Արթուր Միլլեր | Բուլդոգ

Տղան մի փոքրիկ հայտարարություն տեսավ լրագրում. «Բուլդոգի սև, բծավոր թուլաներ, յուրաքանչյուրը երեք դոլար»: Նա մի տաս դոլար կանխիկ գումար ուներ իր մոտ, որ վաստակել էր տան ներկարարական աշխատանքներից. իսկ ահա շուն նրանք երբեք չէին ունեցել: Երբ այդ միտքն անցավ նրա գլխով, հայրն արդեն խորը քուն էր մտել, իսկ մայրը բրիջի խաղալով տարված` տղայի հարցին, թե կարելի է արդյոք տանը շուն պահել, ուսերը թոթվեց ու խաղաքարտն անտարբեր նետեց սեղանին: Տան մեջ այս ու այն կողմ անելով՝ նա փորձում էր որոշում կայացնել, երբ հանկարծ զգաց, որ անհրաժեշտ է շտապել, քանի դեռ ուրիշները տեր չեն դարձել թուլաներին: Նա պատկերացրեց, որ թուլաներից մեկն արդեն իրեն է պատկանում և ոչ մեկ ուրիշին, և հենց թուլան էլ արդեն գիտի դրա մասին: Նա գաղափար անգամ չուներ, թե ինչպիսի տեսք ունի բծավոր բուլդոգը, սակայն նրան անուն իսկ արդեն հնչում էր ծանր ու հիանալի: Անհրաժեշտ երեք դոլարը նա ուներ, սակայն այն ծախսելու հաճույքը մթագնում էր իրենց վատ ֆինանսական դրությունը. հայրը կրկին աղքատացել էր: Հայտարարության մեջ թուլաների քանակի մասին ոչինչ նշված չէր. գուցե միայն երկուսն էին կամ երեքը և մինչ այդ պահը կարող էին և գնված լինել: Հասցեն նշված էր Շերմերհոն փողոց, որի անունը նա առաջ երբեք չէր լսել: Տղան զանգահարեց և խռպոտ ձայնով մի կին բացատրեց, թե ինչպես և ինչ երթուղիով կարելի է այնտեղ հասնել: Նա դուրս կգա Միդվուդ կայարանից, վերերկրյա երկաթուղիով կհասնի Քուլիվեր, որը կարիք կլինի փոխել Չերչ փողոցում: Գրանցելով այդ ամենը թղթի վրա` տղան հետո կրկնեց ամբողջը լսափողի մեջ: Փառք Աստծո, նա դեռ չէր վաճառել թուլաները: Տեղ հասնելու համար մեկ ժամից ավել պահանջվեց. գնացքը համարյա դատարկ էր, որովհետև օրը կիրակի էր: Փայտաշեն շրջանակներով բաց պատուհաններից ներս թափանցող քամին վագոնն առավել սառն էր դարձնում, քան փողոցում էր: Ներքևում` կիսամշակ հողամասերում, նա տեսնում էր ծեր իտալուհիներին՝ գլուխները ծածկած կարմիր գլխաշորով , որոնք կռացած երիցուկներ էին հավաքում՝ լցնելով իրենց գոգնոցների մեջ: Իտալացի դասընկերներն ասում էին, որ երիցուկը գինի և աղցան պատրաստելու համար էր: Նա հիշեց, որ մի անգամ փորձել էր ուտել երիցուկը, երբ խաղում էր իրենց տան ձախ կողմում գտնվող դաշտում, սակայն այն դառն էր ու աղի, ինչպես արցունքը: Հին փայտյա գնացքը, համարյա առանց ուղևորների, թեթևակի ցնցվելով և չխկչխկալով, անցնում էր տաք կեսօրի միջով: Նա մի թաղամասի մոտով էր անցնում, որտեղ նրբանցքներում մարդիկ ջրում էին իրենց ավտոմեքենաներն` ինչպես շոգած փղերին անապատում: Օդում լողում էր թույլ հաճելի փոշու ամպը:
Շեմհերոն փողոցի մերձակայքն անակնկալի բերեց նրան. այն ամբողջությամբ տարբերվում էր իրենց Մեդվուդից: Տներն այստեղ կառուցված էին շագանակագույն ավազաքարից և նման չէին իր թաղամասի հիմնականում կաղնեփայտե տներին, որոնք կառուցվել էին ընդամենը մի քանի տարի առաջ, իսկ ամենավաղ կառուցվածներն էլ` ոչ ավելի շուտ քան 20- ական թվականներին: Նույնիսկ մայթերն առավել հին տեսք ունեին. ցեմենտի փոխարեն մեծ քառակուսի սալաքարեր էին, որոնց արանքից դուրս էին սպրդել խոտի փոքրիկ ծիլերը: Այնքան հանգիստ ու խաղաղ էր այդ վայրը, որ հաստատապես կարելի էր ասել` այնտեղ հրեաներ չէին ապրում. Ոչ ոք չկար, որ նստեր դրսում և վայելեր արևը: Լայն բացված բազմաթիվ պատուհաններից անտարբեր մարդկային հայացքներ էին դուրս նայում, իսկ որոշ շքամուտքերի առջև էլ կատուներ էին լայն տարածվել: Արմունկներով պատուհանագոգերին հենված կանանցից շատերը կրծկալով էին, իսկ տղամարդիկ` ներքնաշորերով` ջանալով գոնե մի փոքր թարմ օդ որսալ: Տղայի մեջքից քրտնքի շիթեր հոսեցին, և ոչ միայն շոգի պատճառով.նա հենց նոր գիտակցեց, որ շուն պահելու ցանկությունը միայն իրենն է`ծնողներն անտարբեր էին այդ հարցում, իսկ ավագ եղբայրն ասել էր. «Դու ինչ է, խելագա՞ր ես, մի քանի դոլար ծախսել շան թուլայի համա՞ր. իսկ ի՞նչ օգուտ նրանից…Իսկ ի՞նչով ես կերակրելու նրան»: «Ես մտածում եմ… գուցե ոսկորներո՞վ»,-պատասխանեց տղան, սակայն եղբայրը, որ միշտ գիտեր, թե որն է ճիշտն ու որը` սխալ, գոռաց. «Ոսկորներ…նա դեռ անգամ ատամներ չունի»: «Միգուցե ապու՞ր»,- քրթմնջաց տղան քթի տակ: «Ապու՞ր, դու պատրաստվում ես թուլային ապուրով կերակրե՞լ »: Տղան հանկարծ նկատեց, որ կանգնել է իր փնտրած տան առջև և միայն այդ պահին գիտակցեց, որ այս ամենը սխալմունք է` նման իր երազներից մեկին կամ սուտ, որը սակայն նա հիմարաբար փորձել է պաշտպանել` որպես իրական: Սիրտն արագ խփեց, նա զգաց, որ դեմքը կարմրում է, և որոշեց պատուհաններից ուղեկցող հայացքների ներքո դատարկ փողոցով անցնել ևս մի կես թաղամաս:Այսքան ճանապարհ անցնելուց հետո նա ինչպե՞ս էր դատարկ ձեռքով տուն վերադառնալու: Նրան թվում էր, որ այստեղ գալուց ի վեր շաբաթներ կամ գուցե տարի էր անցել: Գուցե արժեր, որ նա գնար ու գոնե տեսնե՞ր շան թուլային, եթե իհարկե կինը նրան թույլատրեր ներս մտնել: Մինչ այստեղ գալը նա թերթել էր «Հանրագիտարանը», որտեղ երկու ամբող էջ շների լուսանկարներ էին զետեղված. այնտեղ և´ սպիտակ անգլիական բուլդոգն էր`թեք առջևի ոտքերով , ստորին ծնոտից դուրս ցցված ատամներով և´ փոքրիկ բոստոնյան սև-սպիտակ բուլդոգը, և´ երկարաքիթ պիտբուլը, սակայն բծավոր բուլդոգի նկար նա այդպես էլ չէր գտել: Փաստորեն, եթե ի մի բերենք այն ամենը, ինչ նա գիտեր բծավոր բուլդոգի մասին, դա միայն գինն էր` երեք դոլար: Վերջիվերջո, անհրաժեշտ էր գոնե տեսնել թուլային, և դրա համար նա հետ վերադարձավ: Հասնելով տանը` սեղմեց նկուղի դռան զանգը` ճիշտ այնպես, ինչպես կին էր իրեն ասել: Ներսից եկող ձայնն այնքան բարձր էր, որ վախեցրեց նրան, սակայն եթե նա հիմա փորձեր փախչել, իսկ կինը դուրս գար նրան ընդառաջ, առավել անհարմար պատկեր կստացվեր: Եվ տղան մնաց կանգնած իր տեղում`քրտնաթոր դեմքով: Սանդղամուտքի ներքևում գտնվող ներքնադուռը բացվեց, մի կին հայտնվեց` դարպասի փոշոտ երկաթավանդակի միջից զննելով նրան: Կինը խալաթանման ինչ-որ հագուստ էր հագել` բաց վարդագույն մետաքսից` մի ձեռքով վրադիր բռնած, և երկար, մինչև ուսերը թափվող սև մազեր ուներ: Քանի որ տղան չէր համարձակվում ուղիղ նայել նրա դեմքին, ուստի չէր կարող ասել, թե ինչպիսին էր նրա դեմքի արտահայտությունը, սակայն զգում էր, որ փակ երկաթավանդակի հետևում կինն իրեն լարված է զգում: Նա հասկացավ, որ կինը պատկերացում անգամ չունի, թե ինչու է ինքը սեղմել դռան զանգի կոճակը և արագորեն հարցրեց` թե արդյոք նա՞ է թերթում տրված հայտարարության հեղինակը: Օհ, ահա թե ինչ: Նրա լարվածությունն անմիջապես անհետացավ, և քաշելով երկաթավանդակի սողնակը` բացեց այն: Կինն ավելի ցածրահասակ էր, քան տղան, և նրանից մի տեսակ ինքնատիպ հոտ էր գալիս` թթված կաթի և անթարմության: Հետևելով կնոջը նա մի սենյակ մտավ, որտեղ դրսից հետո այնքան մութ էր, որ դժվար էր ինչ-որ բան տարբերակել, սակայն լսելի էին թուլաների բարձր ու սուր հաչոցները: Կինն ստիպված էր բարձրաձայն գոռալ` հարցնելու համար` թե որտեղից է նա ու քանի տարեկան է, և երբ նա պատասխանեց` տասներեք, կինը զարմանքից ձեռքով փակեց բերանը և ասաց, որ նա իր տարիքի համեմատ առավել բարձրահասակ է: Տղան ոչ մի կերպ չհասկացավ, թե ինչն այդքան զարմացրեց կնոջը. դե կարելի էր կարծել, որ նա, ասենք, տասնհինգ տարեկան է, մի բան, որ հաճախ էին մարդիկ ասում նրան, բայց նույնիսկ այդ դեպքում… Տղան, հետևելով կնոջը, գնաց դեպի բնակարանի հետնամասում գտնվող խոհանոց, որտեղ ի վերջո կարողացավ դիտել շրջակայքը. մի քանի րոպեների ընթացքում աչքերը հարմարվել էին արևի լույսի բացակայությանը:Մեծ ստվարաթղթե արկղի մեջ` անհամաչափ կտրված եզրերով, նա տեսավ երեք փոքրիկ թուլաներ և նրանց մորը, որը ներքևից նրան նրան էր նայում` պոչն աջ ու ձախ շարժելով: Մայր շունը ինչ որ նման չէր բուլդոգի, մտածե
ց նա, բայց խուսափեց բարձրաձայն ասել դրա մասին: Նա պարզապես շագանակագույն շուն էր`մի քանի տեղ այստեղ-այնտեղ սև բծերով, այդպիսին էին և թուլաները:Նրան դուր եկան կախականջ թուլաները, սակայն կնոջն ասաց, որ պարզապես ուզում էր դիտել, իսկ գնելու համար դեռ ոչինչ չի որոշել:Նա իրոք չգիտեր իր հետագա անելիքը, իսկ որպեսզի կինը չմտածի, որ նա ընդհանրապես ոչինչ չի հասկանում թուլաներից, հարցրեց` թե արդյոք կարելի է նրանցից մեկին ձեռքը վերցնել:Դե իհարկե` պատասխանեց կինը և թեքվելով` արկղից հանեց երկու թուլա և դրեց կապույտ մոմլաթե հատակին: Թուլաները նման չէին իր տեսած բուլդոգներից և ոչ մեկին, սակայն տղան մի տեսակ դժվարանում էր կնոջն ասել, որ այս թուլաներից և ոչ մեկն իրեն պետք չէ: Նրանցից մեկին վերցնելով` կինն ասաց` ահա, նայի´ր, և դրեց տղայի ծնկներին:
Տղան կյանքում առաջին անգամ էր շուն գրկում, և վախենում էր, որ շունը կսողա և ներքև կընկնի, ուստի նրան իր գիրկ տատանվելով վերցրեց: Շունը տաք էր և փափուկ, դա միաժամանակ տհաճ ու ցնցող զգացողություն էր: Մոխրագույն աչքեր ուներ, որոնք կարծես փոքրիկ կոճակներ լինեին: Ափսոս, որ գրքում այս ցեղատեսակից և ոչ մի լուսանկար չկար: Իրական բուլդոգը ամրակազմ էր և սպառնալի, իսկ սրանք պարզապես շագանակագույն շներ էին: Նա շունը ծնկներին բռնած` նստել էր կանաչ, փափուկ աթոռի բազրիքին` չպատկերացնելով հետագա անելիքը: Կինն այդ ընթացքում նույնպես մոտեցել- նստել էր նրա կողքին և կարծես թե նույնիսկ շոյել էր նրա գլուխը, բայց տղան դրանում վստահ չէր, քանի որ շատ խիտ մազեր ուներ: Րոպեներն անցնում էին, իսկ նա ավելի ու ավելի անվստահ էր դառնում`չկողմնորոշվելով հետագա անելիքը: Բարեբախտաբար կինը հարցրեց, թե արդյոք նա կցանկանա՞ր ջուր խմել և ստանալով դրական պատասխան` գնաց դեպի ծորակը` բաժակը ջրով լցնելու, իսկ տղան հնարավորություն ստացավ նստած տեղից վեր կենալ և ձեռքի թուլան դնել արկղի մեջ: Կինը վերադարձավ` բաժակը ձեռքին, խալաթը բաց թողած, ինչի պատճառով երևում էին նրա կիսաբաց կրծքերը` նման թսկած օդային փուչիկների, անընդհատ կրկնելով, որ չի հավատում նրա 13 տարեկան լինելուն: Տղան ջուրը խմեց և փորձում էր հետ վերադարձնել բաժակը, երբ կինն անակնկալ կերպով բարձրացրեց գլուխը և համբուրեց նրան: Ամբողջ այս ընթացքում, ինչ-ինչ պատճառներով նա հնարավորություն չէր ունեցել դիտել կնոջ դեմքը, իսկ երբ դա փորձեց անել հիմա, ոչինչ չստացվեց. միակ բանը, որ տեսնում էր` մազերն էին և մի բծավոր հետք դեմքին: Կնոջ ձեռքը տղայի մարմնով ավելի ու ավելի ներքև էր սահել` հպումներից առաջացող թույլ դողը վերափոխելով ուժեղ ցնցման. ճիշտ այն անգամվա պես, երբ փորձելով փոխել կոտրված էլեկտրական լամպը` պատահաբար ձեռքը լամպի բնիկի բաց եզրին էր դիպել: Ավելի ուշ, վերհիշելով տեղի ունեցածը, տղան ոչ մի կերպ չէր կարողանում հիշել գորգի վրա իր հայտնվելը`գլուխը մազերի փոթորկալից ջրվեժով պատված: Միայն հիշում էր նրա տաք ներսը և բազմոցի ոտքին կրկին ու կրկին անգամ դիպչող իր գլուխը: Եվ միայն Չարչ ավենյուում, որտեղ նա պետք է նստեր դեպի Քուլիվեր գնացող գնացքը, տղան գիտակցեց, որ կինն այդպես էլ չէր վերցրել երեք դոլարը, սակայն թե ինչպես էին նրանք այդ համաձայնությանը եկել, նա չէր մտաբերում: Իսկ ծնկներին այժմ փոքրիկ ստվարաթղթե մի արկղ էր, որի մեջ վնգստում էր շան թուլան, ճանկռոտում տուփի պատերը, որից տղայի մեջքով սարսուռ էր անցնում: Նա միայն այժմ հիշեց, որ կինը երկու անցք էր բացել տուփի վերևի մասում, որտեղից էլ թուլան փորձում էր քիթը դուրս հանել:
Մայրը վախեցած հետ թռավ իր կանգնած տեղից, երբ տղան բացեց արկղի կապիչը, և թուլան հաչելով դուրս եկավ: «Նրան ի՞նչ է պատահել»,- աղաղակեց նա` ձեռքերն առաջ պարզած` կարծես մոտակա հարձակումից պաշտպանվելով: Այդ ընթացքում վախը շան հանդեպ արդեն անցել էր, և տղան վերցնելով նրան իր գիրկը` թույլ տվեց լպստել դեմքը, ինչը մի փոքր հանգստացրեց մորը: «Նա սովա՞ծ է»,-հարցրեց մայրը` շարունակելով կանգնած մնալ զարմանքից կիսաբաց բերանով, պատրաստ ամեն ինչի, երբ նա շունը կրկին դնի հատակին: «Գուցե և սոված է»,-պատասխանեց տղան` մտածելով, որ նրան անհրաժեշտ է միայն փափուկ բաներով կերակրել` թեև նրա փոքրիկ ատամները ասեղների պես սուր էին: Մայրը մի կտոր փափուկ սերուցքային պանիր դրեց հատակին, սակայն թուլան միայն հոտ քաշեց և միզեց: «Օ, Աստված իմ»,-բացականչեց նա և արագ վերցրեց թերթի կտորը, որպեսզի սրբի հատակը: Երբ մայրն այդպես կռացել էր, նա մտածեց այն տաք տեղի մասին, որ ունեն կանայք և ամոթից կարմրելով` թեքեց գլուխը: Նա հանկարծ հիշեց կնոջ անունը` Լյուսիլ. դա այն ժամանակ տեղի ունեցավ, երբ երկուսով իրար հետ հատակին էին. ճիշտ այն պահին, երբ տղան արդեն նրա ներսում էր. նա հանկարծ բացեց աչքերն ու ասաց. «Իմ անունը Լյուսիլ է»: Մայրը երեկվա պատրաստած լապշայից բերեց ու մի ափսեով դրեց հատակին: Թուլան թաթով մի փոքր հարվածեց ամանի եզրին և ամանի տակ եղած մի փոքր հավի սուպը թափելով գետնին` ագահորեն սկսեց լպստել այն: «Նա հավի սուպ է սիրում»,- ուրախ բացականչեց մայրը, և անմիջապես որոշելով, որ նրան դուր կգա նաև խաշած ձուն` ջուր դրեց կրակին եռացնելու: Շունն ինչ-որ կերպ հասկացավ, թե ում է անհրաժեշտ հետևել տանը և գնաց մոր հետևից` վազվզելով սառնարանից մինչև գազօջախ: «Նա հետևում է ինձ»,-ասաց մայրը`երջանիկ ծիծաղելով:
Հաջորդ օրը դպրոցից տուն ճանապարհին կենցաղային ապրանքների խանութից տղան շան համար 75 ցենտով վզակապ գնեց, իսկ թոկի փոխարեն պարոն Սվիչերտը մի կտոր լվացքի պարան նետեց: Ամեն գիշեր` քնելուց առաջ, նա հետ էր վերադարձնում Լյուսիլի կերպարը` կարծես դուրս բերելով գաղտնի զարդատուփից ու հարցնում նրան, թե արդյոք նա հնարավորություն կտա կրկին զանգահարել կամ լինել իր հետ: Շան թուլան, որին նա Ռովըր էր կոչել, մեծանում էր ժամ առ ժամ, սակայն, ինչպես և առաջ, նմանության և ոչ մի նշան չուներ բուլդոգի հետ: Տղայի հայրը մտածում էր, որ Ռովերը պետք է նկուղում ապրի, սակայն այնտեղ նա իրեն շատ միայնակ զգալով` երբեք չէր դադարեցնում հաչոցը: «Նա կարոտում է իր մորը»,- ասաց նրա մայրը, և տղան ստիպված եղավ մի քանի լաթի կտոր դնել հին լվացքի զամբյուղի մեջ, սակայն, երբ հաչոցը որոշակիորեն ավելացավ, տղային թույլատրեցին նրան վերև բարձրացնել և թույլ տալ քնել խոհանոցում` հնամաշ ինչ-որ շորերի վրա: Եվ բոլորն ուրախ էին անդորրի համար:
Մայրը փորձում էր զբոսնել թուլայի հետ իրենց հանգիստ փողոցով, բայց շունը շարունակ խճճում էր պարանը նրա դաստակի մոտ, և որովհետև մայրը վախենում էր վնասել շանը, ուժասպառ լինելով հետևում էր նրա բոլոր զիգզագաձև վազվզոցներին: Իհարկե ոչ միշտ, բայց լինում էին պահեր, երբ Ռովըրին նայելով` տղան հիշում էր Լյուսիլին և համարյա ֆիզիկապես վերազգում այն տաքությունը: Նա հաճախ էր նստում սանդուղքին` շոյելով շանն ու վերհիշելով կնոջ ազդրի ներքնամասը: Ոչ մի կերպ չպատկերացնելով նրա դեմքը` նա միայն հիշում էր նրա սև երկար մազերն ու ամուր վիզը:
Մի օր նրա մայրը շոկոլադե տորթ էր թխել և դրել խոհանոցի սեղանին` սառելու: Դա առնվազը ութ մատնաչափ հաստությամբ թխվածք էր և հավանաբար շատ համեղ էր ստացվել: Այդ օրերին նա հաճախ էր նկարում. գդալ կամ պատառաքաղ, ծխախոտի տուփ, իսկ երբեմն էլ մոր հնդկական վազը` վիշապի նկարով և առհասարակ այն ամենը, ինչը հետաքրքիր ձև ուներ: Այսպիսով նա տորթը դրեց սեղանի մոտ գտնվող աթոռին և որոշ ժամանակ նկարելուց հետո` ինչ-ինչ պատճառներով տանից դուրս եկավ բակ, որտեղ նրա ուշադրությունը գրավեցին անցյալ տարեվերջին տնկած կակաչները, որոնք նոր-նոր բարձրացրել էին իրենց գլխիկները հողից: Հետո նա որոշեց գտնել համարյա նոր բեյսբոլի գնդակը, որը նա կորցրել էր անցյալ ամառ և հաստատ համոզված էր, որ այն գտնվում էր նկուղում` ստվարաթղթե արկղի մեջ: Ինչ-որ բան որոնելիս նա երբեք մինչև վերջ չէր հասնում, քանզի ընթացքում ուշադրությունը միշտ շեղվում էր` փնտրելով մեկ այլ բան, որ ինքն էր դրել ինչ-որ տեղ ու մոռացել: Նա սկսեց իջնել նկուղ` տան հետնամասի դրսակողմնյա մուտքով, երբ հանկարծ նկատեց, որ երկու տարի առաջ իր տնկած տանձի ծառի բարակ ճյուղերից մեկին ծաղիկներ են հայտնվել: Զարմանքի, հպարտության ու բավարարվածության զգացումները հաջորդեցին միմյանց: Նա 30 ցենտ էր վճարել տանձենու համար Կորտ փողոցում և ևս 30 ցենտ` խնձորենու համար և միմյանցից 7 մետր հեռավորությամբ տնկելով` հետագայում նպատակ ուներ նրանց միջև ցանցաճոճ կապել: Ճիշտ է, դրա համար նրանք դեռ շատ բարակ էին ու մատղաշ, սակայն գուցե հաջորդ տարի ստացվեր: Նա սիրում էր նայել իր տնկած այդ երկու ծառերին, և զգում էր, որ ծառերն էլ նկատում էին, որ ինքն նրանց է նայում, և իրենք էլ փոխադարձաբար տղային էին նայում: Այգու հետնամասը վերջանում էր տաս ֆուտ բարձրությամբ փայտյա ցանկապատով, որը շրջանակում էր Էրազմո դաշտը, որտեղ հանգստյան օրերին խաղում էին բեյսբոլի Սեմի-պրո * և Սանդլոթ** թիմերը ` նման «Հաուզ օֆ Դավիդ»-ին և «Բլաք յանկիս»-ին և Սաթչել Փեյջը, որը անտարակույս երկրի լավագույն բեյսբոլիստն էր, սակայն ազգային լիգայում խաղալ չէր կարող` սևամորթ լինելու պատճառով: «Հաուզ օֆ Դավիդ» խմբի բոլոր խաղացողները երկար մորուք ունեին, որը նա ոչ մի կերպ չէր հասկանում, թերևս, գուցե որ բոլորն էլ օրթոդոգսալ հրեաներ էին, չնայած որ նրանք այդպիսի տեսք չեն ունենում:
Աջակողմյան դաշտում իրացված ազատ հարվածից հետո գնդակը երբևէ իրենց բակում էր հայտնվել և այժմ, հիշելով գնդակի մասին, տղայի մտքով անցավ փնտրել այն, մանավանդ, որ գարուն էր ու եղանակն էլ սկսել էր տաքանալ: Նկուղում նա գտավ մի արկղ և զարմացավ, թե որքան սուր են իր չմուշկները և անմիջապես հիշեց, որ մի անգամ չմուշկների մամլակները կողք առ կողք քսելով դրանք այնպես էր սրել, որ հնարավոր կլիներ քարը վերածել մանր շեղբերի: Նա մի կողմ հրեց հոկեյի դարպասապահի մաշված մի ձեռնոց, որի մյուս զույգը, իր հիշելով, պետք է, որ կորած լիներ, մի քանի մատիտի մնացորդներ, գունավոր մատիտների փաթեթը և փոքրիկ փայտյա մարդուկին, որի ձեռքերը վերև-ներքև էին անում թելը քաշելիս: Հետո նա շան հաչոց լսեց իր վերևում, որը սակայն սովորականի պես չէր հնչում, այլ անդադար, շատ կտրուկ ու բարձր: Նա աստիճաներով վերև վազեց և տեսավ, որ մայրը երկրոդ հարկից իջնում է դեպի հյուրասենյակ` խալաթը հետ ընկած, դեմքին` վախի զգացողություն: Դրսից լսելի էին թուլայի թաթերի ճանկռոցը մոմլաթի վրա: Երբ տղան ներխուժեց խոհանոց, թուլան վազում էր շրջանով և գոռալու պես մի ձայն արձակում, նաև նկատել էր, որ նրա փորն ուռած էր: Տորթն ընկած էր հատակին և նրա մեծ մասն արդեն չկար: «Իմ տորթը»,-բացականչեց մայրը և հատակից վերցրեց ափսեն` նրա մեջ եղած մնացորդներով, վերև բարձրացրեց` կարծես փորձելով փրկել մնացածը, սակայն, իրականում, համարյա ոչինչ չէր մնացել: Տղան փորձեց բռնել Ռովըրին, սակայն նա թաքնվեց հյուրասենյակում: Հետևից լսվում էր մոր ձայնը` գո~րգը, սակայն շունը շարունակում էր վազել` այս անգամ ավելի մեծ շրջանով, քանի որ տարածքն էլ այժմ ավելի մեծ էր: Շան դնչի մոտ սկսվեց փրփուր հավաքվել: «Ոստիկանություն կանչի´ր»,-գոռաց մայրը: Հանկարծ թուլան կողքի ընկավ` ծանր շնչելով և ամեն շնչի հետ թեթև կսմստալով: Քանի որ նրանք երբեք շուն չէին ունեցել և ոչինչ չգիտեին անասնաբույժների մասին, այդ պատճառով տղան հեռախոսագրքում նայելով ու գտնելով Էյ.Էս.Փի.Սի.Էյ-ի*** համարը` զանգահարեց նրանց: Այժմ արդեն նա վախենում էր դիպչել Ռովըրին, քանի որ մոտենալիս թուլան ճանկռում էր նրա ձեռքը, իսկ մռութը շարունակում էր նույն փրփուրով պատվել: Երբ բեռնասայլը կանգնեց շքամուտքի առջև, տղան դուրս եկավ փողոց և տեսավ մի երիտասարդի, որը փոքր մի արկղ էր հետևից տեղափոխում: Տղան նրան ասաց, որ շունը կերել է համարյա ամբողջ տորթը, սակայն մարդն առանձնակի հետաքրքրվածություն չցուցաբերելով`պարզապես մի պահ ներս մտավ տուն` նայելու Ռովըրին, որը ճիշտ է, ավելի քիչ էր կսմստում, սակայն մնացել էր նույն դիրքով` կողքի ընկած: Մարդն ինչ-որ ցանց գցեց շան վրա ու, երբ արդեն նրան տեղավորել էր վանդակի մեջ, շունը փորձեց վեր կենալ ու փախնել: «Ինչ եք կարծում, ի՞նչ է նրա հետ պատահել»,-հարցրեց մայրը` դեմքը զզվանքից այլափոխված. մի բան, որն այդ պահին զգում էր նաև տղան: «Պատահել է այն, որ նա ամբողջությամբ կերել է տորթը»,- պատասխանեց տղամարդը: Հետո նա դուրս բերեց վանդակը և հետնադռնից ներս հրեց բեռնամեքենայի մթության մեջ: «Ի՞նչ եք պատրատվում անել նրա հետ»,-հարցրեց տղան: «Իսկ այն ձեզ պետք է՞»,-ընդմիջեց տղամարդը: Նրա մայրը, որը այդ պահին կանգնած էր սանդղամուտքին, լսելով նրանց խոսակցությունը` միջամտեց` ձայնի մեջ վախ ու հստակություն. «Մենք նրան այստեղ պահել չենք կարող»: Մոտենալով տղամարդուն նա շարունակեց. «Մենք առհասարակ չգիտենք , թե ինչպես են պահում շանը. գուցե ինչ-որ մեկը, որն ավելի բանիմաց է այդ հարցում, կցանկանար պահել նրան»: Երիտասարդն առանց որևէ էմոցիայի ուսերը վեր գցեց, նստեց մեքենայի ղեկին ու հեռացավ:
Մինչ անկյունադարձին անհետանալը` տղան ու մայրը հայացքով հետևեցին բեռնատարին: Տան ներսում կրկին մեռյալ լռություն էր: Տղան այլևս կարիք չուներ անհանգստանալու, թե արդյոք ինչ է անում Ռովըրը գորգերի վրա, արդյո՞ք կահույքն է ծամում է, ջու՞ր ունի խմելու կամ գուցե ուտելու՞ կարիք է զգում: Ամեն օր դպրոցից տուն վերադառնալիս և առավոտյան արթնանալիս նա առաջինը փնտրում էր Ռովըրին և միշտ անհանգստանում էր, որ շունը կարող էր անել մի բան, որը գուցե դուր չգար մայրիկին կամ հայրիկին: Այժմ բոլոր տագնապներն ի չիք էին դարձել, դրանց հետ` նաև հաճույքները, իսկ տանն անդորր էր տիրում:
Տղան վերադարձավ խոհանոցային սեղանի մոտ` մտածելով, թե արդյոք ինչ կարող է նկարել: Աթոռներից մեկին մի թերթ էր դրված, որը բացելով` էջերից մեկում Սաքս զուգագուլպաների գովազդը տեսավ`մի կին` հագուստը մի կողմ քաշած, կիսաբաց ոտքը ցուցադրելիս: Նա սկսեց վերատպել նկարը` կրկին Լյուսիլի մասին մտածելով: Արդյո՞ք կարող էր կրկին զանգել Լյուսիլին, և հետաքրքիր է, այս անգամ ի՞նչ տեղի կունենար նրանց միջև: Եվ հետո` Լյուսիլն անպայման կհարցներ Ռովըրի մասին, իսկ իրեն ստելուց բացի ուրիշ ոչինչ չէր մնա անել: Տղան վերհիշեց, թե ինչպես էր նա գրկել Ռովըրին, իսկ հետո նույնիսկ համբուրեց քթիկը: Նա իրոք սիրում էր շանը: Ինչպես նրան ասել, որ թուլան այլևս չկա: Ծանրացած հոգով նա նստել ու մտածում էր կնոջ մասին, իսկ հետո հանկարծ մտքով անցավ, որ ինքը կարող էր զանգել ու նրան ասել, որ իր ընտանիքը Ռովըրին մնակ չթողնելու համար ևս մեկ թուլա է որոշել պահել: Բայց այդ դեպքում նա ստիպված կլիներ ձևացնել, որ շան հետ ամեն ինչ կարգին է, իսկ դա նշանակում էր միանգամից երկու սուտ ասել, ինչը մի փոքր վախեցնող էր: Որպեսզի սուտը տանելի լինի` նա փորձեց պատկերացնել. առաջին` Ռովըրը դեռ իր հետ է, երկրորդ` ինքը լրջորեն է վերաբերվում երկրորդ թուլան պահելու գաղափարին, և երրորդ` ամենադժվարը` Լյուսիլի հետ լինելուց հետո նա պետք է ասեր, որ իրականում ինքը մյուս թուլային վերցնել չի կարող: Ինչու՞…Այս բոլոր անիրական մտքերը ուժասպառ արեցին նրան: Հետո նա կրկին մտովի վերապրեց կնոջ ներսի ջերմությունը և մտածեց, որ իր գլուխն ուր որ է կպայթի: Իսկ գուցե վերջում, երբ ամեն ինչ վերջացած լինի, կինը ցանկություն հայտնի նվիրել ևս մեկ թուլա և ստիպի վերցնել: Չէ՞ որ Ռովըրը նվերի պես մի բան էր ստացվել, քանի որ առաջին անգամ էլ նա չէր վերցրել գումարը: Անհարմար բան կստացվեր հրաժարվել թուլայից, առավել ևս, որ նա հենց այդ պատրվակով պետք է վերադառնար կնոջ մոտ: Չհամարձակվելով անցնել այդ ամբողջի միջով` նա հրաժարվեց այդ բոլոր մտքերից: Բայց հետո մտքերը կրկին վերադարձան` հատակին մեկնված կնոջ կերպարանքով, ու տղան սկսեց փնտրել մեկ այլ պատճառ, թե Բրուքլինից այդքան ճանապարհ անցնելուց հետո ինքը ինչու մեկ այլ թուլա վերցնել չի կարող, և որպես իր պահվածքի արձագանք` շան վրա կռացած կնոջ դեմքին տեսնում էր զարմանք կամ, ավելի վատ` բարկություն: Այո, հնարավոր է, որ նա բարկանա ու հասկանա, որ տղայի իրական մտադրությունը միայն այստեղ հայտնվելն էր, իսկ մնացածը` պարզապես անհեթեթություն է, ինչն էլ կարող էր վիրավորական լինել նրա համար:Միգուցե նույնիսկ ապտակի՞: Իսկ հետո, հետո նա ի՞ նչ պետք է անի. հո չի կարող վիճել տարիքով կնոջ հետ: Մյուս կողմից էլ, նա միայն նոր այդ մասին մտածեց, կինը կարող էր արդեն վաճառած լինել մյուս երկու թուլաներին, որոնց երեք դոլար գինը բավականին էժան էր: Իսկ հետո՞… Նա կրկին սկսեց մտածել. ենթադրենք, որ նա պարզապես կզանգահարի կնոջն ու կասի, որ ցանկանում է տեսնել նրան` առանց թուլաների մասին որևէ բան հիշատակելու:Այդ դեպքում նա ստիպված կլինի միայն մեկ սուտ ասել, որ Ռովերը դեռ իր հետ է և իրենց ընտանիքում բոլորը սիրում են նրան և նման շատ ու շատ բաներ…Նա մոտեցավ դաշնամուրին և մի քանի ակորդ նվագեց, հիմնականում ծանր բասեր`ինքն իրեն լիցքաթափելու համար: Իրականում նա նվագել չգիտեր, սակայն սիրում էր ակորդներ հորինել` թույլ տալով, որ լարումից ձեռքերը վեր թռնեն: Տղան նվագում էր` զգալով, որ իր ներսում ինչ-որ մի բան է ալիքվում կամ արդեն իսպառ փլուզվել է: Առավել քան երբևէ ուրիշ էր. ոչ առաջվա պես մաքուր ու դատարկ, փոխարենը` ծանրաբեռնված գաղտնիքներով, ստով, ինչ-որ ասված ու չասված խոսքերով, սակայն ամբողջության մեջ` բավարար չափով զզվելի` իրեն իր ընտանիքից դուրս մեկ այլ վայրում տեսնելու համար. վայր, որտեղից հնարավոր էր հետևել նրանց և դիտել իրեն` նրանց կողքին: Նա փորձեց աջ ձեռքով որևէ մեղեդի հորինել և համապատասխան ակորդներ գտնել ձախով:Երջանիկ պատահականությամբ` այն բավականին գեղեցիկ հնչեց: Դա իրոք զարմանալի էր. նրա ակորդները թեթևակիորեն փոխված էին`աններդաշնակ եզրերի հնչեղության շնորհիվ, սակայն միևնույն ժամանակ համահունչ էին աջ ձեռքի նվագակցության հետ: Մայրը մտավ սենյակ` հաճույքից ու զարմանքից ամբողջովին կարկամած, հիացական ձայնով գոչելով` «Օ, ինչ է այստեղ կատարվում»: Նա ինքը կարողանում էր նվագել և կարդալ նոտաները թղթից, սակայն դժվարանում էր դրանք անգիր սովորել, ուստի նախընտրում էր նվագել այն, ինչ ինքը լսում է`վստահելով իր լավ լսողությանը, քան ժամանակ վատնել նոտաներ կարդալու վրա: Նա մոտեցավ դաշնամուրին և կանգնելով տղայի կողքին` սկսեց հետևել նրա ձեռքերին: Զարմանալով, որ գուցե որդին իր ցանկացածի պես տաղանդավոր մարդ է դառնալու, նա ուրախ ծիծաղեց: «Դու կարողանում ես նվագել»,- բարձրաձայնեց նա այնպիսի ձանով` կարծես նրանք «Ամերիկյան ուրախ սարեր» ատրակցիոնում էին: Ի պատասխան` տղան միայն ուսերը թոթվեց` չհամարձակվելով խոսել, վախենալով կորցնել մի բան, որ ինքը օդից էր կարծես որսացել ու ծիծաղեց մոր հետ միասին, քանզի երջանիկ էր, որ կարողացել էր մի անհայտ կերպով փոխվել և միևնույն ժամանակ այնքան անվստահ, որ, գուցե, այլևս երբեք չկարողանա նման կերպ նվագել:

Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *