը` ոսկի,
հյուսիսի արևը` ոսկի,
բաժանում են,
մեջտեղում – ճեղքրտվող երամակ –
երկիրն է` մամուռով լիքը`
թափելով ձեռքին եղածը:
Արևից թափվածը` ոսկի:
Արտաշես Ղազարյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտիրոս Սարյանի հիշատակին
Սա այն երկիրն է, որ կորցրել ենք,
Սա այն երկիրն է, որ նորից գտանք:
Սա այն երկիրն է ուր բարձրյալը
Նախաստեղծ կավից արարում էր կյանք:
ճե՜փ-ճերմակ ամպեր կապույտ երկնքում…
Ուր որ է պիտի հրա՛շք կատարվի:
Հեռվում սքողված արարման ակունք,
-Արոր ու ակոս հերկած կտավին։
Ծաղկած տանիքին պար բռնած ծռեր,–
Հողն իրենով է Լույսը երիզել…
Կարմրաքար վանք ու թզենու ծառեր,
Հասունացել ու կաթում է թուզը:
Ձորի պռնկից կախված խաչքարեր,
Այրվող խնկի ծառ դեղին կտավին։
Բերդապարսպին՝ մեսրոպյան գրեր,
Բերդապարսպին՝ քանդակված տավիղ:
Սա այն երկիրն էք որ կորցրել ենք,
Երկիրն այն, որ մենք փնտրեցինք երկար:
Սա այն երկիրն է ուր մեր անցյալը
Հավերժից հառնում, դառնում է ներկա:
Հրաչյա Սարուխան
ՀԱՅԱՍՏԱՆ
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։
Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը:
ԵՐԳ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ
/հատված/
Դար ու դարեր շարունակ
Քոնն եմ եղել ես-
Քո երկնքի և հողի
Դաշնագծի պես։
Քոնն եմ և արդ. օրհնությամբ
Ինձ պոետ կարգի՛ր,
Բարեբանի՚ր քնարն իմ, Շնորհազարդի՛ր։
Քերթողներիդ հետ մեկտեղ
Թող հացի նստեմ,
Արարատից գլորվող
Արցունքս զսպեմ…
Պատվիրաններն այն բոլոր,
Որ տալու ես ինձ,
Ի կատար են լինելու
Դեռ խոսքիդ կեսից։-
Անդաշնուրաց դաշինքի
Հավաստիքի պես
խաչաչարչար օրերիդ
Հիշատակն եմ ես։
Օվսաննա՜ է Հիմնը քո,
Սաղմոս ու ներբող…
Հարությանդ վկան եմ
Մասսափայլ Գերբով:
Քո տերն եմ ես, քո ծառան,
Սե՝րն եմ քո համակ,
Որպես համայն Աշխարհին
Հղված բաց նամակ…
Արմեն Մարիտիրոսյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մագաղաթյա փոքրիկ ու խունացած մի թերթ,
որի վրա առաջ Հիսուսն ինքն է խաչվել,
հիմա՝ իմ աչքերը:
Անահիտ Հայրապետյան
Ձոն
Ես, իմհայրենիք, քո տունկն եմ,
Որ քայլել ու խոսել սովորեց քո ծոցում,
Ես, իմհայրենիք, մեկն եմ,
Որ պարտավոր է քեզ գոնե մի երգ ձոնել,
Չգորովագութ, նորաոճ, շնորհալի տերմիններով օծել քեզ,
ինձ ձանձրացրել է քո խղճուկ կերպարը՝
կերտված տարիների, դարերի ընթացքում,
որ անմասն չմնաց նաև ինձ տառապեցնելուց…
Աշակերտական նստարանին քանի անգամ հեծեծացի քո բախտը,
քանի անգամ կանգնեցի բեմում ու արտասվախեղդ բղավեցի՝
իմհայրենիք, քո ոխերիմ թշնամիները…
Օ՜, ինչ այլանդակն էի,
ես՝ փոքրիկ մանուկ,
բառերը դեռ նոր-նոր բիբերիս մեջ թռվռում,
իսկ իմ մեջ վխտում էին օձակերտ զգացմունքներ,
ինձ հասցրել էին փչացնել, իմհայրենիք:
Ես երկար կարող եմ գովել քեզ,
գրել, որ վատն են մանկապարտեզներդ,
որ վատն են դպրոցներդ,
որ դասատուներդ աշակերտ դաստիարակել-կրթել չգիտեն,
որ ծաղկեփնջերն ու շոկոլադներն են
լավագույն դեպքում մեդալները,
որ բուհերը նոր-նոր թարմացնել են սկսել
ուսանողներին տրվող գիտելիքները…
Որ ես երկար կարող եմ քեզ գովել,
դու հասկացար արդեն:
Դու ամենաներողամիտն ես,
դու ամենալավն ես,
դու ինձ սիրում ես,
ես քո ծոցում սովորեցի բլբլալ հայերենով,
ներեցիր չարաճճիություններս բոլոր:
Դու սփռում ես կարոտներ,
ունես բազում լեռներ ու լիճ ունես,
բայց գիտես, իմհայրենիք,
հեռուստաէկրանով հաճախ եմ ընկնում այլ երկրներ,
այսպես, իմհայրենիք,
անգամ ջահելների մեջ ջոկողություն ես դնում,
ու էլի միայն հատուկենտերն են ճամփորդում,
էն էլ՝ երևի հանուն հավեսի,
կամ էլ՝ լավագույն դեպքում
այլ երկրներ են գնում
որպես էժան աշխատուժ,
ամերիկացիների աչքը լույս, իմհայրենիք, քեզ ինչ…
Մի անգամ էլ հեռուստացույցով տեսա,
որ Շոտլանդիայում էլ լճեր ու լեռներ կան,
անգամ անտառներ,
շատ նման մերին,մերից էլ սիրուն,
ինչքան դղյակներ,
ու նրանք էլ ունեն պատմություն ,
ունեն Սասունցի Դավիթ,
բայց կոտորած, չէ, կարծեմ, չեն ունեցել,
միայն մենք, հրեաները,
հույները, ասորիները…
Դու, իմհայրենիք, փաստորեն նաև
բազում սիրային խոստովանություն ես,
ես փաստորեն սիրվելու համար եմ,
փաստորեն գրականության համար չեմ,
փաստորեն այն դաժան է, նյարդային,
բայց դու լա՞վ ես ճանաչում քո հպատակներին:
Բայց ընկերներ ունենալը վա՞տ է,
բայց նրանց կորցնելը՝ կորու՞ստ,
ինչու բաժակումս մուկ չէր ընկել, իմհայրենիք,
ինչու երազում միայն աստվածների հյուր գնացի,
ինչու ինձ ողջունեցին
Աֆրոդիտեն, Կլեոպատրան,
Մարոն, Անուշը, Գայանեն…
Ես քեզ չեմ մեղադրում, ոչ.
ով եմ դրա համար,
նոր-նոր սկսել եմ հասկանալ քեզ,
քանզի իմհայրենիքը միշտ ես եմ եղել,
ու ես՝ ազատ, զգոն, խելացի, գեղեցիկ, անձնուրաց…
Դարձար ընտանիքս,
Կյանիքս քսաներերքերորդ տարեդարձին միայն՝
Արարատյան դաշտավայրը՝
Տոթ, կիզիչ, անօդ, քաղցր,
մոծակաշատ, վերնիսաժ…
հետո ձգվեցիր քո լերկ լեռներով,
սեգ սարերով,
խոր ձորերով,
ու ավելի ուշ միայն՝
մայրաքաղաք Երևանով:
Ու ոչինչ, իմհայրենիք,
Որ սփյուռքում շատերը պետական լեզուն
խառնում են քո անաղարտ լեզվի հետ,
ոչինչ, որ ամեն ինչ քո ուզածով չէ,
անուշ իմհայրենիք:
Չէ, իմհայրենիք, դու միայն հասարակ անուն չես,
դու երկու գործողությամբ ներկայացում չես,
ու հիմա էլ անտրակտ չի,
դու միայն արտահանվող ծիրան,
կոնյակ ու գարեջուր չես,
դու լավ թխված լավաշ ու մատղաշ քուռակ չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
դու միայն թանգարանը չես բաց երկնքի տակ,
դու միայն Արարատ ֆիլմը չես,
Սուսերով պարը չես,
զբոսաշրջության կենտրոնը չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
դու միայն եռագույն դրոշ մեր ազատությանը չես,
մեր հազարագանձ հայոց լեզուն էլ չես,
դու ավելին ես, իմհայրենիք,
միշտ ավելին…
Հավերժ քո ոխերիմ բարեկամ՝
Անահիտ Հայրապետյան
«Թաբու» 2005
Վարդան Հակոբյան
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Ես սիրում եմ իմ հայրենիքն անկեղծորեն` ինչպես բոլորը,
և անասելի խորշում եմ
հայրենասիրության մասին խոսքերից, ինչպես, իհարկե, ոչ բոլորը:
Զոհվածնե’ր, հրաժարվեք նրանց ծաղիկներից, ովքեր
պսակներ դնելու պահին հատուկ նկարահանվում են`
հուշարձանները դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության…
Ռամիկնե’ր, մերժեք ձեռքսեղմումները նրանց, ովքեր
միևնույն պահին ժողովրդի մեջ հատուկ նկարահանվում են`
նրան դարձնելով մասն իրենց քարոզչության…
Աստվա’ծ, մի ընդունիր մոմավառությունը նրանց, ովքեր
հաղորդության պահին խորանում վանքի
հատուկ նկարահանվում են` աղոթքը դարձնելով
ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության…
Հանրությու’ն, մի վստահիր նրանց, ովքեր
սարեր են խոստանում անվերջ` մոռանալով, թե քանի
սար է մնացել հայոց աշխարհում…
Տանել չեմ կարող հայրենասիրության մասին ճառերը,
իսկ երբ ճգնում են սերը բառավորել,
սկսում եմ արդեն չսիրել`
ոչ ինձ,
և ոչ էլ անգամ
հայրենիքը…
Հայաստան
Ինչքա՜ն անպաշտպան կլինեիր, Հայաստան, եթե հանկարծ
թշնամիներ չունենայիր (չի էլ հնչում՝ անոսոխ հայրենիք), եւ
հիմա որքան անպարտելի ես,
Հայաստան։
Ոսոխների քանակական հարաբերությամբ՝ աշխարհի ամենահզոր
տերությունն ես եւ՝ ամենամեծ (N 1):
Ի դեպ, ի՞նչ են ոռնում մեր տունը սեփականած հարեւանները, գրեթե՝ «հայրենի» ոսոխներ,
որ հիմա էլ ելել են հողին տրված մեր հիշողության դեմ ու
մնացել շիվար,
որովհետեւ հիշողությունը սերմ է, որ երբեք չի փտում,
100 դար էլ թե փակի տակ մնա, մեկ է՝
մի օր ելնելու է
ծիլ-ծիլ սրերով՝ որպես վերադարձն այն ամենի, ինչը երբեք
չի կորսվում։
Հայաստան,
ինչպե՞ս ապրեմ այսօրը, որ այն վաղվա
վրիպումը
չդառնա։
Ուզում եմ նենգ ու ստոր չլինեն թշնամիները,
ուզում եմ դու լինես ավելի անհաղթելի,
ուզում եմ դու լինես ավելի Հայաստան ու միշտ՝ ամենա…,
այսինքն՝ պարզապես Հայաստան:
Հենրիկ էդոյան
ՄԻ ՍԻՐՏ ՀԱՐԱՏԵՎ
Փոքրիկ երկիր` սեղմված
լեռների կոնքերում, ի՞նչ երգ ես
ուզում լսել, ի՞նչ խոսքեր ես հիմա
տեսնում քո երազում: Չորացած
կոկորդի մեջ, ամռան
կիզիչ օդում, ընկնում են բառերը
անձայն ու անարձագանք,
ինչպես ծառեր` կտրված
օտար մի ձեռքով, ինչպես շիրմաքարեր,
որոնց տակ աշխարհը
չունի ոչ մի չափում:
Կարճ ինչպես կյանքի խոստում,
երկար ինչպես քունը մղձավանջային
բառերը չեն հասնում քեզ:
Ի՞նչ երգ ես ուզում լսել
քո հին երազում: Այն, ինչ ունես դու,
մի սիրտ է հարատև,
որ բաց է և արթուն
Խաչիկ Մանուկյան
ՆԱԻՐՅԱՆ ԷԼԵԳԻԱՆԵՐ
1.
Տղամարդու չեղած դառը արցունքներով,
Որ մրմուռ են դառնամ, այրում կոկորդն ի վար,
Անթիվ կորուստներից իմ պաշարված սիրով
Ուզում եմ քեզ հիմա ամուր գրկել ու լալ։
Սովից ընդարմացած, հիվանդ հայացքներից,
Որոնք չեն ընկալում տեսանելի ոչինչ,
Կսարսափեր անգամ այն Հոբ Երանելին՝
Ուրանալով և Տեր, և փառք, և ամեն ինչ։
Ահա, այդ խելագար հայացքների առաջ,
Որ սրերի նման փորոտիք են թափում՝
Արնոտում են բառերն իմ շուրթերը սառած՝
Որպես մահվան նվագ՝ ցնդող հայրենիքում։
2.
Ողջ կյանքս՝ պանդոկին նվեր,
Եվ հոգիս՝ արյունոտ բագին,
ճախրանքի կարոտ, իմ թևեր,
Մոխրացե՛ք գինու կրակին։
Դիվահար եղավ ու ցնդեց
էն սիրո զմայլանքն անգին,
Երկնքի միակ փառքը մեծ
Տեր չեղավ անշառ իմ վարքին։
էլ չունեմ հայրենիք անմեռ,
Ինքնիշխան, զորավոր, կարգին
Ողջ կյանքս պանդոկին նվեր,
Եվ հոգիս արյունոտ բագին։
3.
Գիշեվա մորուքը ոտքերիս է հասնում,
Տրորեմ՝ կզակը կցավի,
էս գարնան ցրտերից խռովեց մեր ածուն,
Ու մնաց եղյամը մացառի։
Պպզեց՝ ու պրծա՜վ, էլ ոտքի չի կանգնի
Իմ հոգու էշ ե՛զը լուսավոր,
Սովահար մանուկներ, կիսամեռ մի նանի,
Հայրենիք – դա՛րն ի վեր վիրավոր։
Մեզ գտավ ու մնաց անհայրիկ մի քամի
Փոշոտեց աչքերը Տիրամոր,
Ո՛չ ապին է գալիս, ո՛չ զարթնում է նանին
Ու որբ են մանուկ ու ալևոր:
4.
Լռության ժխոր, չարության կիրք,
Խոշտանգված դեմքեր անասելի,
Սոված շան նման քամին է լիրբ
Լպստում լորձը դիասայլի:
Քահանան՝ որպես երկնքի գարդ,
Բառեր է ասում հույժ լուսավոր,
Եվ ասպետական սրտով մի սարդ
Արցունքն է սրբում հանդիսավոր։
Փառքը՝ մահացու վերջին ական,
Պայթում է ամբողջ հասակով մեկ,
«Արքան չի՛ մեռել, կեցցե արքան»
նենգափոխված ուրիշ մի երգ։
Գերեզմանափոր մի հրեշտակ
Պատառոտում է կուրծքը հողի
Նրա կիսափակ կոպերի տակ
Ֆրոյդն է սողում գաղտագողի։
Սգո դառնհամբույր տալուց
Բզեզն իջնում է արնոտ քունքին,
Եվ խլանում են ողբ ու հառաչ՝
Ցոփ ծիծաղի տակ արցունքի:
5.
Մորմոք չէ այլևս, ոչ էլ՝ ցավ,
Իմ երկիր, ծխացող վերքր քո.
Արցունքիս ղողանջը խլացավ,
Շիկացավ արևիդ կրակով։
Դու հիմա պայծառ ես առավել
Եվ հոգով զորավոր ավելի,
Քեզ լույսի կավից են արարել
Ու փռել աշխարհի խավարին։
Ու թեև բյուր հազար վերքեր են
Տրոփում հոգուդ մեջ արնաքամ,
Բայց էլի հնչո՛ւմ են երգերդ,
Շաչում են սրե՚րդ հաղթական։
Դեռ պիտի բոլորվեն ծայրից ծայր
Հավատիդ անսպառ լույսի քով,
Մորմոք չէ այլևս, ոչ էլ՝ ցավ,
Իմ երկիր, ծխացող վերքը քո։
Մարինե Պետրոսյան
փոքրիկ բանավեճ եվրոպական տան բնակիչների հետ
Գերմանիան տարածք է ընդամենը
Գերմանին հորինել են
Բիսմարկն է Գերմանին հորինել-
ասաց ինձ զրուցակիցս
կարծես թե գերմանացի:
Ու ես մտածեցի մտքումս
հետո կրկին բարձրաձայն
որ աչքով տամ.
Հայաստանը տարածք չի ընդամենը
Հայաստանը չեն հորինել
որովհետև մեծով ու փոքրով
արդեն քանի դար հորինում ենք
բայց չի հորինվում
Կարծես թե:
Թադևոս Տոնոյան
Ինձ մնացել ես լոկ դու, Հայաստա՜ն
Ինձ մնացել ես լոկ դու՜, Հայաստա՜ն`
Տանս չափ ու դեռ Խոսքին համընթաց,
Թաց աչքերիս մեջ` մանկան, անհաստատ,
Դատապարտվածիդ արցունքներ են թաց.
Ինձ ափսոսանքն է պատում անեզեր.
Մեզ էլ էր տրվել Լեզուն Կենդանի,
Տանիքդ դարձյալ փլվել, ու հույսն է
Ուսն իր ետ քաշում մեր Բեռան տակից:
Լռե՜լ, անհու՜նչ են երգերդ անգիր`
Կիրակնամուտի երեկոների.
Ներիդ գնում է դարձյալ ետևից`
Դևից ծանակված ու հոտին գերի:
Աշոտ Ալեքսանյան
ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Ասք ինքներգության
Սա Հայաստանն է` մեր ինքներգության հուշամատյանը,
մեծն Մենակը, որ ներքաշվել է իր նեղ պատյանը.
հյուսված անցյալի հիշատակներից` ի ցավ և ի փառս,
պատմականության ապրանքանիշով դրոշմված ցկեանս:
Սա Հայաստանն է` մեր գոյակերպի ջղուտ ատաղձը,
լավն է, թե վատը` մենք գիտենք միայն ու մեր աստվածը.,
մեզ ներսից մաշող, մեր մեջ անթեղված կասկածի որդը,
կիսախոնարհված, վերստին հառնած հույսի ճամփորդը:
Սա Հայաստանն է` մեր նահանջերգի պարզատումարը,
մեր գահավեժ ու խոտորընթացի հանրագումարը.
ծովերից քշված, լեռներում բանտված դրախտ կորուսյալը,
գալիքն անցյալից ներկայով զատած մահ ոչ իմացյալը:
Սա Հայաստանն է` մեր չարչարանաց սկիզբն ու վախճանը,
երգ է ու վերք է և մահահալած մեր դեղ ու ճարը,
որ լուսահոգի նախապապերի խոսք ու խրատը
շուտասելուկի պես հարակրկնում,
բայց չի հետևում ու չի հավատում,
որ հորինում է գեղեցիկ խոսքեր`
աստվածաշնորհ ու մարդահաճո,
բայց զլանում է Աստծունն Աստծուն տալ,
մարդունը` մարդուն,
շարունակելով նախապատմական մատնոցախաղը,
երբ աստվածներին բարկ հողանյութից հունցում էին տանը,
որ շոշոփելի լինեն բավական,
իրենց մեջ` կողքին, ակնբախ հեռվում,
լինեն դյուրաթեք ու առաձգական,
լինեն ձեռնաշեն, այլև ձեռնասուն:
Սա Հայաստանն է` հին աստվածների դամբանականը,
ուր ճորտն ու տերը, ճարպիկ վաշխառուն, պարզ շինականը
պատրաստ են զոհվել նույն աստվածներին`
փրկության հստակ խոստումի դիմաց,
իսկ եթե հնար չկա փրկության`
հին աստվածներին ու հին տերերին
նորով փոխելուն կազմ ու պատրաստ`
կուռքերը խաչով, խաչը կասկածով,
կասկածն անձկությամբ ու մամոնայով:
Սա Հայաստանն է` մեր ինքնայրումի լույսն ու խավարը,
որ միշտ պատրաստ է խլելու կյանքից օրվա ավարը.
ինքնամփոփյալ ու անինքնապահով,
ինքնօտարված ու ինքզինքը պարպած,
ինքնապաստան ու աշխարհից խռով,
արտաքին կյանքից երես թեքած:
Սա Հայաստանն է` սուրբ չքմեղության բնակավայրը,
մեր խլականջ ու կույր համառումի նոր Ավարայրը.
պատմության դասը վատ սովորածի
և աստծո խոսքը անհույս սերտածի փայլն զգեցածը,
կյանքն հանդուրժելու, կյանքը մերժելու,
և վերջին պահին հաղթահարելուն ի տեր կոչվածը:
Սա Հայաստանն է` մեր մաքառումի լուսամատյանը,
լուռ խոնարհման ու ըմբոստացումի վերջին ատյանը.
կենաց տաժանքի ծանրությունն ուսնած,
աշխարհի ցավից իր ողբը հյուսած աշխարհաթողը,
մեր ինքներգության, թող որ վարանոտ,
բայց կենսաթրթիռ ու խանդակարոտ հուշակոթողը:
Հուսիկ Արա
Քեզ ունեմ իրականում
Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:
Մեր աչքերը երկար են սպասել քեզ,
որպես սեր՝ հսկել են տափաստանում
ու բարձր լեռների վրա,
և սերնդեսերունդ փոխանցվել՝
քեզ այս վեհությամբ` վսեմ ու ինքնուրույն,
տեսնելու համար.
ու մեր երազը այնքան էր մեծ,
որ դիտարանում բարձր աշտարակի չհոգնեց
ամեն վայրկյան քո մոտենալը զգալ:
Ու հիմա, սիրած կնոջ նման,
սրտիս հետ ես խաղում չարաճճի ու վստահ:
Քեզ ունեմ իրականում,
և այնքան ես շոշափելի,
որ հաճույքիդ հետ հասցրել եմ
ցավիդ դառնությունն էլ զգալ,
մինչդեռ երազ էիր հեռու
սերը փնտրելու գնացող ասպետների համար:
Իմ մի բաժակ ջուրն ես, որ խմում եմ,
քեզ ուտում եմ որպես հաց.
իմ շնչելու առավոտն ես:
Թե ուղիղ խոսք ես ասում, քո բառի մեջ եմ,
երբ խաբում ես, ինքս ինձ հետ եմ նորից:
Դու այն տարածքն ես,
որտեղ սիրում են, ապրում… ու չեն մեռնում.
ձուլվում են երազին,
որ իրական է որպես հայրենիք`
ազատ ու ինքնիշխան:
Տեսա, երկիր…
Կանգնել ես իմ առջև`
երիտասարդ, խարտիշագեղ ու կապուտաչ,
իմ մի բուռ երկրի ազատություն.
խաղաղություն է քո հայացքը,
որ լցվում է աչքերիս մեջ:
Քո անվանակոչության օրն էր,
երբ Սիմեոնի պես գիրկս առա քեզ
և ասացի. «Տեսա փրկությունդ, երկիր»:
Մանուկ էիր փխրուն ու թավշե,
վճիտ էր հայացքդ ու կաթ էիր բուրում,
իսկ ես ջահել ու հպարտ`
քեզ պահպանելու ուժով էի լցված:
Թևերիս մեջ առա քեզ,
սրտիս մոտիկ ու մաշկիս տակ պահեցի,
միակ երազս տվեցի ու հեքիաթս,
որ չէի պատմել դեռ ուրիշ մեկին.
խոստովանեցի, ինչպես ոչ մի կնոջ,
անգամ մորս և Աստծուն:
Ամռան արև է բուրում երիտասարդ քո հասակը.
հիմա դու ես ջահել ու հպարտ`
ինձ պահպանելու ուժով լցված,
իսկ ես այր եմ հասուն` քո ավյունով ներշնչված:
Վաղվա օրն է չքնաղ ու գեղեցիկ,
որ գալու են դեռ ջահել ու պարմանի՝
քեզ հետ շուքով քայլելու,
երբ կլինես այր վսեմ,
և քո խոհերից իմաստություն կքաղեն:
Բանաստեղծությունների հավաքածուն կազմեց Հասմիկ Հակոբյանը
Փնտրաբառ՝ hayrenik barov naxadasutyun
shat lavnaaa
Հրաշալի բանաստեղծություններ են
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ ԱՆՍԱՀՄԱՆ։ Այս ծանր օրերին ուղղակի սպեղանի են… Հայաստանը չի կարող մենակ լինել, եթե այսպիսի սիրո խոստովանություններ կան…
Շատ շնորակալությու👏👏👏
Ինչպիսի գեղեցիկ բանաստեղծություններ👍👏